Դավիթ Այվազյանի բոլոր հրապարակումները

davit ayvazyan

Հանկարծակի

Բարև ձեզ. Չգիտեմ, նկատել ե՞ք, թե՞ չէ. այս կյանքում ամեն ինչ տեղի է ունենում հանկարծակի: Հանկարծակի  մի ուրախ դեպք ես հիշում, ու տրամադրությունդ բարձրանում է, հանկարծակի սիրահարվում ես, հանկարծակի  խելագարվում:
Երբեմն հանկարծակի մտքումդ մի հիասքանչ գաղափար է առաջանում: Աչքդ էլ չես թարթում ու հանկարծակի ծերանում ես, հանկարծակի էլ մահանում:

Կյանքում այնքան շատ են այդ հանկարծակի դեպքերը, որ մարդիկ  միշտ անհանգստանում են: Օրինակ, ինչ որ կարևոր բան անելուց առաջ միշտ ասում են. «Իսկ եթե հանակարծ չստացվի՞»: Բայց մեկ-մեկ էլ վստահ ես, որ չի ստացվելու, բայց հանկարծ ստացվում է…
Առանց հանկարծակիության երևի կյանքը լիներ անհետաքրքիր ու միապաղաղ, այսինքն, կդառնար մի խաղ, որի բոլոր աշխարհները անգիր գիտես ու մի քանի անգամ  խաղալուց հետո  կհոգնես կրկնությունից:

Առանց հանկարծակիության անկասկած մարդկանց կյանքն ավելի հեշտ կլիներ: Մարդը հստակ կիմանար, թե ինչ է իրեն սպասվում: Ինչպես բնության մեջ, այնպես էլ կյանքում, ամեն ինչ փոխկապակցված է:

Ինձ թվում է, ձեզ դուր եկավ, բայց մեկ է, կասկածը էլի սրտումս է. «Իսկ եթե հանկարծ ձեզ դուր չգա՞»:

Ազատան. նկարահանումներ

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Շիրակի պատանի թղթակիցներով գնացել էինք գյուղ Ազատան ֆոտոներ անելու: Շատ հետաքրքիր էր գյուղացիների ապրելակերպը: Ես նկատեցի մի ծեր մարդու՝ քարին նստած: Մոտենալով ասացի.
-Բարև ձեզ:
Պատասխան չստացա:
-Ինչըխ ե՞ք:
Կրկին պատասխան չկա:
Սկսեցի ներկայանալ.
-Ես Դավիթն եմ: «Մանանա» կենտրոնի սան եմ և եկել եմ նկարել սովորելու: Հո դե՞մ չեք, որ ձեզի նկարեմ:
-Ի՞նչ է էղե, տղա ջան:
Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Լուսանկարը՝ Անի Նախշքարյանի

Դարձյալ նույնը.
-Ես «Մանանա» կենտրոնի սան եմ: Եկել եմ նկարել սովորելու:
Վերջապես հնչեց այդքան երանելի պատասխանը.
-Տղա ջան, դու մեր Սարոյի թոռը չե՞ս:
Հասկացա, որ պապիկը այդքան էլ լավ չի լսում, բայց ալարեցի այդքանը կրկին ասել:
-Հա, պապ ջան: Հա: Կթողնի՞ս նկարեմ:
Հայացքին ավելացնելով ժպիտ ասաց.
-Նկարե, տղա ջան: Սպես լա՞վ է:
-Շատ լավ է:
Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Ես նկարեցի նրան և ժպիտով հաջողություն մաղթեցի շատ բարձր ձայնով: Սակայն կասկած մնաց իմ մեջ.
-Տեսնես լսե՞ց, թե չէ՞:
-Էդ ի՞նչ կենես, այ տղա,- ձայնին տալով բարձր տոն՝ հարցրեց մի ուրիշ տատիկ:
-Հեչ: Նկարեմ գը, տատ ջան: Ավելի ճիշտ, սորվիմ գը նկարել:

Արդեն ձայնը փափկացնելով հարցրեց.

-Նկարելուց բացի կարող ա՞ ուրիշ բան ուզես, բալա:

-Չէ, տատ ջան:

-Աղջիկ էլ չէս ուզե՞:
-Դէ չէ:
-Իյա՜: Հասմիկ, Տաթև, Վարդ… Արեք:
Իմ դիմաց կանգնեցին 7-ից 15 տարեկան 7 աղջիկ:
-Որի՞ն կուզես, բալա:
Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Լուսանկարը՝ Արփինե Ճղրիկյանի

Սկզբում փորձեցի մտածել` ում ընտրեմ: Հետո ինքս ինձ սաստելով պատասխանեցի.
-Ոչ մեկին:
Ծիծաղելով ասաց.
-Դե, որ աղջիկ չես ուզե, գոնե բդի մեր բաղչի խաղողը ուտես: Հասմիկ, Տաթև, Վարդ… Հլը խաղողը բերե՛ք:
Խաղողը շատ համեղ էր, բայց հասկացա, որ եթե մի քիչ էլ երկար մնամ, դժվար կարողանամ գնալ տուն, մի խոսքով, եկավ հրաժեշտի պահը՝ մի հուզվել, մի լաց, ոնց որ լինեի նրանց կորած տղան: Ես քիչ-քիչ հեռանում էի:
-Էլ չե՞ս գալու,- օգտագործելով վերջին ճիգը անհանգստացած բղավեց նա:
-Մնա` հինգ տարուց կերևամ,- նրան հանգստացնելով ասացի ես ու հեռացա ինքնավստահ քայլով:
Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

Լուսանկարը՝ Հրաչ Չոփիկյանի

davit ayvazyan

Ռեփ իմ Գյումրիի մասին

Ես գյումրեցի եմ, էդքան մի նախանձի…
«Լյուբոյ» գյումրեցի կողքովդ անցնի, վռազ կջոկես, կդառնաս` կհարցնես.
-Լեննականից ես, հա՞, ապ ջան:
Մտքումդ ասում ես. «Ջան, գյումրեցի»
Ծո մենք ուրիշ ենք, սաղից տարբերվինք գը:
Ուզո՞ւմ ես քեզ թվարկեմ հատկանիշը,
Մեր սաղիս վրա էլ կա էդ նիշը…
Դու ամենալավն ես, դու ամենաքաղցրն ես,
Կարողա քու համար քոնը ամենաբարձրն ա,
բայց դե մեկ ա, Գյումրին ուրիշ ա…
բայց դե մեկ ա, Գյումրին ուրիշ ա…

Սկսեմ մեր ամենաառաջին հատկանիշից՝ մեր համով հոտով բարբառից,
Որ մյուսներից կանցնի, չի թողնի իրան կից:
Կներես, կարող ա գերագնահատում եմ, քոնին էլ քցում եմ,
Բայց եթե կարաս իմ պես գրես, քոնին էլ իմ պես կբարձրացնես:
Բայց քանի հըլը գրում եմ ես,
Ուրեմն Գյումրին ա լինելու բարձունքում՝ ամենավերևում:
Գյումրի սիրում եմ քեզ ինչքան, որ դու կաս:
Նայի` չփոխվես, չկորցնես քո համն ու հոտը,
Էս մեր պաղ օդը, մեր սառը ջուրը, որ ոչ մեկին չի բավարարի մի կումը:
Էս համաձայն չե՞ս իմ հետ, կարաս առարկես,
Ու կարաս հակառակը դու ինձ ապացուցես:
Բայց հավատացնում եմ, որ հետս չես կարա մրցես,
Որովհետև Գյումրին իմ սրտի մեջ ա…
Ինչքան, որ ես գնամ, ինքը կգա,
Ինչքան ես բարձրանամ, էդքան ինքն էլ իմ հետ կբարձրանա,
Ես պետք ա հասնեմ բարձունքին ու իմ Գյումրիին էլ իմ հետ հասցնեմ բարձունքին…
Թվարկեմ մեր մյուս հատկանիշները,
Սաղիս մեջ էլ կա էդ ուժը ու էդ թասիբը:
Սաղս էլ մեծ սրտով, սաղս էլ թասիբով, սաղս էլ ջիգյարով…
Ես էլ եմ գյումրեցի էդքան մի նախանձի…
Գյումրի, սիրում եմ քեզ ինչքան որ դու կաս, նայի` դու չփոխվես, նայի` ներքև չիջնես…
Չնայած մի մտածի, հաստատ չես իջնի,
Որովհետև մենք ենք քո էսօրվա ջահելները
Ու քո անունը միշտ կպահենք վերևները:
Էկեք մի պահ մենք հիշենք մրցումները,
Թե ինչ արեցին սաղին մեր գյումրեցիները,
Թե քանի տղա ա բարձր պահել Հայաստանի անունը
Ու ծածանել մեր եռագույնը…
Գյումրի սիրում եմ քեզ, նայի` չփոխվես…

Ծաղկաձորյան օրագիր. Մեղրաձորի կոմպոտը

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Մեղրաձոր, բնություն, գյուղացիներ, կենդանիներ կամ, ինչպես իրենք էին ասում` անասուն, ու հետաքրքիրը գիտե՞ք որն էր, որ խոզին անասուն չէին համարում: Հերթով բոլորին հարցնում էի` անասուն պահո՞ւմ եք, ու ստանում նույն պատասխանը`չէ, մենակ խոզ: Մեջս կասկած ընկավ, ասացի` մտնեմ գոմ, տեսնեմ` ինչ խոզ է: Մտա գոմ, խոզը շատ փոքր էր: Իմիջիայլոց, շատ խելացի էր, երբ ասում էի` նայի նկարեմ, նայում էր: Մի խոսքով, խոզին հանգիստ թողեցի, մեղք էր: Խեղճ կենդանին հոգնեց գլուխը վար ու վեր անելով:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Գյուղում շրջում էի: Տեսա մի կնոջ, որը շատ հյուրընկալ էր, մի անգամից նես հրավիրեց` ասելով.
-Արի, տղա ջան, քեզ կոմպոտ տամ:
-Բայց մենք շատվոր ենք:
-Ասա` քանի հոգով եք, էդքան տամ:
Կոմպոտը լցրել էր փոքր շշերի մեջ: Հետո առաջարկեց նկարել իր որդու ձեռքով պատրաստած ճոճանակը: Շատ գեղեցիկ էր, այսպես ասած, արվեստի գործ: Արեցի մի քանի լուսանկար տարբեր դիրքերից: Նկարելու ընթացքում նա կրկնում էր հետևյալ խոսքերը.
-Ը, տղա ջան, էլ ուրիշ հայաթ գեղումը էսպես սիրուն կա՞ր:
-Դե հա, ամեն մեկն էլ յուրովի էին սիրուն:
-Լավ դե, որ էդպես է, արի` թոնդրատունը ցույց տամ:

Լուսանկարը՝ Սեւակ Կիրակոսյանի

Լուսանկարը՝ Սեւակ Կիրակոսյանի

Այս անգամ սովորական թոնրատուն էր, որը կար յուրաքանչյուրի բակում:
-Սիրուն է, չէ՞, տղա ջան:
Շատ բարի կին էր, դրա համար ասացի, որ շատ սիրուն է: Կրկին կոմպոտ հյուրասիրեց, բայց կրկին հրաժարվեցի:
-Գիտեմ շատ համով է, բայց ծարավ չեմ:
Եվս մի քանի անգամ առաջարկելուց հետո էլ չառաջարկեց: Ինչ բարի են գյուղացիները:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

davit ayvazyan

Ժամանակը

Ժամանա՞կն է գնում արագ, թե՞ մենք ենք արագ ապրում, երևի մենք ենք արագ ապրում: Ժամանակը նման է պտտվող անիվի, ինչ-որ մի բան կորչում է որոշ ժամանակ, բայց հետո կրկին հայտնվում է որոշ ժամանակով, հանճարը մահանում է, գալիս է նոր հանճար:

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Բայց ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց…»

Որոշ մարդիկ մնում են կայուն:

Միշտ ցանկանում ենք հետ տալ ժամանակը, որպեսզի կրկին ներկա լինենք ուրախ պահերին, չհասկանալով, որ դեռ էլի ուրախ պահեր ունենք ապրելու: Դժգոհ ենք ժամանակից, որովհետև ժամանակը գնում է դանդաղ, իսկ մենք ուզում ենք արագ ապրել: Երանի վաղը այս ժամին, երանի մի շաբաթ հետո այս օրը, կանցնի մի օրն էլ, մի շաբաթն էլ, երանի երեկ այս ժամին, երանի նախորդ շաբաթ այս օրը…

Նույնություն

Արդեն վերջացել են գեղեցիկ բանաստեղծական տողերը, կարուսելը պտտվում է նույն ուղղությամբ ու անհետաքրքիր նմանությամբ: Էլի նույն գնացքը շարժվեց, ու մեջը էլի նույն ուղևորները, որոնք անցնում են նույն ճանապարհը: Ճիշտ է, նստած են տարբեր տեղերում` մեկը` վերև, մեկը` ներքև, բայց էլի նույն տեղն են հասնելու ու իջնելու: Էլի վերադարձ, ու էլի մեկնում: Հավաքած շատ բացականեր, ու ներկա ես գտնվում այն պահին, երբ որ թվարկվում են բացականերդ: Էլի ափսոսանք եղած բացակաների կամ չեղած ներկաների համար: Երբեմն բացակայում ենք ուրախությունից` ուրախ լինելու համար: Նույն ամառը սովորական, բայց ձմռանը կարոտում եմ էլի այդ նույն ու սովորական ամառը: Ամեն ինչ ունի շարունակություն, բայց այդ շարունակությունը նույնն է. ծառի շարունակությունը ծառ է, մարդունը` մարդ: Նույնը, նույնը, նույնը… Տողերը նույնության մասին են, բայց արդյո՞ք այդ տողերը նույնը չեն:

Ինչպես ճիշտ ընտրել մասնագիտությունը

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


Մայրիկս` Կարինե Չերնամորյանը, աշխատում է «Արդենիս» կաթի գործարանում: Նա 
սուլուգունի տեսակի պանրի վարպետ է:

-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայան հիմա աշխատում եմ պանրի գործարանում՝ որպես պանրի մասնագետ:

-Նախքան այդ աշխատանքը ուրիշ մասնագիտությամբ աշխատել ե՞ս:

-Այո, Ախուրյանի կարի գործարանում աշխատել եմ որպես հաշվապահ, սակայն աշխատատեղը փակվեց, և ես ստիպված այլ աշխատանք գտա:
-Հե՞շտ է արդյոք հասուն տարիքում մասնագիտություն փոխելը:

-Ոչ, հեշտ չէ: Դժվար է հասուն տարիքում մասնագիտություն փոխել, նորից սովորել ու կայանալ, երբ արդեն կայացած էիր:

-Իսկ ինչպե՞ս դարձար սուլուգունի տեսակի պանրի մասնագետ:

-Սկզբում աշխատանքի ընդունվեցի որպես պանիր փաթեթավորող, և աշխատանքը ինձ դուր եկավ: Չէի ուզում միայն փաթեթավորմամբ զբաղվել: Սկսեցի ուսումնասիրել պանրագործությունը, հմտություններն ու գաղտնիքները սովորել ու փաթեթավորողից դարձա պանրագործ-մասնագետ:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Իսկ պահանջվա՞ծ է ձեր արտադրած ապրանքը շուկայում:

-Այո, շատ պահանջված է: Մեր պանիրն անչափ համեղ է և պահանջված: Ես ինքս էլ աշխատանքի հրավերներ եմ ստանում արտերկրից և շատ ավելի մեծ աշխատավարձով, սակայն ես չեմ ցանականում լքել հայրենիքս:
-Ձեր պանիրները բացի Հայաստանից էլ որտե՞ղ են վաճառվում:

-Ռուսաստանում:

-Բացի սուլուգունիից, էլ ի՞նչ տեսակի պանիրներ եք արտադրում:
-«Չանախ», «Լոռի», «Հոլանդական», «Եղեգնաձոր», «Սուլուգունի» (տարբեր տեսակներ), ինչպես նաև մեր Շիրակում անչափ հայտնի «Չեչիլ»:

-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ պանիրը հասունանա ու պատրաստ լինի:
-Տարբեր պանիրներ տարբեր ժամանակում: Օրինակ՝ «Չանախը» 1 ամիս էլ մնա, դեռ հասունանալու տեղ ունի, իսկ «Լոռին»՝ 7 օր:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Իսկ ձեր աշխատանքը գաղտնիքներ ունի՞:

-Այո, նախ պետք է հասկանաս պանրի «լեզուն», պահի տակ կարող է այնպես լինել, որ չես նախատեսել, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացում: Պետք է կարողանաս շտկել իրավիճակը, ապրանքը չփչացնել, երբեմն պետք է ստեղծագործես, որ ստացվի:
-Եթե ունենայիք պանրի գործարան, ինչպես կկազմակերպեիք արտադրությունը, ի՞նչ տեսակի պանիրներ կարտադրեիք:

-Կարտադրեի այն բոլոր պանիրները, որոնք հիմա արտադրում ենք այս գործարանում:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Կարո՞ղ են հայկական պանիրները մրցել, օրինակ, ֆրանսիական պանիրների հետ:

-Այո, կարող են, բայց մենք ամեն ինչ անում ենք շատ ավելի դժվար, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ:

Մայրիկիս հետ զրուցելով, ես հասկացա, թե ինչքան հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնց մասին մենք դպրոցում չենք իմանում, երևի դրա համար էլ բոլորը ուզում են դառնալ բժիշկ, իրավաբան, տնտեսագետ… Լավ կլիներ մասնագիտական կողմնորոշման դասեր լինեին դպրոցներում: Այդ ժամանակ մենք ճիշտ մասնագիտություն կընտրեինք ու չէինք մտածի գործազրկության մասին:
Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի