Իմ էջը խորագրի արխիվներ

davit alexanyan

Գաղտնի աշխատասենյակը

Իմ նյութերի աշխուժությունը նաև կախված է իմ գտնվելու վայրից: Ես դեռ ոչ մի անգամ տանը նյութ չեմ գրել: Ես չեմ սիրում, երբ գրելուց ինձ խանգարում են: Ուրեմն սկսեմ պատմել իմ նյութերի ծագման մասին: Եթե հիշում եք, ես ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Ամեն առավոտ ժամը 6:30-ին մեր խոզերը տանում եմ արածեցնելու: Վերցնում եմ տետրս և գրիչս ինձ հետ: Բարձրանում եմ տան հետևում գտնվող լեռան գագաթը և սկսում նյութս շարադրել: Նստում եմ կոճղերից մեկի վրա և ժամերով մտածում նյութիս շուրջը: Մաքուր օդին, չնայած մի քիչ մրսելով, կարողանում եմ շարադրել մտքերս: Մեկ-մեկ ընկնում եմ երազանքների գիրկը և մոռանում նյութի մասին: Մեկ-մեկ էլ վազվզում եմ խոզերի հետևից: Դե, խողերը չեն հասկանում, որ ես ստեղծագործում եմ:

Մի անգամ էլ, անձրևոտ եղանակ էր, և ես չկարողացա նյութ գրել, սակայն հուսախաբ չեղա: Նստեցի կոճղին և սկսեցի մտածել, թե ինչի մասին եմ նյութս գրելու, ինչպես եմ սկսելու, ինչպես` վերջացնելու: Միայն այս մի դեպքն էր, որ մտածածս թղթին հանձնեցի տանը:

Ես սիրում եմ մենակ մնալ և մտածել: Մենակության մեջ ավելի լավ եմ կարողանում մտածել, և դա է պատճառը, որ նյութերս լավ են ստացվում:

Իսկ գաղտնի աշխատասենյակը դա տան հետևում գտնվող լեռան գագաթն է:

Սա էլ հիմա այնտեղ եմ գրում` վաղ առավոտյան մեր խոզերն արածեցնելիս:

seryoja arakelyan

Անսպասելի հաղթանակ

Մայիս ամիսն էր: Հիվանդացել էի և երկու օր դպրոց չէի գնալու: Մայրիկիս խնդրեցի, որ զանգի դասղեկին և տեղյակ պահի իմ բացակայության համար: Դասղեկի հետ զրուցելու ժամանակ դասղեկս նշեց, որ դպրոցին հանձնարարություն կա տրված` մասնակցել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում կամ ապագան մեր պատկերացումներով» մրցույթին: Դասղեկս կատակելով ասաց. «Մինչև չնկարի, չի կարող բացակայել»: Ճիշտ է, դժվարությամբ, բայց նկարեցի: Նկարեցի հեռախոս, որի միջից մարդու գլուխ էր  դուրս եկել, նկարն անվանեցի «Skype-ը 2030 թվականին»: Նկարն ավարտելուց հետո տատիկիս խնդրեցի, որ առավոտյան մեր հարևանի տղայի՝ Դավիթի հետ ուղարկի դպրոց: Անցավ գրեթե մեկ ամիս, մրցույթի մասին մոռացել էի արդեն, երբ զանգ եկավ: Դպրոցի տնօրենն էր` ընկեր Աղաջանյանը: Բարևեց և շնորհավորեց ինձ: Ճիշտն ասած, զարմացած հարցրեցի. ինչի՞ համար, ընկեր Աղաջանյան: Նա ասաց, որ նկարս տեղ է զբաղեցրել և պետք է վաղը գնալ Երևան` մրցանակը ստանալու: Շատ ուրախացա, կարելի է ասել ողջ գիշեր չքնեցի` անհամբեր սպասելով, թե երբ է լուսանալու: Դպրոցում երկու ժամ դաս անելուց հետո անմիջապես գնացինք Երևան: Գնացինք, ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը անձամբ իր ձեռքով էր հանձնում առաջին տեղի մրցանակները: Մի քանի գյուղի մրցանակ հանձնելուց հետո հնչեց նաև մեր գյուղի անունը՝ Բաղանիս, շնորհավորում եմ առաջին տեղ: Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց: Ինձ թվաց երազի մեջ եմ, բայց ինձ չկորցրեցի, մոտեցա և վերցրեցի մրցանակս: Նվերը համակարգիչ էր, իսկ տնօրենին` ծաղկեփունջ և շնորհակալագիր: Մրցանակը դպրոցին էր պատկանում, և ես շատ հպարտ եմ, որ Տավուշի մարզում առաջին տեղը զբաղեցնելով, կարողացա դպրոցի համար ինչ-որ մի լավ գործ անել:

gevorg sargsyan

Մի փոքր հույս

Շատերի կյանքում լինում են դեպքեր, որոնց ժամանակ ասում ես` վերջ, այլևս ինչ-որ բան փոխել անհնարին է:

Իմ կյանքի դրվագններից մեկում  էլ եղել  է նման մի դեպք:  Ես ունեի ոտքերի հետ կապված խնդիր և  մտածում էի ոչինչ անել  հնարավոր  չէ: Ես պետք է ապրեմ այդ խնդրով ամբողջ կյանքս:
Որոշ ժամանակ  անց ես հանդիպեցի մի մարդու, որը նման խնդրով էր ապրում, բայց նա, մոռանալով այդ խնդրի մասին, ապրում էր այնպես, կարծես նման խնդիր իր կյանքում  չկա, չի էլ  եղել:

Համարձակությունս հավաքեցի և նրա հետ զրուցեցի: Նա ասաց.

-Կյանքը  կարճ է, իսկ մեր ժամանակը շատ երկար, որպեսզի ապրենք այնպես, որ մահվան  մահճում ունենանք  այնպիսի հաճելի հուշեր, որոնք մեզ հետ կլինեն հավերժ: Դրա համար պետք է ամեն ինչ անես, որ  լիարժեք ապրես, առաջ նայես և հույս ունենաս, որ ամեն ինչ կարող ես և լավ է լինելու։

Նրա հետ զրուցելուց  հետո, փորձեցի իմ կյանքում որոշ  փոփոխություններ մտցնել: Սկսեցի մարզվել, ջանք գործադրել, որպեսզի ոտքս  որոշ չափով  վերականգնվի: Պատկերացրեք, ստացվեց: Շատերի, անգամ ինձ համար անհավանական երազանք ունեի.  շատ էի ուզում պարի գնալ: Ծնողներս դեմ էին: Իմ կարծիքով մտածում էին, որ իմ այս ոտքով ինչ կարող եմ անել, որ  հիմա էլ
պարել կարողանամ, մտածում էին, որ գուցե ավելի վատթարանա ոտքիս վիճակը: Բայց ես նրանց ապացուցեցի, որ կարող եմ: Ես նրանց շատ համոզեցի, և նրանք ինձ պարի տարան։ Ութ տարի անընդմեջ ես պարի էի գնում: Տարիները  հաջորդում  էին իրար, կարծես մոռացել էի, որ ոտքս հիվանդ է, նույնիսկ իմ ծնողներն էին  մոռացել այդ մասին:

Ես արդեն 16 տարեկան եմ և ունեմ մասնագիտություն: Ես այսօր ունեմ իմ պարի խումբը: Թվում է, անհավանական է, բայց ես հասել եմ դրան իմ ջանքերի  շնորհիվ, հաճախ անտեսելով ցավը, չեմ հուսահատվել դժվարություններից: Ես շարունակելու եմ իմ սիրած  գործով  զբաղվել: Սովորացնելու եմ ուրիշներին էլ պարել:
Իսկ հիմա կասեմ, թե ինչու որոշեցի այս մասին գրել: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ ամեն փոքր դժվարությունից հուսահատվում: Իմ  խորհուրդը ձեզ. երբեք   հույսը  մի կորցրեք: Հույս  կա ամենուր,  նույնիսկ այնտեղ, որտեղ այլևս  թվում է` հույս  չկա: Մի աննշան  մանրուք, մի խոսք, մի մեծ երազանք  կարող  է կյանքի  կոչել մարդուն, ինչպես  իմ  դեպքում եղավ։

anahit ghazakhecyan

Ականջդ բեր՝ ասեմ

Շըշշշշ: Լռի՛ր: Հոգնած-քնած են՝ տեսնո՞ւմ ես:

Այ լսիր՝ երբ որ երազանքդ մեծացնում, դարձնում ես լիարժեք, լցնում հազար գույնով ու հեքիաթով, պիտի գնաս-գաս խփվես երազովդ, օրագրումդ մեծատառ տպատառերով գրես, որ աչքդ ծակի թերթելիս, մեկ-մեկ չդիմանաս ու մեկի ականջին փսփսաս նրա մասին, ձեռքը բռնած մտնես գրախանութ, իրիկունները միասին գնաք տաք պոնչիկներ ուտելու, բարձրաձայն կարդալ չես սիրում, բայց իրա համար ամեն օր մի քանի էջ կարդաս, հետո ծածկես ՝չմրսի, հիվանդանա, տաքությունն էլ՝ կախված եղանակից: Երազանքը հույսի ամենասիրուն կերպարանքն ա: Ականջներիս դեռ մանկուց են ծանոթ խոսքերը՝ հույսը չի մեռնում: Դե, հետն էլ, ուրեմն, երազանքները:

Փոքր ժամանակվա ընկերներիս մեծ մասը ապագա տիեզերագնացներ էին: Դե, թռչելու հետ ես էլ սեր ունեի, այ, տես՝ ամենամեծն է, պատի տակ պառկածը: Էսօրվա պես հիշում եմ մարդկանց զարմացած հայացքները, երբ հարցին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի.

-Ռազմական օդաչու:

Չդարձա: Տաք ծածկեցի երազանքիս, թողեցի հանգիստ քնի:

Երազանքներս շնչակտուր, իրար հերթ չտալով, փոխվում էին ամեն գրքից, ֆիլմից, հանդիպումից ու ծանոթությունից հետո: Դրա համար սենյակում ասեղ գցելու տեղ չկա: Մի սենյակ երազ: Սիրուն են, չէ՞:

Ռեմարկից հետո Լիսաբոն գնալն ու ինչ-որ մեկի հետ գիշերը զրուցելը, Էքզյուպերի, որ վերջերս ծանոթացա, կարդալուց հետո համոզվեցի՝ եթե օդաչու դառնայի, հաստատ Փորքիկ Իշխանին կտեսնեի, Փոթերից հետո Հոգվարթսը մի քանի օր հանգիստ չէր տալիս, երբ որ Սիրադեղյան եմ կարդում, խեղճանում եմ, ասում եմ՝ էս ոնց ա գրում ու էլի ինչ-որ բանի մասին երազում:

Փոքր երազանքները սենյակում իրենց մանր ու օտար են զգում: Քնում են ծաղկամանի կողքին, պատուհանգոգի տակ, զարդատուփի մեջ կամ մեծերից մի քիչ ծածկոց գողանալով ՝ մի պատի տակ: Չգիտեն, որ ամենասիրունն իրենք են ու համ-հոտ տվողները: Մեծերին ձգտում ենք, որ իրենց իրականացնենք: Գնանք Փարիզ, որ Արվեստների կամրջով վազենք: Մոսկվայում Վագանկովսկու գերեզմանատուն հասնենք, որ մի փունջ ծաղիկ ու մի ամբողջ սեր թողնենք Եսենինի ու Վիսոցկու մոտ: Ամստերդամում ինձ արվարձաններն են հետաքրքիր, Պրահայում՝ կարմիր տանիքները:

Գիտե՞ս, մեկ-մեկ չարաճճի երեխայի նման մեկնումեկի վրայից քաշում եմ ծածկոցը, մրսում-արթնանում է, քունը կիսատ թողածի պես թարս-թարս նայում, չի հասցնում մի բան ասել, բացատրում եմ.

-Կեսօրն անց է արդեն, ժամանակդ եկավ:

Այ, տեսնո՞ւմ ես պահարանի կողքին պառկածին: Հա-հա, սիրուն սև հոնքերով ու սև խուճուճ մազերովը: Այ նրա մասին… Ականջդ բեր՝ ասեմ:

Ամենալավ արձակուրդը

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Արձակուրդ բառը ամենասիրելին է բոլոր երեխաների համար: Դե իհարկե, միայն ու միայն  շոկոլադից հետո: Արձակուրդը յուրաքանչյուր երեխայի պատկերացումներում տարբեր է, յուրովի: Ինչ-որ մեկը արձակուրդ ասելիս հասկանոմ է ծով, մի ուրիշ երկիր, նոր միջավայր: Ոմանց համար դա քաղաքից գյուղ գնալն է, տատիկի ու պապիկի հետ մնալու համար: Իսկ իմ նման բախտավորների պատկերացմամբ արձակուրդ բառը ասոցացվում է սար բառի հետ:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Շատ մարդիկ սար բառը լսելիս անմիջապես ինչ-որ լեռ են պատկերացնում: Բայց չէ, դա բոլորովին սխալ կարծիք է: Սարն ուղղակի այնպիսի վայր է, որտեղ եղանակը համեմատաբար հով է արոտավայրերն էլ՝ շատ: Սա է պատճառը, որ հնուց ի վեր մարդիկ եղանակները տաքանալուն պես սար են գնում: Հին ժամանակներում սարում կարող էիր տեսնել բացառապես փայտաշեն տներ: Հիմա էլ դրանք մեծամասնություն են կազմում, բայց այսօր տեղ-տեղ դրանց կողքին հայտնվել են նաև քարաշեն տներ, կամ մետաղյա վագոններ, ինչպիսին մերն է:

Սարում հիմա շատ բան է փոխվել: Առաջին հերթին սար գնացողները պակասել են, շատ են պակասել, փոխարենը շատացել են լքված տներն ու ավերակները:

Լուսանկարը` Մայա Հարությունյանի

Լուսանկարը` Մայա Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Սարում առանձին տարածքները ո՛չ գյուղի անունով են ճանաչում, ոչ էլ՝ առավել ևս քաղաքի: Դրանց փոխարեն սարում առանձին բաժանումները ուրթեր են կոչվում: Ամեն ուրթ ունի իր անվանումը: Չնայած, ես էդպես էլ մինչև հիմա չեմ հասկացել մեր ուրթի իսկական անունը «Չիտչոնց  ո՞ւրթ» է, թե՞«Չիկչոնց  ուրթ», բայց հույս ունեմ մի օր կիմանամ:

Սարի մի շարք փոփոխություններին զուգահեռ, նաև աշխուժությունն է պակասել: Բայց այժմ էլ սար գնացող երեխաները հաստատ չեն թողնի, որ սարվորների ուրախությունը պակասի, էսպես ասած, երեխաները սարվորի «ականջը դինջ  չեն թողնի»:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի

Երեխաներով հաճախ ենք գնում անտառ զբոսնելու և երեկոյան «դոռոնջ (խարույկ)» վառելու համար փայտ հավաքելու, որն էլ երեխաների և ուրթի մեծահասակների հիմնական կռվի թեման է հանդիսանում, բայց դե, բնական է, 21-րդ դարի երեխաները «խոսքի տակ մնալ» և «պարտվող» լինել չեն կարող: Միշտ էլ մեծերի սայլը տեղից շարժվում է, փոքրերն էլ փայտն են տեղից շարժում: Հետագայում սարում անցկացրած օրերը, առավել ևս՝ Վարդավառը, որն ամենամյա տոնակատարություն է համարվում հատկապես սարվորների համար, կարոտով ենք հիշելու: Հնարավոր է ինչ-որ մեկի համար գյուղում կամ քաղաքում լավ անցնի, բայց չէ, միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, որ սարում Վարդավառը լավագույնս  է անցնում, այդ օրը բոլորը կրակ են վառում: Կրակ վառելու համար փայտ ենք բերում անտառից, երբեմն ոտքով, երբեմն էլ՝ մեքենայով: Մի խոսքով,  Վարդավառը սարում նշում ենք մի յուրահատուկ ձևով:

Հ.Գ. Ուզում եմ բոլորս գիտակցենք, որ մեր յուրաքանչյուր օրվա ու անկեղծ ժպիտի համար պարտական ենք հայ զինվորին, նամանավանդ այստեղ` Տավուշի մարզի գյուղերում:

meri hakobyan

Թե ինչպես սիրեցի հասակս

«Չեմ սիրում բոյս, շատ եմ կոլոտ», – արտահայտություն, որը կարող էր փոխարինել իմ ամենօրյա «Բարի լույս»-ին: 15 տարեկան եմ, բոյս էլ 1մ 53սմ: Կմտածեք, ի՞նչ է որ, ավելի ցածրահասակներ էլ կան: Ես էլ այդպես կմտածեի, եթե փոքր տարիքից էլ այդպիսին լինեի: Դե, խնդիրն էլ հենց դա է: Ախր, փոքր ժամանակ ամենաբոյովն էի դասարանում: Ինչևիցե: Ես միշտ չեմ սիրել իմ հասակը, միշտ ինձ վատ եմ զգացել դրա համար: Բայց եկավ մի պահ, երբ կարծիքս փոխեցի, սկսեցի մտածել, որ կարճահասակությունն էլ ունի լավ կողմեր:

Ուրեմն, 13 տարեկանում ընդունվեցի պարի խմբակ: Երբ ուղիղ գիծ էինք կանգնում, շարքի մեջ ես նախավերջինն էի: Հենց այդ ժամանակ ավելի ու ավելի էի ատում կարճահասակությունս: Մերոնք միշտ ինձ մխիթարում էին, ասելով. «Հիշի՛ր, նախավերջինն ես, ոչ թե վերջինը»: Դիպուկ է, ինչ խոսք: Բայց չէր օգնում: Պարի ժամանակ, շարքի հետևում, ավելի ճիշտ բարձրահասակների հետևում, ես միշտ տանջվում էի, որ պարել սովորեմ: Չնայելով այն փաստին, որ անգամ հայելու մեջ չէի կարողանում ինձ տեսնել:

Հիմա հետ եմ նայում ու զարմանում, թե ինչու եմ այդքան վատ զգացել հասակիս համար: Խմբակ ընդունվելուցս շատ չանցած, ես արդեն պարում էի բարձրահասակների հետ: Իհարկե շարքի վերջում, բայց ամեն դեպքում նրանց հետ: Իսկ երբ արդեն նախավարժանքի ժամանակ ուսուցիչս կանգնեցրեց ինձ առաջին շարքում, հասկացա, թե ինչ լավ է ցածրահասակ լինելը: Կմտածեք, չնչին բան է, բայց հենց դրանից հետո սկսեցի սիրել իմ հասակը: Ես վերջապես կարող էի տեսնել ինձ հայելու մեջ, տեսնել, թե ինչ եմ պարում:

Եվ վերջում, խորհրդի կարգով. ցածրահասակ աղջիկներ, միշտ հիշե՛ք, ադամանդն էլ է փոքր:

anahit ghazakhecyan

Լավ կլինի

Կարմիր կծիկի ծայրը բռնում եմ ու բացատրում՝ ոնց ենք ծանոթանալու.

-Ներկայացնեմ ինձ, հա՞: Ուրեմն՝ ես Անահիտն եմ, 16 տարեկան, սիրում եմ մի աշխարհ բան, մասնագիտության հարցով էնքան էլ չեմ կողմնորոշվել, երևի՝ իրանագետ: Մի շաբաթ է ՝ կամավոր եմ «Օրրան»-ում: Վա՜յ, մի րոպե. մեկ էլ սիրում եմ ֆուտբոլ. Ռեալ Մադրիդ:

Ծայրը մատիս եմ փաթաթում ու կծիկը շպրտում շիկակարմիր մազերով մի տղայի, ինձնից երևի 4-5 տարով փոքր: Ինձ թվում է՝ բոլորը իրենց կյանքում մի «ռիժիկ» պիտի ունենան: Ներկացավ, անունը, կարծեմ, Արեն էր:

Կծիկը գնում-գալիս էր, իսկ Բարսելոնայի երկրպագուները շատանում էին: Թարս-թարս նայում էին ինձ ու հատուկ առոգանությամբ շեշտում իրենց ֆուտբոլային նախասիրությունները: Ասում եմ ՝ լավ, երեխեք են, ես էլ եմ էդպիսին եղել:

…Խմբի հետ ծանոթանալիս հազվադեպ է եղել, որ միանգամից հավանել եմ: Միշտ ինձ մի բան վանում է խմբի մեջ. ես մարդկանց մենակ եմ ճանաչում ու սիրում: Մենակ եմ զգում մարդուն:

Ամենավերջում լիքը թուշիկներով մի տղա հայտարարեց.

-Երազանք էլ ունեմ: Ուզում եմ գնամ իմ սիրած թիմի ՝ Բարսելոնայի մարզադաշտ ՝ Կամպ Նոու , ու տեսնեմ ՝ ոնց ա Բարսան Ռեալին 10-0 հաղթում:

Ու էնպիսի հայացքով ինձ նայեց, ոնց որ արդեն գնացած ու հաղթած լիներ: Հայացքներ կան, որ ուղեղումդ գամվում են՝ չմոռացվելու պահանջով, մեկ-մեկ գալիս, հեգնում, քթի տակ ծուռ-մուռ ժպտում, հիշեցնում քեզ հաղթած լինելու մասին:

…Լոռվա գյուղերից էին: Տղաներից մի քանիսը պատմեցին, որ գյուղերից մեկում Smart կենտրոն էին բացել, ծրագրեր էին ուսումնասիրում: Հետո տխուր-տխուր ասացին, որ դպրոցում մի համակարգչային սենյակ կա, բայց համակարգիչների կեսը չեն աշխատում: Հետո էլ՝ Microsoft-ից էն կողմ բան չեն տեսնում, հոգնել են:

Պատմեցին, որ ազատ ժամանակ atc.am-ով մաթեմատիկայի ու ֆիզիկայի ավարտական կամ միասնական թեստեր են գրում: Բոլորը աշխարհագրություն էին սիրում ու ինտելեկտուալ խաղեր:

Ասացին, որ Վանաձորում գոնե գնալու մի տեղ կլինի, գոնե օրը հետաքրքիր դարձնելու հնար կա: Ասացին, ես էլ տխուր-տխուր լսեցի:

Դովլաթովն ասում էր ՝ դե, լավն են մարդիկ. ում մեջ էլ խորանաս, լավը կլինի: Դե Դովլաթովը գիտեր ՝ ինչ էր ասում: Մենակ մարդը ամենաշատն է մոտ ինքն իրեն ու ամենշատն է թույլատրում մոտենալ, հասկանալ, գիտակցել իրեն:

Արևից խանձված մաշկով, շոկոլադագույն աչքերով նայում են, պատմում ծրագրերի մասին, հավատում, որ լավ կլինի: Իսկ ես ուզում էի, ես աշխարհի չափ ուզում էի, որ էն տղան գնար Կամպ Նոու, անպայման գնար, տեսներ Բարսելոնայի խաղը… Ու թեկուզ հաղթանակը: Մենակ թե` երազանքը կատարվեր: Միայն թե, լավ լինի:

Իսկապես-իսկապես, լավ կլինի:

artyom safaryan

Ֆուտբոլային կրքեր

Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ, շուտով կլրանա 18 տարեկանս, սակայն մարդիկ, նայելով մազածածկույթիս, փորձում են գուշակել, թե քանի երեխա է ինձ «պապա» ասում և անկեղծորեն զարմանում են` լսելով իրական տարիքս: Երբ դեռ հաճախում էի կարատեի, մրցումների ժամանակ հաճախ վիճում էի մրցավարների և այլ մասնակիցների հետ տարիքիս հարցով: Հաճախ ասում էին.

-Գոնե թրաշվի, այ տղա, ոնց որ մոջահեդ լինես,- ինչին հնչում էր պատասխան.

-Թրաշը մարդկանց մեջ սարսափ է ներշնչում:

Ես ունեմ ընդամենը մի մոլուցք, որն, ի տարբերություն իմ հասակակից ստեղծագործ պատանիների, ոչ թե գիրքն է, կամ կինոն, կամ էլ, առավել ևս, փիլիսոփայությունը, այլ մի պարզ խաղ, որտեղ 22 միլիոնատեր վազում են 1 գնդակի հետևից և ուզում են այն ուղղել ուղղանկյուն դարպասների մեջ: Ճիշտ գուշակեցիք, դա ֆուտբոլն է. խաղ, որն ինձ ուղեկցում է ամենուրեք. և տանը, և դրսում, և նույնիսկ պարապմունքների ժամանակ, երբ ուսուցիչս աղաչում էր, որ ես սովորեմ «թոփիկը», իսկ ես մերժում էի, պատճառաբանելով, որ երեկոյան խաղում է Բարսելոնան, Բավարիան կամ էլ Արսենալը:

Մեր հարևանները հաճախ ասում են, որ խաղերը չեն նայում, քանի որ հաշիվը կարող են գուշակել մեր գոռոցներից: Սիրում եմ վերլուծել ֆուտբոլը և հաճախ գրում եմ ուղղակի ինձ համար, իսկ ամեն պարապմունքի գնալս ուղեկցվում էր մտքում չեմպիոնների լիգայի վերլուծությամբ: Ես ունեմ երազանք, որ նույնպես կապված է ֆուտբոլի հետ: Ես երազում եմ գեթ մեկ անգամ հայտնվել Einfield  մարզադաշտում և պարուրվել այդ ֆուտբոլային դարբնոցի ոգով և մեկնաբանել այնտեղ որևէ հանդիպում: Այսպիսին եմ ես, և եթե հետաքրքրեցի, կարող եք դիմել: Սիրով, Արտյոմ Սաֆարյան:

ani avetisyan portret

Եվ փոխվել եմ, և չեմ փոխվել

Մարդու կյանքը հիշողությունների մի ողջ շղթա է, անցնում են օրերը, և ներկան դառնում է անցյալ՝ թողնելով միայն հուշեր…

…Թերթում եմ լուսանկարներիս ալբոմն ու հիշում մանկությունս: Որքա՜ն ջերմություն ու սեր կա այդ լուսանկարներում, որքա՜ն սեր կար այդ օրերում…

Հիշում եմ, գրեթե տասը տարի առաջ, երբ ընդամենը հինգ-վեց  տարեկան էի, աշխարհն ինձ համար այնքան գունավոր ու պարզ էր, այնքան անկեղծ… Հիշում եմ՝ ինչպես էի երազում քրոջս ու եղբայրներիս պես դպրոց գնալ, բարձր գնահատականներ ստանալ: Այսօրվա պես հիշում եմ առաջին սեպտեմբերս ՝ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը: Նստել էի դպրոցական նստարանին ու մտածում, որ նոր կյանք է սկսվել ինձ համար… Եվ իրոք դա մի նոր կյանք էր՝ նոր գույներով ու պատկերներով: Տասը  տարի առաջ բացվեց իմ առջև գրքերի կախարդական աշխարհը, որն այսօր էլ իմ անբաժան ուղեկիցն է: Տասը տարի առաջ փոխվեց իմ կյանքը: Մի կողմ դրեցի սիրելի խաղալիքներս ու ձեռքս գրիչ վերցրեցի:

Արդեն տասը տարի է անցել: Տասը տարի… Այն այնքան երկար է  թվում, այնինչ ընդամենն ակնթարթ էր, որն անցավ՝ դառնալով հիշողություն: Անցած տասը տարիների  մասին  այսօր պատմում են   միայն հուշերս, լուսանկարներս և  այդ տարիներին ստացած և մինչ այսօր մնացած գիտելիքներս ու տպավորություններս:

…Երբեմն հետ եմ նայում ու փորձում համեմատել ինձ՝ տասը տարի առաջ և այսօր: Փոխվել է թե՛ արտաքինս և թե՛ ներաշխարհս: Այն ժամանակ անհոգ ու անփորձ երեխա էի և միակ զբաղմունքս էլ խաղալն էր, իսկ այսօր  արդեն քիչ թե շատ ճանաչում եմ աշխարհն ու մարդկանց, տարբերում լավն ու վատը, այսօր ես ունեմ հստակ նպատակներ և ձգտում՝ դրանց հասնելու… Այդ օրերից տասը տարի անց՝ այսօր, ես արդեն սովորում եմ ավագ դպրոցում՝ նոր հույզերով ու երազներով լցված: Տասը տարի անց ես բոլորովին այլ կերպ եմ տեսնում ու պատկերացնում աշխարհը:

Դպրոցական կյանքիս առաջին գարնանից տասը տարի անց աշխարհն այնքան էլ չի փոխվել ինձ համար: Նորից նույն գարուններն ու նույն աշուններն են, նույն երկինքն ու աստղերը: Ամեն ինչ գրեթե այնպիսին է, ինչ տասը տարի առաջ էր, միայն մարդիկ են փոխվել, այդ նրանք են սկսել  այլ կերպ տեսնել աշխարհը… Ես էլ բացառություն չեմ:

Հիշում եմ, թե տասը տարի առաջ որքան  էի սիրում  նստել բակում ու հաշվել աստղերը, երազում էի մի օր վերջապես հաշվել բոլորը, երազում էի տեսնել, թե ինչպես են վայր ընկնում աստղերը, և թե ինչ է լինում դրանից հետո: Այս բոլորն անցյալում  էր, այսօր արդեն գիտեմ, որ հաշվել աստղերն անզոր եմ, որ աստղերը չեն ընկնում… Բայց  երազանքներս այնքան էլ չեն փոխվել, ուղղակի այժմ ես ցանկանում եմ ոչ թե հաշվել աստղերը, այլ տեսնել դրանք, այնտեղ՝տիեզերքում…

Հետ եմ նայում ու հասկանում, որ տասը տարի առաջ և անց՝ և՛ փոխվել եմ, և՛ չեմ փոխվել…

Sona

Իմ և իմ աշխարհի մասին

Ես Սոնան եմ: Ապրում եմ Ակնալիճ գյուղում: Ես շատ եմ սիրում երազել. դրա համար ժամանակ եմ գտնում միայն գիշերը: Երբ պառկում եմ քնելու, միշտ երաժշտություն եմ լսում և ընկնում երազանքների գիրկը: Միևնույն ժամանակ, չեմ մոռանում վերադառնալ իրականություն, որովհետև ճիշտ ապրելու համար չպետք է կտրվել իրականությունից: Ես շատ ինքնավստահ եմ. մարդը պետք է իր ուժերի վրա վստահ լինի: Դա ապացուցելու համար պատմեմ մի դեպք: Մեր դպրոցում տեղի էր ունենալու Եղեռնի տարելիցին նվիրված նկարների ցուցահանդես: Իմ նկարները քիչ էին, և կազմակերպիչին ասացի, որ նորը կնկարեմ ու կբերեմ: Ես ունեի 2 օր նկարելու համար: Պատմության ուսուցչուհին ինձ առաջարկեց Պիկասոյի «Գերնիկա» նկարը, բայց ասաց, որ շատ բարդ նկար է, և ես դժվար թե կարողանամ նկարել: Ես տանը ուսումնասիրեցի այդ նկարը և որոշեցի, որ հենց դա պիտի նկարեմ: Նկարեցի շատ մեծ չափսի և ապացուցեցի, որ չստացվող ոչինչ չկա. միայն պետք է ցանկություն և վստահություն:

Սիրում եմ, երբ ընկերներս ինձ իրենց գաղտնիքներն են վստահում, խորհուրդ են հարցնում. դա ինձ համար ամեն ինչ արժե: Իսկ այ, ես չեմ կարողանում վստահել և իմ գաղտնիքներով կիսվել նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր ինձ վստահել են: Իմ աշխարհը փակ է, ես եմ փակ:

Ես ընկեր անվանում եմ միայն այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչում են ինձնից լավ: Մարդկանց մի քանի տեսակ կա. ըստ իս, ես մելանխոլիկ եմ: Պաշտում եմ մենակությունը, երբ մենակությունը լցնող հաճելի երաժշտություն կա: Մենության մեջ ամեն ինչ լուռ է, հանգիստ: Չկա որևէ մեկը, որ ինձ խանգարի, նյարդայնացնի: Հենց մենակ եմ լինում, անիմաստ օրս չեմ անցկացնում, այլ նկարում եմ, իսկ դա նշանակում է, որ հանգստություն է տիրում շուրջս: Ինձ երբեմն թվում է` ինձ միայն ես եմ հասկանում:

Նկարելիս աշխարհը գունավոր է թվում, ամեն ինչն է գունավոր` մարդիկ, տները, շենքերը, փողոցները և ամեն բան, բայց ինչպես ասացի, դա թվում է: Երբ նկարում եմ սև և սպիտակ գույներով, ամեն ինչ մի վայրկյանում խամրում է: Ես տխուր անձնավորություն չեմ, բայց սևի և սպիտակի մեջ մի ուրիշ զգացում կա, որը ձգում է ինձ: Միշտ չեմ ընդունել այն փաստը, որ մարդիկ ձգտում են այնպես ապրել, որ հանկարծ կողմնակի որևէ մեկը սխալ կարծիք չկազմի իրենց մասին: Ճիշտ է, դա վատ չէ, բայց հաճախ դա տանում է նրան, որ մարդը ինքն իր կարծիքը այլևս չի արժևորում: Մարդկանց կարծիքները նման են եղանակին. ամեն պահի կարող են փոխվել: Մարդ պետք է ապրի այնպես, որ իր խղճի առաջ «պարտքեր» չունենա, իսկ մնացածը հետին պլան մղված հարցեր են: Եվ վերջապես, լավ մարդ ասելով ամեն մեկը մի կերպար է պատկերացնում, և հնարավոր չէ բոլորին գոհացնել:

Մի տեսակ հուզառատ գրառում ստացվեց, բայց ես դրական, կենսուրախ և կատակասեր աղջիկ եմ: