Աննա Մեսրոպյանի բոլոր հրապարակումները

anna mesropyan vanadzor

Մեծ մարդը

Մենք նստած էինք դասին: Լեկցիան ավարտելուց հետո դասախոսը մեզ ասաց, որ այդ օրը 10 րոպե շուտ է թողնում, որպեսզի հասցնի երթուղայինին: Նա տարեց մարդ էր և դժվարությամբ էր քայլում, մինչև ինքը երթուղայինին կհասներ, այն արդեն լեփ-լեցուն էր լինում ուսանողներով, և նստելու տեղ չէր լինում:

Ես կուրսի ավագն եմ և դասախոսի այդ խոսքից հետո՝ վեր կացա, վերցրի մատյանը, և դուրս եկանք: Սովորության համաձայն, մտա դեկանատ՝ մատյանն այնտեղ դնելու: Այնտեղ նստած էր մեր ֆակուլտետի դեկանը՝ կարմրած աչքերով և ջղային հայացքով: Նա մի հայացք գցեց ինձ վրա և բարկացած տոնով ասաց.

-Դեռ դասին 10 րոպե կա, ինչո՞ւ եք շուտ դուրս եկել, ո՞ւմ մոտ եք դասի,- պատասխանի չսպասելով հարցնում էր նա:

-Ընկեր Սիմոնյանի,- վախեցած պատասխանեցի ես:

-Ուրեմն հենց հիմա հետ եք դառնում, նստում եք դասի, և մինչև զանգը չհնչի՝ դուրս չգաք: Ինձ ռեկտորը նախատում էր՝ ասելով, որ իմ ֆակուլտետից բոլորը շուտ են դուրս գալիս:

Մենք արագ հետ դարձանք և մտանք լսարան, որտեղ մեր դասախոսը զրուցում էր փոխդեկանի հետ: Մեզ տեսնելով՝ զարմացավ և հարցրեց, թե ինչու ենք հետ դարձել: Մենք ասացինք պատճառը և նստեցինք: Դասախոսս ընկճված հայացքով և տխրամած աչքերով դիմեց փոխդեկանին՝ խնդրելով, որ դեկանին փոխանցի՝ մոտենա իրեն, քանի որ ինքը դժվարությամբ է քայլում: Տիկինը գնաց, բայց նրանից հետո դեկանը չեկավ, դասախոսս հասկացավ, որ նրան ոչինչ չեն փոխանցել և ընկերուհուս խնդրեց գնալ և կանչել դեկանին: Ես ինձ այնքան մեղավոր էի զգում, չդիմացա ու ասացի.

-Թե ես ինչու մատյանը տարա, կարող էր մնալ այստեղ, վաղը կվերցնեի:

Դասախոսս ձայն չհանեց, ուղղակի ժպտաց: Այդ պահին ներս մտավ դեկանը, ու դասախոսս դիմեց նրան.

-Մարտի՛ն, ես ուսանողներին շուտ եմ թողել, որպեսզի հասցնեմ երթուղայինին:

-Ընկեր Սիմոնյան, դուք չե՞ք հասկանում, որ մեր ֆակուլտետի վրա նկատողություն է եկել դասից շուտ դուրս գալու համար, ու դուք հիմա ինձ ի՞նչ եք ասում,- ձայնի տոնը շատ բարձր, գրգռված գոռում էր նա տարեց, բայց մեծ պատմություն ունեցող, մե՛ծ մարդու վրա:

Այո՛, նա մեծ մարդ է, նա այն մարդն է, ով հիմնադրել է համալսարանը, ով 60 տարի այդ համալսարանում նվիրված աշխատել է, տվել գիտելիք, սեր և հարգանք: Նա պրոֆեսոր է, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր և միևնույն ժամանակ՝ համեստ ու հասարակ մարդ: Իսկ այսօր մեր նորաթուխ դեկանը գոռում է նրա վրա:

-Ես հասկացա քեզ, շնորհակալ եմ, որ եկար, մենք կնստենք, մինչև զանգը կհնչի,- ասաց դասախոսս, իսկ դեկանը շրջվեց և գնաց,- իրենց ինչ կա. իրենք հիմա կնստեն իրենց մեքենաները ու տաք-տաք կգնան տուն, իսկ ես պիտի սպասեմ, որ նոր երթուղային գա, որ նստելու տեղ լինի:

Մի քանի վայրկյան նա լռեց, հետո խորը հոգոց հանեց և դառնացած ասաց.

-Հիմա բոլորը իրենց մեքենաներով են գալիս, բայց իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ ես կամրջի վրա կանգնած սպասում եմ երթուղայինին, ես ինձ ոչնչացված եմ զգում:

Զանգը հնչեց, և զանգը այդ պահին փրկություն էր, որովհետև եթե մի քանի րոպե էլ շարունակվեր, դասախոսիս հետ միասին լացելու էի, քանզի նրա աչքերում արցունքներ կային և անսահման թախիծ:

Մենք դուրս եկանք: Չէի պատկերացնում, որ այդքան բան կատարվեց այդ 10 րոպեի ընթացքում: Թվում էր՝ դուրս կգամ ու դռնից այն կողմ կմոռանամ կատարվածը, բայց այդպես էլ չմոռացա:

anna mesropyan lori

Միակ աղջիկը

Ողջույն: Ես Աննան եմ: Արդեն ուսանող եմ: Ընդունվել եմ ՎՊՀ ռադիոֆիզիկայի բաժինը: Հենց սկզբից գիտեի, որ իմ կուրսում աղջիկներ քիչ են լինելու, բայց քանի որ ես սիրում եմ ֆիզիկան, որոշեցի ընդունվել այդ բաժինը:

Այս տարվա սեպտեմբերի 1-ը ամենատխուրն էր ինձ համար, որովհետև իմացա, որ կուրսում միակ աղջիկն եմ ու շատ սրտնեղեցի: Առաջին շաբաթը մեծ դժվարությամբ էի հաճախում դասերին, բայց երբ հասկանում ես, որ շրջապատված ես լավ մարդկանցով, ստիպված համակերպվում ես միջավայրին:

Արդեն անցել է մոտավորապես մի ամիս, և ես հաճույքով եմ հաճախում դասերին, ուսանողական կյանքն էլ է ինձ դուր գալիս: Կուրսում շատ հաճելի մթնոլորտ է, բոլորն ինձ լավ են վերաբերվում: Դասախոսներն էլ են շատ լավ հարաբերությունների մեջ ինձ հետ, ամենաշատը ինձ են վստահում և հենց ինձ են կուրսի ավագ նշանակել: Թեև շատ պատասխանատու գործ է, բայց ես հաճույքով եմ կատարում այն:

Բուհում ես տխրելու ժամանակ չեմ ունենում, ճիշտ է՝ կուրսում աղջիկ չկա, բայց ինձ հետ ուրիշ կուրսի աղջիկներն էլ են շփվում, և ես ինձ երբեք մենակ չեմ զգում:

Կուրսում միակ աղջիկ լինելը իր բացասական կողմերն էլ ունի, ամբողջ դասին միայն ես եմ դաս պատասխանում, լեկցիաները միայն ես եմ գրում, ու մեկ-մեկ մտածում եմ՝ եթե մի օր դասի չգնամ, ով է դասերը պատասխանելու, ումից եմ լեկցիաները արտագրելու:

Չնայած բոլոր տխուր և ուրախ պահերին՝ ես սիրում եմ ուսանողական կյանքը, և չեմ զղջում, որ ընդունվել եմ, քանի որ սովորում եմ իմ ընտրած բաժնում և ամենակարևորը՝ անվճար:

anna mesropyan lori

Առավոտ էր

Առավոտ էր. սիրում եմ առավոտվա բույրը: Կարծես ամեն անգամ, ամեն առավոտ ես ծնվում եմ նորից: Նայում էի քաղաքին. կարծես նա աչքերը նոր էր բացել: Կան մարդիկ, որոնք դեռ քնած են, կան մարդիկ՝ շտապում են, իսկ հեռվում՝ ճանապարհի մյուս հատվածում, լուսաբացի հետ մուրացկանը արդեն դուրս է եկել աշխատանքի: Չորեքշաբթի էր՝ մի քիչ ամպամած, սակայն արևի նուրբ շողերն արդեն ճեղքել էին սևացած ամպերը և դուրս էին եկել: Ես էլ մի քանիսի պես շտապում էի դասի: Ճանապարհ ընկնելուն պես տեսա մի ծերուկի, որը արևի դուրս գալուն պես դուրս էր եկել և նստել շենքի դիմացի նստարանին: Նա կարծես բարձրահարկ շենքի ստվերով էր ուզում ծածկել թարթիչներին իջած արցունքները, որոնք գոլորշիանում էին՝ դեմքին թողնելով մի փոքրիկ հետք: Աչքերից հորդացող տխրությունը ուղղակի անհնար էր չնկատել: Արդեն անցել է մի քանի ամիս, ինչ կորցրել է մինուճար տղային, որը աշխատանքի ժամանակ վերելակից ընկել էր ցած՝ որբ թողնելով երկու անչափահաս երեխաներին: Ծերուկը այն մարդկանցից չէր, որոնք իրենց թույլ են տալիս մոռանալ նրանց, ում սիրում են: Մոռացությունը մի հսկայական օվկիանոս է, որի վրա նավարկում է միայն մի նավ՝ հիշողությունը: Իսկ ովքե՞ր են կոչվում ավելորդ՝ ստրուկնե՞րը, ձանձրալինե՞րը: Ամենևին ոչ: Նրանք, ովքեր նավից դուրս են շպրտվում, անօգուտներն են, որոնցից արդեն օգտվել են, և էլ ինչո՞ւ պահեն նրանց. խղճահարությունից ելնելո՞վ: Նա էլ շպրտվեց մնացածի պես:

Նորից լուսաբաց է, նորից նույն ծերունին է նստած նստարանին, որը նույնքան գունատ է, ինչքան ծերուկի դեմքը: Օրերը փոխվում են, ամեն ինչ մնում է նույնը, միայն մարդկանց դեմքի փայլն է պակասում՝ զիջելով իր տեղը տխրությանը: