Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Sargis Begoyan

Մեր միակ արժանապատիվ ուղին

«Մենք պատմության քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»:

Հայ ժողովուրդը պատմության քառուղիներում մաքառման իր սեփական ուղին ունի՝ ունենալով և’ փառահեղ հաղթանակներ, և’ ջախջախիչ պարտություններ, մաքառել օտարի լծի դեմ, բայց պահպանել ազգային ինքնությունը ներկա աշխարհի մոտ 200 պետությունների շարքում։ Ժամանակ առ ժամանակ հայ ժողովուրդը առերեսվել է «Ազգ-պետություն» գաղափարին դավաճանելու հետևանքով պետականության հիմքերի թուլացմանը կամ կորստին, որի ապացույցը վերջին 30 տարիների թվացյալ ամուր պետականության հիմքերի երերումն էր, որը վերապրեցինք Արցախյան գոյմարտի ողջ ընթացքում։

Ներկա պահին ունենք այլընտրանք. վերանալ, ինչպես հերթական անհեռանկար, թույլ ազգ` պատմության թատերաբեմից, կամ` հառնել մոխիրներից՝ հաղթելով մեր ներսում ապրող թշնամուն, դառնալով մեկ բռունցք հանուն մեկ ընդհանուր գաղափարի։ Առաջնայինը` յուրաքանչյուր քաղաքացու, հայ մարդու անհատական անձնվեր մոտեցումն է, քանի որ շղթայական է ամեն ինչ, ամեն քաղաքացու առողջ պետականամետ մտածողությունը և ապրելակերպը իր ավանդը կբերեն մեր ազգին։ Յուրաքանչյուրիս մեծ ցանկությունն է Արցախի ուժն ու ամբողջականությունը վերականգնելը, սակայն նայելով հարցին սթափ, բոլորս էլ գիտակցում ենք, որ այս վիճակում անհնար է դարձել այդ ցանկության իրագործումը։ Մենք պետք է գնահատենք առաջնահերթ խնդիրները, հասկանանք, քննարկենք 44-օրյա պատերազմի նման ավարտը: Պետք է ի ցույց դնել հանրությանը բոլոր դավաճանական արարքները, հրապարակայնորեն պատժել բոլոր ապիկարներին։

Վերջիվերջո, պարտավոր ենք հասկանալ, գիտակցել «Ազգ-բանակ-պետություն» գաղափարի կարևորությունը ոչ միայն խոսքով, այլև գործով, յուրաքանչյուրս պետք է պարտավորված լինենք մեր վերապրածի և մեր գալիքի համար։

Ազատությունը վաստակել է պետք։ Մենք պետք է այնպիսի պետություն կայացնենք, որ հակառակորդը չփորձի մոտենալ մեր սահմաններին։ Ամուր բանակ, հզոր պետություն՝ սա է միակ հանգիստ, արժանապատիվ կյանքի ճանապարհը։ Պետք է մեր միջից դուրս գա պարտվողի, թույլի, ուրիշից օգնություն աղերսողի հոգեբանությունը։ Ո՜չ, այսօրվա աշխարհում դատապարտված են նման մտածողությամբ առաջնորդվող պետությունները։

Այդ տեսանկյունից նայենք այն մարդկանց դատողություններին, ովքեր համաձայն էին ամեն տարածքային կորստի, միայն թե դադարի կռիվը, և հանգիստ շարունակեն ապրել։

Այդ կերպով մենք կորցրինք մեր հուսալի դարպասը՝ հայրենիքի մի մասը, և օրըստօրե ավելի է վտանգվում պետականության լինելիության հարցը. նորանոր ոտնձգություններ սահմանին, հուսահատված, պառակտված, բայց միևնույն ժամանակ, հողի կարոտով, վրեժի ծարավով բանակ։

Հիմա պայքարելու, միասնական լինելու ճիշտ ժամանակն է, համախմբված հանդես գալու բոլոր ոլորտներում: Ահագնացող վտանգը գնալով ավելի է սաստկանում։
Թերթելով պատմության էջերը՝ կտեսնենք, որ թուրքերը, հայտնվելով պատմության թատերաբեմում, միանգամից են սկսել նվաճողական կռիվներ մղել, զբաղվել քոչվոր կյանքով, ապրել` տեղից տեղ գնալով, գրավել` ավերելով։

Մենք ունենք կորսված հայրենիք՝ Արևմտյան Հայաստանը, Մեծ եղեռնի ճանաչման և փոխհատուցման հարցը, որոնք խաղալիք են դարձել ինչպես նախկին, այնպես էլ ներկա աշխարհի վարչակարգերի ձեռքին։

Արժևորելով ու գնահատելով մեր բոլոր ժամանակների նվիրյալներին, տեսնելով առկա գերխնդիրները՝ կոչ եմ անում լինել միասնական։

Մեզ պատել է մեծ վիշտ, սակայն լոկ սգալով ոչինչ չենք կարող փոխել։
«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար». մեր միակ արժանապատիվ ուղին պայքարելն է հանուն միասնական ու հզոր պետության:

Margarita Udumyan

Հայրենիքը սկսվում է սահմանից

…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։

Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։

Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։

Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։

Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։

Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։

Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։

Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։

… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։

Lilit vardanyan

Ո՞նց թե, պատվաստվա՞ծ ես

-Տատ, արի գնանք պատվաստվելու,- առաջարկում է եղբայրս։

-Պատվաստվելը ինչի՞ս ա պետք,- ամեն անգամ պատասխանում է տատիկը։

Մոտ 4 ամիս է, ինչ Հայաստանում կան պատվաստանյութեր, բայց շատ քիչ մարդ գիտեմ, ովքեր արդեն պատվաստվել են։ Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը բոլոր երկրներում է, բայց Հայաստանում կորոնավիրուսը արդեն վաղուց մոռացված հիվանդություն է։

Պատվաստանյութերի առաջացումը բերեց նոր օրենքներ և նոր սահմանափակումներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս։ Իսկ ինչու՞ լինել պարտավորված պատվաստվել ճանապարհորդելու համար, ինչու՞ դիմակ կրել, եթե պատվաստված չես, ինչու՞ պատվաստվել, եթե վարակն ուղղակի հիվանդություն է։

-Լիլիթ, նախագիծ կա, որ ուսանողները կա՛մ պետք ա պատվաստված լինեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն։

-Պապ, բայց մի քիչ ու՞շ չի։ Գոնե ամառային արձակուրդների ընթացքում որոշումը կայացնեին։ Համարյա վստահ եմ, որ ոչ մեկը չի ուզի պատվաստվել,-պատասխանեցի ես։

Լինեմ անկեղծ, բավականին ուրախ էի՝ լսելով այդպիսի նախագծի հնարավոր լինելը, բայց միաժամանակ պատկերացրի համալսարանում տիրող խառնաշփոթն ու բողոքները․ մի ամբողջ գլխացավ։

Պատվաստվելու մասին ես մտածել էի այդ նախագծի մասին լսելուց շատ ժամանակ առաջ։ Բայց մինչ այդ ես չէի ունեցել ժամանակ կամ էլ առիթ պատվաստվելու համար, որովհետև որքան էլ վճռական լինեի, միևնույն է, ունեի որոշ պատճառներ և կասկածներ չպատվաստվելու համար։

Ընտրությունը շատ չէր։ Քանի որ հայրիկս շատ է ճանապարհորդում, իսկ հորեղբորս աղջիկը պետք է գնա Կանադա, նրանք արդեն պատվաստվել էին Աստրա Զենեկայով։ Ինձ այդքան էլ դուր չէր գալիս այդ Աստրա Զենեկայով պատվաստվելու միտքը, որովհետև կողմնակի էֆեկտները ինձ դուր չեն գալիս։ Սպուտնիկը միանգամից բացառվեց միայն ռուսական լինելու պատճառով (որոշ չափով էլ Աստրայի նման կողմնակի էֆեկտների)։

Վերջնական որոշումս դարձավ Կորոնավակը, որովհետև իմ որոնումների արդյունքում պարզվեց, որ մարդիկ չեն ունենում ջերմություն և թեթև են տանում պատվաստումը։

Մեգամոլի դիմացի պատվաստման կետում հերթ էր՝ մասնավորապես պարսիկներից կազմված։ Անիմաստ չսպասելու համար հարցրինք՝ Կորոնավակի միայն երկրորդ դեղամիջոցից կար։

-Կարո՞ղ եք էրեխեքին պատվաստել,- հարցրեց հայրիկը պոլիկլինիկայում։

-Երեխաներին չենք պատվաստում,- ասաց բուժքույրը՝ ենթադրելով, որ ես ու եղբայրս դեռ երեխա ենք։

Հայրիկը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ ես, սովորության համաձայն, միանգամից պատասխանեցի․

-Բայց մենք էրեխա չենք։

Մի քանի րոպե սպասելուց և սենյակները պարզելուց հետո, մենք արդեն գրանցվում էինք՝ Կորոնավակով պատվաստվելու համար։

-Առաջինը աղջիկը,- ասաց մեզ ստուգող բժիշկը։

-Չէ, թող առաջինը ինքը լինի,- ասացի ես՝ մտածելով, որ գրանցվելուց հետո միանգամից պատվաստելու են։

Ամբողջ ամառվա ընթացքում այդքան ժամանակ ունեի պատվաստվելու, բայց երբեք չէի պատկերացրել ինձ պատվաստվելուց։

-Ճնշումը՝ 110/70,- ասաց ինձ ստուգող բժիշկը, որը ինձ բավականին զարմացրեց, որովհետև դեռ կես տարի առաջ 90/60 էր։

-Ծերանում եմ էլի,- կատակեցի ես։

Առաջին անգամ իմացա սատուրացիայի մասին, որը բավականին բարձր էր։

Պատվաստման սենյակում մեզնից առաջ 4 հոգանոց ընտանիք էր։ Կինը և տղամարդը սպասում էին մյուս երկուսին։

- Չե՞ք պատվաստվում,- հարցրեց բժիշկը։

Նրա տոնից երևում էր, որ առաջին անգամը չէր տալիս այդ հարցը։

-Սպասենք մյուսներն էլ գան, որ բոլորով միասին պատվաստվենք,- ասաց կինը, որի աչքերում մի փոքր վախ կար։

Որոշ ժամանակ անց ես և եղբայրս նրանցից առաջ անցանք։ Պատվաստողը բարեհամբույր և ժպտերես 50-ն անց կին էր։ Նա նույնպես սկսեց ինչ-որ թղթեր լրացնել։

-Հիմա մեր սիրուն աղջկանը,- ասաց նա, երբ վերցրեց իմ թղթերը,- բա դուք պատվաստվե՞լ եք, որ ձեր էրեխեքին ռիսկով բերում եք պատվաստվելու,- հարցրեց նա հայրիկիս։

-Ես շուտ եմ պատվաստվել,- պատասխանեց հայրիկս և ցույց տվեց իր սերտեֆիկատը։

-Առաջինը դու ես,- ասացի ես եղբորս՝ շատ լավ գիտակցելով, որ միևնույն է, հաջորդը ես եմ լինելու։

Չունեմ վախ բժիշկներից կամ պատվաստվելուց, բայց պատվաստանյութի ազդեցության մասին քիչ տեղեկությունը կամ էլ տեղեկության պակասը անհանգստացնող է։

-Իսկ կարո՞ղ եք ձախ ձեռքը պատվաստել,- հարցրի ես, որովհետև սիրում եմ աջ կողմի վրա քնել և աջլիկ եմ։

-Իհարկե, իմ սիրուն աղջիկ։

Մի փոքր ավելի ցավոտ էր, քան պատկերացնում էի (իսկ ես մտածում էի, որ չի ցավի)։

Պատվաստանյութի առաջին դեղաչափից ոչ մի կողմնակի էֆեկտ չզգացի, բացի պատվաստված ձեռքի մի փոքր ցավից։ Երեկոյան չափեցի ջերմությունս՝ 36,5 էր։

«Էրեխեք, ուսանողների պարտադիր պատվաստման մասին տեղյա՞կ եք»,-կարդացի ես, երբ մտա կուրսի չատ։

-Սկսվե՜ց,- ասացի ես՝ հիշելով կորոնայի պատճառով անցած ուսումնական տարվա խառնաշփոթը։

Հ․Գ․- Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու եմ դասերը սկսելուց մի շաբաթ անց։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և թեթև կտանեմ։

Marianna Mayilyan

Դիվանագիտության նուրբ արվեստը

Հակամարտությունները իրենց բնույթով լինում են ինքնորոշման և ոչ ինքնորոշման։ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է։ Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով տարբերվում է հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական դիրքորոշումներում։ Հայկական կողմի նպատակը ազգերի ինքնորոշման խնդրի լուծումն է, այնինչ Ադրբեջանի խնդիրը զուտ տարածքային ամբողջականության հետ է կապված։ Ադրբեջանը խնդիրը դիտարկում է բացառապես տարածքային ամբողջականության համատեքստում՝ անտեսելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հիմնարար իրավունքն է, ազգերի պետական կազմավորման իրավակարգի, արտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու համար։ Դա ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։

«Արցախը Հայաստան է և վերջ» բովանդակությամբ հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդում է տարածքային բնույթ, ինչը իհարկե, չի բխում հայկական կողմի քաղաքական շահերից և ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու առանձին անկախ հանրապետություններ են, և նմանատիպ հայտարարություններով ՀՀ-ին ագրեսսոր դարձնելը բնավ չի բխում մեր պետականության շահերից։ Մեր նպատակը ոչ թե ԼՂՀ  տարածքների միացնում էր ՀՀ տարածքին, այլ Արցախում դարեր շարունակ բնակվող հայության համար արժանապատիվ և անվտանգ կյանքի երաշխավորումն ու ապահովումը։ Հայկական կողմի համար հակամարտությունը կրում էր մարդասիրական բնույթ և իրենից ենթադրում էր Արցախում դարեր շարունակ բնակվող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության երաշխավորումը ՀՀ կողմից։ Հայկական կողմի դիրքորոշմանը չպետք է տրվեր էքսպանսիոնիստական բնույթ։

Ինչ վերաբերվում է խնդրի մյուս կողմին, այս ամենը բնավ չի ժխտում այն փաստը, որ Արցախը մեր հայրենիքն ու պատմական հողն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության ոչ հայանպաստ բնույթի մասին խոսելը բնավ չի նշանակում, որ Արցախը հայերի պատմական հայրենիքը չէ։ Դա բացարձակապես չի նշանակում, որ Արցախը դիտարկվում է որպես թշնամու տարածքային միավոր։ Սակայն քաղաքականության մեջ հայտարարություններ անելուց և տարածելուց պետք է շեշտը դնել բացառապես քաղաքական ասպեկտի վրա և դիտարկել Հայաստանն ու Արցախը որպես առանձին անկախ հանրապետություններ։ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից բացառապես չի բխել և չի բխում ՀՀ-ին որպես ագրեսոր և էքսպանսիոնիստական միտումներ ունեցող պետություն ներկայացնելը։ Հայաստանի խնդիրը Արցախում բնակվող հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելն էր, և ոչ բնավ՝ տարածքային էքսպանսիան։

eva harutyunyan 2

Շարունակելին

Ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն էր փոխանցում, լուսինը զարդարում էր գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում էր մեզ հետ, քամին թափահարում էր մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն էր տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեին։ Կյանք կար մի ժամանակ։

Կյանքը հիմա հավատարմորեն շարունակում է իր անկանգ ընթացքը  ժամանակի մեջ, ապրում է, զգում է, գործում է, իսկ մենք․․․ Մենք հանկարծակի դուրս մնացինք նրա սահմաններից ու մինչ օրս փորձ ենք անում վերականգնել մեր տեղը, բայց չի ստացվում։ Կռիվը կյանքից ուժեղ գտնվեց։

2020-ի սեպտեմբերի 27․ հերթական աշունը անդարձ ու եսասիրաբար կիսում է շունչը ամենաանհավասար մասերի։ Ու մի պահ ուզում ես փակել իրականության արյունոտ աչքերը, կողպված մնալ քո իսկ ստեղծած միանձնյա կառավարվող աշխարհում, փակել նրա ճերմակ պատուհանները, որ ուրիշի աղտոտված գոյության որևէ մասնիկ ներս չթափանցի, որ անցանկալի ճշմարտության ձայնը լսելի չլինի քեզ համար, որ չնայես այն աչքերին, որոնք դեռ ԿՅԱՆՔ պիտի տեսնեին, բայց չտեսան։ Մեղքի զգացում, անբացատրելի զգացում կա, որ ուրվականի պես հետապնդում է անընդհատ։

«Գիտե՞ս, որ Արցախում կռիվ է սկսել։ Քեզ զանգե՞լ է, որտե՞ ղ են հիմա, ինչպե՞ս են։ Ասում են՝ այս անգամ վիճակը շատ լուրջ է։ Արդեն զորահավաք են հայտարարել։ Տանում են, բոլորին տանում են։ Ի՞նչ է լինելու»։

Մղձավանջի հիմնական մասը 44 օր է տևում, բայց միևույնն է, այն չի ավարտվում։  «Մի քանի ամսից պիտի ավարտեր ծառայությունը։ Խոստացել էր, որ կգա, բայց․․. Ընկերոջ կյանքը փրկելիս զոհվեց։ Որոշել էին, որ ծառայությունից հետո ամուսնանան։ Ինչպե՞ս պիտի ապրենք առանց մեր միակի։ Ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Զինադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ զոհվեց։ Շատ պլաններ ուներ ծառայությունից հետո։ Շատ էր սիրում երգել։ Ուզում էր արտերկրում սովորել։ Արվեստով էր ապրում»։

Տարավ, տարավ առանց սպասելու, առանց հարցնելու, առանց հրաժեշտի, ուղղակի տարավ։ Մի վերջին անգամ չլսեցինք նրանց ձայնը, չգրկեցինք ամուր, չտեսանք իրար։ Մենք կյանքի դեմ ԱՆԿՅԱՆՔ մնացինք։

Աննպատակ թափառող ենք դարձել։ Թափառում ենք անգին հիշողությունների անվերջ շղթայում, թափառում ենք բազում հարցերի անպատասխան խավարում, ուզում ենք ելք գտնել անլուծելի գաղտնիքների անվերջ թվացող լաբիրինթոսից, խեղդվում ենք անշունչ նկարներից մեզ նայող ամենաանկեղծ հայացքից, կծկվում ենք ամեն վայրկյան հոգին կրծող ուժգին ցավից, գոռում ենք դառն արցունքների կույտի միջից, ջանք ենք թափում վերջին անգամ գոյատևելու հնար գտնել,  փախչում ենք մեզ պատած անխուսափելի իրականությունից։

Մեզ շատ բան չմնաց՝ կորցրած հայրենիք, ոտնակոխ արած հպարտություն, զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, վիրավորներ, բազում եռաբլուրներ, ցավ ու տառապանք, անասելի կարոտ ու անչափելի ափսոսանք։

Ինչո՞վ, ինչպե՞ս կամ ինչու՞ է պետք ապրել։ ԱՊՐԵԼ է պետք, որովհետև նրանք մեզ թողեցին ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ՝ նախընտրելով երկինք բարձրանալ հանուն մեզ։  Իմաստավորված ու արժանի կյանքով է պետք ապրել՝ նրանց հիշատակը հավերժ մեր սրտում պահելով։  Ապրել է պետք, որովհետև մեր կողքին հիմա ապրում են հերոսները՝ հենց մեր աչքերին նայելով։

Անշուշտ, ավելի հեշտ է ինչ-որ բառեր շարել կողք կողքի, քան իրականում գործել, բայց հաճախ անելիքների իրականացումը հենց մեր մտքերից, պատկերացումներից, ցանկություններից ու խոսքերից է սկսում։ Ցավն ու կարոտը  անգործությամբ, անվերջ լացով կամ անտարբերությամբ հնարավոր չէ ծածկել, դա ոչինչ չի վերադարձնելու, ընդհակառակը վերջնականապես խլելու է այն, ինչ դեռ մնացել է։ Դժվար է վերականգնվելը, կրկին արևով ժպտալը, լուսնով ու աստղերով հիանալը, անձրևով ու քամով խելագարվելը, զգալու ունակությունը վերադարձնելը, մեր անդեմ էության ու գոյության համար իմաստ ու արդարացում գտնելը, բայց նաև ծանր է գորշ դատարկության պատերը ողջ ուժով անվերջ ճանկռելը, ամենօրյա ռեժիմով մեր ուղեղը անպատասխան հարցերով լցնելը, մռայլությամբ պատած անդունդի խորքում այդքան ցանկալի հանգստություն փնտրելը։

Սիրտն այժմ ոչ թե ժպտում, այլ ակնդետ զննում է, հոգին ոչ թե զգում, այլ  անշունչ քարանում է, հայացքը ոչ թե ցույց է տալիս, այլ հնարավորինս թաքցնում է, աչքերը ոչ թե խոսում, այլ խորհրդավոր լռում են։

Մահը կյանքի հոմանիշն է դարձել, կորցնելը՝ հանդուրժելի օրինաչափություն։ Տեսնես մենք երբևէ կհասկանա՞նք  կյանքի՝ երբեմն անհամաչափ գործողությունների ու արարքների հաջորդականության, նրա մատուցած անակնկալների իրական իմաստը։

ժպտասեր արևը շռայլորեն ջերմություն է փոխանցում, լուսինը զարդարում է գիշերային թագավորության անթերի խավարը, անձրևն իր շաղակրատող կաթիլներով հանդարտ քայլում է մեզ հետ, քամին թափահարում է մեր հույզերն ու գլխապտույտ պարի հրավիրում, օդը շնչելու հնարավորություն է տալիս, մարդիկ էլ անթիվ  իրարամերժ, փոխադարձ ու անփոխադարձ զգացմունքներ ունեն։ Կյանք կա հենց հիմա։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ինչ է ազատությունը

Եթե երկու տարի առաջ հարցնեիք, ամենաքիչը երեք էջ խորը փիլիսոփայական նյութ կտպեի Microsoft Word-ում, հիմա ուղղակի կասեմ` ազատություն չկա…

Ազատությունը վերացավ, երբ Շուշին ու Դադիվանքը մնացին թուրքի ձեռքում…

Ես ծնված օրվանից համարվել եմ ազատության սերնդի մաս ու միառժամանակ, ականատես եղել երկու պատերազմի, ու վերջինիս ժամանակ կորցրել որևէ հույս Հայաստանում ապրելու։

Ես միշտ վստահ եմ եղել, որ ազատության սերունդ լինել նշանակում է` ապրել անկախ Հայաստանում,  ազատ տեղաշարժվել  երկրիս տարածքով, ու ամենակարևորը, այս ազատության համար ամեն գնով պայքարել։ Վստահ եմ եղել, որ ազատ լինելու համար պետք է շատ աշխատել ու լինել չափազանց ուժեղ քո ազատությունը սահմանափակողներին դիմակայելու համար։ Հասուն տարիքում հասկացա, որ ազատության գաղափարը կիսում են նաև խոսքը, ընտրությունը ու հազար ու մի ուրիշ երևույթներ։ Շատ կարևոր, բայց ոչ առաջնային, խիստ անհատական երևույթներ։ Ես սովորեցի հարգել այս ազատության տարատեսակները շատ հեշտ, որովհետև կարծում էի, թե մեդալը միշտ ունի երկու կողմ, ու երկուսն էլ ունեն հավասար արժեք ու իրավունք գոյություն ունենալու։

Բայց երբ որ քեզնից խլում են քո ազատությունը, ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչքան աշխատանք ու  պայքար կտարվի համընդհանուր ազատության համար, մեդալի մյուս կողմը ընտրելու է միայն իրեն` չհարգելով քեզ ու քո անհատական ազատությունները, էլ ոչինչ չի մնում, բացի ազատության նկատմամբ հավատի կորստից։

Կարծում եմ, ազատության տարատեսակները մտածել են հենց նրանք, ովքեր ձգտում են ամենաթողության, զուրկ են արժեքներից ու պատվի զգացողությունից։ Ավաղ, Հայաստանում հիմա ավելի շատ են պատվազուրկները, ովքեր վեր են դասում սեփական ազատությունները համընդհանուրից, նույնիսկ եթե դա նշանակում է` մահ, ստորացում ու ապագայում թուրքի ճորտ լինելու հեռանկար։ Կարծում եմ պետք է սկսել «անհարգանք» ու անհանդուրժողականություն դրսևորել մեդալի մյուս կողմի նկատմամբ, սահմանափակել հնարավորությունները ու կրթել սեր համընդհանուր ազատության նկատմամբ։ Այդպես միգուցե հասնենք այն մակարդակի, որտեղ կսկսենք հարգել անձնականը։ Ամբողջ աշխարհում հիմա ակտուալ է և, ինչ խոսք, նաև տեղին, պայքարը խոսքի, ընտրության ազատության համար, բայց ավաղ, մենք չափազանց հեռու ենք դրանից, որովհետև դեռ ստիպված ենք պայքարել երկիր ունենալու համար։

Չգիտեմ, գուցե մահն է իրական ազատությունը, բայց դա ոչ ոք չգիտի….

Ավելի խելամիտ է պայքարել մեր երկրի կյանքի համար, որի ազատության բերկրանքը զգացել ու տեսել ենք։

Հ.Գ. Այս խոհերս զայրացած էի գրել, մի համալսարանի ուսանողների համանուն թեմայով շարադրությունները կարդալուց հետո: Շարադրությունների մրցույթի լավագույն 10-ից ավել շարադրությունների մեջ միայն մեկ կամ երկու հոգի էր ներկայիս իրավիճակի մասին գրել: Չեմ հասկանում. պատերազմը իրենց վրա հետք չի՞ թողել, հարազատ, կուրսեցի, ընկեր չե՞ն կորցրել, որ իրենց մտքերը շարադրելիս պատերազմը մտքներին չեկավ:

Հայը

Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» հոդվածում մանրամասն ներկայացնում է հայ մարդու կերպարը, վեր հանելով մեր ազգի ինչպես բացասական, այնպես էլ դրական հատկանիշները:

Շատ տարիներ են անցել այդ հոդվածի հրապարակումից, թևակոխել ենք 21-րդ դար, նոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, նոր սերունդներ, գաղափարներ ու արժեքներ են ծնվում, բայց հայի բնավորությունը չի փոխվում՝ նույն միամիտն ենք, հյուրընկալը, պարծենկոտն ու փառահեղը:

Կարդում ես նկարագրությունն ու յուրաքանչյուր տողում գտնում ես քեզ, քանի որ դու էլ ես նախընտրում համառորեն աշխատել, կաշվիցդ դուրս գալով մի բանի հասնել, բայց երբեք ոչ մեկից ոչինչ չխնդրել:

Այո՛, այնպես է ստացվել, որ առանց մեզ հարցնելու մեր հայրենիքը բերել ու տեղավորել են այս մոլորակի ամենաթեժ և կարևոր կետերից մեկում, իսկ մենք առանց երկմտելու մնացել ու արմատներ ենք գցել այստեղ: Այնքան խորն ու ամուր են այդ արմատները, որ թշնամիներին այլ բան չի մնում, քան մեզ արմատախիլ անելն ու ոչնչացնելը: Ավա՜ղ, մենք դրան էլ ենք համակերպվել, սովորել ենք ամեն անգամ մեր վերքերը դեռ չսպիացած կրկին ոտքի կանգնել ու պայքարել, որ գոնե մեր ապագա սերունդը լավ ապրի ու այսպես մինչև օրս: Բառիս բուն իմաստով մենք գոյության կռիվ ենք տալիս ամեն օր՝ երեկ, այսօր, վաղը: Ու կարևոր չէ, որ աշխարհում գոյություն ունեն խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքեր, միջազգային կառույցներ կամ մարդու հիմնարար իրավունքների մասին կոնվենցիաներ:

Չէ՛, դրանք մեզ համար չեն, մեր հույսն ու հավատը մեր ազգն է, մեր գյուղացին ու բանակը:

Պատմությունից դասեր է պետք քաղել, չենք անում. մեր մեծագույն սխալն է:

Սահմաններին հարաբերական-կայուն լինելիս (քանի որ մեր սահմաններին երբեք խաղաղ չի լինում) մեծամտանում ենք, մոռանում ենք ամենքին և ամեն ինչ, դիվանագիտական հարաբերություններ կառուցելու փոխարեն առանձնատներ և ռեստորաններ ենք կառուցում, քանի որ աշխարհը մերն է, մենք էլ՝ ասող-խոսող, երգող-պարող ու քեֆ անող ազգ ենք, չէ՞:

Բայց բավական է ինչ որ մեկը ընդհատի մեր խրախճանքը, և էլի դժվարին պահին առաջինը հիշում ենք օտարին, նստում ու սպասում ենք, որ մեր հարցերը գերտերությունները լուծեն, իրենք էլ բաժանում են, կիսում, միացնում, անում այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս: Ու դրա համար մենք բողոքում ենք, բայց եթե հանկարծ չեն խառնվում, մենք էլի բողոքում ենք ու մեղադրում, որ չեկան, չօգնեցին:

Դեմիրճյանը մեզ համեմատում է մեր էպոսի Դավթի հետ:

Այո՛, համաձայն եմ, յուրաքանչյուր էպոս մանրամասն նկարագրում է տվյալ ազգի ամենակարևոր հատկանիշներն ու առանձնահատկությունները, բայց մեր այդ Դավիթը միշտ չափազանց ուշ է արթնանում, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, երբ արդեն լինել-չլինելու հարցն է սեղանին դրված լինում:

«Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդն է իր դեմ ատելություն ստեղծելու»:

Հեղինակը այստեղ ընդգծում է մեր ազգի ստեղծարար և տաղանդավոր լինելու բացառիկ հմտությունը:

Այո՛, մեր ազգն այդպիսին է. մենք միշտ ձգտում ենք լինել լավագույնը, սակայն դա ոչ բոլորին է դուր գալիս:

Մենք տաղանդավոր ենք բոլոր բնագավառներում՝ գիտություն, մշակույթ, սպորտ: Բայց, ափսոս, մեր տաղանդը ճիշտ չենք կարողանում օգտագործել:

Դպրոցական դասագրքերում կարդում էինք՝

«Հովհաննես Ադամյանը տվեց աշխարհին գունավոր հեռուստացույց, որ կյանքն ավելի գունեղ դառնա…»:

Բայց այդ նույն աշխարհը մի քանի ամիս առաջ խլեց ինձնից կյանքին գունավոր նայելու կարողությունս, դասընկերներիս…

Մի՞թե Դեմրիճյանը գուշակություններ էր արել, թե՞ ուղղակի մենք էլի նույնն ենք մնացել, ու մեր պատմությունը պարբերաբար կրկնվում է: Հեղինակը նշում է.

«Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար: Ուր հեղափոխություն, այնտեղ՝ հայություն»:

Միացրե՛ք հեռուստացույցը… Բոլորը բողոքում են իրարից, երկրի ներսում թշնամիներ են փնտրում, ոչ ոք ոչ ոքի կողմ չէ, բայց միայն խոսում ենք, գործ անող չկա:

Սիրում ենք այդ ազատությունը, բայց դրան հասնելու համար մենք միշտ շատ թանկ ենք վճարում, քանի որ դեռ չենք սովորել սիրել մեր պետությունը, հարգել մեկս մյուսին և լինել միաբան:

meri avetisyan

Հայ թատրոնն այսօր

Յուրաքանչյուր շղթա բաղկացած է օղակներից, և այդ օղակներից  նույնիսկ մեկի բացակայությունը խախտում է շղթայի համաչափությունը: Այդպիսի մի շղթա է պետականությունը, որի օղակներից մեկն էլ հանդիսանում է մշակույթը: Որքան ամուր է պետականությունը, այնքան ամուր ու ազդեցիկ է արվեստը և մշակույթը: Դեռևս  Քրիստոսից առաջ հինգերորդ դարում թատրոնը  ծնվեց և  իր բուռն արտահայտումը ստացավ Հին հունական քաղաքակրթության զարգացման շրջանում: Թատրոնը, որպես արվեստի ճյուղ, արմատավորվեց, զարգացավ ու իր մեջ ներառեց արվեստի մյուս բնագավառները: Այլ կերպ ասած, թատրոնը  արվեստների միավորումն է, և թատրոնն է իր ինքնաարտահայտման բնույթով ունակ մարդու հասցնել հոգևոր ինքնամաքրման, մաքրագործման, կամ ինչպես Հին հույները կասեին. «Կատարսիսի»:  Թատրոնը  յուրաքանչյուր դարաշրջանում  արտահայտվեց յուրովի: Թվում էր, թե քսաներորդ դարասկզբին կվերանա թատրոն ասվածը, քանի որ զարգանում էր ֆիլմ արտադրությունը: Սակայն թատրոնի արմատները ավելի խորն են և նույնիսկ հիմա` քսամեկերորդ դարում, արդի թատրոնը իր դրսևորման յուրահատկությամբ շարունակում է գրավել հանդիսատեսին:

Առհասարակ թատրոնը մնայուն արժեք է, ճկուն է` կարողանում է որսալ իրեն անհրաժեշտը, դա կարող է լինել նորարարություն, գաղափար կամ մեկ այլ բան: Թատրոնը  հասարակության արատները ծաղրողն ու քննադատողն է, բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ կենցաղից ավելի բարձր կերպով ներկայացնելու արվեստը: Բեմում փոքրիկ մարդկային խնդիրը դառնում է համամարդկային և հուզում բոլորին, նույնիսկ մարդասպանին կարող են կարեկցել և ընդունել, որովհետև մենք տեսնում ենք նրա հոգու շերտերը: Սակայն բեմում ամեն ինչ պայմանական է, կեղծ  և պատրանք: Միևնույն ժամանակ գրավիչ, հետաքրքիր և մարդկային, ահա թե ինչն է թատրոնի հավերժական լինելու գաղտնիքը:

Ըստ թատերագետների քսանմեկերորդ դարասկզբում թատրոնը անցումային փուլում է: Մեզ մոտ` Հայաստանում, թատրոնն ետ է մնացել իր ժամանակաշրջանից: Չենք կարող ասել, որ չունենք թատերագետներ, սակայն նրանք  չեն ստանում համարժեք պետական աջակցություն, նրանց ստեղծագործությունները գրեթե չեն բեմադրվում: Պետությունը հարկ եղածի  պես չի խրախուսում թատրոնի կամ առհասարակ մշակույթի զարգացմանը, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Բացակայում է արդի թատրոնի մատուցման ձևը, որոշ պետական թատրոններ դեռևս նախորդ դարերի  ցուցադրման ոճն է  և կարծես թե չեն ընդունում նորը: Ցավոք,  քիչ է նաև երիտասարդ սերնդի ներգրավվածությունը:  Մարզերում սահմանափակ են ներկայացումները, և կարելի է ասել, ոչինչ  չի նպաստում թատրոնի հետագա աճին: Այնինչ պետք է թատրոնը վերելք ապրելուց բացի ներկայացներ ժամանակաշրջանը, օգներ ժողովրդին հաղթահարելու անցած արհավիրքները և խոսեր նրանց անունից : Ոչ թե մնար նույն տեղում. դա վտանգավոր է, որովհետև ուժեղը միշտ հաղթում է թույլին, իսկ մենք հիմա թուլացել ենք  և պիտի վախենանք  օտար մշակույթների  ազդեցությունից, քանի-որ վտանգ  կա սեփականը կորցնելու: Իսկ սեփական մշակույթքը ու ազգային արժեքները կորցրած ժողովուրդը միաձուլվելուց բացի դառնում է ոչ ոք և մնում պատմության քառուղիներում:

Մշակույթի հետ մեկ տեղ անկում է ապրում նաև կրթությունը: Ժամանակակից Հայ իրականության մեջ  ամենինչ գնում է լճացմանը , ինչը և սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել: Սակայն մենք ունենք ազգային գենոֆոնդ: Մեր ժողովուրդը ստեղծագործող է, արարող  և իմաստուն: Այդ ժողովրդի անհատներն են  մեր վաղվա քաղաքակրթության ու մշակույթի զարգացման միակ հույսը, նրանք պիտի  ամբողջ աշխարհին ներկայացնեն մեր դարավոր մշակույթը և ստեղծագործ ժողովրդի  ամուր կամքն ու գաղափարները:

Janna Sargsyan new

Հզորանալու խոհեր

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ դպրոցներում առավելությունը կտրվի գնահատականին, այլ ոչ գիտելիքին։

Քանի դեռ առանձնահատկություններ ունեցող երեխաներին կառանձնացնենք բոլորից ու կմտածենք, որ մենք իրենցից ինչ-որ բանով առավել ենք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ ուսանողները համալսարան կգան` «ինձ մենակ դիպլոմն ա պետք, ուրիշ ոչ մի բան» արտահայտությամբ, ու 4-5 տարի հետո, դիպլոմը ձեռքներին կբողոքեն, որ էս երկրում իրենց համար ոչ մի գործ չկա։ Ու քանի դեռ դիպլոմը, աղջիկների համար ուղղակի օժիտի ոսկե քարտ կլինի։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ նույն համալսարանում լավ սովորող ուսանողը միայն վարձի պատճառով  կիսատ կթողնի ուսումը, իրեն կհեռացնեն համալսարանից, իսկ իր տեղում կսովորի մեկը, ով անգամ իր մասնագիտության անունը ճիշտ գրել  չի կարողանա։

Մենք հզոր երկիր չենք դառնա, քանի դեռ ընտրություններին կմասնակցենք` «ա, դե մեկ ա, ում էլ ընտրեմ` նույն բանն ա լինելու» սկզբունքով, իսկ հետո կբողոքի, որ ոչինչ չի փոխվել մեր երկրում, ու կմտածի արտագաղթելու մասին։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կամավորությամբ զբաղվելը հասարակության շրջանում կասոցացվի «ձրի պախատ» լինելու հետ։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ խտրականություն կդնենք գյուղացու ու քաղաքացու միջև, ամեն բան կուղղենք քաղաքներին, կհզորացնենք, կզարգացնենք, իսկ շատ մեծ ներուժ ունեցող գյուղերին, ու գյուղում ապրողներին կանտեսենք։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ որոշների մոտ հայրենասիրությունը կսկսվի ու կավարտվի ճոխ սեղանի շուրջ հայրենիքի կենացը խմելով։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կխոսենք բնությունը չաղտոտելուց ու միջավայրը մաքուր պահելուց, բայց խնջույքից հետո էդ բնությունը աղտոտված կթողնենք ու կհեռանանք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ չենք աջակցի գիտակներին, արտերկրում մեծ դժվարությամբ կրթություն ստացած ու հայրենիք վերադարձած երիտասարդին, իրեն աշխատելու հնարավորություն չենք տա, կանտեսենք, իսկ նույն այդ երիտասարդին արտերկրում ձեռքից ձեռք կփախցնեն, ու կապահովեն ամենալավ  աշխատանքով։

Ու վերջում. մենք հզոր պետություն կդառնանք այն ժամանակ, երբ փոխվենք, փոխենք մեզ շրջապատող աշխարհը, մարդկանց, կարծիքներն ու մտածելակերպը։

Մանկավարժներ-աշակերտներ. պատնեշնե՞ր, թե՞ կամուրջներ

Եթե մարդկանց տանք այն հարցը, թե ի՞նչն է հուզում իրենց, որոշ մարդիկ կպատասխանեն, որ հուզում է երկրի իրավիճակը, մյուսը կասի իր ընտանեկան խնդիրները, իսկ վերջինն ուղղակի կանտեսի հարցը։

Երբ առավոտյան արթնանում եմ ու մտածում, որ պետք է դպրոց գնամ, մի պահ տխրություն է իջնում, իսկ թե ի՞նչն է պատճառը, երևի ոմանք գուշակեցին, ոմանք  էլ` ոչ։ Հուզող հարցերից մեկը մարդիկ են, այն մարդիկ, ովքեր կրթում են երեխաներ, գրեթե ամեն օր կանգնում երեխաների դիմաց և ինչ-որ բաներ ասում, երեխաներն էլ  երևի խոսքի մեծ մասը չեն հասկանում, կամ ըմբռնում են լրիվ այլ իմաստով։ Ինձ հուզում է այն, որ ոմանք գնում են դպրոց միայն գումար աշխատելու համար և ո՛չ թե երեխաներ կրթելու  ու լավ գործ կատարելու։

Իսկական դպրոցը  միայն այնտեղ  չէ, որտեղ երեխաները գիտելիք են ստանում և կարողություններ ձեռք բերում։ Ուսումը շատ կարևոր է, բայց երեխայի հոգևոր  կյանքի միակ ոլորտը չէ։ Իսկական կոլեկտիվը մանկական կոլեկտիվի բազմակողմանի հոգևոր կյանքն է, կոլեկտիվ, որտեղ դաստիարակին և նրա սաներին միավորում են բազմաթիվ հետաքրքրություններ և հրապուրանքներ։ Նա, ով աշակերտի հետ հանդիպում է ունենում միայն դասի ժամանակ  (ուսուցիչը  սեղանի մի կողմում, աշակերտը` մյուս կողմում), չի ճանաչում մանկական հոգին, իսկ ով չի ճանաչում երեխային, նա չի՛ կարող դաստիարակ լինել։ Այսպիսի մարդուն բոլորովին  անհասկանալի ու անմատչելի են երեխաների մտքերը, զգացմունքները և ձգտումները։

Ցավով նկատում եմ, թե ինչպես նույնիսկ իր առարկան լավ իմացող ուսուցիչների մեջ դաստիարակությունը վերածվում է անողոք պատերազմի այն պատճառով միայն, որ մանկավարժն ու  աշակերտը ոչ մի հոգևոր թելով կապված չեն միմյանց հետ, և երեխայի հոգին ասես նման է բոլոր կոճակները կոճկած վերնաշապիկի։ Այդպիսի ուսուցիչներ կան, ովքեր մտածում են, որ մենք իրենց «հպատակներն» ենք, չենք կարող ունենալ մեր կարծիքը, մեր հետաքրքրությունները, մեր աշխարհայացքը։ Մտնում են դասարան ու սկսում ասել, որ ամեն ինչ մեր համար են անում, մեր լավի համար, բայց իրականում նման բան չկա։ Սկսում են մեզ համեմատել նրանց հետ, ովքեր այլ դասարաններում են սովորում։ Մեր մարդկային արժեքները գնահատում են` ելնելով նրանից, թե մենք ինչքանով  ենք  տիրապետում իրենց առարկային։

Ականավոր լեհ մանկավարժ Յանուշ Կորչակը իր նամակներից մեկում  գրում է, որ անհրաժեշտ է բարձրանալ  թափանցել երեխայի հոգևոր աշխարհը, և ոչ թե իջնել մնալ նրա մոտերքում։ Սա մի շատ նուրբ միտք է, որի էության մեջ նրանք`  մանկավարժները, պետք է խորամուխ  լինեն։

Դաստիարակության գործում չկան  գլխավոր և երկրորդական, ինչպես և չկա գլխավոր ծաղկաթերթ` ծաղկի գեղեցկությունն  ստեղծող բազմաթիվ ծաղկաթերթերի մեջ։

Իսկական մանկավարժ  դառնալու համար երեխաներին պետք է քո սիրտը նվիրես։