Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

liana grigoryan

Անցյալի քաղաքը

Քայլում ես հին փողոցներով ու քեզ թվում է, թե հայտնվել ես տարիներ առաջ նկարահանված ֆիլմում, որտեղ այդ ժամանակներից ոչինչ էլ չի փոխվել: Քարերը, փողոցները, շենքերը կարծես խոսում են հին ու իսկական Հայաստանի լեզվով: Սև քարե կիսաքանդ շենքեր, դռներ, որոնց տարիներով մարդկային ձեռք չի դիպել: Երևի թե այդպես լավ է. գոնե անցյալի քաղաքից մի քանի կտոր պահպանվել է:

Գնացքն արդեն հասնում է կայարան: Հնամաշ ու փոշոտ լուսամուտներից ներս է թափանցում զով աշնանային օդը: Դուրս ենք գալիս ոչ պակաս հին ու գունաթափված գնացքից և հյուրընկալ մարդիկ մեզ դիմավորելով՝ ուղեկցում են դեպի հին քաղաքը:

Քայլելով փողոցներով՝ մի տեսակ դատարկություն ու տխրություն ես զգում: Հազվադեպ փողոցով անցնում են արդեն բոլորի կողմից մոռացված «24» կոչված մեքենաները: Երբեմն մարդկանց կարող ես հանդիպել, որոնք փոքր-ինչ զարմացած, բայց և հուզված աչքերով նայում են քեզ. երևի զգում են, որ հյուր ես: Շատ տաք են ու մարդամոտ, ուզում են մի բանով պարտադիր օգնած լինել:

Շարունակելով ճանապարհը՝ կրկին տեսնում ենք դատարկ փողոցներ, հին ու գործունեությունը վաղուց դադարեցրած խանութներ ու գործարաններ, որոնց վրա անցյալից գրություններ են պահպանվել: Մի փոքր գնալով հին քաղաքի խորքերը՝ գտնում ես ամայություն ու մռայլություն: Անխնամ ճանապարհներ, կիսաքանդ շենքեր, հայտնի պատշգամբ, որն իր աուրան անփոփոխ է պահել, սակայն տեսքը շուտով միայն նկարով կլինի հիշել: Քաղաքում հայ մեծեր կան, որոնք ուշիուշով հետևում են քաղաքի անցուդարձին, ամեն մի հյուրի հետ նկարվում ու ժպտում նրան:

Անցյալի քաղաք Գյումրիում աչքիդ առաջ են գալիս հայկական մշակույթն ու դրա ճյուղերը: Այստեղ տեսնում ես մեր իրական ճարտարապետությունը, տեսնում ես իրական մարդկանց՝ մաքուր ու պարզ: Քաղաքը գնալով դատարկվում է՝ թողնելով հինն ու անցյալից եկածն այնպես, ինչպես որ կա:

mariam barseghyan1

Վանաձոր ջան

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Հոկտեմբերի 7-ը  մեր` վանաձորցիներիս համար, տարվա ամենասպասված օրերից մեկն է: Եթե անկեղծ լինեմ, անցած տարիներին միջոցառումների, համերգների համար էի սպասում, բայց այս տարի տոնը ինչ-որ յուրահատուկ բնույթ ուներ: Կարծում եմ այս օրը, նոր և ավելի  վառ ապագայի սկիզբ էր: 92-ամյա ծերուկս այսօր կարծես կրկին երիտասարդ էր:

Վանաձորը այս տարի համարվել է որպես «Բարեկամության քաղաք»: Կարծում եմ այս կոչումը շատ  է համապատասխանում մեզ: Մենք հյուրասեր և մեր ընկերներին սիրող քաղաք ենք: Մեր անձրևող երկնքին մի նայեք, հյուրերին միշտ արևով ենք դիմավորում: Այս օրը ևս բացառություն չէր: Վանաձորը տաք արևով էր հյուրընկալել  իր քույր քաղաքների  ներկայացուցիչներին: Քաղաքի կենտրոնական փողոցը ծածկված էր քույր քաղաքների դրոշներով: Հանդիսավոր երթի ժամանակ, յուրաքանչյուր դրոշի տակ ներկայացվում էր տվյալ քաղաքի մշակույթը:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Երթը իրոք համապատասխանում էր  «Բարեկամության քաղաք» խորագրին: Իսկ հիմա, եթե  թույլ տաք մի քիչ գովազդ անեմ, ապա պետք է ասեմ, որ տոնակատարության կազմակերպման մակարդակը այս տարի ակնհայտորեն գերազանցում էր այլ տարիներին:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Չեմ կարողանում հիշել վերջին անգամ երբ է քաղաքը այսքան ուրախ եղել: Երբ քաղաքում նախատոնական պատրաստություններ էին գնում, որ իջնում էի կենտոն անկախ ինձանից տրամադրությունս բարձրանում էր: Լավ է, երբ հրապարակի համերգով ու մի թեթև երթով չեն սահմանափակվում:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Այս անգամ քաղաքի ամեն անկյունում մի միջոցառում կար` ռոք-ջազ համերգ պատկերասրահի մոտ, պարի փառատոն Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում և այլն: Իր սերը իր հետ քաղաք էր բերել «Ռեինկարնացիա» խումբը: Տոնակատարությունը ավարտվեց նրանց համերգով և հրավառությամբ: «Ռեինկարնացիա» խումբը  մեզ սեր քարոզեց,  և սիրով լցվեց ամբողջ հրապարակը: Այս երեկո սերը մեզ չէր  պակասում, երիտասարդությունը պայթեցրեց իր պարով և երգով ամբողջ քաղաքը, մեզ թվում էր՝ մեր ձայները լսում է ամբողջ Հայաստանը:

Վանաձոր, աննման բարբառի տեր քաղաք, սիրո և երգի քաղաք, երիտասարդության, ծաղկունքի քաղաք: Եկեք Վանաձոր, և ձեր հետ տուն կտանեք մեր քաղաքի սրտի կեսը և ձեր սերն էլ հավերժ կթողնեք այստեղ, վստահ եմ, շատ կսիրեք: Կսիրեք իր անձրևներով և արևներով, կսիրեք իր փողոցներով ու փողոցում թափառող շներով, կսիրեք և չեք ցանկանա հեռանալ, կգնաք և կկարոտեք: Իրոք, որ մենք նման օրերի կարիք շատ ունենք: Նման օրերին գիտակցում ենք ինչքան կյանք կա մեր քաղաքում, և ինչքան շատ ենք մենք սիրում Վանաձորը:

Էլ չեմ կարողանում հիշել՝ ինչ է եղել քաղաքում երեկ, բայց այն, որ լիքը պարել եմ, ու հիմա դրական  էմոցիաներս այնքան շատ էին, որ չէի կարողանում քնել, հաստատ է: Շնորհավոր տոնդ, Վանաձոր ջան:

Գյումրու օրը

Հոկտեմբերի 1-ը քաղաքիս օրն էր, ճիշտ է, ամեն տարի նույն օրն էլի է նշվում, բայց որ ղայդով կնշվի, ըդիկ փաստ է: Գյումրու հյուրընկալությունը բոլորին է հայտնի, ըմբես որ, դուք էլ մյուս տարի եկեք Գյումրի, որ ականատես եղնիք էդ ամեն ինչին:

Գյումրի՜ս, հրաշք քաղաք, մշակույթի քաղաք, վախտին զարգացած, պատվով ապրող, ղոնախ ընդունող ու տեղը տեղին ճամփու դնող քաղաք: Իսկ ժողովուրդդ՝ թասիբով ու նամուսով, լու՜ռ կսպասե, աշես՝ ինչի՞ կսպասե: Բայց զարմանալուն էն է, որ հույսով կսպասե՝ լավ ապագայի, կորցրածը հետ բերելու հույսով: Իսկ էդ լավ ապագան եթե մենք չկառուցենք, էլ ո՞վ բդի կառուցե՞: Արդեն մե պուճուր լույսիմ կետ կերևա, գուզեմ, որ էդ կետը մեծնա՜, մեծնա՜ ու ամբողջ քաղաքս ընդգրկե: Ու մե օրմ զարթնինք ու տեսնինք մաքուր, ուրախ ու առանց «դոմիկների» քաղաք: Ու ամեն տնից երգի ու ծիծաղի ձայներ լսենք ու լիաթոք ուրխնանք:

Ես շատ կսիրեմ Գյումրիս ու քաղաքիս օրվա կապակցությամբ դուրս էի եկել քաղաքով զբոսնելու ու շատ ուրախացա, երբ տեսա կազմակերպված միջոցառումները:

Օրվա խորագիրն էր՝ «Իմ Հին ու Նոր Գյումրի»: Միջոցառումներից ամենաշատը ինձ դուր եկավ վերջերս վերանորոգված Ալեքսանդրովսկի ճեմափողոցում բացված ցուցահանդեսը, որի ժամանակ քաղաքի արհեստավորները ու արվեստագետները ցույց էին տալիս իրենց կատարած աշխատանքները: Մյուսների նման ես էլ հետաքրքրությամբ կնայեի կատարած աշխատանքներին ու հանկարծ հանդիպեցի ավագ ընկերներիցս Արսենին ու Գագիկին, ովքեր «Իմ ֆռռիկը» նախաձեռնության հեղինակներն են, ինչի մասին նախորդ հոդվածներից մեկում արդեն պատմել եմ: Բարևեցի, հարցրեցի, թե գործերը ինչպես են առաջ գնում, ֆռռիկով հետաքրքրվողների թիվը շատացե՞լ է: Իրենք էլ թե. «Նայե էն երեխեքին»: Նայեցի ու տեսա, որ ֆռռիկ կխաղան, բայց չֆայմա երեխեքին նկարեմ:  Հաջողություն սեցի ու շարժվա ուրիշ հետաքրքիր աշխատանքներ դիտելու:

Տեսա մյուս ընկերներիս՝ Մամիկոնին ու Լևոնին: Իրանք էլ իրանց աշխատանքները ցույց կուտային: Ըսեմ, որ շատ հետաքրքիր տղեք են՝ մե օրմ իրանց մասին անպայման կգրեմ: Իրանց հետ կխոսայի, մեկ էլ տեսա, որ դարբինները իրանց արհեստը ցույց կուտային: Էս անգամ ֆայմա, հարմար տեղ գտա, որ նկարեմ ու ձեզ էլ ցույց տամ:

Դե, իրենք վերջացրեցին, ես էլ որոշեցի մի փոքր էլ քաղաքով շրջեմ ու վերադառնամ տուն:

Օրվա վերջում Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ինչպես Գյումրիից, այնպես էլ ուրիշ տեղերից հրավիրված երգիչներ:

Տան ճանապարհին մտքիս մեջ տվի ու առա, ու եկա էն եզրահանգմանը, որ ուրախությունը ուրախություն կբերե, իսկ քաղաքիս համար ուրախություն է պետք:

ani v. shahbazyan malishka

Աշխարհը մեր միջով

Ըհըն: Հասա կանգառ: Ինչպես միշտ՝ շնչակտուր եմ: Գիտեմ, որ չեմ ուշանալու, բայց չէ, պետք է միշտ վազելով գնամ: Թե ինչի՝ ես էլ չգիտեմ: Այս կանգառը չեմ սիրում, որովհետև միշտ քաոսային է ու վտանգավոր: Իսկ ես իմ սովորության համաձայն ճանապարհն անցնում եմ այն ժամանակ, երբ ուզում եմ, չնայած՝ մեքենաներն ինձ միշտ զիջում են: Ինչևէ: Բայց ինչ հետաքրքիր տեղում եմ կանգնած, այստեղով անցնում են աշխարհի ամենատարբեր մարդիկ և ամենատարբեր հոգեվիճակները: Սա այն ճանապարհն է, որը մեր գյուղի՝ Մալիշկայի տակով է անցնում: Դե, ինչպես գիտեք (կամ՝ չգիտեք), Մալիշկան փռված է մեծ ճանապարհի եզրին: Իսկ այս ճանապարհով մարդիկ ուր ասես գնում են: Ճամփաների խաչմերուկում կանգնած՝ 15 րոպեն էլ է բավական հասկանալու համար, որ բոլորի հուզմունքը, ուրախությունը, տագնապը, սպասումն ու տխրությունը հենց այս ճանապարհով է անցնում: Չէ, լիովին չի անցնում, մի փոքրիկ հետք այստեղ հաստատ մնում է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան զգացմունքներ ու հոգեվիճակներ կան այստեղ թաքնված: Առևտրի են գնում, հայրենիք են գալիս, գնում են կռիվ, զոհված ու վիրավոր են տեղափոխում: Մեկը գնում է աշխատանք փնտրելու, մյուսը՝ շտապում է տեսնել իր սիրած աղջկան, մեկը՝ ներկաթաթախ ու դողացող ձեռքերով բռնել է կտավը և տանում է վաճառելու, մեկն էլ թոռնիկ է ունեցել ու շտապում է նրան առաջինը տեսնել, մի զբոսաշրջիկ է, ով գնում է Ջերմուկի տեսարժան վայրերը տեսնելու, մի ընտանիք, որ գնում է Արցախ՝ տեսնելու, թե ինչպես է իրենց որդին հայրենիքին երդում տալիս, մեկը բարեհաջող քննությունից հետո ուրախ գնում է տուն, մյուսը՝ օդանավակայան: Այն մեկը լուսանկարիչ է, գնում է աշնանային ֆոտոշարք անելու, մյուսն էլ ես եմ, արդեն 15 րոպե սպասում եմ ավտոբուսին:

Մենք այստեղ կանգնած՝ աշխարհը գալիս մեր միջով անցնում է: Սկսեցի սիրել այս կանգառը:

Mane Minasyan

Շնորհավո՛ր տո նդ, Հայաստա՛ն, ի՛մ ե րկիր

Իմ… Ինքնին սեփականացնող բառ է: Իմ երկիրը:
Այս արտահայտությունը լսելիս միանգամից մտքիս է գալիս Հայաստանը, մեր տունը, փողոցը, հողն ու անգամ մեր հարևան տատիկը:

Եթե հայացք գցեմ դեպի մանկություն, կասեմ, որ մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել ապրել արտերկրում, սակայն ծնողներս որոշել են, որ լավ ուղի կգտնեմ միայն իմ երկրում` Հայաստանում:
Ես մի մարդ եմ, ով շատ ակտիվ է, ազատ ու հարմարվող, սակայն այս հատկանիշներն ինձ բնորոշ են միայն այստեղ:
17 տարեկան եմ: Կյանքիս երևի 2-3 տարին է, որ ապրել եմ Հայաստանից դուրս, շնչել ինձ համար օտար օդ, ու արևն անգամ օտար է եղել:
Ես շատ, չէ, շա՜տ-շա՜տ եմ սիրում Հայաստանը:
Հայաստանն ինձ համար մայրս է:
Հայաստանը արևն է, Հայաստանը մեր բակի ծառերն են, անգամ մեր շունը:
Հայաստանը դպրոցն է իմ, նստարանս, գրիչն ու թուղթը:
Հայաստանը լույն է լուսաբացի, իսկ միգուցե` օդը:
Լավ, Հայաստանը նաև դու ես, ընկերուհիս, ուսուցիչս ու մեր դպրոցի պահակը:
Հայաստանը ե՛ս եմ, ե՛ս…
Սահյանը կասեր. «Հայաստա՛ն, անունդ տալիս…»:
Հա, իրոք, Հայաստա՛ն, անունդ տալիս` ես ինձ եմ տեսնում:
Տեսնում եմ դեռ չծնված, երբ փորձում էի ձևավորվել: Տեսնում հենց նոր աշխարհ եկած, տեսնում եմ ինձ օրորոցում, վա՜յ, տեսնում եմ, նոր եմ քայլում, ոտքս մեկ աջ ու մեկ էլ ձախ, մանկապարտեզ եմ գնում ու կրկնում իմ մշտական կարգախոսը. «Քնեմ, հելնեմ, փիլավ ուտեմ, գաս, տանես, հա՞, պապա՛»:
Եկավ, տարավ, էլի բերեց, էլի տարավ ու չբերեց, որովհետև տեսնում եմ ես ինձ դպրոցի դռան առաջ, աչքս թարթում, մեկ էլ հանկարծ ես իմ կրծքի զանգն եմ տեսնում, որ հնչում է վերջին անգամ:
Ավարտում եմ, նոր կյանք մտնում, ոտքս էլի առաջ դնում հենց իմ երկրում` Հայաստանում: Ահա արդեն ուսանող եմ, ուսանում եմ, սովորում եմ, որ զարգանամ ու զարգացնեմ մեր բոլորի հայրենիքը` Հայաստանը:
Հայաստա՛ն, անունդ տալիս ես ինձնից առաջ հենց քեզ եմ տեսնում` պայծառ, վսեմ, վառ գույներով:

Ե՛կ Սիսիան

-Սոսե, դու որտեղի՞ց էիր։

-Սիսիանից։

-Հա, էն ցուրտ տեղից, ո՞նց եք դիմանում։

Համարյա այսպես է լինում ամեն անգամ, երբ նոր ծանոթներս իմանում են, թե ես որտեղից եմ։ Ամեն անգամ այսպիսի խոսակցությունների ժամանակ ցավում էի․

-Ախր, ինչո՞ւ Սիսիան ասելուց չեք ասում Շաքիի ջրվեժի կամ էլ Զորաց քարերի մասին, կամ գոնե Համո Սահյանի, որ ամեն անգամ ցուրտն եք հիշատակում: Ու ես որոշեցի, որ ամբողջ ամառային արձակուրդս նվիրեմ Սիսիանը բացահայտելուն։

Դե սկսենք միասին բացահայտել Սիսիանը։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր պատմամշակութային վայրից սկսենք։ Դե լավ, եթե չեք կողմնորոշվում, ուրեմն սկսենք Զորաց քարերից։

Զորաց քարեր կամ Քարահունջ.  նախապատմական մեգալիթյան կառույց է, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Քարահունջը 7500 տարեկան է։

Հաջորդը կխոսենք Թանահատի վանքի մասին։ Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանքը համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ շուշան ծաղիկների քանդակներով:

Իսկ հիմա հերթը Շաքիի ջրվեժինն է։ Ջրվեժն ունի 18 մետր բարձրություն։ Շաքին Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից է։ Շաքի անվան հետ կապված մի քանի ավանդություն կա, բայց դրա մասին հիմա չեմ ասի: Երբ գաս այդ գեղեցկությունը վայելելու, անպայման կպատմեմ։

Դե լավ, եկար- բարակ չխոսեմ ֆոտոշարքի մեջ բոլորը կտեսնես։ Մի խոսքով, ե՛կ Սիսիան և վայելիր այն իր ողջ հմայքով ու ջերմությամբ։ Եթե կուզես, ես կհյուրընկալեմ քեզ, և կբացահայտենք Սիսիանը միասին։

anahit badalyan (kapan)

Այսօր աշո՜ւն է

Անձրև է գալիս: Հա՜, մի զարմացեք, էստեղ՝ Կապանում, հորդ անձրև է գալիս: Արդեն ժամ-ժամուկես կլինի՝ պատուհանի կողքին նստած դաս եմ անում ու զգում եմ անձրևի անկրկնելի բույրը: Զգում եմ ամեն կաթիլի ճանապարհը, շարժման արագությունն ու ուժգնությունը, զգում եմ ամեն ինչ՝ մթությունը, անձրևն ու աշունը: Անձրևն ուժեղանում է, ավելի արագ է սկսում տեղալ, օդը ավելի սառն է դառնում ու այնքա՜ն հաճելի, այնքա՜ն սիրելի: Մի ամբողջ ամառ երազել եմ այս տեսարանի մասին. պատուհանից նայեմ ու տեսնեմ, որ կաթիլները մեկը մյուսից առաջ ընկած, իրար հրելով՝ ցած են իջնում:

Այս հոտն իմ հոգին լցնում է սիրով: Այն ինձ պատմում է, որ շուտով ամեն ինչ նորից է սկսվելու՝ նոր ու մաքուր էջից: Շուտով բոլորը փոխվելու են, կաթիլները քշելու են ու տանեն ամենավատն ու ամենապղտորը՝ թողնելով միայն պարզն ու անպիղծը: Ես ավելի մեծ ոգևորությամբ եմ սկսում լուծել մաթեմատիկայի խնդիրը, ու այն այլևս դադարում է խնդիր լինելուց, այն դառնում է գեղեցիկ ու նուրբ մի պատմություն այն մասին, թե ինչպես է անձրևն օգնում ինձ վերածնվել: Այ հիմա՝ հենց այս րոպեին, ես զգում եմ, որ աշուն է, զգում եմ բոլոր գույներով: Վաղը անձրևը կդադարի, նորից արև կբացվի, ես կնվնվամ անտանելի շոգից ու արևի անխնա լուսավորությունից, ջուրը կդառնա երանելի, քամին՝ անհասանելի, աշունը նորից կթաքնվի հեռուներում: Վաղն ամեն ինչ նորից կփոխվի, իսկ ես շտապում եմ ապրել այսօրը:

Վաղը՝ չգիտեմ, բայց այսօր աշո՜ւն է:

Շուկա. «Մայլի բազար»

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Կարծում եմ՝ ոչ բոլոր գյուղերին է այսպիսի հնարավորություն ընձեռվում՝ բերքը քաղել և հենց տեղում էլ վաճառել սպառողին:

Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների մի մասի բախտը բերել է, քանի որ տան բակը գտնվում է հենց ճանապարհի վրա: Գյուղամիջյան ճանապարհը տանում է դեպի Աղվերանի հանգստյան գոտիներ, և ի օգուտ բնակիչների՝ այդ ճանապարհով են անցնում բազմաթիվ զբոսաշրջիկներ և երևանցիներ, Հայաստանի այլ վայրերից հետաքրքրասերներ, հայտնի և անհայտ դեմքեր: Մեր տան բակն էլ գտնվում է հենց ճանապարհի վրա, այդ պատճառով հենց մեր տան դիմաց է հավաքվում «մայլի բազարը». հարևաններ, բարեկամներ, բոլորն իրենց այգու բերքը գեղեցիկ շարում են մեր դարպասի դիմաց:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուկան «դնելուց» առաջ միշտ նախաբանը այսպիսին է լինում.

-Աղջի, պրծեք, օրը ճաշ դառավ, խնձորս քաղել եմ, բերել եմ, «բազառ» չե՞նք դնըմ:

-Տո բա ի՞նչ ենք անըմ է, դու իջի, հեսա իմ աբրանքներն էլ վերցեմ, գամ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այսպես ամեն առավոտ ժամը 09:00-ի մոտակայքում, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերին, գյուղամիջյան ճանապարհը գտնվում է եռուզեռի մեջ:

Այս շուկան նաև տարբերվում է նրանով, որ չունի հատուկ տաղավար, այլ դրա փոխարեն ունի ապրանքներ, որոնք բնական են և պահանջված: Օրինակ՝ դեղաբույսեր՝ ուրց, երիցուկ, խնկածաղիկ, ձիաձետ: Երևանցիները շատ են սիրում երիցուկի թուրմով թեյ, այդ պատճառով էլ երիցուկն ամենապահանջվածն է: Այս խոտաբույսերը վաճառում է տարեց մի կին, ով իր ձեռքով է հավաքում դրանք և անգիր գիտի, թե որը ինչով է օգտակար:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այս սեզոնին նաև վաճառվում է խնձոր, տանձ, լոբի, պնդուկ: Այս բազմազան շուկայում վերջերս ըստ պահանջարկի ավելացել են նաև դարբնի ձեռքով պատրաստված աշխատանքներ՝ մոխրամաններ, մոմակալներ, որոնք նույնպես ուշադրության են արժանանում զբոսաշրջիկների կողմից:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուկայում ժամանակը շատ հետաքրքիր է անցնում: Դե, եթե բոլոր տատիկները հավաքվեն իրար գլխի, ըստ ձեզ՝ ի՞նչ կստացվի: Ոչ միայն բամբասանք, այլ նաև հետաքրքիր պատմություններ, հիշողություններ անցյալից: Պատմում են, որ այս գյուղամիջյան շուկան հին պատմություն ունի: Այն ժամանակ ապրանքներ շատ էին բերում՝ արկղերով, ոչ թե հիմիկվա նման՝ մի կիլո, երկու կիլո: Ու առաջ մեքենաները մեկ-մեկ չէին կանգնում, այլ միանգամից էին ամբողջ ապրանքը գնում:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Իսկ ինչ վերաբերում է ապրանքների գներին, երևանցիները այդքան էլ համաձայն չեն գների հետ.

-Հեն ա՝ քաղաքում էլ էր էլի էս գինը…

Բայց մենք ամեն ինչ թարմ-թարմ ենք քաղում:

Ինձ թվում է՝ շատ գյուղացիներ, որոնք չունեն այսպիսի շուկա ունենալու հնարավորություն, հենց հիմա բարի նախանձով նախանձեցին Կոտայքի մարզի Արզական գյուղին:

marine nikoghosyan

Քեֆլին իմ երազանքն է

Հաճախ մտածում եմ և փորձում տարբերություն գտնել գյուղի և քաղաքի միջև։ Ի՞նչ յուրահատկություն ունի այսպես կոչված «քաղաքը», որ բոլորը ձգտում են տեղափոխվել այնտեղ։

Ես իմ կյանքում շատ գյուղերում և քաղաքներում եմ եղել, բայց երբեք տարբերություն չեմ գտել դրանց միջև, և ընդհակառակը, որտեղ էլ որ եղել եմ, միշտ ցանկացել եմ վերադառնալ իմ հարազատ գյուղը՝ իմ Քեֆլին։

Գյուղում թե՛ մեր համագյուղացիներից, և թե՛ մյուս գյուղերի բնակիչներից հաճախ եմ լսում արտահայտություններ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե բոլորն ասում են, որ գյուղում կյանք չկա։ Կյանքը քաղաքում է, իսկ գյուղերում տանջվելով էլ բանի չենք հասնի։ Չգիտես՝ ինչու, բոլորին թվում է, թե քաղաքում ավելի հեշտ է ապրելը։

Այս արտահայտություններն ամեն անգամ լսելով՝ ես թևաթափ էի լինում և մտածում, որ կգա մի ժամանակ, երբ գյուղերում միայն լքված տներ և ամայի փողոցներ կլինեն։ Սակայն մտածելակերպս փոխվեց, երբ մի օր հայրիկիս ընկերներից մեկը ընթրիքի ժամանակ ասաց.

-Քեֆլին իմ երազանքն է։

Իմ կյանքում այս խոսքերը ես առաջին անգամ էի լսում. Քեֆլին իմ երազանքն է: Այս երեք բառերն ինձ ոգևորեցին և հույս տվեցին, որ ինչքան ժամանակ էլ անցնի, միևնույնն է՝ գյուղերում կլինեն ծխացող օջախներ, միգուցե մեկ-երկուսը, բայց՝ կլինեն։ Եվ ես վստահ եմ դրանում: