Մերի Անտոնյանի բոլոր հրապարակումները

meri antonyan

Մամայություն

Ես ինձնից երկու տարով փոքր քույր ունեմ։ Դեռ փոքր ժամանակից սկսել եմ մեծի իրավունքով քրոջս «տիրություն անել»՝ հետևել, խնամել։

Երևի երեք-չորս տարեկան էի, քույրս էլ` մեկ-երկու, որ մանկապարտեզ էինք գնում։ Ինքը շատ լացկան էր ու մամայից երբեք չէր բաժանվում, բայց որ հանկարծ բաժանվում էր, երկար լացուկոծ էր սարքում։ Անկեղծ ասած՝ մեր դաստիարակներն էլ հեչ լավը չէին ու շատ էին սիրում մեր վրա ճվճվալ ու իրար հետ լիքը բամբասել։

Հերթական անգամ, երբ մաման մեզ տարավ մանկապարտեզ ու ինքը գնաց, մեր դաստիարակներն էլ մեզ անուշադրության մատնած իրար հետ բամբասում էին, քույրս եկավ ինձնից թաշկինակ ուզեց, ու մինչ ես թաշկինակն իրեն տալուց հետո պայուսակը նորից փակում ու տեղավորում էի (տենց հոգսերը միշտ իմ ուսերին էին), քույրս կորավ։ Բայց ամենանեղանալուն էն էր, որ դաստիարակներն ինձ վրա էին գոռգոռում, թե` ինչի քրոջս չեմ հետևել, ու ինձ «հրամայում էին» գնալ գտնել քրոջս։ Ես էլ մտածում էի, դե, ախր, ես էլ դեռ երեխա եմ, ու մեկը պետք ա, որ ինձ հետևի, ես ո՞նց կարամ մեծի պես մամայություն անեմ։ Ու էդ մտքից շատ էի նեղանում։

Հետո պարզվեց, որ քույրս մամայի հետևից ա գնացել, ու երբ որ ես իրեն գտա, արդեն դուրս էր եկել մանկապարտեզի տարածքից։ Ուղղակի երեխեն կարոտել էր մամային ու տուն էր ուզում գնալ, ի՞նչ կա զարմանալու… Դաստիարակներն էլ ինձ են նեղացնում, ես ի՞նչ անեի…

Առաջին մանկական հիշողությունս էր սա, ու դրանից հետո էլ, ինչ հիշում եմ, ես մամայություն եմ անում իմ արդեն տասնվեց տարեկան քրոջը։ Ես ինձ միշտ չափից դուրս մեծ եմ պատկերացնում, իրեն էլ՝ միշտ փոքր։ Չնայած ինքն էլ ա տենց պատկերացնում, ու իրեն տենց շատ հարմար ա։

meri antonyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հուշապատում

Այսօր արդեն տանն եմ, ու զգում եմ,  որ ինձ պակասում են դիլիջանյան հովն ու ճամբարական միջավայրի ջերմությունը։ Իդեալական դուետ-համադրություն էր հոգումս բարենպաստ կլիմա ստեղծելու համար։

Իհարկե, միայն հոգու եղանակով հիանալու համար չէինք մոտ հիսուն հոգի Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվել Դիլիջանում։ Եթե միայն դա լիներ, ես դժվար թե հիմա իմ տպավորություններով կիսվեի, որովհետև վաղուց արդեն զգացել եմ, որ ինձ համար առօրյա դարձած երևույթների գեղեցկությունն սկսում եմ չնկատել։ Ամեն նոր բանով հիանում եմ միայն առաջին տպավորության պահին, հետո ժամանակի հետ այն դառնում է սովորական, իսկ որ մի քիչ էլ սպասեմ, գուցե սկսի ձանձրացնել, ո՞վ իմանա։ Ու այլևս հարկ չեմ համարի գրել այդ մասին, ինչպես, օրինակ, չեմ գրում ջուր խմելուս, ոտքերիս վրա քայլելու կամ էլ, ասենք, ծանոթ մարդիկ հանդիպելիս նրանց բարևելու մասին։ Սովորական բաներ են, չէ՞։ Բայց չէ որ մեր ծնողներն իրենց աշխարհի տեր են զգացել, երբ մենք առաջին անգամ ինքնուրույն քայլեր ենք արել, խոսել, առաջին անգամ ատամ հանել,  առաջին անգամ դպրոց ենք գնացել, առաջին տառն ենք գրել, առաջին գերազանց գնահատականն ստացել, երբ առաջին անգամ արդեն այնքան ենք հասունացած եղել, որ մասնակցել ենք իրենց լուրջ խոսակցություններին, արդեն մեծավարի իրենցից խորհուրդ ենք հարցրել ու այդպես շարունակ։ Ճիշտ է, որովհետև դա եղել է առաջին անգամ։ Հիմա մեր ամեն քայլի կամ արտասանած բառի համար չեն ուրախանում, մեկ-մեկ գուցե շատ խոսելու համար էլ բարկանում են։

Մի բան կար մեր ճամբարում, որ թույլ չէր տալիս առաջին հիացական տպավորությանը ցրվել, ու հիմա ստիպում է ինձ գրել ավելի մեծ եռանդով ու սրտի ջերմությամբ, քան ճամբարական առաջին օրը կգրեի։ Առաջին պահին չես կարող միանգամից զգալ հետագա օրերի կուտակվելիք  ջերմության, հարազատության ու մտերիմ կապերի ամբողջ հոգեկան ուժը, չես կարող նախապես զգալ, թե ինչքան շատ ես ուզելու բաժանման պահը հետաձգել ու թե բաժանվելուց հետո էլ վերադառնալու ինչ մեծ ցանկությամբ ես հիշելու արդեն անցյալում մնացած մեկ շաբաթը։ Նշածս զգացողություններն աստիճանաբար են սողոսկում ներսդ, աստիճանաբար, դանդաղ՝ համատեղ աշխատանքի ընթացքում։  Ըհըն, աշխատանքը, տրիոն լրացնողը, ա՜յ ն երրորդը, որն էլ հենց թույլ չտվեց նման օրակարգով մի քանի օրերին դառնալ ուղղակի միօրինակ առօրյայով երկարուձիգ, անհետաքրքիր օրերի շարասյուն։ Շարասյուն ասվածը երկար բան է, չէ՞, թվում։ Հա՜ հա, հենց այդպես էլ կա, ինձ նույնիսկ մեկ օրն է այդքան երկար թվում, երբ որ զբաղմունքս ձանձրալի է լինում։ Բայց մեր օրերն ակնթարթի պես անցան, իսկ ակնթարթը ժամանակի չափման իմ իմացած ամենափոքր միավորն է (մի կողմ դնենք վայրկյանի մեկ հարյուրերորդական ու հազարերորդական մասերը, դրանք անուններ չունեն)։ Բայց աշխատանքը, մանավանդ թիմային աշխատանքը, որտեղ անդամները պատանիներ են (ու սա ամենևին էլ տարիքի հետ կապ չունի, խոսքը ներքին երիտասարդության մասին է)՝ ամեն մեկն իր աշխարհայացքով, հետաքրքրություններով ու հոգու հարստությամբ, երբեք չի կարող ձանձրալի դառնալ, նամանավանդ՝ մեդիա ոլորտում։ Ամեն պահի կա մի անսպասելի հետաքրքրություն, մի նոր դիպված, մի նոր ծանոթություն։ Մեր ճամբարականներից ում հարցնես իր, իր բնակավայրի կամ իր ընտանիքի մասին, կասի. «Արդեն էդ մասին գրել եմ, կարաս կարդաս»։ Իսկ մենք անհետաքրքիր բաների մասին չենք գրում… Դե պատկերացրեք, որ ամեն մեկն ունի իր սիրուն պատմությունը։

Բա այսպիսի միջավայրը երբևէ կհոգնեցնի՞։  Բա այսպիսի իրադարձության մասին չգրե՞ս նույն ոգևորությամբ, չհիշե՞ս ներսդ հուշերով տաքացնելով, մի քիչ էլ աչքերդ թրջելով, թեկուզ թող ամիսներ անցած լինեն…

Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարպետության դաս. «Մանանա Ֆիլմս» կինոստուդիա

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

«Մանանա Ֆիլմսը» հիմնադրվել է 2009 թվականին` Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից, որտեղ նկարահանվում են վավերագրական ֆիլմեր, երաժշտական հոլովակներ ու գովազդային ֆիլմեր: Ստուդիան ունի երեսունից ավել միջազգային մրցանակներ` կինոյի և գովազդի ոլորտում, այդ թվում` մրցանակներ ու անվանակարգումներ աշխարհի գլխավոր վավերագրական փառատոներում` Ամստերդամի «IDFA»-ում, Շեֆիլդի վավերագրական կինոփառատոնում, և այլն:

Այս պահին «Մանանա Ֆիլմսը» աշխատում է մի քանի տարբեր նախագծերի վրա, դրանցից մեկը «Ճանապարհ» արկածային վավերագրական ֆիլմաշարն է, որի առաջին մասը` «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմը 2014 թվականին համարվել էր «Այթյունզի» 5 ամենահանրաճանաչ վավերագրական ֆիլմերից մեկը, վաճառվել է շուրջ 40 երկրներում և ցուցադրվել է մի շարք միջազգային ավիաուղիների կողմից: «Vimeo»-ն, «Huffington Post»-ը և «Vanity Fair» ամսագիրն անվանել են այն «տարվա լավագույն ճանապարհորդական ֆիլմը»: Այս տարի լույս կտեսնի շարքի երկրորդ սերիան, որը նկարահանվել է Կամբոջայում:

Ստուդիայի մյուս խոշոր նախագծերից է «Գուգլ» ընկերության պատվերով նկարահանվող «YouTube Gamers» ֆիլմաշարը, որը պատմում է տարբեր երկրներում ապրող Յութուբի աստղերի մասին: Առաջին շարքը, որն արդեն հրապարակվել է այս ամառ, նկարահանվել էր Ռուսաստանում, երկրորդ շարքն այժմ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում և լույս կտեսնի տարվա վերջում:

«Մանանա Ֆիլմսի» մյուս երկարաժամկետ նախագիծն է «Ultrasounds» ֆիլմաշարը` աշխարհի տարբեր նորարարական երաժիշտների մասին: Առաջին կարճամետրաժ սերիան լոնդոնյան «Astronauts» խմբի մասին էր:

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

Պատառիկներ հարցուփորձից

Այսօր մեդիա ճամբարում վարպետաց դաս վարելու համար մեզ հյուր էր եկել «Manana Films»-ի համահիմնադիր Մուշեղ Բաղդասարյանը։ Ֆիլմարտադրության ասպարեզում շատ մրցանակներ ունի, բայց ես, ճիշտն ասած, չհասցրի ամբողջը գրի առնել։ Բայց դե, ինձ թվում է, կարևորը այդ մրցանակների քանակներն ու անունները չեն, այլ այն շոշափելի, տեսանելի արդյունքները, որոնց նա հասել է։ Ու այդ տեսանելի արդյունքների հետ ծանոթանալու նպատակով մենք սկզբից նայեցինք իրենց  նկարած ֆիլմերից թրեյլերները, սոցիալական գովազդներն ու տեսահոլովակները։ Նայելու ընթացքում ամեն տեսանյութի վերջում ուզում էի հարցնել. «Այս ամբողջը դո՞ւք եք նկարել։ Ինչպե՞ս անենք, որ մենք էլ կարողանանք այսպես նկարել»։

Դիտումից հետո էլ բոլորն սկսեցին խառնաշփոթ հարցեր տալ, ես էլ, սուս-փուս նստած, ինչ կարողացա, գրի առա.

-Ինչ-որ տեղ ֆիլմ նկարել սովորե՞լ եք։

-Չէ, ես ավարտել եմ Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ֆիլմ նկարել սկսել եմ «Մանանա» կենտրոնում։ Հիմա երկուսով էլ` ծրագրավորմամբ և կինոյով զբաղվում եմ՝ նայած որ պահին որով եմ ավելի շատ ոգևորվում։

-Նկարելուց ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում։

-Նկարում ենք այն, ինչ մեզ հետաքրքրում է։

-Խաղարկային ֆիլմեր ունե՞ք։

-Ձեր պատկերացրած գեղարվեստական ֆիլմերը չենք նկարում, դերասանների հետ աշխատել չեմ սիրում։ Ունենք բեմականացված նախագծեր, օրինակ` երաժշտական հոլովակներ, որտեղ բեմականացված դերասանական խաղ կա, բայց խաղարկային ֆիլմեր` ոչ:

-Ես չեմ պատկերացնում, նախապատրաստական աշխատանքներն ինչպե՞ս  են ընթանում։

-Դա էլ է կախված նրանից, թե ինչ ես ուզում նկարել։ Նախապատրաստական աշխատանքները համարյա միշտ ավելի երկար են տևում, քան նկարահանումները: Պետք է մանրամասն ուսումնասիրենք թեման, պլան մշակենք, հավաքենք մարդկանց, ում հետ պետք է աշխատենք, ուսումնասիրենք տեղանքները, որտեղ նկարահանելու ենք, և այլն:

-Նկարահանման մեջ կա՞ մի փուլ, որ չեք սիրում։

-Ամեն փուլում էլ կան բաներ, որ դուրդ չի գալիս։ Ես ամենաշատը մոնտաժն եմ սիրում։ Նկարահանումներն ամենալարվածն են, դրա համար չեմ սիրում։

-Մոնտաժի ընթացում դուք անընդհատ նայում եք նույն կադրը, հետ ու առաջ տանում, եթե արդեն մոնտաժել եք:

-Ամենալավ մոնտաժն այն է, որ հանդիսատեսը նայելիս չի հասկանում, թե ոնց կադրը փոխվեց: Եթե ուշադիր ուսումնասիրի` կհասկանա, բայց ոչ պրոֆեսիոնալ հանդիսատեսի համար անցումները ակնհայտ չեն։ Կադրը անընդհատ նայում ես, որ հասկանաս` ինչպես կպցնես, որ անցումն աննկատ լինի։

-Ես կուզեի, որ պատմեք նկարահանումների բարդությունների մասին։

-Մենք լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմերի շարք ունենք, կոչվում է «Ճանապարհ» (Hit The Road): Դրանք ճանապարհորդական ֆիլմեր են, որտեղ երկու ընկեր մասնակցում են տարբեր երկրներում տեղի ունեցող մրցարշավների: Առաջին սերիան նկարել էինք Հնդկաստանում, երկրորդը, որ հիմա ենք վերջացնում` Կամբոջայում: Դրանք երևի ամենաբարդ ֆիլմերն էին: Ֆիզիկապես շատ դժվար էր, որովհետև երկու հոգով էինք նկարում` շատ դաժան պայմաններում ու անընդհատ շարժման մեջ:

-Անձրևի տակ ինչպե՞ս էիք նկարում, դժվար չէ՞ր։

-Հնդկաստանում ամենադժվարը մուսոնային անձրևներն էին, ոնց որ ցնցուղի տակ կանգնած լինեիր, ոչ թե անձրև լիներ։ Կարող է գնայինք, ամբողջ գիշեր վարսահարդարիչով տեխնիկան չորացնեինք, որ հաջորդ օրը նորից նկարեինք։ Կամբոջայում էլ հաճախ մնում էինք վրանի տակ` ջունգլիներում, իսկ մենք պիտի նկարահանած նյութերը դատարկեինք, տեխնիկան նորից լիցքավորեինք: Նման շատ դժվարություններ:

-Ֆիլմերի դերասանները հիմնականում հայե՞ր են, թե՞ օտարերկրացիներ։

-Սրանք վավերագրական ֆիլմեր են, այսինքն, հերոսները իրական մարդիկ են: Հերոսներից մեկը Ամերիկայից է, մյուսը` Կանադայից։ Նրանք մրցարշավին մասնակցող մեկ թիմ էին ներկայացնում, որոնց մենք ընտրել ենք ֆիլմի հերոսներ և իրենց միջոցով նկարահանել մրցարշավը:

-Կա՞ մի դերասան, թեկուզ աշխարհահռչակ, որ կուզեիք իր հետ աշխատել։

-Դե որ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ չենք զբաղվում, ոչ մի անգամ չեմ մտածել, թե ում հետ կուզեի աշխատել։

-Իսկ եղե՞լ է ֆիլմ, որ կիսատ եք թողել:

-Այո, եղել է, շատ բաներ հաճախ կիսատ են մնում տարբեր պատճառներով: Օրինակ` պատվերները հաճախ սառեցվում են ու չեն շարունակվում, կամ կարող են դադարեցվել ու շարունակվել մի տարի հետո: Ֆիլմերը կարող են կանգնեցվել ֆինանսական պատճառներով: Լինում են դեպքեր, երբ մի նախագիծ վերջացնում ենք, բայց վերջում որոշում ենք չթողարկել, որովհետև արդյունքը մեզ դուր չի գալիս:

-Լինո՞ւմ է, որ պատվիրատուն չհավանի գործը։

-Պատվիրատուները միշտ մասնակցում են աշխատանքներին ինչ-որ չափով: Նրանք պետք է հաստատեն սցենարն ու պլանը մինչև նկարահանումը, նաև պետք է դիտեն աշխատանքային մոնտաժն ու սևագիր տարբերակները, որպեսզի անակնկալներ չլինեն: Որոշ պատվիրատուներ ներկա են լինում նկարահանումներին: Բայց վերջում միշտ էլ փոխելու բաներ լինում են:

-Իսկ եղե՞լ է այնպիսի պատվեր, որ մերժել եք, ինչո՞ւ։

-Կարելի է ասել` ամեն երկրորդ պատվերը մերժում ենք: Դե կարող է այնպիսի բան ուզեն, որ մեր դուրը չի գալիս, հետաքրքիր չի: Լինում են պատվիրատուներ, որոնք ուզում են իրենք փողը տան ու որոշեն, թե ինչն ինչպես է լինելու։ Դրանք մերժել ենք։

-Հիմա հովանավորներ ունե՞ք։

-Չէ, այնպիսի հովանավոր չունենք, որ մեզ փող տան, ասեն` այսպիսի մի բան նկարեք։ Առանձին նախագծեր կարող են լինել, որ ունեն հովանավորներ, բայց այդպես քիչ է լինում: Սովորաբար դրանք կամ պատվերներ են, կամ ներդրումներ, երբ ինչ-որ մարդ կամ կազմակերպություն հետագայում ֆիլմից շահույթի ակնկալիք ունի:

-Կա՞ այդպիսի  ֆիլմի գաղափար, որ կուզեիք նկարել, բայց հովանավոր չկա։

-Մի ֆիլմաշար ունենք երաժիշտների մասին, կոչվում է «Ultrasounds», որ ուզում ենք մի քանի սերիայով նկարել, առաջին կարճ սերիան փորձնական արդեն նկարել ենք: Հիմա դրա համար բյուջե ենք փնտրում:

-Ձեր նկարածներից կա՞ մի ֆիլմ, որ կառանձնացնեք մյուսներից։

-Հիմնականում ամենավերջին նկարածներն են, որ դուրդ գալիս են, որ տեսնում ես ինչպես ես հատ-հատ աճել։

-Ձեր ֆիլմերից ո՞րն ամենաշատ դիտում ունի։

-Վերջերս նկարածներից ամենաշատը նայում են «Ultrasounds»-ի` երաժիշտների մասին շարքի առաջին սերիան, Լոնդոնում մի իտալական ռեստորանի պատվերով իրենց հիմնադրման պատմության մասին ֆիլմ էինք նկարել, դա միլիոնից ավել դիտում ունի: «Ճանապարհ» ֆիլմի առաջի սերիան էլ են շատ դիտել` վաճառվել է համարյա քառասուն երկրներում: Բայց մենք դիտումները չենք հաշվում, դա մեզ համար այդպես կարևոր չի։

-Հիմա ինչի՞ վրա եք աշխատում։

-Հիմա «Ճանապարհ» շարքի երկրորդ ֆիլմն ենք վերջացնում` Կամբոջայի մրցարշավը: Բացի այդ` հիմա Գուգլի պատվերով կարճամետրաժ ֆիլմաշար ենք նկարահանում` «Յութուբի» տարբեր աստղերի մասին: Առաջին շարքը Ռուսաստանում էր նկարահանվել` ռուսախոս հանդիսատեսների համար, հիմա երկրորդ շարքն ենք նկարահանում` Անգլիայում ու Էմիրաթներում, սա արդեն արաբախոս հանդիսատեսների համար է լինելու:

-Ապագայի համար կա՞ ինչ-որ միտք կամ գաղափար, որ պետք է նկարվի։

-Գաղափարներ շատ ունենք ու աստիճանաբար փորձում ենք բոլորն իրականացնել: Բայց շատ հետաքրքիր նախագծեր հաճախ առաջանում են անսպասելի, օրինակ ինչ-որ հետաքրքիր պատվեր ենք ստանում:

-Այ հիմա այստեղ երիտասարդներ կան, որ կարող է վաղը օպերատորությամբ կամ ռեժիսուրայով զբաղվեն, իրենց ի՞նչ  խորհուրդ կտաք, ի՞նչն է ամենակարևորը։

-Երևի ամենակարևորը`ոգևորված լինեք, ու սիրեք այն, ինչով զբաղվում եք: Պետք է անընդհատ դուք ձեր ճանապարհը բացեք, ու որ դժվար պահերին հետ չկանգնեք։ Երկրորդ կարևոր բանն այն է, որ չմեծամտանաք։

Մեր զրուցակիցը, ինչպես հասկացաք, այդքան էլ չէր սիրում խոսել, ու մեզ շատ բարդ իրավիճակում էր դրել, բայց դե մենք այնքան հարց տվեցինք, որ մի պատառ հարցազրույց ունենանք։ 

Կարծես թե ստացվեց, հը՞ն։

Meri Antonyan

Անցած դարակեսին

Դեռ փոքր հասակից միշտ սիրել եմ լսել մեծ տատիս համով-հոտով պատմությունները՝ համեմված գյուղական բարբառով։ Ինձ հաճելի է եղել թեկուզ մի քանի ժամ անձայն լսել նրա կյանքի ամբողջական պատմությունը, կյանքի կարևորագույն պահերն ու հիշարժան իրադարձությունները։ Երբեմն նույնիսկ մեջս միտք է առաջացել գրքի տեսքով գրի առնել նրա բոլոր զրույցներն ամենայն մանրամասնություններով։ Ու հիմա վերջապես առիթ է ընձեռվել գրի առնել դրանցից մեկը։ Ստորև զետեղված է իմ ու իմ մեծ տատիկի՝ 83 -ամյա Ռոզա Մելիքյանի զրույցը։ 

-Տատ ջան, մի քիչ կպատմե՞ս ձեր գյուղից։

-Մերի ջան, մըր գյուղը, տեսի, ամենաառաջ, որ ես արդեն դպրոցական էրեխա էի, խելքս արդեն մի որոշ բան էր հասնըմ, ծնողներս ուզըմ էին գնան, դե գյուղից ռայոն են գնըմ, որ ռայոնից իրանց ինչ որ պետք ա, մինչև անգամ նավթ ա, դես ա, դեն ա, սաղ ընդեղերքից էին բերըմ: Դե գյուղում ի՞նչ կա. գյուղումը կարտոլ կար, հացահատիկ կար, գյուղի պայմանները դրանք էին, որ գնըմ էին, ասըմ էին` գնըմ ենք Դաստափյուռ, մըր ռայոնը ամենաառաջ եղել ա Դաստափյուռի շրջան, գյուղ Զագլիկ։ Մի որոշ ժամանակից հետո, որ արդեն հասել եմ 5-րդ, 6-րդ դասարան, արդեն մըր գյուղը, մըր ռայոնը փոխվել ա Խանլարի ռայոն։ Մի էրկու տարուց հետո արդեն Խանլարի ռայոնն էլ ա հեչ ըլել, բերել են Դաշքեսանի ռայոն՝ Քարհատ։ Էդքան բանը լավ եմ գիդում։

Մընք սովորըմ էինք, մընք լավ էինք սովորըմ, բայց պայմանները մըր, գյուղի պայմանները, ճանապարհները լավը չէին. ավտո չկար, ձիով էինք գնըմ ուրիշ տեղերից բան-ման բերըմ, դրա համար էրեխեքն էլ  էդքան ոչ լավ էին հագնըմ, ուտելը, դե հմի, ինչ-որ տեղ աշխատըմ էին, ուտըմ էին: Ով կարըմ էր, կով էր պահըմ, ոչխար, խոզ… Ապրըմ էին։ Բայց մընք, արդեն որ հասա 8-րդ դասարան, պտի 9-ը, 10-ը վերջացնեի, խելքս շատ էր հասնըմ: Մինչև էդ, ես որ գյուղից դուրս եմ եկել, մըր գյուղումը լույս գոյություն չի ունեցել, իսկ որ հանկարծ ցերեկը գնացել ենք դաշտերումը կարտոշկա ենք հավաքել, գործ ենք արել, անասունների համար խոտ ենք հավաքել, որ գալիս էինք, դպրոցում չէինք հասցնում, պտի սովորենք, չէ՞: Լույս չկար, ուշ ենք եկել: Ի՞նչ պետք ա անենք: Դրա համար պեչկը վառըմ էին, փետը վառըմ էին, ով որ ինձ նման խելքը հասնըմ էր, որ ուզըմ ա գնա, գյուղիցը դուրս գա, ավելի լավ սովորի, լավ մարդ դառնա, պեչկի դուռը բաց եմ արել շատ վախտ, նստել եմ ու կարդացել եմ ինչ գրքեր որ տվել են։

Դասատուները ոչ մեկն էլ ինիստուտը ավարտած չէր, բոլորը տեխնիկում, թերի բարձրագույն կամ երրորդ կուրսից եկած, ինչքան որ հնարավոր էր, աշխատըմ էինք սովորենք: Մընք  սովորըմ էինք, մեկը՝ ես։ Հա, շատ լավ էի սովորըմ, մըր դասարանի առաջին էրեխեն էի, խելքս հասնըմ էր, սովորըմ էի։ 

-Իսկ ե՞րբ ես Երևան տեղափոխվել։

-1950 թվին։ Էդ ա, էդ ժամանակ իմ ընկերուհու հերը մըր դպրոցի ռուսերենի դասատուն էր, իրա աղջիկն էլ իմ հետ առաջին դասարանից մինչև տասը իրար հետ վերջացրել ենք: Արդեն մընք պետք ա մըր պասպորտները հանենք, գնացել ենք Դաշքեսան՝ մըր ռայոնը, մինչև անգամ մըր գրասենյակում (կանցելար էինք ասում), որ թուղթ պետք ա տան, թե երբ ենք ծնվել, որ տանենք ռայոնից ծննդական հանենք, անգամ էդ էլ իրան կարգով չեն տալիս: Կա ոչ, ուրիշի, մի էրեխա մահացած ա ըլնում, նրա տեղն ա… Ինձ մի տարով մեծի, (ես իսկական 33 թիվ եմ, ինձ 32 թվով) տվել են։ Տվել են, գնացել ենք Դաշքեսան, էրկու օր գնացել ենք-եկել, որ էդ թուրքերը մըր ծննդականը տան, որ ծննդականի վրա էլ պասպորտ ունենանք։ Գյուղացուն հո պասպորտ չէի՞ն տալիս: Էլի տեղեկանքի պես թուղթ էր, որ գնըմ ենք սովորելու: Էդ տեղեկանքը պիտի ունենայինք, որ գյուղից թույլ են տվել գնանք սովորելու։ Վերջը, մի կերպ էդ տեղեկանքը վեր ենք ունըմ, գնըմ ենք, դառնըմ ուսանող։ Գյուղի էրեխեք … Ճիշտ ա, հայոց լեզու, մյուս  առարկաները լավ եմ սովորել, բայց ռուսերենը… Թուրքերենն անգամ լավ եմ սովորել, ես արդեն տասներորդ դասարանում ադրբեջաներեն էի խոսըմ, բայց ռուսերենը խոսըմ էի, էսօր Մանեն (քույրս է) ա ասըմ. «Տատիկ ախր, ես էլ եմ ռուսերեն խոսում, բայց գրելուց տառասխալներ եմ անում»: Մենք վաբշե հայերենըմ էինք տառասխալներ անըմ, որովհետև մերը բարբառ էր, գյուղի բարբառը, հա, քերականություն էինք անցնըմ, բայց մին-մին «փ»-ի տեղը «ֆ» էինք գրըմ, «ք»-ի տեղը մի ուրիշ բան … էդ ձևով, էլի։ Համենայն դեպս ավարտեցինք, ավարտեցինք-գնացինք (ծիծաղում է)։ Գնացինք  (Երևան): Հիմի մընք գյուղի գնացած էրեխեք ենք, քաղաք ես գնըմ, տանըմ են, օրինակ, որ թղթերը պետք ա տանք, նայըմ ենք շրջապատին: Դե ավելի շատ քաղաքի էրեխեքն են: Նրանք արդեն քաղաքի հագնված են: Մըզ համար էլ շոր են կարել, մի էրկու շոր ունենք, հա, կոշիկ են առել, բայց քաղաքի տեսք չունի, էլի. կոշտ-կոպիտ, չկար էլ, որ գնայիր խանութներից առնեիր: Էն վախտ էդքան ազատ չէր ամեն ինչը: Չկար, որ ինչ ուզես, էն էլ առնես-հագնես։ Հըմի մենք անհարմար ենք զգըմ մեզ: Ես ու ընկերուհիս ենք իրար հետ, իրա հերն ա մըզ տարել Երևան: Նայըմ ենք կողքներիս, մըր շորերը վոլտից (չիթ) կարած բարակ շորեր են, կոշիկներն էլ` ղորդան-ղորդան… Ու անհարմար ես զգըմ, ինչքան ուզըմ ա դու նրանցից կիրթ ըլես գիտելիքով, բայց նրանք ուրիշ են, մընք` ուրիշ, մենք քաշվըմ էինք։ Հիմի մեզ ով տարել ա, Արմիկի (ընկերուհին) հերը, մըզ ասըմ ա` ընենց տեղ ընդունվեք, որ շատ երկար չմնաք Երևանում, հինգ տարի չմնանք, երկու տարի: Այսինքն մենք պետք ա սովորեինք  ռուսական երկամյա ինիստուտ, որ գնանք գյուղումը կամ, ասենք, քաղաքումը տարրական դասարանների դասատու որպես։ Դե, մենք էլ իսկի համալսարանների ոչ հաշիվը գիտենք, ոչ տեղը, թե գնանք համալսարան: Ինձ որտեղ տային, էնքան ռուսերենը գրավոր չեղներ, ես ամեն տեղ էլ կանցնեի։ Բայց ըտե տարել են ռուսական էդ ինիստուտը, քառամյա էլ կա, մըր բաժինը երկամյա էր։ Աշխարհագրությունս հանձնեցի չորսի (մատները հերթով ծալելով՝ հաշվում է), լեզուս հանձնեցի իրեքի, գրականությունս ընգել էր Մաքսիմ Գորկու «Մայր» վեպը, համ հայերեն էի լավ սովորել, համ ռուսերեն, ըտե էլ որ ռուսերեն սկսեցի պատմել, մի քիչ երևի վերջավորությունները լավ չէր ըլում, ընդունող դասատուն ասավ`  հլա հայերեն պատմի։ Դե, հայերեն պատմեցի վեպի վերլուծությունը, չորս ստացա։ Բայց մինչև էդ ռուսերեն գրավոր էինք գրել, մըզ ասեցին՝ գյուղից եկածները եթե էն մնացածը լավ տան, գրավորը երկուս էլ լինի, կընդունենք։ Իմ ընկերուհին հենց առաջինից կտրվեց, բայց ես իրեքն էլ ստացա, գրավորն էլ գրեցի` էրկուս էր։ Որ արդեն քննությունները տվել էինք, պրծել, ես արդեն նենց ա, որ ընդունված եմ, էլ չեմ մտել տեղեկանք վեր ունեմ, որ ընդունված եմ, ինձ վեր կալան, տարան Վարդոանց (տատիկիս քույրն է) տուն, Քանաքեռ էր ապրում։ Ընկերուհուս հերն էլ տանըմ ա թղթերը տալիս ա կոոպերատիվ  տեխնիկում տասի բազայի վրա, հատուկ պլանային բաժին։ Պա՛հ, ես էլ ճամփա եմ պահըմ, ամսվա վերջին, պտի գամ, հանրակացարան ստանամ, որ թուղթ տան, որ գնամ սովորեմ։ Քիրս գալիս ա տենա՝ ընդունվել եմ, էդ հանրակացարանի համար թուղթ վերցնի, մեկ էլ քիրս գալիս ա, ասըմ ա. «Քու ազգը չկա, դու ընդունված չես»։ Ուրեմն քառամյայի ուսանողները, որ չեն անցել կամ ցածր աչոկներ են ստացել, դրանց սաղ բերել են երկամյայի, ու էն, ով որ էլ երկուս ա ստացել մեզ նման, նրանց էլ դուրս են թողել (ժպտում է)։ Իմ փեսեն պադպալկովնիկ էր։ «Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք, բա էդքանից հետո ուղարկե՞նք գյուղ, տհե ո՞նց կըլի: Բան չկա, դե, Արմիկը ընդե սովորըմ ա, տանենք, քո թղթերն էլ տանք»։ Տհե տանըմ են, դե առանց քննության ա։ Համա դե ժամանակն անց ա կացել, բայց փեսես որ պադպալկովնիկ էր, ի՞նչ ա արել, ո՞նց ա արել, ընդունել են։ Ես էլ պլանային բաժնում սովորեցի։ Ընդունվել եմ, սովորել եմ, շատ լավ եմ սովորել, թոշակը ստացել եմ, մի հետ էլ ա կտրվել չեմ թոշակից: Էէ՜՜, էրկու տարի սովորել եմ, էրկու տարին էլ լրիվ թոշակ եմ ստացել։

-Իսկ որտե՞ղ էիք ապրում։

-Մըզ Բաղրամյանի վրա սենյակ տվեցին։ Թումանյանի տունը սարքել էին մեզնից մի քիչ ներքև։ Ավետիք Իսահակյանի տունն էլ էր Բաղրամյանի վրա, գնալ-գալուց միշտ տենըմ էինք, որ Իսահակյանը ցիլոյով, Դեմիրճյանը, ախր մեկ էլ էն գրականագետը, անունը չեմ հիշում, փոքր մարդ էր, կանգնում նայում էինք, թե ոնց են զրուց անելով, փետը ձեռին անցնում։

-Դու որևէ տեղ աշխատե՞լ ես։

-Ինձ ուղարկեցին Քանաքեռ՝ շրջանային սպառողական կոոպերացիայի գրասենյակ՝ որպես պլանավիկ։ Մի տարի աշխատեցի, մյուս տարի ամուսնացա։ Էս տունն առանք, էկանք ստի (Վանաձոր), էլ գործի չգնացի, ոնց որ, էն որ ասած՝ գյուղիցը փախա, որ գամ քաղաքումը ապրեմ, մըկ էլ նորից էկա գյուղ, մաքուր գյուղ էր, տո մինչև հմի էլ հլա ոնց որ գյուղ էղնի։

-Տատ, Ադրբեջանում կրթությունն ինչպե՞ս էր։

-Ադրբեջանում մընք հայի պատմություն չենք անցել։ Մընք ոչ մի հայկական բան էլ չենք անցել։ Մընք հայկական պատմությունը հայ պատմավեպերից ենք մի քիչ կարդացել, մեկ էլ, որ էկել եմ տեխնիկումում սովորելու, ինձ հայ ժող. պատմություն ընդե են տվել, որ մի թիք սկսել եմ իմանալ։ Նոր պատմություն, Ռուսաստանի պատմություն, աշխարհի պատմություն, բայց հայ ժող. պատմություն չկար, գոյություն չի ունեցել։ Դրա համար ուզըմ էինք դուրս գանք, բոլորս էլ ուզըմ էինք։ Օրինակ՝ ինձ բախտ վիճակվեց, ես դուրս էկա, իմ քիրն ընդեղ էր, պայման կար գնալու։ … Բոլորն են գնացել, միթամ հիմի մարդ կա՞ ընդեղ։

-Ո՞ր շրջանում է եղել ձեր գյուղը։  

-Մըր տարածությունը Սահակ Սևադայի, կարդացել՞ ես Սահակ Սևադայի մասին (գլխով եմ անում), նրա տարածությունն ա էղել, էէէ՜… Կիրովաբադից բռնացրած, Կիրովաբադի հալալ կեսը հայ, հայի չաստ, թուրքի չաստ կար, բայց դե կարացին էլի հայերին դուս անեն։ Բաքուն հայերը ստեղծեն, հայերին դուս անեն,  տհե ո՞նց կըլի։

-Ձեր գյուղում պատերազմական լարվածություն զգացվե՞լ է երբևէ։

-Խանլարը Կիրովաբադին կպած էր։ Ըտեղ լեմսեր էին ապրըմ, նեմեցի գյուղ էր, լեմսեր էինք ասըմ։ Որ պատերազմը դեռ կիսատ էր, արդեն 42-43 թվերն էին, արդեն Գերմանիան առաջ էր գալիս, ըտեղի հրամանատարներց մեկը էդ Խանլարի գերմանացիներին տեղահան ա անըմ, որ հանկարծ, ասենք, նեմեցը գա, սրանք պաշտպանեն ոչ նրանց։ Էդ ժամանակ մեր գյուղացիք, հարևան գյուղացիք, ում խելքը որ հասավ, շուտ գնաց դրանց տների մեջը մտավ, առանց փողի, գնացին ապրեցին, դառան քաղաքացի։

Անընդհատ ահուվախի մեջ էինք։ Որ նենց բան էր էղնըմ, որ նախագահն ուզում էր գյուղի ժողովրդին հավաքեր, ժողով աներ, թե սկսում ենք, օրինակ, խոտհարքը, սկսում ենք հունձը, որ ամենքը գիդենան, հատուկ մարդ կար, կուրիեր էին ասում, կանգնում էր ամենաբարձր տեղը ու ձեն էր տալիս. «Ա՜ ժողովուրդ, լսեցե՜ք…»։ Որ լսելու էղնեն, դպրոցի զանգը տալիս էին։ Որ հանկարծ զանգը տալիս էին, ժողովրդի սիրտը կանգնըմ էր, թե էս ի՞նչ ա պատահել, թուրքը վրա՞ ա տալիս։ Այ տհե վախելու բաներ կար։ Բայց դրանից առաջ էլ ա էղել: Բա սաղ թուրքեր են չորս կողմը, մեջտեղը` մեր գյուղերը։  Մըհել ես տենըմ նրանց անասունները ընգել են մեր կոլխոզի արոտների մեջը, չոբանները սկսըմ են կռվիլը, կամ պահողները՝ ղուրուղչին։ Ըտհե էլ են կռիվ անըմ թուրքն ու հայը։

Մըր ռայոնը միշտ էլ հայ կառավարիչ ա ունեցել։ Եթե առաջին քարտուղարը հայ չի եղել, երկրորդը անպայման հայ ա ըլել։ Բայց եթե հանկարծ թուրք ա ըլել ու հանկարծ հային մը թիքա  պաշտպանել ա, չէ՞, սպանել են իրանց թուրքին, որ հայամետ ա, հայերին պաշտպանըմ ա։ Դրա համար էլ ժողովուրդը էնա փախավ ու փախավ…

-Ապրես, տատ ջա՜ն։ 

Ինձ համար իմ օրվա լավագույն մեկ ժամն էր՝ տատիս կենդանի ու կենսատու խոսքով ուղեկցված։ 

Տեսախցիկս էլ է «աշնանացել»

Շատ եմ սիրում Վանաձորս տարվա ամեն մի եղանակին, իսկ աշնանն այն անկրկնելի է դառնում։ Երևի ինձնից է, որ ամեն բան գեղեցիկ է թվում։ Քաղաքով քայլելիս ուզում եմ գրկել ամեն ծառ ու տերև ու շոյե՜լ, շոյե՜լ… Սիրահարվե՜լ եմ քաղաքիս։
Ներկայացնում եմ իմ գեղեցկուհու ֆոտոշարքը։

Լրանում է ուսանողական կյանքիս առաջին ամիսը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Դպրոցական սահմանափակ առօրյայից անցումն ավելի անկաշկանդ ուսանողական կյանքին, բնականաբար, լի է վախերով։ Դեռևս դպրոցի «չի կարելի»-ների ազդեցության տակ վախենում ես համարձակ քայլերից, ակտիվ ապրելաոճից։ Դպրոցում դեպի նոր գաղափարներ գնալու ցանկացած  միտում, ուսման ընթացքում կատարվող անգամ փոքր իմպրովիզներ ճնշվում են ավանդական դասապրոցեսի կառուցման մեթոդների կողմից, շատ անգամ՝ արժանանում են խիստ քննադատության։ Համալսարանում թեմայի ներկայացման ձևի ու աղբյուրների ընտրության հարցում մենք սահմանափակված չենք և կարող ենք ազատ ցուցադրել մեր ընդունակությունները,  ստեղծագործական միտքն ու գեղագիտական ճաշակը։ Դպրոցում մեզ թույլ չէր տրվում շփվել այլ դասարանի աշակերտների հետ, այն ինչ համալսարանում խրախուսվում է կապն ու ակտիվ համագործակցությունը ուսանողների միջև։ Մեր դասախոսներն իրենք էլ առաջարկում են դասերից հետո մնալ համալսարանում, շփվել, ճանաչել իրար, օգտվել գրադարանից ու համացանցից, մշակել համատեղ ծրագրեր ու ձեռնամուխ լինել դրանց կատարմանը. դրա համար տրամադրում են համակարգիչներ, ինտերնետ-կապ, փորձում են օգնել ամեն հնարավոր բանով։ Իսկ դպրոցում, կարծես, ամեն ինչ ստեղծված է ինքնաբացահայտմանը խանգարելու համար։ Դպրոցում անհատականությունները ճնշվում են, դաստիարակվում են միօրինակ սերունդներ նույն կաղապարներում։ Գուցե բնորոշումը խիստ է, բայց, կարծում եմ, կհամաձայնվեն բոլորը, ովքեր հասցրել են համեմատել դպրոցն ու համալսարանը։ Դպրոցը կարծես դետալի պատրաստման կաղապար լինի, համալսարանը՝ ծրագրավորման լեզու. ծրագրավորման լեզվով կարելի է տալ ցանկացած արդյունք, իսկ կաղապարը կարող է պատրաստել միայն խիստ որոշակի ձևի դետալ…

Այս ամենի հետևանքով մենք՝ համալսարանական կյանքի նորեկներս, տևական ժամանակ մոլորված էինք. չկար ուսուցիչների վերահսկողությունը, եկել էր «անիշխանության» ժամանակը։ Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Այս հանգամանքների շարանն էլ հենց հանդես եկավ կարևոր խթան ինքնուրույն կյանքին ընտելանալու և բոլոր խնդիրներն առանց մեծահասակների օգնության լուծելու համար։ Եթե առաջին մի քանի օրերին հետաքրքրվում էինք մեր կուրսղեկի ով լինելով, հիմա չենք էլ փորձում իմանալ՝ ունենք կուրսղեկ, թե ոչ։ Մեզ առավել հանգիստ ու անկաշկանդ ենք զգում այս պարագայում, և ավելի է արմատանում այն գաղափարը, որ մեր ուսանողական կյանքի կազմակերպիչները միայն մենք ենք, որ կուրսին առնչվող յուրաքանչյուր խնդիր պիտի լուծենք մենք ինքներս՝ իրար օգնելով, իրար հետ համախմբված։ Կարծում եմ՝ մեր այս ենթագիտակցական կարգախոսով էլ դարձել ենք ամենալավ կուրսը նորեկների մեջ։

Մեր կյանքի առաջին դասը քաղված է. լինել ազատ և ինքնուրույն ամեն պարագայում։

Նամակ հայ զինվորին

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք…

Պարույր Սևակ

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

… Իմ բանակային ընկե՛ր… Անասելի անհանգիստ եմ քեզ համար։ Հատկապես, երբ լսում եմ վերջին նորությունները, տեղեկանում սահմանի լարված դրության մասին, շատ եմ ուզում, որ շուտ տուն վերադառնաս։ Հիշում եմ՝ դեռ գնալուցդ առաջ էլ, երբ տխրում էի, միշտ ասում էիր.

-Տրամադրությունդ բարձր պահի, հիշի, որ մենք կանք, տղա ենք ծնվել, որ ձեզ համար ծառայենք…

Ասում էիր.

-Իմ ծնողների, ձեր խաղաղության համար կգնամ, կկռվեմ… Մի մտածի, ամեն ինչ լավ կլինի…

Հիմա էլ ասում ես. «Հանգիստ եղիր, էսօր արդեն հանդարտվել ա իրավիճակը»…

Երբեք այսքան մոտ չեմ զգացել պատերազմի վտանգը… Մտքերն ինձ հանգիստ չեն թողնում, երբ հիշում եմ, թե ինչ ուրախ էիր խոսում ապագա ուսմանդ, աշխատանքիդ մասին, աչքերումդ՝ ապրելու կրակ, մտքումդ՝ նվիրական նպատակներ՝ ինձ էլ խրատում էիր լավ սովորել։

Ցավում եմ, որ ստիպված թողել ես երազանքներդ ու գնացել դիրքեր՝ երկրների «տերերի» պատերազմին։ Ինքդ էլ ասում էիր, որ «սահմանից այն կողմի» զինվորն էլ սովորական մարդ է, ձեզ նման, ու մեղք չունի, որ իրեն հրամայում են ոչնչացնել դիմացինին… Իրենք էլ չեն ուզենա պատերազմել, բայց հրամանին պարտավոր են ենթարկվել…

Երանի այսուհետ զինվորին ճանապարհելիս առանց երկմտելու ասվի. «Մինչ նոր հանդիպում»։ Ես խաղաղություն եմ երազում։ Ուզում եմ, որ անվտանգ տուն վերադառնաս…

Կարևորը ճիշտ ընտրությունն է

Երբ մտածողությունդ փոքրիշատե հասունանում է, ու սկսում ես լրջորեն մտածել ապագայիդ մասին, իրենց լուծմանն սպասող խնդիրների շարքում առաջին տեղում իր դիրքերն է ամրապնդում ապագա մասնագիտության ընտրության հարցը։ 

Իհարկե, ես ևս առիթ եմ ունեցել դեմ առ դեմ կանգնելու այս խնդրին (այսուհետ նրան կանվանենք «Կամակոր») և պարտավորված եմ եղել ընդունել ինձ համար «ճակատագրական» որոշում։ Կամակորը փորձում էր ինձ պարտադրել իր քմահաճույքները՝ խոսելով մե՛կ հարազատներիս, մե՛կ ուսուցիչներիս, մեկ էլ՝ ընկերներիս լեզվով։ Կենսաբանության ուսուցչուհուս, հարազատներիս ու ընկերներիս աչքերում ես լավ բժիշկ էի երևում, հայոց լեզվի ուսուցիչներս  ապագաս տեսնում էին գրականության քառուղիներում կամ լրագրության ոլորտում։ Իսկ Կամակորը երևի ուրախանում էր՝ տեսնելով իմ տարակուսանքը… Բայց պետք էր ծնկի բերել Կամակորին։ Դրա համար որոշեցի դեմ գնալ նրա ցանկություններին, ողջամիտ ու հավասարակշռված դատողություններ անել և կողմնորոշվել. ժամանակ չէր մնացել, այդ տարի ավարտելու էի դպրոցը։

Ու որոշեցի դառնալ ծրագրավորող, դառնալ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների մի մասնիկը, ընդգրկվել կայծակնային արագությամբ զարգացող հոսանքի մեջ ու քայլել ժամանակին համընթաց։ Դե, հայրիկս, որպես իսկական հայ տղամարդ, բնական է, չէր ողջունում իմ «տղայական» մասնագիտությունը։ Վերջին ժամանակներում, երբ ուսումնասիրում էի հայ գրողների ստեղծագործությունները, անհագուրդ ցանկություն ունեի դառնալ գրականագետ կամ գրաքննադատ, բայց իմ ընտրության հիմք էին հանդիսացել հազար ու մի լուրջ պատճառներ, որոնք շրջանցել չէի կարող։ Ես կշռադատել էի իմ մասնագիտության ընձեռած անգնահատելի շատ հնարավորություններն ու մեծ պահանջարկը, անդադար համեմատել էի մյուս մասնագիտությունների հետ.  գերազանցությունը փակ աչքերով էլ տեսանելի էր։

Ես պատկանում եմ մարդկանց այնպիսի խմբի, ովքեր գնահատում են իրենց կարիերան և կյանքում մեծ տեղ են հատկացնում նրան, ովքեր բաց չեն թողնում իրենց գիտելիքների ու  հմտությունների շրջանակն ընդլայնելու ոչ մի հնարավորություն ։ Հիմա, երբ ինձ հաջողվել է  լեզու գտնել Կամակորի հետ, և  նա «թույլ է տվել» հաղթել իրեն,  ես հստակ քայլերով գնում եմ  երազանքներիս, ավելի ճիշտ կլիներ ասել՝ նպատակներիս ընդառաջ։

Թեև չկարողացա մուտք գործել գրականության ասպարեզ, այնուամենայնիվ ինձ հնարավորություն ընձեռվեց սովորել վեբ-ծրագրավորում, և շուտով ամբողջական տեսքի կգա իմ առաջին վեբ-կայքը՝ նվիրված Պարույր Սևակին։ Կայքը իմ հաջողության սանդուղքի առաջին աստիճանն է,  իմ առաջին քայլն է՝ ուղղված նպատակներիս իրականացմանը, իմ՝ գրականությանը  հրաժեշտի ելույթն է…

Յոթ անմոռանալի օրեր, որոնք փոխեցին իմ կյանքը

Վերջապես ավարտվեց այս ուսումնական տարին ևս, որն ինձ համար դարձավ վերջինը դպրոցում։ Դպրոցի և համալսարանի սահմանաբաժանին ունեի միայն երկու ամիս` կյանքս փոխելու ու հասուն կյանքին պատրաստվելու համար։ Ի՞նչը կարող էր ավելի արագ և արդյունավետ լինել այս դեպքում ու կտրուկ շրջել աշխարհայացքս, եթե ոչ ամառային դպրոցը։ Հենց այսպես էլ մտածում էի ու արդեն փնտրտուքների մեջ էի, երբ դեմ դիմաց կանգնեցինք ես ու «ԱրքաՆե 2015»֊ի մասնակցի հայտադիմումը։ Ավելի լավ ի՞նչ կարող էր լինել։ Դիմեցի, ընտրվեցի ու գնացի Ստեփանավան։ Դիմելուս օրվանից մինչ «ԱրքաՆե» ոտք դնելս անընդհատ մտածում էի, թե ինչ կարող է նշանակել դպրոցի անվանումը։ Ամեն ինչ պարզվեց տեղում․․․

Այստեղ արդեն իմացա, որ «ԱրքաՆե»֊ն (նախկինում՝ GLOW` Girls Lead Our World) ամառային դպրոցի «հայաֆիկացված» տարբերակն է։ Արքանան եղել է Վանի թագավորության արքա Արամեի կինը, իսկ դպրոցի «ԱրքաՆԵ» անվանումը հստակ ընդգծում է, որ այն միայն աղջիկների առաջնորդության ու զարգացման ամառային դպրոց է։ Այս տարի մեր արքունիքում հավաքվել էին ավելի քան 40 արքայադստրիկներ Հայաստան աշխարհի տարբեր նահանգներից։ 7 օր շարունակ նրանք հետևեցին «արքունական» օրակարգին՝ ամեն օր ժամանակ հատկացնելով մարմնամարզությանը, պարերին, դասախոսություններին, խաղերին, բուռն քննարկումներին և, իհարկե, պալատական խնջույքներին։ Մասնակիցներից յուրաքանչյուրն այս օրերին ճանաչեց ինքն իրեն, զգաց իրեն մեծ թիմի անդամ, ներկայացրեց իրեն որպես առաջնորդ, որպես ապագա թագուհի՝ հոգաց շրջակա միջավայրի ու շրջապատող մարդկանց մասին։ Յուրաքանչյուրի բնավորության մեջ ու խառնվածքում արմատացան հաստատակամությունն ու վստահությունը, հանդուրժողականությունն ու հոգատարությունը, յուրաքանչյուրի ներսում գլուխ բարձրացրեց պատանի առաջնորդը։ Անզեն աչքով էլ կարելի էր նկատել, որ մեր աղջիկներն արդեն էլ այնպիսին չէին, ինչպիսին որ ժամանել էին «արքունիք»։

Մենք ամառային դպրոցի 8-րդ շրջանավարտներն էինք, մեր արքունիքի 8-րդ իշխանազուն սերունդը։

Հիմա արդեն համոզված եմ, որ «ԱրքաՆե»֊ի շնորհիվ պատրաստ եմ հասուն համալսարանական կյանքին, գիտեմ, որ իմ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կհաղթահարեմ ճանապարհիս հայտնված ցանկացած խոչընդոտ, որքան էլ դա բարդ թվա։