Ազատ տարածք խորագրի արխիվներ

Sargis Melkonyan

Ամենասիրա՞ծ, թե՞ չսիրած…

Գարունն իմ ամենասիրած ու ամենաչսիրած եղանակն է։ Պատճառն այն է, որ գարունն ինքնին բազմազան տրամադրություններով լեցուն է ու անկանխատեսելի։ Սիրում եմ գարունը, հատկապես ապրիլ-մայիս ամիսները, որովհետև այդ ժամանակ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ։ Չեմ սիրում գարունը, հատկապես՝ մարտը, որովհետև այդ ժամանակ հեշտ ու հանգիստ կարող ես ցեխի մեջ կորել։

Մարտի առաջին տասնօրյակն է։  Տանիքներից կաթում է ձյան հալոցքից առաջացած ջուրը։ Ջրհորդանի բացակայության պատճառով տանիքներից իջնող ջուրը լցվում է փողոց։ Մայթերի ձյունը չի հալչում, ուստի բոլորը քայլում են փողոցի մեջտեղով։ Իսկ մեքենաները հաճախ այնպիսի արագությամբ են ընթանում, որ ոչ միայն ոտքից գլուխ թրջվում ես, այլև մինչև ոսկորներդ սառում։ Էլ չեմ ասում, թե ինչքան վտանգավոր է: Իսկ երբ այս ամենին գումարվում են Ագարակի հողե ճանապարհները, չես կարող առանց ցեխի մեջ 5-10 սմ խրվելու քայլել փողոցով։

Հուսամ օրերը ավելի կտաքանան, և այս վիճակը երկար չի շարունակվի։

amalya harutyunyan

Կարոտ` մի քիչ շատ

Քաղաքային, աղտոտ ու կիսամեռ փողոցներում թափառելը իրենը չէր: Շատ էր սիրում, բայց հազվադեպ էր համարձակությունը ներում դուրս գալ փողոց ու քայլել:
Այսօր, վերջապես, համարձակությունը ներել էր, դուրս էր եկել տնից, հետը վերցրել ականջակալների մեծ հանգույցն ու փորձում էր օվկիանոսի նմանվող մարդկային հորձանուտում գտնել իր տեղը:
Ճանապարհի միայն մեկ քառորդը փորձում էր ականջակալները բացել, մյուս քառորդին արդեն երգի երանգներով քայլում էր փողոցում: Գիտեր, որ եթե աստիճանները բարձրանա, կհասնի կանգառ, ուր ավտոբուսներին կարոտող մարդիկ մի քիչ էլ իրար են կարոտում:
Բայց չհասավ, ընտրեց երկար-երկար ոլորաններն ու շարունակեց համառ թափառել: Երկար ժամանակ չկարողացավ անտարբեր քայլել, իրեն  մոտ գտնվող կրպակից մի քանի հասարակ տետր գնեց, որ հավաքված մտքերով էջերը ներկի: Երկար քայլեց, վերջապես գտավ այն կայարանը, ուր ուզում էր գնալ` մետրոն: Նույնիսկ չգիտեր էլ, թե մետրոյի ամեն կայարանը ուր էր տանում, բայց գիտեր` լավագույն թաքստոցն այնտեղ է:
Այդ հրաժեշտի չխկչխկոցները, մարդկանց շտապող կերպարանքները, սուրճի սեղանից աշխատանքի վազող երիտասարդները, ու սառը պատերի սառը կարոտը ասես իրենը լինեին:
Հենվեց պատին ու քարացավ: Նորից կեղծ զգացողությունները հօդս ցնդեցին: Թվացյալ մոռացված մտքերը հետ եկան, հիշեց և գիտակցության մեջ արթնացնելով անցած ուղին` սկսեց կարոտել, կարոտեց լուսաբացները, հետո` մայրամուտները, հետո` չասված խոսքերը, հետո` չապրած պահերը:
Կարծում էր` մոռացել է, բայց, իհարկե, ոչ, հայոց պատմության երրորդ գլխի հինգերորդ դասը կկարդար 20 անգամից ավել և կմոռանար, բայց այ, իրեն երբեք` մոռանալը դժվար էր, ուր մնաց չկարոտելը:
Եթե ասեին, որ վերցնի և չափի կարոտը սանտիմետրերով, նրան հազարավոր քանոններ չէին բավականացնի: Եթե ասեին, որ նկարագրի կարոտը, նա միշտ կնշեր, որ կարոտը մուգ-մուգ կապույտ է, մեծ խավար անսահմանություն ու կենտրոնում մի հույս, ինչպես գիշերային երկնքում լուսինը, որ լուսավորում ու մի կտոր հույս էր տալիս:
Ոչ անցած օրերը, ոչ էլ ժամանակն էր կարոտում, հիշում էր, բայց մեկ է` վերադարձը չէր ուզում:
Կարոտում էր մեկի ներկայությունը, մեկի պակասը, ինչպես թեյի մեջ շաքարավազի բացակայությունն են կարոտում:
Հետո սկսեց կարոտել մարդկանց: Ամենահասարակ անծանոթի նկատմամբ այնպիսի կարոտ էր տածում, որ բարեկամներն իրար այդքան չէին կարող կարոտել:
Հետո կարոտեց մտքերը, իր այն մտքերը, որ պատռել, ճմրթել ու գցել էր աղբարկղը:
Հետո կարոտեց ինքն իրեն, այն մեկին, ում համարձակությունը մի քիչ շատ էր, այն մեկին, ում աչքերը փայլում էին, այն մեկին, ով միշտ ժպտում էր:
Կարոտն առնելու համար նստեց վագոններից մեկը, բացեց գնված տետրերից մի պատահական էջ և սկսեց գրել.

Ուշացող մարդիկ,
Ավտոբուսներին են կարոտում:
Իսկ ես` քեզ,
Կյանքիս պտտող անիվը դու ես…

Գրեց ու փակեց էջը: Եվ գնաց այդ կանգառը: Օգուտ չտվեց, կարոտը չէր առնում: Երևի, զգացմունքների աղցանը պատրաստելիս կարոտի չափաբաժինը մի քիչ շատ էին գցել:

hasmik vardanyan

Գարունը գալիս է դանդաղ…

Արդեն մի քանի օր է, ինչ հերթափոխի է եկել օրացուցային գարունը: Այս բառն էլ սեփականացրեցի հեռուստաեթերներից: Բոլորս անհամբեր ու սրտատրոփ սպասում ենք իրական գարնանը, ոչ թե օրացույցային:

Առավոտյան մեր գյուղում արդեն զգացվում էր գարնան շունչը` ձնհալը, դրանցից գոյացած ցեխերն ու ջրափոսերը: Բայց գարունը միայն ցրտաշունչ ձմռան արգելակումը կամ ծանր վերարկուներից ազատվելը չէ: Ո՛չ, ո՛չ, դեռահասների ու երեխաների համար հենց դա է, իսկ մեծահասակների համար՝ գարնանային գործերի սկիզբն է: Բայց ինչևէ, գործերի մասին հետո կխոսենք: Այս գարունը յուրահատուկ ձևով եկավ հերթափոխի: Հիմա պատմեմ յուրահատկության մասին: Մեր գյուղացիների մեծ մասը աշնան բերքահավաքի ժամանակ բերքի ցածր գների պատճառով բերքը չի վաճառում՝ մտածելով, թե գարնանը ավելի թանկ կվաճառի: Բայց սովորաբար գարունը գալիս է, բայց բարձր գները չեն գալիս: Իսկ այս տարվա ցրտաշունչ ձմռանը հաջորդեց գնային տեղումներով գարունը:

Այսօր հանդիպեցի մի խումբ մարդկանց, այնքան ուրախություն կար նրանց աչքերում: Ուշադիր հետևում էի նրանց խոսակցությանը.

-Իմացա՞ք, կաղամբի գինը գնալով բարձրանում է:

-Հա՛, հա՛, ճիշտ է՝ երեկ 120 դրամ էր:

-Այ, մի երկու օր էլ սպասենք, կարող է դառնա 130, այդ ժամանակ կտամ՝ թող տանեն:

Ու այդպես երկար զրուցում էին, այնքան ուրախ էին: Իսկ ես ուշադիր լսում էի նրանց, որ ոչ մի բան բաց չթողնեմ ու մտածում, թե որքան քիչ բան է պետք մեր գյուղացիներին ուրախանալու համար. միայն իրենց չարչարանքի գնահատում: Այս գարունը իր մեկնարկով ինչքան ուրախություն պարգևեց գյուղացիներիս:

Շնորհակալ եմ քեզ, գարուն։

jemma petrosyan

Շնորհավոր տոնդ, մայր

-Արագացրու։
-Լավ, դու էլ տորթը բեր։
-Էմ, Էմ, ձայները արդեն լսում եմ։
-Լավ, մի խառնվի իրար։ Հա, ճիշտ ա, ես քեզանից փոքր եմ, բայց մեկ ա, չեմ վախենում։
-Հա, բայց ի՞նչ կա վախենալու, ուղղակի լարվում եմ: Չէ՞ որ ես առաջին անգամն ա, որ շնորհավորում ենք մամային։

Գիտե՞ք, ես ընդամենը 9 տարեկան էի, իսկ քույրիկս՝ 7, երբ առաջին անգամ շնորհավորեցինք մայրիկիս տոնր՝ մարտի ութը։ Նեղվում էի, մտածում էի, որ մի բան էնպես չեմ անի ու կնեղացնեմ մայրիկիս (ուղղակի դա ինձ էր թվում)։ Հարևանուհիս, որի տարիքային տարբերությունը 7 տարի էր ինձանից, օգնեց պատրաստել մի փոքրիկ տորթ: Ճիշտ է, այդքան էլ համեղ չէր, բայց մայրիկի համար ամենահամովն էր (ինքն էր այդպես ասում), ու ես հավատում էի, քանի որ դա մեր առաջին անակնկալն էր։ Մենք՝ քույրերս, հաճախ ենք հիշում այդ օրը ու մեծ ուրախությամբ փորձում ենք մայրիկին նմանատիպ անակնկալներ մատուցել։

Այսօր մարտի 8-ն է, և մի անակնկալ ենք պատրաստել մայրիկիս։

-Եթե հանկարծ կարդաս այս նյութը, մա՛մ… Շնորհակալություն, իմ պատճառով անքուն անցկացրած գիշերներիդ համար։ Կներես ինձ բարկացած ժամանակ հետդ կոպիտ խոսելու համար։ Ուզում եմ միշտ առողջ ու երջանիկ լինես և միշտ ինձ ուղեկցես ճիշտ խորհուրդներով։

Ի վերջո, շնորհավոր բոլորիդ միամսյակը։

 

Mane Minasyan

Քնե՞լ, թե՞ չքնել…

Գիշերը ժամանակահատված է, որի ընթացքում արեգակը գտնվում է հորիզոնի գծից ներքև, և մեզ թվում է, որ օրն ավարտելու ժամանակն է, և պետք է քնել: Բայց ախր, ինչո՞ւ քնել, եթե կարելի է ուղղակի այդ ժամանակահատվածն անվանել «Արևի գիշեր», և վերջ:

Պետք է քնել, բայց ինչո՞ւ քնել:

Ինչո՞ւ անջատել փոքրիկի մուլտֆիլմն ու քնեցնել:

Ինչո՞ւ փակել գրքի ամենահետաքրքիր էջն ու քնել:

Ինչո՞ւ քնել, եթե երազելու լավագույն ժամանակահատվածը հենց գիշերն է:

Ինչո՞ւ քնել ու կորցնել ամենալավ մտքերը:

Ինչո՞ւ քնել ու ամեն օր կորցնել մեր անչափ կարճ կյանքից մոտավորապես 8-10 ժամ:

Գիտեմ, հիմա կասես, որ պետք է քնել հանգստանալու համար: Իսկ լռության մեջ, նայելով աստղերին, չե՞ս  հանգստանա: Կամ, անվերջ լսելով սիրածդ երգի ամենասիրածդ հատվածը, էլի չե՞ս հանգստանա: Թե՞ ֆիլմ դիտելն էլ հանգստություն չի:

Եվ վերջապես, եթե լիներ միայն գիշեր, մարդիկ գրեթե չէին ժպտա, չէ՞…

Հ.Գ  Չէ՛, ես էլ եմ սիրում քնել, բայց ախր, ինչո՞ւ քնել, է՜…

tatev aghazaryan

Վերջապես գարուն է

Ըհը,  ավարտվեց   ձմեռը: Ինչն էր լավ ձմեռվա, չգիտեմ: Ինձ համար՝ ոչ մի բանը:  Ձմեռն իր հետ բերեց լիքը դժվարություններ, մռայլ օրեր, տխուր դեմքեր, ու շարքն ինքներդ էլ կարող եք շարունակել: Եկեք սկսեմ այս օրերի արդիական թեմա՝ կոմունալներից: Դե, մեծամասնության փայտը ձմռան կեսին վերջացավ, իսկ գազն ու էլեկտրաէներգիան շատերի համար շռայլություն էին: Երևի ձեր մտքին հիմա եկավ, թե որ ամսվան ինչքան եք վճարել ու ինչեր կարող էիք գնել այդ գումարով: Դե, էլ նոր տարվա  ծախսերի մասին չեմ խոսում, դա արդեն մի լավ քննարկել են մեր թղթակիցները: Գիտեք, եթե ձմեռը չլիներ, մեր ժողովրդի հոգեբանության մեջ հնուց չէր սերմանվի մի մտածելակերպ,  որ ամռանն աշխատածը պիտի պահես  ձմռան  «նեղ օրվա»  համար:

Ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, թե ձմեռն իր դժվարությունների հետ մեկտեղ գեղեցիկ է: Ախր, լավ ուրախանում ենք մեկ օր, երկու օր, երեք օր …  Հետո գալիս է մի պահ, ու սկսում ենք զզվել: Ոնց  պտտվում եմ այս թեմայի շուրջ,  ոչ մի դրական բան չեմ գտնում: Կամ էլ լավ, որ ասում են. «Այնքան եմ սիրում, երբ թվում է, թե գետնին սպիտակ   «սավան» գցված լինի»:  Լավ, ասենք հա, այդ  պահին գեղեցիկ է, բայց մի քանի ժամ հետո բոլորիս էլ տհաճ է այդ շերտի վրա տեսնել կենդանիների կենսագործունեության արգասիքները:

Դե, էլ չասեմ ձմռանն ինչպիսի ավտովթարներ են լինում, ճանապարհների փակ վիճակները, առավոտյան մեքենայի չմիանալը, ջրի խողովակների սառելը…

Ու այս ամենի հետ մեր միակ հույսն էր Գագիկ Սուրենյանը, այն էլ ամեն անգամ հուսախաբ էր անում:

Իսկ վիրուսները, կարծում եմ, բոլորիդ էլ այցելել են:

Հ.Գ. Վերջապես գտա մի դրական կողմ՝  ձմռան հետ ավարտվեցին քննություններս:

arevik manukyan

Ամեն ինչ հնարավոր է

Գարնան առաջին օրերն է․․․ Արթնացա քնից ու պատուհանից դուրս նայեցի. Հրազդանում այսօր հաստատ ամեն ինչ փոխվել է։ Երբ արդեն շտապելով դուրս եկա տնից՝ դպրոց գնալու, զգացի մի ուրիշ շունչ, որը բոլորովին փոխեց էությունս։ Ճանապարհին լսվում էր ճնճղուկների ծլվլոցը, երկինքը ժպտում էր ինձ։ Վերջապես հասա դպրոց: Բոլորն ուրախ էին, անգամ շնորհավորում էին միմյանց գարնան առաջին օրվա կապակցությամբ։

Ահա եկավ տուն գնալու ժամը, երբ արդեն ընկերներով տուն էինք վերադառնում, գետնին՝ ձյան ու ցեխերի մեջ, տեսանք մի փոքրիկ ճնճղուկ: Նա շատ անօգնական էր, քանի որ ոտքերից մեկը կոտրել էր։ Մենք վերցրինք ճնճղուկին մեզ հետ և հասնելով տուն, խնամեցինք նրան։ Մյուս առավոտ, երբ գնում էինք դպրոց, ընկերներիցս մեկը պատմեց, որ ճնճղուկը փախել է։ Բայց ո՞ւր։ Նա փախել ու գնացել էր մայրիկ ճնճղուկի մոտ։ Խեղճ ճնճղուկներ, նրանք անգամ չունեն հանգիստ քնելու տեղ: Բայց, եթե մենք նրանց բուն պատրաստենք, հաստատ ինչ -որ չափով կօգնենք նրանց։ Ձմեռն անչափ ծանր էր բոլորի համար, մի քիչ էլ՝ ու գարնան գալու հետ և տաք եղանակը, և սնունդը նոր կյանք կհաղորդեն մեզ չլքած ճնճղուկներին: Չէ որ գարուն է, իսկ գարունը ունի այնպիսի գերբնական ուժ, որ ամեն ինչ հնարավոր է: