Նարեկ Դավթյանի բոլոր հրապարակումները

Դեպի Սրվեղ

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

-Ալո, Նարեկ ջան, ո՞նց ես, Անին ա:

-Հա, Անի ջան, լսում եմ:

-Վաղը արշավի ենք, կգա՞ս:

-Հա՞: Ինչ լավ ա, իսկ որտե՞ղ ենք գնալու: (Այդ պահին հիշեցի որ վաղը դասի եմ, և քանի որ կիսամյակ էր փակվում, դժվար ինձ շուտ թողեին դասից):

-Դե, որոշել ենք Սրվեղ գնալ (Այգեհովիտ համայնքի եկեղեցին է):

-Շատ լավ ա, չենք գնացել դեռ այնտեղ, կփորձեմ անպայման գալ, Անի ջան:

Այդ օրը դպրոց գնալիս ես անընդհատ մտածում էի, թե ինչ պատճառաբանեմ, որպեսզի ինձ դասերից շուտ թողեն: Վերջում եկա նրան, որ ճիշտ կլինի ասել ճիշտը, և ես այդպես էլ արեցի: Ես մոտեցա ուսուցչանոցի դռանը, խորը շունչ քաշեցի և թակեցի դուռը, դուրս եկավ իմ դասղեկը:

-Ընկեր Գուլակյան, կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ, արշավի պիտի գնամ:

-Հա, իհարկե, Նարեկ ջան, գնա:

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Ճիշտն ասած, մի քիչ զարմացա իր պատասխանից, որովհետև այս ժամանակաշրջանում շատ քչերին են թողնում, քանի որ կիսամյակի վերջն էր: Ես արագ վերցրեցի պայուսակս և գնացի Իջևանի շատրվանների հրապարակ (այնտեղ պիտի հավաքվեինք): Մոտենալով հրապարակին, ես նկատեցի իմ ընկերներին: Բոլորին ճանաչում էի: Ավաղ, նոր դեմքեր ես այնտեղ չտեսա: Իրոք, ցավալի է, երբ հասկանում ես, որ այդքան քիչ մարդկանց է հետաքրքրում մեր մշակույթը: Ինչևէ, նստեցինք այն ավտոբուս, որը մեզ պիտի տաներ Այգեհովիտ համայնք և հետ բերեր: Մեզ իջեցրին կանգառում, այնտեղից մինչ եկեղեցի պիտի ոտքով գնայինք:

Ճանապարհը շատ դժվար էր, եկեղեցին կառուցվել է բլուրի վրա, Հայաստանի այն հազվագյուտ եկեղեցիներից է, որ կառուցված է աղյուսից: Մինչև տեղ հասնելը մենք հասցրինք հոգնել, բայց երբ եկեղեցին տեսանք, բոլորս մոռացանք հոգնածության մասին և մոտեցանք եկեղեցուն: Կիսաքանդ էր, բայց չէր կորցրել իր շքեղությունը: Նայելով եկեղեցուն, մտովի պատկերացնում ես, թե ինչպես է կառուցվել այս եկեղեցին այսքան հեռու և դժվարանցանելի վայրում: Այդ պահին պատկերացնում ես քո ազգի հզորությունը, հավատն առ Աստված, և համոզվում ես, որ նման ազգը որ դարեր շարունակ մաքառել է, բայց և կերտել նման հոյակերտ տաճարներ, իրավունք չունի պարտվելու:

narek davtyan getahovit

Քույրս

Փոքր ժամանակ, երբ ես լացում էի, մայրս քրոջս ասում էր.

-Էլըչկա, մի հանգստացրու Նարոշին,- մայրս միշտ ինձ այդպես էր դիմում:

Քույրս ինձ հանգստացնելու հետաքրքիր մեթոդ էր մշակել: Ես ունեի  խաղալիք` Բարև ձեզ անունով:  Հիմա մտածում եք, թե ինչո՞ւ Բարև ձեզ: Բացատրեմ: Երբ ես լացում էի, քույրս վերցնելով այդ խաղալիքը, տինիկային թատրոն էր ցույց տվել, և այդ տիկնիկային թատրոնի պիեսը միշտ սկսվում էր «Բարև ձեզ» նախադասությամբ:

Հիմա հիշելով այդ պահերը, ծիծաղում եմ, բայց միևնույն ժամանակ, տխրում, քանի որ այդ պահերը երբեք հետ չես բերի:

Իսկ հիմա ծանոթացեք` մարդ, ում շատ եմ սիրում, քույրս`  Էլլա Դավթյանը, իմ ամենա-ամենան: Մանկուց շատ եմ սիրել քույրիկիս և հիմա կարոտում եմ, որովհետև նա հիմա բնակվում է Ռուսաստանում: Շատ եմ  ափսոսում, որ չեմ գնահատել նրա հետ անցկացրած պահերը, իսկ հիմա, հնարավոր է,  նրան տեսնեմ տարին մեկ-երկու անգամ:

Քույրս պատանեկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, անգամ ընդգրկվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականում: Հետո հիասթափվել է ֆուտբոլից` պատճառաբանելով, որ Հայաստանում ֆուտբոլը ապագա չունի, քանի որ թիմերը համախմբված չեն խաղում: Քույրս մանկավարժ է, համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի պատճառով  մեկնել է Ռուսաստան: Նա շատ է կարոտում  Հայաստանը և փորձում է շուտ վերադառնալ: Նա կարծում է, որ հայրենիքը լինի հզոր թե թույլ, մնում է հայրենիք և չի կորցնում իր քաղցրությունը:

Կարոտով սպասում եմ, որ մի օր առավոտյան իմ տիկնիկը քրոջս ձայնով առավոտ վաղ կարթնացնի ինձ.

Բարև ձեզ…

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հաղարծնի հոգևոր և մշակութային շաբաթը

Օգոստոսի 15-21-ը Հաղարծին վանական համալիրում անց է կացվում «Հաղարծնի մշակութային շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնը, որի շրջանակներում ներկայացվում է Հաղարծին վանական համալիրի հոգևոր ժառանգությունը:

***

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Զրուցակիցս Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:

-Սրբազան Հայր, ի՞նչ է իրենից ներկայացնում Հաղարծնի շաբաթ ծրագիրը:

-Հաղարծնի շաբաթն իրենից ներկայացնում է Տավուշի թեմի ծրագիրը, որի հիմնական նպատակն է` ծանոթացնել Հաղարծին վանական համալիրի հոգևոր ժառանգությանը, ինչպես նաև ներկայացնել Տավուշ աշխարհի հոգևոր-մշակութային կյանքը:

-Ծրագիրը առաջին անգամ է իրականացվում, ինչպե՞ս որոշվեց իրականցնել այն, ո՞րն է հիմնական պատճառը:

-Մենք ցանկացանք նախ շեշտել, որ Հաղարծինը մեր շատ կարևոր ոչ միայն պատմական կոթողներից է, այլ նաև մշակույթի, ժառանգության, հոգևոր այդ ամբողջ գիտության,կենտրոններից մեկը: Այս վանքը արժեքներ է ստեղծել միջնադարում, եղել է մեր երաժշտական կենտրոնը: Եկեղեցու վանահայրը եղել է Խաչատուր Տարոնեցին, բայց ոչ ոք չգիտի նրա մասին, մենք անընդհատ փորձում ենք շեշտել դա: Մեր Տավուշ աշխարհի պատմիչը ՝ Կիրակոս Գանձակեցին նշում է, որ Խաչատուր Տարոնեցին այստեղ վերագտավ հայոց խազերը և անմարմին եղանակները մարմնավորեց, այսինքն՝ այս վանքը իր ժառանգությամբ անընդհատ պատճառ է եղել մեր հոգևոր, մշակութային, գիտական կյանքի զարգացմանը, և մենք փորձեցինք տարբեր տեսանկյուններով մեր ժամանակների ոգուն համապատասխան, որևէ ձևով չվնասելով իր պատմական արժեքը և հոգևոր ամբողջ բովանդակությունը, փորձել ցույց տալ, թե այս վանքը, որ ժամանակին ծառայել է որպես հոգևոր կյանքի, մշակույթի գիտության, տնտեսական կյանքի արվեստների ներկայացմանը, այսօր ևս կարող է այդպիսին լինել:

-Սրբազան Հայր, մոտավորապես քանի՞ մարդ է ներգրավված ծրագրի մեջ, ու որտեղից և ի՞նչ է սպասվում Ձեր այցելուներին այս յոթ օրերի շրջանակներում:

-Նախ ասեմ, որ մոտ հարյուր կամավոր ունենք, դեռ շատ-շատերն էլ ցանկանում էին միանալ մեզ, պարզապես ի վիճակի չէինք:

Մասնակցում են ինչպես Տավուշի թեմից, այնպես էլ տարբեր շրջաններից, իսկ դրսից բնականաբար զբոսաշրջիկներ կան, որոնք բավականին հետաքրքրված են: Մեր այցելուներին սպասվում է հետաքրքիր միջոցառումների շարք՝ տեղական կաթնահունցի պատրաստման վարպետության հատուկ դասեր, քաղցրավենիքների և վանական կերակրատեսակների պատրաստում, մոմերի ձուլում, բաց երկնքի տակ կինոդիտումներ: Եվ այս ամենը վանքի տարածքում, որը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի: Փառատոնի ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն հոգևոր երգի, նկարչության, պատմության, փայտի փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, օճառի և մոմի պատրաստման, կավագործության դասեր, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները դարեր առաջ: Շաբաթվա ընթացքը կուղեկցվի նաև եկեղեցական արարողություններով, ավետարանական ընթերցումներով և երգեցողությամբ, որոնք թույլ կտան հյուրերին ավելի խորը թափանցել և հասկանալ վանքի պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև հարստացնել նրանց հոգևոր աշխարհը և խորն ընկալել Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական մշակույթի էությունը: -Ինչո՞ւ որոշվեց Հաղարծնի հոգևոր և մշակույթային շաբաթը մեկնարկել հենց օգոստոսի տասնհինգից: -Այս տարի մեր եկեղեցին օգոստոսի տասնչորսին նշեց Աստվածամոր վերափոխման տոնը, և մենք որոշեցինք, որ այս ամբողջ շաբաթը պետք է նվիրված լինի նաև Աստվածամորը և այդ պատճառով պետական թանգարանից բերեցինք մեկ շաբաթվա համար մեր պատմական Հաղարծին վանքի բարավորը՝ Սուրբ Աստվածածնի պատկերով, որի նույնօրինակը նաև մեր կամավորների շապիկների վրա է դրոշմված: Բարավորը այժմ Աստավածածին եկեղեցու խորանի վրա է դրված, որպես թե պատմական հիշողության, թե անդրադարձի, թե նաև աղոթքի միջոց լինելու: Այսինքն, իր ամբողջ բովանդակությամբ մենք փորձել ենք այդ մեկ շաբաթը իր հոգևոր և մշակութային արտահայտությամբ ներկայացնել:

-Ծրագրի նյութական հովանավորությունը ամբողջովին ընկած է Տավուշի թեմի վրա՞, թե՞ կան առաձին հովանավորներ կամ բարերաներ:

-Հիմնականում ֆինանսավորումը թեմինն է, բայց շատ հարցերում օգնել են թե անհատ բարերարներ, և թե հովանավորներ:

-Արդյո՞ք ծրագիրը կունենա շարունակական բնույթ

-Մենք հուսալից ենք, որ այս տարին աննախադեպ լինելով, տարածում կգտնի և մեր ժողովրդի կյանքի մեջ սիրելի ու սպասելի տոներից մեկը կդառնա:

Ամփոփելով զրույցը՝ մեջբերում եմ Սրբազանի խոսքը ՝ «Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝բացառիկ»:

Հարցազրույցը վարեց` Զարա Ղազարեանը

***

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

 

Հարցազրույց Հաղարծնի հոգևոր և մշակութային շաբաթվա մասնակից, մանրանկարչուհի Գայանե Մանուկյանի հետ

-Այսօր ի՞նչ եք ներկայացնում:
-Հաղարծնի հոգևոր և մշակութային շաբաթին մասնակցում ենք ամբողջ ընտանիքով: Այն աշխատանքները, որոնք տաղավարում ցուցադրված են, պատկանում են մեր ընտանիքին` երկու տղաներիս ու ինձ: Գեղանկարչություն կա, կավից հուշանվերներ կան, մանրանկարչություն կա ու տարբեր բազմաժանր աշխատանքներ` հոգևոր և կիրառական բնույթի:

-Ինչպե՞ս տեղեկացաք Հաղարծնի շաբաթվա մասին:
-Հայտարարությունը մենք ֆեյսբուքից ենք վերցրել, և թեմի առաջնորդն էլ ժամանակին եղել է իմ կրոնի ուսուցիչը:

-Իսկ ձեր աշխատանքները հանրությանը ներկայացնո՞ւմ եք:
-Չէ, ես հիմնականում ինձ համար եմ նկարում, բայց երբ իմացա այս շաբաթվա մասին, որոշեցինք մասնակցել:

-Միսյն սրբապատկերնե՞ր եք նկարում:
-Մանրանկարներ եմ ես անում: Դե, մանրանկարները հենց հիմնականում սրբապատկերներով են, իսկ մյուս նկարները տղաներս են նկարում: Ասեմ, որ տեղեկանալուց անմիջապես հետո ինքնաբուխ կերպով որոշեցինք մասնակցել գեղեցիկ ավանդությանը սկիզբ դնող միջոցառմանը: Եկել են երեք օրով:
Քանի որ սա դեռ սկիզբն է`բարի երթ մաղթենք: Ամեն տարի կլինի և ամեն տարի նոր ընթացք կստանա:

-Ինչպե՞ս եք սկսել մանրանկարչությամբ զբաղվել:
-Ես ինքնուս եմ: Արմատներով Վան և Նախիջևան նահանգներից եմ, իսկ Վանի, Վասպուրականի մանրանկարչությունը ինձ ձգում է: Ոնց որ դա հոգևոր զրույց լինի իմ հայրերի, նախնիների հետ: Նկարելիս ասես զրուցելուց լինեմ իրենց հետ: Այդ կապը կարծես ժառանգությամբ, արյունով ինձ է հասել:

-Իսկ ձեր նկարները արտանկարնե՞ր են:
-Արտանկարներ են, բայց նկարելուց բաներ կան, ավելացնում եմ: Դե նկարներ լինում են, որ որոշակի հատված պղտոր է լինում, ու այդ մասը ոնց որ երևակայությամբ եմ անում:

-Իսկ ձեր նկարներին վերնագրեր տալի՞ս եք:
-Իհարկե: Վերնագրերը պահպանում ենք: Օրինակ` «Ավետումը», «Տիրամայրը մանկան հետ», «Հոգեգալուստ», «Հիսուս Քրիստոս, Ահեղ դատաստան»: Թորոս Ռոսլինից մի փոքրիկ հատված, «Հիսուս Քրիստոսը քայլում է ջրերի վրայով», «Ստնտու Տիրամայր»: Շատ քիչ է լինում, որ Տիրամորը այս ձևով են ներկայացնում: Ընդհանրապես Տիրամայրը կերակրելիս քիչ է ներկայացվում նկարի մեջ:

-Իսկ ինչո՞վ եք աշխատում:
-Հիմնականում ակրիլի ու գուաշի խառնուրդով եմ նկարում: Ես սիրողական նկարիչ եմ, չեմ ասի, թե վարպետ եմ այդ հարցում: Հոգուս համար եմ նկարում:

-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Երազում եմ, որ Հայաստանը հոգևոր զարթոնք ունենա, և այս երկարատև պայքարն ի վերջո հաղթանակով ավարտվի:

Հարցազրույցը վարեց Սոնա Մխիթարյանը

***

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

-Նարե՛կ, վե՛ր կաց. ուշանում ես:

Ահա այսպես է սկսում իմ այս մի քանի օրը, քանի որ մասնակցում եմ Դիլիջանի մեդիա ճամբարին և առավոտները ստիպված եմ լինում շուտ արթնանալ: Այսօր, ըստ օրակարգի, պիտի 4 ֆիլմ նկարեինք, որից մեկը պիտի նկարահանվեր Հաղարծնի վանական համալիրում, իսկ մյուս երեքը մեր գյուղում՝ Գետահովիտում: Հաղարծինի վանական համալիրին երեքհոգանոց խումբ էր մասնակցելու, որոնց մեջ էի նաև ես: Մենք վերցրեցինք մեր ֆոտո և տեսախցիկները, նոթատետրերն ու ձայնագրիչները և անցանք գործի: Հաղարծին տանող ճանապարհը խիտ անտառի միջով է անցնում, և բոլորս հիացած էինք այդ գեղեցկութամբ: Հասնելուն պես մենք բաժանեցինք մեր աշխատանքները երեք հոգու մեջ, ես օպերատորն էի, Զառան՝ լրագրողը, իսկ Սոնան՝ լուսանկարիչը:

Ճիտն ասած, ես միքիչ շփոթվեցի, դե բնական էր, առաջին անգամ էր, բայց միշտ Աշոտը (մեր ավագը) մոտենում և ուղղություն էր ցույց տալիս և ինձ շատ էր օգնում: Ես պատիվ ունեցա այդտեղ հանդիպել մի քանի հետաքրքիր անձանց հետ և հարցազրույց վերցնել:

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Ես այնտեղ հանդիպեցի Ռուբենին, ով դպիր էր Աբովյանի Սուրբ Մկրտիչ եկեղեցում, ես նրան հարցրի, թե ինչ է հայի համար քրիստոնեությունը, նա պատասխանեց.

-Քրիստոնեությունը հայի համար փրկություն է, և քրիստոնեությունը ներծծված է մեր մեջ, և մենք ապրում ենք դրանով և շենանում:

Քանի որ ես հետաքրքրվում եմ կրոններով, ես չէի կարող նրան չհարցնել, թե ոնց է նա վերաբերվում ուրիշ կրոններին:

-Ամեն ազգ ունի իր մշակույթը, և իր մշակույթի մեջ կրոնը մեծ տեղ ունի, և ազգի մի մասնիկ է կազմում: Ես չեմ կարող և իրավունք չունեմ խտրականություն դնել, ասել՝ սխալ է, թե ոչ:

Ինձ շատ դուր եկավ նրա պատասխանը, քանի որ ոչ բոլոր կրոններն են այդպես վերաբերվում ուրիշներին:

Ես նրան հարցրի Հաղարծնի մասին, Ռուբենն ինձ պատմեց Հաղարծին անունի ծագումնաբանությունը:

-Շատ վարկածներ կան դրա վերաբերյալ, բայց ես կպատմեմ երկուսը, որ ամենատարածվածն են:

Առաջին վարկածը կապված է Հաղարների հետ, ասում են որ մի ժամանակ հաղարները (լուսաններ) ծննդաբերել են իրենց ձագերին այդտեղ, այդպես կոչվել է Հաղարծին: Իսկ երկրորդը կապված է արծիվների հետ: Երբ այս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծել են, այդ ժամանակ վերևից արծիվներ են պտտվել գմբեթի շուրջ և «հաղ» նշանակում է` խաղ Տավուշի բարբառով: Այդպես եկեղեցին կոչվեց Հաղարծին, բառացի` արծվի խաղ:

Ես ավելի շատ կզրուցեի Ռուբենի հետ, բայց ցավոք նա զբաղված էր: Որպես կամավոր օգնում էր Հաղարծնի փառատոնի կազմակերպչական հարցերով: Հետո ես մի քիչ շրջեցի տարածքով և հանդիպեցի բազմաթիվ երիտասարդների, լուսանկարեցի, նկարահանումներ արեցի, ինքս էլ ոգևորվեցի նրանց խանդավառությամբ: Իսկ եթե փառատոնն անցկացվի նաև հաջորդ տարի, կաշխատեմ ինքնուրույն գալ և մասնակցել փառատոնին:

Նարեկ Դավթյան