Արգամ Մովսիսյանի բոլոր հրապարակումները

argam movsisyan

Լավատես հայացքով

Ողջունում եմ ձեզ, Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ, ազգի պայքարող ու չհանձնվող երիտասարդություն, հեղափոխության ձգտած և այդ հեղափոխությունն ապրած հայորդիներ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այժմ կարդում կամ երբևէ կկարդան այս տողերը:

Ես ավելի քան համոզված եմ, որ վերջին քսան օրերի ընթացքում բոլոր հայերը, ինչպես երբեք, մեծ ոգևորությամբ, եռանդով, շունչը պահած ու մատները խաչած հետևել են մեր երկրի քաղաքական գործընթացների զարգացմանը, ամեն օր պարտաճանաչ կերպով լսել են լուրերի թողարկումները, ժամերով նստել են ուղիղ եթերի առաջ, հետաքրքրվել ու տարվել են քաղաքականությամբ՝ սրտաբուխ մեկնաբանություններ թողնելով: Ու էլ չեմ խոսում այն հարյուր հազարավոր քաղաքացիների ու տարբեր բնագավառների գործիչների մասին, ովքեր ամեն օր ժամեր շարունակ քայլել են հանրապետության տարբեր փողոցներով, բղավել ու վանկարկել են՝ կորցնելով անգամ դրական ինքնազգացողությունը: Եվ այս ամենը տեղի է ունեցել միակ ու բոլորիս քաջ ծանոթ նպատակի համար, որին հասնելու ճանապարհին արդարացված էին բոլոր միջոցները:

Եթե քսաներորդ դարի խոշորագույն գրողներից մեկը՝ Թեոդոր Դրայզերը, ապրեր ժամանակակից աշխարհում, ապա նա իր հայտնի արտահայտությունը անպայմանորեն հայ ժողովրդին կհղեր. «Նրանց համար կյանքը միմիայն երկու կողմ ունի՝ ուժ և թուլություն…»: Ու նա հաստատ կշարունակեր իր տողերը, «…մինչդեռ նրանք սովոր չեն ապրել դրանցից երկրորդին առերեսված»: Հիրավի, չէր սխալվի Դրայզերը, ինչպես այսօր չի սխալվել հայ ժողովուրդը:

Դեմքիցս չհեռացող ժպիտը, օրավուր աճող հպարտությունս ու հայրենիքիս հանդեպ իմ սերը չի կարող թևեր չտալ ինձ ու վստահեցնել, որ ես ճիշտ եմ, ճիշտ եմ այն հարցում, որ Հայաստանն ավելի լավն եմ տեսնելու, որ այն արդեն ավելի լավն է: Ու թե կլինեն մարդիկ, ովքեր կժխտեն կամ չեն հավատա դրան, կլինեն դավաճանն իրենց սեփական գիտակցության: Ու թե հանակրծ կլինի այն ապագա երկրի գլուխը, ով ոչ մի կերպ չի արդարացնի միլիոնավոր մարդկանց հույսերը՝ նրանց հուսախաբ անելով, ինչին արդեն ամենաքիչն եմ հավատում, կլինի դավաճանն իր երկրի, ինքնասիրության ու մարդկային որակների:

Ուրեմն, եկեք վստահ առաջ քայլենք, չընկրկենք ու լավ իմանանք, որ եթե հազարամյակներ շարունակ գոյատևած փոքրաթիվ ազգը չի ոչնչացել անգամ աշխարհի ամենասարսափազդու թշնամու սրից, արհավիրքներից ու տանջանքներից, ապա մինչև աշխարհի վերջն էլ Աստծո ընտրյալ այդ ազգը կապրի, կհավատա ու երբեք չի հանձնվի:

Սեր, խաղաղություն ու ներդաշնակություն եմ մաղթում մեր երկրին ու մեզ բոլորիս:

argam movsisyan

Ժամանակ երբեք էլ չկա

Ամանորյա «կերած-խմած» երկու շաբաթներից հետո կրկին վերսկսվեց ամենօրյա ու միապաղաղ «տուն-դպրոց-տուն» կոմբինացիայի երկրորդ կիսամյակը: Իրականում շատ արագ անցան ուսումնական տարվա առաջին 4 ամիսները: Դեռ սեպտեմբերին նոր-նոր ընդունվեցի  ավագ դպրոցի տասներորդ դասարան. նույնիսկ նոր դասընկերներիս անունները կարգին չէի հիշում, բայց հիմա արդեն տպավորությունն այնպիսին է, թե ինը տարի միասին ենք սովորել:

Անկախ այդ զգացողություններից, եթե չլինեին  դպրոցից դուրս  կամավորական աշխատանքները, հասարակական գործունեության մեջ ներգրավվածությունը, դպրոցական կյանքն անհետաքրքիր կլիներ: Հատկապես մեր քաղաքի՝ Վանաձորի համար: Միշտ էլ փորձում եմ նոր բան անելու, զարգանալու ու նոր բան սովորելու ոչ մի առիթ բաց չթողնել: Բայց արի ու տես, որ ամեն ինչով հանդերձ, ժամանակը զարմանալիորեն երբեք չի բավականացնում ամեն բան հասցնելու համար: Այսպես մենք միշտ շտապում ենք, ու այդ պատճառով էլ չենք նկատում, որ ներկայից այլևս բան չմնաց:

…Առաջին ու վերջին անգամ նրան ուղիղ մեկ տարի առաջ էի հադիպել: Եվ այս անգամվա մեր հանդիպումը երկրորդն էր: Նա նստած էր նստարանին: Ինչ-որ մեկին էր սպասում, իսկ ես շտապում էի: Ժամացույցիս նայեցի. 17:52 էր, իսկ ես ուղիղ 6-ին պիտի Արցախ պուրակում լինեի: Պետք էր քայլերս արագացնել, բայց մի պահ կանգ առա, որ խոսեմ նրա հետ: Ինձ հիշեց, բայց Արգիշտի անունով դիմեց: Մի պահ շփոթվեցի, բայց հետո հպարտություն զգացի, որ ինձ Հայոց մեծ թագավորի անունով կոչեց: Չուղղեցի: Ասացի, որ շտապում եմ ու պետք է գնամ: Մեծ ցանկություն կար իր պես խելացի ու զարգացած մարդու հետ զրուցելու, ում հետ դեռ մեկ տարի առաջ ճամբարում էի ծանոթացել,  բայց ափսոս, որ ժամանակ չկար…

…Երկար դասամիջոց էր: Մի քանի բան կար, որ պիտի հասցնեի այդ 10 րոպեների ընթացքում անել: «Բարին արա»-ի էինք պատրաստվում: Այդ լուրը պիտի տարածեինք դպրոցով մեկ: Թղթեր կային, որ պիտի  պատճենահանվեին, և հետո՝ հանձնվեին փոխտնօրենին: Միջանցքում ուսուցչուհիս էր կանգնած: Շտապում էի կրկին ու չնկատեցի նրան: Պատահաբար հարվածեցի՝ ձեռքի գիքը գցելով: Այնքան արագ եղավ ամեն բան, որ նույնիսկ չվերցրեցի գիրքը:  Զղջացի այդ քայլիս համար: Հետ նայեցի ու աշակերտների ամբոխի մեջ նրան կորցրի: Ներողություն էլ չխնդրեցի. շտապում էի, չէ՞:

Պիջակս վերցնում ու դուրս եմ գալիս տնից՝ գրեթե թռչելով երկրորդ հարկի աստիճաններից: Վազելով անցնում փողոցը՝ առանց աջ ու ձախ նայելու: Բացում դասարանի դուռն ու մտնում ներս: Զանգը հնչեց: Դասը սկսվեց: Ուսուցիչը մտավ դասարան: Ժամանակ չկա…

Հետո կգրեմ:

argam movsisyan

Ամանորից մինչև Վանաձոր ու մինչև հայրենիք հասկացությունը

-Մի քանի օր առաջ՝ ամսի 20-ին, մեր գլխավոր տոնածառի լույսերը վառեցին: Մի րոպե, քեզ նկարներ ուղարկեմ: Կտեսնես, որ սիրուն են սարքել ամեն ինչ: Հիմա քաղաքը շքեղության մեջ ոնց որ լինի:
-Մեր մոտ ամսի 25-ին են վառելու:
-Բա ինչի՞ էդքան ուշ:
-Որ Նոր տարվա շունչը մնա:
-Ըհն, նայի: Էս էլ Վանաձորս:
-Հրաշք է Վանաձորը: Իսկական ապրելու տեղ:
-Հա, ճիշտ ես: Էդքան ճոխ չի, բայց մեր քաղաքի համար ընտիր է:
-Նենց լավ ա, որ մարդ իր քաղաքը սիրում ու գնահատում է:
-Դե գիտե՞ս ոնց… Հա, ես սիրում եմ իմ քաղաքը, բայց մեկ-մեկ մտածում եմ, որ էս ապրելու տեղ չի, որ ինչ-որ մի բան պակաս է ամեն տեղ, ու մի բան փոխել էլ չի լինում:
-Չէ, ապրելու լավ էլ տեղ է: Առաջինը ինքդ քեզ պիտի փոխես: Մոռանո՞մ ես. 15 տարի է էդտեղ ես ապրում:
-Օրինակ՝ ես կուզեի ուրիշ երկրներ գնայի, բայց երևի մի ամսից արդեն կկարոտեի Վանաձորը: Կուզեի շուտ հետ գալ: Ուզում եմ ասել՝ շատ բարդ կլիներ ինձ համար ուրիշ տեղ ապրելը:
-Ասենք՝ Եվրոպայի կամ Ամերիկայի որևէ քաղաք:
-Հա, հասկացար, չէ՞, ինձ:
-Համ էլ էդ քաղաքների տոնածառները կտեսնեիր: Բայց ինչքան էլ սիրուն, բարձր ու շքեղ լինեն, քո հարազատ քաղաքի տոնածառին չեն հասնի, չէ՞:
-Ախր, որ ասում են՝ հայրենիք … Հենց էդ է հայրենիքը. էն քաղաքը, որտեղ ծնվել ես, էն տունը, որտեղ ապրում ես: Հայրենիքը էն բակն է, էն դպրոցը, որտեղ ամբողջ կյանքդ է անցել: Նույնիսկ էն նստարանը, որի վրա ընկերներիդ հետ նստել ես: Ու նույնիսկ էն գլխավոր տոնածառը, որ տարին մի անգամ ես տեսնում: Այ, ինձ համար էդ է հայրենիքը:
-Ինչ ճիշտ բաներ ես ասում: Տեսնո՞ւմ ես. կամաց-կամաց սկսում ես մտքերդ փոխել, այսինքն՝ ինքդ քեզ:
-Ուրեմն, արդեն կսկսեմ հա՛մ քաղաքս ավելի շատ սիրել, հա՛մ փորձել իր համար ինչ-որ լավ բան անել:

 

argam movsisyan

Գնան ու էլ ետ չգան այդ օրերը…

Իմ ընտանիքի հինգ անդամներից երեքը՝ հայրս, մայրս և տատս, այսօրվա պես են հիշում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի չարաբաստիկ ու ահասարսուռ եղելությունը: Ապրում էին Վանաձորում: Նրանք դառնությամբ են պատմում այդ օրերի դեպքերը: Տատս ամենայն մանրամասնություններով է այն ներկայացնում ու բավարարում իմ հետաքրքրասիրությունը:

-Առավոտվա հանդարտ ժամերից էր: Կյանքում չէիր պատկերացնի, որ երկրաշարժը մարդկանց խաղաղ կյանքը կփչացներ: Լա՜վ եմ, է, հիշում. ժամը ուղիղ 11:45 էր: Ոտքերիս տակ սկսեց էնքան ուժեղ դղրդալ, որ քիչ էր մնում ընկնեի: Տանը երեքով էինք. ես ու հորաքույրներդ:  Իմ միակ խնդիրը նրանց արագ տնից հեռացնելն էր: Հանկարծ ահավոր ուժեղ շրմփոց եկավ: Հյուրասենյակում լատվիական կոմոդ ունեինք՝ մեծ ու ծանր: Ընկավ, ու ամեն ինչ փշուր-փշուր եղավ: Ես սարսափած էի: Արագ դուրս վազեցինք: Բակում արդեն լիքը ժողովուրդ էր հավաքվել՝ մեծ, փոքր, կին, երեխա: Լացի ու տագնապի ձայն էր չորս կողմը: Հարևանուհուս ամուսինը տանը քնած էր, իսկ ինքը չէր կարողանում արթնացնել : Շուրջը  քաոս էր: Ու հետո էլ չեմ հիշում՝ երբ ավարտվեց, ու երբ ամեն ինչ հանդարտվեց:

Ավելի տարբեր են հորս ու մորս պատմածները: Նրանք դեռ դպրոցական էին այդ տարիներին: Հայրս պատմում է.

-Յոթներորդ դասարան էինք: Հիշում եմ, որ կենսաբանության դասաժամ էր: Այդ ժամանակ դեռ շատ բան չգիտեինք երկրաշարժի մասին ու չէինք պատկերացնում, որ դա էդքան աղետալի կլինի: Դե, պաշտպանվելու մասին էլ չեմ ասում. Ի՜նչ ապաստարան, ի՜նչ բան… Մեր իմացածը մենակ սեղանի տակ մտնելն էր: Այն էլ՝ էդ նեղ պահին մենք միայն խուճապի մատնվեցինք: Մինչև մենք՝ երեխեքս, գլխի կընկնեինք, թե ինչ էր կատարվում, մի քանի վայրկյանում մեզ դուրս հանեցին:  Ահագին վնասվեց դպրոցի շենքն էդ մի քանի րոպեներին: Մինչև հիմա աչքիս առաջ են ողբալի էն դրվագները, երբ 10 տարեկան եղբայրը ամբողջ բակով քրոջն էր ման գալիս ու չէր գտնում: Դրանք դժոխային պահեր էին ողջ ժողովրդի համար:

Մայր պատմում է, որ պապիկս այդ ընթացքում գյուղում մենակ ապրելիս է եղել, ու որ նրանք ավելի շատ անհանգստացած էին պապիկի համար.

-Պարզվեց, որ գյուղում նրանց օգնություն էին ցուցաբերել սննդով ու հագուստով: Այդտեղ համարյա տուն չէր մնացել. ամեն տեղ ավերակներ էին: Սուր ցավով եմ հիշում մի դեպք, որ մինչև հիմա աչքերիս առջևից չի հեռանում: Գյուղացի ծերունի էր: Կորցրել էր թե՛ տունը, թե՛ ընտանիքի հինգ անդամներին: Նա կողք կողքի շարած՝ երգում ու պարում էր նրանց դիակների շուրջ: Խելագարվել էր…Այդ տեսարաններից հետո դժվար է պատկերացնել այդ մարդկանց վիճակն ու դրությունը: Հիշում եմ նաև, որ երկրաշարժին հաջորդող ամիսներին գյուղերում շատ կտեսնեիր կռնատ ու անոտ մարդկանց:

Վշտով ու դառնությամբ են նրանք հիշում քսանինը տարի առաջ կատարված այդ մղձավանջը, որն ավերեց Հայաստանի հյուսիսը: Տատս ամեն անգամ պատմածի վերջում ավելացնում է.

-Գնան ու էլ երբեք ետ չգան այդ օրերը, տղա ջան…