Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

anush davtyan

Խ-ի փոխարեն՝ գրական հ

«Ալիաս» կամ «Այլ կերպ» խաղից սկսվեց ամեն ինչ։ Ես էի, ու մաման էր հետս։ Իմ հերթն էր բառերը գուշակելու։ «Խարազան» բառի վրա էր կանգնել մայրս, փորձում էր բացատրել։

-Հարազատ, բայց խաղողի տառով։

-Խարազա՞տ։ Հա՜, խարազան,- լավ էր, հեշտ գլխի ընկա։ Խարազատից սկսվեց, էլի։

Մաման դեպք հիշեց իր՝ հիվանդանոցի կյանքից.

-Էս քյավառցիները, որ ուզում են՝ իբր գրագետ թվան, բոլոր խ տառերի տեղը հ են ասում։ Էսօր մեկն ասում էր. «Բժշկուհին ասաց՝ գնա երկու շաբաթ հմի, արի»։

Դու մի ասա, էդ «հմի»-ն խմելն էր։

Հետո էլի մի դեպք հիշեց, թե ոնց էր մի հիվանդ իր սկեսուրից պատմում.

-Ինքը, ճիշտ ա, հորթ ա, բայց շատ լավ կին ա, էնքան լավ անձնավորություն ա։

«Հորթ»-ն էլ, բնականաբար, «գրական» ասված «խորթ» բառն էր։

Ու հաջորդ տասը-քսան րոպեն ծիծաղում էինք էս ամեն ինչի վրա։ Մենք էլ մեր կողմից էինք ավելացնում.

-Էս ճանճին պիտի հփեմ ես, որ նոր հանգստանամ։

-Էդ ջո՞ւր ես ուզում հմես։

-Լավ դե, արի հաղանք, որ գնանք վերև։

Վերջում բայց էլ «չհաղացինք», միանգամից քնելու գնացինք. «հաղալու» հավես չէր մնացել, մենակ ծիծաղելու։

Ամեն դեպքում՝ քնելուց առաջ լավ «հոսեցինք», ուրախացանք:

milana gevorgyan

Տաքուկ «MYcorner»-ը

Լուսանկարները` Արշո Բակլաչյանի

Լուսանկարները` Արշո Բակլաչյանի

Ոչ այնքան գունավոր քաղաքում Լևոն Ստեփանյանը որոշեց ստեղծել «MYcorner»-ը: Լևոնը նաև «MYbookstore»-ի հիմնադիրն է: Հենց այս ամենից էլ սկսվում է մեր հետաքրքիր պատմությունը: Լևոնը նաև «MYteam» է ստեղծել, որի անդամները ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքի մթնոլորտը գունավոր դարձնելու համար:

Փոքրիկ «MYcorner»-ը ծնվել է 2017թ. հուլիսի մեկին՝ Հրազդան քաղաքում: Այն հակասրճարան է: Իսկ ի՞նչ է հակասրճարանը: Հակասրճարանը այնպիսի միջավայր է, որտեղ մարդիկ հավաքվում են շփվելու, սուրճ ու թեյ խմելու, հետաքրքիր ձևով ժամանակ անցկացնելու համար։ Հակասրճարանը վայր է, որտեղ րոպեներ են վաճառում։ Մեկ րոպեն արժե 10 դրամ, իսկ մեկ ժամը՝ 600 դրամ: Բայց այս ամենի հետ մեկտեղ՝ Լևոնը իր գրադարանից մի փոքրիկ կտոր պոկել ու բերել է «MYcorner»: Ամեն շաբաթ անցկացվում են տարբեր միջոցառումներ:

Լուսանկարները` Արշո Բակլաչյանի

Լուսանկարները` Արշո Բակլաչյանի

Ա՛յ, օրինակ օրեր առաջ 2017 թվականի «մուրադներն» ու «արուսները» տեղափոխվել էին 1975 թվական ու դիտում էին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Ամեն շաբաթ երեկոյան «MYcorner» հյուր է գալիս «մաֆիան»: Հայկական և արտասահմանյան ժամանակակից գրականությունը (և ոչ միայն ժամանակակիցը) իր ուրույն ու տաքուկ անկյունն է գտել հենց «MYcorner»-ում: Գրադարակներում կգտնեք մեր ժամանակակիցների՝ Էդգար Կոստանյանի, Էդգար Հարությունյանի, ինչպես նաև Ջոն Գրինի և այլոց գրքերը: Պատերին տեղ են գտել Ուիլյամ Ֆոլկների, Ալլան Պոյի և այլ գրողների հանրահայտ խոսքերը, որոնք մոտիվացնում են յուրաքանչյուրին: Ծխելը խստիվ արգելվում է, եթե որևէ մեկը ուզում է ծխել, անպայման հակասրճարանից պետք է դուրս գա: «MYcorner»-ը ունի նաև փոքրիկ անկյուն՝ փոքրիկների համար նախատեսված զանազան խաղերով: Հրազդանը հիմա իսկապես տարբերվում է, որովհետև հայկական արտադրության ինտելեկտուալ խաղերը մեր քաղաքում են: Հրազդանցիները վերջապես գտել են իրենց անկյունը: Մեր անկյան մասին այսքանը կպատմեմ, իսկ եթե ուզում ես այս ամենը ինքդ տեսնել, քեզ զգալ ինչպես «ձուկը ջրում», ուրեմն արի Հրազդան, արի «MYcorner»: Քո անկյունը սպասում է քեզ…

mariarshakyan

Ջերմուկ՝ ջերմ ջրերի աշխարհ

Ջերմ ջրերի, ջերմ ակունքների, ջերմ գեյզերների, ջղային ջրվեժի իմ քաղաքն անվանում են Ջերմուկ: «Այստեղ է գտնվում հանքային ջերմ ջրերի համաշխարհային նշանակության պաշարների 67 տոկոսը: Այս քաղաքի ճակատագիրը կանխորոշել է Արփան՝ քաղաքը բաժանելով երկու թաղամասերի: Այստեղ է գտնվում հայաստանյան գեղեցկագույն «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Եվ այստեղ է առանց որևէ մարդկային գործոնի ազդեցության հոսում տաք ջուր»: Այսպես կասեր կոմունիստական գաղափարախոսության մոլի պաշտպան թոշակառու մի գրող՝ զբոսաշրջիկների քանակը քաղաքում ապահովելու համար: Իրականում, դժբախտաբար, թե բարեբախտաբար, Ջերմուկում չէ, որ գտնվում են ջերմ ջրերի համաշխարհային նշանակության պաշարները: Արփայի՝ քաղաքի բաժանումը երկու թաղամասերի այդքան էլ բախտորոշ չէ քաղաքի համար, իսկ ջուրը, որ թափվում է 70 մետր բարձրությունից, ջրվեժ համարելը գիտականորեն այդքան էլ ճիշտ չէ: Շատերն էլ նույնիսկ չգիտեն, որ ջրվեժի անունը «Ջրահարսի վարսեր» է: Չնայած այս ամենին՝ չենք կարող հերքել, որ հանքային տաք ջուրը իրոք հրաշալի բնական հարստություն է:

Ջերմուկ բնակավայրը հիշատակվում է դեռևս 13-րդ դարերից, սակայն քաղաքի հիմքը դրվել է միայն 1940-ականներին, երբ կառուցվում է առաջին առողջարանը: Հետո մեկը մյուսի հետևից կառուցվեցին առողջարանային համալիրներ, գործարաններ, բնակելի շենքեր ու սկսեց սկիզբ առնել քաղաքային կյանքը՝ լի խորհրդային հանրապետությունների տարբեր անկյուններից եկող զբոսաշրջիկներով, որոնք գալիս էին ոչ միայն բուժվելու, այլև հետաքրքիր հանգիստ անցկացնելու տարվա բոլոր եղանակներին: Մաքուր ու անարատ օդը, բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ շփումը ձևավորել են ջերմուկցու կերպարը, որը առաջին հերթին աչքի է ընկնում շռայլ հյուրասիրությամբ, մի քիչ բամբասկոտությամբ ու ավանդապահությամբ, բայց բարի ու բանաստեղծական տրամադրությամբ: Այսօր էլ քաղաքը մնում է իր որդեգրած սովորույթներին հավատարիմ՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կողք կողքի ապրելով, ժառանգել են աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկների սովորույթներն ու վարվելակերպը՝ ձևավորելով ջերմուկցիների կերպարները, որոնք քաղաքը լցնում են ջերմությամբ…

Հայրավանք

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Սևան-Գավառ ճանապարհի ձախ կողմում՝ Սևանա լճի առափնյա հրվանդանի վրա է գտնվում Հայրավանքի Սբ. Ստեփանոս վանական համալիրը: Մամռակալած ժայռերով շրջապատված տեղանքում արթուն է դարերի շունչը: Պատմական աղբյուրների համաձայն՝ վանքի տեղանքը դեռևս 4-րդ դարից եղել է սրբատեղի: Վանքի ներսում զգում ես ժամանակի ընթացքում այստեղ հնչած բյուրավոր աղոթքների հոգեպարար զորությունը:

Վանքի տարածքը լուսանկարելու համար կան բազմաթիվ գեղեցիկ դիտանկյուններ: Արածս բազմաթիվ լուսանկարներից ինձ հատկապես դուր եկան վանքի հետևի ժայռերից նկարածները: Այնպես որ, եթե գեղանկարիչ չեք ու չեք կարող կտավին հանձնել ձեր տեսածն ու զգացածը, ապա գոնե ֆոտոխցիկ ունեցեք:

Պատմական աղբյուրների համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը Կեսարիայից վերադառնալիս  անցել է Գեղամա ծովի այս վայրերով: Հայրապետին ուղեկցող վարդապետներից մեկը նրան խնդրել է ճգնության համար իրեն թողնել այստեղ: Լուսավորիչը վարդապետին թողել է այստեղ և նրան հանձնել Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Մասունքը դրվել է 4-րդ դարում այստեղ կառուցված աղոթատանը, որի հիմքերն այսօր էլ պահպանվում են:

9-րդ դարում, Մարիամ իշխանուհու նվիրատվություններով կառուցվել է Ս. Ստեփանոս եկեղեցին, որը հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: 1211թ. եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կից կառուցել երդիկավոր ութանիստ գմբեթով գավիթը:

19-րդ դարում  բնական աղետի հետևանքով վանքի գմբեթը փլուզվում է, և խաչափայտի մասունքները տեղափոխվում են Սևանավանք, ապա՝ Սբ. Էջմիածին: 2017 թ. հուլիսի 9-ին՝ Հայրավանքի ուխտի օրը,  Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ-ի օրհնությամբ խաչափայտի մասունքները բերվեցին Հայրավանք: Այդ օրը տարբեր վայրերից բազմաթիվ մարդիկ այցելեցին Հայրավանք՝ հաղորդակցվելու մասունքների օրհնաբեր զորությանը:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին գրի է առել մի ավանդություն՝ մասունքների հրաշագործ զորության մասին: Ըստ այդ ավանդության, երբ 1381թ-ին Լենկթեմուրը ավերելով Հայաստանը հասնում է  այս վանքի մոտ, վանահայր տեր Հովհանը մեջքին է կապում Քրիստոսի խաչափայտի մասունքները  և վազելով փախչում է ծովի մակերեսով այնպես, ինչպես դա կաներ գետնի վրայով: Լենկթեմուրը զարմանում է և կանչում վանահորը` խոստանալով կատարել նրա բոլոր պահանջները: Վարդապետը վերադառնում է և բռնակալին խնդրում արձակել այնքան քրիստոնյա գերի, որքան վանքը կտեղավորի իր մեջ: Լենկթեմուրի թույլտվությամբ վարդապետը Սուրբ Գիրքը ձեռքին  մարդկանց ընդունում է եկեղեցի: Այն իր մեջ տեղավորում է քրիստոնյաների ողջ բազմությունը: Ապշահար բռնակալը ներս մտնելով տեսնում է, որ վանք մտնող մարդիկ աղոթքի զորությամբ վերածվում են աղավնիների և թռչում են դեպի կղզի: Այդ օրվանից վանքը, վանահայր Հովհանի անունով, կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք:

Հետաքրքիր է այն զգացողությունը, երբ ներս մտնելով վանք, մի պահ քեզ համարում ես  այն բազմաթիվ քրիստոնյաներից մեկը, ովքեր Տեր Հովհանու աղոթքի զորությամբ    վերածվում են աղավնու և խաչքարերով պատված հրվանդանի բարձունքից լճի վրայով ճախրում են կղզի:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն:

Լեռնանիստ ջան

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Իսկ ես գյուղում եմ ծնվել: Լեռնանիստ գյուղում: Ինչո՞ւ էսպես սկսեցի: Դե, որովհետև գրեթե բոլորը գիտեն, թե բնիկ հրազդանցի եմ: Իսկ ես իմ հոգում հպարտ գյուղացի եմ: Դժվար թե լսած լինեք մեր գյուղի մասին: Չորս տարեկան էի, երբ տեղափոխվել ենք Հրազդան: Այսինքն՝ ես չորս տարվա կյանք եմ ապրել մեր գյուղում, շնչել գյուղիս մաքուր օդն ու խաղացել թփերի մեջ: Ծնողներս երկուսն էլ ծնվել են այս գյուղում, ու ինձ էլ է բախտ վիճակվել ծնվել այստեղ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքից ոչ հեռու: Լուսավոր գյուղ է, մեր բոլոր գյուղապետերը կարծես թե քաղաք են դարձրել գյուղը: Պապիկս էլ է որոշ ժամանակ գյուղապետ եղել: Ասում են՝ հրաշալի գյուղապետ էր, շատ-շատ էր մտածում գյուղացիների կյանքի մասին: Ես չեմ էլ կասկածում: Գյուղի փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, ցերեկային լույսեր կան: Ամեն բան այնքան գեղեցիկ է:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Սիրում եմ օրերս այստեղ անցկացնել, եթե ունենում եմ այդ օրերի մեջ ազատ ժամանակ: Մայրիկիս առաջարկում եմ, և հայրիկի հետ նրա ունեցած կարճ հեռախոսազրույցից հետո՝ ընտանիքով ուղևորվում ենք մեր սիրելի բնակավայրը: Հատկապես՝ ամռանը, մեր գյուղում կատարյալ հանգստություն է, երբ դուրս ես գալիս տան բակ, այգում՝ ծառերի վրա, տեսնում ես քաղցր, հասած պտուղներ, քաղում, նստում խոտերին, ու չես ցանկանում այլևս տուն բարձրանալ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղում ամեն քայլափոխի հանդիպած յուրաքանչյուր բան գեղեցիկ է, լուսանկարելու արժանի, աչք է շոյում, մաքուր է, մինչդեռ մեր քաղաքում քայլում ենք կեղտոտ փողոցներով: Մեր գյուղում կա անփոխարինելի երկինք, որը նույնը չէ Հրազդանում: Կա թթվածին, ոչ թե գործարանային թափոններով լի օդ: Կան անմեղ, բարի աչքեր: Կա կյանք, ոչ թե գոյատևում:
Ես սկսել եմ գյուղիս բացահայտումը:

Անգեղակոթի «Նոյլու բուլաղը»

Լուսանկարը` Լիլիթ Ավետիսյանի

Լուսանկարը` Լիլիթ Ավետիսյանի

Անգեղակոթի հարավային մասում գտնվում է մի աղբյուր, որը կոչվում է «Նոյլու բուլաղ»: Պատմաբանները կարծում են, որ «նոյլու» բառը կապված է Նոյ նահապետի անվան հետ, իսկ «բուլաղը» պարսկերեն բառ է, նշանակում է աղբյուր, այսինքն՝ «Նոյյան աղբյուր»: Աղբյուրի ջուրն ունի յուրահատուկ համ և սառնություն: Այդ է պատճառը, որ տեղացիները ծարավը փորձում են հագեցնել հենց այս աղբյուրի ջրով:

Աղբյուրն ունի դարերի պատմություն: Գյուղում տարածված է մի ավանդություն. ասում են, իբրև հին ժամանակներում այդ ջրի ակունքում եղել են վիշապի արձանիկներ, որոնք ժողովրդի համար դարձել են պաշտամունքի առարկաներ: Երբ ջուրը կտրվում էր, մարդիկ մտածում էին, թե վիշապներն են զայրացել և ջուրը կտրել: Այդ պատճառով էլ պաշտում էին նրանց: Ամեն շաբաթ մենք երեխաներով գնում ենք աղբյուր, մաքրում ակունքը:

Իմ պապիկը շատ է սիրում այդ ջրի համն ու սառնությունը, քանի որ մանկուց այդ ջուրն է խմել և ուժ ու եռանդ ստացել հենց այդ ջրից:

Վարդավառը Մարտունիում

Մարտունի քաղաքում տեղի ունեցավ Վարդավառին նվիրված մեծ փառատոն: Փառատոնին մասնակցում էր Մարտունին և նրան հարակից գյուղերի մի մասը:Կազմակերպել էին ավանդական ուտեստների ցուցադրություն,սպորտային խաղեր տարբեր գյուղերի երեխաների միջև, պարային համույթներ Մարտունուց և գյուղերից և իհարկե, անակնկալ հյուրերի համար. սիրված երգիչներ՝ Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Սևակ Ամրոյանը, Սոնա Շահգելդյանը: Այդպիսի փառատոն տեղի էր ունենում առաջին անգամ, բայց կազմակերպիչների հետ զրույցից հասկանալի դարձավ, որ մտադիր են այդպիսի փառատոները սարքել շարունակական:

Փառատոնի անմիջական կազմակերպիչներն էին Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու քաղաքապետը և մասնակից գյուղերի գյուղապետերը:

Վաղաշեն գյուղը առանձնացավ նրանով, որ տեղում իջեցրել էր թոնիրներ, և ուտեստների մեծ մասը տեղում էր պատրաստում ՝ թոնրի լավաշ, գաթա, խորոված և այլն: Վաղաշենի գյուղապետարանի աշխատող Լազր Հովհաննիսյանի զրույցից պարզ դարձավ, որ գյուղը Մարտունու քաղաքապետի կողմից ստացել էր երկու պատվոգիր՝ «Լավագույն սեղան» և «Ակտիվ մասնակից»: Իսկ վերջում գյուղապետը ավելացրեց. «Փորձել ենք պահպանել հայկական ավանդութները, գյուղին բնորոշ ավանդական ուտեստները պատրաստված մեր գյուղի կանանց տանջված ձեռքերով»:

Իսկ վերջում մի զավեշտ: Երբ մի կնոջ խնդրեցին հարցազրույց տալ մեդիային, նա պատասխանեց . «Ջրու վրեն կռվել էղներ՝ կռվի, բայց հարցազրույց՝ չէ»:

Emma Kosakyan

Ես սիրում եմ Տավուշը, իսկ դո՞ւ

Լուսանարը՝ Հայկ Ղարաբաղցյանի

Լուսանարը՝ Հայկ Ղարաբաղցյանի

Վերջին շրջանում Տավուշը նոր շունչ է ստացել: Հատկապես մեծ զարգացում է ապրում զբոսաշրջությունը: Վերջերս հաճախ եմ նկատում զբոսաշրջիկների տարբեր խմբեր՝ հետաքրքրված հայացքներով, ֆոտոապարատներով ու հաճախ մեր բարբառը չհասկացող դեմքերով:

Բայց ես ևս կարծում եմ, որ չքնաղ բնությունն ու հարուստ պատմությունը բավարար չէ զբոսաշրջիկներին դեպի Տավուշ ուղղորդելու համար: Պետք է այս ամենը կապել առաջադրվող ժամանակակից պայմաններին, իրագործել նաև նորարարական ու հետաքրքրաշարժ գաղափարները: Ուրախանալու առիթ հաստատ ունենք. ամեն ինչ հենց այդպես էլ արվում է:

Այս ամառ տեղադրվեց «I LOVE TAVUSH» վահանակը: Անսահման ուրախ եմ այս առիթով, արտերկրից եկած զբոսաշրջիկների համար ևս այն հասկանալի, հետաքրքիր ու գրավիչ կլինի: Մինչ այժմ տեղադրված էր հայերեն տարբերակը՝ Տավուշ, իսկ այժմ նրան միացավ նաև անգլերենը:

Զրուցեցի մտահաղացման հեղինակ և իրագործող Հայկ Ղուկասյանի հետ: Նա ասում է.

-Մտահաղացումն առաջացել է մի քանի օր առաջ: Շատ արագ էլ կազմակերպել ենք, ամեն ինչ հաշվարկել, իրականացրել: Ցանկանում ենք, որ Տավուշը լինի ավելի ճանաչելի, շատ բան կա անելու, որոշ բաներ կան փոխելու՝ մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը: Պետք է Տավուշը զբոսաշրջության կենտրոն դարձնել և զարգացնել։

Մեր նպատակը մեկն է. տեսնել ամուր, կրթված, բարոյապես ուժեղ սերունդ, որը վաղվա մեր ապագան է լինելու։ Մենք անելու ենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ` սահմանին ապրող բնակչի համար։ Սահմանը մեր բոլորի վերարկուն է. այն պետք է լինի ամուր: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ, անգամ չնչին լուման ներդնել այս հայրենանվեր և կարևոր գործին:

Հ.Գ. Դու դեռ չե՞ս նկարվել «I LOVE TAVUSH»-ի հետ: Միացիր #Tavush_Challenge-ին՝ նկարվիր «I LOVE TAVUSH» -ի հետ և մարտահրավեր նետիր քո ամենահամարձակ ընկերներին, որպեսզի նրանք ևս այցելեն Տավուշ և անմահացնեն պահը «I LOVE TAVUSH»- ի հետ: