Մերի Թութունջյանի բոլոր հրապարակումները

meri tutunjyan

Տիեզերանավ A-Z 995 -ի պատմությունը

Տիեզերքը շատ առեղծվածներ ունի, որոնց մի մասը բացահայտված է, մի մասը՝ ոչ: Այն անծայրածիր է։ Գուցե մարդկանց միլիոնավոր տարիներ են հարկավոր, որպեսզի այն ուսումնասիրվի: Ես շատ եմ հետաքրքրվում տիեզերքով, մոլորակներով, տիեզերանավերով: Չեմ ուզում երկարացնել, մի խոսքով՝ այն ամենով, ինչը կապված է տիեզերքի հետ: Գլխավոր պատճառներից մեկը, որ ես սկսեցի ուսումնասիրություններս, պապիկս էր: Նա Հայաստանի լավագույն երկրաբաններից մեկն էր: Դեռ տասը տարեկան էի, երբ պապիկս ինձ նվիրեց մոլորակների քարտեզը. ես ուղղակի հիացած էի դրանով: Այդ օրվանից իմ մեջ անընդհատ հարցեր էին առաջանում տիեզերքի մասին, և այդ հարցում ինձ միշտ օգնում էր պապիկս: Մենք ամեն երեկո պատշգամբում նստում և խոսում էինք աստղերի մասին (մեր պատշգամբից աստղերը շատ պարզ են երևում):

Ամառային մի գեղեցիկ երեկո նստած էինք պապիկիս հետ, և մեծ երկնակամարում լուսինն այնքան մեծ ու պարզ էր երևում, որ ես որոշեցի, անպայման պետք է տիեզերանավ պատրաստենք ու թռչենք դեպի լուսին: Պապիկը ծիծաղեց, բայց ապա լրջությամբ պատասխանեց.

-Մենք վաղվանից պատրաստվում ենք տիեզերանավի կառուցման աշխատանքներին:

Ես հաջորդ օրը առավոտյան շատ վաղ արթնացա, գնացի բակ, հավաքեցի տարատեսակ փայտի ու երկաթի կտորներ ու բերեցի տուն: Սկսեցի տիեզերանավի նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան տիեզերանավն արդեն պատրաստ էր:

-Պապի՛կ, ամեն ինչ պատրաստ է, գուցե չհետաձգե՞նք թռիչքը,- ասացի ես:

Պապիկն ասաց, որ մեր տիեզերանավը շատ փոքր է և անիրական՝ տիեզերք թռչելու համար: Ես մի փոքր հիասթափվեցի: Սակայն դրա փոխարեն նա ինձ պատմեց NASA-ի մասին: Պատմեց, որ հենց այնտեղ են կատարվում գրեթե բոլոր տիեզերական ուսումնասիրությունները, և հիմնականում այնտեղ են նախապատրաստում տիեզերագնացներին: Այդ օրվանից սկսեցի հետաքրքրվել NASA-ով։ Յուրաքանչյուր օր ինձ համար սկսվում էր նրանց կայքէջի նորություններով:

Ես շարունակում եմ հետաքրքրվել անծայրածիր ու անսահման տիեզերքով ու նրա գաղտնիքներով: Պապիկս ինձ նվիրել է մի մասնագիտական հեռադիտակ, որի օգնությամբ ես կարողանում եմ դիտել ամբողջ երկինքը շատ մոտիկից: Գիշերը լուսնին նայելիս ինձ թվում է, թե ես գտնվում եմ լուսնի վրա, հաճախ էլ երևակայությունս թևեր է առնում, և սկսում եմ սավառնել մյուս մոլորակների շուրջը: Վերջին խավարումը գրեթե բոլորն են տեսել. ես ուղիղ չորս ժամ հեռադիտակով հետևել եմ խավարման ամբողջ ընթացքին: Ես հուսով եմ, որ կստեղծեմ իմ երազանքների տիեզերանավը, իհարկե, հատուկ կրթություն ստանալուց հետո:

Շատ եմ ոգեշնչվել նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից, որտեղ պատմվում է խաղաղ և ծաղկող մոլորակի՝ Նաբուի մասին: Ամեն օր պրպտում եմ, մի նոր բան ուսումնասիրում, փորձում մի նոր բան գտնել երկնքում: Այս ամենը ես մեծ հաճույքով եմ անում: Տիեզերքը հեքիաթային աշխարհ է: Ես դառնալու եմ տիեզերագնաց, չնայած այն փաստին, որ մասնագիտությամբ լեզվաբան եմ:

Սպասե՛ք իմ ուղիղ եթերներին Մարս մոլորակից:

Իմ հավատարիմ ընկերը

Լինում են պահեր, երբ դու ցանկանում ես առանձնանալ մարդկային շրջապատից, մի գողտրիկ անկյուն գտնել և միայնակ մնալ քո մտքերի հետ: Ես սովորաբար այդպես էի անում մինչ այն պահը, երբ իմ կյանքում շրջադարձ կատարվեց: Կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը, գուցե ոմանք սա կհամարեն անհեթեթ մի բան: Հայրս, որը անակնկալներ պատրաստելու մեծ վարպետ է, հենց ինքն էր այդ ամենի իրականացման հեղինակը: Մի օր նա ինձ նամակ ուղարկեց, որտեղ պարզապես մի նկար էր, իսկ նկարում մի ոսկեգույն կնճռոտ շուն: Ես էլ պարզապես մտածեցի, որ նա պատահաբար տեսել և նկարել է այդ շանը, իմանալով, որ ես շներ շատ եմ սիրում։

Մի քանի շաբաթ էր անցել, և նա պետք է արտերկրից ժամաներ Հայաստան։ Սրտատրոփ սպասում էի նրան, քանի որ շատ էի կարոտել: Ես իջա ներքև, որպեսզի օգնեմ իրերը բարձրացնել: Նա ասաց, որ մեքենայում էլի իրեր կան: Երբ ես բացեցի մեքենայի դուռը, նույն կնճռոտ շնիկը ցատկեց դուրս և սկսեց լիզել տաբատս, հետո գրկեց ինձ: Ես ուղղակի այնքան էի շփոթված, որ չգիտեի՝ այդ պահին լացել, թե ուրախանալ: Իմ կյանքում ամենասպասված պահերից մեկն էր երևի: Այդ օրվանից ես ամբողջ օրս անց եմ կացնում նրա հետ: Հա, մեկ էլ մոռացա ասել իմ հավատարիմ ընկերոջ անունը, նա Շեգգին է: Ես սկսեցի ավելի հետաքրքրվել նրա ցեղատեսակով: Նա շարփեյ ցեղատեսակի շուն է, բաց շագանակագույն մորթով, աչքերը նույնպես բաց գույնի են, ու շատ ծալքեր ունի։ Չինական ցեղատեսակի շներ են, ժամանակին եղել են որսորդական շներ: Ես ունեմ շատ խելացի շուն, չնայած նրան, որ հայրս նրան ռուսերենով էր վարժանքներ սովորեցրել, ես սկսեցի նրա հետ շփվել նաև հայերենով, չէ՞ որ նա արդեն Հայաստանում է ապրում: Նա հիմնականում ուտում և քնում է, որովհետև դեռ յոթ ամսեկան է: Բայց ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա ամեն մի շարժմանը: Երբ ես մոտենում եմ նրան, նա ուրախ սպասում է, թե երբ պետք է իրեն սիրեմ: Ես սիրում եմ նրա բարի հայացքը: Նա այնքան փափուկ մորթի ունի ու այնքան տաքուկ է: Մենք ամեն առավոտ և ամեն երեկո միասին գնում ենք զբոսանքի: Մեկ-մեկ նա այնքան արագ է քայլում, որ հազիվ եմ հասցնում իր հետևից։ Շեգգին շատ է սիրում փոքր երեխաներին: Մի օր տարա նրան ֆուտբոլի դաշտ, որ երեխաների հետ խաղա, և արդյունքում նույնիսկ ինքն էր գնդակի հետևից վազում ու փոխանցումներ անում:

Նա նաև սիրում է ճամփորդել: Մենք ընտանիքով ամռանը շատ ենք այցելում Հայաստանի տեսարժան վայրեր: Ամռանը մենք գնացինք նախ Սևանավանք: Շեգգին նույնպես բարձրացավ մեզ հետ այդ վանքը տեսնելու: Շատ զբոսաշրջիկներ կային այդտեղ, և բոլորը մոտենում և հարցնում էին ինձ՝ արդյոք կարելի՞ է նրա հետ նկարվել: Բնականաբար, ես մեծ հաճույքով բոլորին նկարում էի Շեգգիի հետ: Հետո գնացինք Գառնու հեթանոսական տաճար: Այստեղ նրա հետ նույնպես այնքան շատ մարդ նկարվեց, որ ես մի պահ մտածեցի՝ կարո՞ղ է Շեգգին հոլիվուդյան աստղ է: Նա իմ ամենասիրելի, անփոխարինելի ընկերներից է, որը միշտ հավատարիմ կմնա, ես նրան շատ-շատ եմ սիրում:

Ինչևէ, ես դեռ շատ բաներ կպատմեմ Շեգգիի արկածներից: