Ազատ տարածք խորագրի արխիվներ

hayk mantashyan

Փոթերականները

Արդեն 21 տարի է, ինչ անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի ստեղծած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը գրավում է նորանոր երկրպագուների սրտեր: Այն չի շրջանցել նաև Հայաստանը: Հայ թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը հայերեն է թարգմանում ողջ վիպաշարը: Առաջին երեք գրքերը արդեն առկա են երկրի գրադարաններում և գրախանութներում: Այդուհանդերձ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն երեք տարի է գործում է Harry Potters World (Armenia) փակ խումբը, որտեղ իրենց հաճելի ժամանցն են անցկացնում Հարրի Փոթերով հետաքրքրված իրար նման, բայց միաժամանակ և իրարից շատ տարբեր մարդիկ: Ես՝ հանդիսանալով խմբի ակտիվ մասնակիցներից մեկը, զրուցել եմ խմբի ադմինիստրատորներ Արեգ Միրզոյանի, Մանուշակ Միքայելյանի և Արամ Ամիրբեկյանի հետ:

Իմ առաջին հարցին, թե ինչպես և ինչ հանգամանքներում են առաջին անգամ ծանոթացել Ջ.Ք. Ռոուլինգի ստեղծած կախարդական աշխարհին, Մանուշակը, Արամն ու Արեգը պատասխանել են, որ հեռուստացույցով են առաջին անգամ տեսել փոթերյան առաջին ֆիլմը: Արեգը երկրպագու է արդեն 16 տարի, իսկ Արամը ամբողջ ֆիլմաշարը դիտել է 2015թ.-ին:

-Չնայած, որ գրքերում գերակշռում է պատմությունն այն կախարդանքի մասին, որը ամեն օր չես կարող տեսնել, ինձ ամենաշատը գրավել է այն կախարդանքը, որն ամենօրյա իրականության մեջ է՝ ընկերների հետ կապը, մոր սերը, բարությունը, Հարրիի անմեղ միամտությունն ու մշտապես հիացմունքը կախարդական աշխարհի հանդեպ,- պատասխանել է Մանուշակը՝ ինչն է Հարրի Փոթերի պատմության մեջ ամենակարևորն ու ամենակախարդականը հարցին:

Հետաքրքրական է, որ Արեգը կերպարներից իրեն ամենահոգեհարազատն ու նմանը համարում է Ալբուս Դամբլդորին: Նրանք երկուսն էլ միշտ փորձում են օգնել ում կարող են ու տարածել «լույս», որքանով որ հաջողվի: Իսկ Մանուշակը կարծում է, որ Հերմայոնիի ու Լունայի խառնուրդն է: Նա Հերմայոնիի պես սիրում է սովորել ու քննություններ հանձնել և Լունայի պես չի դատապարտում մյուսներին՝ ակնկալելով չլինել դատապարտված: Արամն էլ կարծում է, որ իր ու Սեվերուս Սնեյփի կյանքերը նման են իրար:

Գրեթե բոլորն էլ, բացի սիրելի կերպարներից, ունեն այնպիսիք, ում հանդեպ հակակրանք են տածում: Արեգի համար այդպիսի կերպար է եղել ժամանակին Սնեյփը, իսկ Մանուշակն ու Արամը մինչև այժմ էլ տանել չեն կարողանում Դոլորես Ամբրիջի կերպարին, ում համարում են նույնիսկ ավելի դաժան, քան պատմության գլխավոր բացասական հերոսին՝ Վոլդեմորին:
Այն հարցին, թե կուզենայի՞ն արդյոք նրանք ապրել փոթերյան կախարդական աշխարհում, Արամն ու Մանուշակը դրական պատասխան են տվել: Արամը իր պատասխանը պատճառաբանել է նրանով, որ, ունենալով մոգական ուժ, ավելի հեշտ կլիներ արդարություն հաստատել: Իսկ Մանուշակն ասել է.
-Բնականաբար, այո։ Ամեն ինչ կտայի կախարդական դպրոցում սովորելու համար։ Երբեք չեմ հասկանա, ինչու էին Հարրին ու Ռոնը միշտ դժգոհ իրենց դասերից: Ես ամբողջ ժամանակ էյֆորիայի մեջ կուլ կտայի ստացած ինֆորմացիան ու Հերմայոնիի պես հիմնական ժամանակս կանցկացնեի գրադարանը քրքրելով։
Միայն Արեգն է, որ չէր ուզենա լինել փոթերյան աշխարհի բնակիչ, քանի որ նա կարծում է, թե մեր աշխարհն արդեն իսկ լի է յուրահատուկ կախարդանքներով, որոնցից ամենամեծն իր համար ապրումակցումն է:

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ: Դուք հանդիպել եք լեգենդար, տասնմեկամյա Հարրի Փոթերին և ունեք ընդամենը հինգ րոպե: Ի՞նչ կասեիք նրան: Այ, օրինակ, Արեգը կասեր, որ ինչ անում է՝ ճիշտ է անում, բայց թող գոնե Հերմայոնիի պես շատ գրքեր կարդա: Գոնե կիսով չափ: Իսկ Մանուշակն այս առիթով ասել է.
-Հինգ րոպեից երեքը երևի ուժեղ կգրկեի պուճուրին ու կվստահեցնեի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ նա սիրված է ու միշտ լավ մարդկանցով է շրջապատված լինելու։ Իսկ եթե մոտերքում Պետունիան երևար, կոշիկովս գլխին կտայի, հա՛մ Հարրին մի քիչ կծիծաղեր, հա՛մ էլ իմ սիրտը կհովանար։

Իմ հարցազրույցի հերոսները Հարրի Փոթերի միջոցով ձեռք են բերել բազում ընկերներ, նոր շրջապատ, անսպասելի հանդիպումներ և անգամ՝ գործնական առաջարկներ: Եվ որ ամենակարևորներից է, նրանք ձեռք են բերել մի վիրտուալ միջավայր, որտեղ ամեն օր հաճույք են ստանում հոգեհարազատ մարդկանց հետ շփվելուց:
-Դեռ չեմ հանդիպել այնպիսի մարդ, ով կարդացած լինի ու ձեռք բերած չլինի ավելի լայն աշխարհայացք, ավելի ըմբռնող չլինի իրենից տարբերվող մարդկանց հանդեպ, ավելի հասկացող չլինի,- ասում է Մանուշակը:

Այն հարցին, թե որն է հեղինակի հիմնական ուղերձն ընթերցողին, Արեգն ասել է.
- Ինչ ուզում է լինի, զբաղվիր ինքնակրթությամբ, եղիր լավ ընկեր, բարձրացրու ձայնդ անարդարության ու պայքարիր այն ամենի համար, ինչը կարևորում ես: Դու ես քո կյանքի կախարդը:

Արամը կարծում է, որ հիմնական ուղերձը մարդկանց՝ տարբերությունների հիման վրա չդատելն է:

Մանուշակն էլ պնդում է.
-Մոգությունն ամենուր է: Ուղղակի պետք է կարողանալ զգալ ու օգտագործել այն ճիշտ։ Քեզ համար մի մանրուք կարող է տակնուվրա անել դիմացինիդ կյանքը։ Պետք է հասկանալ, թե ինչքան կարևոր է սիրող ու ընդունող մարդ լինել ու երբեք պետք չի դատել ինչ-որ մեկին այն պատճառով, որ նա տարբերվում է քեզնից։

Եզրափակելով հարցազրույցը, Արեգը, Մանուշակը ու Արամը Հարրի Փոթերի պատմությանը դեռ անծանոթ մարդկանց ասում են, որ եթե ուզում եք փախչել ձեր կարծրացած մտքերից, ընդլայնել ձեր երևակայությունը, վերապրել մանկական կախարդական ցանկություններով լի արկածները, ձեռք բերել նոր ու հետաքրքիր ծանոթություններ, ուրեմն այս գիրքը Ձեզ համար է:
- Հենց կարդաք ու հավանեք, ֆեյսբուքյան մեր խումբը սպասում է ձեզ,- ասել է Արեգը:

Inesa Zohrabyan aragacotn

Իմ 2018-ը և գալիք տարին

Իրականում չեմ գրելու, թե ինչերի մասնակցեցի, ինչ հաջողություններ ունեցա և նման այլ բաներ. դրանց մասին կարող եք իմանալ ընդամենը ֆեյսբուքյան էջս ստուգելով: Կգրեմ նրա մասին, ինչը չեք կարող «պեղել» իմ էջից:

Լավ: Ուրեմն սկսեմ նրանից, որ ես տարին համարում եմ բարենպաստ, եթե մի պահ հիշում եմ ինձ մի տարի առաջ, իմ ցանկությունները, գաղափարները, կատարած գործողությունները ու ծիծաղում եմ ինձ վրա: Հա-հա, եթե դու ժպտում ես` մտածելով մի տարի առաջվա «եսիդ» մասին, ապա հաստատ փոխվել ես:

Իսկ 2018-ը լրիվ ուրիշ տարի էր, ուրիշ գաղափարներով, ցանկություններով, իրականության հետ կապ չունեցող երազանքներով ու առօրյա ձգտումներով: Տարի էր նաև արկածներով, նոր ընկերներով, այս անգամ նաև այլ երկրների ընկերներով և տարի էր` նոր ընկալումների, կողմնորոշումների ու ամփոփումների, նաև «փիլիսոփա» դառնալու: Տարի էր` նոր զարգացումների ու այդ հեղափոխական զարգացումների մի մասնիկը լինելու: Տարի էր` կարոտելու ու գնահատելու, տարի էր` ուղղակի վայելելու ու փորձելու, առանց վախենալու ձախողումներից, տարի էր` գրքերը քո կյանքը մտցնելու ու երգերով ինքդ քեզ մոտիվացնելու: Տարի էր մի երկու ձախողումների, որոնք քեզ ավելի առաջ են մղում: Սիրեցի 2018-ը, այն ինձ էլ հեղափոխեց:

Հուսով եմ, որ 17.am-ի իմ նկարը գալիք տարում կփոխեմ:

Ամենամեծ ցանկությունը 2019 թվականի համար, երկրից դուրս գնալն է, թեկուզ կարճ ժամանակով: Ուզում եմ պտտվել այդ ուրիշ երկրում, մշակույթին ծանոթանալ ու համեմատել մեր երկրի հետ ու էլի ավելի սիրել մեր երկիրը:

Հայրենիքիս համար ուզում եմ խաղաղ բանակցություններ ու լավ արդյունքներ: Իրոք, շատ-շատ եմ ուզում, որ մեր բոլորի հույսերը արդարանան կապված նոր կառավարության հետ: Հիասթափություններ ընդհանրապես չեմ ուզում: Շատ-շատ եմ ուզում, որ ավելի մարդասեր աշխարհ ունենանք: Իսկ ինչ չեմ ուզում գալիք տարո՞ւց. թող նոր կատարելագործված հեռախոսներ չարտադրվեն, ու մարդկային շփումը չհասցնեն նվազագույնի (մի քիչ անհավանական է թվում, բայց…):

Անմոռանալի, ջերմ ու խաղաղ 2019 եմ ուզում և ամեն բան անելու եմ իմ չափով դրան նպաստելու համար:

asthnikogh

Առերեսում

-Վախենում ես քեզ հանկարծ չընդունեն էնպես, ոնց իրականում կաս:

Անջատեցի հեռախոսս:  Չի զանգի,  հարազատ մարդ է, գիտի՝ մտքերիս հերթն է հետս խոսելու: Ուրեմն վախենում եմ: Բայց դեռ հարց է՝ չհասկացվելո՞ւց,  թե՞ հենց հասկացվելուց:  Մեկ- երկու բառ ավել ասել ու կատակել,  չէ՛ է, չէ՛, ավելի լավ է լուռ լսել ու թեթև խնդալ:  Ես ու իմ կատակները մտքում կխնդանք.  մեկ-մեկ կիսաձայն ծիծաղել կարելի է բայց: Թող ասեն խելոք գիժ է: Էլի խնդացի:

-Չէ՛, տիկին ջան, Ձեր տարօրինակ գլխարկը իմ ծիծաղի հետ կապ չունի: Անեկդոտ հիշեցի:

-Գիժ է՜ էս աղջիկը:

-Խելոք գիժ է, չէ՞:

Բայց գլխարկն իրոք ծիծաղի արժանի տարօրինակ էր:  Թե ասա` խելոքի գիժն ու գժի խելոքը ո՞րն է: Դե լավ, այդ կնոջը էլ չեմ տեսնելու: Գլխարկն էլ երևի:

Հա, ի՞նչ էի ասում: Վախենում էի ուղղակի խոսելուց, էն սիրուն գծած ձևերին չէի տիրապետում, բայց գիտեի: Ասենք` հեծանիվ ունեմ ու քշել չգիտեմ: Լավ էլ համեմատեցի:

-Է՜, տիկին, ասացի` գլխարկը կապ չունի:

Բայց սովորել գոնե կարող եմ: Ասում են` բարդ չէ, ժամանակի հետ կվարժվես, էլ չես ընկնի: Է՛ս դու, է՛ս հայելին, էս էլ մի բուռ ձևական սեթևեթանք,  դե՛ պարապիր:

-Շատ արհեստական է ստացվում: Ձևական ես:

-Ի՞ նչ արած, էլի լիկվիդ:

Ինչ լավ է, գոնե հեծանիվ քշել գիտեմ: Վախենում եմ… Լավ տրանսպորտս եկավ, ես գնացի: Այդպիսի մտքերի համար այնտեղ բավական անհարմար է: Հասնեմ` կզանգեմ էլի այն հարազատին:

anahit badalyan tonakan

Անվերջ վերադարձ

Բարև․․․Բարև այնտեղից, որտեղ մարդիկ իրար տեսնելիս ասում են՝ բարև, բարի օր, ողջույն, բարի երեկո: Որտեղ մարդիկ խոսում, ժպտում, սիրում, ապրում ու շնչում են հայերենով: Բարև այնտեղից, որտեղ արդեն չորս ամիս վազքս, խոսքս, ծիծաղս ու ներկայությունս բացակա է եղել, իսկ սիրտս ու հոգիս՝ հավերժ ներկա: Բարև իմ հպարտ ու հարազատ հողից, իմ ու մեր Հայաստանից:

Ձմեռային արձակուրդներին հայրենիք եմ վերադարձել, թեև՝ ոչ երկար ժամանակով։ Երևի հիշում եք, որ ես այժմ սովորում եմ Իտալիայում, «Ադրիատիկ» միջազգային դպրոցում: Մի կարճ ժամանակահատվածը լրիվ բավական է՝ ամենասիրելի ու թանկ մարդկանց, վայրերն ու պահերը անբացատրելի կարոտելու համար: Բավական է՝ անհրաժեշտություն ու կարիք զգալու համար, ուժեղանալու, կոփվելու ու ամրանալու համար:

Քոլեջում երբեմն էնքան զբաղված  ենք լինում, որ կարոտելու ժամանակ անգամ չի մնում: Դասերը շատ են, հանձնարարությունները՝ անպակաս, անելիքները՝ միշտ լիքը, պատասխանատվության ու պարզ ճակատով ներկայանալու զգացողությունը՝ անսպառ: Ուրախությամբ ու հպարտությամբ պիտի ասեմ, որ առաջին կիսամյակիս համար իմ առջև դրված նպատակը, չվախենամ՝ ասել, նույնիսկ գերակատարել եմ: Կատարածս աշխատանքից ուսուցիչներս գոհ են, նոր ընկերներ ունեմ, հասցրել եմ սիրել Դուինոն ու «մերվել»  Իտալիային:

Արագ անցան էս ամիսները, թե չէ, փոքր-ինչ բարդ է ասելը: Անելիքների տեսակետից՝ հագեցած ու շնչակտուր էր, կարոտելու տեսակետից՝ երևի մի քիչ ավելի սպասումով լի:

Առավոտյան սեփական զարթուցիչին միայն ապավինելն ու մամայի ձայնը քեզ միշտ արթնացնելու պատրաստ չունենալը, նախաճաշին երբեմն թեյել չհասցնելն ու դրա համար մի կարգին նկատողություն չստանալը, մեկ-մեկ թեթև հագնվելն ու մինչև դռան ծայրը` «Ժակետդ գոնե հետդ վերցրու, գլխարկդ էլ պայուսակումդ պահիր» չլսելը հեշտ չէին, ու մեկ-մեկ՝ էնքա՜ն տխուր: Բայց ժամանակի հետ հարմարվում ես, ընտելանում ես, մի քանի անգամ մրսելուց հետո ինքնաբերաբար գլխարկդ պայուսակումդ ես պահում միշտ, մի քանի րոպե շուտ ես արթնանում, որ հասցնես թեյդ խմել ու․․․ դառնում ես միակ ու միակ զարթուցիչդ: Ու տխուրը գիտե՞ք՝ որն է․․․Դու տանը գուցե չզգայիր, որ մրսում ես առանց գլխարկի, առավոտյան մի բաժակ թեյիդ պակասը այդ աստիճան քեզ ներսից զգացնել չտար գուցե, մի տասը րոպե ուշ արթնանալն էլ հաստատ դասից ուշանալու պատճառ չէր դառնա: Իսկ տնից դուրս դու վախենում ես հիվանդանալ ու մնալ ինքդ քո հույսին, դրա համար էլ գլխարկդ պայուսակիդ մեջ է միշտ, վախենում ես՝ դիմադրողականությունդ առանց էն մի բաժակ թեյի մի քանի գրամ պակաս լինի, դրա համար փորձում ես հասցնել խմել, վախենում ես, որ ամեն դեպքում քնած կմնաս, կուշանաս, դրա համար մի կերպ բացում ես քնաթաթախ աչքերդ:

Ամենահետաքրքիրը ինքդ քեզ բացահայտելն է: Երբ հարիսա էի սարքում, մեջս մի ուրիշ հպարտություն էր խոսում: Հայաստանում հարիսա շատ չէի սիրում, մաման որ սարքեր՝ հա, կուտեի, բայց ավելի հաճախ կասեի մամ, կարտոֆիլի ժարի՜տ, ի՞նչ հարիսա է: Էնտեղ տեսնում էի՝ ոնց են ուրիշները հավանում իմ սարքածը, ու հետո հիշում էի մամայի՝ մենակ կարտոֆիլով ո՞նց կլինի-ն:

Գարիկի ու Սոնայի «Լուսինը» իմ սրտին, ականջին ու ձեռքերին այդքան մոտ ու հասանելի դժվար դառնար, եթե համերգին անպայման հայերեն մի բան ներկայացնելու անհագուրդ ցանկությունը չլիներ:

Մի խոսքով՝ Bella Ciao-ի, Չելենտանոյի, պիցցայի ու մաֆիայի հայրենիքում էլ ավելի կապվեցի իմ բաց երկնքի տակ հարատև ապրող թանգարանին՝ Հայաստանիս: Ու երբ Լեհաստանում օդանավակայանում սպասում էի դեպի Երևան չվերթիս, «Հա քեռ ջան, հեսա մի քսան րոպեից կթռնենք», «Նարեկ, էդտեղով մի վազիր, կընկնես» ու նմանատիպ ջերմ արտահայտություններն ինձ հասկացնել տվեցին, որ ինքնաթիռում մենք մերոնցով ենք՝ հայերով: Կողքիս էլ մի հայ տիկին էր նստած: Խոսեց, պատմեց աղջկանից, թոռներից, տղաներից (թե՞ տղա չուներ), դե ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես էլ լավ հոգնած էի, ու քունս տանում էր․․․

Վայրէջքից մոտ կես ժամ առաջ ականջներումս հնչող «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին»-ը թվաց ավելի, քան իրական․․․Որովհետև նույն Հախվերդյանի «Գիշերվա աստղազարդ հեքիաթում»-ը արդեն չորս ժամ հետս էր՝ սրտում, մտքում, հոգում: Ու հետո հասանք․․. Անձնագրի ստուգում, ուղեբեռի ստացում: Ու․․․ Բարև, ինձ չորս ամիս առաջ քո գրկից բաց թողած ու չորս ամիս հետո գրկաբաց ընդունող օդանավակայան: Բարև նորից, էլի մի անգամ, մի որոշ ժամանակ անց, բայց էլի նույնը: Ես վերադարձել եմ՝ չփոխված՝ ոնց խոստացել էի: Ու իմ ոսկեղենիկ լեզուն անգամ երևի համապատասխան բառեր չունենա, որ վերցնեմ ու կառուցեմ խոսքս այն մասին, թե ինչ զգացի պապային օդանավակայանում գրկելիս: Տանն էի, տանը, տանը․․․

Ու հիմա, չորս ամիս չդիտած հեռուստացույցի դիմաց նստած՝  քեզ գրելիս զգում եմ, որ կան ուրիշ, անբացատրելի սիրուն ու տարբերվող կարոտներ, որոնք նվաճվում են նվաճված երազանքները ճաշակելիս: Ու կան կարոտներ դեպի այն ուղիները, որոնցով անցել ենք ժամանակին այդ երազանքները իրագործելու համար: Կան հետադարձ հայացքներ, որոնք մեղմ ու խենթ ժպիտով են համեմված՝ փորձով ու անցած ճանապարհով ձեռք բերված լուռ ու շատ բան ասող ժպիտով: Ու կան օրեր, որոնք հիշելիս թեթև ժպտում ենք ու քմծիծաղ տալիս, որովհետև գիտակցում ենք դրանց միջի անկեղծ ու ազնիվ տենչը դեպի այսօրվա ներկան: Ու հետո մի պահ մտածում ենք, թե ինչի տենչ կա մեր այսօրվա ներկայում: Ու այն պահին, երբ զգում ենք, որ տենչը ներկան ամուր ու պինդ պահելն ու ըստ արժանվույն վայելելն է, կարող ենք եզրակացնել, որ հասունացել ենք, հասունացել ենք՝ հասնելով նրան, ինչին հասնելու համար երկար ու ձիգ ուղիներ ենք կտրել-անցել:

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Երևան, Հանրապետության հրապարակ

Դիլեմա ուրիշ անկյունից

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Ուզում եմ մի քիչ դիլեմայից պատմել, այսինքն, ուղղակի դիլեմայից չէ, թեև, ոնց Անահիտն է ասում. «Անընդհատ դիլեմա է, ու ինձ թվում է՝ բացատրելու ոչ մի բան չկա», այնուամենայնիվ մի սիրուն գրքի մասին, բայց էդ ամենի մասին պատմել ոչ էնքան լրագրողի, որքան ավելի շատ ընկերոջ աչքերով:

Ես երկրորդ հերթի ուսանող եմ, ինչը նշանակում է, որ մինչև 7-ը համալսարանում եմ լինում: Փիլիսոփայության վերջին դասն էր, առաջին 40-ը նստեցի, երկրորդին արդեն խնդրեցի, դուրս եկա: Իրիկնային Երևանի նեղ ու լայն, մեծ ու փոքր, հարազատ ու չէ փողոցներով գնացի, որ հասնեմ գրատուն, որովհետև նույն օրը թանկագիններից մեկի համար շատ կարևոր օր էր:

Մի խոսքով, ուզում եմ ձեզ մի յուրահատուկ ծնունդի մասին պատմել՝ Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսի մասին: Դեկտեմբերի տաք երեկոներից մեկին՝ 19-ին ժամը 19-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ շնորհանդեսը: Ամսաթվի ընտրությունը բացարձակ պատահական չէր, եթե Անահիտի հետ խոսել ես ամեն ինչից, ապա դժվար թե չիմանաս, որ 9 թիվը կարևոր նշանակություն ունի իր համար: Գիրքը բաղկացած է ծովերից, ընդ որում 9+1 ծովերից: Յուրաքանչյուր ծով ունի իր գույնն ու երաժշտությունը, բացի վերջին ծովից, որն Անահիտի խոսքերով, ամենահասարակ ու ամենաչպարտադրող ծովն է: Փաստորեն վերջին ծովը ոչ գույն ունի, ոչ երաժշտություն, գույնի ու երաժշտության մեջ ընտրությունը մերն է, վերջին ծովն ունի մեկ բանաստեղծություն, որով էլ ավարտվում է գիրքը:
Անահիտն ինքն իրենով առանձնահատուկ է ու հենց էդպես առանձնահատուկ էլ անցկացրեց իր շնորհանդեսը: Հաղորդավարի փոխարեն ինքն ու իր ընկերները ներկայացրին գիրքը, գրքի պատմությունը, բանաստեղծություններ ընթերցեցին, զրուցեցին, խոսեցին ժամանակակից պոեզիայի պարզապես լինելու ու լավը լինելու մասին: Անահիտը իր խոսքը սկսեց «Մեռած պոետների ընկերակցություն» ֆիլմի մեջբերումով. «Պոեզիան, գեղեցկությունը, ռոմանտիկան ու սերը, այն բաներն են, որոնց համար մենք ապրում ենք»: Ի դեպ, գրքի շապիկի նկարը ևս Անահիտինն է, ինչը ավելի իսկական է դարձնում ամենը: Գրքի խմբագիրը «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանն է, ով ուրախությամբ նկատեց միջոցառման բազմամարդ լինելը ու նշեց դրա մասին ասելով. «Ուրախալի է, որ միջոցառումն այսքան բազմամարդ է, և ներկաները եկել են հարգելու Անահիտի գիրը»,-ծիծաղով ու ժպիտով ավելացրեց,- Դժվար է աշխատել բոլոր տաղանդավոր գրողների հետ, այդպիսի մարդիկ հնարավոր չէ՝ կամակորություններ չունենան:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

«Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը խոսեց գրքից, բայց նախ և առաջ իր ու հեղինակի ծանոթության մասին պատմեց: Անահիտը «Գրանիշ»-ին ամբողջական բանաստեղծական շարք էր ուղարկել և անցյալ տարի տարվա հայտնությունն էր ճանաչվել:
Շնորհանդեսի ընթացքում Անահիտն ընթերցեց գրքի իր ամենասիրելի բանաստեղծություններից, իր բանաստեղծություններից ընթերցեցին նաև ժամանակակից գրողներ Արմեն Սարգսյանը, Համլետ Առաքելյանը: Ներկաների շարքում էին նաև հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը և հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանը:
Երեկոն իրականում շատ հետաքրքիր անցավ, արվեստից ու պոեզիայից խոսելով, իրար ճանաչելով ու սիրունագույն բանաստեղծություններ լսելով:
Ասելիք շատ կա, բայց լավագույնների հետ զրույցներից պետք չէ ամեն բան պատմել, ուստի, գուցե դա պետք է մնա միայն իմ ու հեղինակի միջև:

goharpetrsoyanervn

Փորձում ենք

Կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ, բայց դե մեղավորը մարդիկ չեն. թող կյանքը բեմ չլիներ, որ մարդիկ էլ դերասաններ չդառնային:
Կյանքում լավ դեր ստանալու համար կա երեք տարբերակ: Առաջինը` լավ ծանոթ ունենալը (բախտը), երկրորդը` անկախ ամեն ինչից պայքարելն ու բարձրագույնին ձգտելը և իհարկե` սրանից-նրանից ողորմություն խնդրելը: Առաջին տարբերակը քչերին է վիճակված, երկրորդը ոչ բոլորին է հասու, դե իսկ երրորդը ամենահեշտն է, եթե ունակ ես տրորելու սեփական ես-դ: Լավ, իսկ ի՞նչ իմաստ ունեն այս երեք տարբերակները, հանուն ինչի՞ անցավ գլուխդ դնես ցավի տակ, մեկ է, մի օր մեռնելու ես: Ալեքսանդր Մակեդոնացին, որ աշխարհի տերն էր` մեռնելուց իր հետ ոչինչ չտարավ… Անիմա՞ստ էր պայքարելը: Իսկ ի՞նչ է պայքարը. երևի թե նույն ինքը` կյանքը:
Ասում եք` ինչո՞ւ ենք ծնվում, եթե պիտի մեռնենք… Դե՜, ծնվում ենք մեռնելու համար… Լավ, բա հետո՞. դե հետո էլ մեռնում ենք, որ նորից ծնվենք… Լավ…
Ասում եմ, ինչո՞ւ էիր փոքր ժամանակ խաղալիքի համար լաց լինում ու ծնողներիդ ստիպում, որ գնեին. դե՜, որ քո տարիքի երեխեքի մոտ «կուռաժիտ» լինեիր, կամ էլ էնքան պայքարեիր, որ էն 107-րդ խաղալիքիդ հաշիվը լրացնեիր: Բա ասում եմ` ինչո՞ւ էիր դպրոցում գնահատականի համար կռիվ անում ուսուցիչների հետ: Դե՜, պայքարում էիր բարձր գնահատականի համար: Լավ, բա համալսարանում ինչո՞ւ էիր բոյկոտում, որ էս-էն ծանոթով ստուգարքը ստանում էին, իսկ դասախոսը քեզ կապույտ մազերիդ պատճառով ցածր էր նշանակում: Դե՜, պայքարում էիր անարդարության դեմ, իսկ բարձր գնահատականը ինչի՞դ էր պետք… Հա՜, որ անվճար անցնեիր: Փաստորեն անվճարի համար էիր պայքարում: Բա լավ… Ինչո՞ւ էիր էն տղու  սիրո համար էդքա՜ն քեզ տանջում: Դե՜, պայքարում էիր իրեն հասնելու համար… Հը՞ն, հասա՞ր… Ապրես, որ պայքարում էիր: Սկեսուրիդ մոտ ինչո՞ւ էիր քեզ կոտորում, որ ասեր` «հարսս լավն ա», բարեկամի հարսների մոտ գովեր` խանդից այրվեի՞ն: Շնորհավորում եմ` հասար դրան: Թե ասա` քեզ պե՞տք էր, որ էդքան տանջվում, երեխեքիդ էստեղ-էնտեղ պարապմունքի էիր ուղարկում: Դե՜, որ Մարդ դառնային: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, պայքարդ արդյունք տվեց: Լսիր… Բա որ 80-ն անց էիր ու զգում էիր, որ մեռնելու էիր` ինչո՞ւ չպայքարեցիր ապրելու համար: Դե՜, արդեն մեծ էիր, ինչի՞դ էր պետք, մեկ է, մեռնելու էիր… Իսկ էն «կուռաժիտը» ինչի՞դ պետք եկավ, կամ բարձր գնահատականը, արդարությունը, անվճար անցնելը, էն տղու սերը, սկեսուրիդ գովասանքներն ու հարսների խանդից այրվելը, Մարդ դարձած երեխեքդ. պայքարդ… Էլ ո՞ւմ էր պետք, որ մինչև վերջ չէիր պայքարելու… Ո՞րն էր կյանքիդ իմաստը…
Կյանքի իմաստն այն է, որը ողջ կյանքում փորձում ենք գտնել:

Anna mkhitaryan

Մեր առաջին տոնավաճառը

Ուսումնական տարին սկսելուն պես առարկայական ցանկում հաստատվեց «Ձեռնարկատիրություն» առարկան: Բոլորի շրջանում մեծ ոգևորություն մտցրեց,  սկսեցին մեծ սիրով սովորել և ուսումնասիրել ձեռնարկատիրական արժեքները: Հենց սեպտեմբերից հիմնեցինք աշակերտական գործարար ընկերություն՝ ԱԳԸ: Դեռ ամենասկզբից կատարեցինք ընտրություններ: Նախ ընտրեցինք «Ագը» նախագահ, քվեարկության արդյունքում նախագահ դարձավ Լարիսա Գալստյանը: Մարքեթինգի գծով նախագահ ընտրվեցի ես՝ Աննա Մխիթարյանս, ֆինանսների նախարար՝ Իրա Քոչարյանը, արտադրության գծով նախարար՝ Վահե Հմայակյանը, կադրերի գծով նախարար՝ Մարիամ Կարապետյանը: Աշակերտական գործարար ընկերության կազմը ձևավորելուց հետո միանգամից անցանք մի քանի քայլերի կատարմանը՝ շուկայի հետազոտություն, պարտականությունների պարզեցում, վերջնական թիմի ձևավորում: Նպատակը մեկն էր` թողարկել այնպիսի արտադրանք, որ բոլորին հաճելի լինի: Դե ինչպես միշտ, ամեն բան կատարյալ ստացվեց: Ընդամենը 3 շաբաթում արդեն ունեինք հիմնական արտադրանքը և այլ աքսեսուարներ: Եվ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Աշոցքի միջնակարգ դպրոցում առավոտից եռուզեռ էր: Բոլորս պատրաստվում էինք տոնավաճառի, վերջապես կստանայինք այլոց կարծիքները:

-Աննա՛, բեր շուտ էրա, տիա` էկան մարդիկ:
-Էրեխեք, ո՞վ մանր ունի…
-Մեկդ հետս եկեք` էրթանք համայնքապետարան, տեսնինք` ով գուկա…
-Երեխե՛ք, մեկդ մոտեցեք, ընդեղ մարդ կա…
Ու այսպես շարունակ կարող եմ թվարկել, թե ինչ հասցրեցի լսել այս օրվա ընթացքում: Առաջինը տոնավաճառի հարթակին մոտեցավ մեր տնօրենը: Շատ մեծ ոգևորությամբ ընդունեց մեր աշխատանքերը: Տնօրենից հետո ողջ ուսումնական կոլեկտիվը մոտեցավ, և սկսվեց իրական տոնական տոնավաճառը, գեղեցիկի, նուրբ աշխատանքի վերաբերյալ խոսակցությունները հասան մինչև գյուղամեջ: Այցելեց նաև գյուղապետը և այլ աշխատակիցներ:

Ամեն ինչ այնքան ջերմ մթնոլորտում ընթացավ, որ մոռացել էինք ժամանակի գոյության մասին: Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Դանիելյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջողության մեջ: Սպասենք հաջորդ  տոնի անակնկալներին: