Հռիփսիմե Վարդանյանի բոլոր հրապարակումները

Hripsime Vardanyan

Բարձր ու հստակ

Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ: 

Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:

Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:

Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:

Լավաշի պատմությունը

Գյուղերում կա ավանդույթ, ըստ որի աշնանը լավաշ են թխում ամբողջ ձմեռվա համար: Մեր գյուղը` Մրգավանը, բացառություն չէ: Եվ հենց երեկ որոշեցի ձեզ ներկայացնել լավաշի պատմությունը:

Ձմեռվա լավաշը թխում են երկու օր: Նախ հունցվում է խմորը, այնուհետև թողնում են, որ հանգստանա, մի քանի ժամ հետո, երբ մեր լեզվով ասած, խմորը գալիս է՝ մենք սկսում ենք խմորը մանր կտրատել և գնդել, խմորը շարվում է և ամբողջ գիշեր հանգստանում է:

Վաղ առավոտյան թոնիրը վառում ենք մոտ 20 րոպե, և կրակը հանգստանալուն պես սկսում ենք գրտնակել խմորը: Գրտնակած խմորը փոխանցում ենք հացթուխին, և նա ինձ հետաքրքրող գեղեցիկ շարժումով բացում է խմորը, փռում ավանդական «մարզկայի» վրա և դրանով հարվածում թոնրի պատին:

Ընդամենը մի քանի րոպե անց պատրաստ է հայկական ավանդական լավաշը: Եվ այս ամբողջ գործընթացում ամենահաճելի պահերից է հաց թխողների մեջ ծավալվող խոսակցությունները և տաք լավաշով ու պանրով պատրաստված բրդուճները:

Hripsime Vardanyan

Այս տարվա ամենակարևոր որոշումը

-Էրեխեք, էս ամառն էլ անցավ, որոշեցի՞ք ինչ եք դառնալու,-հարցրեց ընկերուհիներիցս մեկը:

-Ես ռոմանո եմ տալու, սեպտեմբերից պարապում եմ:

-Ես երևի դեղագործ:

-Բա դու՞, Ռիփս:

-Վա՜յ, լավ էլի, ինձ մի հարցրեք, ես խելագարվում եմ արդեն: Չեմ կողմնորոշվում:

Նախավերջին տարին է: Մարդիկ կան ուրախ են, մարդիկ կան արդեն ձանձրացել են 11 տարի դպրոցում անցկացնելով, իսկ մարդիկ կան՝ ինձ նման, ում մտածմունքը միայն մասնագիտության ընտրությունն է, և չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը:

Վերջին ժամանակներս մտածմունքս միայն այդ ուղղությամբ է: Ծանոթների հանդիպելիս էլ բոլորի երկրորդ հարցը սա է.

-Բա դու որտե՞ղ ես ընդունվելու:

Ամեն անգամ հիշեցնելով, ասես աղ են լցնում վերքիս վրա:

Ախր, ինձ էլ հասկացեք. մտածմունքը շատ է. Մտածել, թե որ առարկայից եմ համեմատաբար ավելի լավ, կրկնուսույցի դիմել՝ մեկ, երկու կամ երեք առարկա պարապելու համար՝ ընդունելության քննության համար, հաջող հանձնել քննությունները՝ չնայած դժվարություններին, ընդունվել, լավ սովորել, ավարտել այն հույսով, որ աշխատանք կգտնեմ: Գուցե իրականում այդ ամենը ավելի հեշտ է, սակայն այդ հարցը շարունակում է ինձ տանջել:

Հույս ունեմ` կկայացնեմ ճիշտ որոշում:

Բայց համոզված եմ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրենք, պետք է ձգտենք դառնալ լավ մարդիկ և մեր երկրի արժանի քաղաքացիներ:

Hripsime Vardanyan

«Հայոց հարցը» Մրգավան գյուղում

-Վա~յ, Հռիփսիմե ջան, արդեն լրագրող ես դարձել: Բա դու մեր հալը իմանալով` առաջինը պիտի գայիր մեր փողոց: Էս մեր Հայոց հարցի մասին գրի: Կարող ա` մի լուծում ստանա:

Պապիկիս հարևան Մարտին պապն է: Հայոց հարց ասելով նկատի ունի իրենց ջրի խնդիրը, որը մոտ 18 տարի է` չի լուծվում: Բնակիչները արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում են տանը ջուր ունենալու համար: Լինում է ժամանակ, որ ջրի համար գնում են կողքի փողոց կամ Արտաշատ: Մի քանի անգամ նախագահական ընտրությունների ժամանակ եկել են, փոսեր քանդել, խողովակներ անցկացրել, և վերջ: Էլի ջուր չկա: Եվ այդպես մոտ 18 տարի: Բնակիչները բողոքել են, դիմել քաղաքապետարան, տարբեր լրատվամիջոցների են դիմել՝ հարցը բարձրաձայնելու նպատակով:

Փողոցի այս վիճակը հեռուստացույցով տեսնելուց հետո նախաձեռնվեց ջրաչափերի տեղադրումը, և այ քեզ հրաշք, ջուրը եկավ: Այդ ուրախությունը տևեց մի քանի օր: Էլի նույն վիճակը, էլի բողոքներ: Հիմա շաբաթը մեկ անգամ ջրի մեծ մեքենա է գալիս փողոց, ապահովում բնակիչներին երկու օրվա ջրով և գնում: Մնացած օրերին բնակիչները իրենք պետք է տեսնեն իրենց գլխի ճարը: Հույս ունեմ, որ այս հարցը շատ շուտ իր լուծումը կստանա:

Հ.Գ Եթե ինչ որ բարերար հրաշքով տեսնի այս հոդվածը և որոշի օգնել, ապա ասեմ այդ փողոցը՝ Արարատի մարզի, Մրգավան գյուղի Ա. Խաչատրյան փողոցն է:

Hripsime Vardanyan

Սիրտս ձեզ հետ

-Հո~ք, գիտես չէ՞, էս ամառ ուզում ենք գալ ձեր տուն, բայց մամային պետք ա համոզեք:

-Էկեք, մեռնեմ ձեզ, դուք եկեք Իջևան` մենք ձեզ կդիմավորենք:

Ու էսպես, ինչպես միշտ, էլի մայրիկիս համոզելու հարցում օգնության եկավ հայրիկս: Շատ չարչարվելուց հետո, մենք կարողացանք մայրիկին վստահեցնել, որ մեզ հետ ճանապարհին ոչինչ չի պատահի, և ինչպես մենք ենք ասում. «Մենք արդեն մեծ ենք, գլուխ կհանենք»:

Մոտենում է օրը, երբ պետք է մեկնեմ ինձ համար նոր բացահայտվող մի աշխարհ: Ոչ մի անգամ չլինելով Տավուշի մարզում, ես փոքրիկ երեխայի նման` մեծ ու կլոր աչքերով նայում եմ ավտոբուսի պատուհանից դուրս: Սարեր, առվակներ, անտառներ. ինձ համար նորություն է Տավուշի բնությունը:

Մոտենում ենք Իջևանին: Ավտոբուսը կանգ է առնում մի հին խանութի մոտ, որի վրա հին ու ժանգոտած տառերով գրված է` «Магазин»: Իջնում եմ ավտոբուսից, նայում շուրջս, հայացքով փնտրում եմ ծանոթ դեմք: Հա~, տեսա, Վանուհին է` հորաքրոջս աղջիկը:

-Հըն, էրեխեք, ո՞նց հասաք,- հարցրեց նա:

-Ուղղակի անմոռանալի ճանապարհ էր,- հիացած պատասխանեցի ես:

Գյուղ գնալու ճանապարհին մեքենայի պատուհանից տեսնում եմ մոտեցող ճանապարհային նշանը, այն սպասումներով, որ դրա վրա գրված կլինի գյուղի անունը, սակայն գրված է` «Ադրբեջանի սահման», և հետո նոր` «Այգեհովիտ»:

Վերջապես հասանք` հինգ փոխադրամիջոց փոխելուց հետո, հոգնածություն եմ զգում: Ու այդ պահին տեսնում եմ հորաքրոջս` ժպիտը դեմքին սպասում է մեզ.

-Հո~ք: (Գրկախառնություններ, համբույրներ, էլի գրկախառնություններ, էլի համբույրներ): Արդեն ուշ երեկո է: Նստած ենք դրսում ու հիանում ենք պատշգամբից բացվող տեսարանով:

Առավոտ: Գնում եմ դուրս, տեսնում եմ, որ հորաքույրս ինչ-որ տեղ է գնում:

-Հոք, ո՞ւր:

-Գնում եմ ֆերմա:

-Սպասի, ես էլ եմ գալիս:

-Գնացինք:

Ճանապարհին պատմում է, որ պահում է խոզեր, նապաստակներ, բայց նախկինում ունեցել է նաև կովեր, որոնց պահել է ինքը, մշակել բավականին մեծ տարածք: Հիմա տանը մեծ պապ ունեն, ով խնամքի կարիք ունի, դրա համար էլ չի հասցնւմ: Հասել ենք բլրակի ամենաբարձր հատվածին: Ինձ ցույց է տալիս սարերի այն հատվածը և լճակը, որ գտնվում է շատ մոտ և որ Ադրբեջանի հողերում է: Պատմում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գյուղում ոչ մի լույս չէր վառվում, քանի որ շատ հեշտությամբ կարող էին նշան բռնել բնակավայրի վրա:

Հետ վերադառնալուց հորաքույրս զանգում է ինչ-որ մեկին:

-Գոհա՞ր, կոֆե դիր` գալիս ենք: Արտաշատից հյուրեր ունենք:

Գնում ենք Գոհարենց տուն: Հորաքույրս, բա թե`

-Գիտե՞ս, էս մեր Հռիփսիմեն մեր գյուղը նկարել ա, որ հոդված գրի: Ու էդպես 17.am-ը հասավ Այգեհովիտ:

Վերադառնում ենք տուն, նախաճաշ պատրաստում, իջնում այգի` թութ, խնձոր, մորի հավաքում: Հագեցած են անցնում օրերս:

Հիմա ավտոբուսում եմ: Պատուհանից երևում է հին, ժանգոտած Магазин-ը: Շարժվում ենք: Ավտոբուսը քիչ-քիչ հեռանում է: Մի տեսակ տխուր եմ:

Կանգնեցրեք ավտոբուսը, ես իջնում եմ:

Այգեհովիտ

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Ապրելով Արարատի մարզում, տեսնելով միայն հարթավայրեր և ուղիղ տարածություններ՝ ինձ համար նորություն էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնությունը: Սարեր, անտառներ, մաքուր օդ: Սկզբում ես ոչ մի բառ չէի հասկանում տեղի բնակիչների բարբառից, սակայն այնտեղ ապրելով մոտ մեկ շաբաթ՝ ես ոչ միայն սկսեցի հասկանալ բոլորին, այլև ինքս սկսեցի խոսել իրենց բարբառով: Գյուղ գնալիս ճանապարհին տեսա «Ադրբեջանի սահման» ճանապարհային նշանը: Հետո ինձ ցույց տվեցին փոքրիկ մի լիճ, որը գտնվում էր սարի լանջին՝ շատ մոտ սահմանին, և ասացին, որ մյուս ափն արդեն ադրբեջանցիներինն է: Ապշած էի, հորաքույրս ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի տան լույս չէր վառվում, քանի որ շատ մոտ են գտնվում սահմանին:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Ես ուղղակի հիացած եմ Այգեհովիտի բնակչության վերաբերմունքից՝ հյուրասեր, մարդամոտ, բարի: Օգտվեցի Այգեհովիտի բարիքներից՝ խնձոր, թուզ, մորի: Հնարավորություն ստացա նաև տեսնել Իջևան քաղաքը՝ իր ողջ գեղեցկությամբ: Ինձ համար այդ մի քանի օրերը դարձան անմոռանալի:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Hripsime Vardanyan

Ո՞նց մեծացանք, է՜

Վերջին իրադարձությունները՝ մասնավորապես քրոջս` դպրոցը ավարտելը, համալսարան ընդունվելը, իմ անասելի լարված վիճակը՝ կապված մասնագիտության ընտրության հետ, ծնողներիս ստիպում են շուտ-շուտ օգտագործել «Էս երեխեքը ես ինչ շուտ մեծացան» արտահայտությունը: Ես ինքս էլ նկատում եմ, որ արդեն շրջապատում մեզ վերաբերվում են որպես մեծերի: Ինձ այդ փաստը, անկեղծ ասած, այնքան էլ դուր չի գալիս: Ես չեմ ուզում մեծանալ: Ուզում եմ մնալ մանկության գրկում: Իմ՝ մի քիչ խենթ մանկության գրկում, որտեղ ամենամոտ ընկերուհուս հետ որդ էինք հավաքում, ցեխից տորթ և ծաղիկների գունավոր թերթիկներից «կախարդական» թուրմեր էինք պատրաստում: Ռենջերների և փերիների մուլտֆիլմերի ժամերին մեզ փողոցում չէիք գտնի, նրանց մոլի երկրպագուներն էինք: Ժամերով տուն չէինք գալիս, գրեթե ոչինչ չէինք ուտում: Հետո քիչ-քիչ մեծացանք՝ դասերը սկսվեցին, մեր հետաքրքրությունները փոխվեցին: Իմ կարծիքով, մանկության գրկում անցկացրած օրերը, մարդու կյանքի ամենաանհոգ և ամենաերջանիկ օրերն են: Ուզում եմ նորից փոքրիկ լինել, վերապրել մանկությանս յուրաքանչյուր պահը: 

Hripsime Vardanyan

Հայրիկս

Բոլոր բանաստեղծները գրում են մայրիկների մասին, բոլոր ուսուցիչները հանձնարարում են գրել մայրիկների մասին, ֆիլմերը նկարահանում են մայրիկների մասին: Ոչ ոք չի հիշում հայրկներին, նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատում են մեզ ոչ մի բանից պակաս չպահելու համար:

Ես շատ եմ սիրում հայրիկիս, չեմ թաքցնի, ավելի կապված եմ հայրիկիս, քան մայրիկիս հետ: Դեռ փոքր տարիքից հայրիկիս օգնել եմ բոլոր գործերում. լիներ, այսպես ասած, աղջկա թե տղայի գործ: Հայրիկիս հետ գնում էի ձկնորսության: Չնայած ոչինչ չէի որսում, սակայն ես երջանիկ էի համարում ինձ, քանի որ ևս մեկ օր անցկացրեցի հայրիկիս հետ:

Ժամանակներն անցնում են: Մենք մեծանում ենք, սակայն ծնողների համար մենք նույն երեխաներն ենք մնում: Մենք նույնպես, ինչքան էլ որ մեծանանք, հասունանանք, մեր ծնողներին սիրելու ենք փոքրիկ երեխայի նման:

Գնահատում եմ հայրիկիս թափած ջանքերը` մեզ մարդ դարձնելու գործում: Գնահատում եմ նրա խորհուրդները, զայրացած պահին ասած ամեն մի բառը: Գնահատում եմ այն, որ հայրիկս ոչ մի բանում մեզ չի մերժում:

Երբ մեծանամ, երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, ինչպես հայրիկս մեզ:

Hripsime Vardanyan

Որտեղից են եկել Մրգավան գյուղի բնակիչները

Այցելեցի մեր համագյուղացի 82-ամյա Մարտին պապիկին` հարցազրույց անցկացնելու նպատակով: Ջերմ հյուրընկալության արժանացա: Երբ Մարտին պապն իմացավ, որ ուզում եմ մեր գյուղի` Մրգավանի, պատմությանը ծանոթանալ ՝ առանց իմ հարցերի սկսեց.

-Մենք եկել ենք Ուրմիա լճի ափից, 1828 թվականին՝ Թուրքմենչայի պայմանագրով: Երբ ժողովուրդը շաժվել է այնտեղից, նրանց թիվը հասել է մոտ 4,5 հազարի: Ուրմիա լճից մինչև Արևելյան Հայաստան եկել են ոտքով: Արաքսի աջ ափով շարժվելով հասել են Գրիգոր Լուսավորչի տարածքից ոչ հեռու: Քանի որ գարուն է եղել, գետի ջրերը վարար են եղել՝ կանայք, երեխաները և ծերերը մնացել են աջ ափին, իսկ տղամարդիկ և երիտասարդները անցել են մյուս ափ: Անցնելով այս ափ, տղամարդիկ սկսել են կացարաններ կառուցելը, հողը մշակելը: Իրենց հետ ունեցել են սերմեր, մատղաշ ծառերի տնկիներ, խաղողի տարբեր տեսակներ: Խաղողի տեսակների անունները հիմնականում եղել են պարսկերեն՝ մսխալի, խարջի:

Աշնանը, երբ գետի ջրերը պակասել են, գետի այս ափ են տեղափոխվել 46 տնտեսություն՝ 22-ը մի գյուղից, 24-ը` մի: Նրանք իրար նկատմամբ լավ հարաբերություններ չեն ունեցել, մեկը մյուսին ասել է իլան՝ օձ, իսկ մյուսը զիլան՝ գող-ավազակ, սակայն ժամանակի ընթացքում այդ լարվածությունը անցել է` միմյանց հետ երկար ժամանակ մի գյուղում ապրելուց:

Գյուղացիները հասցրել էին նաև փոքրիկ եկեղեցի կառուցել, բայց քանի որ այն կառուցված է եղել չթրծված աղյուսից, ժամանակի ընթացքում քանդվել է:

Արարատ լեռան լանջին եղել է Սբ. Հակոբ եկեղեցի՝ Ակոռի գյուղում: Երկրաշարժից հետո, երբ եկեղեցին քանդվել է, այնտեղից քարեր են բերել այստեղ՝ մեր գյուղ: Եվ այստեղ կառուցել են Սբ. Հակոբ եկեղեցին, որը Արաքս գետից գտնվում է նույն հեռավորության վրա, որքան Ակոռիինը:

Մեր գյուղը շատ նպաստավոր պայմաններում է գտնվում, Հայաստանում աճող գրեթե բոլոր մրգերից մենք ունենք, որոնք մշակում ենք ինքներս:

Ուշադիր լսեցի մինչև վերջ, շնորհակալություն հայտնեցի հարցազրույցի համար: Ցանկանում էի արդեն գնալ, երբ ասաց, որ շատ է սիրում լրագրողներին և շատ ուրախ կլինի, եթե իմանա, որ որոշել եմ հետագայում դառնալ լրագրող:

Hripsime Vardanyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Գործնականում ամեն ինչ այլ է

Այսօրվա մեր դասի թեման նկարահանումների հիմունքներն էին: Դիանան, Աշոտը և Հովնանը մեզ սովորեցրեցին, թե ինչպես պետք է օպերատորություն անել, աշխատել տեսախցիկի հետ: Սովորեցրեցին լույսի տեսակները, և թե ինչպես պետք է հարցազրույց վերցնել, որտեղ պետք է կանգնի լրագրողը, որտեղ` օպերատորը, ինչպես պետք է աշխատել լույսի հետ: Մեզ հանձնարարեցին բաժանվել թիմերի և միմյանցից հարցազրույց վերցնել: Թիմակիցներիս` Արտյոմ Մամյանի և Մերի Մուրադյանի հետ ավելի մտերմացանք, միմյանց մասին ավելի շատ բան իմացանք:

Մեր վարպետության դասից էլ շատ կարևոր բաներ քաղեցի: Հատկապես այն, որ պետք է լինել յուրօրինակ և նկարել այն, ինչ մեզ դուր է գալիս, հետագայում ինձ շատ կօգնի: Իմացա, որ պետք է խուսափել շատ շոշափվող հարցերից և անդրադառնալ այն թեմաներին, որոնցից մյուսներն են խուսափում:

Դիտեցինք ֆիլմ, որն ինձ համար բավականին կարևոր դարձավ: Երբ վերադառնամ տուն, անպայման կդիտեմ այն ևս մեկ անգամ, որպեսզի ֆիքսեմ բոլոր բառերը և խորհուրդները: Ֆիլմում ասվում էր նաև, որ յուրաքանչյուր ֆոտո պետք է պարունակի իր մեջ հույզեր, էմոցիաներ, պատմի ինչ  որ պատմություն:

Ես վստահ եմ, որ այսօրվա ստացած գիտելիքներս հետագայում ինձ պետք կգան: