Երբ ուսանող ես խորագրի արխիվներ

Hayk Qalantaryan

Ուսանողական կյանքի առաջին սեպտեմբերը

Իմ առաջին ուսանողական սեպտեմբերի 1-ն էր, առաջինը ու ամենադժվարը, ամենահաճելին, լարվածը… Հա, հա, լարվածը: Դպրոցում համարյա չես լարվում էս օրերին, մենակ առաջին դասարանում, ուղղակի էդ ժամանակ կիսով չափ, որովհետև դեռ չես գիտակցում։

Բայց փորձում էի առավելագույնս հաճույք ստանալ ամեն մի վայրկյանից՝ ֆիքսելով ամեն ինչ ու զգալով պահի լրջությունը։ Երևի ստացվեց (ախ, էս «երևի»-ները): Հավատացեք, էդ ամենի մեջ կար ինչ-որ ծիծաղելի, անհասկանալի մի բան․ մենք իսկական առաջինկուրսեցիներ էինք․բոլորս լարված, անտեղյակ, անընդհատ շվարած նայում էինք անորոշ ուղղությամբ կամ ջանում էինք, թաթերի վրա կանգնելով, մի քիչ էլ բոյ հավաքել ու փորձել հեռվից հեռու գտնել ինչ-որ ծանոթի, որպեսզի կարողանանք կոծկել էդ խառնաշփոթ ապրումները։ Բայց մեկ ժամ հետո սկսեց անցնել էդ ամենը, ու ակամայից սկսում էի զգալ ինձ տանը ՝ էլի դպրոցի պես, էլի նույն կանոններով՝ պարզապես մի բառի տարբերությամբ: Համալսարանը մեր տունն է… Իսկ երբ սկսեցինք դասերը, ես մտովի գնացի դպրոց․ ամեն բառի հետ հիշում էի դպրոցը, հիշում դասատուներիս ամեն մի խոսքը, էն որ ասում էին. «Էսա ուսանող կդառնաք, կիմանաք՝ էդ ինչ ա, ջահելություններդ կվայելեք»։ Էխ, դպրոցը…
Դժվար է ամբողջությամբ ու ճիշտ նկարագրել էդ ամեն ինչը, որովհետև դեռևս այս փոփոխությունների ազդեցության տակ եմ, չեմ կարողացել մտքերս լիովին ի մի բերել:

sona mkhitaryan

Կհարմարվեմ, հաստատ

Սեպտեմբերի 1-ին արդեն ուսանողի կարգավիճակով ժամը 8-ին գնալու եմ կանգառ, սպասելու եմ ուսանողական ավտոբուսին ու գնալու եմ համալսարան: Նոր դեմքեր, նոր շրջապատ, ամեն բան նոր է լինելու: Դասընկերներիցս մի քանիսի հետ նույն համալսարանում ենք սովորելու: Պատմեմ՝ ինչպես ընտրեցի հոգեբանությունը:

Ես, ի սկզբանե Մանեի հետ ժուռնալիստիկայի ֆակուլտետն էի ուզում ընդունվել, բայց դպրոցում դիմում-հայտս սխալ լրացվեց, իսկ ԳԹԿ-ն այլևս չփոխեց այն: Ասացին՝ կարող եմ լրացուցիչ փուլին մասնակցել, բայց էլ չցանկացա: Չմտածեք, թե հիասթափվեցի, կոտրվեցի ու հետ քաշվեցի պայքարելուց: Ոչ: Ուղղակի մտերիմներս միշտ ասում էին՝ լրագրողի աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէ, մանավանդ, որ ես գյուղում եմ ապրում: Մյուս կողմից էլ՝ ես աչքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ու ինձ համար շատ վնասակար կլիներ անընդհատ համակարգչի դիմաց նյութ հավաքելը: Ինչևէ, արդեն ուշ էր որևէ այլ միասնական քննության մասնակցելու համար, ես ունեի մեկ՝ հայոց լեզվի գնահատական, որով դիմեցի ՀՊՄՀ: Ինձ համար վատ մասնագիտություն չկա, կարծում եմ՝ ես ինձ կգտնեմ այս մասնագիտության մեջ, և ամեն բան լավ կլինի: Մեծ հույսեր ունեմ, ուզում եմ իմ առաջադիմությամբ անվճար անցնել կամ որոշակի զեղչի արժանանալ: Դե, բոլորի համար էլ վարձ տալը հեշտ չէ, և չնչին զեղչն էլ մեծ բան է ուսանողի և նրա ծնողի համար: Կարծում եմ` կկարողանամ աշխատանք գտնել այս մասնագիտությամբ: Հա, մեկ էլ ուզում եմ ավագի թեկնածություն դնել:

Երևանում այնպիսի բարեկամ չունեմ, որի տանը կարող եմ մնալ, այդ իսկ պատճառով ամեն օր պիտի գնամ-գամ:

Սկզբում խորթ կթվա այս ամենը, բայց ընթացքում կընտելանամ: 17.am-ի մրցանակաբաշխությանը նվեր ստացած նոթատետրը հատուկ պահել եմ ուսանողական կյանքում օգտագործելու համար:

Ամեն սեպտեմբերի 1-ին ես կիսաշրջազգեստ էի հագնում, բայց այս տարի երևի չեմ հագնի: Կսկսեմ այլ կերպ, կսկսեմ նորից ու նոր էջից: Անհամբերությամբ սպասում եմ իմ ուսանողական առաջին սեպտեմբերի 1-ին:

amalya harutyunyan

Հոգեբան-լրագրող Ամալյա Հարությունյան

Եթե աշակերտ ես կամ ուսանող, հավանաբար քեզ էլ են հազարերորդ անգամ տվել օգոստոսյան ամենատարածված հարցը.

-Պատրաստվո՞ւմ ես սեպտեմբերին:

Գուցե դու հիշել ես ամենադաժան օրերը ու պատասխանդ «ոչ» է եղել: Կամ էլ երջանկացել ես, որ սկսվելու են հետաքրքիր օրերը ու դրական պատասխան տվել:
Իսկ ես ամեն անգամ պատասխան հարց կտամ.
-Հոգեպե՞ս, թե՞ ֆիզիկապես:
Կասես.
-Երկուսն էլ հարցնում եմ:
Ես էլ կպատասխանեմ.
-Ֆիզիկապես` այո, հոգեպես՝ ոչ:
Հա, որ գաս մեր տուն, կտեսնես՝ դարակիս ամենակարևոր անկյունում սեպտեմբերմեկյան հագուստս եմ դրել, պահարանում՝ կոշիկներս:
Պայուսակս իր իրերով պատրաստ դրել եմ, բայց ինձ համոզել, որ դպրոց չեմ գնալու, դեռ չեմ հասցրել:

Դեռ ոչինչ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, որ ոչ թե 5 րոպե քայլելով հասնելու եմ դպրոց, այլ 30 րոպե երթուղայինով երթևեկելուց հետո՝ համալսարան, որ ոչ թե ունենալու եմ դասասենյակ, այլ լսարան, ոչ թե դասարան, այլ կուրս, դասերը լինելու են ոչ թե 45 րոպե, այլ 90:
Մասնագիտությունս էլ ընտրել եմ, բայց թե ոնց եմ սովորելու, նույնիսկ դա չեմ պատկերացնում:
7-րդ դասարանում էի, երբ հարցրին՝ ինչ եմ դառնալու: Երկար մտածելուց հետո ասացի.
-Հոգեբան կամ լրագրող:
Հետո 5 տարվա ընթացքում է՛լ բժիշկ դարձա, է՛լ դիվանագետ, պատմաբան ու արևելագետ, մանկավարժ ու բանասեր: Բայց երբ 12-րդ դասարանում նորից հարցրին՝ ինչ եմ դառնալու, իմ պատասխանը նույնն էր՝ հոգեբան կամ լրագրող:
Որպես մասնագիտություն հոգեբանությունն ընտրեցի: Որոշել եմ՝ պիտի շատ-շատ լավ հոգեբան լինեմ: Բայց եթե հարցնես՝ ոնց եմ պատկերացնում այդ ճանապարհը, չեմ կարողանա պատասխանել: Անկեղծ ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում:
Ու կյանքիս ամեն մի քայլից առաջ էսպես է: Երևակայությունս լարում եմ ու ինքս ինձ հազարավոր պատկերներ կառուցում, բայց իրականությունը երբեք չեմ պատկերացնում:
Եթե ճիշտն ասեմ՝ վախենում եմ, վախենում եմ նոր միջավայրից, մարդկանցից, նոր ծանոթություններից ու նոր հանդիպումներից: Վախենում եմ նոր շրջապատում սխալվելուց, նույնիսկ խոսելուց եմ վախենում:
Ավագ դպրոցի առաջին օրերն էլ էին էսպես: Եթե միայն իմանաք, թե քանի նկատողություն ու անբավարար գնահատական եմ ստացել այն պատճառով, որ ամաչել եմ խոսել նոր դասարանիս մոտ: Վախենում եմ, որ նույնը կլինի:
Մարդիկ ֆոբիա ունեն մթությունից, բարձրությունից, փակ տարածքից, իմն էլ փոփոխություններից է, այն ամենից, ինչ նոր է կյանքումս, դրան էլ նեոֆոբիա են կոչում:
Բայց ես մի բան էլ գիտեմ. ես ամենահետաքրքիր ու ամենաբազմաբովանդակ տարիներս պիտի անցկացնեմ համալսարանում, որոշել եմ, որ ուսանողական կյանքս պիտի անսահման լավ անցնի: Եթե իմ առաջ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ երբեք չի կանգնեցնի, նույնիսկ նեոֆոբիան:
Ու հիմա դու կարող ես ինձ նորից հարցնել, թե ինչ եմ դառնալու:
Կասեմ.
-Հոգեբան-լրագրող (գծիկը՝ չմոռանաս):
Ամենամեծ ձգտումս էլ ուսանողական կյանքում և հետագայում 2 մասնագիտությունները համատեղելն է: Կապ չունի, թե ինչ կսովորեմ համալսարանում, ես երբեք չեմ դադարի ինձ լրագրող համարել:
Ես նպատակ ունեմ, ուրեմն ամեն ինչ կարող եմ:

seda mkhitaryan

Նախաուսանողական անհանգստություն

Ինչպես յուրաքանչյուր լավ բան, ամառն էլ շուտով կավարտվի, իսկ ամռան ավարտը մեզ կտանի ուսման: Շատերին
այնտեղ, որտեղ արդեն մի քանի տարի է՝ սովորում են, իսկ ոմանց էլ, հանձինս ինձ, նոր ուսումնական
հաստատություն։
Վախեր չունեմ, անհանգիստ չեմ, կարծում եմ՝ կկարողանամ հարմարվել ու ընտելանալ նոր միջավայրին, կգտնեմ
նոր ընկերներ: Այսքանը պատկերացրի, իսկ իրականում վախեր ունեմ ու անհանգստանում եմ: Ինչպե՞ս կլինի,
կկարողանա՞մ հաղթահարել տնից հեռու ապրելու դժվարությունը, կսովորե՞մ քաղաքին, կկարողանա՞մ ինքնուրույն
գնալ համալսարան, հե՞շտ կմտերմանամ կուրսեցիներիս հետ: Չգիտեմ, ամեն դեպքում՝ կփորձեմ, և բացի դրանից՝ ես
ուսանող քույր ունեմ, ու հույսս նրա վրա է, մինչև ես ամեն ինչ կսովորեմ ու կանեմ ինքնուրույն։
Եթե անկեղծ՝ դեռ լիովին չեմ կարողանում պատկերացնել, որ սեպտեմբերի մեկին դպրոց չեմ գնալու, իմ դասարան
չեմ մտնելու: Երբ դեռ չէի ընդունվել, անհանգստանում էի, որ հնարավոր է՝ չստանամ անհրաժեշտ միավորներ
քննություններից, ու ֆիզիկայի ուսուցչուհիս ասաց. «Մնացած աշակերտները ինչպես են ընդունվել, դու էլ
կընդունվես», և ընդունվեցի: Հիմա էլ ես եմ ինքս ինձ ասում. «Ուրիշներն ինչպե՞ս են սովորել ու հարմարվել, դու էլ
կսովորես»:

Mane Minasyan

Մի քանի օրից

Հայացք եմ գցում դեպի 2016 թվականի ամառն ու հասկանում եմ, որ այն ավելի հագեցած էր և լի նոր ընկերներով,
սակայն 2017 թվականը ավագ դառնալու ամառ էր:
Ամռան մի ամիսն անցավ քննություններով: Արդյունքները վատը չէին, անգամ բավականին բարձր էին, որովհետև
երեք քննությունից միայն մեկի համար էի պարապել, բայց 16 ու 17 ստացա: Հուլիսը սկսվեց սպասումով, ամսվա
կեսին կարդացի անունս հենց առաջին հայտումս նշած բաժնում՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Այս ամենին հաջորդեց հորաքրոջս այցը Հայաստան, որին 5 տարի չէի տեսել: Չհասկացա՝ ինչպես աչքս թարթեցի, ու
արդեն ճամպրուկներն էինք հավաքում: Նայում եմ օրացույցին, ու օգոստոսի էջում արդեն ջնջելու քիչ օրեր են
մնում: Հա, հաշվում եմ դեպի նոր կյանք տանող ամսվան մնացած օրերը:
Ես արդեն ուսանող եմ: Ուսանող: Փոքր տարիքում ուսանողներն ինձ համար ամենաերազելի մարդիկ էին, որովհետև
նրանք ամեն օր ստիպված կիսաշրջազգեստ չէին հագնում, կամ էլ ամեն օր մաթեմատիկայի տնային չէին գրում, ու որ
ամենակարևորն էր՝ ամեն առավոտ ավտոբուս էին նստում (փոքր տարիքում երազում էի ավտոբուսի մասին, հիմար
երազանք էր):
Ուսանող լինելուս երկար եմ սպասել, հուսով եմ՝ հուսախաբ չեմ լինի:

Ani avetisyan

Կարգավիճակը՝ ուսանող

Բանավոր քննությունիցս ուղիղ 10 րոպե առաջ սկսեցի մտածել՝ ի՞նչ վատ կլինի, որ արվեստաբան դառնամ։ Դե հա, նախորդ երկու քննություններդ հանձնել ես բավականին լավ, իսկ վերջինից առաջ մոռանում ես՝ ընդհանրապես ինչ ես անում համալսարանում, առավել ևս, եթե քիչ առաջ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել էիր անգլերենի բանավոր քննության լսարանում։ Դե արի ու պատկերացրու, թե ինչ է սպասվում քեզ մի սենյակ այն կողմ։

-Մամ, բա որ կտրվե՞մ։
Հա, հաստատ կտրվելու եմ։ Գիտեմ՝ վատ հարցեր են լինելու։
Լավ, Անի, հանգիստ, շնչի՛ր։ Տե՛ս, հանձնաժողովն ինչ լավն ա, ինչ հանգիստ են, ուրախ։ Մի վախեցիր, էլի։
Ես 15-րդն եմ. լա՞վ է, թե՞ վատ։ Ինչ լինում է՝ լինի։ Մնաց սպասեմ։
Մինչ իմ՝ լսարանում հայտնվելը, քննությունը հանձնել ու դուրս էին եկել երևի չորս-հինգ հոգի, ես էլ աշխարհի բոլոր հնարավոր թեմաներով արդեն ծանրաբեռնել էի գլուխս։ Ախր, հաստատ գիտեմ՝ լինելու են էնպիսի հարցեր, որոնք չեմ պատրաստել, միշտ էլ էդպես է լինում։
Չերկարացնեմ։ Սրանք ընդամենը մեկ հազարերորդ մասն էին այն բոլոր մտքերի, որոնք հասցրել էին անցնել գլխովս. Որդան Կարմիրի «Քայլ արա»-ից մինչև CNN-ի լրատվական թողարկումները, ֆուտբոլ, թենիս, Ջոնի Դեփ, կիտ-կատ, խոնավ անձեռոցիկ, տետրերս, թերթեր…
Ահա, եկավ կազմակերպիչն ու, գիտեմ, իմ անունը պիտի կարդա։ Հաշվել էի։ Անձնագիրս ու անցաթուղթս ձեռքիս մեջ ամուր պահած՝ մոտեցա բաղձալի, բայց չգիտեմ ինչու՝ հենց նոր ճռճռալ սկսած դռանը, որից այն կողմ մոտ մեկ տասնյակ դիմորդներ սպասում էին իրենց հերթին, ինչպես ասում են, այնտեղ նրանց ապագան էր որոշվում։ Բայց, դա չափազանցված է։ Դեռ ոչ ոք լսարանից անբավարար գնահատականով դուրս չէր եկել։

Վերջ։ Լսարանում եմ։ Թերթիկիս համապատասխան սեղանի մոտ ազատ տեղ չկա, նստում եմ մյուս խմբի մոտ։ Էլի չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Տոմսն արդեն ձեռքումս է։ Հարցերը կարդացել եմ, մեկ-մեկ էլ նշումներ եմ անում։ Չնայած, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի քանի րոպե հետո նշումներս հոդված դառնալու բոլոր շանսերն ունեին։ Մյուս դիմորդների գնահատականները լսում էի, պատասխաններն էլ։ Մտքում շարադրում էի իմ պատասխանը։ 15 րոպե ժամանակ ունեմ, կհասցնե՞մ։ Լավ, մի բան կանեմ։ Եթե 18-ից ցածր լինի՝ բողոքարկելու եմ։ Պիտի, պիտի անվճար ընդունվեմ։ Չէ, անհույս է։ Անի՛, շնչիր։
Քիչ այն կողմ Լաուրան էր պատասխանում։ Թղթերս մի կողմ եմ տանում ու լսում։ Գիտի՝ ինչ է ասում։ Ու ուրախանում եմ, որ 17-ի հետ հեռու կամ մոտ «ազգակցական» կապ ունեցողներն այսքան լավ գիտեն, թե ինչ են ուզում և ինչու։ Վստահ էի, որ բարձր կստանա։ Ուրիշ տարբերակ չուներ։
Արդեն մեկ ժամ կլինի, ինչ նստած եմ։ Չէ, պատասխանս արդեն պատրաստ է։ Տեղս սիրով զիջում եմ անհամբերներին ու լսում նրանց պատասխանները։ Իսկ եթե լուրջ՝ գնալով ավելի համարձակ էի դառնում։ Մի քիչ էլ ու կգնամ, կպատասխանեմ։
Նստում եմ, տոմսս տալիս քննողներին, բացում նշումներս ու սկսում։ Մինչ այդ մեր սեղանից հեռու կանգնած հանձնաժողովի նախագահը գալիս ու կանգնում է կողքիս։ Դե հա, լարվում եմ, բայց վստահ-վստահ ասում այն, ինչ նախապես մտածել էի։ Ոնց որ ստացվում է։ Խոսքիս կեսից նայում եմ ապագա դասախոսիս՝ գլխով է անում։ Հա, հաստատ սխալ բաներ չեմ ասել։ Նախագահն էլ չի դժգոհում։ Բախտս բերեց։
Ինձ քիչ թվացած 15 րոպեն, փաստորեն, կբավարեր երեք տոմս պատասխանելու համար։

Ու… Վերջին հարցի կեսից, երբ դեռ նոր ուզում էի պատմել իմ պատկերացրած ռադիոհաղորդման մասին, լսում եմ երազանքներիս արտահայտությունը.

-Պարոն Զաքարյան, 20 ստացող ունենք։

Հա՞։ Ե՞ս։ Չէ, ինչ-որ բան այնպես չի։ Հիմա հանձնաժողովի նախագահը հաստատ կմերժի։ Հաստատ։ Բա ես պիտի բողոքարկեի։

Չէ, չէ։ Իզուր չէր, որ շատերի համար խիստ թվացող հանձնաժողովի նախագահը լավ տպավորություն էր թողել։ Հաստատ գիտեր, որ 20 պիտի ստանամ՝ անվճար լինելու համար։ Բայց որտեղի՞ց։ Է՜, ի՞նչ եմ խոսում։

Փաստորեն, արդեն ուսանող եմ, հա՞։ Զգույշ, աստիճանները, ընկա՛ր, կամաց։ Ճանապարհին էլ հիշեցի, թե միասնականից ուշանալուս պատճառով ոնց էի «ծանոթով» արտագրող դիմորդի տպավորություն թողել։ Հիմա էլ նույնը կլինի էլի, երևի։

Չէ, առանց վնասվածքների տուն հասա։ Ամենադժվարը ամսի 15-ին սպասելն էր։ Մինչև անունս չկարդայի ցուցակում, չէի հավատա, որ էլ աշակերտ ու դիմորդ երևույթների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեմ։

milena khachikyan

Երկրորդ կո՞ւրս

Մտնում եմ ֆեյսբուք: Առաջինը, որ պատիս հայտնվում է, ծանուցումն է այն մասին, որ Նորայրը փոխել է կուրսի խմբի անունը. ժուռնալիստիկայի ֆակուլտետ. երկրորդ կուրս: Երկրորդ կո՞ւրս: Բայց հաստա՞տ երկրորդ:

Դե հա, քննական շրջանում ժամանակը անվերջ էր թվում: Դա այն շրջանն էր, երբ մենք պարզապես դադարել էինք նկատել մարդկանց ու իրերը, որ պտտվում էին մեր շուրջը, և բաց էինք թողնում այն, ինչ կատարվում էր մեզնից դուրս, որովհետև այդ նույն անվերջ ժամանակը արի ու տես՝ չէր հերիքում մեզ: Իսկ այսօր արդեն՝ երկրորդ կուրս: Երկրո՞րդ:

Դրա պատճառով է, որ այսօր Մոնիկան ինձ գրում է ՝ առաջին կուրսում միասին նկարվել չհասցրինք, ու ես հանկարծ տխրում եմ. ախր, ո՞նց կարող էինք չհասցնել:

Ու հանկարծ հասկանում եմ, թե այդ առաջին կուրսը, չնայած իր բոլոր թերություններին, ինչքան ճիշտ դասավորվեց իմ կյանքում ու ինչքան ճիշտ դասավորեց մարդկանց այնտեղ:

Որովհետև, եթե մի տարի առաջ ես Հայարփիին միայն անունով գիտեի (դե հա, նա այդպես էլ չիմացավ, որ սեպտեմբերի մեկին իրեն գտնելու հույսով ես մոտեցա առաջինն ինձ պատահած ակնոցով կուրսեցուս ու վրիպեցի), ապա այսօր նրանից ձեռագիր նամակ եմ ստանում, ուր նա գրում է՝ ուզում եմ՝ քեզ չկորցնես երբեք էս անհասկանալի աշխարհում:

Եվ եթե մի տարի առաջ Լուսինը հավատում էր, որ մենք միասին կանցնենք այդ աշխարհում մեզ սպասվող բոլոր փոսերի միջով, ապա այսօր մնացել է միայն չգրելուն հաղթենք, ու սա երկուսիս էլ վերաբերում է:

Բայց կարևոր է նաև կարոտներին հաղթելը, որոնք դեռ ամիսներ պիտի տանջեն, համենայն դեպս, գոնե ինձ, որովհետև, ես, ախր, իսկապես կարոտել եմ:

Աստղի, Նորայրի, Մարիամի, Ռուբենի ու Մհերի հետ բանավեճի խաղերին պատրաստվելն եմ կարոտել, ու թե ինչպես էինք անուն որոշում մեր թիմի համար:

Եզրափակիչ խաղն եմ կարոտել, ու այն, ինչ կատարվեց դրանից առաջ ու հետո:

Ու այն, ինչ դեռ պիտի կատարվի:

Կարոտել եմ իմ ու Աստղի նստարանը, որտեղ մենք սովորեցինք մեկս մյուսիս նախ մխիթարել, ապա հուսադրել, հետո նաև ոգևորել, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած էր, ու աշխարհում ամեն ինչից առավել ինչ-որ պահի հենց մեզ էլ հավատացինք:

Կարոտել եմ Նորայրի լուսավոր մտքերը մեզ սպասվող նույնքան լուսավոր ապագայի մասին, որոնք ամենամեծ մոտիվացիան են այն ճանապարհի, որ պիտի անցնենք բոլորով միասին:

Կարոտել եմ Մարիամի խրատները այն մասին, որ քննություններից ավելի կարևոր է ապրելը այնպես, որ հետո հիշելու շատ բան ունենանք:

Ռուբենի լավատեսությունն եմ կարոտել, ով ճիշտ պահին ճիշտ տեղում հիշեցնում է ինձ միշտ, որ կյանքը խայտառակ սիրուն է:

Շահգալդյանին եմ կարոտել, ում խոսելով է միայն անգլերենը սիրուն ինձ համար, թեպետ ինքը այդ մասին ոչինչ չգիտի:

Հասմիկին եմ կարոտել, ում մոտ անգլերենի ժամերին գրականության գիրք տեսնելիս միշտ ուրախանում էի:

Սոֆիի ժպիտն ու Նանեի ծիծաղն եմ կարոտել:

Մարիի երգելը, Մարիամի կիթառն ու Կարենի նվագելը:

Ասպրամի բարբառն եմ կարոտել, թեպետ դրանից հաճախ գլուխ չեմ հանում:

Կենտրոնականի էն սիրուն ծառը, գրադարանի վերջին սեղանը:

Ընկեր Մենեմշյանի, ընկեր Պետրոսյանի դասերն եմ կարոտել:

Երկրագրության դասախոսին, Մարինա Պավլովնային:

Չարենցի դահլիճն եմ կարոտել, դաշնամուրը, 409 լսարանը:

Բուֆետը… Չէ, բուֆետը չեմ կարոտել:

Seroj araqelyan

Էլ չասեք՝ ինչ ես ուզում դառնալ

-Ինչե՞ս ուզում դառնալ
-Չգիտեմ, ժամանակի ընթացքում կմտածեմ:
Արդեն անցավ այդ շրջանը, անցավ մի ակնթարթի նման, երբ գալիս էր ամառ, կամ արձակուրդս էի պլանավորում կամ մտածում դպրոցի քննությունների մասին: Այս ամառը տարբերվող էր: Այս ամառը ինձ համար տարբերվող էր, չէ ավելի ճիշտ, ճակատագրական: Դե բնականաբար պարզ է. «Բարև դիմորդ», բայց հիմա էլ դիմորդ չես: Չնեղանաք, երկար եմ գրելու, որովհետև պատմելու բան շատ կա, չեմ էլ նեղանա, երբ հոդվածս տեսնելուց զարմանաք:

Սկսեմ սկզբից՝ հայտ լրացնելուց: Գնում էի Ճարտարագիտական համալսարան, որպեսզի Դիզայն բաժնի համար հայտ լրացնեմ: Մտա շենք, թեքվեցի ձախ ու դեպի ընդունող հանձնաժողով:
-Բարև Ձեզ: Ես հայտ լրացնելու համար եմ եկել
-Այո, իհարկե, խնդրեմ նստեք:

Մինչ ես նշեցի իմ սիրած բաժինը և գործերս ավարտեցի՝ դուրս գալուն պես դռան շեմին տեսա իմ բարեկամ Անդոյին:

-Անդո՞, ի՞նչ կա-չկա, ո՞նց ես:

-էս ի՞նչ ե՞ս անում ստեղ:
-Դե հայտի համար, էլի, ոնց մտածեցի՝ ամենահարմարը պոլիտեխնիկն էր, մուծումները վերջացրել եմ, ուզում եմ դուրս գալ:

Անդոն տարօրինակ հայացքով նայեց ինձ ու ձեռքը դնելով ուսիս հարցրեց.

-Էս սենյակո՞ւմ ես հայտ լրացրել

-Հա, ինչի՞:

ժպտալով նայեց ու ասաց.

-Սխալ ես արել, էս պոլիտեխնիկը չի: Պոլիտեխնիկը աջ կողմում ա, դու Ճարտարապետականն ես գրանցվել:

Դե մեծ շենք, նույն շենքում երկու համալսարան, ձախում՝ Ճարտարապետական, իսկ աջում՝ Պոլիտեխնիկական: Այդ պահին այնպիսի տպավորություն էր, որ կարծես կամ սառը ջուր լցնեն գլխիս կամ գունավոր միջավայրը ու պատերին արված ջրաներկով նկարները դառնային ինձ մի անծանոթ մարմիններ: Չգիտեի՝ ինչ անել: Բայց հարցուփորձից հետո տեսա, որ պատահականորեն ճիշտ քայլ եմ արել: Դե, հայտը չեմ կարող հետ վերցնել, ուրեմն, կենտրոնանում ենք Ճարտարապետական համալսարանի վրա: Կամ ինչպես իմ նկարչության ուսուցիչն էր կատակով ասում. «Քաղաք մտնելուց լուսացույցը կանաչով ենք սկսել, ամեն ինչ լավ ա լինելու»:

Երբ դիմում-հայտ էի լրացնում, տեղեկացրին նաև նախաքննական անվճար պարապմունքների մասին: Պայմաններին ծանոթանալուց հետո ես մեկ շաբաթ մասնակցեցի դասերին: Անկեղծ եմ ասում: Եթե չմասնակցեի՝ ես չէի ընդունվի: Ընտրելու էի կամ գծանկար, կամ կոմպոզիցիա, կամ գծագրություն: Մտածում էի կոմպոզիցիայի մասին: Հետո պահի տակ մտափոխվեցի, ընտրեցի գծագրություն: Դե գծանկարը մի քանի տարի շարունակ ես նկարել եմ, չեմ վախեցել դրա քննությունից: Կոմպոզիցիան մտքի թռիչք է, կարող եմ, այ, իսկ ինչ վերաբերվում է գծագրությանը, որը կոնկրետություն է սիրում ու միլիմետրերով հաշվարկ, վախեցա, դրա համար էլ դա ընտրեցի: Չէ չմեղադրեք. ոչ ալարել եմ սովորել, ոչ էլ մի այլ բան: Առարկան դպրոցից հանված էր, մեր գյուղում էլ մասնագետ չկա: Լավ, շատ չձգձգեմ: Առաջին օրը ծանոթացում առարկային, շրջան, կոն, հատված, գլան, վեցանկյուն և այլն, մի խոսքով, ասացի՝ հեշտ է:

Օր երկրորդ, գնալով դժվարանում է, իսկ երրորդ օրն արդեն հաշվարկներ, ու ինչ հաշվարկներ, ոչ մետր, ոչ էլ սանտիմետր, միլիմետր և կես միլիմետր: Դա էլ քիչ է, այդ երկրաչափական մարմինների ճիշտ կառուցում, որը ներառում է այդ կես միլիմետրերի հաշվարկը, ու դրան գումարած, նույն մարմնի կառուցումը օվալի վրա:

Գլուխ չցավեցնեմ, երբ համալսարանից դուրս էի գալիս այդ բանաձևերը իմ մեջ հաշվելով, գումարելով, հանելով ու շատ ժամանակ, առանց գիտակցելու նստում էի մետրո: Մետրոյի այդ աղմուկի մեջ նույնպես հաշվարկներ ու աչքիս առաջ տպված երկրաչափական գործողություններ: Բայց երբ լսում էի. «Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը Շենգավիթ», մի պահ կտրվում էի, որպեսզի նստած չմնամ: Սակայն մետրոյից դուրս գալուց հետո էլի նույն պատմությունը, ամեն ինչին նայում էի գծային կառուցումներով, անգամ երբ հաց կամ նրբերշիկ էի կտրում: Իսկ երբ պառկում էի քնելու, անընդհատ ասում էի. «Ներքին շառավիղի ժամանակ մեծ R-ից հանում ենք փոքր r-րը, իսկ արտաքին շառավղի ժամանակ մեծ R-ին գումարում փոքր r-րը: Էլ չասեմ՝ RX-ի մասին, երբ չկար թիվ, ու այդ թիվը պետք էր գտնել գծերի միջոցով:

Եվ այդպես անցան օրերը, և մոտեցավ վերջին օրը: Ինչքան մոտենում էր դասընթացի ավարտը, այդքան շատանում էր աղբարկղի միջի սրված մատիտի փոշին ու թեփը: Վերջին օրն էր, երբ մեր դասախոսներից մեկն ասաց՝ հիմա քեզ կմոտենամ: Երբ մոտեցավ, այդ ժամանակ միայն ես էի մնացել: Գծագիրս տեսնելուց հետո մի քիչ զայրացավ սխալների համար, բայց դասից հետո ժամանակ տրամադրեց և բացատրեց սխալս: Ու սխալս բացատրելուց հետո ես հասկացա, թե ինչու էր զայրացել: Չգիտեմ՝ ինքը կկարդա՞ այս նյութը թե ոչ, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել գծագրության դասախոսիս՝ պարոն Պողոսյանին, որովհետև եթե չմնար դասի վերջում և չբացատրեր, շատ հնարավոր է՝ ես կտրվեի այդ քննությունից:

Կոմպոզիցիան բարեհաջող ավարտելուց հետո եկավ գծագրության քննության հերթը: Չափից շատ վախենում էի, բայց ընկերներիս քաջալերելուց, պարոն Պողոսյանի ժամանակ հատկացնելուց և իմ լավատես լինելուց հետո դա նույնպես բարեհաջող ավարտեցի:

Միշտ ասում էի՝ բարձր տրամադրությամբ պետք է մտնեմ քննասենյակ, որ բարձր տրամադրությամբ էլ դուրս գամ: Եթե չխաբեմ՝ այդ գծագրության քննությունից հետո ունեցած ապրումները ինձ իսկապես տապալեց, բայց արդյունքը տեսնելուց հետո ես էլի ոտքի կանգնեցի և ժպտալով սպասեցի իմ հաջորդ 8 ժամանոց «Գծանկար» քննությանը: Չեմ ասում՝ չէի մտածում, բայց հանգիստ էի: Գծանկարը իմ հիմնական զբաղմունքն էր, ճիշտ է, հեշտ չէ 8 ժամ նստել փոքրիկ աթոռին ու դեպի վեր 90 աստիճան պարզած ձեռքով նկարել: Բա որ ասում եմ՝ անգամ դիրքս եմ երկրաչափական ձևով ասում: Լինում էին դեպքեր, երբ զանգում էին, հարցնում՝ ի՞նչ ես անում, քաղաքում մա՞ն ես գալիս, դո՞ւրսն ես, իսկ ես հոգնած ձայնով ասում էի՝ ոչ գծագիր եմ գծում: Ու այնքան էի խորանում, որ շատ գծելուց հետո էլ չեր ստացվում, ու հենց էդ ժամանակ ոչ թե գիտակցում, այլ սեփական մաշկիս վրա զգում էի, թե ինչ է նշանակում գերհոգնածություն:

Մինչ հիմա չեմ մոռանում, երբ բացմոցից վեր էի կենում ու տեսնում, որ հատակին ինչ-որ սպիտակ գնդիկներ թափվեցին, զարմանում էի, հետո հիշում, որ սովորական քերված ռետինն է, գծել-ջնջելուց է, մաքրում էի շալվարիս վրայի ռետինը ու գնում խոհանոց, որ ուժասպառ չլինեմ:

Քննություններն ավարտելուց հետո կարծես մի նոր աշխարհ մտա, նոր կյանք, նոր շենք, նոր մարդիկ, նոր միջավայր: Հիմա մտածում եմՙ թե ինչպես է լինելու այս անգամվա սեպտեմբերի մեկը: Ծննդյանս օրը Երևանում, մարդու չեմ ճանաչում, ու մի տարբերություն. կրակոցներ չեն լինի ու չեն խանգարի ծնունդս նշելուն, բայց դեռ ժամանակ կա, մի բան կմտածեմ:

Հա, մոռացա նաև ասել, որ պարապմունքի գնալուց և հետ գալուց հանդիպեցի մեր 17.am-ի թղթակիցներից: Գնալուց՝ Մանեին Մինասյան, իսկ հետ գալուց՝ Էմանինային Մանուկյան: Դա նույնպես հաճելի էր, և մի կողմից՝ տրամադրող, ինձ այսպես էր տրամադրում հանդիպումը. «Ընդունվի, որ շուտ-շուտ տեսնես 17-ի երեխեքին»:

Դե, հիմա կարող եք շնորհավորել. ես ընդունվել եմ, հաճելի պատահականությամբ, բայց ընդունվել եմ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի Համակարգչային Դիզայն բաժինը:

Միշտ սպասում էի այն օրվան, որ կընդունվեմ և ֆեյսբուքիս էջում կնշեմ համալսարանս: Հիմա արդեն նշել եմ, բայց մինչ նշելս ես նշել էի նաև մի համալսարանի մասին, որը համալսարան չի, բայց ինձ համար համալսարանին հավասար է. խմբագիր www.17.am կայքում, և երբեք ես դա չեմ հանի իմ էջից, որովհետև ես 17.am-իս շնորհիվ եմ իմ մտքերն արտահայտում, որոնցից մեկը նաև այս նյութն է:

monika mamyan

2016 թվականն էր, մտանք ԵՊՀ

2016 թվական, սեպտեմբեր։ Տասնյոթ տարիների մեջ առաջին անգամն էր, որ աշնան առաջին օրը ես ոչ թե Նոյեմբերյանում, այլ Երևան քաղաքում էի։ Եվ դա այդպես էլ պետք է լիներ. ընդունվել էի ԵՊՀ-֊ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

Օգոստոսն էր, երբ իմացա` առաջին կուրսեցիների հետ հանդիպումը լինելու է «Չարենց»-ի լսարանում։ Իմ մեջ գոռոզացա, փքվեցի. «Ջա՜ն, Չարենց»։ Գլխիս գալիքը դեռ չգիտեի։

Առավոտվա ութն անց երեսուն րոպեն էր, երբ ես արդեն 7-րդ մասնաշենքի առջև կանգնած էի։ Էլ չասեմ`ոնց եմ հասել համալսարան, երբ գաղափար չունեի, նույնիսկ, գետնանցումների մասին։ Հիմա ես էի ու էդ օտար շենքը, որ դպրոցի հետ համեմատելու ոչ մի եզր չուներ։ Գլուխս բարձրացրի, նայեցի մինչև շենքի վերջին հարկը։ Շինությունը լավն էր, բայց մենակ էդ։ Հասկացա, որ համալսարանում ծանոթ ունենալը ամենաթույն բանն ա գյուղից քաղաք էկածի համար։

Զանգ Ամալին, ով սովորում էր նույն ֆակուլտետի ահագին բարձր կուրսում։

-Ամա՜լ, մի քիչ հուզված էի, լա ինձ մին էլ ասա`ո՞նց տիմ գնալ էդ լսարան։

-Մոնի՛կ, ուրեմն մտնում ես շենք, աջով ուղիղ գնում ես, մի հարգ բըրձրանըմ ես ու փետից դռներ ա, եթե գտար, ուրեմն հասել ես։

Կարծես,թե ամեն ինչ ընկավ իրա տեղը, բայց։

Շնչակտուր գնում եմ, պատերին ինչքան գրած բան կար, ամբողջը կարդացի, նույնիսկ`սառը թեյ, կապուչինո, լուծվող սուրճ և մի խոսքով։ Մի կին էր անցնում միջանցքով, մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, Չարենցի լսարան ո՞նց գնամ։

Նայեցի անծանոթուհուն, հետո շուրջս, հետո նորից իրեն։

-Հասկացա՞ր, այ, ոնց ասացի՝ տենց գնա։

Ոչ մի բան չէի լսել. մտքերով էի ընկել։ Ինձ հույս տվեցի. «Լավ, մնին էլ կհարցնեմ»։ Բարձրացա մի հարկ, ձախ նայելու փոխարեն, նայեցի աջ ու ուղիղ գնացի։ Շատ բախտավոր եմ։ Մեկին էլ տեսա։ Ոտքերս էլ չէի զգում, կոկորդս էլ ահավոր խեղդում էր լարվածությունից։ Ցույց տվեց`լսարան ոնց պետք ա գնամ, ու ես գնացի իմ գործին, ինքն էլ`չգիտեմ։

Անտանելի զգացողություն էր։ Թվում էր`մտել եմ աշխարհի ամենավատ մասնաշենքի ամենավատ լսարանը (թերևս, այս զգացումը տևեց երկու-երեք ամիս)։

Էդ օրվանից մեկ էլ մի բան չեմ մոռանա, երբ դեկանն ասաց`բարև ձեզ, ու մենք պարտավոր էինք համաչափ, նույն տոնայնությամբ և սիրով ասել`բարև ձեզ։

Ani Harutyunyan

Կապույտ փայտե դռնից այս կողմ

Դուրս եմ գալիս երկու անգամ տեսած, բայց արդեն հարազատ ու սարսափելի դարձած կապույտ փայտե դռնից։ Ջղային դեմքով պահակ-ոստիկանն է նստած դռան դիմաց։ Նայում եմ, ու գրկելս գալիս է, ժպտում եմ, բայց ավելի շուտ պատն է ժպիտիս արձագանքում։ Ինչևէ, չեմ ընկճվում։

Տեսնում եմ երկու օրում հարազատ ու հեչ էլ սարսափելի չդարձած մարդկանց։ Մի քանիսը կապույտ դռնից ներս մտնելու իրենց հերթին են սպասում, անսահման հետաքրքրությամբ մոտենում են, քննում, ինչ-որ բաներ հարցնում, ու ես նորից եմ սկսում պատմել. կարծես հերիք չէր առաջին անգամը, շունչս լավ չէր կտրվել պատմելիս, չէ, ես ավելի լավ կարող էի, եկեք էլի պատմեմ, նույնը նորից, բայց՝ լիարժեք։

Ա՜հ, մա՛մ, դու սպասում ես զանգիս։ Կզանգեմ հիմա, հենց հեռախոսս հանեմ, կտեսնեմ բաց թողած զանգդ ու կհիշեմ։

Պահակի դեմքը չի փոխվում, պատն էլի ժպտում է նոր դուրս եկողին։ «Կարո՞ղ եմ ջուր խմել»… Ի՞նչ, հա՜, էլ հարցնել պետք չի, կապույտ դուռը դրսից փակել եմ՝ հարցերն ու մեկ-մեկ կցկտուր տրված պատասխանները ներսում թողած։

Հա՛, տա՛տ, հիմա մամային զանգեմ, քեզ էլ կզանգեմ, կասեմ՝ շնորհավոր, երեք ուսանող թոռ ունես։ Գիտեմ, անգիր գիտեմ խոսքերդ. մի քանի անգամ «կտանես ցավս», մի քանի անգամ էլ «ջանիս կմեռնես»։ Հիմա քեզ էլ հերթ կհասնի։

Աստված իմ, հեռախոսս պայթում է։ Երանի հավաքեի բոլորին մի տեղ ու միանգամից ամեն ինչ պատմեի, չէ՞։

Վերջին 365 օրվա ընթացքում առաջին անգամ հանգիստ տուն եմ գնում։ Գնում եմ չավարտած գրքերս կարդալու, երկար սպասված ֆիլմերը դիտելու, ուղղակի սառած նստելու ու ժամերով մի կետի նայելու, գնում եմ, որ վերջապես հանգիստ խղճով ոչինչ չանեմ։

-Տա՛տ, էլի ուսանող թոռ ունեցար…

-Աստված ձայնս լսեց, բալե՛ս, իմ արև-արեգա՛կ։

Լավ, տա՛տ, խոստանում եմ՝ նորից ուշադիր կլինեմ բառապաշարիդ։