Նաիրա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

naira mkhitaryan

Յասամանի համով երազանքները

Փոքր էի, երբ իմացա, որ հինգ թերթիկ ունեցող յասամանը երազանքներ իրականացնելու կարողություն ունի: Թաղի երեխաներով հավաքվում էինք յասամանի ծառի շուրջն ու սկսում  փնտրտուքը: Փնտրում էինք հինգ թերթիկ ունեցող յասամանի ծաղիկ ու… Տարօրինակ կթվա, բայց պահում էինք երազանք ու կուլ տալիս այն: Արդյունքում տուժում էր մեր հարևանուհու յասամանի ծառը, որովհետև յասամանի՝ երազանքներ իրականացնելու կարողությանը հավատացողները շատ էին մեր մեջ, ու շատ էին նաև երազանքները: Մի ծաղկով չէինք բավարարվում, թեև ծաղիկները բավականին դառն էին: Կուլ էինք տալիս դառը ծաղիկներն ու պահում քաղցր երազանքներ. հավատում էինք, որ կատարվելու են, մանավանդ ես: Երևի յասաման շատ սիրելուց էր…

Յասամանի սեզոնն սկսվել է մեր գյուղում, ու ախորժակ պահողներ էլ, անշուշտ, կան: Ես էլ, անպայման փնտրելու եմ հինգ թերթիկ ունեցող ծաղիկ, երազանք եմ պահելու ու կուլ տալու ծաղիկը: Ես դեռ հավատում եմ յասամանի երազանքներ իրականցնելու կարողությանը. երևի պատճառն այն է, որ հավատում եմ երազանքիս:

Թելերի «երաժշտությունը» լսողը

Արագած համայնքում գործում են շուրջ տասնյակ խմբակներ: Ես ևս արվեստի դպրոցի սան եմ, հաճախում եմ դաշնամուրի:

Արվեստի դպրոցում կրթվում են պատանի արվեստագետներ, իսկ թե ինչպիսի միջավայրում են աշխատում պատանի գորգագործները, բախտ ունեցա իմանալու, երբ ընկերուհուս հետ գնացի գորգագործության խմբակ: Ընկերուհիս հաճախում է գորգագործության և խմբակի առաջին սաներից է: Ես պարզապես հյուր էի, ու ինձ շատ էր դուր գալիս այդ միջավայրը: 

Երաժշտություն, կատակներ, ընկերական միջավայր էր տիրում գորգագործության խմբակում՝ շնորհիվ ուսուցչուհու՝ Շահանե Սերոբյանի, ումից էլ որոշեցի հարցազրույց վերցնել:

-Ինչո՞ւ ընտրեցիր արվեստի հենց այս ճյուղը՝ գորգագործությունը

-Սկսեմ նրանից, որ գորգագործությունը համարվում է հայ ազգին բնորոշ կիրառական արվեստներից մեկը, ու աշխարհում շատ հայտնի են հայկական գորգերը: Փոքր տարիքից սիրել եմ նկարել, թելերով աշխատել: Ծնողներս միշտ սատարել են ինձ բոլոր հարցերում, և ես, հասնելով այն տարիքին, որ արդեն պետք է ընտրեի իմ մասնագիտությունը, որից շատ բան էր կախված իմ կյանքում, ընտրեցի հենց կիրառական արվեստը, որի ճյուղ է համարվում գորգագործությունը:

-Ինչպե՞ս էին ստացվում առաջին գորգերդ

-Ընդունվեցի համալսարան: Առարկաներից մեկը գործվածքի դիզայնն էր, որի մեջ մտնում էր գորգագործությունը: Առաջին գորգս սկսեցի մի քիչ վախով, որ հաջող չի ստացվի, բայց շատ ուրախ, որ նոր բան եմ սովորելու, որ տիրապետելու եմ հայկական այս թանկարժեք գործվածքը գործելու արվեստին: Գործելիս ամենակարևորն էր՝ ճիշտ հանգույց կապելը, որը առաջին անգամ բավականին դժվար էր ստացվում, բայց մի քանի սխալից հետո ամեն ինչ ստացվեց: Առաջին շարքերը գործելիս, իհարկե, կային սխալներ, բայց մի քանի շարք ևս, ու ես սկսեցի ավելի վարժ գործել:

Լուսանկարը` Նաիրա Մխիթարյանի

Լուսանկարը` Նաիրա Մխիթարյանի

-Շահանե՛, գիտեմ, որ դեռ սովորում ես: Դժվա՞ր չէ սովորելը համատեղել աշխատելու հետ

-Մարդուն ոչինչ չի տրվում հեշտությամբ: Իհարկե, կան դժվարություններ, բայց դրանք ինձ չեն խանգարում, որովհետև ես զբաղվում եմ այն աշխատանքով, որից մեծ բավականություն եմ ստանում: Իմ գիտելիքները փորձում եմ հնարավորինս լավ փոխանցել երեխաներին՝ դաստիարակելով նրանց մեջ ազգայինը գնահատելու և պահպանելու ունակություն:

-Ինչքա՞ն ժամանակ ես հատկացնում գործելուն

-Գործելը իմ օրվա հիմնական մասն է կազմում:

-Ո՞ր գործերն ես համարում հաջողված: Դա կախվա՞ծ է գույնից, չափից, զարդանախշային հորինվածքից

-Իմ կարծիքով, ոչ մի անհաջող գորգ չկա: Բոլորն էլ յուրահատուկ են իրենց զարդանախշերով, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր առանձնահատուկ տրամադրությունը:

-Ինչպե՞ս ես ընտրում գորգերիդ համար թեմաներ

-Գորգի քարտեզը պատրաստելիս՝ հիմնականում փորձում եմ ընտրել հատուկ իմաստային զարդանախշեր, որոնք մի փոքր պատմություն կստեղծեն ու համահունչ կլինեն:

-Իսկ ունե՞ս արդյոք ոգեշնչման աղբյուր

-Իհարկե, ոգեշնչվում եմ հայկականից, ազգայինից, մեր բնությունից, քանի որ չկա նման երկրորդը:

Լուսանկարը` Նաիրա Մխիթարյանի

Լուսանկարը` Նաիրա Մխիթարյանի

-Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը: Համարո՞ւմ ես քեզ երջանիկ

-Այո, իհարկե: Ամեն մի հանգույց կապելը, թելերի «երաժշտությունը» լսելը ու աշխատանքիս արդյունքը տեսնելը ինձ համար մեծ երջանկություն է:

-Երբ ներկա էի ձեր դասին, ասացիր, որ որոշել ես դասերն անցկացնել երաժշտության ուղեկցությամբ: Կմեկնաբանե՞ս՝ ինչու

-Իմ կարծիքով երաժշտությունն ավելի է տրամադրում, որ աշխատանքն անես հաճույքով: Այն օգնում է սուզվել արվեստի մեջ: Հաճելի է դարձնում մթնոլորտը:

-Ի՞նչ խորհուրդ կտաս արվեստի այս ճյուղում հաջողության հասնելու համար:

-Հաջողության հասնելու համար պետք է սիրես այն, ինչով զբաղվում ես: Վստահությունը և «ես կարող եմ ամեն ինչ» կարգախոսը հաջողության իմ բանաձևն են:

naira mkhitaryan

Պետրոսյանով ողողված

Բավականին երկար ժամանակ է պառկել էի քնելու, բայց քունս ոչ մի կերպ չէր տանում, և որոշեցի մի փոքրիկ պատմվածք կարդալ: Վերցրեցի Վարդգես Պետրոսյանի «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածքը ու … Ու սկսվեց ճանապարհորդությունս:

Այս մեկը նման չէր մյուս ճանապարհորդություններին: Այս անգամ ճանապարհորդում էի մահացած մարդու հետ. հա, հա, մի՛ զարմացեք.

«Այս պատմվածքը գրել եմ հարյուր տարում, գուցե ավելի: Գրել եմ հողի տակ: Մի զարմացեք, մարդիկ …»,- գրում է Պետրոսյանը:

Տարօրինակ է, չէ՞՝ հեղինակն ինքն էլ հորդորում է չզարմանալ: Ինչևէ, շարունակեցի ընթերցել: Ինձ դուր էր գալիս անհնարինի մասին կարդալը: Ասում են ինչ-որ կա կյանքում, կա նաև գրքերում, և հաճախ այն, ինչ չես գտնի կյանքում, անպայման կգտնես գրքերում: Ես այս գրքում գտա անհնարինը, անիրականը: Գտա այն, ինչը երբեք չէի գտնի կյանքում, ու նույնիսկ չէի էլ փորձի փնտրել…

Ես ներկա էի հերոսի թաղման արարողությանը, ու կարծես զրուցում էի հանգուցյալի հետ, ու, որ ամենակարևորն է՝ մենք որոնում էինք Նրան՝ հանդերձյալի սիրելիին: Նրան, ով երկար սպասեց «Ես քեզ սիրում եմ»- ին, բայց երբեք չլսեց: Երբեք…

«Մենք քայլում էինք մութի միջով, և նա ուզում էր, որ ասեի,թե աշխարհում ամենից շատ սիրում եմ իրեն: Ես լուռ էի»:

Մեր որոնումները զուր չէին. մենք գտանք նրան վերջին պահին, երբ հանգուցյալին ներքև էին իջեցնում:

«Ես հետո, արդեն հողի տակ, շատ ափսոսեցի, որ նրան չեմ ասել այն բառերը, որ նրանն էին, բայց ուշ էր արդեն»:

«Ուշ էր, այո՛: Զուր էին չասված խոսքերն ասելու փորձերը, այն ոչ ոք այլևս չէր լսելու: Լսվում էր միայն քարերի և հողի ծանոթ աղմուկը… Տարիների նվագած ժապավենը հետ տալ չի կարելի. նվագածը նվագած է, ապրածը՝ապրած, չապրածը՝ չապրած»:

Գիրքը կարդալով հասկացա նաև, որ չասվածն էլ միշտ կմնա չասված…

Անցան տարիներ, ու հանգուցյալը նորից տեսավ երկինքը. գերեզմանոցը քանդել էին և դրա տեղում այգի էր՝ խոտեր, ծաղիկներ: Նա ծաղիկ էր, ու փորձ արեց գտնել սիրելիին, բայց իսկույն մեռավ, երբ փորձում էր ոտքերը հանել հողից. մեռավ վերջին անգամ…
«…Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ, և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. «Մի ՛ կորցրեք, մարդի՛կ»:

«Այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի և որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքում միշտ կորցնում եք հենց ամենաթանկը»: Ավարտեցի ևս մի գիրք, մի կյանքի պատմություն, ու ինչպես հաճախ է պատահում, թաց աչքերով:

Ավարտեցի, ու կյանքս լցվեց գրքով, որը լի է կյանքով: Արդեն կարող էի հանգիստ քնել, որովհետև նոր դասեր էի քաղել կյանքից, ու օրս ողողվել էր Պետրոսյանով:

naira mkhitaryan

Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ

Ինձ հուզում է մարդասիրության բացակայությունը ամենուր: Մարդասիրություն ամենից առաջ նշանակում է անկեղծություն, արդարացիություն, իսկ վերջիններս հետզհետե վերանում են մեր օրերում: Ես ապրում եմ Արագած համայնքում: Իմ գյուղն ունի 188 տարվա պատմություն, ու ես բազմիցս համեմատության մեջ եմ դրել համագյուղացիներիս առօրյան հիմա և տարիներ առաջ:

-Երբ ես քո տարիքին էի,- պատմում էր հայրիկս,- մեր գյուղում քչերը հեռուստացույց ունեին, ու հարևանները հավաքվում էին հեռուստացույց ունեցողի տանը: Այդ քչերից մեկն էլ մենք էինք:
Ժամերով միասին հեռուստացույց էինք դիտում, օրվա մեծ մասը միասին անցկացնում, միասին լիաթոք ծիծաղում էինք, մեկը մյուսի հոգսով՝ տխրում, ձեռքբերմամբ՝ ուրախանում: Այ, դա իրոք կյանք էր…

Տատիկս էլ պատմում էր, թե ինչպես էին իրենք նշում Ջան գյուլում տոնը: Նա պատմում էր, որ աղջիկներով Ջան գյուլումի նախորդ գիշերը անցկացնում էին միասին, ու բոլորը ջանում էին քնից առաջինն արթնանալ, քանզի առաջինն արթնացողը պարանով միմյանց էր կապում մյուսներին: Ու ես ամեն անգամ տատիկիս խնդրում էի նորից ու նորից պատմել այս պատմությունը, քանզի ամեն անգամ լսելիս լիաթոք ծիծաղում էի, ու ինձ պատում էր հետաքրքրության մեծ զգացում:

Իսկ հիմա՞: Այս հարցին կարող եմ պատասխանել առանց հայրիկիս կամ տատիկիս օգնության: Հիմա յուրաքանչյուրը տարված է իր խնդիրներով ու հոգսերով: Չկա առաջվա սերը միմյանց նկատմամբ, անկեղծ շփումը, եղածն էլ սահմանափակվում է SMS կոչվածով:

Մի՞թե պատճառն այն է, որ հիմա բոլորը ունեն հեռուստացույցներ: Ինձ թվում է՝ ոչ, պատճառը պիտի փնտրենք ինքներս մեր մեջ, գուցե պարզապես ժամանակ չունենք, կամ, որ ավելի կարևոր է՝ ցանկություն, քանզի, եթե կա ցանկություն, ժամանակ անպայման կգտնվի:

Պատճառները շատ են, իսկ հետևանքը՝ մեկը. մարդասիրությունը հետզհետե չքանում է: