Իմ էջը խորագրի արխիվներ

sona mkhitaryan

Եկեք սիրենք մեր անունները

Ես սիրում եմ իմ անունը: Հա, արդեն սիրում եմ: Շատերը չեն սիրում իրենց անունները, ես էլ, երբ տասը տարեկան էի, ասում էի.

-Մամ, ինչի՞ եք անունս Սոնա դրել: Լավ անուն չի:

-Բալես, ես ուզում էի Լիլիթ դնել, պապադ չթողեց:

Ասում էի` անունս փոխելու եմ, դնեմ Լիլիթ: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ, եթե իմ անունը հայրս է որոշել, ինչո՞ւ փոխեմ, եթե այն իսկապես գեղեցիկ անուն է, ինչո՞ւ փոխեմ, եթե ես էլ եմ սկսել սիրել այն, և վերջապես, ինչպես կարելի է փոխել արդեն կնքված անունը:

Գիտեմ, կան այնպիսի անուններ, որոնք հնաոճ են համարվում (Եպրաքսյա, Փառանձեմ, Հայկուհի և այլն), բայց չէ՞ որ այդ անունը հայրդ է դրել, չէ՞ որ այդ անունը քո հայրիկի մայրիկի անունն է: Անունը հպարտություն պետք է առաջացնի: Կան անուններ, որոնք մեզ շատ հարազատ են դարձել, ու կան մարդիկ, ովքեր ասում են. «Շատ կուզեի անունս լիներ Արինա, Իննա, Յանա» և այլն:

Ինչո՞ւ եք վազում այլազգի, ավելի ժամանակակից անունների հետևից: Չէ՞ որ մենք ունենք մերը, մեր հայկականը:

Կան անուններ, որ մենք դիտմամբ չենք արտասանում, պահում ենք, որ մնան միայն մեր մտքերում, որ էլի մեկինը չդառնան: Այն կրողը միշտ կարևոր է ու թանկ: Մենք պահում ենք այն միայն մեզ համար: Երբեմն էլ նույն այդ անունը բարձրաձայնելու չգիտակցված ցանկություն է առաջանում: Մենք կրկնում ենք այդ անունն այնպես, կարծես այն արտասանելը մեզ ավելի շատ ու ավելի ամուր կապերով է կապում այն կրողի հետ, կարծես ավելի հարազատ է դարձնում ու ավելի մտերիմ, կարծես մի արդարացված իրավունք է տալիս մեզ` այն մեր կյանքի մի մասը համարելու: Մեզ համար կարևոր պատմություններում մենք տեղավորում ենք այդ անունը, իսկ անկարևորները դարձնում ենք կարևոր այդ անունով:

Ani v. Shahbazyan

Դատարկություն

Դու հենց նոր կարդացիր նյութիս վերնագիրը և որոշեցիր այն կարդալ: Ինձ թվում է` չես զղջա և կհամաձայնես ինձ հետ: Լավ, ինչևէ: Ուզում եմ խոսել դատարկության կարևորության մասին:

Չգիտես ինչու, մարդիկ դատարկությունն ասոցացնում են բացասական զգացողությունների հետ և միշտ բացասական են վերաբերվում դրան: Բայց նրանք չեն էլ պատկերացնում, որ դատարկությունից է սկսվում ամեն ինչ: Լավ, հիմա բացատրեմ: Մարդիկ վերցնում են դատարկությունը, շուրջը կառուցում են պատեր, և այն դառնում է տուն: Ավելին, ինչքան մեծ է տան ներսի դատարկությունը, այնքան բարձր է դրա գինը: Մարդիկ ընտանիք են կառուցում և ապրում են այդ տան մեջ՝ գնահատելով միայն տունը, բայց ոչ դրանից առաջ եղած դատարկությունը:

Դու հիմա կարդում ես և փորձում հասկանալ, կամ էլ չես հասկանում: Լավ, կարող եմ էլի օրինակներ բերել: Վերցնում ենք մի բուռ դատարկություն, շրջապատում ենք այն կավով և արդյունքում ստանում ենք ծաղկաման: Ծաղկամանը դառնում է գործածելի հենց դատարկության հաշվին: Կամ վերցնում ենք 100 քառակուսի մետր դատարկություն, շուրջը բետոնապատում ենք, մեջը լցնում ենք ջուր և արդյունքում ունենում ենք լողավազան:

Նույն կերպ էլ մարդիկ են փորձում օգտվել իրենց ներսի դատարկությունից, որպեսզի հասնեն հաջողության: Բայց ինձ չի թվում, թե դա մարդկանց դեպքում աշխատում է: Լավ, հանգիստ թողնենք մարդկանց:

Հըն, դո՞ւ էլ կարևորեցիր դատարկությունը: Մինչ մտածես` այն կարևոր է, թե չէ, ես գնացի: Դատարկությունն ինձ է սպասում, գնամ վերցնեմ այն և փորձեմ ինչ-որ բան պատրաստել:

Mane Babajanyan

Ձմռան հետ սկսվող խնդիրներ

Ահա նորից ձմեռ է, բայց այս անգամ սովորականից ավելի ձնառատ ու ցուրտ: Դե, ճանապարհներն էլ, մեղմ ասած, անմխիթար վիճակում են:
Այսօր ճանապարհին գրեթե ամեն քայլափոխի հանդիպեցի մեքենաների, որոնք կանգնել ու չէին կարողանում շարժվել տեղից՝ ձյան ու սառույցի պատճառով:
Մայթերի վրա ձյունը սառել, կպել էր գետնին, ու քայլելիս պետք է մեծ զգուշությամբ ընտրես քայլերդ, որպեսզի գետնին չհայտնվես: Էլ չասեմ, որ տասնհինգ րոպե տևող ճանապարհն անցա մեկ ժամում, որովհետև քայլում էի շատ դանդաղ և զգույշ, որ չընկնեմ:

Տարեց մարդկանց այս օրերին դրսում գրեթե չես հանդիպի, երիտասարդներն են վախենում դուրս գալ տանից, էլ ուր մնաց ծեր մարդիկ: Փողոցի մի կողմից մյուսն անցնելն անհաղթահարելի խնդիր է դարձել, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հետ ստիպված քարշ են տալիս կիլոգրամներ կշռող տոպրակներ, դե, Ամանոր է: Հա, այսօրվա տեսածս ամբողջ դեպքերի մեջ մի դեպք միայն մեծ ազդեցություն գործեց ինձ վրա ու մտածելու տեղիք տվեց:
Եղեգնաձորի կենտրոնական փողոցներից մեկում կանգնած էին մեքենաներ, ու երբ կարմիր լույսը փոխվեց կանաչի, մեքենաները շարունակեցին իրենց ընթացքը, բայց մի մեքենա մնաց կանգնած, ավելի ճիշտ՝ ջանք չէր խնայում, որ մեքենան «պոկվի» տեղից, բայց ապարդյուն: Անիվները պտտվում-պտտվում, բայց չէին կարողանում առաջ շարժվել, պատճառն, իհարկե, չմաքրված ճանապարհներն էին: Բայց սա պատմության մի փոքր մասն է միայն: Երբ մի փոքր մոտեցա մեքենային ՝ առաջինը, որ գրավեց ուշադրությունս, վարորդի վրդովված հայացքն էր, որն ասես վայրկյան առաջ ուզում էր շարժվել, կարծես թե շտապում էր: «Երևի Նոր տարվա պատրաստություն են տեսնում, րոպե առաջ ուզում են տուն հասնել, շատ գործ կունենան՝ բա ամեն ինչ տեղը տեղին չանե՞ն»,- մտածեցի ես ու դեմքիս մի սառն ու արհամարհական ժպիտ հայտնվեց, որի համար, ի դեպ, հետո շատ զղջացի:
Իրականում պարզվեց, որ մեքենայի հետևում նստած է վարորդի կինը՝ գրկին իրենց երեխան, որը հազիվ 2-3 տարեկան լիներ: Ինչպես հասցրի հասկանալ այդ ընթացքում, նրանց մեքենային մոտեցած երիտասարդի ու վարորդի զրույցից, փոքրիկը երեք  օր է, ինչ ջերմում է, և ոչ մի կերպ չեն կարողանում իջեցնել ջերմությունը: Ստիպված երեխային ուզում են տանել հիվանդանոց: Երիտասարդն օգնեց մեքենան շարժել տեղից, ու երեխային հասցրին հիվանդանոց: Չգիտեմ՝ հիմա փոքրիկն ինչ վիճակում է, բայց հուսով եմ, որ լավ է արդեն:
Բայց այս ամենը չէր լինի, եթե փողոցները փոքր-ինչ բարվոք վիճակում լինեին: Եթե այդ երիտասարը չմոտենար, ո՞վ գիտի, թե մեքենան դեռ որքան կմնար կանգնած, մանավանդ, երբ ներսում հիվանդ երեխա կար:
Երբ ձյունից մաքրված չեն երկրորդական ու ծայրամասային փողոցները, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ կենտրոնական փողոցներն են այդ վիճակում, որտեղ երթևեկությունը գրեթե չի դադարում, իրոք անհանգստացնող խնդիր է: Իսկ ո՞վ պետք է զբաղվի այդ հարցով: Չգիտեմ:
Եկեք Նոր տարուն ոչ թե մրցակցության մեջ մտնենք միմյանց հետ, թե ում սեղանն է ավելի ճոխ, ում պատրաստած տոլման է ավելի համեղ, ով մի միրգ ավել կամ պակաս դրեց սեղանին, այլ փորձենք ավելի ուշադիր ու ներողամիտ լինել մեզ և մեր շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ: Չէ՞ որ Ամանորի կախարդանքը միայն ուտելու ու իրար զարմացնելու մեջ չէ, եկեք պահենք տոնի իրական խորհուրդը:

serine harutyunyan

Լռության ժամ

Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…

Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…

Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…

artur badoyan

Շնորհավոր նոր տարի

Է՜, հոգնեցի տանը նստելուց, ի՞նչ անեմ, մի քիչ զբաղվեմ: Եվ մտքովս մի հետաքրքիր բան անցավ: Որոշեցի դուրս գալ տանից և մի քիչ ման գալ ու տեսնել, թե ինչ են անում մարդիկ մինչ Նոր տարին: Որոշեցի ու գնացի: Դրսում շատ հետաքրքիր էր, ամեն քայլափոխի մարդիկ միայն առևտրով էին տարված, հոգնեցի, բայց միևնույնն է, հետաքրքիր էր:

Քայլեցի և ճանապարհին մի մեծ և նոր խանութ տեսա: Լսել էի, բայց չէի տեսել այդ խանութը: Երբ մտա, զարմացա, որ այդքան գեղեցիկ խանութ էլ կա: Ու մի պահ մոռացել էի, որ հաջորդ օրը քույրիկիս ծննդյան օրն է, և ես ոչինչ չեմ արել: Փուչիկներ, նվերներ ու ժապավեններ գնեցի ու շտապեցի տուն: Գաղտնի մտա սենյակս, որ քույրս չտեսնի իմ պատրաստած անակնկալը: Ամեն ինչ դասավորեցի ու սպասում էի հաջորդ օրվան: Նախօրոք մեր հարևանին խնդրեցի, որ մի քանի ժամով զբաղեցնի քույրիկիս, մինչ ես կզարդարեմ մեր տունը: Առավոտյան իմ սենյակից դուրս չեկա, մինչև քույրս գնար: Շուտով զանգ եկավ, զանգողը մեր հարևանն էր.

-Կարինե ջան, բարև, կգա՞ս մեր տուն՝ սուրճ խմենք:

Քույրս գնաց, իսկ ես արագ սկսեցի տունը զարդարել մինչ նրա վերադառնալը: Վերջացրի և սպասում էի նրա գալուն, երբ արագ ներս եկան հարևաններն ու քրոջս ընկերուհիները, ու երկու րոպե չանցած՝ ներս եկավ քույրս:

Բոլորը սկսեցին ասել «շնորհավոր», իսկ ես պատահական ասացի.

-Շնորհավոր Նոր տարիդ:

Բոլորը սկսեցին ծիծաղել: Ես էլ ծիծաղեցի իմ ասածի վրա:

hakob melqonyan

Երազանքի հետևից

Այդ օրը սովորականի նման գնացի դպրոց: Երկրորդ ժամին եկան և հայտնեցին, որ Երիտասարդական հիմնադրամը մեր դպրոցից մի քանի աշակերտի իր հովանավորությամբ ուղարկելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երբ կարդացի ընտրվածների անունները, շատ զարմացա և ուրախացա, քանի որ այդ ցուցակում կար նաև իմ անունը: Ոգևորված այդ լուրից՝ գնացի տուն և սկսեցի պատրաստվել:

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, մենք ճանապարհ ընկանք: Մի քանի ժամ անց, մենք արդեն ինստիտուտում էինք: Սկսվեց մեր անմոռանալի հանդիպումներով լի օրը: Մենք հանդիպում ունեցանք ինստիտուտի սաների հետ, ծանոթացանք նրանց առօրյային: Ամենակարևոր հանդիպումը գեներալի հետ էր: Նա շատ հաճելի և մարդամոտ անձնավորություն էր, մեզ հետ զրուցեց և սիրով պատասխանեց մեր հարցերին:

Այնուհետև այցելեցինք ինստիտուտի թանգարան, որը լի էր ամենատարբեր զինատեսակներով, որոնք մնացել էին արցախյան գոյամարտի տարիներից: Այնտեղ գնտվող յուրաքանչյուր զենք իր պատմությունն ուներ: Թանգարան այցելելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք բոլորին և ճանապարհ ընկանք տուն:

Այդ այցելությունից մեծ բավականություն ստացած՝ որոշեցի մի օր վերադառնալ այդ ինստիտուտ, բայց այս անգամ ոչ թե որպես այցելու, այլ որպես այդ ինստիտուտի սան…

mariam grigoryan

Վիրտուալը իրականության մեջ

Մայրիկս մտնում է սենյակ և ինձ տեսնում կրկին հեռախոսը ձեռքիս:

-Դե, հերիք չի՞, չհոգնեցի՞ր, ամբողջ օրը ձեռքիցդ չես գցում:

-Լավ էլի, մա՛մ, ամբողջ օրը չի, նոր վերցրի:

Եվ այսպես՝ ամեն օր: Դրա համար էլ որոշեցի վերանայել օրս:

Առավոտյան վեր եմ կենում, միանգամից վերցնում հեռախոսը և ստուգում բոլոր կայքերը, նորությունները: Մոտ կես ժամից նկատելով, որ արդեն ուշանում եմ դպրոցից, արագ վեր եմ կենում, պատրաստվում և դուրս գալիս տնից: Դնում եմ ականջակալները և, իմ աշխարհի մեջ խորասուզված, հասնում դպրոց: Անհետաքրքիր դաս է, ի°նչ անել, որ արագ անցնի: Ճիշտ է՝ ինձ օգնում է հեռախոսը: Վերջերս էլ իմացել ենք ինֆորմատիկայի դասասենյակի WiFi-ի գաղտնաբառը: Դասամիջոցներն այնտեղ անցկացնելով՝ ուշացած և տրտնջալով գնում ենք դասարան: Յոթերորդ ժամից հետո իմ սիրելի ականջակալներով գալիս եմ տուն:

Հետաքրքիր է՝ ի՞նչ էի անելու առանց նրանց: Ճաշելիս նույնպես ես և հեռախոսս անբաժան ենք: Ինչո՞ւ ճաշել լռության մեջ, եթե կարելի է պատմել օրս ընկերուհուս: Հետո գնում եմ ֆիլմեր նայելու: Դաս սովորելիս երգ եմ լսում, քնելիս` նույնպես: Ամբողջ օրս անցնում է, իսկ ինձ թվում է, թե մի քանի րոպե է, ինչ մոլորվել եմ համացանցի լաբիրինթոսում:

Կարծում եմ, միայն ես չեմ այս վիճակում: Բայց ցանկության դեպքում կարելի է այս կապվածությունից նաև օգուտներ քաղել: Օրինակ՝ կան շատ ու շատ ծրագրեր, որոնց միջոցով կարելի է սովորել կամ ամրապնդել գիտելիքները: Դրանցից մի քանիսով ես խորացնում եմ անգլերենի և իսպաներենի իմացությունս, կարդում տարբեր հետաքրքիր նյութեր և հոդվածներ: Դասերի վերաբերյալ նույնպես լրացուցիչ տեղեկություններ վերցնում համացանցից:

Ուրախությամբ նշեմ նաև, որ հենց համացանցի միջոցով է, որ լրագրող դառնալու մասին երազելու փոխարեն՝ 17.am-ի հետ առաջին քայլերս եմ անում և կիսում մտքերս ձեզ հետ:

narek babayan

2016-ի վերջին էջը

«Դե լավ, էլ չշարունակեմ։ Ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ մի պարկ առողջություն, այս նոր՝ 2016 թվականին շատ հաջողություններ, թող մեր պանդուխտները վերադառնան հայրենիք։ Եվ ամենակարևորը, շառից-պարտքից հեռու, ժողովուրդ ջան։

Հուսամ մեր սերունդը ամանորյա նոր ավանդույթ կստեղծի, և այս ամենը հիշելով, մի լավ կծիծաղեն»:

Ծանո՞թ խոսքեր են: Կատակում եմ, որտեղից ծանոթ լինեն: Սրանք իմ երկրորդ նյութից են, ես էլ էի մոռացել, դուք ո՞նց հիշեք:

Հիմա բոլորի մոտ նախատոնական տրամադրություն է, Հանրապետության հրապարակում արդեն դրվել է այն ամեն տարի կրկնվող կանաչ բուրգը, մարդիկ սկսել են առևտուրը: Որոշեցի կարդալ հին նյութս Նոր տարվա մասին ու տեսնել, թե արդյո՞ք բարոյագիտության կանոնը՝ «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեիր, որ նրանք քեզ հետ վարվեին», ազդել է ինձ վրա այս տարում:

Եվ այսպես, հըմ, ի՞նչ ունենք այստեղ: Ես բոլորին ցանկացել էի մի պարկ առողջություն: Դե, ընդհանրապես հազվադեպ եմ հիվանդանում, այս տարի զգալի վատ առողջություն չեմ ունեցել, միայն նոյեմբերյան վիրուսից չկարողացա խուսափել:

Մաղթել էի հաջողություն բոլորին: Օֆ, ծավալուն թեմա է: Նախ ասեմ, որ մինչև 17-ի թղթակից դառնալը, ես հասարակությունից վախեցող ու փոքր շրջապատի տեր անձնավորություն էի: 2016ի գալստյան ժամանակ ես արդեն որոշ առումով կորցրել էի հասարակության հանդեպ վախս: Կատակում եմ, ի՞նչ որոշ առում, լավ էլ արխային անծանոթների հետ լեզու էի թրջում: Հունվարի ինին սկիզբ դրվեց հաջողություններիս շղթային: Չգիտես ոնց, չգիտես ինչու, հայտնվեցի մի խմբում, ու մոտ մի ամիս ամեն օր, ամեն ժամ օնլայն շփվում էի վիրտուալ ընկերներիս հետ, որոնցից մի քանիսը, ուղղակի, հայտնություն էին: Շատ եմ սիրում իրենց: Անցնենք առաջ, 17-ում բավականին մեծ առաջադիմություն ունեի, մոտ տասնյակ նյութ ու մի նկարած մուլտ մի ամսում, գոհ եմ: Անգամ ամռանը ճամբար գնացի, էդ հաջողություններիս գագաթնակետն է: Լավ, հաջողություններիս մասին պատմելով այսքանով ավարտեմ, չնայած որ սրանք դեռ կեսն էլ չէին: Անցնենք առաջ:

«Պանդուխտները վերադառնան հայրենիք»: Դե, այս թեման ինձնից մի քիչ հեռու է, մի քանի բարեկամ ընտանիք ունեմ արտասահմանում, նրանց վերադարձին չէի էլ սպասում, նրանք, ինչ հիշում եմ, այնտեղ են:

«Շառից-պարտքից հեռու» լինելու համար մի քիչ փոքր եմ, դեռ կհասցնեմ կաշվիս վրա զգալ շարքային հայ մարդու վիճակը:

Նաև ասել էի, որ նոր ավանդույթ կուզեմ ստեղծվի: Ապարդյուն, կրկին համոզվում եմ, որ հայերի ամանորյա ավանդույթները փոխելն ավելի դժվար է, քան հին «Նոկիա» կոտրելը: 2017-ից շատ բան չեմ էլ ակնկալում, այսպես էլ մնա՝ լավ է: Ամեն ինչ էլ ունեմ: Այս տարի էլ չեմ մտածում պայթուցիկների ու նվեր ստանալու մասին: Արդեն ծանոթ եմ տոնական ծախսերին, գործերին: Էլ չեմ նստի և ուրախ վայելի խոզի «բուդն» ու հրավառությունը: Թե բա՝ մեծացել եմ…

amalya harutyunyan

Հաշվետվություն ինքս ինձ

Ըհըն, անցավ, չէ, չհասցրի անգամ աչքերս թարթել, իսկ նա ուղղակի անցավ, վերցրեց իր 365 օրն ու սլացավ, չհարցրեց՝ ուզո՞ւմ եմ գնալ, թե՞ ոչ: Արդյոք իր արագությունը ինձ բավակա՞ն է։ Իսկ ես կորցրած ինձ գոռում եմ՝ կանգ առ, իսկ ես կորցրած ինձ ասում եմ՝ սպասիր։

Հա, ու էդպես ինձ վրա մի նայիր ու աչքերդ էլ մի ճպճպացրու, 2016, հեչ էլ գոհ չեմ որ գնում ես: Ասեմ ավելին, սկսում եմ կարոտել։ Ավարտիդ մի քանի օր է մնացել: Հիշո՞ւմ ես` ինչքան բան էի պլանավորել, չհասցրի անել, որովհետև վազում ես, որովհետև ժամանակը զիջելու ես 2017-ին: Ախ, այդ ժամանակը, քո նման է, գիտե՞ս. չի սպասում, չի էլ մտածում իմ մասին։

Ներե՞մ քեզ. որ մենակ ես թողնում, երևի ներեմ, արդեն հարյուրավոր օրեր եմ անցկացրել հետդ ու մեղադրել այդքան էլ չեմ կարող։ Քանի այստեղ ես, արի, կանգնիր իմ դիմաց, ու թող հիշենք իրար հետ ապրած ու չապրած պահերը, արի նորից վերապրենք։

Դու նման չէիր ոչ մեկին, այն 15 տարիներին, որ անցել են։ Դու ուրիշ էիր, ոտքից գլուխ տարբեր ու միապաղաղ, ուրախ ու շատ տխուր, դու երջանիկ տարի էր ու մի քիչ էլ դժբախտ, դու սպասված ու անկանխատեսելի էր։

Երբ կյանքդ կառուցված ու ամփոփված է մի շինության մեջ, որի հիմքը անգամ անկայուն է, որի քարերը ծուռ են ու անկարգ, որի պատերը կիսաքանդ ու ավեր են, ու քամին փոթորկում է, անընդհատ ու առանց սահման։ Կիսավեր կյանքդ քանդում ու նորն ես կառուցում։ Ու ես կառուցեցի հենց 16-ին, մեծ դժվարությամբ, հազարավոր քամիների դեմ գնալով, բայց կառուցեցի։
2016-ին շաբաթվա 7 օրվա 24 ժամս լեցուն էր անցնում. ամեն օր դեմքեր, դեպքեր, նոր, հին, տարբեր, կրկին։ Հենց 2016-ին մեդիագրագիտության դասերի գնացի ու բացի այն գիտելիքը, որ ձեռք բերեցի, ձեռք բերեցի ընկերների մի ստվար խումբ՝ բոլորից տարբերվող ու բոլորից ուրիշ մի քանի մարդու։ Գտա իմ անունն ունեցող մի աղջնակի, իմ ուզած մազերն ունեցող մի էակի, մի խուճուճներով արևի ու մի «անջատվածի»։
Թղթակցեցի 17-ին,, կիսվեցի ամենախառը ու ամենատարբեր մտքերով հենց իր հետ։ Ու երբ ոչ ոք չկար, ով կլսեր ինձ, իմ ունկնդիրը դարձավ 17-ը։ Ու ես մի քիչ երջանիկ եմ, մի քիչ էլ հպարտ, երբ փողոցներում անցորդները ասում են՝ հա, դու այն աղջիկն ես 17-ի։

Բացահայտեցի այն մեկին, ով գտնում էր աշխարհի ամենահետաքրքիր «իվենթները» ու ինձ տանում։ Թե 365 օրից քանիսն էլ իրար հետ անցկացրինք, քանի անգամ հոգնեցինք և ուրախացանք, քանի անգամ կորչեցինք Երևանում` դա մենակ մենք գիտենք։

Կյանքումս էական փոփոխություններ էլ եղան: Դե, օրինակ, մինչև այս տարի ատում էի դպրոց գնալը, հիմա ամենամեծ հաճույքով եմ գնում: Միակ տեղն է, որտեղ կարող եմ հանգստանալ: Առաջ չէի հասկանում երթուղայինում քնող մարդկանց, իսկ հիմա, նստելով երթուղային, մտածում եմ երկու րոպե աչքերս փակեմ, մինչև հասնեմ, կամ եթե շաբաթվա օրերը առաջ անվանում էի երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և շարունակ, ինչպես մյուսները, հիմա այսպես է՝ «հայոց», «անգլ», «անգլ», «հայոց»… շաբաթ ու կիրակի։ Նաև սկսեցի չափից շատ սիրել համակատար դերբայի ալիս վերջավորությունը ( թանկ մարդկանցից մեկի, ում այս տարի եմ գտել, անունը Ալիս է):

Հիշո՞ւմ ես` քանի անգամ եմ երջանկացել, քանի անգամ եմ հասել երկնքին թռվռալիս, քանի անգամ է աշխարհն իմը եղել ու քանի անգամ է թվացել, որ ինձնից ուրախ մարդ աշխարհում չկա։

Բայց չեմ խաբի ու կասեմ, որ անկումներ էլ քիչ չտվեցիր, մենակ թողեցիր շատ պահերի, ուզեցի թռչեմ` կտրեցիր թևերս, երազեցի` բերեցիր իրականություն, կառուցեցի` քանդեցիր, ժպտացի` աչքերս արցունքոտեցիր։

Բայց ես քանդեցի իմ հին տունը, այն տունը, որ պիտանի չէր արդեն ապրելու, այնտեղ ցուրտ էր, այնտեղ մութ էր, ու ես անխնա կոտրեցի այն, բաժանեցի մասերի, քանդեցի ու կառուցում եմ նորը, տաքն ու արևոտը։

Իսկ դու հավաքել ես ճամպրուկներդ ու գնում ես, իսկ դու չես էլ համբերում ավարտեմ աշխատանքս։

Ու ես իմ ամենա-ամենա տարուն արդեն կարոտած գոռում եմ՝ սպասիր, ինձ կորցրած ու կարոտած ասում եմ՝ կանգ առ։

Mane Babajanyan

Ժպտանք, որ եղել է…

Համարյա երկու ամիս առաջ էր՝ սկսվեց ու ավարտվեց մեր կյանքի հեքիաթը, այն հեքիաթը, որ միայն մերն էր, և ուրիշ ոչ ոք չէր ապրելու՝ աշնանային մեդիա ճամբարը: Մենք՝ ճամբարականներս, այդ անմոռանալի և վայրկյանի նման թռչող օրերի գլխապտույտ սլացքում ոչ միայն հասցրինք ըմբռնել ու յուրացնել լրագրության, լուսանկարչության ու կինոյի ոլորտի նրբություններն ու կիրառել դրանք գործնականում, այլ նաև ստացանք մի շատ կարևոր դաս՝ այն, որ ամեն ինչ հնարավոր ու հաղթահարելի է, երբ կա համագործակցություն և թիմային աշխատանք: Ի ուրախություն բոլորիս, մենք արագ մտերմացանք ու դարձանք մի մեծ ընտանիք, որը ցավոք, պետք է շուտով բաժանվեր… Բայց, լավ:

Հիշում եմ, վերջին մեկ-երկու օրերն էին, երեխաներից շատերն արդեն լալիս էին, որ ավարտում ենք, ասում էին, թե կկարոտեն, չեն կարողանա, չեն ուզում գնալ… Ու, մի բան էլ եմ հիշում.
վերջին օրը երեկոյան՝ հրաժեշտից առաջ, երեխաներից մեկն ինձ ասաց.

-Զարմանում եմ, Մանե, ոնց որ անսիրտ լինես, ո՞նց չես լացում: Դու չե՞ս կարոտելու:
Այդ ժամանակ ոչինչ չասացի, բայց հիմա ուզում եմ պատասխանել:
Գիտե՞ս, կարոտելու էի, կարոտում եմ: Ու հա, անսիրտ չեմ, ուղղակի գիտեմ, որ լացելով ոչինչ չէի փոխելու, ու դու էլ չփոխեցիր: Ու գիտե՞ս՝ ինչու լաց լինենք, եթե կարող ենք ժպտալ: Դե, մի րոպե փորձիր ինքդ մտածել: Այդ օրերը քո կյանքի ամենալավ օրերից էին, չէ՞: Հիշիր` ինչքան ուրախ պահեր ենք ունեցել, ինչքան լավ ընկերներ ենք ձեռք բերել՝ ես, դու ու մյուսները: Մտովի փորձիր հետ գնալ ու հիշիր բոլորին՝ հայացքները, ժպիտները, ձայները: Հիշեցի՞ր: Իսկ հիմա հիշիր տիկին Ռուզանի բարի աչքերը, պարոն Արայի մեղմ ժպիտը: Լավ, մի պահ հիշիր, թե Շուշանը ոնց էր ուրախանում, երբ մի լավ նյութ էիր գրում, հա, մանկանում էր, երեխայի պես, թռվռում էր, չէ՞: Հիշիր Դիանայի, Լիլիթի, Լուսինեի, Նարեի ամեն մի հայացքը, խոսքը, ժպիտը, Աշոտի, Սիսակի, Մուշի ու Հոնի այդքան կարևոր, անհրաժեշտ ու ճիշտ խորհուրդները: Հիշիր բոլորին՝ մեկ առ մեկ: Ժպտում ես, չէ՞: Ուրախ ես, չէ՞, որ եղել են, որ ապրել ես այդ ամենը, որ կան… Կանք: Իսկ դու լալիս էիր:

Արի` չլացենք, հա՞: Արի ժպտանք, որ եղել է, ու ցանկանանք, որ էլի լինի, ու հավատանք այդ օրվան: Արի չմոռանանք, արի հիշենք, կարոտենք՝ գուցե առաջվանից ավելի ուժեղ, բայց այս անգամ ժպիտով, ոչ թե արցունքների միջից:

Ժպտանք, որ եղել է, հա՞: Ժպտանք, որովհետև դրանք են մեզ մնացած հիշողությունները՝ այդ պարզ ու անկեղծ ժպիտները… Մեր ժպիտները: Ժպտա՛: