Իմ գյուղը խորագրի արխիվներ

Laura Yesayan

Ընկուզենին

Պապս 70 տարեկան է: 70 տարիների մեծ մասն անցկացրել է պատերազմների թոհուբոհի մեջ, մնացած մասը՝ ընտանիքի հետ կամ այլ երկրում՝ փող վաստակելու նպատակով: Արտաքնապես պապս խիստ է, բայց այդ խիստ հայացքի տակ թաքնված է փխրուն ու բարի սիրտ՝ լցված ջերմությամբ իր ընտանիքի և մանավանդ՝ իր բույսերի նկատմամբ:

Պապս լուռ հոգ է տանում իր այգու մասին՝ խնամքով ազատում այն ավելորդ մոլախոտերից ու միջատներից (Փոքրիկ իշխանի նման)։ Ծառերը խոսում են պապի հետ, լցվում ջերմությամբ, բողբոջ տալիս և վերջապես ծաղկում։

Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ուրախ, զվարթ մի ծառի տունկ էր բերել՝ իր սիրելի ընկուզենին էր։ Տնկեցինք միասին ու խոստացավ, որ հենց պտուղ տա, առաջինը ես եմ փորձելու: Նա ամեն օր ջրում էր «փոքրիկին», խոսում հետը և փխրեցնում հողը։ Ահա եկավ նրա շատ սպասված գարունը, բայց դժբախտաբար ծառը պտուղ չտվեց, ինչպես և դրան հաջորդող մի քանի տարիներին։ Պապս երեխայի պես նեղացավ, անգամ փորձեց ծառը կտրել, բայց հետո թուլացավ բարկությունը, և նա էլի շարունակեց խնամել իր «սիրելիին»։

Ծառը գտնվում է անմիջապես իմ պատուհանի դիմաց, և այս երկու ամսիների ընթացքում ես տեսնում էի նրա մեծանալու փուլերը, նկարում էի և ցույց տալիս պապիկին, թե ինչ ֆոտոգենիկ է իր սիրելի ընկուզենին և թե ինչքան է մեծացել այդ փոքրիկը։ Իսկ պապս ինչպես միշտ ուրախանում է և սիրտը ողողում երջանկությամբ:

Այսօր ծառը վերջապես բողբողջ է տվել, և հավանաբար պտուղ կտա այս տարի։

Ես վազեմ պապիկին պատմեմ, իսկ դուք սիրեք և հոգ տարեք ձեր ծառի մասին և երբեք թույլ մի տվեք նրան զրկվել իր պտուղներից:

elita balyan

Պապս ու աղբյուրի սառը ջուրը

Արդեն մայիս ամիսն է, ու պատշգամբից նայելով կարող ենք վերջապես զգալ գարնան շունչը։ Մարդիկ արդեն սկսել են այգիներում աշխատել ու մշակել իրենց հողը։ Ե՛վ մշակում են, և՛ սիրով սպասում երախայրիքին։ Տատս ու պապս արդեն մեծ են, բայց միշտ եռանդով են աշխատում այգում, ամեն մի սերմի հատիկը սիրով են գցում հողի մեջ ու ասում՝ եթե սիրով չանես, երբեք բերք չի տա։ Պապս միշտ պատմում է, որ երբ եկան այստեղ` Կալավան, բնակություն հաստատելու, վերցրին գյուղի առաջին տունը, որը ոչ ոք չէր համարձակվել վերցնել՝ մտածելով, որ թշնամու հարձակվելու դեպքում չեն կարողանա փախչել։ Պապս ու նրա հայրը տան կիսախարխուլ պատերից տուն են շինել ու բնակվել իրենց թոռներով ու ծոռներով։

Տարիներ են անցել, բայց պապս իր սովորությանը վերջ չի տվել։ Ամեն անգամ այգի գնալիս մոռանում է հետը ջուր տանել, ու երբ ուզում է հագեցնել ծարավը, կանչում է ինձ ու աղբյուրի սառը ջուր ուզում։

Ես տրտնջալով վերցնում եմ շիշը, մաքուր լվանում այն, լցնում աղբյուրի սառը ջրով ու տանում պապիս։ Երբ մի կուշտ խմում է, բաց եմ անում իմ անծայրածիր հարցերի շարանը։

-Պապի, բա էն ժամանակ, որ նոր էիք եկել, էլի՞ էսքան շատ էիք մշակում։

-Հա, բա ինչ էինք անում, բալես, սա ինչ ա վեր, տենում ես՝ էն կետի ղրաղովն մին քյալամ ինք անում, կարտոշկա, էնքան լյավ բերք էր տալիս։

20200502_124555

-Պապի, բա էդքան բերքն ի՞նչ էիք անում։

-Է՜ բալես, քաղաքից կյալիս ին մեր բարեկամները, ամենալյավը լցնում ինք, որ տանեն իրանք էլ ծմեռը յոլա քյան։ Կարտոշկեն հատ-հատ ճոկում ինք, բաժանում մասերի ու ամենակուճուրից սկսում ինք ուտիլը, իսկ մեծը տալիս ինք բարեկամներին,- շարունակեց պապս։

-Պապի, բա դուք էիք էդ ամեն ինչը մշակում ու չարչարվում, ինչի՞ փոքրից բարեկամներին բաժին չէիք տալիս։

-Է՜ բալես, դե էն ժամանակ տհենց ա եղել։

Պապս և՛ պատմում էր, և՛ աշխատում, ու երբ հոգնում էր, նստում ու աղբյուրի սառը ջուր էր խմում։

IMG-47e99b9c794c82907ea34df6db4ea8bb-V

Հիմա սիրով եմ պատմում իմ ու պապիս զրույցները, նաև սիրով եմ պատմում, թե ամեն անգամ ինչպես եմ տրտնջալով ջուր տարել պապիս համար։ Ու հիմա, երբ ավարտեմ դպրոցս ու գնամ քաղաք՝ սովորելու, կարոտելու եմ պապիս, նրա զրույցներն ու իմ անթիվ ու անհամար հարցերը։ Կարոտելու եմ նաև, թե ոնց էի ամեն անգամ տրտնջում, երբ պապս ինձ էր կանչում ու աղբյուրի սառը ջուր ուզում։

janna sargsyan lori

Մենք՝ գյուղում ապրողներս

Առավոտ՝ ժամը՝ 6:25, եթե մտածում եք՝ անքնությամբ եմ տառապում, սխալվում եք։ Մինչ դուք ձեր զարթուցիչներն եք ջարդում, որպեսզի չզանգի ու մի քիչ շատ քնեք, մենք՝ գյուղում ապրողներս, առանց զարթուցիչի ու անգամ առանց աքլորի կանչի արթնանում ենք (դե, աքլորը մի քիչ ալարկոտ է)։

Արթնանում ենք՝ շատ երազներ կիսատ թողնելով ու էլ երբեք այդ երազներին չվերադառնալով։ Արթնանում ենք ու անցնում մեր առօրյա գործերին։

Եթե դուք բողոքում եք, օրինակ, օֆիսային աշխատանքից, դե, որ առավելագույնը աշխատում եք 10 ժամ, իսկ հանգստյան օրերը միայն շաբաթ և կիրակին է, մեզ` գյուղում ապրողներիս համար աշխատանքը տևում է 12 ժամից ավել՝ առանց շաբաթ-կիրակիների։

Մենք` գյուղում ապրողներս, դեռ փոքր տարիքից արժևորում ենք գումարն ու մեծ դժվարությամբ աշխատում ամեն մի լուման, բայց երբեք չենք կուրանում դրա փայլից ու մարդկանց ցած գլորելով չենք հասնում դրան (բացառություններ լինում են):

Մեզ` գյուղում ապրողներիս համար անընդհատ սրճարաններ այցելելը մի քիչ ճոխություն է, բայց եկեք փաստենք, որ առավոտյան հարևաններով հավաքվելն ու մի բաժակ սուրճ խմելը ամենահաճելիներից է։

Մենք` գյուղում ապրողներս սնունդ պատվիրելու հնարավորություն էլ չունենք, նախընտրում ենք ինքներս պատրաստել, իսկ գումարը պահել նեղ օրվա համար։

Մեր` գյուղում ապրողներիս գրադարանների գրքերն էլ արդեն գիտեն, որ իրենց էջերը թերթվելու են միայն ձմռան ամիսներին, որոշները անգամ չեն էլ հասցնում թերթվել։

Մենք` գյուղում ապրողներս, ամեն օր կռիվ ենք տալիս հողի հետ, հայտնի վեպում ասվում է` «վերևից գլխիդ ինչ էլ որ թափվի, չպիտի բողոքես», բայց ամեն անգամ վերևից կարկուտի մի հատիկը հենց մեր սրտին է դիպչում, հետո անզորությունն ու անկարողությունը կոտրում են մեր թևերը։

Մեզ` գյուղում ապրողներիս համար հնարավորությունների սահմանափակում կա, բայց ամբողջ ընթացքում ես հասկացել եմ ու գիտեմ, որ սահմանափակ հնարավորություններով կարելի է անսահման լավ բաներ անել, որ խնդիրներին կարելի է նայել որպես ռեսուրս։ Դե, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, գյուղում ապրող ու արարող մարդիկ։

 

elita balyan

Կյանքը կորոնավիրուսի ժամանակ

Ողջույն։ Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Ուզում եմ քեզ պատմել, թե ինչպես էր կյանքը ընթանում Կալավանում մինչև covid-19-ի ի հայտ գալը։

Ճիշտն ասած՝ այնտեղ, որտեղ ապրում եմ, փողոցներում շատ մարդիկ չկան, ու մեքենաների ազդանշաններ էլ հաճախ չես լսի։ Իմ գյուղը՝ Կալավանը, զբոսաշրջության գոտի է, ու ամռան ամիսներին այստեղ են գալիս օտարերկրացի հյուրեր։ Գյուղի բնակիչները հյուրատներ են կառուցել, ու մեր օտարերկրացի բարեկամներին հյուրընկալում են։ Մենք բոլորս մեծ սիրով ենք սպասում նրանց գալուն ու հատկապես սպասում ենք ամռան գալուն, որ կազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ։

Գյուղում կա մեկ դպրոց, ու դպրոցն ունի ընդամենը տասնինը աշակերտ։ Հա, մի զարմացիր, ես էլ այս տարվա միակ շրջանավարտն եմ, որը բոլորի պես սրտի թրթիռով էր սպասում վերջին զանգին։ Մնացած բոլոր տարիների վերջին զանգերին ես ունեցել եմ իմ մասնակցությունը ու միշտ անհամբեր սպասել եմ, թե երբ է իմը լինելու։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, արդեն սկսել էի վերջին զանգիս սցենարի վրա աշխատել ու մտովի ամեն ինչ պատկերացնում էի՝ անգամ դահլիճի զարդարանքը։

Կյանքը այստեղ՝ Կալավանում, ուրիշ էր, մենք երբեք դասերից հետո տանը չէինք լինում, միշտ հավաքվում ու կազմակերպում էինք հետաքրքիր խաղեր՝ լցնելով գյուղի ամեն մի անկյունը մեր ճիչերով։ Փոքրիկ Կալավանը ունի իր փոքր բասկետբոլի թիմը։ Մի քանի ամիս առաջ էր, երբ խնդրեցինք ուսուցչուհուն մեզ տանել հարակից գյուղերից մեկի թիմի հետ խաղալու ու հաղթանակած վերադարձանք։

Այժմ ես քեզ կպատմեմ, թե ինչպես մեր կյանքը փոխվեց մի քանի օրվա մեջ։ Երբ արգելեցին տներից դուրս գալ, մարդիկ մեկուսացան ու փակեցին տան դռները։ Դռները փակելը Կալավանում մի փոքր հարաբերական է. մարդիկ չեն շփվում միմյանց հետ, բայց դուրս են գալիս բակ, զբոսնում, մշակում այգին։ Գյուղում ավելի հեշտ է իրականացնել մեկուսացումը, քան քաղաքում։ Մոռացա նշել, որ գյուղում խանութ չկա, ու մարդիկ գնումներ կատարելու համար պետք է յոթ կիլոմետր ճանապարհ կտրեն, որ մի ամսվա կամ մի շաբաթվա համար ուտելու բան գնեն։ Բացի այդ՝ աշխատատեղ չկա, ու գյուղացիները հիմնականում ամռան ամիսներին են կարողանում գումար աշխատել։ Հիմա, երբ վիճակը ծայրաստիճան ծանր է, հույս էլ չունեն, որ ամռանը աշխատանք կլինի։

Երբ վիրուսի պատճառով դասերը դարձան օնլայն, մենք յուրաքանչյուր ուսուցչի հետ կազմեցինք մեր գրաֆիկը ու առանց ժամանակ կորցնելու՝ սկսեցինք դասերը։ Ես՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի, անհամբեր եմ սպասում ուսուցիչների զանգերին։ Ու ամենից անհամբեր սպասում էի կրթության և գիտության նախարարի որոշմանը, թե ինչպես են անցկացվելու ավարտական ու ընդունելության քննությունները։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երբ օնլայն դասերն ու մի գլուխ տնայիններն արդեն արել ես, տանեցիների նյարդերի վրա ազդել ես ու սոցցանցերից արդեն հոգնել ես, էլ բան չի մնում անելու։ Ուղղակի հոգնել եմ, հոգնել եմ ուղղակի հոգնելուց, հոգնել եմ անվերջ անիմաստ ու իմաստալից բաների մասին մտածելուց, իրոք, էլ բան չի մնացել անելու։ Անգամ դրսում եղանակը ուղղակի զզվելի է, չես կարող գոնե դուրս գալ ու վայելել արևը։

Տան չորս պատերը դարձել են ձանձրալի ու հոգնեցուցիչ։ Տպավորություն է, թե թռչունին գցել են վանդակի մեջ, չեն թողնում թևերը բացի ու թևածի կապույտ ու սիրուն երկնքում։ Ես, դու, նա, մենք բոլորս ենք հիմա ազատություն ուզում։

Գիտեմ, որ աշխարհում ավելի վատ բաներ էլ են լինում, գիտեմ, որ սա էլ դժվարություն է, որ պետք է հաղթահարենք միասին։

Վստահ եմ, որ մի օր էլի ուրախ ժպիտով տանից դուրս ենք գալու ու տեսնելու ենք մեր ընկերներին։ Մնանք տանը ու ինքներս մեզ հետ պայքար տալով՝ հաղթենք վաղվա արևոտ ու լուսավոր օրվա համար։

gayane stepanyan syunik

Ապրիլյան ձյունը Շամբում

Շամբի կլիման մեղմ է, սակայն ձյունը մեր բնակավայրը չշրջանցեց։

Համագյուղացիներից շատերն են տուժել։ Առավել հանգամանալից պարզաբանելու համար զրուցեցի տատիս հետ։

-Տատ, ձյուն հաճա՞խ է տեղում այս բնակավայրում։ Ձմռան ո՞ր ամիսն է առավել ձնառատ։

-Ոչ, հաճախ չի տեղում։ Ձմռան ամիսներից փետրվարն է առավել ձնառատ։

-Գարնան այս ամսին տեղած ձյունը մեր այգուն մե՞ծ վնաս է պատճառել։

-Այո, ծիրանենու բողբոջները ցրտահարվել են, և ոչ միայն ծիրանենու։ Ցրտահարվել են նաև սալորենու, ընկուզենու և շատ-շատ այլ պտղատու ծառերի բողբոջներ։ Ընդհանուր վնասը կազմում է համարյա ամբողջ այգու 80%-ը։

-Այգու բերքը հաճա՞խ է ցրտահարվում։ Մոտավոր քանի՞ տարին մեկ։

-Կլիման մեղմ է, սակայն 3 տարի անընդմեջ՝ ընկույզը, 2 տարի անընդմեջ ծիրանը ցրտահարվում են։ Մյուսները էլի ցրտահարվում են, բայց ոչ այդքան հաճախ։

-Ամենաթույլ բողբոջները ո՞ր ծառինն են։

-Ընկույզի բողբոջները։

-Իսկ միայն մրգերի՞ն է վնասել այս ապրիլյան ձյունը:

-Ոչ, խոշոր եղջերավոր անասունների մսուրային շրջանը երկարել է, անասունները պակաս են կաթ տալիս, հավերն էլ՝ պակաս ձու։

20200424_192307

-Հաճա՞խ ես հետևում եղանակի տեսությանը։

-Անպայման։

-Մայիսը դեռ առջևում է, ի՞նչ ես կարծում՝ մայիս ամսին ձյուն կգա՞։

-Իմ կարծիքով՝ վտանգ դեռ կա մինչև մայիսի կեսերը։

-Ինչի՞ հետ ես կապում այս ապրիլյան ձյունը։

-Բնության պատիժն է մարդկությանը։ Աստված նույնպես բարկացած է։

-Բանջարեղենին վնաս տվե՞լ է։

-Հետաձգում են վարը, պատճառը վախն է։

20200424_193011

anna vardanyan

Կարծրատիպերի մասին

Գյուղում ապրելիս շատ ես հանդիպում կարծրատիպերի և սահմանափակ մտածելակերպի։ «Կարծրատիպ» և «սահմանափակ մտածելակերպ» ասվածը շատ լայն իմաստ ունի, առաջ թվում էր, որ 21-րդ դարում դժվար թե մարդիկ սահմանափակ մտածեն։ Ես բնակվում եմ Արտենի գյուղում, որտեղ ականատես էի լինում մարդկանց այնպիսի մտածելակերպի, որը ինձ համար խորթ էր (հիմա արդեն կարելի է ասել՝ սովորական է դարձել)։

Գյուղը բաժանվում է մի քանի մասի՝ մարդիկ, ովքեր հատուկ նստած են որևէ վայրում մեկին քննադատելու նպատակով, մարդիկ, ովքեր արժանանում են քննադատության և մարդիկ, որոնց չեն հետաքրքրում մյուսների առօրյան և կյանքը (այսինքն՝ նորմալ մարդիկ)։

Սահմանափակ ասելով՝ նկատի ունեմ այն մտածելակերպը, որը բացի ուրիշի շարժ ու ձևին նայելուց ու քննադատական խոսքեր ասելուց՝ ուրիշ բան չի մտածում։ Գյուղում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, սեմինար-հանդիպումներ, որոնց մասնակցում են դպրոցահասակները։ Այդպիսի սեմինարներին միշտ լինում են ամենաշատը երկու տղա, նրանց մասնակցությունը այդպիսի բաների շատ պասիվ է։ Մենք ապրում ենք գյուղում և այնպիսի մարդկանց կողքին, ովքեր իրենց սահմանափակության պատճառով մեզ են վնասում և հետ պահում շատ ավելի քայլերից ու ծրագրերից, որոնց կարիքը իրոք ունենք։ Չնայած՝ ունենք այնպիսի մարդիկ, որոնք չեն կարևորում այդ մարդկանց ասածը և կարծիքը, իմ կարծիքով՝ դա ամենաճիշտ մտածելակերպն է։

Կարծրատիպեր, սրանք քարացած և կարծրացածներն են։ Տարբեր կարծրատիպերի պատճառով մենք տուժում և հետ ենք մնում այն ամեն ինչից, ինչը մերն է։

Կարծրատիպ կա, որ աղջիկը արևային ակնոցով գյուղում ուղղակի չի կարող պտտվել, կարծրատիպ ստեղծողները կասեն․

-Հլը նայի, ակնոցները դրել աչքերին՝ ազատ գյուղի մեջ ման ա գալիս…

Շատ եմ խոսել իմ տարիքի ընկերների հետ, շատ են հիմնանանում աղջիկները, որոնք իրոք կարծրատիպի «զոհեր» են եղել։ Էդ կարծրատիպ կոչվածները հիմնականում աղջիկներին են վերաբերում ու հատկապես նրանց, ովքեր ազատ ել ու մուտ են ունենում, օրինակ՝ գյուղի Մշակույթի տուն։ Գուցե գրածներս չհասկանաք, որովհետև հնարավոր է դուք այդպիսի միջավայրում չեք ապրում։

Բայց եկեք հանրության կարծիքներին ու քննադատություններին այսուհետ շատ տեղիք չտանք, անենք այն, ինչը մեզ համար օգտակար և նպաստավոր է, և վերջապես, կորտրենք այն կարծրատիպը, որը արդեն շա՜տ տարիների մի մասնիկն է դարձել։ Գուցե սա էլ է փորձություն ինչ-որ բան հաղթահարելու և մերը, նորը ու լավը ստեղծելու համար։ Մենք ապրում ենք այնպիսի երկրում և մոլորակում, որը մեզ համար բավարար պայմաններ է ստեղծել առաջ նայելու և չվհատվելու։ Այսուհետ ո՛չ կարծրատիպերին և սահմանափակ մտածելակերպին։