«Երկրորդ կիրակին ներառյալ» գրքի վերաբերյալ անդրադարձներ խորագրի արխիվներ

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

 «Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

«Լուսնի մահվան օրը»

Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի…                                                 Այս ստեղծագործությունը ևս միայն կարդալով չես հասկանա, այն պետք է զգալ, զգալ մտքով, հասկանալ սրտով, բացատրել բանականությամբ։ Մայրը դստերը պատմում է իր կյանքի պատմությունը։ Եվ ի՞նչ  է դա։ Ընդամենը գառ մորթել։ Ո’չ։ Ո’չ։ Մի բան հաստատ այն չէ։ Մարդու կյանքը չի կարող միայն գառ մորթելով եզրափակվել։ Գառ մորթելը միջոցն է ցույց տալու այն կյանքի ուղին, որով անցել է մայրը, ըստ երևույթին` Լուսինը։

Անցել է մի օր տխուր ժամանակ լույսով, մի օր ուրախ ժամանակ գիշերը, մի օր աղջիկն էր առողջ, մի օր բրոնխներն էին հիվանդ, մի օր թոքաբորբ էր. շատ նվազ երեխա էր, բայց մի բան անփոփոխ էր. միջոցը նույնն էր` գառը մորթվում էր։ Մի օր, օր, օր, ու եկավ այն օրը, երբ էլի գառ պիտի մորթվեր, բայց այս անգամ այդ օրը չէր մոռացվելու. երեխան հիվանդ էր, իսկ մոր ընկերուհին եկել էր իր տուն երեխաների  հետ, պետք էր դստերը բժշկի հասցնել, տանը մնաց մայրն ընկերուհու երեխաների հետ, իսկ երեխայի հայրը ընկերուհու հետ գնաց քաղաք` բժշկի։ Գալիս կանգ են առնում անտառի մոտ, իջնում են հայրն ու մոր ընկերուհին, երեխան ջերմում է, տառապում, վարորդը` հետը։ Գալիս են գյուղ, մայրն իմանում է, ընկերուհին լիրբ էր, բայց ինչպես ամեն տարի, այս տարի էլ բեռուբարձով է ճամփու դնում։

Ասում են` հիմար է եղել, իսկ ես կասեի` արժանապատիվ կին, դա լավագույն պատիժն էր, որ կարող էր տալ «ընկերուհուն»։                                                                                                                       Հենց այդ օրը մորթվեց այն անմեղ գառը։

Պատմության մեխը սա է։ Կարդում ես ու մի պահ չես հասկանում` մորթվեց կենդանի՞ն,  մա՞րդը, թե՞ մարդկայինը։ Բայց այստեղ ակնհայտ է դառնում` մորթվեց Լուսինը։ Բայց չմորթվեց մարդկայինը։ Մայրը ներում էր, ներում էր օր օրի սիրուհիների թիվն ավելացնող ամուսնուն (մեկի եղբոր հետ էր խաբար անում, մեկի մարդու ականջին էր հասցնում, մի օր էլ մեկին տեսավ ու քիչ էր մնում ցեխաջրի մեջ խեղդեր), ներում էր ընկերուհուն  իր ամուսնու հետ դավաճանելու համար, ներում էր ու հաշտվում։ Հաշտվում էր` ցավուդարդը հանելով, ցավուդարդը հանում էր մորթելով, գառ մորթելով, բայց այս անգամ գառին էր խղճում։ Մի «գառ» էլ ինքն էր կյանքում. ինքն էլ էր տառապել, բայց ինչպես գառը անմեղ էր, չէ՞:

Հա անմեղ էր, չնայած որ, ոչ ոք անմեղ չէ, դե բացի գառներից։ Բայց  կյանքում կան մարդիկ, որոնք անմեղ են, գոնե տվյալ իրավիճակում, գոնե այդ պահին։ Նրանցից մեկն էլ  Մայրն էր, որը մորթեց գառանը, բայց մեղավոր իրեն զգաց, այնպես արեց, որ արյունն էլ երեխաները չտեսնեն. արյուն ենք թափում, բայց չենք ուզում, որ տեսնեն, ինչո՞ւ։ Երևի խիղճն է, այստեղ խոսեց խիղճը, բայց ո՞ւմ նկատմամբ ունեցած խիղճը. ինքներս մե՞ր, դիմացինի՞, թե՞ նրա հարազատների, գուցե հենց նրա, ում արյունը թափվեց։ Խեղճը գա՞ռն էր, թե՞ գառ մորթողը։ Խեղճը Լուսինն էր։

Բայց մորթելն էլ էր ինքնաարտահայտվելու, բարկությունը թոթափելու ձև։                     Մայրը  գիտեր,  որ գառն անմեղ է, դրա համար էլ չէր տանջում. թուրքի պես մորթեց։ Գառին մորթում էր այնպես, ինչպես իրեն ցավ պատճառողին։ Ու էլ էդ մարդու նկատմամբ քեն չէր պահում. արդեն «մորթել» էր։ Այստեղ գառների մորթելը խորհրդանշում է մոր կրած ցավն ու ապրած դառնությունները։

Մոր ջահելությունից մինչեւ ծերություն գառ մորթվեց` տարվա բոլոր եղանակներին, օրվա տարբեր ժամերի ու  տարբեր պարագաներում։ Խղճում էր գառանը։ Խիղճը դեռ տանջում էր, բայց խղճի մասին խոսք լինել չէր կարող. գառը պիտի մորթվեր։

Ամեն թափված կաթիլ արյուն մի վիշտ էր, մի բեռուբարձ,  մի դավաճանություն, մի սփոփանք ու մի Լուսին, մի Լուսնի մահվան օր։ Մարդիկ այս պատմվածքը կարդալով փոխվեցին, իրոք փոխվեցին, երեք-չորս էջ է, բայց հասկանալ է պետք, գրավեց վերնագիրը, սպասեցի, որ հերթը հասնի լուսնին, բայց իբր չհասավ, մի քիչ ավելի ուշադիր լինելով գտա լուսնին, բայց նա արդեն մորթվել էր։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Արգո, ես երրորդ հարկի տղան եմ, որ հավատում է քեզ, հավատում  գյուղական քո եռահարկ  տան գոյությանը, թեև  չգիտեմ տեղը քարտեզի վրա։

Արգո, քեզ համար հաց պահող ու անվերջ քեզ սպասող  կինն եմ ես, որի հացը թեև մամռակալած է ու չոր, բայց պահված է միմիայն քեզ համար։

Արգո, ես  այն խոզատերն եմ, որն ամեն կերպ ջանում է քո բաժին հացը խոզերին բաժին հանել։

Արգո, ոստիկանն եմ ես՝ ուղն ու ծուծով, կարգին ոստիկանը ու  ամեն կերպ ջանում եմ գտնել քեզ, թեկուզև անշնչացած։

Ի՞նչ , Արգո, հիմա ո՞վ եմ ես․ հա, մի զարմացիր, ես քեզ նման չեմ։

Արգո, Արգո, դու ամենքի մեջ ապրող վերադարձի  հույս։ Դու կարող ես անսպասելիորեն լքել մեզ՝ վերադարձի ոչ մի շող անգամ չթողնելով։ Բայց մեր մեջ ապրող երրորդ հարկի տղան միշտ քեզ հետ է  ու հավատում է, հավատում քո հեքիաթներին, քո եռահարկ հույսի գոյությանը, քո վերադարձին։

Արգո, մեր Եռահարկ հույսի տանտեր, մեր անմար հավատ,  դու կարող ես քարշ տալ քո գոյությունը մի կտոր չոր հացով ու թերմացքով և շարունակել  վստահորեն  նայել երկինք, քեզ հետ տանել քեզ հավատացողներին։

Արգո, մեր մեջ ապրող կինը միշտ հաց պիտի ունենա պահած  քեզ համար, որ  հուսը  չմեռնի, որ հույսի եռահարկ տան օճորքը չփլվի  հանկարծ․․․

Արգո, ոչինչ  չունենք պահանջելու քեզնից, ի՞նչ երեսով․ կարևորը գիտենք, որ դու կաս, ապրում ես  մեր կողքին, մեր տված չոր հացով ու հին ճաշով․ ինչ փույթ, թե դու  երբեմն լքում ես մեզ, բայց կարևորը,  որ մենք շարունակում ենք հավատալ քո վերադարձին ու գոյությանը և մեր հավատ չորահացը  դեռ պահում ենք մեզ մոտ, պահում փայփայանքով՝ սալի տեղակ չոր,  մամռած  հացն ենք նախընտրում, թեկուզ և մամռած, թեկուզ և չորացած հացը հաց է մնում՝ հույս ծնող,  հույս ամբարող, իսկ սալը, չէ,  խոզատեր, սալդ չի ուտվի առանց հացի․․․․․

Արգո, մեր հույս, մեր հոգու նկուղում դու միշտ կաս,  ու մենք միշտ քեզ համար սնունդ ունենք պահած։ Հետո ի՞նչ, որ երբեմն դուռդ փակում ես մեր առջև, երբեմն լքում  մեզ, կամ գուցե մենք ուժգին չենք բախում դուռդ, կամ երկարորեն քեզ մոռացության, սովի մատնելուց հետո  դու անզոր, ուժասպառ ես դառնում ձայնելու մեզ։

Արգո, Արգո, չլինի՞ հանկարծ դու մեզ լքես․․․ Բա մեր հույսի ձի՞ն, մեր հրեղեն ձին ինչպե՞ս մեզ տանի բերկրության արահետ, որ թևածենք կապանքներից ազատ․․․

Արգո, երբեմն կորցնում ենք քո հասցեն ու մնում շվարած, բայց երրորդ հարկի տղան շարունակում է, շարունակում հավատալ  քեզ, հավատալ, որ կաս, որ դու ճոխացնում, ոսկեզօծում  ես քո եռահարկ տունը,  իսկ ահա «ամենանգետ» մոլորյալ  ոստիկանը խաղատներում է փնտրում քեզ, ուր դու երբևէ ոտք չես դրել, փնտրում է քո դիակը․ ծիծաղելի է՝ քո դիակը․․․ Արգո, մեր հույսի տուն, ոչ մի խուզարկու աչք չի կարող  գտնել քեզ, երբևէ  չի կարող քեզ մեռած տեսնել։

Արգո, ինչքան քիչ բան է պետք քեզ լինելու համար և ապրեցնելու համար, մեր մշտանորոգ հույս։

Իմ մանուկ Արգամ, դու իմ վերադարձի հույսն ես՝ կապույտի մեջ սավառնող։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ այս փոքրիկ երկրում։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

ANusharakelyan Պատմություն այն մասին, թե ինչու անհետացավ Արգոն, ինչպես լինում էր ամեն տարի, ու ինչպիսի մեկնաբանություններ էին անում հարևանները՝ առանց ճշգրիտ տեղեկություններ իմանալու: Թերևս շատերի համար ծանոթ պատմություն է. լինում է, չէ՞, երբ չգիտես իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այնքան «հավաստի» փաստեր են ի հայտ գալիս, որ ակամայից խճճվում ես: Կյանք է, պատահում է և կպատահի, ոչ ոք ոչնչից չի կարող խուսափել:

«Ոստիկանները դիակը դեռ չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում հետքի վրա ընկնելու համար»: Իհարկե, առաջին հերթին մտածում են վատի մասին. մարդը երկրորդ կիրակին արդեն ներառյալ անհետացել է: Դե, ինչքան էլ հարևանի փոքրիկ տղան ասում էր, թե գնացել է երեքհարկանի տունը վերանորոգելու, ո՞վ պիտի հավատար, բնականաբար, ոչ ոք: Ինչպես՞ կարող էր նրա նման անձնավորությունը այդպիսի տուն ունենալ: Բայց ո՞վ գիտի, միգուցե իսկապես ունի, միգուցե չունի…

Հիմա հասկանանք, թե ով է Արգոն, ի դեպ, լրիվ անունը Արգամ է: Ապրում էր մենակ, օգնում էր բոլորին, կրթություն չէր ստացել, բայց ուներ որոշակի գիտելիքներ, լավ էր հասկանում կենցաղային հարցերից, մեկ-մեկ էլ փիլիսոփայում էր: Մի խոսքով, Արգոն այն մարդկանցից էր, որը ոչ մեկին չէր խանգարում, ոչինչ չէր պահանջում, բայց որի կյանքը չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացնում շատերի մոտ:

Փորձառու ոստիականը, որը պետությունից բազում պարգևներ ունի ստացած, չէր կարողանում գտնել «էդ քնձռոտ Արգոյին»: Չէ՞ որ նա երեք օրում էր կարևոր բացահայտումներ անում, իսկ հիմա չի կարողանում գտնել նրան: Ու սկսում է անել ենթադրություններ՝ հիվանդ է, մարդասպան կամ էլ այլասերվածի մեկը: Իսկ կանանց միակ հոգսը չորացած հացն էր, ափսոս է, չփչանա հանկարծ: Ոստիկանի հարցերին նրանք պատասխանում էին, թե ուրիշ տղամարդ է, ինչ իմանան, թե ուր է գնում-գալիս: Ամեն ինչ գիտեն Արգոյի մասին, բացի այն փաստից, թե ու՞ր էր ամեն տարի անհետանում:

Մի քանի օր անց Արգոն վերջապես հայտնվում է: Ոչինչ չէր փոխվել, մնացել էր նույնը, թեկուզ երևում էր, որ այս անգամ ավելի շատ էր հոգնել: Ոստիկանի ու մնացածի հարցերին պատասխանում էր, թե գնացել էր իր տունը կարգի գցելու: Բայց ո՛չ լսում էին, ո՛չ էլ հավատում: Այս պարագայում, չգիտես էլ, թե ում կողքին կանգնես: Մի բան է ակնհայտ. ամեն մեկն ունի իրավունք տնօրինելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է՝ չխանգարելով ու չվնասելով ոչ ոքի: Բնական երևույթ է նաև այն, որ ոմանք հետաքրքրությունից, ոմանք անհանգստությունից դրդված փորձում են խառնվել ու ինչ-որ չափով օգուտ տալ, սա էլ բնական երևույթ է, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Այսպիսով, ունենք պատմություն մի հերոսի ու նրա շուրջը պտտվող իրադարձությունների մասին: Այս անգամ ավելի շատ ժամանակով անհետացած, ավելի շատ բոլորին իրար խառնած մի պատմություն: Հայտնվեց Արգոն, կենցաղային հարցերը լուծվեցին, ամեն մեկը գնաց իր գործին: Սա, իմ կարծիքով, պատմության մի մասն է միայն:

Արգոն երբեմն փիլիսոփայում էր: Այն հարցին, թե մի քիչ էլ ապրիր, այդքան մի չարչարվիր, նա պատասխանում էր՝ «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»: Հայը այդպիսինն է: Ամբողջ կյանքի ընթացքում չարչարվում է, տառապում, գործած ու չգործած մեղքերի համար պատասխան տալիս: Նույնիսկ շատ ժամանակ իրեն հարց էլ չի տալիս, թե ինչու՞ է այդպես: Լինում է նաև, երբ ընդվզում է, դեմ գնում ճակատագրին, բայց շարունակում կատարել իր առջև դրված պարտականությունները, պահանջները, ու նորից մոռանում սեփական իրավունքների մասին: Հերթը կհասնի՞ արդյոք ապրելուն, դրա համար մտածելու ժամանակ չկա: Գործած ու չգործած մեղքերը քավելու համար էլ ժամանակ է լինելու, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում դրան. շատ քչերը: Տառապել ու չարչարվել՝ մոռանալով ապրելու մասին. այս է իրականությունը:

Սրան զուգահեռ ունենք նաև Արգոյի հետևյալ միտքը. «Բայց ո՞նց կլինի,- չէր հասկանում Արգոն,- ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնարա ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ: Թե չէ` ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի…»:  Երբ ասում էին, թե վաճառիր տունդ, նա այդպես էր պատասխանում: Արգոն ամեն տարի անհետանում էր ու հայտնվում, նա միշտ վստահ էր, որ վերադառնալու տեղ ունի, այդ հույսը երբեք չէր լքում նրան: Եթե վերադառնալու այդ հույսը չլիներ, միգուցե նա ընդմիշտ անհետանար: Ո՞վ գիտի, ոչ ոք:

Հույսը այդպիսինն է: Ուղղակի չենք կարող ապրել առանց դրա: Բնավ էլ նշանակություն չունի, թե վերադառնալու, ապրելու, արարելու, առաջ գնալու հույս ենք փայփայում: Կարևորը այն կա, այն միշտ պիտի մեզ հետ լինի, մինչև վերջին վայրկյանը: Արգոն էլ միշտ հույսը սրտում էր ապրում, վերադառնալու ու կիսատ գործը շարունակելու հույսով:

Պատմվածքում ներկայացված են մի շարք երևույթներ՝ մարդկանց կենցաղը, նրանց ներաշխարհն ու հոգեկան ապրումները, կյանքի մասին ամեն մեկի դատողությունները, տարբեր իրավիճակներից դուրս գալու ու ենթադրություններ անելու նմանություններն ու տարբերությունները:

Պատմությունն սկսվում է Արգոյի անհետացման լուրից, վերջանում Արգոյի միշտ վերադառնալու հույսով: Ըստ այդմ, այդպես էլ հստակ չիմացանք անհետանալու բուն պատճառը: Բոլորն էլ գիտեն, որ ամեն տարի նա միշտ անհետանում է, միաժամանակ չգիտեն, թե այս անգամ ինչպես կավարտվի պատմությունը: Միայն մեկ մարդ գիտի, և դա Արգոն է:

Պատմությունը գրված է այնպիսի ոճով ու լեզվով, որ այն ավելի պատկերավոր է դարձնում: Կարդալու ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դու ինքն ներկա ես եղել, զրուցել ես բոլորի հետ, մի տեղ նաև անհանգստացել ես, թե երկրորդ կիրակին ներառյալ ու՞ր կորավ մեր պատմության հերոսը, ինչպե՞ս օգնել բազմափորձ ոստիկանին գտնել նրան…

Ցանկացած պատմության հիմքում միշտ ՄԱՐԴՆ է: Հարուստ, աղքատ, կիրթ, անկիրթ, դաստիարակված, անդաստիարակ, բարի, չար, բարձրահասակ, ցածրահասակ. սրանք երկրորդական նշանակություն ունեն: Ինձ համար ամենագլխավորը, թե տարբեր պարագաներում նրանք ինչպե՞ս են իրենց դրսևորում, ի՞նչ լուծումներ ու հնարներ են գտնում: Փորձում եմ նաև ինձ պատկերացնել նրանց փոխարեն, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այդ իրավիճակում հայտնվեի: Միգուցե լավը դառնա վատ, վատը` լավ, կամ էլ մնան նույնը: Ամեն դեպքում, հետաքրքրական է իրադարձություններին հետևելը և հետևություններ անելը: Իսկ այս պարագայում մինչև վերջ լարվածությունը կար, թե այս անգամ ի՞նչ կլինի. արդեն իմացանք: Նա, ով գնում է, միշտ էլ վերադառնում է, եթե հույսը միշտ կողքին պահած ունի:

Այսպիսով, մի փոքրիկ պատմության մեջ կարող ես գտնել քեզ հուզող բազում հարցերի պատասխաններ, բացահայտել նոր իրավիճակներ, տողատակերի տակ գտնել թաքնված խորհուրդ ու պատգամ, յուրաքանչյուրի արածի ու ասածի մասին նայել այլ տեսանկյունից, չլինել միայն քննադատող ու ամեն ինչին հակադրվող: Այս ամենից ձևավորվում է տեսակետ, որը օգնում է հետևություններ ու համեմատություններ անել ուրիշ ստեղծագործություններ ընթերցելիս: