Իմ Թումանյանը խորագրի արխիվներ

«Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում կազմակերպվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էին 2-րդ դասարանի դասվար Լուսինե Պետրոսյանը և 3-րդ դասարանի դասվար Աննա Ոսկանյանը։ Թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ու մասնակցել միջոցառմանը։

Միջոցառումը սկսվեց «Լոռեցի Սաքոն» պոեմի նախերգանքով։ Հանդիսատեսը դիտեց կարճամետրաժ ֆիլմ Դսեղի գեղեցիկ բնության մասին։

«Մեր գյուղն էն է, որ հպարտ

Լեռների մեջ միգապատ

Խոր ձորերի քարափին,

Ձեռը տված ճակատին՝

Միտք է անում տխրադեմ

Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ»։

Հետո Թումանյանը սկսեց խոսել իր իսկ ստեղծած հերոսների հետ։ Թումանյանը մեծ գորովանքով է դիմում Գիքորին, Սասունցի Դավթին, քեռի Քուչիին, Քաջ Նազարին, Սարոյին ու Անուշին։

Աշակերտները բեմադրեցին «Պոչատ աղվեսը», «Ծիտը» հեքիաթներից հատվածներ։ Բեմադրության մեջ ծիտը և աղվեսը ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար։ Քաջ Նազարն էլ հայ տղամարդուն բնորոշ վճռականությամբ և կնոջն ապացուցելու ձգտումով գնաց «քարվան կտրելու»։

Թումանյանի բոլոր հերոսները մոտ ու հարազատ են, արյունակից այնքան, որ նրանց ուրախությունն ու տառապանքը, նրանց փորձն ու փորձանքը ընթերցողինն են։ Թումանյանի ստեղծագործությունների աշխարհի դուռը բացելիս ու ներս մտնելիս զարմանում ու հիանում ես։

Հեքիաթային տրամադրությունն ընդհատվեց «Ամպի տակից ջուր է գալիս» երգով ու աղջիկների նազանի պարով։ Այսօր էլ Անուշի պես շատ սիրահարներ չեն կարողանում մոռանալ իրենց սիրած յարին։

Միջոցառման ավարտին մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին։ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»,- սրանք են թումանյանական խոսքերը, և իրոք, նա միշտ մեզ հետ է, քանի դեռ մենք նրան հիշում ենք։

Nane Eghiazaryan

Իմ Թումանյանը

Մի քանի տարի առաջ ինչ-որ հարցաթերթիկ լրացնելիս հանդիպեցի մի այսպիսի հարցի. «Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել»: Այդ ժամանակ չունեի հստակ պատասխան, ու նույնիսկ չեմ էլ հիշում, թե ում անունը գրեցի և ինչու: Եթե այդ հարցը հիմա նորից հանդիպի, ես անկասկած կպատասխանեմ՝ Հովհաննես Թումանյանին:

Երբ կարդում եմ Թումանյանի քառյակները, բանաստեղծությունները ու պոեմները, կարծես ծանոթանում եմ նրա հետ, հասկանում, որ նա եղել է ժողովրդի մի մասնիկը, եղել է այն ձայնը, որն անընդհատ խոսել է թե ժողովրդի անունից, թե ժողովրդի հետ: Կուզեի հանդիպել Թումանյանին, որովհետև առաջին հերթին կուզեի հանդիպել բարի մարդու հետ: Մեր պատմության մեջ կան շատ գրողներ, որոնց գործերը հավանում եմ, և որոնք էլ շատ մեծ դեր ունեն մեր գրականության մեջ՝ Պարույր Սևակ, Եղիշե Չարենց, Վահան Տերյան և ուրիշներ: Սակայն նրանց մի բան չի հերիքում։ Այդ մի բանը հեքիաթներն են: Իմ կարծիքով, այն մարդը, որը գրում է հեքիաթներ և գրում է այնքան լավ, որ դրանց իմաստը պահպանվում է նույնիսկ մեկուկես դար անց, ոչ միայն բարի է, այլ նաև իմաստուն: Թումանյանը այն բանաստեղծներից էր, որոնք հասկանում էին, որ ժողովրդին բարություն ու կամքի ուժ սովորեցնելու համար պետք է սկսել մանուկներից:

Թումանյանը հավերժ է, որովհետև նրա գործերն են հավերժ: Եթե բախտ ունենայի նրան հանդիպելու, ուղղակի ամուր կգրկեի ու կասեի շնորհակալություն… Շնորհակալություն ինձ բարություն սովորեցնելու համար:

Anushik Mkrtchyan

Թումանյանը մենք ենք

Թումանյանն Օպերայի արձանը չէ,
Թումանյանը Երևանի փողոցը չէ,
Թումանյանը տիկնիկային թատրոնը չէ,
Թումանյանը թղթադրամ չէ,
Թումանյանը գրքի տոնը չէ… (տողերը հեղինակային չեն)

Դեռ դպրոց չընդունված՝ գիտեինք Թումանյանին: Մանկապարտեզ հաճախելու ժամանակ ճանաչում էի Թումանյանին: Մեզ պատմում էին Թումանյանի հեքիաթները ու այդպես փոքր տարիքից սեր էին առաջացնում նրա հանդեպ: Ու մենք սիրում էինք նրան, որովհետև նա մեզ համար մի բարի պապիկ էր, որը գրել էր «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Ձախորդ Փանոսը» ու շատ հեքիաթներ: Մենք սիրում էինք այդ հեքիաթները: Հետո եկավ այն շրջանը, երբ մենք ընդունվեցինք դպրոց ու սովորեցինք տառերը: Նա մեզ համար դեռ մնում էր բարի պապիկ, որի հեքիաթները ինքնուրույն էինք կարդում: Եկավ այն շրջանը, երբ մենք հասկացանք, որ Թումանյանը բարի պապիկ չէ, այլ Ամենայն հայոց բանաստեղծ, որը գրել էր «Փարվանա» բալլադը, «Թմկաբերդի առումը», որպեսզի մենք մտքներումս անգիր արած ման գանք ու հիշենք, որ «գործն է անմահ»: Եկավ այս շրջանը, երբ ես 11-րդ դասարան եմ: Մի քանի դաս առաջ վերջացրինք Թումանյանի դասը: Դա՞ս: Դա դաս չէր, այլ հայ գրականության մեջ միակ մարդու կենսագրությունը, կյանքը, որը գրել է բոլոր սերունդների համար՝ և՛ մանուկների, և՛ դեռահասների, և՛ երիտասարդների, և՛ ծերերի: Եկավ այդ շրջանը, որ հասկանանք՝ Թումանյանը իրեն համարում էր մեծ դրամատուրգ, բայց երբեք չի գրել դրամա: Հասկանանք, որ Թումանյանը ցանկալի տղամարդ էր, լավ ամուսին, հոգատար հայր, հիանալի մտավորական: Հասկանանք նրա նվիրվածությունը դեպի հայրենիքը, ժողովուրդը, ընտանիքը: Հասկանանք, որ Թումանյանը չի սահմանափակվում հեքիաթներով ու բանաստեղծություններով: Եկավ այն շրջանը, որ հասկանանք, որ Գիքորը ընդամենը խեղճ ու աղքատ տղա չէր, հասկանանք, որ Անուշը ընդամենը պոեմ չէր:

Նույնիսկ այս տողերը չեն կարող բացատրել մեր սերը, հարգանքը Թումանյանի հանդեպ:
Թումանյանն է այն մարդը, որն իր գործով կապրի անվերջ, անդադար:

Հովհաննես Թումանյանի կյանքը և գործը ճանաչող ամեն մարդու հիացնում է այն միասնությունը, որ կա նրա ստեղծագործության և գործունեության միջև: Խոսքի և գործի այդ միասնությունն է, որ Թումանյանին դարձնում է ոչ միայն ստեղծագործող, այլև անչափելի մեծություն: