Ազատ տարածք խորագրի արխիվներ

marta minasyan

Ծնունդը՝ հեչ, կինոն՝ մեջ

Հայրիկիս ծննդյան օրն էր: Բոլորս էլ շատ ուրախ էինք: Ամեն բան շատ լավ էր ընթանում. պարում էինք, երգում ու ծիծաղում: Անգամ տորթը մատուցելիս հնդկական պար պարեցինք:

Խնջույքի ընթացքում ես մի պահ մտածեցի, որ մի բան պակասում է. ինչ-որ արտասովոր բան պիտի պատահի, ինչպես ամեն տարի: Մեկ րոպե էլ չանցավ և կատարվեց շատերի համար անսպասելի, բայց ինձ համար սովորական մի բան: Կրտսեր քույրիկս համակարգչով միացրեց իր սիրելի կորեական սերիալը (դորաման) և հանկարծ սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Քիչ հետո պարզվեց, որ այդ ֆիլմում իր սիրելի կերպարը մահացել է: Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ նա շարունակում էր լացել: Այդ պահին ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել մոլի երկրպագու:

-Տնաշեն, պապայիդ ծնունդն ա, իսկ դու լացում ես,- ասաց հյուրերից մեկը:

Hripsime Vardanyan

Իսկ դրսում ձմեռ է

Փակում եմ աչքերս ու բացելիս հայտնվում անտառում: Նստած մի հաստաբուն ծառի տակ` կարդում եմ իմ ամենասիրելի գիրքը: Շուրջս լռություն է տիրում, և հեռվում լսվում են միայն թռչունների ձայները: Արևի` երկնքից ուղիղ ներքև ընկնող ճառագայթների մեջ երևում են քամուց շարժվող փոշու հատիկները: Այնպես կլանված եմ կարդում գիրքը, որ չեմ էլ նկատում, թե արևը ինչպես է սահում ներքև: Զգում եմ դեմքիս վրա արևի շողերը և փորձում եմ նայել վերև: Չնայած փչող սառը քամուն՝ մայր մտնող արևի շողերը դեռ տաքացնում են: Մի պահ մտածում եմ, թե ինչպես այս տեսարանը և հոգի ջերմացնող արևը կներկայացնեին գրողները: Բոլորին տրված չէ բնության հրաշքները նկարագրել այնպես, որ ընթերցողն իրեն զգա բնապատկերի մի մասը:

Հանկարծ ձեռքիս վրա զգում եմ մի թաց կաթիլ, հետո՝ ևս մեկը: Սկսվում է ամառային տեղատարափ անձրևը: Փակում եմ գիրքս և վազում եմ տուն: Վազում եմ ու զգում, թե ինչպես եմ թրջվում: Տան ճամփան մի տեսակ երկարում է: Կանգնում եմ, պինդ փակում աչքերս ու բացելուն պես հատնվում իմ սենյակում՝ պատուհանագոգին նստած:

Իսկ դրսում ձմեռ է:

Ինժեներական լաբորատորիա Քարինջում

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

-Էրեխեք, էս ինչ շատ մեքենաներ են գալիս դպրոց, ինչ խաբար ա՞..

-Չգիտե՞ք, էսօր ռոբոտաշինության էրեխեքի համար ինչ-որ լաբորատորիա են բացում:

Դպրոց եկած մեքենաներից մեկի վրա «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» կազմակերպության լոգոն էր, մյուսի վրա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  «Արմաթ»-ի լոգոն էր: Առաջինը բոլորիս ծանոթ էր: Նրանք առաջին անգամ չէին մեր դպրոցում, իսկ այ երկրորդը, առաջին անգամ էր:

Մենք հետո իմացանք, որ «Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:

Հենց այս երկու կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ մեր դպրոցում  այս տարվա փետրվարի 22-ին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Մեր դպրոցի Սմարթ սենյակում արդեն 6 ամիս է, ինչ գործում է ռոբոտաշինության խմբակ, որում  ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր մեծ ոգևորությամբ սովորում են խոստումնալից ապագա ունեցող մի գործ՝ ռոբոտաշինություն: Նրանք դեռ սովորում են, բայց շատ շուտով կկարողանան նաև ստեղծել իրենց մտածած ռոբոտները։

Խմբակի անդամներից Աննան նշում է, որ իրենց դասերը անցնում են շատ ընկերական միջավայրում, նոր գիտելիքներ են ստանում ոչ միայն ռոբոտաշինությունից, այլև մաթեմատիկայից ու անգլերենից: «Ինձ ոգևորում է այն փաստը,  որ ես կարող եմ ստեղծել ինչ-որ սարք, որը կենթարկվի ինձ»,- նշում է Աննան, ով մասնակցել է Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին և ոգևորվել իր հասակակից մյուս երեխաների աշխատանքներով։

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը անցավ շատ հաճելի մթնոլորտում:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝  ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Խմբակի երեխաները ցույց տվեցին իրենց դեռևս փոքրիկ ծրագրերը, սակայն տրամադրված 3D տպիչ սարքը և CNC շաղափային հաստոցը նրանց հնարավորություն կտա ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ պատրաստելով նորանոր հետաքրքիր և օգտակար ռոբոտներ։

Կողբի գեղարվեստի դպրոցը

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

ԿԳԴ-ն՝ Կողբի գեղարվեստի դպրոցը, շատ մեծ նշանակություն ունեցավ և հիմա էլ ունի տասնյակ երեխաների կյանքում: Համեստ և միևնույն ժամանակ պայծառ ու լուսավոր կենտրոնը Կողբի և շրջակա գյուղերի համար, թերևս միակն է իր տեսակի մեջ:
1999 թվականին Կարապետ Ղուլիջանյանի շնորհիվ բացվեց Կողբի գեղարվեստի դպրոցը: Նրանց 18 տարիների անձնվեր աշխատանքից հետո շատ երեխաներ գտան իրենց տեղն այս կյանքում:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

12 տարի շարունակ Կողբից ոչ հեռու գտնվող սարերից մեկում կազմակերպվում է պլեներ: Այն սովորական պլեներ չէ: Արվեստ, մաքուր բնություն, երաժշտություն, կրակի շուրջ նստած հետաքրքիր ու ջերմ երեկոներ:
Գեղարվեստի դպրոցը առանձնահատուկ է նաև նրանով, որ այնտեղ բացի նկարչության բաժնից կա նաև գորգագործության, ոսկերչության, հագուստի մոդելավորման և կավագործության բաժիններ:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ գեղարվեստի դպրոց և բառերով նկարագրել չեմ կարող, թե ինչպիսի պահեր եմ ապրել այնտեղ: Դպրոցը մեծ դեր ունեցավ իմ կյանքում, հատկապես մասնագիտական կողմնորոշման հարցում:
Կողբի գեղարվեստի դպրոցն ինձ համար միակ վայրն է, որը տալիս է կյանքում կարևոր երեք բան՝ գիտելիք արվեստի մասին, հրաշալի ընկերներ և անմոռանալի պահեր:

hasmik vardanyan

Սերիալներին համընթաց

Իչա, Տապասիա, Չակոր, Քուշի, ինչո՞ւ չէ՝ Արնո, Ռուշանյան, Քարամյան, անընդհատ լսվող անուններ: Երևի արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ ուզում գրել`այո՛, սերիալների՝ ինչպես հնդկական, այնպես էլ՝ հայկական: Իմ կարծիքով սերիալները ստեղծված են ժամանակ սպանելու կամ պարապությունը փարատելու համար: Մարդկանց մի մասն ուղղակի ապրում է սերիալներով: Հայաստանում հնդկական կինոարտադրությունն ավելի մեծ փառք է վայելում, քան հայկականը: Լա՛վ, ինչևէ, շարունակեմ: Տեղափոխվենք Հնդկաստան․հնդկական սերիալներում շատ է աբսուրդը: Բոլորս էլ նկատած կլինենք, որ այսպես կոչված՝ կինոյի միջի տղան, ինչպիսի իրավիճակում էլ գտնվի՝ մի քանի օր քաղցած, ծեծված, երբ աղջիկը հայտնվում է, ինչ-որ գերբնական ուժ է ծնվում տղայի մեջ, ու կապ չունի այդ պահին իշխողն ով էր, կամ ում ձեռքում էր զենքը, արձակում է ամուր կապված շղթաններն ու փրկում աղջկան: Լա՛վ, հասկացանք, որ սերիալ է, կարող է և մի փոքր էլ չհամապատասխանի իրականությանը, բայց այսքա՞ն:

Վերադառնանք Հայաստան: Հայկական սերիալներում կան անհավանական իրավիճակներ, բայց երևի դրանք շատ ավելի քիչ են: Հայկական սերիալներում ամեն ինչ շատ միապաղաղ է: Դեպքերը շատ դանդաղ են առաջ գնում: Օրինակ, եթե տեսել ենք առաջին սերիան ու հետո 40 սերիա չենք տեսել, հետո նայենք հաջորդը՝ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ սայլը տեղից չի շարժվել: Բայց գիտե՞ք հետաքրքիրն այն է, որ երկու տեղում էլ կան բացասական կողմեր, բայց կարծում եմ, որ հնդկականը ավելի բարձր մակարդակի վրա է:

Գրում եմ այս մասին, բայց զգում եմ, որ չեմ կարողանում ավարտել մտքերս: Մտածում եմ․ «Ինչո՞ւ գրեցի այս մասին»,- և ինքս ինձ պատասխանում․

-Երևի այն պատճառով, որ ես էլ իմ ավանդը ունենամ սերիալային քննարկումներում:

anushik davtyan

Եթե վստահ ես քո ուժերին

Նախկինում հաճախ էի ասում, որ աշխատասիրության շնորհիվ յուրաքանչյուր նպատակի էլ հնարավոր է հասնել, եթե իսկապես ցանկություն կա: Այդ դեպքում ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել: Հիմա իմ սեփական փորձով եմ դա հասկացել: Մեկ տարի առաջ քննությունս անհաջող հանձնելուց հետո որոշեցի չհանձնվել և պայքարել մինչև վերջ: Մինչև իսկական քննությունս մի քանի անգամ փորձնական քննություններ հանձնեցի, ստացա բավարար միավորներ՝ 79 և 82: Մինչ քննության օրը համոզված էի, որ հաստատ շատ լավ եմ հանձնելու, բայց այնպես ստացվեց, որ քննությանս օրը հիվանդացա, նախորդ օրն էլ այնքան էի պարապել և քննության մասին մտածել, որ մոռացել էի ինչ-որ բան ուտել: Բացի այդ, մի քիչ անվստահ էի զգում, որովհետև ինքնուրույն էի պարապել: Քննության ժամանակ ինձ շատ վատ էի զգում: Արդեն մտածում էի՝ վերջ, աշխատանքս ջուրն ընկավ:

Գնահատականը քննությունից տասն օր հետո են ասում: Այսպիսով, մոտ տասն օր տանջվեցի՝ մտածելով, որ շատ վատ եմ հանձնել: Բայց պարզվեց, որ 88 եմ ստացել: Այդքան բարձր երբևէ չէի ստացել:

Հիմա հաստատ կարող եմ ասել, որ եթե լինենք աշխատասեր և նպատակասլաց, ոչինչ չի կարող մեզ խանգարել, որ հասնենք հաջողության՝ ո՛չ հիվանդությունը, ո՛չ վատ տրամադրությունը և ո՛չ էլ անինքնավստահությունը:

Թումանյանը 148 տարեկան է

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

Հովհաննես Թումանյան

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ամենայն հայոց բանաստեղծը, մեծ խաղաղասերն ու հայրենասերը  դարձավ 148 տարեկան: Իսկ մենք էլ, որպես նրա հայրենի գյուղի հաջորդ սերունդներ, մեր պարտքն ենք համարում ամեն տարի` փետրվարի 19-ին, բանաստեղծին սիրելի պարերով  ու երգերով շնորհավորել նրա ծննդյան օրը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Այս օրը Դսեղի տուն-թանգարանի բակը մարդաշատ չի լինում: Մարդաշատ լինում է միայն ասենք՝ 140, 145 ամյակներին: Հիշողները ասում են, որ հարյուրամյակն էլ բավականին մեծ շուքով է նշվել: Հիմա էլ պատրաստվում ենք հարյուր հիսուն ամյակին: Վերջին ամիսներին շատ էր խոսվում թանգարանի բակը ձևափոխելու և նոր բաներ ավելացնելու մասին:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ հայ ջութակահար Աշոտ Տիգրանյանը պատրաստվում է հարյուր հիսուն ամյակին ընդառաջ միջոցներ տրամադրել՝ թանգարանի բակում սրճարան, տաղավար, հանգստի գոտի կառուցելու համար: Նախատեսվում է անցյալ տարի հատված սոճիների կոճղերի վրա թեմատիկ քանդակներ անել, որպեսզի երկու տարի անց թանգարանը ունենա ներկայանալի տեսք:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Թումանյանի ծննդյան օրը շնորհավորելու լավագույն միջոցը նրա գործերը անընդհատ ընթերցելն է: Ու չնայած  տասնյակ տարիներ են անցել, Թումանյանի ստեղծագործությունները միշտ էլ մնում են արդիական, կարդացվող և ուսանելի:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Վերջին ամիսը

Տարին ունի 12 ամիս և 4 եղանակ, և պետք է յուրաքանչյուր եղանակին բաժին հասնի 3 ամիս, բայց բոլորս էլ նկատել ենք, որ ամիսների կեսն անցնում է ձմեռային սպիտակ ծածկոցի տակ: Ու հիմա բոլորը դժգոհում են այս ցրտաշունչ ձմռան մատուցած անակնկալներից:

Արդեն ձմռան երրորդ ամիսն է`փետրվարը, ու այնպիսի տպավորություն է, թե նոր է սկսում ձմեռը…

Ձմեռն իր հետ բերում է շատ դժվարություններ: Հոգսերը շատանում են, հաց վաստակելու հնարավորությունները՝ քչանում: Չեմ սիրում ձմեռը և գուցե երբեք էլ չսիրեմ: Արդեն մի քանի օր է, ինչ եղանակը հուշում է գարնան գալստի մասին: Եվ ես ինքս էլ սպասում եմ գարնան զարթոնքին: Մնում է, որ ցուրտ հոսանքները կրկին չթափանցեն Հայաստան: