Ալլա Ասրյանի բոլոր հրապարակումները

alla asryan

Օրս դարձավ տոն

2015 թ.-ի հոկտեմբերի սկիզբն էր, երբ դպրոցի տնօրինությունը և ծնողներս որոշեցին, որ եղբորս և ընկերներիս հետ մեկնելու ենք Վրաստան՝ մասնակցելու ասմունքի մրցույթի և ներկայացնելու մեր երկիրը: Մի աննկարագրելի զգացում. պետք է քո սիրելի մարդկանց հետ ճանապարհորդես:

Ամեն օրվա ավարտ ինձ ուրախացնում էր, քանի որ մոտենում էր գնալու օրը:
Ահա եկավ այդ երկար սպասված օրը. առավոտյան պետք է շարժվեինք, իսկ ես ամբողջ գիշեր հուզմունքից չէի քնել: Ժամերը թռան, և մենք, ուրախ ժամանակ անցկացնելով, ծանոթանալով նոր երեխաների հետ, ուշ երեկոյան հասանք Վրաստան: Տեղավորվեցինք հյուրանոցում։ Ոչ ոք չէր կարողանում քնել, բոլորս արթուն էինք, կատակներ էինք անում, հիշում, թե որքան ենք երազել այս րոպեների մասին: Մրցույթը մի քանի օրից էր, սակայն մենք մեր լրացուցիչ ժամանակը օգտագործում էինք ավելի շատ բաներ սովորելու վրա. ծանոթացանք Վրաստանի մշակույթին, հյուրընկալվեցինք տարբեր դպրոցներում, շրջեցինք Աջարիայի բոլոր քաղաքներով: Ահա եկավ այդ հուզիչ և, միևնույն ժամանակ, հաճելի պահը. սկզբից եղբայրս ասմունքեց, հետո ընկերներս, իսկ այնուհետև՝ ես: Ասմունքեցի և երբ դուրս եկա, չէի կարողանում հիշել, թե ինչպես եմ ասմունքել, քանի որ շատ հուզված էի: Եկանք մեր հյուրանոց, և ես արդեն երազում էի իմ սիրելի հոկտեմբերի 29 -ի մասին: Պատկերացնու՞մ եք՝ այդ օրը իմ ծննդյան օրն էր. երբ ընտանիքիդ հետ չես նշելու տարեդարձդ, բայց նշելու ես քո սիրելի ընկերների հետ: Ծննդյանս նախորդող գիշերը, երբ քաղաքից հյուրանոց էինք վերադառնում ընկերներս սկսեցին շշուկով խոսել: Երբ մոտեցա, նրանք լռեցին, և ես հասկացա, որ նրանք ուզում են անակնկալ մատուցել ինձ: Հասանք հյուրանոց, ընթրեցինք, իսկ ժամը 12- ին ընկերուհիս մոտեցավ աչքերս փակեց և տարավ ինձ մեր սենյակ: Աչքերս բացելուն պես տեսա բոլոր  մասնակիցներին և ընկերներիս, բոլորը միաժամանակ շնորհավորեցին, միացրինք երաժշտությունն և սկսեցինք ուրախանալ: Առավոտյան գնացինք  մրցույթի արդյունքները իմանալու:
Հնչեցին բոլոր մասնակիցների անունները, նրանք զբաղեցրել էին 3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականները: Շատ էի վախենում, մտածում էի. միգուցե չե՞ն հավանել ասմունքս:

Հանկարծ հնչեց անունս, և ես ամբողջ մարմնով փշաքաղվեցի: Ես արժանացա բարձր մրցանակներից մեկին՝ գրան պրիին: Մի կողմից` սպասված հաղթանակ, մյուս կողմից հեքիաթային տարեդարձ: Մտածում էի, որ այդ մրցանակը դարձավ իսկական նվեր ծննդյանս օրվա համար: Ուրախ տրամադրությամբ հետ եկանք: Մի փոքր հանգստանալուց հետո իջա ընկերներիս մոտ և տեսա տնօրենիս, բոլորը հավաքվել էին ծննդյանս տորթի շուրջ, նրանք միասին սովորել էին վրացերեն երգ ծննդյանս օրվա առթիվ: Այնքան ուրախ էի, որ միայն փայլող աչքերով կարողանում էի ժպտալ:

Սիրում եմ Ձեզ, իմ ընկերներ, շնորհակալ եմ, որ օրս դարձրիք տոն: