Դավիթ Բաբայանի բոլոր հրապարակումները

arxiv

Կլորը, Լենդրուշն ու մահվան դեմ մաքառողը

-Դավ ջան, դուրս արի, մի քիչ խաղա երեխաների հետ,- ասաց մայրիկս՝ ինքն իր ասածին չհավատալով:

-Մամ, ես ե՞րբ եմ դուրս եկել, որ այսօր դուրս գամ: Սակայն… Լավ, մի քանի րոպեով դուրս կգամ:

Ես բացեցի դուռը, բակում կարծես կինո էր նկարահանվում. ամեն մեկը զբաղված էր իր գործով. որը կավիճով կլաս էր գծում, որը կատվի ձագերին էր տանջում, որը՝ իր երեխային, իսկ որոշ երիտասարդներ էլ փոքրերին էին շահագործում:

-Կլոր, այ կլոր, մի գնա` ներքևի խանութից ծխախոտ գնիր,- ասաց մի տղա՝ նայելով «կլոր»-ին:

-Այ տղա, մեծ տղա ես, չե՞ս ամաչում,- վախվորած ձայնով նկատողություն արեց «կլոր»-ի մայրը:

Սակայն այդ պահին իմ ուշադրությունը շեղեց մի այլ երևույթ: Փողոցի ծայրում մի մեքենա էր կանգնած, իսկ հետևում թաքնվել էին մի խումբ փոքր չարաճճիներ, որոնց մեջ էին նաև մեր հարևանի երկու երեխաները: Ես շատ զարմացա, երբ հասկացա, թե ինչով էին նրանք զբաղված: Երեխաները երկու կատվի ձագ էին բռնել և կռվացնում էին: Հանկարծ լսվեց բարկացած մոր ձայնը.

-Աննա, Աննա, ի՞նչ եք անում:

-Հա, մամ, Նարեկն այստեղ է:

-Աղջի, ասում եմ՝ ի՞նչ եք անում:

-Լսում եմ, մամ, ճիշտ է:

Ինչպես հասկացաք, Աննան մի քիչ տարօրինակ աղջիկ էր, իսկ նրա մայրը՝ առավել ևս: Հանկարծ լսվեց շան հաչոց, և ես տեսա մեր փողոցի ամենաերկարակյաց մարդկանցից մեկին՝ Լենդրուշ պապիկին:

-Նեսի, Նեսի,- բղավում էր ծերունին, որն արդեն մի քանի տարի է՝ կռիվ է տալիս մահվան հետ:

Հանկարծ շան հաչոցներին խառնվեցին Մարգոյի գոռգոռոցները.

-Սոնիկ քույրիկ, Սոնիկ քույրիկ:

Այդ Մարգոն մեր փողոցի BBC-ն է:

-Ձմերուկ ուզո՞ւմ եք:

-Ի՞նչ արժե:

-Կիլոն՝ 100 դրամ:

-Աղջի, հարևան մարդիկ ենք, մի քիչ էժան տուր, էլի:

-Շները քեզ հարևան,- փնթփնթաց Մարգոն քթի տակ, բայց կեղծ ժպիտով՝ ասաց.

-Չէ, Սոնիկ քույրիկ, չեմ կարող:

Մի խոսքով, ես ինչպես դուրս եկա, այնպես էլ ներս մտա:

 Դավիթ Բաբայան 14տ., 2004թ.