Անի Հարությունյանի բոլոր հրապարակումները

aniharutyunyanarm

Ո՞ւր կորան երեխաները

   Ասում են` ժամանակները փոխվել են: Ժամանակները փոխվե՞լ են: Ինչպե՞ս են փոխվում ժամանակները, հետաքրքիր է: Եթե, օրինակ, չլիներ ժամանակի վրա մարդու ազդեցությունը, ինչո՞վ կտարբերվեր 1905 թվականը 2019-ից: Փոխվում են մարդիկ, ոչ թե դարը, ժամանակները, կյանքը կամ աշխարհը: Փոխվում են մարդիկ` ինչ-ինչ գործոններով ազդելով ու փոխելով նաև թվարկվածները: Օրինակ` իմ գյուղը նույն գյուղն է, ինչ եղել է տասը տարի առաջ, երբ ես իմ մանկությունը թողեցի ինչ-որ ուրիշ ժամանակում ու տեղափոխվեցի պատանեկություն: Գրեթե նույնն է, որովհետև ժամանակի հետ մարդիկ որոշ փողոցներ լուսավորել են, տեղ-տեղ ասֆալտ են շռայլել, որ անձրևոտ եղանակներին գոնե հնարավոր լինի ոտքով քայլել, ոչ թե փոքրիկ նավակով տեղաշարժվել, մի քանի տների տանիքներ են նորոգվել, թե չէ` մնացած ամեն ինչ նույնն է` Գևորգի տունը իր տեղում է, դաշտերը միշտ մշակվում են, ծերուկները` ձանձրանում: Գյուղը մնում է նույնը, մարդիկ` փոխվում: Փոխվում են ու փոխում գյուղի կյանքը, որովհետև հարևանի բակում երեկոյան մարդիկ շատ քիչ են հավաքվում, երեխեքը մեր մանկության խաղերը էլ չեն խաղում, տներում իսկական վառարաններին նոր ջեռուցման համակարգեր են փոխարինում: Չեմ ասում` վատ է, որ մարդիկ ձգտում են հնարավորինս հեշտացնել իրենց կենցաղը, բայց գյուղը կորում է, ծխի հոտը քիչ-քիչ պակասում է:

   Գյուղի փողոցներից կորում են նաև երեխաները, իսկ ո՞ւր. տեղավորվում են համակարգիչների հարմարավետ աթոռներին, կամ բազկաթոռներին` սմարթֆոնները ձեռքներին: Երեկոյան, երբ երբեմն քայլում եմ ինչ-որ տեղ գյուղում, թվում է, թե ինչ-որ գերբնական ուժով երեխաները անհետացել են ու, չգիտես ինչու, մնացել եմ միայն ես: Իսկ ես, երբ երեխա էի, ընկերներիս հետ անտեսում էինք անգամ այն, որ մեր փողոցով ամենաշատն էին մեքենաներ անցնում, ու հենց փողոցի մեջտեղում գործնագործ էինք խաղում, բռնոցի, երեկոյան հավաքվում էին նաև փողոցի ավելի մեծ երեխեքը` անգամ մինչև 20 տարեկան, ու սկսվում էին լուրջ առաջնությունները` պահմտոցիի, այգեպանի կամ կարմիր կոճակի: Հիմա չգիտեմ էլ, թե ինչպե՞ս կարձագանքեն 10-15 տարեկանները, եթե նրանց առաջարկեմ, օրինակ, բռնոցի խաղալ:

   Մանկությանս լավագույն խաղերից մեկը «ճամբարն» էր: Դե, ոչ այնքան խաղ, որքան ամենամյա մեծ միջոցառում, որ կազմակերպվում էր փողոցից ինչ-որ մեկի բակում: Ճամբարը իր մեջ նախ ընդգրկում էր տարբեր մրցույթներ` ով ավելի արագ մի մեծ բաժակ ջուր կխմի, ով արագ վարունգ կուտի կամ մի տուփ քաղցր թխվածք և այլն: Սա ճամբարի ամենաինտրիգային մասն էր ու իմ ամենասիրելին, դե, որովհետև ուտելու գործ կար: Հետո պարի, երգի մրցույթների ժամանակն էր` իմ ամենաչսիրածը, որովհետև ես մի քիչ անտաղանդ էի: Տարիքով ավելի մեծ երեխեքը կազմակերպում էին նաև ցուցադրություններ` հիմնականում հագուստի, ու պարզվում է, որ տարիներ անց մեր հորինած հագուստները` հին վարագույներից շրջազգեստներ, պապիկի վերնաշապիկներից զգեստներ և այլն, այսօր մոդայի լավագույն ներկայացուցիչներն են: Ամենաշատը, որ տպավորվել է հիշողությանս մեջ, փոքրիկ գունավոր թղթերն էին, որոնք փակցնում էինք երկար թելերի վրա ու կապում ամբողջ բակով մեկ` մեր գլխավերևում: Թղթերը միշտ փողոցի երեխեքից մեկի մոտ էին լինում, ամեն տարի վերցնում էինք նրանից, ու ինձ թվում էր, որ դրանք հենց հատուկ մեր ճամբարի համար էին պատրաստվում, դրանից հոգիս փառավորվում էր, բայց հիմա հիշում եմ նաև, որ դրանք ինչ-որ պահածոների` դեռ չօգտագործված պիտակներ էին, բայց ոչինչ, ես ինձ խաբված չեմ համարում: Ճամբարն ավարտվում էր պարով ու մեծ, համեղ տորթը կիսելով. դե հասկացաք՝ էլի իմ ամենասիրելի հատվածներից։

Մենք մանկությունից յուրահատուկ հիշողություններ ունենք` ամեն փողոցին ու բակին հատուկ ավանդույթներով, խաղերով ու աղմուկով, ու հիմա հաճախ եմ ուզում երեխաներին փողոցներում տեսնել` դասերից հետո մինչև ուշ գիշեր` ուժասպառ, փոշոտված ու սոված, ուզում եմ, որ որոշ ժամանակով ինձ իմ մանկություն տեղափոխեն:

Ո՞ւր եք կորել, երեխեք:

aniharutyunyanarm

Հարևանություն

 Գյուղացիները իրենց փողոցում կատարվող իրադարձությունները երբեք բաց չեն թողնում: Տղամարդկանց շրջանում հատկապես մեծ իրարանցում է առաջանում, երբ հարևաններից մեկի մեքենան փչանում է, հատկապես, երբ մեքենան վերջերս են գնել ու նոր մոդելի է: Բոլորը իրենց պարտքն են համարում հավաքվել ու կանգնել մեքենայի կողքին: Անգամ Արթուրը, որ ամբողջ կյանքում տրակտոր է վարել, խոր ու մտածկոտ հայացքով նայում է շարժիչին, «ապե»-ներով հագեցած խառը ու տարօրինակ նախադասություններ ասում ու նեղանում, որ իրեն չեն հասկանում: Ընդհանրապես, բոլորն էլ գալիս ու լուրջ հայացքով նայում են, սկզբում փորձում են առաջինը լուծումը գտնել ու հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը, բայց կամաց-կամաց սկսում են ուրիշ խոսակցություններով տարվել` մեքենային ու տիրոջը թողնելով մենակ:

Առհասարակ, ձմռան ցուրտ օրերից բացի` փողոցի անկյուններից մեկում միշտ տղամարդիկ են հավաքված, ու միշտ հեռվից մեկը` բարձր խոսելով ու գոռալով քննարկմանը մասնակցելով, ուշացած մոտենում է: Տղամարդիկ հարևանություն են անում փողոցում, կանայք` սուրճի սեղանի շուրջ կամ տան դռան դիմաց, երբ հարևանին տուն են ճանապարհում: Տղամարդիկ հարևանություն են անում մի կապոց խոտ ու բահ փոխանակելով, կանայք` շաքարավազ ու մերան: Տղամարդիկ վիճում են ու երեկոյան կովերին դաշտից տուն բերելիս բարձր ծիծաղում, կանայք վիճում են հավիտյանս հավիտենից: Հավաքված տղամարդիկ խոսում են ու երբեմն լսում իրար, կանայք միայն խոսում են։

Մեր փողոցում ամեն օր լուրջ հարցեր են լուծվում, որովհետև Հրաչը երկրի կառավարման լավագույն ծրագրերն ունի, միայն թե հավես չունի դրանք գրելու, ներկայացնելու. ինքը զբաղված է, հողը պիտի մշակի: Վրեժը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել հաստատ կարող է, բայց դե «զահլա չկա»` քաշքշուկների մեջ ընկնելու: Անուշը բավարարվում է միայն գյուղատնտեսական հարցերը քննարկելով, թե չէ` ամբողջ երկրի հոգսը մի քիչ շատ է իր ծերացած ուսերի համար։

Մեծ հարցերից իջնելով փոքր գյուղ՝ կանայք սկսում են ապրել բոլորի փոխարեն՝ եթե ես լինեի Գոհարի տեղը, տղային էդ աղջկա հետ չէի ամուսնացնի, ախր, դա հարսի փռած լվա՞ցք ա, ես բա էդպես կանեի՞։ Սուրճի բաժակները դատարկվում են մեկ օրվա հավաքված թեմաների հետ. բոլորի կյանքը քննարկված ու դատապարտված է, ճիշտն ու սխալը՝ որոշված, մնաց միայն փողոցի երկու երիտասարդների նոր-նոր սկսվող սերը բացահայտել, բայց սուրճն արդեն վերջացել է, ճաշն էլ վաղուց գազօջախին եռում է։

Գյուղում կանայք իրենց տղաներին հարսնացու են ընտրում ըստ աղջիկների` լավ եփել-թափելու, գործ անելու մակարդակի` բացի, ինչպես հասկացաք, Գոհարից: Գյուղում ապրող աղջիկները բակ ավլել, լվացք փռել ու եփել-թափել պիտի կարողանան, բայց ավելի լավ է` միայն եփել, իսկ եթե կենցաղային գործերը հիանալի անելուց բացի նաև հող մշակել կարողանան, այ դա իսկական երազանքների հարս է: Ո՞ւմ է հետաքրքիր աղջիկների սովորածը, կարդացածը, հավանած գրքերն ու սիրած ֆիլմերը: Գյուղի կանայք հիմնականում գործ անողներին են սիրում, որովհետև ոչինչ, որ իրենց հարսի հետ երկու բառ փոխանակելն անհնար է, ոչինչ, որ հարսի համար երեխա դաստիարակելն անհնար է, կարևորը առավոտյան 9-ին արդեն բակը մաքուր, ճաշը պատրաստ ու փոշիները սրբված լինեն: Բայց շատ մի մտածեք, ինչ էլ անեք, մեկ է` հարևանի հարսը, դե գիտեք, միշտ էլ լավն է:

Տղամարդիկ հարևանություն են անում Ամանորից Ամանոր` խոպանից վերադառնալիս, կանայք` տղամարդկանց սպասելով: Գյուղում տղամարդիկ իսկական հարևանություն անել գիտեն, կանայք էլ:

aniharutyunyanarm

Լվացք

Տարվա եղանակների հետ գյուղում փոխվում է օդում ծանրացած հոտը: Գարունը բերում է ծաղկած ծառերի, տաք արևից գոլորշիացող ձմռան ցրտի ու թռչունների ծլվլոցի հոտը: Ամառը մեքենաների անիվներից, կովերի ու տնային կենդանիների քայլքից բարձրացող փոշու ժամանակահատվածն է, որովհետև ասֆալտի իշխանությունը դեռ ամբողջությամբ չի հաստատվել գյուղում: Աշուն, հասած մրգեր, ծաղիկներ, թափվող տերևներ ու անձրևներ. խոնավության ու թարմության, արդեն զգացվող սառնության հոտն է թափառում օդում:

Ձմռանը գյուղը դանդաղ ծխում է, վառարանները կարմրած վառվում են, ու ծխի հոտը նստում է մարդկանց ուսերին, հագուստին, պարաններից կախված լվացքին: Կախված լվացքին, էն լվացքին, որ մաման խնամքով առանձնացրել ու գույներով դասավորել էր, հերթով, ամեն գույնը իր հասանելիք ժամանակով լվացել, նույն հոգատարությամբ հանել ու թափ էր տվել, տարել դուրս, լվացքի պարանը սրբել ու կախել: Ձմռան խոնավությունից բավականին երկար չորացող լվացքը հավաքելիս ու տուն բերելիս մաման քթի տակ խոսում է։ Լսողությունս լարում եմ, որ լսեմ, որովհետև երբ մաման քթի տակ խոսում է, ուրեմն բողոքելիքը բարեբախտաբար ինձ ու առհասարակ կոնկրետ ինչ-որ մեկին հասցեագրված չէ: Կռիվը ծխի հետ է, որ չի հասկանում` էդ լվացքը դեռ մաքուր է, տեղ գնալու շորեր են, ախր, անտարբեր անցիր, կողքով անցիր, հո դժվա՞ր չի: Անկախ մամայի բողոքներից՝ գյուղն ինձ համար ձմռան ծխի հոտով է գյուղ ու էդ ծխից տուժող լվացքով: Ու ծուխը որքան թանձր է, այնքան գյուղը ապրում է, գյուղում ապրում են, տաքանում են, տները կան, լվացքների պարանները դատարկ չեն մնում:

Ընդհանրապես հաճախ եմ լվացքի պարաններին ուշադրություն դարձնում, երբ գյուղի մյուս ծայրի փողոցներում եմ լինում, որ զգամ, որ գյուղը ամբողջությամբ է շնչում: Սովորականի նման լվացքը չեմ գտնում հեռու փողոցի առաջին տան պարանին: Մտածում եմ` երևի էսօր լվացք չի եղել: Մի քանի օր անց նորից դատարկ, այս ամիս արդեն անընդհատ դատարկ: Մի օր էլ ասում են` հեռու փողոցի սկզբի տան Գևորգը ընտանիքին էլ է տարել Ռուսաստան: Լվացքն էլ են տարել: Իսկ մի ուրիշ փողոցում փոշոտված պարանին լվացք է ավելացել. պարզվում է` գյուղ նաև վերադառնում են: Գյուղում նաև փոքրիկներ են ծնվում. որոշ պարաններ նախկինից ավելի ծանրացած ու կռացած են, որովհետև նոր ծնվածների ու երեխեքի անընդհատ ցեխոտվող, կեղտոտվող շորերը պարաններից անպակաս են:

Թող գյուղում ծուխն ու լվացքը շատ լինեն, թող մաման ամեն անգամ քթի տակ կամաց խոսի ու կռվի, ոչինչ, թող իմ տեղ գնալու շորերը ծխոտվեն, էլի ոչինչ, բայց լինեն լվացքները, շատանան ու չպակասեն:

aniharutyunyanarm

Տունը ձմռանը

-Էհ, Աստված, գոնե շատ ցուրտ չանի էս տարի, ցախը յոլա տանի,-բակում կանգնած մառախլապատ երկնքին նայելով խոսում է ծերուկը։

Մի քիչ մրսելով նայում է բակին. ամեն ինչ դասավորված է, պահոցի դուռը պինդ փակված է. պահածոները չեն սառչի, շունը տաք բնում քնած է։ Գյուղացի ծերուկը տուն է գնում. հանգստանալու ժամանակն է։ Կոտրատած ու պահեստավորած ցախը արդեն քիչ-քիչ տուն է տանում, թափ տված վառարանն արդեն դրված է, ցախը վառարանում ճարճատում է, տաքությունը հաճելի է, երբեմն՝ շատ, որ կողքին երկար կանգնել չի լինում։ Ձմռան համար նկուղում պահվող կարտոֆիլը վառվող վառարանի վրա պլեճ է դառնում, կողքին փոքրիկ տեղ է բացված թեյնիկի համար, ջուրն արդեն եռում է, թեյի բաժակները կողքի փոքրիկ աթոռին են դրված, այգուց հավաքած, մի քիչ ցուրտը տարած ծիրանի մուրաբան անպակաս է, մի քանի կոնֆետ ու թխվածքաբլիթ է դրված ափսեի մեջ, բայց դրանք մնում են տեղում, մուրաբայի ափսեն միշտ դատարկվում է. իրենց ձեռքով պատրաստած մուրաբան ուտում են ավելի սիրով։

Գյուղի տունը շատ մեծ է, թոռները տանը չեն, մեծ տունը ձմռան ցրտից ավելի լքված է թվում, դրա համար ծերուկները վառարանը դնում են փոքր միջանցքում, մեծ հյուրասենյակի դուռը փակում, որ դատարկությունը շատ չզգացվի։ Թե բախտները բերի, թոռները ձմռանը կգան, մի քանի օր էլ կմնան, բայց այդ ժամանակ էլ հյուրասենյակի դուռը չեն բացի, որ փոքր միջանցքում իրար ավելի մոտ նստեն, վառարանի ջերմությունից շատ թոռների ջերմությամբ տաքանան։ Երեկոյան պապը՝ թոռների աղմուկից հոգնած, բազկաթոռին կքնի, ֆուտբոլը այդպես կմնա միացրած, բայց տատը հերթական սերիալը նայելու համար ալիքը չի փոխի, որովհետև թոռների համար թաքցրած ամենահամեղ ուտելիքները պիտի հանի և ուշադիր հետևի, որ հանկարծ ինչ-որ բան ափսեներում չմնա։ Պապը ամեն անգամվա նման երկրորդ խաղակեսից առաջ չի գնա պառկելու, նա գիտի, որ եթե մնաց, անպայման կքնի, բայց գոնե թոռներին մոտ կլինի, միգուցե վազվզելիս միամիտ դիպչեն իրեն, արթնանա, ձևական բարկանա, բայց սրտում ուրախանա՝ մի քիչ էլ կանցկացնի երեխեքի հետ։

Առավոտյան թոռները ուրախ-ուրախ կգնան քաղաք, որովհետև տատն ու պապը ժպիտով կճանապարհեն, կճանապարհեն ու կգնան վառարանի մոտ, պապը դիտմամբ ծուխ կթողնի վառարանից, որ արդարանա, թե ծխից են աչքերը լցվել, տատն էլ թեթևացած կհամաձայնի` իմն էլ:

Ձմեռը կգա ու քուն կբերի տներին, դաշտերին ու գյուղացուն, տուն կբերի տղաներին, թոռներին ու գյուղացուն, ձմեռը կգա, որ մնացած երեք եղանակի համար հանգիստ ու նոր ուժ բերի գյուղացուն:

aniharutyunyanarm

Աթոռների բարձրությունն ու սեղանների մեծությունը

Փոքր տարիքում ես լաց էի լինում, երբ ինչ-որ բան էի ցանկանում, ու լացում էի այնքան, մինչև տալիս էին ցանկացածս։ Դա ամենասովորական, ամենահասարակ խաղալիքն էր, կոնֆետը, ափսեն, որը ջարդելու անհագ ցանկություն ունեի։ Հետո հասկացա, որ արդեն ոչ թե պետք է լացեմ, այլ ինքս գնամ ու վերցնեմ այն, ինչ ուզում եմ։ Ես, կարծես, մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ոչ թե հեշտությամբ պետք է գնամ ու հենց այնպես վերցնեմ ցանկացածս, այլ ճանապարհին ինչ-որ բաներ պետք է հաղթահարեմ՝ բարձր աթոռների տակով անցնել, սեղանները շրջանցել։ Բայց, անկախ ամեն ինչից, ես միշտ հասնում էի ցանկացածիս։ Փոքր տարիքում, իրոք, հեշտ էր։

Ամենածանրը, թերևս, այն օրն էր, երբ ես, հաղթահարելով բոլոր փորձությունները, հասա ու չկարողացա վերցնել կոնֆետները, որովհետև դրանց եղբայրս ինձնից շուտ էր հասել։ Չգիտեմ՝ որն է եղել քո առաջին հիասթափությունը, բայց դու կհասկանաս ինձ, եթե հիշես դա ու կներես, որ հիշեցնում եմ քեզ դրա մասին։ Ես գիտեմ, որ մանկությունն էլ չի լինելու ու չի լինելու նաև նպատակիս հասնելու ամենահեշտ տարբերակը՝ գնալ ու վերցնել։ Ճանապարհին միշտ բարձր-բարձր աթոռներ կհանդիպեն, մեծ սեղաններ, որոնց շրջանցելու համար կոշիկներ կմաշվեն ու մազեր կսպիտակեն, մարդիկ, որոնք ավելի շուտ կվերցնեն իմ նպատակը, բայց կլինեն նաև մարդիկ, որոնք լացող երեխային հանգստացնող մոր պես կգրկեն ինձ, ու ես նորից ինչ-որ տեղից ուժ կգտնեմ։ Ես գիտեմ, որ ճանապարհները սարսափելի երկար են լինում, ճանապարհները՝ դեպի լույսը տանող։ Լույսը, բայց իմ ներսի, որովհետև մութ թունելի վերջի լույսին սպասելու կարիք չեմ ունենա, եթե հասնեմ ու դուրս հանեմ իմ ներսի լույսը։ Բայց ես կշարունակեմ քայլել մութ թունելով, քայլել ու կոշիկներ մաշել այնքան, մինչև հասնեմ այդ լույսին, ու բոլոր նպատակների վերջում, բոլոր հաղթանակների ու պարանոցիցս կախված ոսկե «մեկերի» վերևում՝ ամենա-ամենա բարձրում, փոքր լույսը կդնեմ, որ հետո՝ վերջում, արդեն անցնելիք ճանապարհի փոխարեն լուսավորեմ անցածս ճանապարհը, որովհետև ես գիտեմ, որ ավելի շատ բարձր աթոռներ ու մեծ սեղաններ հաղթահարելուց հետո նպատակին հասնելն անտանելի հաճելի է։

Ես գիտեմ, որ երբեմն ամենադժվարը հասկանալն է այն, որ արդյոք նպատակը, որի համար ճանապարհներ պիտի անցնեմ, իրո՞ք պետք է ինձ, միգուցե դա մանկական քմահաճույք է՝ ափսե ու բաժակ կոտրելու նման։ Ես պիտի կյանքում իմ կոնֆետն ու իմ լույսին տանող ճանապարհը գտնեմ, որ վերջում մոռանամ անգամ ճանապարհի աթոռների բարձրության ու սեղանների մեծության մասին։

aniharutyunyanarm

Բայց սա ուրիշ պատմություն է

Ամեն ինչից անկախ` յուրաքանչյուր ընտրությունից առաջ ժողովուրդը միշտ էլ որոշակի հույս ունենում է` մի քիչ, շատ քիչ, հոգու էն ամենախորքում, որ այս անգամ ուրիշ է լինելու, որ մարդիկ իրոք իրենց ընտրությունն են կատարելու, որ նորից չեն հիասթափվելու ու խաբվելու: Խնդիրներն ամենուր են, լուծումներին սպասում են բոլորը, բայց գյուղում ավելի շատ են սպասում, ավելի շատ են ուզում հավատալ, որ հաջորդ տարի բերքը գետնին ու ծառերին չի մնա, ջուրը ժամանակին կլինի, հարկերը աշխատածից ավելի շատ չեն լինի, ու հավատում են` ուզած-չուզած, որքան էլ բողոքում են, մեկ է, ընտրությունից առաջ էլ, հետո էլ, իրենք իրենց հողի հետ են, ծառերի ու այգիների, կենդանիների հետ են: Բողոքում ու ցանում են, բողոքում ու բերքահավաք են անում ու ամեն սերմի հետ հավատ են ցանում, որ բերքը առատ է լինելու, բերքահավաքին հույս են հավաքում, որ բերքը ամբողջությամբ վաճառելու են ու ձմեռն ավելի ապահով են դիմավորելու:

Այս տարի բերքը այդքան էլ լավ չի վաճառվել, ճանապարհներին է մնացել, բայց Ռաֆիկ պապը, անկախ ամեն ինչից, ձմռանն է պատրաստվում: Փայտը կոտրատելու ձայն եմ լսում իրենց բակից, գնում եմ ու թակում դարպասը, բայց կացնի ձայնն ավելի բարձր է: Հենց այդպես ներս եմ մտնում, որովհետև Ռաֆիկ պապի բակ մտնելիս դարպասը թակելը կարևոր ու պարտադիր չէ. դռներն ու սրտերը միշտ բաց են:

-Ռաֆիկ պապ, ի՞նչ կասես, ի՞նչ ես սպասում ընտրություններից, մի բան կփոխվի՞:

Հարցիցս հետո ծիծաղելով ասում է․

-Էլի թուղթն ու գրիչն առած եկա՞ր,- ու շարունակում,- ամեն անգամ բարձրանում, սիրուն-սիրուն խոսում են, վերջում տեսնում ենք` սայլը տեղից չի շարժվում, ես ի՞նչ գիտեմ` էս անգամ էլի տարբեր մարդիկ նույն պատմությունը չե՞ն կրկնի: Ինչ էլ լինի, ես հո ուրիշ տարբերակ չունե՞մ: Էլ էս երկրից, էս գյուղից գնացողը չեմ, ով էլ գա` պիտի հարմարվեմ: Ես իմ հողի ու անասունի տերն եմ, ինձ հերիք ա, որ գոնե մի քիչ հարկերը թեթևացնեն, որ գյուղացին իրա տանջանքի դիմաց գոնե իրա բերքից մի քիչ օգուտ ունենա:

Որոշում եմ շատ չխոսեցնել Ռաֆիկ պապին, որ ցախի օրվա բաժինը շուտ կոտրի` գնա տուն, որ հասցնի հանգստանալ, թեյ խմել, մի քիչ լուրեր նայել ու քնել` հաշվելով, որ երեք օրից արդեն կվերջացնի, չորրորդ օրը կոտրած փայտը կպահեստավորի ու վառարանը կդնի:

Փողոցի վերևից իջնում եմ դեպի մեր տուն ու հարևան Հրաչի երգելն եմ լսում: Մեր ու իրենց բակը բաժանող պատի մոտ կանգնում ու հանգիստ խոսում եմ, փոքր տարիքում անգամ այդ պատով իրենց բակ էի մտնում: Իսկական հարևանություն եմ ասել, է՜: Միշտ ընդդիմադիր Հրաչն էլի դժգոհ է, ասում է, որ մոտակա 4-5 տարին հույս չունի, որ ինչ-որ փոփոխություն կլինի կամ փոփոխությունը կհասնի գյուղին.

-Բոլոր երկրներում գյուղացիներին 2 տոկոսով վարկեր են տալիս, դուք մեր վարկերի տոկոսները տեսե՞լ եք: Գյուղացին մի վարկը փակելու համար մյուսն է վերցնում, իրեն էլ ոչ մի բան չի մնում: Շատ կուզեի, որ երբ բերքը հասներ, ոչ թե գյուղացին ընկներ շուկաները, որ իր բերքը ծախեր, այլ գային, դաշտից մեծ մեքենաներով գնեին ու տանեին, որ գյուղացին ժամանակ ունենար ամբողջ օրը ծառերով ու բերքով զբաղվելու, որովհետև էդ բոստանը մշտական խնամքի կարիք ունի:

Եկա, Հրաչին նորից խոսեցրի, դարդերը խառնեցի ու թաքուն հեռացա, որ ընկերուհուս հետ թեյ խմեմ: Մենք ամեն ինչից խոսում ենք, բայց քաղաքականությունից, ընտրություններից` հազվադեպ: Իրենց ծառերի նուռն ուտելով, թեյով տաքանալով կամաց-կամաց թեման բացում եմ.

-Նար, ընտրության գնալո՞ւ ես, իրար հետ գնանք:

-Չգիտեմ, որ գնալու լինեմ` կասեմ քեզ:

-Ի՞նչ ես մտածում, բա:

-Գիտես, որ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, բայց հավատում եմ, դե, գոնե ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի, կամ արդեն փոխվել ա, ոնց դու ես հավատում ու շատերը: Առաջին անգամ ես, չէ՞, ընտրելու: Կգնանք, կընտրես, որ քո ընտրությունը հաղթի, կհասկանաս, որ փոխվել ա, որ հավատալդ իզուր չէր: Ես առաջին անգամ չեմ գնում, բայց էս անգամ ես էլ հույս ունեմ, որ իմ ընտրությունը տեղ կհասնի:

Իմ գյուղում ու մնացած գյուղերում մեծահասակների մտածմունքի թեման հողն ու ջուրն են, կանայք խոպանից ամուսիններին ու որդիներին են սպասում, աշխատատեղերի բացվելուն են սպասում, երիտասարդները գյուղում հետաքրքրությունների են սպասում, ես էլ եմ սպասում, որ գյուղերին կնկատեն, որ այնպես կանեն, որ ուսանողները հաճույքով վերադառնան գյուղ դասից, իմանան, որ երեկոյան արդյունավետ ժամանց են ունենալու, բոլորով մի տեղ հավաքվելու տեղ են ունենալու:

Ու էսպես գյուղում ու Հայաստանում ամեն ընտրությունից առաջ նոր հույսեր են վառվում: Այս անգամ հույսերը մեծ են, սպասումները` շատ, ու որքան շատ ենք սպասում, հիասթափությունն այնքան մեծ է լինում:

Բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, այս անգամ մենք հիասթափությունը տան ամենախորը դարակում պահելու ու նոր ընտրության ենք գնալու:

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 5

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ախթունգ, ախթունգ… Նորից գրում եմ Բեռլինից, բայց այս անգամ որոշել եմ չբողոքել, թե որքան ենք քայլում, որքան են ոտքերս ցավում, որ դրսում «վայ-ֆայ» գտնել չենք կարողանում. հաստատ չեմ գրելու դրանց մասին։

Չեմ գրելու, որովհետև չգիտեմ՝ հաջորդ անգամ երբ կտեսնեմ Բեռլինը, երբ նորից կքայլեմ խառը փողոցներով, որովհետև, ի վերջո, ամեն օր չէ, որ ճանապարհորդելու հնարավորություն ունեմ։

Ուրեմն, սկսվեց մեր կյանքի տարբերվող ուրբաթներից մեկը։ Ինչպես միշտ նախորդ օրվա հոգնածությունը Մարտինը իր ժպիտով ու դրական տրամադրությամբ վերածում է մոտիվացիայի:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մարտինի հետ խոսում էինք հանրային ու մասնավոր ԶԼՄ-ների մասին։ Բոլոր մասնակիցները ներկայացնում էին իրենց երկրների օրինակները, ու պարզվեց, որ միայն Հայաստանում չէ, որ անգամ Հանրային հեռուստաընկերությունը որոշակի իշխանամետ դիրքորոշում է արտահայտում. գրեթե բոլոր երկրներում կա նույն խնդիրը։ Բայց, օրինակ, Չեխիայում հանրային հեռուստաընկերությունն իրոք ազատ է ու կախված չէ ոչ մի քաղաքական կամ ոչ քաղաքական ուժից։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Բոլոր երկրներում մարդիկ առանձին հարկ են վճարում հանրային հեռուստաընկերությանը, իսկ Հայաստանում և Մոնտենեգրոյում հանրային հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից։

Մարտինի փոխանցած ուրախ տրամադրությանը գումարվեց ճաշը, ու վերադարձանք Վայսի դասընթացին՝ տվյալների վրա հիմնված լրագրություն։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ասել է, թե որոշ կայքերի միջոցով կարող ենք շատ տվյալներ ու տեղեկություններ ստանալ ինչ-որ մարդկանց մասին, ու այդ ամենը օրենքի սահմաններում։ Օրինակ, կան նաև կայքեր, որտեղ կարող ենք նշել, ասենք, ինչ-որ ռեստորանի անուն ու տեսնել, թե վերջին մի քանի տարիների ընթացքում ինչ դեպքեր են եղել տվյալ վայրում։

Օրինականը` օրինական, բայց որոշ դեպքերում մեր անձնական նամակները կարող են չմնալ միայն մեր ու մեր զրուցակցի միջև. մասնակիցներից մեկը պատմեց, որ ընկերուհու հետ ֆեյսբուքում մի համալսարան է քննարկել ու միանգամից ինստագրամում տվյալ համալսարանի գովազդն է ներկայացվել։ Հաջորդ անգամ, երբ կորոշեք բողոքել ձեր դասախոսներից, ուղղակի ընկերուհիներով գնացեք մի որևէ հանգիստ ու ոչ մարդաշատ այգի։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Դուք որոշում եք՝ ո՞ր այգին գնալ, իսկ մենք սկսում ենք հանգիստ տեղ փնտրել մեր աշխատանքային խմբերով քննարկումներ անելու համար։ Մեր խմբի թեման մեդիայի լեզուն է. որոշել ենք ներկայացնել, թե նույն իրադարձությունը տարբեր լրատվամիջոցներ ինչպես կարող են ներկայացնել՝ ավելացնելով դրական կամ բացասական երանգներ։ Քննարկումից հետո, ինչպես միշտ, որոշում ենք դուրս գալ քայլելու, բայց օրը մոլորվելու օր է ստացվում. նախ՝ Մարիամը, Անին ու ես դուրս ենք գալիս հյուրանոցին մոտ խանութը գտնելու. միայն մոտ մեկ ժամ քայլելուց ու փնտրելուց հետո ենք հասկանում, որ ընդամենը 10 րոպե էր ճանապարհը։ Ես հետ եմ վերադառնում, Մարիամն ու Անին շարունակում են ճանապարհը, որ էլի մոլորեցնելու էր նրանց։

Ինչևէ, ուրախ եմ, որ նախաճաշին բոլորս տեղում էինք՝ Անիները, Հոնը, Սիրանը, Մարիամն ու Մարտինի ժպիտը։

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 1

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Իմ բոլոր օրերը տարբերվող են. դե, այնպես չէ, որ իմ կյանքը այդքան հետաքրքիր է, ուղղակի բոլորիս ամեն օրն էլ, վստահ եմ, երբեք նույնը չի լինում։ Բայց մեր «տարբերվող» օրերում մենք բոլորս էլ ունենում ենք օրեր, որոնք ավելի տարբերվող են։

Չգիտեմ՝ նոյեմբերի 12-ը շատերի համար ինչպես էր տարբերվում, որքա՞ն շատ մյուս օրերից, բայց Զվարթնոց օդանավակայանում հավաքված 5 երիտասարդների օրվա տարբերվողության մասին հաստատ կարող եմ պատմել։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

«Մանանա» կենտրոնի հերթական համատեղ ծրագրի շրջանակներում մենք`  Մարիամը, Հովնանը, Սիրանն ու երկու Անիներս, սկսում էինք մեր ավելի տարբերվող օրերի շարքը։ Մեկնարկը՝ գիշերվա 3-ին, օդանավակայանից։ Հոնը հանգիստ էր, իհարկե, շատ ճանապարհորդած լինելուց բացի՝ նա նաև «խմբապետն» էր։ Սիրանը, շատ ճանապարհորդած լինելով, նորից հուզված էր, Մարիամը անընդհատ սերիալներ էր հիշում ինքնաթիռների հետ կապված, դե, ոչ այնքան դրական ու տրամադրող, ինչպես պետք է լիներ։ Իսկ Անիների  ճանապարհորդական առաջին փորձն էր։ Ու խառը զգացումներով, բայց նույն տարբերվող օրով թռանք Բեռլին, դեպի How to Read Media in Post-Truth Era ծրագիրը։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ու քայլում էինք, քայլում էինք, քայլում… Այնքան քայլեցինք, որ հանգիստ մի հեղափոխություն էլ կարող էինք անել։ Առիթից օգտվելով ուզում եմ ներողություն խնդրել երեխեքից ու իրենց նյարդերից, որ շատ, բավականին շատ հաճախ բողոքում էի, որ հոգնել եմ, ու որ չենք կարողանում գտնել «վայ-ֆայ»։ Մյուս կողմից էլ` Ավետիսյան Անիի համար իմ բողոքներից հաճելի փաստ բացահայտվեց։ Ասում է՝ ինձ թվում էր՝ ես կախվածություն ունեմ տեխնիկայից, մինչև հանդիպեցի Անիին։

Բայց թողնենք մի կողմ բոլոր բողոքներն ու չգտնված «վայ-ֆայները» ու վերադառնանք Բեռլինին։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Անկեղծ, ես քաղաքը պատկերացնում էի հենց այնպես, ինչպես տեսա իրականում, պատկերացնում էի ունենալիք զգացումներս, երբ կտեսնեմ հին կառույցներն ու  արձանները։ Չգիտեմ՝ որ երկրների քաղաքներում են ավելի շատ հեծանիվներ, բայց Բեռլինն իմ տպավորություններում մնալու է որպես հեծանիվների քաղաք, երբ մենք զարմանում ենք հեծանիվով աշխատանքի գնացող երիտասարդներ տեսնելիս, այստեղ մեծահասակները հեծանիվներով թոշակ ստանալու են գնում։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Գունավոր տները թեթև ժպտում էին, բարձրահարկ շենքերը վերևից աչքով անում, հեծանիվները շտապում էին, իսկ մենք՝ անընդհատ քայլում։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Որքան էլ հոգնած էինք, բայց ավելի շատ փողոցներով անցնելու ցանկությունն ավելի մեծ էր։ Չգիտեմ՝ Հոնն ինչպես էր հիշում փողոցներն ու ճանապարհները, այն էլ այն դեպքում, երբ հիմնականում նույն ճանապարհով հետ չէինք գնում, բայց խճճվելը բավականին հեշտ էր, մանավանդ, երբ ուշադիր ու առանց ինչ-որ բան բաց թողնելու ցանկությամբ մեր շուրջն էինք նայում։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հասանք հյուրանոց ու հասկացանք, որ քնելու ցանկությունն արդեն մեզ պինդ գրկել է։ Բարձրացանք համարները՝ նորից իջնելու ու տեսնվելու հույսով, բայց քնեցինք արդեն առավոտյան հանդիպելու հույսով, իսկ առավոտյան հաստատ բոլորիս օրն էլ ավելի տարբերվող էր լինելու։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Դասընթացը սկսվելու է վաղը:

aniharutyunyanarm

Ցրտահարություն է սպասվում

Վաղը գիշեր սպասվում է ցրտահարություն… Թըխկ, թըխկ, թըխկ… Ցրտահարություն… Թըխկ, թըխկ: Վաղը գիշեր: Ցրտահարություն: Թըխկ…

- Շուշան, վաղը գիշերը ցրտահարություն ա լինելու, արի մեր բոստանից պոմիդոր հավաքի:

- (Թըխկ, թըխկ) Արշո՛, էդ լուսամուտի ցելոֆանը հետո կխփես, վաղը ցրտահարություն ա լինելու, դաշտիդ տեր եղի…

Աշունն էլ էսպես եկավ ու գյուղի բարձր փողոցից գլորվեց ներս: Այնքան արագ, միանգամից, որ Արշոն չհասցրեց պատուհաններին ցրտից պաշտպանող «ցելոֆանները» խփել, Հրաչը` բերքը մինչև վերջ հավաքել: Աշունը էսպես եկավ, որ մի գիշերով հասկացնի` հողի, գյուղացու հանգստանալու ժամանակն է արդեն:

Անձրևը կաթիլ-կաթիլ ասում է, որ տարաներում հավաքած խաղողը արագ օղի պետք է դարձնել, թե չէ` ցախերը կթրջվեն, օջախները էլ չեն վառվի: Կաթիլ-կաթիլ ջղայնանում է, որ բերքը արագ հավաքել է պետք, թե չէ այգու հողը կխոնավանա, լոլիկները` ջրերի ու ցեխերի մեջ կնեխեն: Էդպես կաթիլ-կաթիլ ստիպեց, որ հոտի տեր գյուղացին վերջին ուժերը հավաքի, խոտն ու հոտը դաշտից տուն բերի, թե չէ որ խոտը մի քիչ երկար մնաց դաշտում, հաստատ կնեխի: Նույն կաթիլներով անձրևը Սոնիկին հիշեցրեց, որ թթուն դնելու ժամանակն է, քանի կաթիլները փաթիլներ չեն դարձել:

Գյուղացին նայեց գետնին, դեղին տերևներին ու հասկացավ, որ նկուղից վառարանը հանելու ու թափ տալու ժամանակն է: Որ արդեն փայտ գնել է պետք, աթարը` անձրևի չարաճճի կաթիլներից փախցնել ու պահեստում դարսել: Նայեց չվող թռչուններին ու հայացքով նրանց հետ անցած ամառվանից պահած մի քիչ ջերմություն ուղարկեց, որ աշունը շուտ անցնի, ձմեռը` չզգացվի, ու թռչունները գարունն ու իր ուղարկած ջերմությունը չմոռանան վերադարձնել:

Քամին չմոռացավ հիշեցնել, որ շատ մոմեր է պետք գնել, լամպերի փոշին սրբել, որովհետև նա շուտով կհանդիպի անձրևին, իսկ նրանք երկուսով կգան, կտանեն գյուղի լույսերին: Քամին խառնեց Արշոյի սպիտակ, բայց երկար ու փարթամ մազերը, որ նա գնա տուն, հայելու մեջ նայի ու նորից հիշի` Հրաչն ասում էր` ցրտահարություն. բերքիդ տեր կանգնի: Քամին երեխաների գնդակները քշեց, գցեց կողքի բակ, որ Նազիկ տատի ծեր, բայց զրնգուն ձայնը նրանց հիշեցնի` գնդակներն ու հեծանիվները ավտոտնակում պահելու, տատի գործած գուլպաները դարակից հանելու ժամանակն է:

Բոլորը կամաց-կամաց տուն կգնան: Հրաչն ամեն առավոտ էլ չի երգի. որքան էլ չուզենք, աշունը, ի վերջո, մի քիչ էլ տխրություն է, գյուղացիներն էլ այգիները ջրելու համար ջրի կռիվ չեն անի, հարսները կհոգնեն ամեն օրվա թափվող տերևներից ու բակերը չեն ավլի, երեխաները, ցրտից փախչելով, դուրս գնալու համար լաց չեն լինի, ջահելները երեկոյան խանութի բակում էլ չեն հավաքվի:

Նույն անձրևը, գյուղի անասֆալտ փողոցներին նստելով, կհիշեցնի, թե որքան անելիքներ կան, որ գարնանը միայն դաշտերը չէ, որ պետք է ծաղկեն: Շատ տների բակերում անկանոն թափված ու չավլած տերևները կստիպեն նորից նայել դռների կողպեքներին:

Ու էսպես աշունը կգա, կպատմի, որ գյուղում գրեթե ամեն ինչ պատրաստ է, որ գյուղացին ու հողը հանգստանում են, կհիշեցնի, որ ձմեռը մոտ է, որ «խոպաններից» վերադառնալու ու արդեն ավելի երկար, միգուցե ընդմիշտ մնալու ժամանակն է:

aniharutyunyanarm

Ֆարենհայթի աստիճանը

«Մարդիկ սարսափում են արտասովորից»,- ասում է Բրեդբերին:

Միգուցե համաձա՞յն ես մտքի հետ ու արտասովոր մարդկանց ուզում ես դո՞ւրս հանել հասարակությունից: Քո կարծիքով տարբերվող մարդիկ նորմալ չեն, իրենց միտքը միշտ ուրիշ տեղերում է թափառում, կապույտ մազերով աղջիկները երբեք անկեղծ չեն սիրում. ո՞նց կարող է նման արտաքինով մեկը զգացմունքներ ունենալ: Սեփական կարծիք ունեցող մարդիկ գոռոզ ու ինքնավստահ են, որովհետև քո անգիր արած դատողություններն իրենց հետաքրքիր չեն, որովհետև երբ դու խոսում ես ուրիշի նախադասություններով, երբ դու սերը պատմում ես Սևակով, աշունը` Տերյանով, նա խոսում է իր «ես»-ով, ու դու դրա համար նրան չես սիրում, որովհետև քեզ բարկացնում է քո անկարողությունը, քո կաղապարված լինելը, որովհետև դու բավականին շատ ես խրված ամբոխի մեջ, որ կարողանաս դուրս գալ, մտածել, դատողություններ անել, որովհետև քեզ համար հեշտ է համաձայնել նրա հետ, ում հետ դու այդ պահին խոսում ես, որովհետև դու չես ուզում երբեք վիճել, պաշտպանել քո համոզմունքները:

Ես քեզ նմաններին տեսնում եմ ամեն օր։ Քեզ, որ վախենում ես խորտակվել դիմացինի աշխարհում, դրա համար դու ուզում ես հեռու լինել նրանից, քեզ համար հեշտ է փախչել ամբոխի մեջ, քան կարդալ, որովհետև կարդալով դու կսկսես մտածել, մտածել ու հասկանալ, հասկանալ ու մտածել, իսկ հասկանալը երբեմն ցավոտ է, գիտակցելը երբեմն տանջում է, երբ վերլուծում ես, թե որքան սխալ բաներ կան աշխարհում, թե դու որքան անելիք ունես, դու դրանից վախենում ես: Քեզպեսները սիրում են ապրել անգիտակից, ասել է, թե` անտեղյակ, կամ ավելի կոնկրետ` բթացած:

Մեղավորը մենք ենք՝ բոլորս, որովհետև մենք սիրում ենք լսել, կարդալ, տեսնել հասանելին, պարզն ու հասարակը, որ չի ստիպի նախ զարմանալ, հետո փշաքաղվել, սառել տեղում, վերջում անկարող լաց լինել ու հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այն մարդկանց մոտ, որոնք ստեղծում են արժեքներ։

Մենք չենք գտնում ինքներս մեզ, մենք չենք գտնում մեր տարբերությունը, մենք յուրաքանչյուրս մի մատնահետք ենք, մի տերև՝ միակը, չկրկնվող, յուրահատուկ։ Մենք, գրողը տանի, ծնվում ենք ամեն մեկս ուրիշ լացով, որ հետագայում դարձնում ենք հազիվ լսելի մի ձայն, որ երբեմն ամբոխի մեջ «այո» գոռալու համար ենք բարձրացնում։

Մենք մեզ կապկպում ու գցում ենք մեր ներսի ամենամութ անկյունը, մեր մարմնի մեջ մենք բանտարկված ենք ու ազատությունը տվել ենք ուրիշին։ Ասում են՝ գիրքն այրվում է 451°-ում՝ ըստ Ֆարենհայթի, ընտրությունը մերն է. մենք կգտնե՞նք ամեն գրքում մեր տողը, թե՞ անտարբերության կրակով կայրենք դրանք։