Իմ գյուղը խորագրի արխիվներ

Հայկական սնիկերսները

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Օրն արևոտ էր, ու մայրիկս որոշեց վաղ աշնանը սկսած գործերը ավարտին հասցնել՝ ուշ աշնանը: Սուջուխի համար ամեն ինչ պատրաստ էր, ընկույզը վաղուց շարված էր թելերի վրա և սպասում էր արևոտ եղանակի:

-Հասմիկ, արագացրու, որ գաս ինձ օգնես,- պատուհանի մյուս կողմից ասաց մայրս:

Սուջուխի համար պետք է շփոթ պատրաստել:

-Թավան բեր` պեսոկը վառենք: Պահարանի վրա էլ համեմունքներ կան, դրանք էլ բեր:

Գնացի ու բերեցի բոլոր բաղադրիչները, շարեցի կողք-կողքի ու սկսեցինք:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Նախ «վառեցինք» շաքարավազը, հետո մի քիչ ջուր ու դոշաբ ավելացրինք: Մինչ ես խառնում էի այդ ամենը կրակի վրա, որպեսզի համասեռ զանգված դառնա, մայրիկս մեկ ուրիշ ամանի մեջ լցրեց նախ ալյուր, հետո էլի ջուր ու դոշաբ ավելացրեց: Երբ այդ խառնուրդները համասեռ դարձան, դրանք ևս խառնեցինք իրար ու դրեցինք կրակին: Սա երևի ամենադաժան փուլն է, որովհետև անընդհատ պիտի խառնես, որ «տակը չկպնի»: Բոլոր իրադարձությունները կատարվում էին տատիկիս հսկողության տակ: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր, սկսվում էր ամենազվարճալի պահը:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Ընկույզի շարքերը հերթով թաթախում ենք շփոթի մեջ (դա այն զագվածն է, որի պատրաստումը վերևում նկարագրեցի), հետո հանում ու կախում ենք պարանների վրա, որպեսզի չորանան: Քանի շփոթը տաք է, նույն բանն անում ենք մի քանի անգամ, հետո թողնում արևի տակ չորանալու:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Երեկոյան դասերս էի սովորում, մեկ էլ ժպիտը դեմքին ներս մտավ մեր բարեկամներից մեկն ու ասաց.

-Այ տնաշեններ, բը էնենց պանը կթողնե՞ն տուսը: Բը որ մեկը իկյը, ծեր հայկական սնիկերսները կյողնը:

Բոլորս ծիծաղում էինք, բայց գիշերը մայրս «սնիկերսները» ներս բերեց: Կամ աչքն էր վախեցել, կամ էլ դրսում շատ ցուրտ էր:

Inesa Zohrabyan aragacotn

Արտենին մեր տունն է

Եթե երկու-երեք տարի առաջ հարցնեիք, թե ինչն է ինձ հուզում իմ համայնքում, ես կպատասխանեի` «գրեթե ամեն բան», բայց հիմա այդ «ամեն բանը» փոխվել է «գրեթե ոչնչի»: 

Մեր գյուղը շատ խնդիրներ ուներ: Բայց հիմա այդ խնդիրներից քչերն են մնացել: Ի ՞նչ ունեինք մենք 2-3 տարի առաջ։ Ունեինք սովորական մի մշակույթի տուն, իսկ հիմա այդ մշակութի տուն տանող ճանապարհին գեղեցիկ «Ուրախ այգի» է կառուցված` «Արտենի» անվամբ փորագրված նստարաններով, շատ գեղեցիկ ծաղիկներով, ծառերով, նաև այս տարի տեղադրեցինք Արտենիի պատմությունը պատմող վահանակներ: Իսկ գիտեք ո՞վ դա արեց` մենք՝ համայնքի բնակիչերս, համագործակցելով այլ կազմակերպությունների ու գյուղապետարանի հետ: Մենք 2-3 տարի առաջ ընդհանրապես գյուղամիջյան փողոցներում չունեինք լուսավորություն, իսկ հիմա ունենք։ Ոչ լիովին, բայց կարևորը ունենք: Նախկին հիվանդանոցից մինչև նորը տանող ամբողջ ճանապարհը լուսավորված է, իսկ երկու փողոցների լուսավորման աշխատանքները շարունակվում են: Մենք ունենք գեղեցիկ մատուռ, որը բոլոր գյուղացիները այցելում էին, սակայն հետևողական չէին, աղտոտում էին, և այն շատ վատ վիճակում էր։ Մաքրեցինք, թարմացրինք, ներկեցինք տանիքը, նստարաններ դրեցինք:

Մեր դպրոցներում ակտիվ գործում է աշակերտական խորհուրդը։ Գյուղում իրականացվում է աղբահանություն, և շուտով նաև վահանականեր են տեղադրվելու աղբի վնասակարության մասին։ Ջրագծերի աշխատանքները ևս ավարտված են, շուտով նաև գազ կունենանք։

Մենք դեռ ավելի ենք զարգանալու, ավելի ենք շենացնելու մեր համայնքը, որովհետև այն մեր տունն է, մեր համընդհանուր տունը։

Մենք կարող ենք կերտել մեր երազած տունը, համայնքը, երկիրը:

hakob melqonyan

Կարմիրգյուղի պատմությունը

Կարմիրգյուղը նախկինում կոչվել է Ղուլալի, քանի որ որոշ ժամանակ եղել է քրդի գյուղ, իսկ 1940 թվականի հունիսի 1-ին, վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղը հարուստ է բազալտի և ավազահանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են: Նախկինում Կարմիրգյուղը Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ էր մտնում: Մարդկանց մեծ մասը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, քիչ մասն էլ՝ ձկնորսությամբ: Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Ղուլալի անունը կրող այս տարածքը, բայց ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել: Եղած նյութերով կարող եմ հիշատակել, որ ըստ ձեռագիր մի հիշատակարանի՝ 1664 թվականին գյուղը կոչվել է Ղուլալի. «Գրեցավ… Ի յերկիրս Գեղամա, ի գիւղս, որ կոչի Ղուլալի»: Գյուղի մասին ուրիշ վկայություն մեր մատենագրության մեջ չկա: Մեր գյուղում մի հուզիչ դեպք է եղել, որը լսել ենք մեր պապերից. Ղուլալիի՝ Կարմիրգյուղի բնակիչ Ջաղջբնի Բագոն իր սեփական ոչխարները պահում էր գյուղի լճափնյա գոմերում: Նրա հորեղբոր տղան՝ Մամիկոնը, Բագոյին հաց էր տանում, երբ դեռ գոմերը չհասած՝ Նավիխանի մոտ, հեռվից ոչխարի հոտ է տեսնում: Ենթադրելով, որ իրենցը կլինի՝ ձայն է տալիս.

-Բագո՜, Բագո՜, այդ դո՞ւ ես, հաց եմ բերել,- պարզվում է, դրանք Բաշքենդի (այժմ Գեղարքունիք) քուրդ հովիվներ էին: Մտածելով, որ այդ տղան Հովհաննեսի եղբայրը կլինի` ձայն են տալիս.

–Արի՜, արի՜, ես եմ, հացը բեր:

Մամիկոնն առանց կասկածի գնում է այնտեղ: Քրդերը, հարց ու փորձ անելով, իմանում են, որ նա Հովհաննեսի հորեղբոր տղան է: Տղայի գլուխը դնում են մի մեծ քարի վրա, ապա քարով ծեծելով սպանում են և դիակը տեղում թողնելով, հեռանում: Անցնում է երկու օր, Մամիկոնը տուն չի վերադառնում: Սկզբում ծնողները հանգիստ էին, ենթադրում էին, թե մնացել է գոմերում: Հետո սկսում են անհանգստանալ: Ազգ ու բարեկամ խառնվում են իրար, սկսում են փնտրել: Հասնելով Բաշքենդի հողերի սահմանը՝ գտնում են Մամիկոնի դիակը: Այդ մասին հայտնում են շրջանի ոստիկանությանը: Ոստիկանները քրդերից մեկին ձերբակալում են, իսկ մյուսը թաքնվում է: Նրան գտնելու համար Բաշքենդ են գնում Գրիգորն ու Մակարը: Ստուգում են շատ տներ ու գոմեր, սակայն քրդին չեն գտնում: Վերջին մարգն են ստուգում, դարձյալ չեն գտնում: Հուսահատված ուզում են դուրս գալ: Հանկարծ Գրիգորը նկատում է, որ շուռ տված կողովը շարժվում է, վրա է հասնում և դաշույնի հարվածով պատռում է քրդի փորը, և նա տեղն ու տեղը մահանում է:

Մեր գյուղն ունի շատ հին պատմություններ, և ցավոք՝ լի է եղել դաժանություններով…

Վահրամաբերդում էլ

Ուշ աշնանը նորից սկսվում են մեր գյուղատնտեսական աշխատանքները: Ամեն առավոտ գնում եմ դասի և դրանից հետո գալիս եմ իմ սիրելի գործին` կարտոֆիլ հավաքելուն: Ես շատ եմ սիրում այս գործը, որովհետև շատ ուրախ է անցնում բոլորի հետ:

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Մեզ մոտ` Վահրամաբերդում, ամեն անգամ կարտոֆիլ հավաքելիս պատրաստում ենք «կարտոֆիլով ֆուռ», և միասին նստում ենք և ուտում: Մենք կարտոֆիլը հավաքում, լցնում ենք դույլերի մեջ, հետո լցնում պարկերի մեջ, և ամբողջ կարտոֆիլը հավաքելուց հետո ավտոմեքենայով տանում ենք տուն: Հետո տեսակավորում ենք այդ կարտոֆիլը`մեծերը` առանձին, փոքրերը` առանձին, իսկ սերմացուն` առանձին, և այդ ամենը ավարտելուց հետո պահեստավորում ենք նկուղում:

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Ու այսպես ամեն աշուն:

Շուտով

Դե, ինչից սկսեմ: Գիտեք, արդեն աշուն է, ու գյուղացիների գործը մի փոքր շատացել է։ Գրեթե բոլոր գյուղերում բերքահավաք է։ Ամեն առավոտ, երբ դասի էի գնում, տեսնում էի, թե ինչպես են տատիկները վաղ արթնացել ու ընկույզ հավաքում, որ դպրոց գնացող երեխաները «չթռցնեն» դրանք։

Դպրոցից գալիս էի տուն, ու մեկ ժամ անց լսվում էր ընկուզենու թափահարվող ճյուղերի ձայնը։ Բոլորի այգիներում տան երիտասարդ տղամարդիկ կամ թոռները մի ճյուղից մյուսն էին ցատկում ու թափ տալիս ընկույզը։ Իսկ կանայք սրտի թրթիռով սպասում են, որ տղամարդիկ իջնեն ծառից ու անցնեն իրենց գործին։

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Հավաքում են ընկույզը ու կեղևազատում։ Այն ընկույզները, որոնք մանր են, կամ միջուկը սև է, տատիկները պահում են ձմռանը սուջուխ սարքելու, ինչպես նաև Նոր տարվա աղցանների մեջ օգտագործելու համար։ Եթե անգամ սուջուխ չեն պատրաստում, ընկույզը կեղևազատում են, դնում վառարանի վրա, հետո ուտում։ Կան մարդիկ, ովքեր վառարանի վրա դրած ընկույզը ուտում են աղի հետ:

Հետո տատիկները կշռում են ընկույզը ու սկսում «պոպոքի բիզնեսը»: Զանգում են իրենց մշտական հաճախորդներին ու վաճառում։

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Աշունը այն եղանակն է, որի ընթացքում բոլորը իրենց հեռախոսների միջի կորած համարներն են ման գալիս, որ զանգեն գնորդներին ու վաճառեն իրենց խնձորը։ Բայց այս տարի խնձորի «բիզնեսը» չստացվեց, որովհետև շուտ եկած ձյունը իր չար գործը արեց։

Բացի այդ, աշնանը տատիկները խառը թթու են դնում, որ խոր աշնանն ու ձմռանը չոր ուտելիքների հետ ուտեն։ Թթուն համեղ է այն ժամանակ, երբ ծաղկակաղամբը իր մեջ է քաշում բազուկի ողջ կարմրությունը:

Հիմա բոլորը մաքրել են իրենց այգիների տերևները, ինչպես ասում են դիլիջանցիները` «կյուտուկ»են արել և այրել։ Մի ամիս անց կգա նոր տարին, իսկ դա նշանակում է, որ «խոպանչիները» ևս կգան տուն…

Իսկ քեզ գտել ենք կաղամբի միջից

Վաղաշենում կաղամբի բերքահավաքն ավարտվում է:
Կաղամբը բանջարաբոստանային այն մշակաբույսերից է, որը մեծ աշխատանք է պահանջում: Մայիս ամսին ցանում են սերմերը և մեկ ամիս հետո ստանում սածիլներ: Սածիլները տնկում են արդեն իսկ սարքած մարգերի մեջ և դրան զուգահեռ ջրում: Կաղամբի վեգետացիան տևում է 4-5 ամիս, կախված տեսակից: Լինում են դեպքեր, երբ վեգետացիայի շրջանում որդերը և խխունջները խանգարում են աճին: Եվ այդ ամենից խուսափելու համար մեկ անգամ օգտագործում են թունաքիմիկատներ: 

Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում, բայց որպեսզի անակնկալ ձնից և ցրտահարությունից խուսափեն, ժամանակից մի փոքր շուտ են հավաքում` օրինակ, այս տարի մերոնք հավաքեցին հոկտեմբերի 25-ին:

Այդ բոլոր աշխատանքներից ամենահետաքրքիրը հավաքելու գործընթացն է, քանի որ օգնելու համար հավաքվում են հարազատները և միահամուռ ուժերով ավարտին հասցնում ամբողջ տարվա չարչարանքը: Հավաքելը այս տարի ավելի հետաքրքիր էր, քանի որ ես նոր էի դարձել 17.am-ի թղթակից, և պետք է ֆոտոներ անեի: Այդպես բոլորը աշխատում էին, իսկ ես հաճույքով նկարում էի նրանց կատարած աշխատանքը:

Հավաքելու ընթացքում անգործ մարդ չկա. մեկը կտրում է, մյուսները հավաքում, լցնում մեքենայի մեջ և բերում պահեստավորում, որպեսզի գնորդ գտնելու դեպքում վաճառեն:

Բայց այսքան չարչարանքներից հետո կաղամբի գինը շատ ցածր է` 40-50 դրամ, և հիասթափված գյուղացին շատ դեպքերում գերադասում է թափել, քան վաճառել: Եվ վերջապես կաղամբը այն եզակի կամ հումորային բույսերից է, որի հետ ասոցացնում են երեխաներին: Անձամբ ես, որ հիշում եմ, մայրս ասում էր. «Եղբորդ գնել ենք խանութից, իսկ քեզ կաղամբի միջից ենք գտել»: Ես միշտ կռվում էի, բայց երբ տեսնում էի կաղամբները, հավատում էի, քանի որ կաղամբի գլուխը այնպիսի տեսք ուներ, որ հնարավոր էր նրա միջից երեխա դուրս գար:

Հյուրասեր հացթուխները

Առավոտյան տանից մի պահ դուրս եկա և մոռացա տուն գալու մասին: Անուշ հացի բուրմունքը տարածվել էր փողոցով մեկ: Մեր հարևաններն էին հավաքվել հաց թխելու: Առաջին բանը, որ մտքիս եկավ` գնալ ֆոտո անել, զրուցել, ինչու չէ, նաև համեղ հացից հյուրասիրվել:

-Բարև ձեզ: Էս ի՞նչ լավ գործի եք:

-Բարով եկար, Սոնչկա ջան:

-Ես եկել եմ ձեզ նկարեմ:

-Վայ, աման, էս տեսքով, խայտառակ եղանք…

-Վայ, ի՞նչ եք ասում, հենց էս տեսքն ա համ ու հոտ տալիս ֆոտոներին: Ես «Մանանա» կենտրոնի թղթակից եմ, ու սենց ֆոտոշարքը շատ հավես նյութի հետ կտեղադրեն կայքում:

-Տո դե լավ է, նկարի… Ասա` ի՞նչ անեմ, ո՞նց անեմ:

-Դուք ձեր գործը շարունակեք` ես ընթացքը կնկարեմ:

-Է~, մեզ սենց հաց թխելուց էնքան են նկարել, հասցրել են մինչև Ավստրալիա: Համա` մենակ մենք չենք հասել:

-Հըլը էս հացից մի քիչ կեր, տաք-տաք: Տաթո,հըլը զանգի էն աղջկան` թող պադվալից նորմալ պանիր հանի բերի, բրդուճ անենք:

Թխում էին ու առանձնացնում հարևանների հացերը: Դե, դա սովորույթ է. եթե փողոցում մեկը հաց է թխում` հարևաններին գոնե երկու հաց տալիս է: Ես էլ բացառություն չէի. երեք հատ էլ ինձ բաժին հասավ:

Գյուղական համ ու հոտ

Դեռ նոյեմբեր ամիսն է, բայց ձմեռը արդեն հյուր է եկել մեզ: Այն զգացնել տվեց իր գալուստը դեռ հոկտեմբեր ամսվա կեսերից: Ձյունը եկավ, նորից հալվեց ու նորից արևը իր կենսաժպիտ շողերով ողջունեց մեզ: Գյուղացիները դեռ չէին վերջացրել ձմռանը պատրաստվելու աշխատանքները, ուստի բոլորը նորից անցան աշխատանքի, քանի աշունը մի նոր անակնկալ չէր մատուցել: 

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամբողջ օրը լսվում է «դրուժբայի» ձայնն, ու ամեն անգամ այդ ձայնը լսելիս հասկանում եմ, որ ձմեռը մոտենում է: Գյուղացիները իրենց փայտն են կտրում, որ ձմռանը կարողանան ջեռուցել իրենց տները: Մի կողմից էլ` կացնի ձայնն է լսվում, որը սկսում է իր գործը կատարել «դրուժբայից» հետո:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այնուհետև սկսում են փայտերը դասավորել: Սկսվում է նաև ձմռան պաշար հավաքելու գործընթացը: Երբ տատիկս ինձ ասում է.

-Սոնա’, մի քինա էն ճղոպուրի տակը վհաքի,- ես հասկանում եմ, որ արդեն հոկտեմբեր է: Հոկտեմբեր ամսվա գլխավոր ընդեղենը դա ճղոպուրն է`ընկույզը: Շատ հեշտ կարելի է գուշակել, թե երբ է ընկույզի սեզոնը: Երբ մեծ ու փոքրի ձեռքերը ամբողջովին սևացել են, ուրեմն սեզոնը սկսված է:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ընկույզը բերում ենք տուն, մաքրում, ապա դնում արևի տակ, որ չորանա, քանի որ սկզբում այն թաց է լինում: Այնուհետև տատիկս անցնում է ընկույզը կոտրելու և միջուկը մաքրելու գործին.

-Էս մաքրածս լրցրեք մի տոպրակի մեջին, տիրեք մի տեղ, վեր ղարկեմ Սեյրանիս, հեսա մի տոպրակ էլ մաքրեմ, էտ ալ կղարկենք Սվետիս:

-Տատ, անընդհատ մաքրում ես, աչքերդ չի՞ ցավում:

-Բալա, հինչ անեմ ցավըմա, բա խոխորցս մհար չմաքրե՞մ:

Ու առավոտից երեկո տատիկս այդ գործով է զբաղված:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ընկույզից սուջուխ էլ ենք պատրաստում, որը Նոր տարվա «չարազի» սեղանի գլխավոր զարդն է: Սուջուխ պատրաստելու համար ընկույզները շարում են թելերի վրա, այնուհետև պատրաստում են թանձր զանգված, որտեղ օգտագործվում են ալյուր, դոշաբ, շաքարավազ, ջուր, մեխակ և դարչին: Ընկույզով շարված թելերը մտցնում են այդ թանձր զանգվածի մեջ, այնուհետև կախում են, որ չորանա: Չորանալուց հետո ստացվում է սուջուխը: Սիրում եմ տատիկիս ու մայրիկիս հետ սուջուխ պատրաստել:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այսօր մայրիկիս հետ որոշեցինք գինի պատրաստել ձմռան համար: Դե իհարկե, մեր այգու համեղ խաղողից: Սկսեցինք խաղողը մաքրել, լվանալ, այնուհետև ճզմել, որ հյութը դուրս գա: Այդ ամենից հետո խաղողահյութը դրեցինք, որ թթվի ու դառնա գինի: Ամեն հոկտեմբերի գինի ենք պատրաստում, ու ամեն անգամ այդ գինին խմելիս եղբայրս ասում է.

-Մամ, էս գինի՞ ա: Ոնց որ սոկ լինի:

Բայց դե գինի է, ուղղակի ինչպես հայրիկս է ասում, «գրադուսը քիչ ա»: Այս տարի էլ կպարծենամ, որ գինին ես եմ պատրաստել…

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այս պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ, բարդ աշխատանքները գյուղացու առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Գյուղացին իր արդար աշխատանքով է ապրում` իր մի կտոր վաստակած հացը ուրիշների հետ կիսելով: Իսկ գյուղական աշխատանքները շատ հաճելի են ու հետաքրքիր: Եթե հետաքրքրեց ուրեմն այցելեք մեզ: Հասցե` Սյունիքի մարզ, դրախտային Դարբաս: