Անանուն Հեղինակի բոլոր հրապարակումները

Լուսանկարը` Մանե Մինասյանի

«Էշ մի սատկի, գարուն կգա», կամ` ուղղակի զինվորի ընկերուհի

Բանակի մասին շատ են խոսում. հայոց զինվոր, զենքեր, հայրենասիրություն, հայրենիքի պարտքը տալ… Իսկ բառն իր ամբողջ էությամբ հասկանում են միայն սպասողներն ու սպասՎողները։ Բանակը դառնում է մի մարդ ու վերաիմաստավորվում։ Էդ գրողի տարած «դեմբլերն» ես քաշում հեռախոսիդ մեջ, ու սկսում են 2, կյանքիդ երևի ամենասթրեսային ու տխուր տարիները։ Ու, որպես «վաստակավոր» զինվորի ընկերուհի, էկել եմ` փորձառությունս պատմելու ու մի քանի խորհուրդ տալու։

Խորհուրդ առաջին. երբեք մի սկսիր հարաբերություններ դեռ բանակ չգնացած տղայի հետ։ Իսկ եթե արդեն էդ վիճակի մեջ ես…

Բանակը սկսում ա էն օրից, երբ վերջին անգամ գրկում ես, արցունքներով ամբողջ վերնաշապիկը թացացնում ու քեզնից գոհ ճամփում ծառայության։ Փքված աչքերով ու ներքին հպարտությամբ՝ վերջը զինվորի ընկերուհի ես, կապ չունի, որ նոր շարժվեց մեքենան։ Դուք՝ որպես հասուն մարդիկ, ձեր արևին արդեն պատկերացնում եք՝ ինչ դժվար ա լինելու, իրար երդումներ եք տվել, որ ինչքան էլ բարդ ու ցավոտ լինի՝ կդիմանաք, ու կսպասես իրեն։ Բայց բաներ կան, որ մինչև մաշկիդ վրա չզգաս, ոչ հասկանալ կարող ես, ոչ էլ պատկերացնել։ Հեռավորության վրա հարաբերությունները հենց էդ  «բաներից» մեկն են։

Սկզբից հավես ա։ Ընկերուհիներդ քեզ են ձեռք առնում, դու՝ իրենց։

-Բա իմ մարդը գնա բանակում ծառայի, «պախատ լինի», որ դու ստեղ իմ սիրած շամպունո՞վ գլուխդ լվանաս,-անընդհատ ու ամեն առիթի կկրկնես ու կզարմանաս, թե էդպես հումորով ում ես քաշել։

Հետո դանդա՜ղ հումորը գլխիդ սև կլինի, որովհետև հանկարծ սկսելու ես  դատարկություն զգալ ու անտանելի կարոտել։ Սկսում ես հիշել իր ցանկացած հպումը, ասած  բառերը, ապուշ ու ցինիկ հումորները, ուշանալուդ պատճառով նվնվալը, հոտին ես կարոտ մնում, երեխայական կռիվներին… Իր հետ կապված ամեն բան ցավ ա պատճառելու։ Իսկ դու մազոխիստի պես ձեր նկարներն ու ղզիկ տեսանյութերը օրվա մեջ երևի մի 100 անգամ կնայես, հետո կպաչես հեռախոսիդ էկրանը (իբր իրեն), ու տեսադարանը փակելով դեմբլեր կմտնես։ Թու, հլը 0,000013% ա անցել…

Փլեյլիստդ համալրվում ա «Թռչեի մտքով տուն», «Վեր կաց, եղբայր իմ» ու նման երգերով, բառապաշարդ՝  անվանականչ, օրապահ, նարյադ, պոլկ, կարաուլ… Քեֆերին՝ զինվորի կենացը խմելիս, անտարբեր չես նստում ու սպասում՝ երբ են երգ միացնելու, հելնես, մարդավարի պարես, ընդհակառակը՝ ոտքի ես կանգնում, ներքին հպարտությամբ լսում, թե ոնց են մեծարում զինվորներին, վրա-վրա մի քանի բաժակ էլ գինի ես խմում (ինչո՞ւ ոչ) ու սրբում այտերդ խուտուտ տվող արցունքները։

Որ ասում են՝ ժամանակի ընթացքում հարմարվում ես, չհավատաք։ Եթե իրոք մինչև վերջին ատոմովդ էլ սիրում ես իրեն, օր օրի կարոտն էլ ավելի ա շատանալու։ Սերն էլ։

Հետո ընկերոջդ մոտ մշակութային շոկ ա սկսելու (գնա` գալիս եմ)։ Բոլորից հեռու, նոր շրջապատ, նոր ապրելակերպ ու օրենքներ, նոր ընկերներ, որ չգիտես ովքեր կլինեն ու ինչ ազդեցություն կունենան իր մարդ տեսակի ձևավորման վրա։ Ինքն ուրիշ ուղղությամբ ա փոխվելու, դու՝ ուրիշ… Բանակն իրոք փոխում է, լրջացնում ու ավելի հասուն դարձնում։ Ասենք, կարող ա խոսելիս ասես` տկլոր մատ, էլ չծիծաղի։ Ու դու նեղվես։ Հետո կամաց-կամաց էդ փոփոխություններն էնքան են շատանում ու կուտակվում, որ բանակ ճամփած ընկերոջիցդ գրեթե ոչինչ չի մնում։ Միայն էն սիրուն աչքերը, որոնցով աստղազարդ երկնքի տակ էդքան «անկշտորեն» քեզ էր նայում։

Շփումը, հատկապես, շատ զույգերի մոտ բարդանում է, էնտեղ շատանում են կարծրատիպերը, քո առջև դրվող արգելքները (դեռ չեմ հասկացել՝ ինչից)։ Ու եթե մի քիչ ազատ մարդ ես, ինքն էլ մի քիչ խանդոտ, էդ անտանելի ա դառնում։ «Ինքը, ախր, առաջ տենց չէր, ուրիշ էր, իդեալական էր, փոխվել ա…»,- կմտածես դու ու կանես ամենամեծ սխալը՝ անընդհատ կբողոքես, կռիվներ կսարքես ու կբաժանվես։ Է, փոխվել էր, բա ի՞նչ անեի… Իսկ էստեղ կարևորը համբերատար լինելն ա ու հասկանալը, որ իր համար շատ դժվար ա 18 տարվա շրջապատից կտրվելն ու հազարավոր կիլոմետրեր հեռու ծառայության գնալը։ Ժամը 6-ին արթնանալն էլ։ Ու հենց էստեղ ա երևում, թե ինչքանով ես «շաքարիկս, ինչքան էլ բարդ լինի, ես քեզ չեմ թողնի, կսպասեմ» ապուշ բառերիդ տերը։ Ու երբ արդեն անտանելի ա դառնում շփումը, ուղղակի պիտի էնքան ուժեղ գտնվես, որ ներողամտաբար ձեռքն էլ ավելի ամուր բռնես (օդային), ու ցույց տաս, որ իրոք կողքին ես։ Սերը պայքար ա։

Բանակում հարաբերությունները իմունիտետ չունեն. ցանկացած աննշան կռիվ կարող է ուղղակի վերջնականապես փչացնել ձեր շփումը։ Իսկ կռիվները քչացնելու ու ընկերոջդ ծառայությունը թեթևացնելու համար ուղղակի պիտի չաքլորանաս (գոնե էդ 2 տարին)։ Երբեք ու երբեք պիտի չստես կամ չթաքցնես արածդ սխալը, որովհետև եթե հեռավորության վրա էլ չվստահի քեզ, կորած եք։ Մեկ-մեկ կոպիտ լինելը չպիտի սկանդալ սարքես, պիտի գիտակցես, որ էդ խեղճ տղան երկու գրողի տարած տարի ոչ աղջկա դեմք ա տեսնելու, ոչ էլ քնքշություն զգալու։ Հազարավոր տղաների հետ էդքան ժամանակ միայն «ախպերս», «ընգե», «ապե» և այլ բառերով խոսելուց հետո մի քիչ դժվար ա քեզ «բոքոնիկս» ասելը։ Այ, երկու տարին կանցնի, հանգի՜ստ կարող ես սևը տալ՝ ամեն ասած կոպիտ բառի համար։

Եթե շատ սենտիմենտալ ես (ինչը նորմալ ա), գիշերները թանկանոց կրեմ քսիր դեմքիդ, որ ափսոսես կրեմը, քեզ ստիպես չլացել։ Եթե ուզում ես ինչ֊որ չափով մոտ գտնվել իրեն, սկսիր «Բանակում»-ը նայել, շատ լավ ձև ա։ Բանակ գնալուց առաջ օրագիր նվիրիր, որ գլխով անցածը, զգացածը էնտեղ գրի, դու էլ էստեղ քոնը պահիր. գրելը կօգնի թեթևանալ ու կռիվներ չսարքել, երբ ինչ-որ բան սրտովդ չլինի։ Ես համոզված եմ, որ հարաբերություններն ավելի լավը դարձնելու ջանքերդ ու դժվար պահին կողքին մնալդ մի օր գնահատելու ա, ու քեզ էլ երբեք բաց չթողնի։

Սիրելի, հարգելի, պաշտելի (չէ, պաշտելին միայն մեկն ա) զինվորներ, դուք էլ փորձեք ձեր ընկերուհիների դրության մեջ մտնել։ Հասկացեք, որ իրենց կյանքը ձեզնից հեռու մեկ ա շարունակվում ա, մեկ ա իրենք անընդհատ սեր ու ջերմություն ստանալու պահանջն ունեն, ու եթե սիրված, գնահատված զգան իրենց, ձեր  պահանջներից ու խնդրանքներից շատ ավելին կանեն ձեզ համար։

Աղջիկներն ավելի հիշաչար են ու ավելի զգայուն։ Զգույշ ընտրեք ձեր բառերն ու գործողությունները. ներելը՝ կներեն (երևի), իսկ այ, մոռանալ… Եվ բացի այդ, ինչքան էլ գիտակցեն, որ ձեզ համար դժվար ա, մեկ ա՝ անտարբերությունը ծնում ա անտարբերություն։

Ու վերջում մի փոքրիկ հավելում. ինչքան էլ բարդ ու ցավոտ ա էս ամենը, ու ինչքան էլ մեծ լինի իրարից հեռանալու, իրար կորցնելու հավանականությունը, ես շատ ուրախ եմ, որ մեր սերը էսպիսի դժվարությունների միջով ա անցնում, որովհետև միայն լավ պահերին իրար հետ լինելով՝ էդպես էլ չէինք գնահատի ու սիրի իրար ամենաիսկական ձևով։

Հ.Գ. Թե հավես անես, նյութս կարդաս, իմացիր՝ սիրում եմ քեզ, հորքուրի գանձ։ Դիմացի, 30.332809%-ն անցել ա արդեն…