Իմ էջը խորագրի արխիվներ

Հազարմեկերորդ անգամ

Պատահում է, չէ՞, որ նույն ճանապարհով անցնում ես հազար անգամ, ու կարծես ամեն ինչ սովորական է, կարծես ոչինչ չի փոխվում այդ փողոցներում: Մեկ էլ, հոպ, ու հազարմեկերորդ անգամ անցնում ես ու ամեն ինչ լրիվ այլ կերպ ընկալում, կարծես այդ ճանապարհը իր ճամփից թեքված, ուրիշ ուղով գնացած լինի: 

Այս ճանապարհը շատ աշուններ է տեսել, ու շատ աշնանային օրեր եմ ես անցել այդ ճանապարհով, բայց այս անգամ ուրիշ է, ես համոզված եմ: Պարզապես ուզում եմ, որ բոլոր աշուններն էլ լինեն այնքան գեղեցիկ, որքան այս մեկն է…

Artyom Avetisyan

Մսյո Ջեկը

Կիրակի օր էր, լեցուն իր անհաջողություններով և տխրությամբ: Ինչո՞ւ եմ ասում` անհաջող և տխուր, որովհետև այդ օրը ճակատագրական եղավ իմ հավատարիմ ընկերոջ՝ Ջեկի համար: Ջեկը իմ շունն է՝ հավատարիմ, հասկացող, հպարտ ու խորհրդավոր, ինչու ոչ, նաև բարի: Բայց միաժամանակ Ջեկը կարող է լինել գազազած, ոմանց համար` թշնամի և սարսափ, իսկ դա այն դեպքերում, երբ նրան վնաս են պատճառում, վատ են վերաբերվում և նման այլ դեպքերում: Հենց դա է պատճառը, որ նրան անվանում եմ Մսյո Ջեկ: Երբ նայում ես նրա աչքերին, կարծես թե լցված են թախիծով, տխրությամբ և այլ դառնություններով, որովհետև շունը մտածում է, որ ցանկացած պահի կարող ես իրեն ցավ պատճառել: Ջեկը օժտված է լավ հիշողությամբ, և հիշում է, թե ով է իրեն վատ վերաբերվել ու նույն կերպ է վարվում նրանց հետ:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Ջեկը ունի նաև ընկեր` Բարոնը, որը համեմատած Ջեկի հետ, շատ տաքարյուն է և հարձակվում է ցանկացածի վրա: Նա ունի իր զոհին բռնելու խորամանկությունները: Բարոնը թաքնվում է թփերի, արտերի, առվակների, ջրատար խողովակների մեջ և անակնկալի է բերում թե՛ իր զոհին, թե՛ անցորդներին, և դժվարությամբ է նրանց բաց թողնում, քանի դեռ ես կամ ընտանիքիս մյուս անդամները չենք միջամտել:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Երբ ես ձայն եմ տալիս` Մսյո Ջեկ, Բարոնը բաց չի թողնում առիթը և Ջեկի հետ մոտենում է ինձ: Բայց ասեմ, որ ես ավելի շատը սիրում եմ Ջեկին, որովհետև կարծես թե կյանք տեսած ծեր մարդու հոգի ունենա, որովհետև ցավ տեսած և ապրած կենդանի է, որովհետև նա ավելի հասկացող է: Ինչու ասացի` ցավ տեսած և ապրած, որովհետև հենց այդ կիրակի օրն էր, որ նա հազիվ փրկվեց մահի ճիրաններից:

Այդ օրը նա վրաերթի ենթարկվեց: Երբ մեքենան հարվածեց Ջեկին, նա լացելով և նվնվալով մտավ անտառ ու մինչև հինգշաբթի օրը ո՛չ նրանից լուր ունեի, ո՛չ էլ նրան տեսա: Ջեկը անհետացել էր: Շրջապատումս բոլորն ասում էին, որ հնարավոր է` նա սատկել է: Ճիշտ է, ես առաջին երկու օրը հույսս չէի կորցնում, որ Ջեկը կվերադառնա, բայց երրորդ օրը դա էլ մարեց:

Եկավ հինգշաբթի օրը, երբ դասերից հոգնած և տխուր վերադառնում էի տուն, մտքում հիշելով, որ Ջեկը սովորաբար ուրախ հաչոցով ինձ դիմավորում էր, հանկարծակիի եկա, երբ տեսա Ջեկին: Նա վազելով փաթաթվեց ոտքերիս: Ես բոլորին հայտնում էի այդ լուրը, բայց ոչ մեկն ինձ չէր հավատում:

Ջեկը տուն էր վերադարձել ողջ, բայց այդքան էլ առողջ չէր, որովհետև այդպիսի ուժեղ հարվածից հետո հավանաբար նրա ծնոտը վնասվել էր: Խեղճ Ջեկ, վիրավոր ու սոված քանի օր էր մենակ մնացել անտառում: Ես նրան այնքան կերակրեցի, որ դարձել էր գնդլիկ բոքոնիկ և այլևս չէր կարողանում ուտել հավելյալ կերը:

Ջեկն սկսեց ցատկոտել և խաղալ Բարոնի հետ: Բարոնը ինձնից ավելի շատ էր ուրախացել:

Ասեմ, որ Ջեկի բացակայության ժամանակ Բարոնը դռան մոտից չէր շարժվում, ոչ մեկի վրա չէր հարձակվում և շատ քիչ էր ուտում իր բաժին կերը: Թեև Բարոնը բակում էր, բայց այնքան տխուր էր, որ չէր հսկում, և անցորդների համար այդ մի քանի օրը մեր բակով անցնելը դարձել էր խաղուպարի նման մի բան:

Մսյո Ջեկը վերադարձել է, և այժմ բոլորս շատ ուրախ ենք և շատ հոգատար ենք վերաբերվում թե՛ Ջեկին, թե՛ Բարոնին:

emanina manukyan

Գիշերային ընթերցանություն

Ու էլի մայրիկի ձայնը խանգարեց ինձ, արթնացրեց ու արդեն իր` «Եկ այստեղ, հերի՜ք է քնես» խոսքերը ինքնաբերաբար տարան ինձ խոհանոց։ Ես ուղղակի կմահանամ, եթե նորից ինքն ինձ գործի դնի։

Ախր, աչքերս չեն բացվում, միտքս իր տեղը չի ընկնում, ու իրոք չեմ կարող նրան բացատրել, որ անցած ամբողջ գիշեր աչքս մեկ վայրկյան չեմ փակել, թե չէ կմատնվեմ։ Հա, մինչև լուսաբաց: Բայց մեկ է, ես արդեն հասել եմ իմ նպատակին, ու հետագա իրադարձությունները արդեն էլ կարևոր չեն։ Էհ՜, մայրիկ, դու չես իմանա, թե ինչ է եղել երեկ…

Երեկ՝ անժամկետ երկարացված, անհիշելի թվերով կազմված այն օրերից մեկն էր, երբ առավոտյան զարթնում ես, ու չնայելով քո անձի թողնել-չթողնելուն, սիրտդ ինքնին թելադրում է քեզ, թե ինչ պետք է անես այդ ամբողջ օրը: Ես վեր եմ կենում մի ահռելի մեծ ցանկությամբ։ Ցանկությամբ, ոչ թե պարզապես լցնել սիրտս, այլ այնքան լցնել, որ չտեղավորվի, թափվի, քաոս առաջացնի, և ի վերջո, մի բան փոփոխի․․․ Ու իմ սիրտը լցրեց այն՝ ինձ վաղուց դեպի իրեն ձգող, հիսուն գլուխ ունեցող, հոգիս արդեն շատ անգամ գերած կազմով այ, էն գիրքը։ Բայց ամենամեծ հիասթափությունն այն էր, որ ոչ մի կերպ, ոչ մի տեղից այդ գիրքը գտնել հնարավոր չէր։

-Էմ, էս ինչո՞ւ է աչքերդ արյուն լցված, բա աչքերիդ տակի սև շրջաննե՞րը։ Դու քեզ հայելու մեջ տեսե՞լ ես։

-Հա, մամ, երևի ալերգիա է, չգիտեմ։

Դե հա, Շերլոկ մայրիկին խաբել հնարավոր չէր, բայց մի ձև պլստացի, որովհետև ուղղակի այս անգամ նա շատ զբաղված էր ապուր պատրաստելով։

Իսկ իմ մեջ դեռ էդ գրքի ազդեցությունն էր։ Հիշողությունը կարդացածիս մասին։ Կարդացածս` անկոտրուն կամքի, ազատության տենչանքի ու երազանքների մասին։ Կարդացի ու հասկացա, ու անգամ մի պահ  չմտածեցի, որ այդ «պատմությունը գրվել էր, որպեսզի ցույց տար, որ բոլոր պրոբլեմների լուծումը, դա չքվելն է։ Կորելը, կորչելը, ինքդ քո մեջ, քեզնից դուրս»։

Լուծումները շատ են, բազմաթիվ, ուղղակի պետք է չմոռանալ օգտագործել «պլյուսները» ու առավել ևս «մինուսները»։

Ու, քանի որ երեկ նպատակ էի դրել ամեն կերպ լցվել հենց դրանով՝ էդ գրքով, անգամ դեմ ելնելով իմ սկզբունքներին, ես վերցրեցի հեռախոսս ու սկսեցի կարդալ։ Մոռացության տալով մայրիկի ասածը, որ հեռախոսը վնասակար է աչքերի համար, ես կարդում էի: Ու կարդացի. «Մի մտածեք, որ այս պատմությունը գրելով ցանկացել եմ ցույց տալ, որ»… Ու  մայրիկս անսպասելի ձայն է տալիս ինձ՝ իրեն օգնելու։ Միշտ, միշտ մայրիկը խանգարում է։ Ու ամենադաժանը այստեղ այն էր, որ մայրիկի հանձնարարած ոչ մի աշխատանք լիարժեք չէի կատարում, քանի որ մտքերս ամբողջովին գրքի մասին էին։ Ու ամեն վայրկյան գործից կտրվելով ու հեռախոսս ձեռքս վերցնելով ավելի ու ավելի էի զայրացնում նրան, մինչև ի վերջո իմ ձեռքից չխլեց իմ վերջին հույսը։ Փորձելով մի կերպ, բայց ոչ մի կերպ չկարողանալով կետրոնանալ գործի վրա, իմ մտքում միշտ այդ գիրքն էր։ Այն աղջկա մասին, ով պետք է օգներ ինձ, ում օրագիրը հնարավորություն կտար զուգահեռներ անցկացնելու իմ կյանքի հետ։

Ինչպես գիտեք, սրտին ոչ մի ձև չես զսպի ու, ոչ մի ձև չես շեղի իր ցանկություններից։ Ու էդ գիրքը ամբողջ ընթացքում հեռախոսիս միջից ինձ ձգում էր մինչև որ եկավ գիշերը։ Ու ծնողներիցս թաքուն ամբողջ գիշեր կարդացի սրտի թրթիռը մեջս։ Ապրեցի այդ աղջկա հետ, ուրախացա, տխրեցի, հուզվեցի, զարմացա, լցվեցի…

Hripsime Vardanyan

Բարձր ու հստակ

Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ: 

Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:

Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:

Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:

meri antonyan

Կես

Չեմ սիրում կիսատությունները, կիսատ մարդկանց, կիսատ սերը, կիսատ վերաբերմունքը, կիսատ ընկերությունը, կես ընկած ներկայությունը։ Ես պահանջում եմ, որ ինչ լինելու է, լինի լրիվ, անթերի, ամբողջական։ Հա՛, ինձ համարեք ագահ, եսասեր, մեկ է՝ չեմ հանդուրժում որպես ողորմություն նետված կիսատ-պռատությունը։ Ավելի լավ է՝ չլինի, քան թե լինի անբավական, չհերիքող։ Չեղածից լավ ինձ համար գոյություն չունի։ Եթե կա, ուրեմն, պարտավոր է լինել ճիշտ քանակով, չափով։ 

Եթե ես լինեի մի բազմություն, կգերադասեի սոված մնալ, քան բազմությանս մեջ կիսել մեկի բաժինը։ Կգերադասեի մենակ մնալ, քան թե երրորդի հետ կիսել իմ սերը։ Կգերադասեի գիտակցել անազատությունս, քան թե ինձ ազատ հայտարարել մեկ-մեկ ձայնս լռեցնելու համար ինձ նետված ազատությունովս։

Միշտ էլ գերադասել եմ գիշերն ուշ քնել, քան թե առավոտյան քունս կիսատ թողած շուտ արթնանալ։ Միշտ գերադասել եմ դասը չպատասխանել, քան թե կիսատ-պռատ կմկմալ։ Միշտ մտածել եմ, որ ավելի լավ է՝ գործը չսկսեմ, եթե պիտի անավարտ թողնեմ, իսկ սկսածս գործը երբեք կիսատ չեմ թողել։ Գուցե ծիծաղեք՝ ավելի լավ է ուտելիքը քիչ լցնեմ, հետո ավելացնեմ, քան թե ափսեումս կիսատ թողնեմ։

Չեմ սիրում իմ քաղաքի կիսատ շինությունները. քաղաքին անշուք տեսք են տալիս։ Տեսնելիս ուզում եմ քանդել, որ էլ չլինեն, կամ էլ՝ հնարավորություն ունենալ, վերցնել ու սարքել, մի լավ բան դարձնել։

Չեմ սիրում միջակ ուսանողին կամ աշակերտին, ով կիսատ սովորելու արդյունք է։ Սարսափելի է կիսատ մասնագետը։ Պատկերացրեք՝ կիսատ բժիշկ, որ իր կիսատ հմտություններով դեռ շատ կյանքեր է կիսատելու։ Կամ՝ կիսատ ուսուցչին, ով աշակերտի մտահորիզոնն է կիսատելու։

Չեմ սիրում կիսատ վեճերը, որ միայն փչացնում են երկուսի հարաբերությունները, բայց գոնե չեն ձգվում այնքան, որ կիսատ մնացած հարցերը պարզաբանվեն, ու ամեն ինչ առաջվանը դառնա։ Դրանից հարաբերություններն էլ շատ հաճախ կիսատ են մնում ու հետո ամբողջ կյանքում երկուսին էլ ցավեցնում։ Համոզված եմ՝ ձեզ էլ է նյարդայնացնում կիսատ ասած խոսքը.

-Եսիմինչ… Այ, Եսիմինչ…

-Հը՞:

-Հա, լավ, հեչ։

-Թո՛ւհ։

Բա կես-կատակ, կես-լուրջ ասա՞ծը։ Չգիտեմ՝ ոնց ընդունեմ, ասածից ինչ հետևություն անեմ։

Չեմ սիրում երեկոյան ճնշող կիսախավարը, ամպամած օրերը. Ես արև եմ սիրում, որն արդեն իսկ լրիվություն է։

Չեմ սիրում, որ տնային կենդանուն դուրս են շպրտում տնից, որովհետև ձանձրացել են։ Եթե պահելու եք, պահեք մինչև վերջ, ոչ թե կյանքի կեսին անպաշտպան դուրս թողեք, երբ նա ծնված օրից սովոր է ձեր հովանավորությանը։

Քանի չեմ մոռացել. միշտ էլ չեմ սիրել, որ մի բան խոստացել ու չեն արել, իրենց խոստումը կիսատ են թողել։

Եթե քեզ չի բարկացնում կիսատությունը, մի պահ պատկերացրու կիսաեփ ճաշը, խոնավ մնացած լվացքը, դեռ չհասած քո սիրած միրգը, թաց ձյունը, որ կես-անձրև, կես-ձյուն է, կիսատ մնացած հաճելի երազդ, որ ընդհատվեց զարթուցիչի ձայնից, լողանալուդ կեսից ջրերի կտրվելը, աշխատանքիդ կեսին համակարգչի անջատվելը, դու դեռ փողոցի կեսում՝ լուսացույցը կարմիրի փոխվելը, աշունը կիսատ մնացած՝ արդեն ձմեռնանալը, աշխատանքից ուշանալիս կես ճամփին մեքենայի փչանալը…

Զզվում եմ, ախր, ես էդ անտեր կիսատ էություններից, միջակություններից։ Ախր, կիսատությունն ինքնին ողորմելի է։ Ինչո՞ւ դառնանք կիսատ, երբ մենք ծնվել ենք ամբողջական։ Կիսատից ոչ մի օգուտ չկա, է՜։

gayane harutyunyan

Երևի կկարողանամ

Ես ունեմ բոլորի համար շատ տարօրինակ մի ընկեր: Բոլորս էլ գիտենք, որ այս կյանքում հազվադեպ են հանդիպում անդավաճան ընկերներ, իսկ ես գտա այդ միակին, ով դարձավ ինձ համար ամենաանդավաճան ընկերը: Ես դեռ մանկուց երազել եմ լինել պարուհի և ամեն օր մտածում եմ. արդյոք կարո՞ղ եմ հասնել երազանքիս, թե ոչ: Իսկ այդ ցանկությունը ինձ մոտ առաջացել է 3 տարի առաջ, երբ սկսեցինք պարել: Ես հաճույքով էի պարում հայկական պարը, դա ինձ համար մի մեծ աշխարհ էր: Եվ արդեն 2 տարի առաջ գյուղում տարածվեց, որ մեր Լճափ գյուղի համագյուղացիները՝ Արփինեն և Սոֆին, սովորեցնում են հայկական պարեր: Ես սկսեցի հաճախել այդ պարի խմբակը: Սովորեցինք պարել և առաջին անգամ բեմ դուրս եկանք բերք ու բարիքի փառատոնի օրը: 

Պարը ինձ տվեց ավելին, քան ես պատկերացնում էի: Ես բարձրանում էի մեծ բեմեր և պարելիս մտովի ինձ պատկերացնում հայտնի պարուհի: Բայց այդ պահը երկար չտևեց: Քիչ-քիչ երեխաները դուրս էին գալիս պարի խմբից: Խումբը փակվեց: Ես ապրում էի պարելով: Ես համոզված էի, որ եթե մեր խումբը չփակվեր, մենք կհասնեինք շատ մեծ բարձունքների:

Բոլորի համար սովորական մի օր մեր գյուղ եկավ մի բարի և շատ հայտնի պարուսույց՝ Արծրուն Ղարիբյանը, ով մեր պարուսույցն էր լինելու: Նա շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում, բայց պարզվեց, որ հոգով ու սրտով շատ բարի ու կատակասեր մարդ է: Նա սովորեցրեց շատ պարեր, և ես վերադարձա բեմ: Երանի նորից գնայինք դպրոց, բարձրանայինք երկրորդ հարկ և սկսեինք պարել: Երանի գոնե մի անգամ էլ լսեմ մեր շատ սիրելի պարուսույցի այս ջերմ խոսքերը, որոնց այնքան շատ եմ կարոտել. «Ով լավ կատարի այս շարժումը, նրան «Գրանդ քենդի» կոնֆետ եմ բերելու»:

Շուտով ուսում ստանալու համար պետք է տեղափոխվեմ Երևան և հիմա արդեն պետք է կողմնորոշվեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ես սիրում եմ պարը, իմ ազգային պարը և միշտ սիրելու եմ: Հայկական պարը ինձ համար մեծ ուժ է: Ես կարծում եմ, որ հայկական պարի միջոցով մարդկանց մեջ կարելի է, արթնացնել հայրենասիրություն: Ես կիրականացնեմ երազանքս և կդառնամ պարուհի: Կսովորեմ «Բերդ» պարային անսամբլում և երբ ավարտեմ ուսումս, անպայման պետք է հետ վերադառնամ հայրենի գյուղ, քանի որ ուզում եմ իմ գյուղի երեխաներին սովորեցնել ազգային պարը:

Վստա՛հ եմ, որ նրանցից շատերը անհամբեր սպասում են, թե երբ գյուղում կհայտնվի մի լավ պարուսույց, որ իրենք էլ պարի հաճախեն: Հուսով եմ կկարողանամ, ինձ մոտ կստացվի…

seda mkhitaryan

Հիվանդները

Մենք բոլորս էլ ունենք երազանքներ ու նպատակներ, առանց դրանց գրեթե անհնար է:

Օրինակ, ես երազում եմ լրագրող դառնալ, փոքր քույրիկս՝ դերասանուհի, ընկերուհիս՝ երգչուհի, իսկ մյուս ընկերուհիս նույնպես դերասանական ցավով է տառապում։ Ամեն մեկս մի հիվանդություն ունի։ Երբ հանդիպում ենք ու սկսում զրուցել, պատկերացնել մեր ապագան, կողքից մեզ լսողը ծիծաղից կփլվի։ Սկսում ենք երազել, որ օրինակ, քույրս ճանաչված դերասանուհի է, իսկ ես նրանից հարցազրույց եմ վերցնում՝ իմ հեղինակային հաղորդման տաղավարում նստած։ Հաջորդ օրվա հյուրս էլ երգչուհի ընկերուհիս է.

-Լո՜ւս, կարո՞ղ ա` դառնաս հայտնի, քիթդ ցցես ու հրավերս մերժե՞ս՝ չգաս հարցազրույցի։ Կամ` գաս, բայց չճանաչես, ավելի ճիշտ՝ չճանաչելու տաս ինձ։ Հը՞ն,- այդ պահին ծիծաղելով ասում եմ ես:

-Դե, գիտե՞ս ոնց,- իրենից գոհ-գոհ սկսում է,- շատ հնարավոր է։

-Հը՜մ… Իսկ ես կհիշեցնեմ քեզ, կասեմ. «Արդյո՞ք հիշում եք, որ մի բակում ենք մեծացել, նույն դասարանում սովորել»: Բա այդ ժամանակ ի՞նչ կասես։

Հետո միասին բարձրաձայն ծիծաղում ենք, հետո միանգամից լռում։ Երևի նրանք էլ իմ պես սկսում են մտածել իրենց ապագայի մասին, մտքում իրենց երևակայում հայտնի ու կայացած, պատկերացնում աշխատանքի մեջ…

Բայց այս երևակայական ու պատկերավոր կյանքին հասնելու համար, մեզանից յուրաքանչյուրը պիտի հաղթահարի պրոբլեմներով հագեցած մի ամբողջ ճանապարհ, որը հեշտ չի լինելու։ Օրինակ, ընկերուհուս տանը դեմ են նրա «դերասանական կարիերային», մեր տանն էլ այնքան համաձայն չեն քրոջս որոշմանը։ Բայց ամեն դեպքում, մարդ պիտի ինքնուրույն ընտրի իր հետագա կյանքի կերպը, իր մասնագիտությունը։

Հ.Գ. Երանի ամեն ինչ մեր պատկերացրածի պես լինի, այդ ժամանակ ես կհամարեմ, որ երազանքս կատարված է։

tatev arustamyan1

Չմնանք առանց հեքիաթ

Քեզ հաստատ փոքր ժամանակ պատմել են ամենատարբեր հեքիաթներ, հիշո՞ւմ ես` որն էր քեզ ամենահարազատ դարձած հեքիաթը։ Ես չեմ հիշում: 

Անցնող տարիների հետ աչքերիս առաջ պատկերվում է ինձ ցանկալի հեքիաթը: Իմ հեքիաթում գերակշռում են ձյունե թմբերը, սպիտակ ծառերն ու իրար սեր տվող մարդիկ:
Երբ բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընկա հիվանդանոց, ցանկություններս, որոնք միայն ենթագիտակցական աշխարհիս համար են, ի հայտ եկան: Ես խնդրեցի հերթապահ բուժքրոջը, որ երգի ինձ համար: Պատասխանը եղավ. թե երգել իմանայի, ի՞նչ գործ ունեի էստեղ: Ու իմ հեքիաթի հերոսների շարքին ավելացան ոչ միայն հեքիաթ պատմողները, այլ նաև սպիտակի մասին երգողները:
Իմ հեքիաթը գնալով ճերմակում է քո մազերի պես:
Ու երկարում սիրուդ զուգահեռ, իմ ամենաթանկ:
Աշխարհը` լուցկու տուփ դարձած, փորձում է ջերմացնել, իսկ մենք հերթով դուրս ենք ցատկում լուցկու հատիկների պես` այրելով ինքերս մեզ` ներսում պահելով բնության շռայլած զգացմունքները: Ահա, իմ աշխարհում մարդիկ ոչ թե հեքիաթային, այլ հեքիաթոտ են, վարակիչ, իսկ իրենց կարոտը մոխրագույն է` դատարկ մնացած տներից ելնող ծխի պես:
Երեք խնձորների փոխարեն երկնքից աստղեր են թափվում ինքնամոռաց, աստղաթափ։ Պատմողի, լսողի ու թաքուն ականջ դնողի փոխարեն աստղերը բաժին են հասնում հավատին, սիրուն ու ինքնամոռաց նվիրվողին։
Մեր հեքիաթները տարիքի հետ համաչափ փոխում են իրենց գույներն ու ձևերը, բայց ոչ երբեք բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն ամփոփված է ընդամենը մի քանի բառի մեջ, թե բարին միշտ հաղթում է չարին, ասել է թե՝ մենք վերացնում ենք մեր մեջ եղած բացասականն ու վատը։
Չմնանք առանց հեքիաթ,
Չուշանանք,
Չմնանք առանց չապրած կյանքի.
Ապրենք…

Astghik Israyelyan

Մարդն ու շունը

Իմ դասը սովորականի պես սկսվում է ինն անց կես, բայց այսօր շուտ դուրս եկա տանից: Դասին դեռ շատ կար, և ես որոշեցի մի քիչ քայլել: Արդեն ցուրտ աշուն է, և մարդիկ դողալով են շտապում աշխատանքի: Բայց ես այնքան տաք եմ հագնվել, որ չեմ նկատում ցուրտը: 

Քայլում եմ և տեսնում, որ դիմացից եկող բոլոր մարդիկ նայում են նույն ուղղությամբ: Սկսում եմ ես էլ նայել, որպեսզի հասկանամ, թե ինչին են նրանք այդպես ուշադիր նայում:

Նրանց ուշադրությունը գրավել էր բարձրահարկ շենքի պատի տակ նստած մուրացկանը: Նա ուզում էր կերակրել շանը, բայց շունն անընդհատ հրում էր ուտելիքը: Երկար նայելուց հետո որոշեցի նստել մոտակա այգում: Սաստիկ ցուրտ էր, և ցուրտն ինձ ստիպեց մտածել այդ մարդու մասին: Փորձում եմ գտնել նրան և տեսնում եմ արդեն կողքի նստարանին: Նա շանը փաթաթել էր կանաչ բամբակից կտորի մեջ և փորձում էր տաքացնել: Մարդը վեր կացավ, որ կողքի աղբյուրից ջուր խմի: Մինչ նա կխմեր, շունն իր կանաչ ծածկոցով ցած թռավ նստարանից և մոտեցավ իրեն: Մարդը չհասցրեց ջուր խմել: Վերցրեց շանն ու ամուր գրկեց:

Մինչ ես կփորձեի այս ամենն արագ փոխանցել թղթին, մուրացկանն ու շունը արդեն այնտեղ չէին:

Իսկ դասն արդեն տասը րոպե էր, ինչ սկսվել էր…

Anush abrahamyan

Այո, ես տարբեր եմ

Միակ բանը, որ բնորոշ է ինձ ամբողջությամբ, դա փնտրելու մոլուցքն է: Փնտրում եմ մարդկանց ու բնության ժպիտը, չնայած դեռ չեմ գտել, բայց շարունակում եմ փնտրել: Փնտրում եմ նույնիսկ ինձ (որքան էլ որ անհավանական թվա) և ամենակարևորը, ցանկանում եմ գտնել «կես-կես»-երին: Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր շուրջն ապրող մարդկանցից քանիսն են կես կյանքով ապրողներ կամ, այսպես ասած, «կես-կես»-եր: Դրանք այն մարդիկ չեն, որ արթնանում են արևի հետ և փորձում ապրել, կամ էլ նրանք, ովքեր ապրում են աստղերի տակ` զգալով գիշերը: Նրանք են, ովքեր երբեք չեն շնչի գոյատևելու համար, որոնց համար անցյալը սոսկ հիշողությունների ամբողջություն չէ, այլ քողարկված ապագա: 

Նրանք կիսել են իրենց լույսի ու խավարի սահմանի վրա: Անդադար հավաքում են իրենց կյանքի հսկայական փազլը, ինչպես բոլորը՝ միայն այն տարբերությամբ, որ վերջին կտորը հենց իրենք են: Եվ ամենակարևորը՝ տառապում են անվերջ փնտրելու մոլուցքով: «Կես-կես»-երը տարբերվում են: Մի պահ մտածեք. միգուցե խոսքը ձե՞ր մասին է: Եթե այո, ապա մի տխրեք, դուք միայնակ չեք:

«Քեզ դժվար է հասկանալ, ինչո՞ւ ես այդքան ուրիշ»: Այս և նմանատիպ այլ արտահայտություններ հաճախ եմ լսում ինձ շրջապատող մարդկանցից, դրանք արդեն սովորական են ինձ համար:

Միգուցե, չէ՞ որ չեմ կարող նայել, թե ինչպես է հալվում ձյունը` սիրելով արևին, վախենում եմ մթությունից, միաժամանակ պաշտելով գիշերը: Չեմ սիրում լողալ, բայց ջուրն իմ տարերքն է: Թվում է, թե իմ մեջ ամեն ինչ իրարամերժ է, դրա համար էլ նման չեմ շատերին: Բայց եթե ինքս ինձ նույնացնեի բոլորի հետ, էջերով չէի գրի տարբերության մասին: Եթե սիրեի, այլևս չէի գրի մարդկանց մասին, ովքեր մոռանում են անհատին: Ենթադրում են հենց այնպես, «ոտքի վրա»: Երբեք չեն հարցնի անձրևից, թե ինչո՞ւ է այդքան թախիծ բերում ամպերից երկիր, և ինչու է ավելի հաճախ գալիս աշնանն ու գարնանը, այլ կբավարարվեն` ասելով, որ տարվա եղանակին է բնորոշ, և պետք է հիմնականում տանը մնալ` չհիվանդանալու համար:

Չեն հարցնի հողին՝ ինչո՞ւ է այդպես անուշ բուրում և ուժ տալիս հային, այլ կասեն` հողը կարևոր է, որովհետև նրանից բերք ենք ստանում: Նրանք երբեք չեն հարցրել ինձ՝ ինչո՞ւ եմ ուզում դառնալ ծաղրածու, այլ ուղղակի կասեն, որ տարօրինակ եմ ու երբեք չեմ հասնի նպատակիս:

Մարդիկ երբեք մահի կոկորդից չեն բռնի` կորստի համար պատասխան պահանջելու, այլ հանգիստ կմտածեն, որ կյանքի օրենքն է այդպիսին, իսկ օրենք փոխելու համար պետք է «մեծ» լինել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ «մեծ» լինել:

Այո, ես տարբեր եմ, տարբեր եմ ամեն օր՝ միաժամանակ, նման լինելով բնությանը: Եվ վերջապես, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ տարբերվելը «Կես-կես-երի մասնագիտությունն է, այն մեղք չէ…