Լիլիթ Կիրակոսյանի բոլոր հրապարակումները

lilit kirakosyan

Բոնին

Ամեն արձակուրդների ընտանիքով գնում ենք գյուղ` տատիկին ու պապիկին այցելության:

Հերթական ամառային երեկոն էր: Ես ու տատս բակում հավերին էինք կեր տալիս, երբ հանկարծ  դուռը բացվեց ու բակ մտավ քույրս` մի փոքրիկ շնիկ ձեռքին: Շանը տեսնելով  տատս միանգամից հարցրեց, թե որտեղից է գտել նրան: Քույրս ասաց, որ մի պապիկ է նվիրել: Այդ օրվանից շունը, որին մենք կոչեցինք Բոնի, դարձավ մեր տան անդամ:

Չնայած Բոնին փոքրիկ էր, բայց ես վախենում էի նրանից և խուսափում էի նրա հետ շփվելուց, և երբ Բոնին ինձ մոտենում էր` ճչալով փախնում էի: Բոնիին բոլորիցս շատ տատիկս էր սիրում, սակայն չէր խոստովանում դա: Այդ իսկ պատճառով նա ամեն անգամ ինձ կանչում էր  և ասում. «Լիլո ջան, էս շունը քեզ շատ ա սիրում և ուզում ա քեզ հետ խաղա, իսկ դու գոռում ու փախչում ես»:

Ես հասկանում էի, որ տատս ամեն անգամ այդ խոսքերը ասում էր, որպեսզի իմ պատճառով  Բոնիին չմեկուսացնեն: Քանի որ իմ ամեն բղավոցից հետո խեղճ Բոնիին տանում ու փակում էին մինչև ես տուն վերադառնամ: Բոնին նվնվում էր, և տատիկս դրանից շատ էր նեղվում:
Շատ էին լինում առավոտներ, երբ արթնանում էի տատիկիս բղավոցներից: Պարզվում էր, որ Բոնին է կորել: Բոլորս արագ հագնվում էինք և դուրս գալիս փնտրելու: Հետո տեսնում էինք, որ գյուղի մի ծայրից տատս՝ ցեխոտ Բոնիին գրկած, Բոնիի վրա բարկացած հանդիմանելով գալիս է: Նա բերում էր շանը, լողացնում և, որպես պատիժ,  թույլ չէր տալիս  դուրս գալ տնից: Սակայն պատիժը երկար չէր տևում, և Բոնին նորից փախչում էր: Չարաճճի Բոնին գյուղում ընկերներ էր ձեռք բերել և ամեն պահ ցանկանում էր գնալ նրանց մոտ:

Այս արձակուրդներին էլ գյուղում էի: Բոնին առաջվա նման ապրում է տատիկիս ու պապիկիս հետ, իսկ նրանք երեխայի պես սիրում են շանը: Ի դեպ, իմ վախն էլ կարծես թե անցել է, և ես նույնպես սկսել եմ սիրել նրան ինչպես բոլորը: