Դավիթ Ազիզյանի բոլոր հրապարակումները

Պատանի դիվանագետի դպրոց

Գրեթե մեկ ամիս առաջ ֆեյսբուքում նկատեցի «Պատանի դիվանագետի դպրոց»-ի մասին հրապարակում, շատ հետաքրքրեց: Խոսելով ուսուցիչներից մեկի հետ՝ ավելի շատ տեղեկատվություն ստացա և որոշեցի դիմել ընդունվելու համար։ Եվ արդեն երեք շաբաթից ավելի է՝ Պատանի դիվանագետի դպրոցի սաներից մեկն եմ։ Այն համարվում է «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարան, դիվանագետներիս խմբին կից կա նաև իրավաբանների խումբ՝ Պատանի իրավաբանի դպրոց։ Դասերը լի են քննարկումներով, նոր տեղեկություններով, հաճելի մթնոլորտը միշտ ապահովված է պատանի դիվանագետներիս խմբում։ Շատ եմ ափսոսում, որ հենց ընդունելության առաջին օրվանից չէի իմացել դպրոցի մասին։

Այս ընթացքում հասցրել ենք ունենալ այցելություններ, օրինակ՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, Փաստաբանների պալատ։ Դեսպանատանը հանդիպեցինք արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ։ Փաստաբանների պալատ այցը բավականին հետաքրքիր էր, ինֆորմացիոն։ Տեղեկացվեցինք ՀՀ փաստաբանական դպրոցի մասին, Փաստաբանների պալատի, փաստաբանների գործունեության մասին, հանդիպում ունեցանք Արա Զոհրաբյանի հետ, որին լսելը բավական հաճելի էր։

Մեզ դեռ սպասվում են նոր, ավելի հետաքրքիր դասախոսություններ, այցելություններ։

Տպավորություններս բավականին մեծ են, ակնկալիքներս նույնպես:

davitAzizyan

Իմ երրորդ վիքիբեյջը

Փոքրիկ պատմություն իմ բեյջերի մասին

Շատերին է հայտնի, որ Դավիթը բեյջերի համար գժվում է։ Բեյջերի կոլեկցիա եմ հավաքում, հիմնական մասը` ճամբարներից, նաև այլ միջոցառումներից, ինչպես օրինակ՝ Սևանի երաժշտական փառատոնից և այլն։ Ամենասիրելիներս վիքիբեյջերն են, որովհետև դրանք յուրահատուկ են, ինչպես Վիքիճամբարը։ Վիքիից արդեն երեքն ունեմ, վերջինը ստացել եմ օգոստոս ամսվա Վիքիճամբարից, որը առաջին ճամբարից հետո ամենալավ ու ամենահավես ճամբարն էր։

Ամեն անգամ «բեյջ» բառը լսելիս հիշում եմ Սարգիսին, որի աչքից երբեք չի վրիպում առանց բեյջի որևէ ճամբարական։ Ընկերներիցս շատերն էլ են հավաքում, ոմանք էլ ասում են, թե անիմաստ է, բայց էն պահը, երբ կոլեկցիային էլի բեյջ ես ավելացնում ու հիշում էն պահերը, երբ կրել ես բեյջը, ուղղակի հավես է։

Շատերը հիմա երեխայի տեղ կդնեն ինձ, բայց դե, սիրում եմ բեյջերը։

davit azizyan gegharqunik

Շնորհակալություն, Սևան

Պայուսակս նախորդ օրը արդեն դասավորել էի, որոշ կիսատ բաներ էին մնացել, դրանք էլ վերջացրեցի ու շտապեցի կանգառ, որպեսի չուշանամ։ Շուտով արդեն Սևանում էի՝ Բոհեմում։ Օգոստոսի 11-ն էր, մի անմոռանալի օր, Սևան երաժշտական փառատոնի սկիզբը։ Այն արդեն չորրորդ տարին է, ինչ անցկացվում է, իսկ ես մասնակցում էի առաջին անգամ, այս ամառ հուլիսից էի բոհեմական դարձել։ Ստացանք փառատոնի լոգոներով մեր շապիկները և բեյջերը, ի դեպ բեյջերը նման միջոցառումներից ինձ համար լավագույն հուշն են, և վերցնելով անհրաժեշտ ամեն ինչ, շարժվեցինք դեպի Սևանի ափ։ Մեր կամավորականների մի խումբը մեզ այնտեղ արդեն սպասում էր։ Դեռ նորեկ եմ, շատերին չգիտեի, ծոնոթացա շատ մարդկանց հետ։ Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, մինչև հյուրերը ժամանեին։

Օրը ժամ առ ժամ ավելի ու ավելի հետաքրքիր, պոզիտիվ և էներգիայով լի էր դառնում։ Փառատոնի ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և ծոնոթներ, օդապարուկ թռցնել սովորեցի, ու շատ հաճելի ժամանակ անցկացրի։ Ամենաթեժ պահերը սկսեցին համերգի ժամանակ: Երգում էին հայկական տարբեր ռոք խմբեր և նաև Ֆրանսիայից ժամանած խումբ, որի կատարումները ուղղակի հրաշք էին։ Գիշերն էլ ավելի հետաքրիր էր, խարույկ, կիթառ, վրանում գիշերակաց, և իհարկե Սևանը։ Չնայած ցուրտ եղանակին, ամեն ինչ հաճելի անցավ։ Կամավորական աշխատանք շատ եմ կատարել, այս մեկը յուրահատուկ էր իր էներգիայով, հիանալի երաժշտությամբ և իհարկե, Սևանով։ Վստահ եմ, որ հետագա տարիներին փառատոնը էլ ավելի մասշտաբային և յուրահատուկ ձևով կանցնի:

Կուզենայի, որ շատ մարդիկ նույնպես մասնակցեին փառատոնին և մեզ հետ միասին ասեին՝ շնորհակալություն, Սևան։

Իմ կյանքը Վիքիակումբում

20171221_203401Դպրոցում էի, հերթական կրկնվող օրերիցս մեկն, ռուսերենի դասաժամն էր, զանգը հնչեց ուսուցչուհին ներս մտավ, տնայիններ, դասը պատմել և այլն, բայց վերջում մի լուր հայտնեց այն մասին, որ մեր գյուղի կողքի Դդմաշեն գյուղում բացվելու է մի նոր հաստատություն՝ Վիքիակումբ։ Ասաց, որ այնտեղ՝ Վիքիակումբում պետք է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում խմբագրումներ կատարենք, հոդվածներ գրենք և այլն։ Սկզբում միայն ես էի ուզում գնալ, բայց միայնակ հետաքրքիր չէր, և դասընկերներիցս երկուսին՝ Անիին և Արարատին խնդրեցի, որպեսզի միանան ինձ, և նրանք համաձայնեցին։ Հետաքրքիր ու տարբերվող օրերը դեռ առջևում էին։ Ահա եկավ ակումբի բացման օրը, այս տարի էր, ապրիլի 29-ին։ Երևի մոտավորապես տասը հոգի կլինեինք: Հավաքվել էինք մեր գյուղի կանգառում, որպեսզի ավտոբուսով գնայինք Դդմաշեն։ Բայց ավտոբուսը չեկավ և ստիպված ոտքով գնացինք, եղանակն էլ ամպամած էր։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց Նարեն, որը նույնպես մեր դպրոցից էր։ Ավելի առաջանալով ուշադրությունս գրավեց վիքիի մեծ լոգոն և սենյակի գեղեցիկ կահավորումը։ Շատ մարդիկ կային, մեծամասնությունը՝ երեխաներ։ Կային նաև շատ մեծահասակներ, փորձում էի հասկանալ, թե ով է Շողիկը՝ ակումբի համակարգողը, որի մասին լսել էի, և գիտեի, որ Դդմաշենի դպրոցի ռուսերենի ուսուցչուհին է։ Բացի դա, դեռ երկու ժամ էլ սպասեցինք, որովհետև պետք է հյուրեր գային։ Այդ երկու ժամը մեծ մասամբ կանգնած էի անցկացրել, և անկեղծ ասած, մի քիչ հոգնել էի, բայց չնայած դրան, ժամանակը շատ հետաքրքիր անցավ, հանդիպեցի նաև ծանոթներիս։

Երբ հյուրերը եկան, եղավ բացման արարողությունը։ Դրանից հետո ծանոթացանք Շողիկի հետ, ում դիմում ենք ընկեր Ստեփանյան։ Նրա մեջ ինձ ամենաշատը դուր եկավ մարդկանց հետ շփվելու իր ձևը, բավականին անմիջական անձնավորություն էր։

Որոշեցինք, թե խմբագիրներից ով որ օրն է գալու ակումբ, որովհետև համակարգիչները ընդամենը վեցն էին։ Վիքիակումբում օրերը գնալով ավելի էին գեղեցկանում և դառնում էլ ավելի յուրահատուկ։

Վիքիակումբի ընդհանուր խմբագիրները մոտավորապես երեսունը կլինեն, բայց և ունենում ենք նոր մասնակիցներ։ Նրանցից ամեն ոք յուրահատուկ է, օրինակ Նարեն՝ մուլտիկների մեծ սիրահար, տարիքով ամենամեծը, բայց միևնույն ժամանակ, հոգով ամենափոքրը։ Նոր մասնակիցներից է Սիրանուշը՝ ընկերասեր ու բարի։ Ակումբի մասնակիցներից բոլորն էլ հիանալի մարդիկ են։ Ընկեր Ստեփանյանը մեզ ասում է, որ կամաց-կամաց «տնավորվենք»։

Վիքիակումբը ինձ համար ուղղակի մի վայր չէ, որտեղ գալիս եմ զուտ խմբագրելու համար, վիքիակումբը մի վայր է, որտեղ շփվում ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր գաղափար ունեն գրեթե ամեն ինչից, ստանում ես նորանոր գիտելիքներ, և ամենակարևորը, կրկին տեսնում ես ընկերներիդ և արդեն քեզ համար հարազատ դարձած մարդկանց։ Շատերը կարծում են, որ ակումբում ամեն օր նույն կերպ է անցնում, մինչդեռ այդպես չէ։ Վիքիակումբի դրական կողմերը շատ շատ են, բոլորը չեմ կարող նշել, միայն կասեմ, որ Վիքիակումբը հրաշալի մի վայր է գիտելիքներդ զարգացնելու համար, և իհարկե, նպաստելու մի շատ կարևոր գործի, որը պետք կգա նաև հետագա սերունդներին՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը զարգացնելուն։ Վիքիակումբը իմ կյանքի անբաժան մասն է դարձել, չգիտեմ, արդյո՞ք այդպես է նաև մյուս մասնակիցների համար, բայց ես կյանքս առանց Վիքիակումբի չեմ պատկերացնում։

davit azizyan gegharqunik

Մի քանի ճամբարային օր

Հունիսի 13-ն էր՝ ճամբար գնալու երկար սպասված օրը: Նախորդ երեկո արդեն հավաքել էի իրերս, ֆեյսբուքում ճամբար գնացող երեխաներով զրուցարան էինք ստեղծել և քննարկում էինք դեռ չեկած, սպասումներով լի վաղվա օրը։ Բոլոր այն երեխաները, ովքեր պետք է գնային վիքիճամբար, հավաքվելու էին Երևանում, իսկ այնտեղից մեկ ընդհանուր ավտոբուսով գնալու էինք Աղվերան։ Ավտոբուսի մեջ բոլորը ժպտերես, մի քիչ զննող հայացքներով նայում էին իրար։ Մեքենայում մի աղջկա նկատեցի՝ փոքրիկ, գեղեցիկ Սյուզիին: Ճամբարում իմ հարևան սենյակում էր մնում, իրար տեսնելիս գոչում էինք «Հարևա ՜ն», իմ ջոկատից էր՝ ամենափոքրիկն ու ամենաաշխույժը։ Եվ ահա, վերջապես հասանք Աղվերան՝ «Ոսկե Գետակ» հյուրանոց։ Շուտով բարձրացանք մեր սենյակները, տեղավորվեցինք, այնուհետև կրկին հավաքվեցինք նախասրահում։ Ծանոթացա երեխաների հետ, զրուցեցինք մեր ջոկատավարի՝ ընկեր Աշխենի հետ։ Այնուհետև դուրս եկանք զբոսնելու և որոշեցինք, թե մեր ջոկատում ով ինչ «պաշտոն» է զբաղեցնելու։ Ես ընկեր Աշխենի օգնականն էի, բայց հենց առաջին օրն ուշացել էի։ Ճամբարում ձեռք բերեցի նոր ընկերներ, ովքեր կարճ ժամանակում դարձան ինձ հարազատ մարդիկ։ Մեր ջոկատն ունի անվանում և կարգախոս՝ «Վիքի առաջնորդներ», որը Աննայի առաջարկած տարբերակն է: Հիշում եմ՝ այնքան մեծ սիրով և բարձր ձայնով էինք արտասանում այս խոսքերը։

Ճամբարում իմ ամենասիրելի պահը խմբագրելու ժամերն էին։ Խմբագրում էի մեծ հաճույքով։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր վիքիօգնականը, որը մեզ օգնում էին ամեն հարցում՝ կապված խմբագրելու հետ։ Ինձ ամենաշատը ճամբարում դուր են գալիս վիքիօգնականները, շատ մեծ ցանկություն ունեմ ինքս վիքիօգնական դառնալու, բայց, ցավոք, դեռ տարիքով փոքր եմ։ Իմ ջոկատի վիքիօգնականը ընկեր Նարեկն էր, որը կարճ ժամանակում դարձավ ինձ հարազատ մարդ։

Անմոռանալի են այն պահերը, երբ ընկերներով հավաքվում էինք մի սենյակում, զրուցում, ֆլեշմոբի փորձեր անում: Յուրաքանչյուր օր անցնում էր նորովի: Նախավերջին օրը տեղի ունեցավ ճամբարի փակման արարողությունը, որից հետո դրսում խարույկ վառեցինք։ Դժվար էր հրաժեշտ տալը, միմյանցից բաժանվելը: