Իմ էջը խորագրի արխիվներ

davit avagyan

Ծովահեն և ֆուտբոլիստ

Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ունեցել եմ մանկության շատ երազանքներ: Բայց ես ունեի մի երազանք, որը ավելի շատ էի ցանկանում, որ կատարվի: Հնարավոր է` ասածս արտասովոր թվա, բայց ես միշտ ցանկացել եմ ծովահեն դառնալ: Ինձ դուր էր գալիս ծովը, դուր էր գալիս ծովային արկածները, կախարդական վայրերը: Երևի բոլորն էլ տեսած կլինեն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը: Այդ ֆիլմի պատճառով ես շատ էի սիրում ծովահեններին, մանավանդ Ջեք Ճնճղուկին:

Բացի ֆիլմից կարդացել եմ նաև Էմիլիո Սալգարիի «Սև Ծովահենը», որտեղ Սև ծովահենը երդվեց բնաջնջել «բարեկամ-թշնամու» տոհմը, բայց սիրահարվելով թշնամու դստերը, մոլորության մեջ է ընկնում: Ու սերը հաղթում է ատելությանը, և նա չի սպանում այդ աղջկան:

Խորհուրդ կտամ անպայման նայել ու կարդալ թե ֆիլմը, թե գիրքը:

Ինձ թվում է՝ հարց կառաջանա, թե ինչու այս նյութի վերնագիրը դրեցի «Ծովահեն և ֆուտբոլիստ», չնայած որ դրանք իրար հետ կապ չունեն: Եթե միայն ծովահենի մասին գրեի նյութս, շատ կարճ կլիներ, դրա համար որոշեցի մի փոքր էլ ֆուտբոլի մասին գրել:
Ֆուտբոլիստ դառնալը նույնպես իմ երազանքներից է եղել: Իմ սիրած թիմը Բարսելոնան է: ՊՍԺ – Բարսելոնա (4-0) արտագնա խաղից հետո բոլորը ծաղրում էին Բարսելոնային, հատկապես Ռեալի երկրպագուները: Բայց մենք հավատում էինք, որ հաջորդ խաղում Բարսելոնան կկարողանա հաշվի մեջ առաջ անցնել, չնայած որ համարյա թե հույս չկար: Ես վստահ էի, որ նա կկարողանա կոտրել փարիզյան գրանդի դիմակայությունը և անցնել հաջորդ փուլ… Այդպես էլ եղավ: Գրեթե հույս չկար, բայց կատալոնական ակումբի սաները վերջին 8 րոպեում կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել ֆրանսիացիների դարպասը և դրանով իսկ ապահովել Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակչի ուղեգիրը: Կատալոնական ակումբի սաներին և երկրպագուներին այս հաղթանակը ամենից շատ հարկավոր էր նրա համար, որ «փակվի շատերի բերանները»:

Ես նաև միասին եմ գրել այս երկու թեմաները, որովհետև երկուսն էլ պայքարելու ձգտում ունեին և կարողացան իրենց նպատակին հասնել: Ես հասկացա, որ եթե ուզում ես նպատակիդ հասնել, պետք է անպայման պայքարես:

arman arshak

Ամեն անգամ մի նոր բան ավելացնելով

Երևի շատ քչերը կլինեն, որ չեն համաձայնի ինձ հետ ու մտքում կասեն, որ իրենց մանկությունը այդպես չի եղել, բայց վստահ եմ՝ շատերը կհաստատեն։ Կհաստատեն այն փաստը, որ երբ փոքր տարիքում բարեկամներն ամեն անգամ սեղանի շուրջը հավաքվելիս հարցնում էին. «Բա որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու», պատասխանը լինում էր տարբեր՝ ոստիկանից միչև տիեզերագնաց, պարողից միչև նկարիչ։ 

Եվ այդպես, 5-րդ դասարանում որոշեցի, որ պետք է դառնամ քննիչ, ինչպես յուրահատուկ է բնավորությանս՝ հետազոտող, քննող, մեկնաբանող ու հետաքրքրվող։ Ապագա քննիչի գաղափարը մնաց միչև 8-րդ դասարան, սակայն շուտով բացահայտեցի բնագիտական կողմնորոշվածությունս ու հասկացա, որ հումանիտար ուղղության շարունակող չեմ կարող լինել։ Որոշեցի ընտրել մենեջմենթը. այս գործում կսառեին իմ հետաքննողական ու քննչական հետաքրքրությունները։ Ու հենց այդ բնավորությունս թույլ չտվեց քայլել միայն մենեջմենթի ճանապարհով։ Ստեղծեցի հնարավորություն լինելու նաև հումանիտար ուղղությունում և թույլ չտալու, որ հետաքրքրություններս սառեն։ Միայն մենք ենք ընտրում, թե որ ճանապարհով քայլել, իսկ քայլել միայն մեկ ճանապարհով, պարզապես նշանակում է ճաղավանդակների հետևում թողնել այն հետաքրքրությունները, որոնք կարող ենք զարգացնել։ Ես շարունակում եմ որոնել, սակայն ամեն անգամ մի նոր բան եմ ավելացնում արդեն որոշածներիս:

Ձեզ հետ էր ապագա ֆինանսների գծով կառավարիչ, մարկետոլոգ, լրագրող, լուսանկարիչ, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, հասարակական գործիչ ու… Յուրաքանչյուրս կարող ենք կազմել մեր այս ցուցակը՝ տարեցտարի ավելացնելով այն։

heghine enoqyan

Թատրոնից մինչև ձիավարություն

Ես Հեղինեն եմ: Առաջին հայացքից մարդիկ մտածում են, որ չշփվող և չխոսկան եմ, բայց դա այդպես չէ: Իրականում մտերիմներս շատ կուզեին, որ այդ փաստը ճիշտ լիներ: Ընկերներիս շրջապատում ես ակտիվ եմ, աշխույժ և շատախոս: Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ ընտրել թատերագետի մասնագիտությունը: Նրանց կարծիքով թատերագետը պիտի միշտ բարձր խոսի, քննադատի և վիճի: Բայց մենք վերլուծում ենք, տալիս խորհուրդներ և արտահայտում մեր կարծիքը:

Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ եղել է արվեստի շունչը: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ գրքեր և քննարկել ընտանիքիս հետ: Նվագում եմ դաշնամուր օրվա տարբեր ժամերին, և կապ չունի՝ մեր հարևանները ուզո՞ւմ են լսել ինձ, թե՞ ոչ: Վերջերս սկսել եմ սովորել հայկական պարեր: Մասնակցում էի տարբեր միջոցառումների, ու նախանձով նայում, թե ինչպես են հայրենակիցներս պարում մեր պարերը, ու ինքս ինձ խոստացա, որ անպայման պիտի սովորեմ: Վախենում եմ բոլոր կենդանիներից, և այդ վախը հաղթահարելու համար սկսեցի ձիավարել սովորել: Հենց առաջին օրն ընկա զվարճալի պատմության մեջ: Մի քանի շրջան պտտվելուց հետո, երբ եկավ իջնելու ժամանակը, գլուխ բարձրացրեց վախը, բայց այս անգամ՝ արդեն բարձրությունից: Ձիուց մինչև գետին ընկած հատվածը ինձ ահռելի տարածություն էր թվում: Չնայած ներքևում գտնվողների հորդորներին՝ չէի էլ պատրաստվում իջնել, երբ վերջապես ինձ օգնության հասան:

Սիրում եմ շրջել Հայաստանի տարբեր վայրերում, լուսանկարել և ուսումնասիրել պատմամշակութային կոթողները: Հայաստանի ամեն մի գողտրիկ անկյունում անսպասելի կարող ես բացահայտել մի ամբողջ դարաշրջանի պատմություն:

seda harutynyan-2

Իմ Բադալյանին

-Դե, Սեդա ջա՛ն, լավ մնացեք, բան պետք լինի՝ զանգիր։
-Մենք էլի կտեսնենք իրար, չէ՞:
-Անպայման, ի՛մ աղջիկ։
Երբ խոսքեր չկան․․․
Կյանքիս ամբողջ ընթացքում ասես սպասեի այդ պահին։ Դա այն օրն էր, երբ հասա երազանքիս։ Կարծում էի, թե այդ էմոցիաների մասին անգամ մի քանի նյութ եմ ուղարկելու 17.am-ին, որովհետև ամենաերջանիկ օրն էր դա ինձ համար։

-Սեդ, Արթուրը ո՞նց ա։
-Ի՞նչ Արթուր։
-Դէ չեմպիոնդ, որ շատ ես սիրում։
-Է՜, չեմ սիրում ես իրեն ու չգիտեմ` լավ է՞, թե՞ չէ։
-Էլ մի, լավ է՜, դու էլ, չե՞նք տեսնում, գնացիր` նկարվեցիր, եկար, դեմքիցդ տխրությունը չի իջնում, արդեն կարոտե՞լ ես։Շա՜տ հաճախ այսպես կատակում են կուրսընկերներս։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Կարոտի զգացումը իսկապես խեղդում է, բայց ո՞ւմ եմ այսքան շատ կարոտում։ Չնայած այստեղ մտածելու բան էլ չկա անգամ։ Քեզ եմ կարոտել, հարգելի՛ Արսեն։

-Իսկ հիմա ասեք, թե ո՞վ է ձեզ համար օրինակելի և ո՞ւմ կուզեիք նմանվել,-ասաց ուսուցչուհիս։
Արձագանքների մեջ լսեցի. «Հայրս, մայրս, պապս»,-և այլն։ Իմ պատասխանը տարբերվեց.
- Ինձ համար օրինակելի է Արսեն Բադալյանը և միակ մարդը, ով ինձ օրինակ կարող է ծառայել՝ նա է։
-Իսկ ծնողնե՞րդ,- հարցրին կուրսընկերներս՝ զարմացած։
-Դուք չեք հասկանա ինձ։ Ծնողներս ինձ լավ ապրելու դասեր են տալիս, իսկ պարոն Բադալյանը, ախր ինքը իմ մեջ մի նոր կյանք է արթնացնում, երազանքներին հավատալն է արթնացնում ու․․․
-Սեդա ջան, աչքերդ լցվեցի՞ն։
-Չէ, ընկեր Հարությունյան, սպասեք՝ ավարտեմ խոսքս։ Ինքը էն մարդն է, ում ես ընտանիքիս անդամն եմ համարում։ Իր ասած ամեն մի բառը, ամեն մի տառը ինձ համար այնքան նշանակություն ունի։ Օրինակելի է ամեն հարցում։ Օրինակելի հայր, օրինակելի ընկեր, օրինակելի մարդ։ Ինքը էն մարդն է, ով դիմացինի երջանկության համար սեփականն էլ կտա։ Ուզում եմ նմանվել իրեն ամեն հարցում։ Ունենամ իր հումորի զգացումը, ունենամ իր բարությունն ու ընկերասիրությունը, ամենակարևորն այն է, որ ուզում եմ լինել նույնքան սիրված ու թանկ մարդ շրջապատիս համար, ինչպես Արսեն Բադալյանն է իր ընկերների ու շրջապատի համար։
Կարոտել եմ քեզ իմ սիրելի ընկեր։ Կզարմանաս, որ առաջին անգամ քեզ դու-ով եմ դիմում, բայց հիմա ես քեզ ընդունում եմ որպես իմ ընկեր։ Կա ժամանակ դու ինձ հայր ես, կա ժամանակ՝ եղբայր, կա ժամանակ՝ ընկեր։

…Բարև։ Ես Սեդա Հարությունյանն եմ։ Հպարտանում եմ գիտելիքներովս, ընտանիքովս, ընկերներովս և քեզանով՝ իմ Բադալյան։

Angin Araqelyan

Ճանաչեք նաև ինձ

Ես Անգինն եմ, ապրում եմ Գյումրիում` իմ ծննդավայրում: Ունեմ շատ երազանքներ. շրջագայել ամբողջ աշխարհով, սովորել արտերկրում, հանգստանալ հանրահայտ կղզիներում, ճանապարհորդել դեպի ծովի հատակը: Սիրում եմ նկարչությունը, սիրում եմ երգել, սակայն ականջակալներով. այդպես ինձ տաղանդավոր եմ զգում: Ցանկանում եմ դառնալ լեզվաբան կամ զբոսավար: Իմ կյանքի կարևոր մասերը բաժին են ընկնում գրքերին և ֆիլմերին, դրանցից ես շատ բան եմ սովորում: Երբեմն քնելիս ինձ պատկերացնում եմ ֆիլմի սցենարիստ և փոխում եմ դեպքերի ընթացքը իմ ցանկությամբ: Հետո սթափվում եմ ու փորձում քնել. չէ՞ որ առավոտյան դասի եմ:

Դպրոցում գերազանցիկ չեմ, հարվածային եմ: Սովորում եմ այն առարկաները, որոնք ինձ դուր են գալիս: Ապրում եմ այն հույսով, որ պատմության մեջ կմնամ իմ որևէ արարքով: Երբեմն գրում եմ ուղղակի՝ առանց մտածելու: Գրում եմ օրվա մասին՝ ինչպես սկսվեց, ինչպես ավարտվեց: Համաձայն եմ Չեխովի հանրահայտ արտահայտության հետ. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի կատարյալ»: Ունեմ սիրած քաղաքական գործիչ՝ Ուինսթոն Չերչիլը: Սիրածս երկիրը Իտալիան է, սիրածս քաղաքը՝ Նյու-Յորքը:

Հիանալի բաներ են արևայրուքը, գարեջուրը և խեցգետինը, ուղիղ և սպիտակ ատամները, ծովը, ավազը, արմավենին, քունը և ազատ ժամանակը:

Suren Ghazaryan

Պատճառներ

Մենք բոլորս էլ ինչ-որ բան ապացուցելու կամ համոզելու համար պատճառներ ենք փնտրում, երբեմն ստացվում է համոզել մարդկանց, երբեմն՝ ոչ, բայց ինչպես ասում են. «Փորձը փորձանք չի և փորձել միշտ էլ կարելի է»։ Հիմա ես կպատճառաբանեմ իմ պասիվությունը ու հուսով եմ կհասկանաք ինձ։

Առաջին պատճառը թեմայի բացակայությունն է, գիտեմ՝ դա շատ տարածված պատճառաբանություն է, սակայն ինձ մոտ իսկապես մտքի ճգնաժամ էր։ Ես միայն դասերս էի անում ռոբոտացած և ուրիշ ոչնչի համար ժամանակ չէի գտնում։ Մարտունում էլ կարծես կյանքը կանգ էր առել։ Իմ կարծիքով, յուրահատուկ ոչինչ տեղի չէր ունենում։

Պատճառներից երկրորդը ձմեռն ու դասերն էին։ Այս տարի ձմեռն իր հետ միայն ցուրտ բերեց, իսկ դասերից կտրվելը, փաստորեն անհնար էր։ Պատկերացրեք. ձմռան ցրտին կտրել այդքան ճանապարհ, որպեսզի հասնել դպրոց, իսկ դպրոցում անհնար էր ինչ-որ բանի վրա կենտրոնանալ։ Բայց դե, եկավ գարունը՝ իր հետ բերելով արեգակ ու ջերմություն, ինչպես նաև նոր մտքեր ու մտահղացումներ։

Երրորդ ու ամենակարևոր  պատճառը ես եմ, ես ու իմ բնավորությունը։ Իմ առօրյան ու ապագայի սպասումները, հույսերը ու հուզմունքը, սակայն ես կփորձեմ փոխվել ու կսկսեմ հենց հիմա, հենց այս նյութից։ Հուսով եմ այս նյութը ինձ տեղից կշարժի, չեմ կանգնի ու պատճառաբանություններ ման գամ, կսկսեմ գործել:

Ինչպես ասում են՝ չաշխատելու համար պատճառներ են փնտրում, իսկ աշխատելու՝ միջոցներ:

levine hambardzumyan

Ես էլ եմ 17-ից

Ես դեռ մանկուց երազում էի լրագրող դառնալ: Մի օր ընկեր Ներսիսյանը մտավ դասարան, ընտրեց բոլոր լավ սովորող աշակերտներին և ուղեկցեց մեր շատ սիրելի համակարգիչների դասասենյակ: Ես սկզբից մինչև վերջ լուռ հետևում էի 17-ի խմբի անդամներին: Երբ սեմինարը վերջացավ, ես այնքան ոգևորված էի, որ արագ մոտեցա Լիլիթին և ավելի մանրամասն տեղեկացա դասընթացին մասնակցելու մասին: Եկա տուն, պատմեցի մայրիկիս և ամբողջ օրս տրամադրեցի նյութեր գրելուն: Ուղարկեցի հայտը և երկու շաբաթից ինձ զանգահարեցին և ասացին, որ ես ընտրվել եմ դասընթացներին մասնակցելու համար:

Ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այդ դասընթացին, քանի որ շատ բան սովորեցի: Հետո սկսեցի թղթակցել և իմ գրած նյութերը պարբերաբար հրապարակվում են կայքում: Ես շատ եմ սիրում «17.am»-ը, և անձնակազմի բոլոր անդամներից շատ շնորհակալ եմ թե խորհուրդների համար, թե համբերատար մեզ հետ աշխատելու:

ahanit gasparyan gyumri

Ուրեմն, հասցրեցի

Ես Անահիտն եմ: Սովորական աղջիկ, բոլորի նման, ով սիրում է երազել մեկ-մեկ թեկուզ անհույս, բայց ամեն դեպքում: Ասում են՝ գովասանքը խրախուսում է մարդկանց, բայց որոշ դեպքերում «փչացնում է» նրանց, բայց անկախ ամեն ինչից, ես սիրում եմ, որ ինձ գովում են իմ ընդունակությունների, կրեատիվության, ինչու ոչ, նաև արտաքինիս համար: Սիրում եմ, երբ առավոտյան բացում եմ աչքերս, նայում պահուհանից դուրս և ինքս ինձ մտածում, որ սա նոր օր է, և այն իմն է լինելու: Սակայն սիրում եմ նաև այնպիսի օրեր, երբ արթնանում եմ այն գիտակցությամբ, որ այսօր իմ ազատ օրն է, որ կարող եմ իմ սիրելի և հարմարավետ գիշերազգեստով շրջել տանը մինչ կեսօր, հաճախ ավելի ուշ… Սիրում եմ, երբ մարդիկ հասկանում են ինձ կես խոսքից, սակայն ցավոք, նրանք այնքա~ն քիչ են: Իրականում չեմ սիրում շփվել այն մարդկանց հետ, ովքեր իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն, բայց ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ ինքս եմ այդպիսին: Չեմ սիրում, երբ ինձ քննադատում են, բայց չեմ նեղանում, այլ փորձում եմ անտեսել կամ հետևություններ անել, փորձում եմ ինքս զերծ մնալ քննադատություններից, քանի որ մինչև չանցնես մարդու անցած ճանապարհով, մինչև չզգաս այն, ինչ ինքն է զգացել, երբեք չես կարող հասկանալ նրան: Եվ առհասարակ, կարծում եմ, պետք չէ քննադատել որևէ մեկին, որովհետև չգիտես ինչ իրավիճակում կհայտնվես դու հաջորդ րոպեին: 

Սիրում եմ կյանքով լեցուն ու ակտիվ երիտասարդներին, նրանք նման են գարնան, որը բերում է նոր հույս, ապրելու նոր իմաստ: Ինքս փորձում եմ լինել այդպիսին, բայց հաճախ եմ ծուլանում, հիմնականում համակարգչի կամ ընտանիքում տիրող ջերմ մթնոլորտի պատճառով: Նաև երջանիկ եմ, որ չեմ ծնվել այս տեխնոլոգիական սարքավորումների շրջանում, ամբողջովին վայելել եմ մանկությունս: Չնայած հիմա, մեծ տարիքում, ինչքան էլ որ օգտակար է տեխնոլոգիան, միևնույն է, այն խանգարում է ինձ շփվել ծանոթներիս, ընկերներիս, նույնիսկ ընտանիքիս հետ:

Շատ եմ սիրում սովորել, բայց հիասթափվել եմ այն ուսումնական հաստատությունից, որտեղ սովորում եմ, կամ միգուցե փոփոխություններ սիրող մարդ եմ ու արդեն հոգնել եմ չորս տարի նույն տեղում սովորելուց: Հաճախ ենք կատակում ընկերներով, որ արդեն շատ «հին» ենք այստեղ:

Սիրում եմ Գյումրիս` իմ արվեստների ու արհեստների քաղաքը, իմ երիտասարդական մայրաքաղաքը, բայց ցավոք սրտի չեմ տեսնում իմ ապագան այստեղ: Մասնագիտությամբ թարգմանիչ-գործավար եմ: Դե, վատ չէր լինի ավելի «թեթև» մի բան ընտրել բայց էլի չեմ բողոքում:

Սիրում եմ նվագել կիթառ: Հինգ տարի հո հենց այնպես չեմ սովորել երաժշտական դպրոցում: Երբեմն էլ սիրում եմ լսել ընկերներիս «անտաղանդ» երգերն ու նվագները: Սիրում եմ դասերից հետո ընկերներիս հետ շտապել ինչ-որ տեղ, ճանապարհին հասկանալով, որ քաղցած ենք ու դժվար կարողանանք տեղ հասնել, մտնել պատահած խանութ, գնել մեր սիրելի հացն ու հալած պանիրը, գնալ «մեր տեղը»՝ քաղաքի կենտրոնում գտնվող շենքի տանիք և ուտել հացն ու պանիրը և վայելել քաղաքի տեսարանը:

Մի խոսքով, երևի արդեն շատ երկար ստացվեց: Չգիտեմ էլ՝ հետաքրքրեց, թե չէ, բայց հույս ունեմ, որ մի օր նորից կգրեմ, թե ով եմ ես, բայց հաջորդ անգամ ավելի մանրամասն:

Էլի երկարում է: Այնքան հոգնած եմ, որ չգիտեմ էլ. կհասցնեմ ուղարկել 17.am-ին, թե կքնեմ հենց համակարգչիս առաջ…

Artur Sahakyan

Սա էլ ես

Ո՞վ եմ ես, դժվար հարց է, այս հարցին հստակ պատասխանելու համար, երևի մի ամբողջ ձմեռային գիշերն էլ չբավարարի:

Դե ինչ արած, փորձեմ ուղղակի ու անկեղծ պատասխանել: Ինքնահավանի մեկը: Հենց այսպիսին եմ, եթե ասեմ՝ բառիս բուն իմաստով, ապա մի փոքր չի համապատասխանի իմ անձին: Ինչըղ կըսեն մեր լեննագանցի՞ք.  «Գլուխ ունինք, կգովանք»: Ընդամենը 16 տարեկան եմ, բայց ունեմ շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրոք թանկ են ինձ համար: Չնայած ի՞նչ եմ խոսում, երևի հազարից մեկն է կարողանում ինքն իրենով ապրել: Ինչևէ, չեմ սիրում ձևականություններ, էն մանր-մունրի համար խոսելը անիմաստ եմ համարում, մի երկու բան էլ անկեղծանամ ու…

Կսիրեմ մեր Լեննագանի բարբառը, չնայած օր հենց լեննագանցի չեմ: Երևի սկզբում պետք է նշեի, որ գյուղից եմ՝ Շիրակի մարզի Գուսանագյուղից, բայց դե էսպես ստացվեց: Հիմա կմտածեք՝ ալարկոտ եմ, չէ՞, որ չփոխեցի շարադրանքիս հերթականությունը: Ալարկո՞տ, մի բառով կասեմ՝ չէ՛: Ձգտումն ինքնին փորձում է մարդու միջից հանել ալարկոտությունը, դե, ես էլ ունեմ նպատակներ, իսկ նպատակը առանց ձգտման, ըստ իս, էլ նպատակ չէ:

Գժություններ, բարձր երաժշտություն, պար ու ես: Բայց իրավիճակի լրջությունը միշտ եմ փորձում հասկանալ: Գժական «լեզգինկա». երևի թե հենց սա էլ իմ հոբբին է, բայց այդ ոճը ինձ չի խանգարել սովորել նաև հայկական պարեր:

Մի բան էլ առօրյայիցս. չեմ սիրում, որ ինձ դիմելուց՝ անունիս վերջում ավելացնում են -իկ վերջավորությունը, հակառակը սիրում եմ, երբ մտերիմ մարդիկ դիմում են անունիս կրճատ ձևով՝ Արթ:

Մի քանի տարի անց, ըստ իմ պլանների, կընդունվեմ ԵՊՀ-ի Իրավաբանական բաժինը: Չեմ խոստանում, բայց երևի մի օր լսեք իրավաբան Արթուր Սահակյանի մասին:

ashot tadevosyan

Խզբզանք…

Ասում են՝ աշխարհի ամենադժվար պատասխանները տրվում են ամենահեշտ հարցերին.

Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում, ինչի՞ եմ սպասում ու ձգտում: Ջոն Լենոնը երևի կասեր, որ երազող եմ:
Ես կհամաձայնեի նրա հետ: Ես իրոք երազում եմ: Բայց, կներեք, չեմ երազում թանկ մեքենաների կամ հագուստների մասին, ոչ էլ մաքուր քաղաքի կամ ասֆալտապատած փողոցների: Ես երազում եմ իմ մասին: Իմ տպավորությունների, փորձի… Իմ Ես-ի…

Ես սարսափելի եսասեր եմ՝ իմ երկու վերջին սերերը ինձ հենց այդ պատճառով էլ թողել են: Կարծում եմ՝ մինչև ինքդ քեզ չսիրես, աշխարհը չես սիրի… Կարծեմ՝ Քրիստոսն է ասել, թե՞ Բուդդան… Արդեն չեմ հիշում:
Ափսոս, որ էդ ընտիր միտքը առաջինը իմ դմբո գլխում չի ծագել:

Հա՛, հիշեցի… Ես ահավոր արևմտամետ եմ: Չէ՛, Թրամփին չեմ սիրում. սիրում եմ բարքերի ազատությունը, սիրում եմ խելառ կյանքը, որ էնտեղ գովերգում ու գովազդում են ու մեկ էլ սիրում եմ Կոկա-կոլա: Չեմ սիրում, որ աղջիկները կամ, որ ավելի վատ է, տղաները նվնվալով են խոսում ու բառերը «գլամուր» դարձնում:

Այսքանը, երևի, հերիք է… Բարսելոնայից չեմ խոսում, սպասում եմ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից հետո բոլոր մադրիդիստներին տեղը դնեմ՝ նոր:  Հա ու մի բան էլ.  իմ բոլոր ընկերները, անխտիր բոլորը, ինձ հակառակ, Ռեալին են երկրպագում, կամ ֆանտա են սիրում, կամ Սևակ ու Կոելյո ցիտում ֆեյսբուքում: Նման բաները վրաս ազդում են: Էնքան հոգնած եմ, գիշերն էլ չեմ քնել, չեմ էլ պատկերացնում, ոնց եմ կինոյի դասին  նստելու:

Մի խոսքով…
Գրկում եմ՝Աշոտ: