Էլադա Պետրոսյանի բոլոր հրապարակումները

elada

Ես Էլադան եմ

2016 թվականն ինձ համար հաջողակ էր, քանի որ օգոստոս ամսին միացա 17.am-ին և հիմա կարող եմ պատմել իմ մասին, քանի որ այս տիրույթում դեռ շատ կհանդիպենք…

Ես Էլադա Պետրոսյանն եմ: Ծնվել եմ 2000 թվականին, Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պաշտոնական եղավ, այնպես չէ՞… Լա՛վ, ինչ արած, սրանք պաշտոնական տվյալներն էին։ Ինքդ քեզ ճանաչելու համար, կարծում եմ, նախ պետք է իմանաս, թե որտեղից ես սերում, ո՞վ և ինչո՞ւ որոշեց քեզ համար անուն որոշել և այլն։

Հիմա պատմեմ այն մասին, թե ի՞նչու Էլադա։ Այս անունը որոշ չափով կապված է տատիկիս անվան հետ… Դե հայերիս մոտ ավանդույթ կա, չէ՞, երբ երեխան ծնվում է, կամ տատիկի անունը պետք է դրվի կամ պապիկի… Ավանդույթը պահպանելով՝ ծնողներս որոշեցին ինձ անվանել Էլիդա, սակայն տատիկը դեմ եղավ՝ ասելով.

-Չէ՛, չէ՛, էդ ի՞նչ անուն ա, որ էրեխու վրա դնեք, հանկարծ էդ անունը չդնեք… Իբր ես իմ անունից գոհ ե՞մ, մի հատ էլ էրեխու վրա եք դնում…

Հայրս և հորաքույրս էլ որոշել են ինձ անվանել Էլիտա, հետո անձնագրային բաժնում, վերջապես ընդհանուր հայտարարի գալով, անվանել են Էլադա…

Ինչո՞ւ ոչ՝ տարբերվող անուն… Հիմա իմ անվան նշանակության մասին պատմեմ։ Այն ունի հունական ծագում: 1803 թվականին Հունաստանը անվանել են նաև Էլադա անվամբ: Իսկ իմ պատմության ուսուցիչն ասում է.

-Որ գնաս Հունաստան, քո անվան համար քեզ շատ հարգալից կվերաբերվեն…

Հուսամ, որ մի օր կգնամ…

Շարունակելով անվանս մասին պատմել, կարող եմ ասել, որ երբ ինչ-որ մեկի հետ ծանոթանում եմ և նշում անունս, միշտ հարցնում են.

-Ի՞նչ, մեկ անգամ էլ կասե՞ս։

Արդեն սովորական է դարձել այս հարցն ինձ համար։

Մի անգամ, երբ հայրիկիս ընկերը եկավ մեր տուն, հարցրեց անունս, դե ասացի՝ Էլադա…

-Ի՞նչ, Էլադա՞։

-Հա՛-հա՛։

-Ի՞նչ անուն է…

Ես պատմեցի անվանս նշանակության մասին, նա թուղթ ու գրիչ խնդրեց և ինչ-որ բան էր գրում թղթի վրա: Բոլորիս համար հետո պարզ դարձավ, որ անվանս առաջին տառերով բանաստեղծություն էր գրում՝ աքրոստիքոս… Երբ վերջացրեց գրելը, կարդաց…

-Էկզոտիկ, նուրբ, նրբաճաշակ,

Լույսի աղբյուր ու հրեշտակ,

Արշալույսն ես շրջապատի,

Դարձել ես մի շքեղ փերի,

Ավետում ես աստվածներին, որ քեզ պահեն միշտ անթերի…

…Եվ այն նվիրեց ինձ, ես մինչև հիմա պահում եմ այդ թուղթն ու հպարտանում…

Ազգանվանս ծագման մասին նույնպես տեղեկություններ ունեմ։ Պետրոսյանը մեր տոհմի ազգանունն է: Իմ պապիկի պապիկի անունը Պետրոս է եղել, այդտեղից էլ ծագել է մեր տոհմական ազգանունը, իսկ Պետրոսյաններիս տոհմածառը ամենամեծերից մեկն է գյուղում: Նախնիներս գաղթել են Մուշ քաղաքից 1827-1828 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Արտագաղթել են դեպի Արևելյան Հայաստան և հետագայում հիմնական բնակություն հաստատել Արզականում: Մեր ազգն ունի նաև ժողովրդական անվանում՝ «Մնեյենց» ազգ: Իսկ իմ գերդաստանի հպարտությունը՝ պապենական դարբնությունն է։ Հիմա էլ հայրս է զբաղվում այդ արհեստով:

elada

Կրթության նախարարը մեր դպրոցում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այցելեց Կոտայքի մարզի Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց՝ մեր դպրոց:

Նախարարը շրջեց դպրոցում, բաց դասի շրջանակներում զրուցեց մեզ հետ: Բաց դասի ընթացքում պարոն Մկրտչյանին ուղվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես՝ մեզ հետաքրքիր էր տասներկուամյա կրթության, թեմատիկ աշխատանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապա ճիշտ մասնագիտության ընտրության հարցերը: Եվ պարոն Մկրտչյանը սպառիչ պատասխաններ տալով մեր հարցերին, կես կատակ կես լուրջ, պատասխանեց նաև այն հարցին, թե ինչպե՞ս ճիշտ մասնագիտություն ընտրել: Նա ասաց.

-Ծնողներին այս հարցում շատ մի լսեք: Շատ դեպքերում ծնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ իրենց չիրականացված երազանքները փորձում են երեխաների միջոցով իրականացնել:

Նաև պարոն Մկրտչյանը նշեց, որ մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ այն կենսունակ է և ունի 305 աշակերտ:

Նա նշեց, որ կրթօջախի ընտրությունը պատահական չէր, և պարոն Մկրտչյանը վստահ էր, որ անմիջապես գյուղական դպրոցներն են համակարգի հիմքը:

Նախարարը դատարկաձեռն չէր եկել՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ գրքեր նվիրեց դպրոցին և խոստացավ, որ մենք շուտով կունենանք նորացված տեխնիկայով համակարգչային լսարան:

Այդ օրը նվերները փոխադարձ էին: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ դպրոցի տնօրեն տիկին Գևորգյանը, դպրոցի անունից Ցեղասպանության մասին գիրք նվիրեց պարոն Մկրտչյանին, և նախարարը նշեց, որ 2017 թվականի առաջին նվեր գիքն է ստանում:

Պարոն Մկրտչյանը նշեց, որ իր մեծ պապերը Ցեղասպանության վերապրողներ են եղել:

Աշակերտներիս համար մեծ պատիվ էր հնարավորություն ունենալ նախարարի հետ հանդիպելու, զրուցելու, նրան հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու:

Լավ կլիներ, եթե բոլոր պաշտոնյաները այցելեն դպրոցներ, տեսնեն, թե ինչ խնդիրներ են հուզում երեխաներին: Չէ որ հենց մենք ենք այս երկրի ապագան:

elada

Հարևանի աչքով գնան-գան

Դե՛, սկսեմ այնտեղից, որ վերջերս սրտի թրթիռով սպասում էի Նոր տարվան՝ 2017 թվականին, որովհետև Նոր տարուց հետո երկու տարի առաջ բանակ զորակոչված տղաներն են հետ գալիս, որոնց մեջ է նաև եղբայրս:

Ծնողներս արդեն պատրաստվում են իրենց զավակներին դիմավորել հունվարի 20-ին:

Գյուղի մի շարք ընտանիքներ արդեն սպասումով վայրկյաններն են հաշվում և նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Արդեն հասել է ժամանակը…

Դե, իրենց որդիների համար, որ անփորձանք հասան տուն, խոստացել են գառ մատաղ անել և մի գառ էլ՝ բոլոր զինվորների անփորձանք ծառայության համար:

Իսկ գյուղի մի քանի ընտանիքներ բանակ են ճանապարհում իրենց զավակներին՝ անփորձանք վերադառնալու հույսով:

Ճանապարհելու «քեֆը» այդքան ուրախ և հյուրառատ չի լինում, որքան դիմավորելունը…

Սպասում… Գժվել կարելի է… Անընդհատ հետ հաշվարկ ենք կատարում … Հունվարի 20-ին լրանում է ճիշտ երկու տարին, որ եղբայրս զորակոչվել է, և ծնողներիս անհամբեր խոսում են.

-Տեսնես՝ նույն օրը կզորացրեն երեխեքին, որ նույն օրն անենք բանակի քեֆը: է՜հ, առաջ Աստված… Ա՛յ, մարդ, թող անփորձանք հասնեն տուն, թող «քեֆ» էլ չանենք, մենակ՝ թող գան, հասնեն տուն…

Իսկ գնացողներին էլ մաղթում ենք. «Հարևանի աչքով թո սաղ էլ գնան- գան»:

Մնաց՝ 1 օր, 4 ժամ, 59 րոպե, 10 վայրկյան…

Թող ամեն բան ժամանակին լինի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Այսօր առատ ձյուն է գալիս: Դե, արդեն ձմեռ է, իսկը ժամանակն է: Լավ է, երբ ամեն բան ժամանակին է ու տեղին: Դա միայն ուրախություն է պատճառում, սակայն հաճախ ինքը՝ բնությունն է փչացնում իր ստեղծած բարիքը: Շատ ցավալի է, երբ անժամանակ եկած ձյունը կամ անսպասելի հուժկու կարկուտը մարդկանց չարչարանքը ջուրն է գցում: Այս տարի այդպիսի դեպքերը շատ էին: Դրանցից մեկին ես ականատես եղա Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ավելի քան 10 րոպե տեղացած կարկուտից հետո խնձորի այգիները այսպիսին էին:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հիմա հիշում եմ բոլոր այդ ընտանիքներին, որոնց բերքը փչացրեց բնությունը: Շատ շատերի ապրուստի միակ միջոցը հենց այդ բարիքն էր:

elada

«Երևանի նշանավոր ընտանիքները»

Այս գիրքը նվեր ստացանք մեզ շատ հարազատ դարձած մարդուց՝ Արմեն Խեչումյանից: Նա մեր ընտանիքի բարեկամն է դարձել դեռ շա՜տ վաղուց, երբ պապիկս աշխատել է հաստոցաշինական գործարանում: Այնտեղ Արմեն Խեչումյանը լաբորատորիայի վարիչ էր աշխատում, այդպես ծանոթացել և բարեկամացել ենք ընտանիքներով:

Արմեն Խեչումյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Նա իր թեզը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգում, իսկ հիմա ապրում է Ռուսաստանում և տարին գոնե մեկ անգամ այցելում է մեզ: Հենց այդ այցելությունների ժամանակ էլ նվիրեց Ամիրյան Անահիտի հեղինակային գիրքը «Երևանի նշանավոր ընտանիքները» վերնագրով, որտեղ տոհմածառի տեսքով նշվում է հատկապես իրենց տոհմը, քանի որ այն ամենամեծն է Երևանի նշանավոր ընտանիքների մեջ: Գիրքը նվիրված է Երևանի՝ 18-20-րդ դարերի այն նշանավոր անհատներին, որոնք կարևոր դերակատարություն ու ներդրում են ունեցել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, տնտեսության, արդյունաբերության, քաղաքականության, գիտության, բժշկության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Աշխատության մեջ նյութերի ընձեռած հնարավորությունների սահմաններում, փորձ է արվել անդրադառնալու նաև նրանց ծագումնաբանության ու տոհմի պատմության հարցերին…

Գիրքը կազմելիս հեղինակներն օգտվել են Հայաստանի ազգային արխիվի, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդերի նյութերից, գրքում նշված էր, որ անհատական զրույցներ են ունեցել նշանավոր մարդկանց սերունդների ներկայացուցիչների հետ: Առանձին մասով ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գունավոր պատկերներ:

Այս գիրքը շատ է տպավորել է իմ մեջ, քանի որ ինձ ծանոթ և հարազատ մարդկանց մասին էլ է նշված գրքի մեջ, ուստի ցանկացա ներկայացնել ձեզ, որպեսզի դուք էլ կարդաք, գուցե և ձեր կողքին էլ են ապրում Երևանի նշանավոր ընտանիքների սերունդներից, կամ էլ հանկարծ պարզեք, որ այդ սերունդներից մեկն էլ դուք եք:

«Նաիրյան արկածներ» Արզականում. կադրի հետևում

Վերջերս իսկական «Նաիրյան արկածներ» տեղի ունեցավ Արզականում` պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանի  և Գարիկ Աբելյանի, Գագիկ Եդիգարյանի աշխատանքի շնորհիվ, Կատյա Թովմասյանի  ու Նունե Ենգուլյանի գլխավորությամբ,   նաև հայտնի լուսանկարիչ` Էդգար Հարությունյանի, ում հետ անձամբ ծանոթացա: Բնականաբար, նրա գործը լուսանկարելն էր…

Նաև մոռացա, չէ՛, ինչ մոռանալ, ուղղակի ամաչեցի ասել նրան, որ 17.am-ի հարցաթերթիկը լրացնելու ժամանակ, որպես ճանաչված լուսանկարիչ, ես հենց իր՝ Էդգար Հարությունյանի անունն էի գրել, բայց ով կմտածեր, որ ես այդ մարդու հետ անձամբ կծանոթանամ… Ա՜յ քեզ բան…

Սկսեմ այնտեղից, որ հայրիկիս հեռախոսին զանգ եկավ: Նրան զանգում էին «Կանալ Փրոդաքշնից»… Հայրիկիս ընկերն էր նրանց համարը փոխանցել և պատմել էր, որ 17.am-ի թիմն էլ է Դարբին Արտակի մասին ֆիլմ նկարահանել: Եվ այսպես, նրանք ասացին, որ պետք է գան մեր գյուղ՝ Արզական, և նկարահանումներ անեն, նկարահանումների մեջ մտնում էր մեր դարբնոցը: Բայց այս անգամ բացառություն եղավ. ոչ թե հայրիկիս էին նկարում, այլ մեր դարբնոցը` Կատյայի և Նունեի մասնակցությամբ: Շատ հաճելի էր՝ գտնվելով կադրի հետևում, հետևել նրանց աշխատանքին, երևի շատ քչերին կարող է այդպիսի բախտ վիճակվել:

 

Արզականում նկարահանումներ էին անցկացրել եկեղեցիներում և գյուղի այլ տարբեր վայրերում:

Իսկ հիմա, ես անհամբեր սպասում եմ «Նաիրյան արկածների» եթեր գնալուն…

 

elada

Հարյուր օր 17.am-ի հետ

Շատ ու շատ փոփոխություններ եղան իմ կյանքում 17.am-ից հետո: Բառապաշարիս մեջ հիմա հաճախ եմ օգտագործում հոդված, հարցազրույց, լուսանկար բառերը, իսկ ազատ ժամանակի մասին խոսք գնալ անգամ չի կարող, որովհետև այն նվիում եմ հոդվածներիս:

Հաճախ բարբառային փնտրտուքներ եմ ունենում առօրյա խոսակցություններում, որպեսզի այն անմիջապես «վերցնեմ» հոդվածիս մեջ:

Հիմա այնքան խոսեցինք հոդվածներից, որ հարցազրույցներս ու լուսանկարներս «կնեղանան»:

Լա՛վ, իսկ հարցազրույցներն էլ սկսել եմ սիրել. ինձ ավելի դուրեկան են և հարազատ, երբ այն անցկացնում եմ տարեց մարդկանց հետ: Իհարկե, պաշտոնյաների հետ հարցազրույցն էլ իր լրջությունն ունի:

Այ, լուսանկարների հետ լավ հարաբերությունների մեջ չեմ, քանի որ իմ լուսանկարներից հազիվ մեկը կարողանում եմ համարել լավը:

Նաև մի նպատակ ունեմ՝ այցելել «Մանանա» կենտրոն և տեսնել բոլորին: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այնտեղ անցնում ամեն օրը:

Այս հարյուր օրվա ընթացքում ես գրել եմ Շուշանիկին և ստացել եմ լիարժեք, հասկանալի պատասխաններ և դրա համար շնորհակալ եմ նրան, ու նա երևի արդեն գիտի, երբ իրեն գրում եմ. «Բարև՛, Շու՛շ ջան, ո՞նց ես», ուրեմն ինչ-որ հարց ունեմ նրան ուղղված:

Այս էլ կարոտից մի պատառ հումոր:

17.am-ի շապիկը հագած տան մեջ քայլում եմ.

-Էս էլի հիմնարկիդ մայկեն հագա՞ր… ,-խոսում է տատիկս:

-Չ՛է, տա՛տ, ի՞նչ հիմնարկ, 17.am-ի մայկես ա:

-Հա՛, դե հիմնարկիդ էլի: Ինձ էլ պետք ա տային էդ մայկից. էն ձեր պարոն Արան էր ասում…

-Հա,՛ տա՛տ, մայկա, որ տային, էլի չէիր հագնելու:

-Քա՛, ա՛յ բալա ջան, կատակ եմ անում: Էս եքա տարիքս պտի առնեի էտի քաշեի վրե՞ս:

Դե, արդեն գլխի ընկաք, որ արդեն հարյուր օր է, ինչ 17.am-ի հետ եմ, և հիմա ինձ առանց «Մանանա» կենտրոնի չեմ պատկերացնում: Շատ տասնյոթցիներ են այս ամենը ասել, և դեռ շատերն էլ կասեն: Հարյուր օրվա ընթացքում հասցրել եմ գրել շատ նյութեր:

Օգոստոսի մեկը ինձ համար տոն էր, քանի որ հենց այդ օրը իմ առաջին նյութը հայտնվեց 17.am-ի էջում և այդ օրվանից ինձ հարազատ մարդիկ արձագանքում էին իմ առաջին հոդվածին, որը ունեցավ հիսունից ավելի հավանում և մի քանի շնորհավորանք՝ «Մանանայի» թիմին միանալու համար և բազում մաղթանքներ:

elada

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսանողներ

Հետաքրքրասեր լինելով` ցանկացա ուսումնասիրել և իմանալ ուսանողների տոնի հռչակման պատմությունը:

Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից:

Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիաի, ձրբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ին, վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում է, ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի, ենթարկվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսանողական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարին նվիրված ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների, նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր: 1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր:

Որպես ապագա ուսանող, ցանկանում եմ շնորհավորել ուսանողներին, քանի որ նրանք են երկրի ապագա տերերը:

Ճանաչելով մի քանի ուսանողների և ծանոթ լինելով նրանց բողոքներին, սրամիտ արարքներին, նրանց, այսպես ասած, «գազելային» արկածներին, քննությունների ժամանակ բարձր գնահատական խնդրելուն՝ չնայած սովորողների համար այդքան էլ այդպես չէ, գիտեմ, ուսանողները ակտիվ և լիարժեք կյանքով են ապրում:

Ու մի բան էլ. իմ ճանաչած ուսանողները երանի են տալիս դպրոցական տարիներին, իսկ դպրոցականներս՝ ուսանողներին:

Ի՞նչ կկատարվեր, եթե մի պահ փոխվեինք տեղերով:

Ուսանողնե՛ր, նախանձում եմ ձեզ:

Իմ դպրոցը

Ես սովորում եմ Կոտայքի մարզի Արզական գյուղի Արցախյան պատերազմին զոհված հերոս Խաչիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որը ստեղծվել է 1976 թվականին: Այսօր ես հարցազրույց եմ վարել Արզականի դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանի հետ: Նա արդեն 2 տարի է մեր դպրոցի տնօրենն է:

-Որպես նորընտիր տնօրեն, ի՞նչ կասեք դպրոցի մասին:

-Դպրոցը բավականին լավ վիճակում է գտնվում: Աշակերտները ապահովված են ամեն ինչով, ունենք համապատասխան գույք, տեխնիկա:-Քանի՞ երեխա է սովորում դպրոցում:

-Դպրոցում սովորում է 307 աշակերտ, մի փոքր պակասել է աշակերտների թիվը: Դա կապված է ծնելիության մակարդակի հետ: Անցյալ տարի 12-րդ դասարանում ավելի շատ աշակերտներ են սովորել:

-Ինչո՞վ է մեր դպրոցը տարբերվում ուրիշ դպրոցներից:

-Առաջին հերթին կնշեմ համայնքի առանձնահատկությունները: Ինչպես բոլոր համայնքներում, մեր համայնքում նույնպես ժողովուրդն ունի իր առանձնահատկությունները, որոնք մեր դպրոցում արտացոլվում են: Բայց ես պիտի ասեմ, որ ինքս ավագ դպրոցից եմ եկել այս դպրոց, և ինձ համար դպրոցի առավելությունն այն է, որ կարգ ու կանոնով են աշակերտները՝ ավելի լսող են, ենթարկվող են, համեմատած քաղաքային դպրոցների հետ: Աշակերտ-ուսուցիչ –ղեկավար-ծնող կապը այստեղ շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի նորմալ հարաբերությունների մեջ է գտնվում:

-Իսկ ի՞նչ հիմնախնդիրներ կան դպրոցում

-Բնականաբար, ինչքան շատ ենք աշխատում, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում: Դպրոցում հիմնականում, ըստ իս, հիմնախնդիրները ուսումնական ոլորտում են: Առարկաներ կան, որոնց դրվածքը դեռ ինձ դուր չի գալիս, որի վրա մենք աշխատում ենք: Ուսուցիչների պարտականությունների ճիշտ և պատշաճ կատարելուց բխում է ուսումնական ոլորտի ավելի բարձր մակարդակը: Կրթության ոլորտում պետք է փոփոխություններ կատարվեն, որոշ առարկաների դրվածքը հիմնովին պետք է փոխվի:-Որո՞նք են եղել ձեր կատարած առաջին փոփոխությունները դպրոցում:

-Ամենակարևորը՝ ստեղծել ենք համակարգչային կաբինետ, որովհետև այսօրվա դպրոցի պայմաններում անհնար է չունենալ նման կաբինետ: Կարծում եմ, սա ամենագլխավոր ձեռքբերումներից մեկն է: Նկատում եմ նաև փոփոխություններ կապված կարգապահության, աշակերտների հագուստի, դպրոցի բացակայությունների, աշխատողների աշխատանքային հարաբերությունների ճիշտ ձևավորման հետ:

-Ինչպիսի՞ն է դպրոցի տեխնիկական հագեցվածությունը, կա՞ արդյոք ինտերնետ կապ, կարծում եմ ձեր նախկին սաներից շատերը, ովքեր գտնվում են օտար ափերում, կցանկանային հաղորդակցվել մայր դպրոցի հետ:

-Այո՛, դպրոցում կա ինտերնետ կապ, նաև ունենք համացանցում դպրոցի անձնական էջը, իսկ դպրոցի նախկին սաների հետ կապված՝ մենք ամեն տարի կազմակերպում ենք միջոցառում և հրավիրում դպրոցի նախկին աշակերտներին: Դա կարծես արդեն ավանդույթ է դարձել, հավաքվում են նախկին աշակերտները, հիշում իրենց դպրոցական տարիները:

-Ունե՞ք առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

-Այո՛, առարկայական օլիմպիադաների հաղթողներ ունենք, օրինակ՝ Հովհաննիսյան Վարդանը, Առաքելյան Աննան, Ավետիսյան Ռիման, Ավետիսյան Հունանը:

-Դուք ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Միշտ առաջ:

elada

Հրետանավորների օրը

Հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես հրետանավորի օր: Այդ օրվա կապակցությամբ բոլոր զորամասերում կազմակերպվում են միջոցառումներ՝ այդ թվում նաև Լուսակերտի զորամասում, որտեղից հրավեր էր ստացել մեր Արզականի դպրոցը: Եվ մեր ՆԶՊ-ի ուսուցչի՝ ընկեր Հարությունյանի գլխավորությամբ փոքրաթիվ աշակերտներով գնացինք զորամաս:

Երբ մտանք զորամաս, չորս կողմը զինվորներ էին, ովքեր մաքրություն էին անում իրենց զորամասի տարածքում: Հետո մեզ ուղեկցեցին դեպի շարահրապարակ, որտեղ արդեն շարված զինվորները զորահանդեսին էին սպասում: Մենք առավել անհամբերությամբ էինք ցանկանում տեսնել իրենց զորահանդեսը:

Հետո լսվեց ամբիոնից ՀՀ Զինված ՈՒժերի գեներալ- մայոր՝ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը զինվորներին և սպաներին, որից հետո զինվորների ձայնարկությունը՝ ուռ՜ա… ուռ՜ ա… ուռ՜ա…

Այնուհետև ցուցադրական ելույթ ունեցան հրետանավորները՝ իրենց հմտությունները ցուցադրելով մեզ, մի քանի պայթյուններ հնչեցնելով, ոչ իսկական, հետո փոքր ինչ դադար…

Իրենց ուժերը ցույց տվեցին մեր հատուկ ջոկատայինները: Նրանց դեմքերը ներկված էին, և ոչ-ոքի դեմքը չէի կարող հետագայում հիշել, սակայն դա չէ էականը այլ, որ իրենց ելույթը ուղղակի ապշեցրեց մեզ: Նրանք մի ձեռքով կոտրում էին քարեր, որոնց վրա կրակ էր բոցավառվում…

-Տեսնես` շա՞տ էին պարապել կամ իրենց ձեռքը չէ՞ր ցավում քարերին հարվածելիս…,- աղջկական անմիտ հարցեր:

Եվ այսպես իրենց ելույթի վերջում հատուկ ջոկատայինները հավաքվեցին իրար վրա, բարձրացրեցին մեր եռագույնը, և հնչեցին բարձր ծափեր, որը միգուցե ոգևորում էր իրենց:

Մենք՝ դպրոցականներս, ցրտի պատճառով ցանկանում էինք գնալ տուն և անգամ ասում էինք՝ վերջ, մենք արդեն հիվանդ ենք լինելու և հաջորդ օրը դասի չենք գնալու: Բայց մի րոպե…

Մենք ընդամենը 2 ժամ ենք կանգնել շարահրապարակում և մեր ուզածի պես շարժվում էինք, սակայն դա մեզ բավարար չէր: Մենք տաք թեյի մասին էինք երազում և արդեն մեր նվնվոցը գցել էինք …

Է…՜ Մենք բողոքելու իրավունք չունենք, բա զինվորներն ի՞նչ ասեն… Արդեն 3-4 ժամ կլիներ, շարվել էին շարահրապարակում և քայլերթի ժամանակ միայն շարժվեցին, իսկ մեզնից ոմանք անգամ հաջորդ օրն էինք տզտզում, չգիտակցելով, որ ախր, զինվորները ամեն օր են այդ ցրտին ծառայում: