Ազատ տարածք խորագրի արխիվներ

astghik gevorgyan

«Երիտասարդ» ու «ժամանց» բառերի հոմանիշային կապը

15-19  տարեկան յուրաքանչյուր ֆրանսիացի տարվա ընթացքում ունենում է 210 ազատ օր:  Հարց է առաջանում. « Ինչպե՞ս են նրանք կազմակերպում իրենց ազատ ժամանակը»:

Նախ եւ առաջ, ազատ ժամանակի մեծ մասը նրանք տրամադրում են ուսմանը, քանի որ ֆրանսիական լիցեյներում դասավանդվող նյութը մեծածավալ է:

Ազատ ժամանակի մյուս մասը օգտագործվում է տնային գործեր կատարելիս: Պատճառը քիչ թե շատ զվարճալի է: Երբ ծնողները նկատում են, որ իրենց երեխան ծուլանում կամ  թերանում է ուսման մեջ, նրանք լուծումը տեսնում են  որպես «պատժիչ» միջոց`  երեխային տնային գործեր հանձնարարել, օրինակ` հավաքել սենյակը, լվանալ ամանները, խնամել փոքր քույրերին կամ եղբայրներին:

Եվ իհարկե, ժամանակի մեծ մասը տրամադրում են արձակուրդներին: 15-19 տարեկան երիտասարդների 34%-ը տարվա ընթացքում 22 օրը (գուցե և ավելի) մեկնում են հանգստանալու: Բայց այս ամենը, տեսականորեն, չի լրացնում մեկ տարվա ընթացքում  210 ազատ օրը: Երիտասարդներին զգալի ազատ ժամանակ է մնում:

Հարց. Ինչպե՞ս են նրանք նախընտրում անցկացնել իրենց ազատ ժամանակը:

Ստորև ներկայացնում ենք երիտասարդների նախասիրությունները՝ տոկոսային հարաբերությամբ:

այցելություն ցուցահանդեսներ, թանգարաններ` 5%

նվագել` 9%

ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ` 11%

գնալ սրճարաններ, ռեստորաններ` 23%

երաժշտություն լսել` 27%

հեռուստացույց դիտել` 29%

ընթերցանություն` 29%

զբաղվել սպորտով` 52%

զբոսանք ընկերների հետ` 65%

այցելություն կինոթատրոններ` 74%

 

Ակնհայտ է, որ երիտասարդները նախընտրում են այցելել կինոթատրոններ` ընկերների ուղեկցությամբ: Այդ դեպքում, ինչպիսի՞ ֆիլմեր են սիրում դիտել երիտասարդները:

Ստորև՝ տոկոսային հարաբերությամբ, ներկայացնում ենք երիտասարդ ֆրանսիացիների շրջանում կատարված հարցումների արդյունքները.

➢   կատակերգություն` 65%

➢   արկածային ֆիլմեր` 49%

➢   ֆանտաստիկ ֆիլմեր` 40%

➢   լրտեսական ֆիլմեր` 39%

➢   սարսափ ֆիլմեր` 36%

➢   կովբոյական ֆիլմեր` 21%

➢   սիրային պատմություններ` 18%

➢   կարատե ֆիլմեր ` 17%

➢   պատմական ֆիլմեր` 14%

➢   երաժշտական կատակերգություններ` 13%

➢   քաղաքական թեմայով ֆիլմեր` 12%

➢   մուլտֆիլմեր` 9%

Ըստ հարցման արդյունքների, երիտասարդնեը նախընտրում են դիտել կատակերգություններ ու արկածային ֆիլմեր:

15-19 տարեկան երիտասարդների 66%-ի համար ֆիլմերի դիտումը ոչ թե կրթվելու, այլ լիցքաթափվելու միջոց է, և միայն վերջիններիս 8%- ն է ֆիլմ դիտում կրթվելու համար:

Երիտասարդների նախընտրելի ժամանցի միջոցների ցանկում սպորտը երկրորդ հորիզոնականում է:

✓    ֆուտբոլ` 44%

✓    լող` 31%

✓    վազք` 27%

✓    թենիս` 20%

✓    դահուկային սպորտ` 11%

✓    հեծանվասպորտ` 10%

✓    մոտոցիկլային սպորտ` 2%

 

Նյութը վերցված է «En Route» ամսագրից

Թարգմանեց՝ Աստղիկ Գևորգյանը

Anna Musayelyan

Կարևորներից

Դավոն անսպասելի բացեց դուռը. ես կլանված դաս էի անում:

Ինձ վրա առանց կես հայացք նետելու՝ գնաց ու իր hետ բերած ջրաներկով սկսեց ներկել մեքենաներ:

-Իմ ջրաներկն ավելի լավն ա, քան քոնը,- ընդհատեց Դավոն:

Դավոն ընդ-հա-տեց…

Ընդհատեց մտքերս, ներկաս, մեկ-մեկ իմ կարծիքով մեծ լինելս, ու մեկ-մեկ էլ ինձ երեխա համարելս:

-Իմ վրձինը քոնից մեծ ա,- նորից ընդհատեց Դավոն՝ նախորդ «հարցին» պատասխան չստանալուց հետո: Ես ուշադրություն չէի դարձում, բայց ինքը եկավ մոտս, ու իր կարմիր վրձինը քիչ էր մնում՝ աչքս կոխեր, աչքիս՝ ուղիղ իմաստով սև-սպիտակը գունավորեր:

-Հա, Դավ, շատ լավն ա, իմը էնքան փոքր ա,- ասացի ես:

Դավոն հաղթողի պես հպարտ ժպտաց. ինձ ընդհատելը իր հաղթական արշավի շարունակությունն էր: Ժպտաց ու շարունակեց, իսկ ես իրեն էի նայում. ձեռքը մի կերպ էր հասնում սեղանի վրա դրված անգույն մեքենաների գրքին, բայց դա չէր խանգարում։ Պայմաններն ուղղակի շփոթեցնող ու խճճող երևույթներ էին, ինքը ունի ջրաներկ, ջուր, վրձին ու անգույն մեքենաներ: Նստած լուրջ դեմքով, ներքին երանությամբ իր գործն է անում, սխալ է ներկում, է, ոչինչ, էդպես էլ ուզում էր, գույները խառնեց, հա ի՞նչ. նոր գույն, ավելի լավը: Նայում եմ Դավոյին ու «առանց մտածելու» մտածում, չէ, ավելի ճիշտ զգում, որ ես էլ եմ մի օր էդպես անելու… Մի՞ օր, երբ մեծանա՞մ, երևի էդ էի մտածում, դպրոցն ավարտելուց հետո՞, թե՞ կիրակի օրը, թե՞ ձմեռային ու գարնանային արձակուրդներին։ Ինքս էլ լավ գիտեի, որ դրանք բոլորը ակամա, թե իմ կամքով զբաղված օրեր են:

-Տե՛ս՝ ինչ գիրք ունեմ, մեջը լիքը մեքենաներ, պիտի ներկեմ,- ու իր գիրքն է ցույց տալիս՝ հաղթարշավը շարունակելու նպատակով:

-Դավ, ես էլ սենց գիրք ունեմ, քոնից մեծ ա:

Դավոյի հպարտ հայացքը անհետանում է, լուռ նայում է ինձ, հետո գրքիս, նայում ու շրջվում է, ես լսում եմ.

-Մեկ ա՝ իր գրքի մեջ մեքենաներ չկան, ոչ էլ նիվա կա։

Ու շարունակում ենք… Ես դաս եմ անում, Դավոն էլ իր մեքենան է ներկում: Դավոն շուտ-շուտ իր ներկելու գրքի կազմին է նայում, ժպտում, ինչպես ես հիմա նոթատետր, գիրք կամ ռետին գնելիս, իսկ ժամանակին ես էլ էի էդպիսի ներկելու գրքեր հավաքում լիքը, որոնք ափսոսում էի ներկել, որովետև գնել էի, որ իմը դարձնեմ, ոչ թե ներկեմ: Երբեմն որոշ բաներ չենք օգտագործում այն նպատակի համար, ինչի համար ստեղծված են՝ այդպիսով էլ դրանք դարձնելով ավելի լավն ու օգտակարը, կամ էլ ավելի վատը, ամեն ինչ մենք ենք որոշում, հատկապես՝ մեր ունեցածների ճակատագիրն ու իմաստը:

-Նայիր, նիվա եմ ներկում, «կառեչընիվի» նիվա ա, ջուրը քիչ եմ անում, որ մուգ չլինի, սենց լավ ա, չէ՞։

-Դավո, բայց «կառեչնիվի» նիվա լինո՞ւմ ա։

-Հա, ո՞նց չի լինում, հեսա ներկեմ՝ կտեսնես, որ լինում ա, ներկեմ, վերջացնեմ՝ իսկական ա դառնալու:

Էս ամենը ասում էր էնքան վստահ ու համոզված, որ ես էլ ակամա հավատացի:

Մոտենում եմ Դավոյին, որ տեսնեմ ներկվող «կառեչընիվի նիվան», ու տեսնում, որ հեչ էլ նիվա չէ.

-Դավո՛, բայց էս նիվա չի:

-Նիվա ա, իմ նիվան քո իմացած նիվայի նման չի, էս ուրիշ ա, ուրիշ կառեչընիվի նիվայա, իմ նիվան ուրիշ ա:

Չէ, Դավ, քո նիվան ուրիշ չի, քո նիվան քոնն է ու ուրիշ է, ոնց ջրաներկդ, վրձինդ, էդ ամենը չես համոզում քեզ, ոչ էլ թաքցնում ես քեզնից: Քո նիվան ուրիշ է, քոնը նիվա է քեզ համար, որովհետև էդպես ես ուզում…

Դավոյի անսպասելի ներս մտնելը կարևոր էր, շատ-շատ կարևոր…

Մինչ հիմա էս ամենի մասին եմ մտածում՝ ներքին վստահության, նախասիրությունների փոփոխման, պահերը չվայելելու, կորցնելը չգիտակցելու, բայց կորցնելիքդ գերագնահատելու մասին: Ու հիմա հասկանում եմ, որ իմ գրքերը հեչ էլ անգույն չեն՝ Տերյանի տողերի կողքի սրտիկները, Չարենցի կիսատ տողերը մատիտով շարունակածներս, երգերից տողերս էլ վկա:

Ես ոչ մեծահասակ եմ, ոչ էլ երևի երեխա: Բայց էդ ոչ տարիքից է կախված, ոչ էլ արարքներից ու նախասիրություններից: Երևի երեխա լինելը ոչ թե գունավոր գրքեր ներկելն է, ոչ էլ ջրաներկերովդ պարծենալը, այլ ուղղակի էդ պահը վայելելը, համոզել չփորձելը։ Երբ ինչ-որ բան ներքին վստահությամբ ես ասում՝ առանց որևէ մեկին համոզելու փորձի, արդյունավետ համոզմունք է ստացվում: Անել ցանկացածդ գործը էնպես, ինչպես դու ես ուզում՝ առանց լավ կարծիքների սպասելու ու վատից վախենալու: Իրականում շատ հեշտ է երևի ամեն ինչ, եթե ուզում ես։

Դավոյի ներս մտնելն էլ ապացուցեց՝ կարևոր բաները անսպասելի են գալիս, որովհետև սպասվողները սպասվելու ընթացքում կորցնում են իրենց կարևորությունը սպասման պահի կարևորության հետ միասին։

Ես հիմա էլ կարող եմ նստել ու ներկել, ջրաներկեր գտնել կամ գնել, շատ հեշտ է…

Նտելու համար ժամանակն էլ կգտեմ։

Բայց կան կարևորներ, որոնք չգտնվող այցետոմս թողնելով՝ հեռանում են՝ Հախվերդյանի երգած երջանկության նման։

Կան կարևորներ, որոնք կարևոր են միայն էդ պահին…

***

Դասարանում նստել, գլուխը կախել ու ապագա գծել-պատկերացնելը հաստատ էն չի…

Կարելի է գլուխդ բարձրացնել, նայել հետ, կատակներ լսել, ծիծաղել։ Էդ կատակները մի քանի ամսից դառնալու են հուշ, ուղղակի հուշ, ու դու հաստատ կափսոսես ամեն մի չլսածիդ համար։

…Ոչ էլ շտեմարաները կողքի դնել ու «ներկիր ինքդ»-ներ են պետք։ Ես իմ շտեմարանների մեջ սիրելի տողերս կգրեմ՝ պոետներիցս ու երգերիցս. մեկ-մեկ գունավոր հեչ էլ գույներով չեն դառնում:

DSC_0971

#ԵՐԻՏԱՍԱՐԴ_ԽՈՍՆԱԿ

Երբևէ լսե՞լ եք «վախ բեմից» արտահայտությունը։ Դա հիմնականում երիտասարդների շրջանում շատ տարածված սոցիալական վախերից է, երբ մարդը վախենում է հանրության առաջ, հրապարակային ելույթներից, մեծ լսարանի առաջ հանդես գալուց։ Ըստ հոգեբանների՝ ելույթներից առաջ վախ զգում է մարդկանց 95%-ը։ Վախի այս տեսակն ի հայտ է գալիս ամենատարբեր պատճառներով. լսարանի հանդեպ անվստահություն, վատ պատրաստվածություն, բացասական ընդունելություն ու արձագանք, լավագույն ձևով ելույթ ունենալու ձգտում և այլն։

Հին ժամանակներում «հասարակություն», «հանրություն» բառերը ասոցացվում էին «կյանք» բառի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև հանրության մեջ հեշտ է պաշտպանություն գտնելը վայրի կենդանիներից ու այլ վտանգներից։ Հնագույն ժամանակներից ի վեր մարդը ակամա հաղորդակցվել է ուրիշ մարդկանց հետ ու, նրանցից օգնություն ու պաշտպանություն ստանալով, միայնակ գոյատևելը դարձել է ավելի ու ավելի դժվար։ Այդ պատճառով մինչև այժմ էլ մենք վախենում ենք լինել չընդունված այլ մարդկանց կողմից, վախենում ենք մեկուսացումից։

Նմանատիպ վախ իմ մեջ ես ևս բացահայտեցի, երբ դեռ երրորդ դասարանից դպրոցական տարբեր միջոցառումներից սկսեցի խուսափել՝ անհիմն արդարացումներ փնտրելով։ Ծնողներիս, ընկերներիս հորդորներն ու նախատինքները չփոխեցին ոչինչ։ Միայն վերջերս, երբ ինքս գիտակցեցի, թե ինչքան կարևոր է վստահ արտահայտվելը, ինքնատիրապետումը չկորցնելը մարդկանց ներկայությամբ, սկսեցի աշխատել այդ թերությունը հարթելու ուղղությամբ։ Նախ դպրոցում դասերը սկսեցի պատմել այնպես, ասես ոչ թե պատմում եմ, որպեսզի ուսուցչուհին ուղղի խոսքս, այլ որպեսզի սովորեցնեմ դասընկերներիս։ Հետո ուսումնասիրեցի «Ինքնատիրապետման արվեստը» գիրքը, իսկ այնուհետև, բախտի բերմամբ, թե պատահմամբ, իմացա «Երիտասարդ խոսնակ» ծրագրի մասին, որի նպատակն է` հռետորության, ելույթի միջոցով բարձրաձայնել համայնքային խնդիրներ, առաջարկել լուծումները, որից հետո առավել առաջնային խնդիրները ներգրավել ավագանու նիստի օրակարգում ու պատշաճ լուծում տալ։

Շուտով ընտրեցի ելույթիս թեման. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները համայնքում»։ Թեման առավել մանրամասներով ուսումնասիրելուց հետո գրեցի ելույթիս տեքստը ու սկսեցի պատրաստվել։ Ինքնավստահություն, հստակ խոսք, խնդրի մասին բարձրաձայնում՝ առավել պարզ բառեր օգտագործելով, դրական տրամադրվածություն, ժեստեր, ժպիտ. ահա այն ամենը, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել ելույթը պատրաստելիս։

DSC_1096

Ելույթ ունենալու վախի դեմ պայքարելու լավագույն տարբերակներից մեկը լավ պատրաստվածությունն է։ Այդ դեպքում բառերը դուրս են թռչում բերանիցդ ինքնաբերաբար։ Իսկ երբ դու ժպտում ես ու պատասխան ժպիտի ես հանդիպում, լարվածության աստիճանը իջնում է մինիմումի։ Մեկ այլ կարևոր գործոն է դիմախաղը և աչքերի կոնտակտը։ Պետք է կարողանալ կառավարել դիմային մկանները, որպեսզի նույնիսկ շփոթվելու կամ տեքստը մոռանալու դեպքում դրանք աննկատ պահել։ Հայացքների փոխանակումը օգնում է վտահություն առաջացնել ունկնդիրների մոտ, բայց պետք է հիշել, որ արդյունավետ է, երբ հայացքները հավասաչափ ես բաշխում։

«Երիտասարդ խոսնակ» ծրագիրը հնարավորություն տվեց վստահորեն բեմ բարձրանալ, խոսել, արտահայտվել՝ չմտածելով արձագանքների մասին, որոշ չափով հաղթահարել վախը բեմից։

Սիրելի՛ ընթերցող, եթե դու էլ ես վախենում հանրության առաջ արտահայտվելուց, եթե քո կարծիքը համարում ես պակաս կարևոր, եթե մտահոգ ես բացասական արձագանքներ ստանալուց, ինչպես ես, ահա խորհուրդս քեզ. եղիր ինքնավստահ ու խոսիր՝ կարևոր չէ, թե ինչի մասին, ընտրիր որևէ անհավանական թեմա, կեղծ տեղեկատվություն, ու փորձիր վստահորեն համոզել լսարանին, որ դա հաստատված ճշմարտություն է։ Փորձիր այսօր, քանի որ միայն այդ միջոցով դու կհասկանաս, թե ինչպես է ընդունվում քո խոսքը, և որքան շուտ համոզվես, որ ելույթ ունենալն այդքան էլ սարսափելի չէ, այնքան արագ դու կազատվես քո վախերից։

Մեկ գավաթ թեյ թումանյանական ոճով

Այս տարի լրացավ մեր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Ես չէի կարողանա չանդրադառնալ մեծն Թումանյանին: 2019 թվականի փետրվարի 19-ին Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որի հեղինակ և կազմակերպիչն էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը: Միջոցառման մասնակիցների թվում էի նաև ես:

51933336_237858047162167_5454286605365805056_o

Մենք Թումանյանի հյուրասենյակի պատկերն էինք ստեղծել դպրոցի գրականության դասարանում, իսկ սեղանին դրել էինք ընկույզի մուրաբա և թեյ: Հիշեցնեմ, որ Թումանյանը շա՜տ հյուրասեր անձնավորություն էր: Մենք Թումանյանի կյանքից հետաքրքիր դրվագների մասին խոսեցինք: Մենք զգացինք Թումանյանի ներկայությունը, և պետք է ամեն վայրկյան հիշել Թումանյանին, կարդալ նրա գործերը և կյանքի կարգախոս դարձրած՝ առաջ քայլել դեպի նոր և հզոր հայրենիք:

Հովհաննես Թումանյանի նման մարդիկ են, որ մեզ ոգեշնչել են հայրենասիրությամբ միշտ պատրաստ լինել պայքարի՝ պաշտպանելու մեր հայրենիքը, գիրը, լեզուն: Թումանյանը չի մեռնում, ամեն անգամ՝ գիրքը բացելիս ու կարդալիս, նա կրկին ու կրկին վերածնվում է: Թող շատ թումանյաններ ծնվեն, որ մեր ազգում կրկնապատկվի հոգևոր հարստությունը:

Ձմռան վերջին կիրակին

Ժապավենի դարաշրջանը. Մաս առաջին

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նախորդ համարներից դուք արդեն հասցրիք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում լուսանկարը: Ու երևի հիմա էլ կարդալով մտածում եք, որ նորից հեքիաթներ եմ պատմելու ինչ-որ Դագերի կամ ինչպե՞ս էր նրա անունը… Հա, Նեպսի մասին: Իրականում դեռ երկար բան կա խոսելու ասենք, Տալբոտի կալոգրաֆիայի կամ նմանատիպ փորձեր անող մի շարք այլ մարդկանց մասին, ովքեր ուղղակի ճանապարհ են բացել դեպի ֆոտոն: Այդ լուսազգայուն շերտով պատված թիթեղներն ու սկավառակները հիմք հանդիսացան լուսանկարչության զարգացման ամենակարևոր, հեքիաթային փուլին` ժապավենային դարաշրջանին:

Երբ ես փոքր էի, Մերգելյանի մեր տանը ամեն երեկո ես ու պապիկս նստում էինք բաց պատշգամբում ու զրուցում.
- Ամեն ամառ տատիդ ավտոյով տանում էի Կիսլովոդսկ: Նենց սիրուն քաղաք էր: Էն ալբոմի մեջի տատիդ նկարները սաղ էնտեղ էի անում: Մի քանի հատ ժապավեն էի գնում, մինչև հետ էինք գալիս` բոլորը նկարած էի լինում: «Զենիթ» ունեի: Գիտե՞ս ինչ թանկ էի առել: Էդ ժամանակ «Զենիթի» նման ապարատ չկար: Էն Լենուշը հետը տարավ եսիմ ուր` էլ չբերեց,- և ամեն անգամ ափսոսանքով հիշում էր իր «Զենիթը»:
Հետո դարակներից քրքրում հանում էի չտպված, մեծ տուփի մեջ կոկիկ հավաքված ժապավենները` պապիկս էր հավաքել: Հանում ու ժամերով յուրաքանչյուր ժապավենը պահում էի արևին և նկարներն էի նայում:
Պապիկս մեզ էլ էր նկարում: Ճիշտ է, ոչ «Զենիթով»: Ամեն կիրակի օր տանում էր Կենդանաբանական այգի, կանգնում էինք արջերի վանդակի մոտ, պապիս էլ մինչև ֆոկուս էր բռնում- նկարում, արջերը մտնում էին իրենց բները: Բոլոր նկարներում մենք ենք դատարկ վանդակների ֆոնին:
Հա, ինչ էի ասում, այդպիսի բան էր ժապավենը:
Դագերի ժամանակներում դեռ պատկերացում չունեին ինչ է այն, և չէին պատկերացնում, որ քսաներորդ դարում Ջորջ Իսթման անունով մեկը կստեղծի մի կազմակերպություն, որը ժապավենների արտադրության մեջ կլինի առաջատարը, և որի մասին կխոսեն մինչև անգամ այսօր: Այո, խոսքը Կոդակի մասին է: Այլ ժապավեն արտադրող ընկերություններ էլ են եղել, հիմա էլ կան, բայց Կոդակը միշտ դոմինանտ է եղել նրանց շրջանակներում: Այդ ժապավենը նաև կինոյի հիմքն է եղել, քանի որ հենց Իսթմանի տեխնոլոգիայով Էդիսոնը սկսեց նկարել առաջին շարժվող պատկերները, սակայն դրա համար դեռ շատ վաղ է:
Հա, ուրեմն, ժապավենը բարակ պլաստիկե թիթեղիկ է, մի կողմից պատված ժելատինի էմուլսիայով, մյուս կողմից` լուսազգայուն արծաթի հալոգենի մանր բյուրեղիներով, որոնց քանակից է կախված լուսավորությունը, ջերմաստիճանը և այլն: Սակայն դա միայն նրա քիմիական մասն է: Ժապավենը վաղուց պետք է վերացած լիներ: Դեռ այն ժամանակ, երբ թվայինը արեց իր առաջին քայլերը: Ի դեպ, այդ ժամանակաշրջանը Կոդակի համար ողբերգական է եղել, քանի որ այդ հսկայական ընկերությունը սննկացել է: Ոչ ոքի այլևս հարկավոր չէին ժապավեններ: Սակայն բարեբախտաբար լուսանկարիչների մեջ եղան էնտուզիաստներ, ովքեր չդավաճանեցին և շարունակեցին նկարել ժապավենով:

Հիշո՞ւմ եք, նախորդ անգամ ասում էի, որ հիմա էլ կան լուսանկարիչներ, ովքեր շարունակում են նկարել ժապավենով, իրենց ձեռքերով երևակում են լուսանկարները` զգալով երևակայությունն ու միտքը իրականություն դարձնելու հեքիաթային ճանապարհը: Հա, կան: Նրանցից մեկն էլ լուսանկարիչ Պատրիկ Ջուսթն է, ով ողջ օրը խցիկը ձեռքին թափառում է Բալթիմորի փողոցներում ու ժապավենով նկարում փողոցային կյանքը: Գիտե՞ք, նա ինչ է ասում: Նա ասում է, որ. «Ֆոտոն քանդակի նման է, եթե դու սովորել ես աշխատել կավի հետ, դժվար է անցնել մետաղի կամ, փայտի, եթե նույնիսկ բոլորը աշխատում են դրանցով»: Պետք է նշեմ, որ հիմա ձեր ամենասիրելի, պաշտելի, օսկարակիր ֆիլմերի մեծ մասը շարունակում են նկարահանել ժապավենով, ասենք ինչպես Քվենտին Տարանտինոն կամ Քրիստոֆեր Նոլանը` պնդելով, որ ոչ մի նորագույն տեխնիկա երբեք չի տա այնպիսի որակ, իսչպիսին տալիս է ժապավենը:

Թումանյանական օր Եղեգնաձորում

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Փետրվարի 19-ին, որը Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տանը, որին մասնակցում էին թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները:

Երեխաները կարդացին Թումանյանի հեքիաթները՝ «Անբան Հուռին», «Կացին Ախպերը», «Բարեկենդանը» և այլն:

«Ծիածան» մանկապարտեզի սաները նույնպես ներկա էին միջոցառմանը և ասմունքեցին Թումանյանի բանաստեղծություններից: Գրադարանավարները գրքեր նվիրեցին միջոցառմանը մասնակցող երեխաներին:

Մանկական միջոցառմանը հաջորդեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթը, որի մասնակիցներն էին 8-երորդ դասարանի աշակերտուհիները:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավարուհի Ջեմման.

-Այսօր մենք նշում ենք Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, և այսօրվա մեր բոլոր խոսքերը նվիրված են նրան: Այսօրվա միջոցառման ընթացքում մենք կանգ չենք առնելու, և չենք խոսելու Թումանյանի ստեղծագործությունների մասին, որովհետև Թումանյան գիտենք բոլորս, որովհետև բոլորս ենք կարդացել նրա ստեղծագործությունները՝ սկսած մանկապարտեզի երեխաներից, մինչև խորը ծերություն ապրող մարդիկ: Այսօր մենք խոսելու ենք մի մեծ մարդու, մի մեծ անհատի, նշանավոր քաղաքացու, նշանավոր հայրենասերի, 10 լավագույն երեխաների հայր՝ Հովհաննես Թումանյանի մասին: Մի բանաստեղծի, որի բերդը միշտ անառիկ է և կանգուն, ինչպես Թմկաբերդը:

Իսկ միջոցառման ավարտին իր սրտի խոսքն ասաց առաջին դպրոցի ուսուցչուհիներից մեկը:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ինձ թվաց, թե այսօր ես մի նոր դաս վարեցի, մտել եմ դասարան ու խոսում եմ Թումանյանի մասին, հուզվում և հուզում եմ երեխաներին: Եվ իմ խոսքերին լրացնելու եկան այսօրվա միջոցառմանը մասնակցող երեխաների խոսքերը: Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, իմաստուն բանաստեղծի քառյակները միշտ մնում են, նա այդ փիլիսոփայական մտքերը գրել է ժողովրդի համար, մեզ, մեր երեխաների համար, և հավերժանալու համար է գրել: Ուստի բոլորիս խորհուրդ է տրվում հոգու խորքում միշտ վառ պահել նրա հիշատակը: Եվ ես ցանկանում եմ մի խորհուրդ տալ․ այն ժամանակը, որ տրամադրում եք հեռախոսի կամ համակարգչի առաջ անցկացնելուն, այդ ժամանակը տրամադրեք ընթերցանությանը, որովհետև այն գրականությունը, խոսքի արվեստը, որին տիրապետելու եք դուք, որով քայլելու եք այս դժվար ճանապարհը, ձեզ պետք է գալու:

Մի մեծ պատմություն, որ նրանց այդքան էլ հետաքրքիր չէ

Հատվածներ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորի օրագրից

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մասնաճյուղի կամավորներով ամեն ամիս այցելում ենք Աշտարակում բնակվող 70 միայնակ ապրող տարեցներին։ Լսում ենք նրանց պատմություններն ու օգնում։ Այդ տարեցների մասին է այս շարքն ու այս պատմությունը։

Մեր կողքին հազարավոր մարդիկ են ապրում, միլիոնավոր մարդիկ են ապրում, ովքեր մեր կարիքն ունեն, ու որոնց կարիքը մենք ունենք․․․

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

Մեքենայով մի քանի պտույտ ենք գործում թաղամասով ու վերջապես կանգնում ենք մի հին շենքի դիմաց, որտեղից Արագածն այդ օրը շատ հստակ էր երևում։ Եվս մեկ անգամ ճշտում ենք հասցեն, ու աղջիկները գնում են դուռը թակելու։ Ես ու Վաչեն մեքենայից տոպրակն ենք վերցնում ու բարձրանում մի քանի աստիճան։ Բնակարանն առաջին հարկում էր։ Դուռը բացում է․․․ Դուռը մենք ենք բացում, որովհետև այն առանձնապես փակված էլ չէր։ Դա մի հնամաշ ու պատմություն ունեցող դուռ էր, որ երևի հազարավոր խոսակցությունների ականատես էր եղել։

Ներս ենք մտնում․ անկյունում Հայկանուշ տատն է կուչ եկած․ տունը ոչնչով չի տաքացվում։ Ցրտից պաշտպանվելու համար նա գլխաշոր է կապել, հաստ վերարկու է գցել ուսերին, բայց ոտքերը մրսում են, թեև մի քանի գուլպա է հագել․ տատը հողաթափեր չուներ։ Ողջունում ենք ու ձայն լսելով մյուս սենյակից, առաջ է գալիս Հայկանուշի աղջիկը, որ նույնպես մի քանի շոր էր հագել` ցրտից պաշտպանվելու համար։ Դա փետրվարյան մի ցուրտ օր էր աշտարակյան մի մաշված բնակարանում, որի հատակը ծածկված էր լաթի կտորներով, իսկ լուսամուտներից արևը չէր երևում։

Մյուս սենյակի դռան արանքից 2 տղա էին երևում, բայց այժմ մենք նրանց չենք տեսնում։ Նրանք դուռը փակեցին՝ ամաչելով։ Սեղանին ենք դնում Հայկանուշ տատի սննդի փաթեթը, ու երբ տեսնում է կարմիր խաչի նշանը, լայն ժպտում ու շնորհակալություն է հայտնում։

Հայկանուշ տատը 79 տարեկան է։ Խորհրդային միության բոլոր երեխաների նման նա դպրոց է հաճախել 6 տարեկանից, իսկ ավարտելուց հետո Խորհրդային միության բոլոր շրջանավարտների նման աշխատել է։ Աշխատել է 37-րդ սովխոզում։ Ու գործընկերոջ հետ էլ ամուսնացել է 26 տարեկանում։ Այդ ժամանակ Վաչիկի կինը մահացել էր ավտովթարից, իսկ ամուսնությունից հետո բոլորը Հայկանուշ տատին վատաբանում ու մեղադրում էին նրա մահվան մեջ։ Լավ թե վատ ապրել են ու երեք աղջիկ ունեցել։ Աղջիկները փորձում են օգնել, բայց նրանց վիճակն էլ առանձնապես լավ չէ։ (Այդ ժամանակ նրանց տանն էր նաև ազգականներից մեկը, ով այցելել էր նրանց՝ օգնելու):

Նստում ու զրուցում ենք տատի հետ։ Տատն անդադար պատմում է՝ անցյալն ու ներկան իրար խառնելով ու ցրտից դողալով։ Հայկանուշի փեսան նրանց հետ չի ապրում։ Աղջիկն էլ որոշ խնդիրներ ունի։ Չի աշխատում ձմռանը, որովհետև աշխատանքի չեն վերցնում, իսկ ամռանը գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում՝ խնձոր, ծիրան ու այլ մրգեր է հավաքում ուրիշ տղամարդկանց և կանանց հետ։

Վաչիկ պապը 17 տարի է` մահացել է։ Իսկ փեսան ոչնչով չի օգնում ընտանիքը պահելու գործում։ Թոռներից մեկը խելացի է ու լավ է սովորում, մյուսը հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոց է հաճախում։ Ապրում են տատի թոշակով։

Լուսանկարը՝ Վաչե Վարդանյանի

Լուսանկարը՝ Վաչե Վարդանյանի

Արդեն մենք էլ ենք զգում ցուրտն ու պատճառն ենք հարցնում։ Մեզ ասում են, որ ծխատարը խցանված է, տանը տղամարդ չկա նորը սարքելու համար, իսկ երբ հին ծխատարն են օգտագործում, հարևանները բողոքում են ծխից։ Էլեկտրական վառարա՞ն․․․ Ընտանիքը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ․ բավարարվում են տաք հագնվելով ու կիսակուշտ քնելով։

Հայկանուշ տատը ստորագրում է իրեն հատկացված օգնության համար, շնորհակալություն ենք հայտնում ու դուրս գալիս․․․ Ու էլի գնում ենք տարեց մարդկանց այցելության․․․

Շարունակելի․․․