Մանանա Դավթյանի բոլոր հրապարակումները

manana davtyan

Զբաղմունքի ԿՈՐՈՆումներ

Ողջույն:

Կորոնավիրուսի «թեթև ձեռքով» ստեղծված այս ձանձրալի իրավիճակում այդ վիրուսից բացի ուրիշ թեմա չկա էլ խոսելու: Ուզում էի խոսել մի ուրիշ թեմայից (թե՛ չկրկնվելու, թե՛ իրավիճակից շեղվելու համար),  դե չի լինում, վիրուսն ուրիշ թեմաներին էլ է խեղդում: Շատերը վախենում են, շատերի համար միևնույն է, բայց հարազատների  համար են անհանգստանում, շատերը դժգոհում են օնլայն դասերից, ավելի շատերն էլ պարզապես պարապ են:

Պարապությունն այս օրերի ամենաարդիական զբաղմունքն է բոլորի` այդ թվում նաև ինձ համար: Չնայած հաճախ փորձում եմ արհամարհել այն` մտածելով: Համացանցում մի օր հանդիպեց հետևյալ կատակը. «Ինքնամեկուսացում, օր 14: Աղավնի ենք բաց թողնում, որ իմանանք դրսում ինչ ա կատարվում»: Իրոք, կարծես նույն իրավիճակն է, ինչ Նոյի ժամանակ է եղել:

Սկսեցի հենց էդ հարցի շուրջ էլ մտածել։ Երկիրը հոգնել է մարդկանցից, ուզում է շնչել, հանգստանալ, մաքրվել այն ամենօրյա կեղտից ու փոշուց, և դա կարծես ստացվում է: Բայց  հենց իր հանգիստն առնի, անպայման կարոտելու է իր բնակիչներին` չար թե բարի, մեծ թե փոքր, իրենն են, չէ՞: Հավատացեք` պանդեմիան էլ ավարտ ունի ու հուսով եմ՝ այդ ավարտը մեզ երկար սպասել չի տա։

Զգացե՞լ եք` պահերը ինչ թանկ են դարձել: Դե հա, այդքան էլ հաճելի զբաղմունք չէ շաբաթներ շարունակ տանը նստելը, բայց հարազատների հետ անցկացրած պահերը, էկրանից այն կողմ ընկերներիդ տեսնելը և նման շատ «կարանտինային» պահերն էլ իրենց հետաքրքրությունն ունեն: Պարզապես եկեք փորձենք ամեն ինչի մեջ ժպիտի ու հետաքրքրության մի կտոր դնել ու կտեսնենք, թե ինչ բավականություն կստանանք:

Իսկ զգացե՞լ եք, որ ինչ էլ լինի, միևնույն է, դժգոհ ժողովուրդ ենք: Տանը նստած՝ սպասում ենք, թե երբ է այս ամենն ավարտվելու, երբ ենք վերջապես վերադառնալու մեր սովորական կյանքին, որ նորից բողոքենք տուն-դպրոց, դպրոց-տուն ռեժիմից ու երազենք տանը մնալու մասին, երբ ենք նորից դպրոց գնալու, որ դժգոհենք, թե ինչու 6:60-ի փոխարեն արդեն ժամը 7-ն է ու պիտի արթնանանք:

Չեմ սկսի զբաղմունքներ առաջարկելը, ինչն այսօր բոլորն են անում: Չէ, ֆիլմեր, երգեր կամ գրքեր էլ չեմ առաջարկի: Ուղղակի մի բան եմ ցանկանում ասել. պետք է մեր կյանքն էնպես դասավորենք, որ ցանկացած իրավիճակում առավոտյան ժպտանք ու շտապենք վեր կենալ, գիշերը չշտապենք քնել, դասի ժամանակ չսպասենք դրա ավարտին, չսպասենք` երբ անձրև կգա կամ արևոտ եղանակ կլինի: Եկեք ապրենք, ուրախանանք թեկուզ կորոնավիրուսով, օնլայն ժպտանք ու իրար ժպիտ տանք, պատուհանից մաքուր օդ շնչենք ու բավարարվենք սեփական տանը բանտարկյալ լինելու կարգավիճակով, տատիս ասած` «էս էլ իր տեղն ունի»։

Manana davtyan

ԲարՔեմփ Քութայիսիում

Վերջին ժամանակներս ինձ ամենաշատ տրված հարցը հետևյալն է. «Ի՞նչ ես արել Վրաստանում»: Հիմա վերջապես կպատասխանեմ այդ հարցին:

2019 թվականի սեպտեմբերի 27-29-ին ես ապրեցի անմոռանալի օրեր, որոնց մասին այժմ կարոտով եմ պատմում: Այդ օրերին Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի ունեցավ քաղաքացիական ԲարՔեմփ: Ի՞նչ է ԲարՔեմփը: ԲարՔեմփը միջոցառում է, որի բովանդակությունը, թեմաները որոշում, ձևավորում են մասնակիցները: Դրանք կարող են լինել բաց բանավեճեր, հետաքրքիր կազմակերպությունների ներկայացումներ և այլ ինֆորմացիայի ու փորձի փոխանակումներ: Բացի այդ, մասնակիցները կարող էին բարձրացնել իրենց հուզող թեմաները և դրանք ավելի լսելի դարձնել:

Այն, ինչն այս ամենի մեջ ինձ ամենաշատն էր գրավել, դա հավասարությունն էր դասընթացավարի և մասնակցի միջև: Բացի ընկերական շփումից ու հարաբերություններից, նրանք իրենց դասընթացը վարելուց հետո որպես մասնակից ներկա էին լինում ու հետևում մյուս դասընթացներին:

ԲարՔեմփի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր կապված ժուռնալիստիկայի, բռնության, կանանց իրավունքների, էկոլոգիական հիմնահարցերի, օնլայն հարթակների, լուսանկարչության հետ, պարզաբանվել են, թե ինչպես կարելի է ճիշտ լսել, խոսքը լսելի դարձնել և այլն:

Դե, իսկ հիմա անցնեմ ցանկացած միջոցառմանը մասնակցելու մյուս առավելությանը` նոր ընկերների ու շրջապատի ձեռքբերմանը: Իրականում ես մասնակիցներից տարիքով ամենափոքրն էի և, անկեղծ ասած, շատ ուրախ եմ դրա համար: Արդեն իսկ հասուն մարդկանցից միշտ էլ սովորելու շատ բան կա: Իրենցից այդքան փոքր լինելով, վերջում կապվել էի բոլորի հետ, չնայած, որ ընդամենը երեք օրվա ծանոթներ էինք:

Մասնակիցներ կային Ուկրաինայից, Ադրբեջանից, Վրաստանից, Չեխիայից և դե իհարկե, Հայաստանից (ի դեպ, թվով ամենաշատ մասնակիցները հենց Հայաստանից էին): Հաշմանդամություն ունեցողները` կյանքով լեցուն ու չափազանց դրական, մեծահասակները` հավերժ երիտասարդ, բնապահպանները` իրենց առաքելությանը հավատարիմ:

Ի դեպ, ԲարՔեմփի շրջանակներում բարձրացվեց նաև բնապահպանական խնդիրներից Ամուլսարի խնդիրը:  Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական խնդրի մասին կարծում եմ բոլորդ գիտեք, և գիտեք նաև, որ հանքի շահագործումը կարող է ունենալ չափազանց ծանր բնապահպանական հետևանքներ տարածաշրջանի համար (օդի, շրջակա գետերի աղտոտում և այլն): Եվ, առիթից օգտվելով, ցանկանում եմ իմ կողմից բարձրաձայնել այս շատ կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցը և դառնալ բնապահպանական այս նախաձեռնության մի մասնիկը:

Վերադառնալով ԲարՔեմփ-ին ավելացնեմ, որ այնտեղ կազմակերպիչների կողմից մեզ տրամադրվում էր բացառապես բուսական սնունդ, որը նույնպես ուներ իր նպատակը` պաշտպանել կենդանիներին ոչնչացումից: Չնայած նրան, որ Հայաստան մտնելուն պես միանգամից կենդանական սնունդ ենք ընդունել, բայց և այնպես ողջունելի է նման մոտեցումը:

Իսկ այս հագեցած առօրյայից հետո` միանգամից անցում կատարեցի տուն-դպրոց, դպրոց-տուն ռեժիմին, որը, ճիշտն ասած, կարոտել էի:

Ահա` ձեր հարցերի պատասխանը, ահա, թե ինչ եմ արել ես Վրաստանում:

Manana davtyan

Չէ՞ որ մայրիկը սպասում էր

Եթե մայրիկը «հրամայում է» շուտ հասնել իր աշխատանքի վայր, ապա չշտապելը անհնար է: Շատ արագ քայլերով, համարյա վազքով սլանում էի մայրիկիս մոտ: Սակայն մի ակնթարթ աչքերս տեսան այն, ինչը ստիպեց ոտքերիս դանդաղ շարժվել։ Իմ առջև բացվեց հետևյալ տեսարանը. մի մարդ, մոտ 50-60 տարեկան, օրորվելով անցավ փողոցը և շատ ծանր ընկավ մայթեզրին: Դանդաղ քայլում էի, և ուղեղումս խառնաշփոթ էր: Մի «ես»-ս պահանջում էր գնալ և օգնել այդ մարդուն, իսկ մյուսը, չգիտես՝ ինչու, հիշել էր ամաչկոտությանս մասին:

Ահա՛, այդ մարդուն երկու կին են մոտենում: Կօգնեն նրան, և՛ ես կհանգստանամ, և՛ խիղճս: Թեթևացած խոր շունչ քաշեցի: «Փրկիչ» կանայք եկան ու անտարբեր անցան այդ մարդու կողքով: Միայն ականջիս հասան նրանց փսփսոցները.

-Էս էլի խմած ա, տե՛ղն ա իրան, սենց էլ պիտի լիներ, էլի:

-Արի, արի: Գործ չունես հետը, գնացինք:

Ապշած կանգնեցի:

Շրջակայքում կային բազում հասուն կանայք ու տղամարդիկ, աղջիկներ ու երիտասարդներ, պատանիներ ու դեռահասներ, բայց նրանցից և ոչ ոք, տեսնելով այդ ընկած մարդուն, անգամ փոքր-ինչ խղճահարություն չէր զգում։

Ուղեղումս կրկին խառնաշփոթ էր, բայց մի պահ դադարեցի մտածել: Վազքով նետվեցի դեպի փողոցի մյուս հատվածը՝ դեպի ընկած մարդը: Բռնեցի ձեռքը, փորձեցի օգնել, բայց չէր ստացվում, քանի որ նա չէր կարողանում հավասարակշռությունը պահել, դե իսկ ես էլ այդքան ուժեղ չէի:

Ամոթալի է, բայց փաստ, որ շուրջբոլորը հաղթանդամ տղամարդիկ են, իսկ ընկած մարդուն փորձում է ոտքի կանգնեցնել 14 տարեկան մի աղջիկ։

Բայց, այո՛, նրանք վերջապես ամաչեցին իրենց կեցվածքից: Տեսնելով իմ վարմունքը՝ երկու տղամարդ մոտեցան մեզ, և ինձ շնորհակալություն հայտնելով՝ ընկածին նստեցրին մեքենայի մեջ։

Մեքենան շարժվեց։ Վերջապես ուշքի եկա, բայց այդ պահը միշտ կհիշեմ։ Իսկ հիմա ժամանակն էր հեռանալու, չէ՞ որ մայրիկը սպասում էր։

Manana davtyan

Ինչու խուսափել, եթե կարելի է նաև հասկանալ

Երկու տարի մեզ հետ սովորել է  մի աղջնակ, ով դասարանի երեխաների 90%-ի վատ վերաբերմունքի  «զոհն» էր: Ոչ միայն մեր դասարանում, այլ ամբողջ դպրոցում, նրա անունը լսելիս բոլորը փախչում-հեռանում էին: Միայն մեր դասարանից երկու-երեք հոգի էին նրա կողքին, այդ թվում նաև ես: Դպրոցում հաճախ նրա կողքին լինելով ականատես եմ եղել բազում դեպքերի, որոնք չտեսնելու կամ չնկատելու համար ամեն ինչ կտայի: Ինձ թվում է, արդեն հասկանալի է, որ նա ներառական կրթություն ստացող երեխա է: Սրտի մեծ ցավով նշեմ, որ նա խոսքեր արտահայտելու մեջ թերանում է և ունի մի քիչ անհամաչափություն քայլելու մեջ: Կարճ ասած,  նա սովորական մարդ է անսովոր արտաքինով և ներքինով:

Շատերը այդ աղջկա հետ վատ են խոսում, նրան` իրենց կողքին նկատելով` միանգամից փախչում: Եվ մի՞թե նրանց մտքում չէր առաջանում մի կարճ, բայց խորիմաստ հարց «Ինչո՞ւ»: Իրոք, ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք այդպես վարվում: Արդյո՞ք կցանկանային լինել այդ երեխայի փոխարեն, արդյո՞ք կհանդուրժեին այդ ծաղրական արտահայտություններին իրենց հետևից, կդիմանայի՞ն երկար ու անիմաստ այդ հայացքներին. իհարկե` ոչ: Արդյո՞ք նրանք մի վայրկյան անգամ մտածել են այս ամենի մասին: Չեն մտածել: Եթե մի պահ անգամ խորհեին այս ամենի մասին, ապա կառաջնորդվեին Աստվածաշնչյան Ոսկե կանոնով. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»:

Ինչո՞ւ խուսափել նրանցից` նայելով միայն արտաքինին, եթե կարելի է հասկանալ և ճանաչել նրանց հոգով ու սրտով: