Ամենօրյա կյանք խորագրի արխիվներ

Մայիսմեկյան տոները Հայաստանի գյուղերում

Դե վերջացիր, իմ ձախորդ օր

Լուսանկարը՝ Լաուրա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Լաուրա Հովսեփյանի

Վատ օրերիցս միայն այս մեկն եմ պարզ հիշում: Գարնանային արևոտ օր էր: Ինչքան հիշում եմ 5-րդ դասարանում էի սովորում: Առավոտյան արթնացա և զգացի, որ վիզս բռնվել էր: Երևի մնացած անախորժություններիս մեծ մասը կապված էին այն իրողության հետ, որ գլուխս ոչ մի կերպ չէի կարողանում շարժել: Ճանապարհին պայուսակիս բռնակներից  մեկը պոկվեց: Եվ այդպես  պայուսակս գրկած մտա դպրոց: Ուշացել էի և այն էլ 10 րոպեով: Թակեցի դուռը և մտա դասարան: Ուսուցիչս ասաց, որ  արդեն բացակա է դրել: Ստիպված եղա սպասել միջանցքում մինչև դասաժամի ավարտը: Չմասնակցեցի ֆիզկուլտուրայի ժամին, ինչի պատճառով ստացա լուրջ զգուշացում և բացակա: Հասա տուն: Չէի կարողանում դասերս սովորել: Դե, ի վերջո մի կերպ սովորեցի դասերս: Գնացի դուրս ու տեսա, որ պապս խաղողի վազերն է մշակում: Փորձեցի օգնել: Դարձյալ ցավի պատճառով չկարողացա կատարել պապիս ասածները և նախատվելով պապիս կողմից, գնացի ընկերներիս հետ խաղալու: Նորից իրենն ասաց պարանոցս և դրա պատճառով ոտքս ոլորեցի: Ոտքս վիրակապեցին և ասացին, որ հանգիստ նստեմ ու չշարժվեմ: Տեսնելով, որ օրս անհաջող է անցնում, որոշեցի քնել, որ էլ ուրիշ պատմությունների մեջ չընկնեմ: Չնայած պետք էր առավոտից զգուշանալ, բայց ես ինչ իմանայի…

Ուրախ տրամադրություն

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Ձմեռ էր: Երկնքից հանդարտ, բայց խոշոր փաթիլներով ձյուն էր իջնում: Փողոցում ոչ մի մարդ չէիր տեսնի, միայն մեքենաներն էին դանդաղ երթևեկում:

Դպրոցից բարձր տրամադրությամբ դուրս եկա և սկսեցի դանդաղ քայլել` վայելելով ձմեռային հրաշալի օրը: Սկսեցի սահել սառույցի վրա և հանկարծ վայր ընկա, սակայն դրանից էլ տրամադրությունս չընկավ: Այդպես մի քանի անգամ ընկնելով ու բազմաթիվ վնասվածքներով ստանալով հասա տուն: Տանը մարդ չկար:Հաց կերա, բայց զգացի, որ ի վիճակի չեմ (կամ գուցե չեմ ուզում) դաս անել: Դրեցի ականջակալներս և, տրամադրությունս ավելի բարձրացնելու համար, սկսեցի լսել ուրախ երաժշտություն: Արդեն ժամը հինգն էր, երբ եղբայրս տուն եկավ: Չգիտեմ ինչու էր նա տխուր: Որոշեցի տրամադրությամբս վարակել նրան, սակայն չհաջողվեց: Մտա սենյակ, և տեսնելով գրքերիս շարանը, հիշեցի, որ դաս ունեմ անելու, ավելին ` ռուսերենից անգիր: Սակայն դրանից էլ տրամադրությունս չընկավ: Ես հասկացա. մարդն ինքն է իր օրը դարձնում ուրախ` ուրախանալով նույնիսկ մանրուքի վրա:

Արեւոտ օր Մալիշկայում

Մեր փոքրիկ «ճամփորդական» ընտանիքը

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Էլի գտնվում ենք Հրազդան-Երևան և Երևան-Հրազդան ճանապարհի վրա: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 1-ին, երբ պետք է գնայինք դասի: Հրազդանցի ուսանողները, թեև Հրազդանից Երևան այնքան էլ մոտ չէ, սակայն Երևանում չեն մնում, այլ ամեն օր անցնում են այդ երկար ճանապարհը և վերադառնում: Լավ է, եթե կարողանում ես համագյուղացի այլ ուսանողներ էլ գտնել, և միասին մի մեքենա վարձել, որն ամեն օր կտանի ու կբերի: Աստիճանաբար ձևավորվեց մեր փոքրիկ ընտանիքը: Մեր հիմնական անդամները 7-ն են` ես, քույրս` Անին, Անահիտը, Լիլիթը (ում մենք գրեթե միշտ ազգանունով ենք դիմում` Շահիջանյան), մեր երկու Լուսինեները (Տոնոյան և Հակոբյան), և դե, իհարկե, մեր վարորդ Աշոտ «ձաձան»:  Շատ համախմբված ենք, եթե մեզնից որևէ մեկի դասերը ուշ են վերջանում, մենք բոլորս միասին սպասում ենք նրան: Ամեն օր, երբ վերջացնում ենք դասերը և հավաքվում ենք մեքենայի մեջ, ամեն մեկս սկսում ենք պատմել մեր օրից: Ներկայացնեմ մեր անդամներին մեկ առ մեկ: Սկսեմ Անիից: Անին մեր ռեկորդակիրն է: Նա գրանցել է մի շարք ռեկորդներ (ամբողջ ճանապարհին խոսելու, ամբողջ ճանապարհին չխոսելու և մի շարք այլ ռեկորդներ): Եթե Անին տրամադրություն չունի, դա լավ չի. նրանից պետք է հեռու մնալ: Մոռացա նշել, որ մի անգամ Անին ռեկորդ գրանցեց և մինչև Երևան հասնելը բոլորիս հետ կռվեց: Անահիտը մեր Սիայի («Hello Kitty»  խաղալիք) մայրիկն է, որի գլխարկը պոկվեց Լուսինե Հակոբյանի թեթև ձեռքով: Մի անգամ Անահիտը Սիային մոռացել էր տանը և խնդրում էր մեր վարորդին հետ գնալ, բայց մենք, իհարկե, չհամաձայնեցինք: Անահիտը նաև մեր պարուհին է: Նա շատ է սիրում ասել «Ինչ հաճելի ա» արտահայտությունը, որը արդեն ազդում է մեր նյարդերի վրա: Անահիտը ևս զերծ չի մնացել ռեկորդներից: Նա մինչև Երևան հասնելը ոչ մի անգամ չասաց իր սիրելի արտահայտությունը, բայց ոչ թե նրա համար, որ այլևս չէր օգտագործելու, այլ նրա համար, որ այդ օրը պարզապես չէր խոսում:  Ես և Անահիտը հաճախ ենք պարային համերգներ տալիս մեքենայի մեջ ռադիոյի ուրախ երգերի տակ: Լիլիթը կամ նույն ինքը` Շահիջանյանը, մեր Սմայլիկն է: Լիլիթին գրեթե անհնար է պատկերացնել առանց ժպիտի: Ինչպես մի անգամ նշեցի ես` Լիլիթը նման է «Ալիսը հեքիաթների աշխարհում» հեքիաթի կատվին, որը միշտ ժպտում է: Մեր Լիլիթը նրան ոչնչով չի զիջում, քանի որ նույնպես միշտ ժպիտով է (նրան շատ դժվար է տխուր պատկերացնելը): Ես և Լիլիթը մեր խմբի ամենաշատ ուտողներն ենք: Բայց, եթե Լիլիթը առավոտյան հաց չի ուտում, դա լուրջ խնդիր է դառնում մեզ համար, որովհետև սոված Լիլիթից պետք է զգուշանալ: Լիլիթը մեզ ուրախացնում է իր քրոջ երեխաների` Նարեկի և Արամեի մասին պատմություններով: Իսկ Լիլիթի սիրած արտահայտությունն է` հըմմ: Երբ ինչ-որ բան ենք պատմում և ավարտում ենք, հանկարծ լսում ենք Լիլիթի ձայնը` հըմմ, և ստիպված ենք լինում ամեն ինչ նորից պատմել: Լուսինե Տոնոյանը մեր խմբի ամենահումորով և անկանխատեսելի անձնավորությունն է: Լուսինեն կարող է չխոսել-չխոսել, բայց մի հատ այնպիսի հումոր անել, որը կհիշվի մի քանի օր: Մի անգամ Լուսինեի կողմի դուռը բաց էր, իսկ այդ ժամանակ մեքենան ընթացքի մեջ էր:  Լուսինեն ոչ մեկ, ոչ երկու ասաց. «Հա էլի, բաց ա, ես էլ` ասեմ ինչի ա փչում», ու դուռը բացեց-փակեց:  Հետո Լուսինեն պարզաբանեց եղելությունը: Փաստորեն ինքը շուտ էր զգացել, բայց մտածել էր չի կարելի բացել: Բայց, երբ վարորդը հարցրել էր, իրեն թվացել էր` ուրեմն կարելի է: Ես ու Լուսինեն «V.I.P. կուպեի» բնակիչներ ենք Անահիտի հետ, կա նաև առաջին կուպե և զրո կուպե (վարորդի կողքը): Զրո կուպեում հաճախ Անահիտն էր նստում, իսկ Արմենի հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվեց: Իսկ այն օրերին, երբ Արմենը չի գալիս, Շահիջանյանը պահը չկորցնելով իրեն նետում է զրո կուպե: 

Եվ մեր գլխավոր անդամը, որից սարսափում են բոլորը, Լուսինե Հակոբյանն է: Եթե Լուսինեն բարկացած է, նրանից հեռու մնալը ամենալավ բանն է, որ կարող ենք անել: Երբ մենք ուշանում ենք, Լուսինեն այնքան է զանգում, որ արդեն չենք իմանում, թե ինչ սուտ հորինել: Իսկ վերջում, երբ հասնում ենք «Ռայկոմ», արժանանում ենք նրա ահեղ դատաստանին, որին արժանանալը հավասար է մահվան: Ահա, թե ինչու ենք մենք բոլորս վախենում Լուսինեին սպասեցնելուց: Բայց միշտ հակառակի նման այնպես է ստացվում, որ ուշանում ենք:  Մենք բոլորս Լուսինե Հակոբյանի համար ուսուցիչներ ենք` հայոց լեզվի, անգլերենի, գրականության, մաթեմատիկայի: Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ ամենամոլի ուսուցիչը Լիլիթն է` Շահիջանյանը:

Մեր բարձրագույն մաթեմատիկա իմացող և մաթեմատիկայի մոլի երկրպագու Լիլիթը անչափ ուրախանում է երկու բառ լսելիս` «ուտելիք» և «մաթեմատիկա»:  Եվ երբ նա Լուսինեին օգնում է տնային աշխատանքները գրելիս, միայն պետք է տեսնել նրա դեմքի ժպիտը: Հաճախ օգնելիս մոռանում է, որ ոչ թե ինքը պետք է գրի, այլ պետք է Լուսինեին օգնի, և սկսում է ինքնամոռաց լուծել վարժությունները: Երբ Լիլիթը սոված է լինում, և նրան հարց ես տալիս ուտելիքի մասին, շատ ոգևորված է սկսում պատմել: Մի անգամ Լիլիթը սկսել էր պատմել իր սիրած պանրով կարկանդակի մասին. «Ան, հլը լսի, ուրեմն ինքը սենց տաք հաց ա, ու համ էլ նենց փափուկ ա… Դե որ տաք ա, պանիրն էլ դնում են մեջը, սենց հալվում ա, նեեենց համովա…» Ու այդ պահին կարելի  է նկատել նրա աչքերի փայլը: Դե ինչ, այսքանը մեր փոքրիկ «ճամփորդական-ուսանողական» ընտանիքի մասին:  Ի դեպ այս ամենին անմասն չի մնում նաև մեր սիրելի վարորդ Աշոտ «ձաձան»:

Պետք է խնայել ու գնահատել փողը

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Այդ օրը   երկինքը ավելի քան ճնշող էր թվում, մութ էր ավելի, ու օդն էլ ավելի ցրտոտ: Ես խանութների ցուցափեղկերի շնորհիվ լուսավորված փողոցներով քայլելով գնում էի դեպի քրոջս աշխատանքի վայրը: Ուզում էի իր հետ գնալ տուն, որ գումար չծախսեմ: Դրամապանակիս սպառնում էր դատարկությունը: Ընտանիքիս տված գումարը, որը պետք է ծախսեի մի շաբաթում, ծախսել էի երկու օրում: Մի քանի կոկտեյլ, մի քանի համով աղցան, իմ սիրելի գույնով գրիչ, ու վերջում ընդամենը հազար դրամ:  Մոտս աղքատության մի զգացողություն էր, որն ընդհանրապես կապ չունի կամ գուցե մի քիչ ունի բոլորին հայտնի աղքատության հետ: Ամեն ինչ ճնշում էր, իսկ ես շատ անվստահ էի: Ընտանիքս նոր էր սկսել ինձ մեծ գումարներ վստահել և թողել իմ հայեցողությանը, թե ինչպես կծախսեմ: Երևի արդեն մեծ եմ, բայց … Չէ… Կամ…. Իրականում երկու օրում ամբողջը ծախսեցի, էլ ի՞նչ մեծ:

Թվում էր, թե այս շաբաթ շատ հավես միջոցառումներ կլինեն, իսկ այդ ամենին չեմ մասնակցի, որովհետև չունեմ փող: Ժամանակ կար, որ ատում էի փողը: Թվում էր, եթե չլիներ այն,  բոլոր մարդիկ երջանիկ կլինեին: Եթե այդ պահին մոտս փող լիներ, ես այս ցուրտը չէի զգա, կամ ինչո՞ւ պետք է երեկոյան մթին ես մենակ  քայլեի փողոցում: Ինչքան շատ բան է փոխում փողը: Մի քիչ տատիկական է վերջին միտքս, բայց դե, ես երբեք այս ժամին ու այս եղանակին մենակ դրսում չեմ եղել, իսկ հիմա…

Այսպիսի մտքերով անցավ  մեկ շաբաթը: Ես արդեն փող ունեի և ուրախ էի: Ուրախ էի, որովհետև արդեն գիտեմ փողն օգտագործելու ձևը: Գիտեմ, որ ինչքան էլ շատ լինի, պետք է տնտեսել: Պետք է ճիշտ ծախսել: Այս անփող շաբաթը այնքան ազդեց ինձ վրա, որ ես այնքան տնտեսեցի, որ վերջերս գնեցի նոր բլուզ իմ տնտեսած փողերով: Դա այնքան հաճելի զգացողություն է: Փողը ճիշտ տնօրինելը կամային մարդու հատկանիշ է: Իսկ ես, կարծես թե, այդպիսին եմ դարձել:

Մեկ օր ճամբարում…

Դըփ… դըփ…դըփ…
- Падъем  Падъем
Նորից Ռոբի  ձենը.
-Ժողովուրդ ժամը անցավ, հելեք արագ:
Միանգամից հնչում է պատասխանը.
-Աա՜, դե թող մի քիչ էլ քնենք…
Մի քիչ բողոքելով, մի քիչ քնած վիճակ, բայց դե, վեր ենք կենում, լվացվում, գնում նախավարժանքի: Ինչպես հասկացաք, մենք ճամբարում ենք: Ճամբարը կազմակերպվում է 1995 թվականից սկսած: Նպատակը` պահպանել խաղաղություն Հարավային Կովկասի ժողովուրդների միջև: Ամեն տարի Հայաստանից մեկնում 15 հայ պատանի մասնակցում է Վրաստանում կազմակերպվող ճամբարին: Դրանից հետ արդեն Հայաստան են գալիս 30  վրացի պատանիներ` մասնակցելու  ճամբարի հայաստանյան փուլին: Հայաստանի ճամբարը տեղի է ունենում «Լույսի Տուր» հյուրանոցային համալիրում: Ցավոք, այս տարի վրացիներ չեկան: Տևելով  10 օր, այս ճամբարի առօրյան հագեցած է խաղերով, սեմինարներով: Կար մի հետաքրքիր խաղ, որը խաղում էին նույնիսկ կազմակերպիչները, այդ խաղը տևեց 8 օր, կոչվում էր «Գաղտնի ընկեր»: Երկրորդ օրը գաղտնի  վիճակահանությամբ ընտրվեցին զույգեր, բայց ոչ ոք չգիտեր, թե ով ում զույգն է: Պատին փակցված էր թուղթ. որի վրա գրված էր բոլորի անունները, ամեն օր ամեն մեկը իր գաղտնի ընկերոջը նվերեր էր տալիս. կամ տողեր էր գրում. այդ ամենը պետք է փակցնեին իրենց ընկրոջ անվան դիմաց, եթե նվերը ծանր էր լինում, ապա տալիս էին մեկին, որ փոխացնի: Ջոկատավարների իմացությունը և երեխաների ակտիվությունը ավելի հետաքրքիր է դարձնում առօրյան: Նույնիսկ կա հատուկ ժամ ռուսերենի համար: Ճամբարում մեր ամենասիրելի հատվածը սկսվում է ռուսերենից հետո: Միասին գնում ենք լողավազան, բայց այս անգամ աղջիկները խախտեցին հին հայկական «ավանդույթը»` գնացին լողալու տղաների հետ: Այդ օրվա հերթապահ ջոկատը 15 րոպե շուտ է դուրս գալիս լողավազանից և գնում ճաշարան` հերթապահության: Ճաշից հետո սկսում են սեկցիաները: Ընդհանոր ճամբարը բաժանվում է 3 սեկցիաների՝ լրագրություն-դրամա, ձեռագործություն, երգ ու պար: Ժուռնալիստ-դրամատուրգները գրում են երեկոյան միջոցառման ծրագիրը: Երգ ու պարի սաները երգում և պարում են այդ օրվան համապատասխան, իսկ այ,  ձեռագործի սեկցիայի սաները կարում են այդ օրվան համապատասխան շորերը, մնացած պարագաները: Հա, քիչ էր մնում մոռանայի,  յուրաքանչյուր օր ուներ իր թեման՝ հումոր, սպորտ, մոդա, կինո և այլն: Ահա եկավ ժամը 19:00, գնացինք ընթրելու: Ընթրելուց հետ շարունակում ենք պատրաստվել: Արդեն երեկոյան ժամը 21:00 է, սկսվում է միջոցառումը: Ոմանք  ասմունքում են. Ոմանք` պարում, երգում: Եթե ժուռնալիստ-դրամատուրգները մտածած են լինում բեմականացում, ապա ցուցադրվում է: Իսկ ամենավերջում օրը եզրափակվում է դիսկոտեկով կամ կինոդիտմամբ: Վերջ, բարի գիշեր: Նորից առավոտ, նորից` վերկաց, նախավարժանք, նախաճաշ, լողավազան  և այլն:

Իհարկե, այսքանով չի ավարտվում մեր արկածները «Լույսի տուր» ճամբարում, որոնց մասին` հաջորդիվ: