Սերյոժա Առաքելյանի բոլոր հրապարակումները

Բարև Բաղանիս

Բարև, Տավուշ։ Անցնում ես թունելը, ու ոսկեզօծ աշուն։ Դիլիջան, անտառ և մառախլապատ եղանակ։ Մինչ հայրենի գյուղ Բաղանիս հասնելս զմայլվում եմ Տավուշով: Երբ գյուղ հասնելուն մոտ մեկ կիլոմետր է մնում, ուզում եմ վճարել տաքսու գումարը և այդ մեկ կիլոմետրը վազելով ու նկարելով անցնել։ Այս անգամ գիշերը հասա գյուղ։ Չէի ուզում շտապել, որովհետև մութ էր։ Իսկ այ առավոտը՝ ֆոտո անելու։ Ճիշտ է, քիչ են ֆոտոները, բայց դա էլ բավական է զգալու համար, թե ինչ է ոսկե բնությունը։ Հաճելի է նման ֆոտոներ անելը և նաև շատ թանկ՝ կարծես կյանքի գնով նկարած։

Այո, այո, ճիշտ հասկացաք՝ ինձանից ձախ 800 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերը։

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում

Seroj araqelyan

Մեր գյուղի իմ ուսուցիչները

Մինչև հիմա հիշում եմ, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էինք փոքր ժամանակ դպրոցից դուրս ուսուցչին տեսնելիս թաքնվում, ճանապարհ փոխում, որպեսզի չհանդիպենք կամ էլ հանդիպելիս կարմրում, ամաչում, մի կերպ զոռով ասում` բարև Ձեզ, ու անցնում: Անընդհատ մտածում էինք, որ ուսուցիչները մեզ նման մարդիկ չեն։ Նրանք շատ խիստ են, նրանք արգելում են աշակերտներին գրքից կտրվել, գնալ խաղալու։ Երբ մեզ խաղալիս տեսնում էին, մտածում էինք՝ մեզ տեսել են մեղք գործելուց, բայց միաժամանակ մեզ ստիպում էինք հաջորդ օրը լավ սովորած գնալ դասի, որպեսզի չասեն՝ ամբողջ օրը խաղացել ենք, դաս չենք արել: Այո, անցան այդ տարիները, անցավ տասներկու տարի: Ունեցանք բազմաթիվ ուսուցիչներ և նրանցից սովորեցինք կյանքը կառավարող ղեկն օգտագործելու ձևը:

Ես միշտ տարբերություն եմ դրել ուսուցիչների մեջ, և մինչև հիմա էլ ոչ մեկից չեմ թաքցնում, որ եղել են ուսուցիչներ, որոնք ինձ համար եղել են անտանելի։ Գյուղում և քաղաքում տարբեր են ուսուցիչները: Քաղաքում, օրինակ՝ պատմության կամ աշխարհագրության ուսուցչին կտեսնես միայն դպրոցում կամ պատահմամբ քաղաքում: Իսկ գյուղում շատ ժամանակ կգնաս տուն և կտեսնես, որ հենց քո պատմության ուսուցչուհին՝ ընկեր Վարդանյանը, նստած սուրճ է խմում և զրուցում մայրիկիդ հետ, և այդ ժամանակ ոչ թե՝ բարև Ձեզ, ընկեր Վարդանյան, այլ՝ բարի օր, Ալվարդ տոտա: Չէ, չէ, ես անկարգ չեմ, ուղղակի ընկեր Վարդանյանը կամ նույն Ալվարդ տոտան, մեր շատ մոտ հարևանուհին է, որին ճանաչում եմ հենց ծնվածս օրվանից: Երբ գյուղում տեսնում էինք ուսուցչի, որն այգում գործ է անում, զարմանում էինք՝ ասելով․ «Վայ, ինչպես, ուսուցիչը այգի է գնում, վայ, նայեք, երեխեք, ինքը ռեզինե «սապոգներ» ա հագել, նայեք-նայեք՝ ոնց ա ձեռքով խոտ պոկում»։ Մի շարք հասարակ բաներից զարմանում էինք, թե ինչպես կարող է ուսուցիչը դասից դուրս գործ անել և այլն: Բայց ես երբեք չեմ մոռանա, որ մեզ մոտ՝ հենց սահմանամերձ Բաղանիսում, ուսուցիչ(ուհին) ոչ միայն դաս է սովորեցնում, այլ նաև կրում է մեծ պատասխանատվություն, երբ կրակոցների ժամանակ դասերն է կառավարում կամ դասերից հետո հարկ եղած դեպքում աշակերտների կամքին հակառակ պահում է նրանց դպրոցում, որպեսզի առանց ինչ-որ մի փորձանքի, կրակոցներից ապահով հասցնի տուն:

Սա դպրոցի ուսուցիչները: Մենք ունենք նաև մեկ այլ ուսուցիչ, չէ՞, մասնագիտական, որի մոտ գնում ենք պարապմունքի, որպեսզի ավելի հմտանանք և ավելի հեշտ ընդունվենք բարձրագույն ուսումնական հաստատություն: Իմ նկարչության ուսուցիչը, որի շնորհիվ ես ընդունվեցի համալսարան, եղել է ընկեր Մելքոնյանը: Ես ընդունվել եմ, արդեն երկրորդ կուրսում եմ, դպրոցում, կյանքում, և արդեն որոշ չափով՝ համալսարանում, ճանապարհ ունեմ անցած: Ես հիմա ինչ անցել եմ, հասել եմ ուսուցիչների խորհուրդներով, ծնողներիս դաստիարակության և իմ մասնագիտական ուսուցչի շնորհիվ, բայց մի բան եմ հասկացել․ ինչքան էլ սովորեցնեն, ճանապարհի վրա դնեն քեզ, դու ես քո ուսուցիչը ու դու ես քեզ դնում քո ընտրած ճանապարհի վրա, իսկ հետո հանգիստ խղճով կամ ընդունում ես հաղթանակած ուղիդ, կամ էլ անհաջողության պատճառով մեղքը չես բարդում ուրիշի վրա, այլ վերցնում ես քեզ վրա և փորձի շնորհիվ դառնում ուսուցիչ: Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։

Երևանյան նախաաշուն

Չպլանավորեք կյանքը

Սիրում ենք, չէ՞, երազել, մտածել կամ շատ ժամանակ ամեն ինչ անել, որ դեպի լավին ձգտենք կամ էլ համակերպվենք չփոխվող իրականության հետ: Թե ինչի եմ այսօր նյութս սկսում այս ձևով, հիմա կասեմ:

Շատ ժամանակ, երբ ես գրում եմ նյութս, ավարտական հատվածում միշտ գրում եմ գալիք նյութի թեման, հաճախ համոզված լինելով, որ վերջ, դա կատարվելու է, և հաստատ գրելու եմ: Այ, օրինակ մի անգամ խոսեցի իմ սեպտեմբերի 1-ի, թե՛ ծննդյանս օրվա, թե՛ համալսարանում առաջին ուստարվա տպավորություններիս մասին, հետո ասացի, որ այսպես ես շատ անգամ ծնունդս չեմ նշի տանը մերոնց հետ, այլ համալսարանում, հետո երկու անգամ բանակում, հետո էլի երեք անգամ համալսարանում։ Այ, հենց սրա հետ եմ, որ ոչինչ չիմանալով՝ մենք պլանավորում ենք:

Իմ պարագայում ոչ սա եղավ, ոչ նա: Այսինքն՝ ոչ բանակում նշեցի ծնունդս, ոչ էլ համալսարանում: Կզարմանաք, բայց այո, Ջավախքում: Սեպտեմբերի 1-ին երկու օրով Տավուշի թեմի երիտասարդաց միության հետ մեկնեցինք Ջավախք աշխարհ`Հայաստան աշխարհ, որը գտնվում է անցակետից այն կողմ: Սեպտեմբերի մեկին գնացինք, երկուսի գիշերը հետ եկանք: Հարազատներ չկային, չկային մեծ տորթ կամ աղցանների տեսակներ, այլ փոխարենը Հաղարծնի շաբաթի կանաչ շապիկավորներ, փոքրիկ համեստ թխվածք, փուչիկներ, հաճելի նվերներ և բարեմաղթանքներով լի մի ողջ ճանապարհ: 

Անկեղծ եմ ասում՝ իմ կյանքում ամենալավ անցկացրած ծննդյան տոներից էր, որը երբեք չեմ մոռանա: Ծննդյանս օրը անցկացնում եմ Ախալքալակում, տեղի եկեղեցում մասնակցում Սուրբ Պատարագի և Պատարագի ժամանակ կրում եկեղեցական շապիկ, ավելի մոտիկից ծանոթանում եկեղեցական աշխարհին, և վերջ ի վերջո, քայլում Ջավախքում, այցելում Վահան Տերյանի տուն-թանգարան, հետո՝ աշուղ Ջիվանու, քայլում եմ այնտեղի մի շարք գյուղերում՝ այցելելով հայկական օջախներ: Հաճելի է շատ, երբ գնում ես երկրից դուրս, բայց էլի շրջապատված ես լինում հայ ազգով կամ էլ անվանդ հետ հնչում է «ջան» բառը։ Այնտեղ մարդիկ նույնպես ժպտում են, երբ հայեր են տեսնում, կապ չունի՝ քեզ տեսել կամ ճանաչում են, թե ոչ, եթե Հայաստանից գնացած հայ ես, ուրեմն վերջ, դու Ջավախքում արդեն ժպիտ ես պարգևել: Իմ այս տարբերվող սեպտեմբերի 1-ի համար ես շնորհակալ եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանին, Հաղարծնի շաբաթի կազմակերպիչներին՝ հաճելի ծնունդ պարգևելուց մինչև հաճելի ճամփորդության համար, և շնորհակալ եմ նաև այն բոլոր կանաչ շապիկով կամավորներին, որոնք անբաժան են իմ կյանքից:

Գիտեք, երբեք մի պլանավորեք կյանքը, որ այդպես է լինելու ու վերջ: Հավատացեք, այն լի է անակնկալներով: Միգուցե դուք չճամփորդեք, այլ ավելի մեծ և հաճելի անակնկալի հանդիպեք, կամ այնպիսի մի հաջողության, որը անգամ չեք էլ կարող պատկերացնել:

Ջավախք, իմ սեր

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Նոյեմբերյան, ժամանակի կանչող վկան

Երբեմն մենք հիանում ենք մեր ժամանակակից ճարտարապետների և դիզայներների նոր աշխատանքներով: Շատ հաճախ դրանք այնքան ճոխ են, որ սկսում են ճնշել մարդուն։ Ես այսօր Նոյեմբերյան քաղաքի հին տներից մեկում էի։ Այնտեղ չկար ժամանակակից դիզայն կամ ճարտարապետություն, բայց կար հնություն, հին փայտի հոտ և վերջ ի վերջո, ձեռքով կատարված աշխատանք պատերին, որից հոսում էր ժամանակը, այնտեղ բնակվածների կյանքը, լավ ու վատ օրերը ու մարդկային ջերմությունը։

Ինչը չես գնահատել մինչև հիմա

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երևի թե նկատած կլինեք վերջերս ֆեյսբուքում և հեռուստատեսությունում հայտնի Հաղարծնի շաբաթի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ որպես լուսանկարիչ-լրագրող: Հաղարծնի շաբաթը տևում է բնականաբար յոթ օր, և այդ օրերը լի են հյուրերով՝ թե ներսից, թե դրսից եկածներով: Շփվում ես տարբեր մարդանց հետ՝ տեսնում մի շարք դրսից եկածների և նրանց անասելի կարոտը բնության նկատմամբ և, վերջ ի վերջո, իրենց մեծ դժվարությամբ կտրվելը կանաչ շապիկավորներից:

Ամեն տարի այդ յոթ օրը ես երբեք չեմ մոռանում, որովհետև ձեռք եմ բերում իսկապես լավ ընկերներ, ավելի ամրապնդում իմ կապը հին ընկերների հետ և, ինչու չէ, նաև սովորում շատ բաներ: Ամեն մեկս մի գծով ենք այնտեղ խորացած՝ կա խոհանոցի պատասխանատ ու իր օգնականներով, էքսկուրսավար, հյուերին դիմավորող, տեխնիկայի պատասխանատու և ես՝ Հաղարծնի շաբաթը լուսաբանող ֆոտոներով և հոդվածներով: Յոթ օրվա մեջ հանդիպում եմ ամեն տեսակ մարդկանց՝ հիմա կներկայացնեմ: Կա այսպիսի տեսակ, երբ իջնում են ավտոբուսից և ստանում այնպիսի հիացմունք և դիմային միմիկա բնությունից, որ մինչև ավտոբուս նստելը չի փոխվում: Կան նաև հայրենիքը կարոտած, իսկապես հայրենասերներ, ովքեր մեքենայից իջնելուն պես նայում են վանական համալիրին, անտառներին և լցված աչքերով համբուրում խաչքարերը: Հա, կա նաև բնականաբար, այս տեսակը, ովքեր հատուկ գալիս են ուղիղ եթեր մտնելու, սելֆիներ անելու և ֆեյսբուքում նշելու, որ եկել են Հաղարծին: Բայց ես համոզված եմ, որ այդ տեսակը ոչինչ էլ չի հասկացել Հաղարծնից, բնությունից, ազգագրական պարերից, ջերմ դիմավորությունից, որովհետև պատկանում են վիրտուալ կյանքով ապրող դասին: Այդպես էլ տանել չկարողաց նաև այս տեսակին.

-Պահ, ձեզ ի՞նչ կա… Կյանքը ձերն ա, աբրում եք էլի: Մաքուր օդը կա, ջուրը կա, բնությունը կա, էլ ի՞նչ եք բողոքում՝ գյուղ ա, էս ա, էն ա… Դզվել եք, էլի…

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Չեմ սիրում ինձնից մեծերի հետ բանավիճել, բայց էսպես ասած, ջանիս հասավ ու ասացի հետևյալը.
-Կներեք, բայց կողքից նայելը շատ գեղեցիկ է: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ եթե բնություն կա, ուրեմն էստեղ ամեն ինչ թափված է: Կներեք պարոն, բայց անգամ այն գեղեցիկ տնակը, որ կտրված է բլուրի վրա և պատված է գեղեցիկ գույնզգույն փեթակներով, ինչքան գեղեցիկ է, երկու այդքան դժվար դրանց պահելը: Օրինակ, մեկը՝ անընդհատ մաքրել մոլախոտերից, որպեսզի տնակն իր շջակայքով այսպես գեղեցիկ լինի: Հերթով բացել-փակել փեթակները, ստուգել, հետևել, որպեսզի մեղուները չլքեն: Ամեն ինչ կողքից հեշտ է, բայց եկեք գնաք սիրուն տնակի գերհոգնած դեմքերով տատի պապիին նայենք, ովքեր օրվա մեջ տասնհինգ րոպե հանգիստ են ունենում ու էլի աշխատում: Ասե՞մ՝ ինչու: Ձեզ նման քաղաքում չեն աշխատում: Եթե Դուք ուղղակի սպասում եք, որ ձմեռ գա, և քայլեք սպիտակ այգիներով և հարկ եղած դեպքում պտտեք գազօջախի փականը, որպեսզի ջերմանա տունը, ապա այս պապիկը տատիկի հետ միասին արևի տակ աշխատելուց հետո սպասում են հովն ընկնի, որ գնան ցախ բերեն, երկուսով կոտրեն, որպեսզի վառարանով ջերմանան: Կամ ինչո՞ւ եք մեդալի մի կողմը կարդում՝ հա, սիրուն ա, հաճելի ա արթնանալ և մառախուղով պատված սարեր, կանաչ և շուտով դեղին անտառ տեսնել, բայց չե՞ք մտածում, որ կա նաև լիքը բաների պակաս. խմբակների, աշխատատեղերի և մի շարք շատ բաների: Ու կներեք, բայց էստեղ շատ քիչ երեխաներ են, ովքեր կարողանում են գոհ ապրել կյանքից և, ի տարբերություն Ձեզ, ֆոտոներ անել ամենավերջին սերնդի այֆոնով: Հավատացեք, որ անգամ այն տատին ու պապին են հոգնել և ուզում են քաղաքային պայմաններում ապրել և ջերմանալ գազօջախով, ոչ թե մեծ տարիքին ձեռքով փայտ բերեն, ձեռքով կոտրեն և տասը րոպեն մեկ ձեռքով գցեն վառարանը, որպեսզի չկորի ջերմությունը: Բայց հանուն գոյատևելու, բոլորից կտրված մեղուներ են պահում բլուրի վրա, ու կապ չունի, որ գեղեցիկ տեսարանում են տանջվելով աշխատում:
…Ես ոչինչ չասացի, ուղղակի բարի ժամանց մաղթեցի և հետ եկա իմ գործին՝ ֆոտո անելու: Ճաշի ճամին ես իմ բաժինը վերցնում էի, և նստում անտառին ամենամոտ գտնվող նստարանին: Նայում եմ, էլի նույնը. ծնվածս օրվանից նույն ծառերը, նույն անտառները: Բայց երբ ինձ համոզում էի, որ իբր առաջին անգամ եմ տեսել, հասկանում էի, որ իրոք սա է հարստությունը, որի ֆոտոները նայելուց ուղղակի հպարտանում ես, որ դու ես ֆոտոյի հեղինակը և որ ապրում ես այդտեղ ու այն, ինչը թանկ է, բայց չես գնատահում: Ամեն ինչ չի գումարով որոշվում: Գումարով կարող ես գնել մեքենա, տուն, էլեկտրոնիկա, հագուստ, բայց ոչ բնությունը, ոչ էլ այդ ընկերական շրջապատը, որը ես ձեռք եմ բերել այդ յոթ օրվա մեջ: