Ազատ տարածք խորագրի արխիվներ

emma miqayelyan-2

Ամեն մարդ իրա դարդին

-Ո՞ւր ա Էմման, երեխե՛ք,- դասարանում բարձրաձայն գոռաց Ալիսը։

-Ստեղ եմ, ի՞նչ ա եղել,- արդեն ձանձրացած ասացի ես։

-Է՛մ, իմանաս՝ ինչ եմ իմացել…

-Ի՞նչ ես իմացել,- անտարբեր ասացի ես։

-Ուրեմն լսի, իմացա՞ր, որ Սյունեն ու Ռոբը ընկերություն են անում, բա տեսա՞ր՝ ինչ ծաղիկներ էր բերել դպրոց Ռոբը, որ Սյունեին նվիրեր ծննդյան կապակցությամբ։

Գլուխս ցավից պայթում էր, համարյա չէի լսում, ականջիս մեկ-մեկ բառեր էին հասնում՝ընկերություն, ծաղիկ, նվեր։ Ի՞նչ էր խոսում՝ չէի հասկանում, այսինքն՝ չէի լսում, որ հասկանայի։ Մտքերով հասել էի 7-րդ երկինք։ Մտքերս կիսատ թողնում ու մտածում եմ՝ ինչպես կանցնի մեր բաց դասը։ Հետո լսում էի տարօրինակ ձայներ. ստամոքսս հարցնում էր.

-Տեսնես՝ մամադ ի՞նչ ա եփել։

-Է՛մ, դու լսո՞ւմ ես։

-Հա, հա,- վստահ պատասխանում եմ ես, բայց գաղափար չունեմ, թե ինչ էր պատմում։

-Ուրեմն տատիկս, երբ Ռուսաստանից եկավ, գիտե՞ս՝ ինձ ինչ էր բերել…

Մտածում եմ՝ ընդհատեմ, բայց կնեղանա, է, լավ, թող խոսի՝ հանգստանա, թեթևանա, ես էլ մտածեմ՝ որ գնամ տուն, ինչ պիտի պատրաստած լինի մաման։ Երանի «ժարիտ» լինի… Մի կտոր թխվածք լինի շոկոլադով, չեմ հրաժարվի, ա՜խ, էս ոնց ա բղավում ստամոքսս։ Մտածմունքներս ընդհատվեցին, հնչեց զանգի ձայնը.

-Է՛մ, դե վաղը կբերես, հա՞, չմոռանաս,- ասաց Ալիսն ու վազեց դասարանից դուրս։

Թե ինչ պիտի բերեի՝ չգիտեի…

margarita voskanyan lori

Ես ուղղված եմ քեզ

Բարև: Ես նամակ եմ: Եկել եմ հեռավոր անցյալից: Եկել եմ քո ներկայիս ժամանակաշրջան:

Ես դժբախտ ու միաժամանակ երջանիկ նամակ եմ: Իմ ներսում ցավ, վիրավորանք, տխրություն ու, միևնույն ժամանակ, սեր, երջանկություն, հույս և հավատ կա:

Դե հա, ես տարօրինակ նամակ եմ: Մի քիչ պատմեմ իմ մասին:

Ես ծնվել եմ Եգիպտոսում: Այսպես ասած՝ մայրս եղել է Կլեոպատրա թագուհին, նա է ինձ առաջին անգամ ճամփորդության մեջ դրել, առաջինն ուղղված եմ եղել Կեսարին: Ցավոք, հենց սկզբից ես վիրավորանք ու անհավատարմություն տարածեցի:

Հետո շատ տարիներ անց հայտնվեցի Հայաստանում: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր Հայոց հզոր թագավոր Աշոտ Երկրորդի հույզերն ու զգացմունքները փոխանցել իր սիրելիին՝ Ասպրամին:

Պատերազմի թեժ կետերում էլ եմ եղել: Ֆրանսիայի թագաժառանգ Շառլը ինձ ուղարկեց Ժաննա դ’Արկին՝ խոսելով ինչ-որ թվերի ու զորքերի մասին: Եվ հենց այդ դարաշրջանում էլ քիչ էր մնում կնքեի մահկանացուս: Ինձ պատրաստվում էին այրել Ժաննայի հետ. պատահմամբ փրկվեցի:

Հասա մինչև Նապոլեոնի ժամանակաշրջան: Իսկապես շատ բան կարող եմ պատմել նրա մասին: Ես նրա հետ Սուրբ Հեղինե կղզում էի:

Անցա բազում դժվարությունների միջոցով ու հասա մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ: Այս տարիներին ես իրականացրի իմ կյանքի գլխավոր առաքելություններից մեկը: Ես նամակ էի, որը որդին մորն էր գրում, զինվորը՝ սիրած աղջկան, հրամանատարը՝ ժողովրդին:

Հետո երկար ժամանակ հանգստի մեջ էի, ինձ՝ որպես երկար ճանապարհորդության մեջ եղած նամակի, պահում էին անգլիական մի թանգարանում:

Հիմա ես քո ժամանակաշրջանում եմ: Ես քեզ մոտ եմ եկել Սիրիայից, Իրաքից, Իսրայելից ու բոլոր այն երկրներից, որտեղ պատերազմ է:

Ես քեզ եմ բերել այդ վայրերի մարդկանց աղերսները, որոնք ուղղված են համայն աշխարհին: Ու չէ որ դու էլ, քո ընկերն էլ ու բոլորդ էլ այս աշխարհն եք: Եվ կապ չունի, թե դու մոլորակի որ ծագից ես, ինչ ազգություն ունես կամ ինչ գաղափարներ:

Ես ուղղված եմ քեզ: Ես խաղաղության, համերաշխության ու հանդուրժողականության նամակ եմ:

Հարձակման կետը

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

-Երեխեք, 20 րոպեանոց դասամիջոցին գնանք խանութ՝ ուտելու բան առնենք, սոված չմնանք։

-Ես էստեղ բիզնես եմ դնելու, իմ սեփական բյուջեով բուֆետ եմ բացելու, այ, խոսքս հիշեք։

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Ըհը, եկավ 20 րոպեանոց դասամիջոցն, ու ամբողջ դասարանով ցանկանում ենք ներխուժել խանութ։ Մեկ էլ աչքովս ընկավ մի հայտարարություն։ Դա ես էլի էի նկատել, բայց բանի տեղ չէի դրել։ Գրված էր, որ 2-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Ա. Ավետիսյանի գլխավորությամբ, ուտելիք են պատրաստել, և վաճառելու են դպրոցի բուֆետում։ Կարդալուց հետո ընկերներիցս մեկը գոռաց հետևիցս․

-Ուռա, մենք էլ ենք բուֆետ ունենալու։

Դե, պատկերացրեք՝ միանգամից բոլորն իրենց ուղղությունը փոխեցին դեպի բուֆետ։

-Վայ, էս ինչ հերթ ա, մեծ ու փոքր, ուսուցիչ ու աշակերտ խառնվել են իրար։

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Բոլորն շտապում էին գնել և փորձել երեխաների պատրաստածը։ Հերթը ձգվում էր միջանցքից մինչև դասարաններ:

Փորձելուց հետո բոլորը համոզվեցին, որ փոքրիկներն էլ կարող են համեղ պատրաստել։

ani tadevosyan lori

Խաղաղություն պատերազմի մեջ

Ամռան մի գեղեցիկ օր ես ծանոթացա մի կնոջ հետ, որը, չնայած իր կյանքի կորուստներին, շարունակում է անսահման սիրել իր կյանքը։ Այդ կինը՝ Աննա Սառոկինան, կարողացել է խաղաղություն գտնել պատերազմի մեջ։ Այն, ինչ իմացա այդ կնոջ մասին, ստիպեց ինձ վերանայել իմ պատկերացումները պատերազմող մարդկանց մասին։ Աննա Սառոկինան ծնվել է Լենինգրադում և ականատես է եղել լենինգրադյան շրջափակմանը։ Պատերազմի ժամանակ նա եղել է ընդամենը 10 տարեկան, և չնայած այդ տարիքին, շատ լավ է հասկացել, թե շուրջը ինչ է կատարվում։ Նրա հետ զրուցելիս ես հասկացա, որ խաղաղությունը ամենուր է՝ նույնիսկ այդ պատերազմների մեջ, մնում է միայն խաղաղությանը տեղ տալ մեր սրտերում։

Աննա Սառոկինան ապրում է Վանաձոր քաղաքում, և նրա համաքաղաքացին լինելու առիթը բաց չթողնելով՝ որոշեցի նրան այցելության գնալ։ Նա պատմում էր.

-Լենինգրադը այդ օրերին նմանվել էր մի քաոսի, որից կարծես ելք չկար։ Քաոս էր թե՛ քաղաքում, և թե՛ մեր հոգիներում։ Դեռ երեխա էի, երբ ստիպված էի լինում հաց հայթայթել իմ և իմ հարազատների համար։ Դպրոց չէի հաճախում, որովհետև դպրոցները վերածվել էին հիվանդանոցների։ Գիտես, չնայած ցրտին, մենք երբեք չէինք կտրում ծառերը վառելու համար, որովհետև մենք էինք տերը մեր բնության և մենք էինք պաշտպանում այն։ Մինչ պատերազմը փողոցում ծաղկում էին բազմաթիվ ծաղիկներ, բայց պատերազմը սկսվելուն պես ծաղիկները չորացան և անհետացան։ Փողոցով քայլելիս կարող էիր հանդիպել ուժասպառ եղած մարդկանց, որոնք պառկած էին այն վայրերում, որտեղ ժամանակին ծաղկում էին ծաղիկներ։

Շրջափակումից հետո մենք ստիպված էինք լքել Լենինգրադը, և մեզ բերեցին Հայաստան՝ Վանաձոր քաղաք։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Լենինգրադում չեմ եղել, իսկ պատճառն այն է, որ վերադառնալով հետ՝ անցյալ, ես հիշում եմ այդ օրերը, և ներկաս պարուրվում է այդ օրերի տեսիլքներով։

Աննա Սառոկինայի ձայնը դողում էր, իսկ աչքերն ինձ պատմեցին ամեն ինչ սկզբից։ Նրա կապույտ աչքերը լցվել էին դառը արցունքով, իսկ նրա միտքը ապրում էր անցյալի հուշերով։

Կյանքի դառնություններն այդ փխրուն կնոջը չէին չարացրել։ Նա երբեք չի բողոքում ու չի տրտնջում, այլ ամուր կաղնու պես կառչած է մեր հողին։ Անտեսելով որդու առաջարկը՝ մեկնել Ռուսաստան և ապրել այնտեղ բարեկեցիկ կյանքով, նա դեռ շարունակում է ապրել Վանաձորում։

Ես հպարտանում եմ այդ կնոջով և բոլոր նրանցով, ովքեր չնայած ցրտին, քաղցին՝ պահպանել և շարունակել են հավերժական սիրով սիրել այն քաղաքը և երկիրը, որը անվանել են իրենց հայրենիքը։

stella avetiqyan

Տիեզերքը անե՞զր, չեմ կարծում

Դու է՞լ ես վստահ, որ տիեզերքը անծայրածիր է: Փաստորեն, ես նաև քեզ հետ համակարծիք չեմ: Գիտե՞ս՝ ես մտածում եմ, որ տիեզերքը հեչ էլ անծայրածիր չի, ու կա մի տեղ, որտեղից այն կողմ էլ ոչինչ չկա: Վերջերս ուսուցիչներիցս մեկը, լսելով իմ այս կարծիքը, ասաց.

-Ի՞նչ է, մտածում ես՝ ինչ-որ մի տեղ պատ կա, որից այն կողմ ոչինչ չկա՞։

Ասենք՝ հա, ինչո՞ւ ոչ։ Մարդը դեռ նույնիսկ մեր գալակտիկան չի հասցրել ուսումնասիրել, որտեղի՞ց են այդքան վստահ։ Կամ էլ, նույնն է, թե ասում են՝ էլ շնչող, ապրող էակներ չկան բացի մեզնից։ Իսկ գուցե շա՜տ հեռվում, որտեղ դեռ չի ավարտվել տիեզերքը, ապրում են մեզ նմաններ, հենց իմ, քո նմանները։ Գուցե հենց այս պահին նրանք էլ մեր գոյությունն են անհնար համարում:

Ես հավատում եմ, որ կա այնպիսի պատ, որ բաժանում է «ոչինչն» ու տիեզերքը: Ես հավատում եմ, որ կա մի երկրորդ, հե՛նց ինձ նման Ստելլա ինձնից շա՜տ հեռու, և ինքն էլ է հավատում սրան:

syuzanna kharatyan

Ժամանակն է թեյելու

TIME FOR TEA-ի անդամները մի խումբ ակտիվ երիտասարդներ են աշխարհի 15 երկրներում, որոնք ցանկանում են, որ մերօրյա առաջնորդները մի պահ կանգ առնեն և մտածեն այն որոշումների շուրջ, որ կայացնում են։ Նախաձեռնությունը 2013 թվականից է, այն միջոց է երիտասարդների համար՝ բարձրացնելու իրենց տեսակետը և այն հասցնելու որոշում կայացնողներին։ 2017 թվականի նոյեմբերից Դսեղում նույնպես գործում է TIME FOR TEA-ն, այն համակարգում է Քրիստինե Հովսեփյանը։ Մի խումբ ակտիվ երիտասարդներով ընտրել ենք համայնքի համար կարևորագույն խնդիրներից և փորձում ենք թեյի հրավիրել այն անձանց կամ հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են օգնել և լուծել տվյալ խնդիրը։ Թեյի շուրջը մենք քննարկում ենք առաջ քաշված խնդիրը։ Մեր առաջին փորձառությունը եղավ ամանորյա տոներին ընդառաջ, երբ իմացանք, որ գյուղում գործող «Աֆլաթուն» խմբակի սաները նախաձեռնել էին մի ծրագիր, որի համաձայն տոներին պետք է նվերներ բաժանեին համայնքի անապահով ընտանիքների երեխաներին։ Մենք՝ TIME FOR TEA-ի անդամներս, մեր ձեռքով հավաքած տեղական թեյերին տվեցինք տոնական և գեղեցիկ փաթեթավորում։ Թեյերի տուփերի մեջ նաև գրեցինք բարության փոքրիկ կոչեր և վաճառեցինք դրանք։ Ստացված հասույթը տրամադրեցինք ամանորյա հրաշքի կատարմանը։ Շարժումը ընթացքի մեջ է…

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Ա՜խ, Վերնիսաժ, ա՜խ, Վերնիսաժ