Միլենա Սեդրակյանի բոլոր հրապարակումները

Մեր անմահ զինվորը` Սաշա Գալստյանը

Սաշա Վաչագանի Գալստյան. զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմում:

Սաշան ծնվել է 1996 թվականին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Սաշան բարի, հավասարակշռված, հոգատար, մեծահոգի, համեստ, խելացի և ընկերասեր երիտասարդ էր: Սիրում էր շփվել և նոր ընկերներ ձեռք բերել, լսել, օգնել և խորհուրդներ տալ մարդկանց: Չկար Սաշին ճանաչող և չսիրող գոնե մեկ մարդ: Մանկուց երազում էր բժիշկ դառնալ և հետաքրքրված էր բժշկությամբ:Սաշը ընկերների և ծնողների հպարտությունն էր: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց մանկության երազանքը ի կատար ածել և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ նպատակին: Սովորել և կարմիր դիպլոմով ավարտել էր Արմավիրի բժշկական պետական քոլեջը: Հետո ընդունվել էր Երևանի «Հայբուսակ» համալսարան և առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել բանակ:

Չէր սիրում ընտանիքին նեղություն տալ: Ճանապարհածախս անգամ չվերցնելու համար, ծնողներից թաքուն, դասերից հետո գնում էր ավտոլվացման կետ և մեքենաներ լվանում:

Բանակում շատ լավ էր ծառայում և հպարտությամբ էր կրում զինվորական համազգեստը: Սաշան իր լավ ծառայության համար ստացել էր նաև սերժանտի կոչում: Ուրախությանը չափ չկար: Ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի մեկին, ասել, որ դիրքեր է գնում, ամեն ինչ լավ է, և պետք չէ անհանգստանալ:

Նա եղել է առաջին գծում: Նրան հրամայել են նպաստավոր դիրք զբաղեցնել  և  գնդացիրով կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարել է առաջադրանքը և ճնշել հակառակորդին իր դիպուկ հարվածների շնորհիվ: Սակայն Սաշը գլխից ծանր վիրավորվում է: Կապի միջոցով փորձել են կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակը գնալով ուժեղացել է: Բժիշկները չեն կարողացել մոտենալ և փրկել Սաշի կյանքը:

Սաշան տան միակ տղան էր, և, ինչպես մեծերն են ասում, այդ օջախի կրակը մարեց: Ունի երկու քույր՝ Անահիտը և Լուսինեն: Երկուսն էլ իրենից փոքր էին:

Լուսինեն վերջերս է երեխա ունեցել, սակայն փոքրիկին նա այդպես էլ չտեսավ:

Սաշայի հայրը՝ Վաչագան Գալստյանը, մեկ այլ հարցազրույցի ժամանակ ասել է.  «Ինչ ունեի` հայրենիքիս տվեցի»:

Ինձ հիմա հուզում է Գալստյանների ընտանիքի վիճակը: Ինչպես ասացի, Սաշան տան մինուճար տղան էր, և ծնողները մեծ հույսեր էին կապում տղայի հետ: Մորը և քույրերին խոստացել էր վերադառնալ, աշխատել և թեթևացնել նրանց հոգսը: Հիմա ընտանիքը դժվար կացության մեջ է, սակայն շնորհակալ եմ այն բարերաներին, ովքեր վարկերի մի մասը փակեցին:

Ինչն այս  աշխարհում  ամենաթանկն է` Սաշան տվեց հայրենիքին: Գիտեմ, այս բառերը չեն մեղմելու կորստյան ցավը, սակայն ես ու ամբողջ հայությունը շնորհակալ ենք Սաշային, Սաշայի ընտանիքին և ծնողներին, որոնք մեծացրել և դաստիարակել են նման հերոսի:

Ծնողների հետ այդպես էլ չհամարձակվեցի զրուցել, սակայն զրուցեցի Սաշայի զարմիկի` Մարգար Մկրտչյանի հետ:  Մի քանի ամսից Մարգարը նույնպես կզորակոչվի բանակ:

- Սաշն ինձ համար միակն էր… Նա իմ մեծ եղբայրն էր, խորհրդատուն: Քանի Սաշը կար, ես հանգիստ էի, որ ցանկացած հարցում ինձ կօգնի:

-Իսկ ինչպե՞ս իմացար այդ ցավալի լուրը:

-Ապրիլի չորսին, ժամը երեքը կլիներ, հայրս ասաց: Մի պահ աշխարհը կանգ առավ, ոչ մի բան չէի զգում: Փորձում էի հավատալ, սակայն մինչ օրս չի ստացվում: Կորցրել եմ ուրախ լինելու  զգացումը, կարծես մի բան ներսումս կոտրվել է:

-Սաշի բնավորության ո՞ր գծերն էին քեզ դուր գալիս:

-Անձնազոհությունը, հոգատարությունը, բարությունը, ամենակարևորը` կարեկցելու և սիրելու կարողությունը:-Կպատմե՞ս որևէ հետաքրքիր դեպք Սաշայի հետ կապված:

-Մի օր իրենց ամառանոցի մոտերքում զբոսնում էինք և խոսում տարբեր թեմաներից: Մոտակայքում կար մի լիճ, դրա կողքով անցնելիս ոտքս սայթաքեց, և ընկա լճի մեջ: Այդ պահին Սաշն ինձ օգնելու փոխարեն բարձր ծիծաղում էր: Երբ դուրս եկա, նրան հարցրի. «Այ ախպեր, բա որ խեղդվեի, ի՞նչ էիր անելու»: «Կկանգնեի մի բարձր բլրի վրա ու կգոռայի` ուռա ՜ ուռա՜…»: Սակայն մի քանի ամիս հետո նա իր կյանքը տվեց, որ ես կյանք ունենամ…

-Եթե իմանայիր, որ այս դեպքը լինելու է, ի՞նչ կասեիր Սաշին:

-Կասեի… Կասեի` ինձ էլ հետդ տար…  Ինչքան էլ ցավով տանեմ եղբորս մահը, կուզեի բոլորին մի բան ասել: Երբ կորցնում եք հարազատ ու թանկ մարդու, այդ ժամանակ էլ մի հուսահատվեք: Մենք քրիստոնյաներ ենք, և Աստված է միայն, որ կարող է մխիթարել մեզ: