Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

zarine kirakosyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Զարինե Կիրակոսյան

2012 թվականի ամառն էր, 14 տարեկան էի, դպրոցից զանգեցին, մի քիչ կցկտուր բացատրեցին, որ Ճամբարակում դասընթացներ են լինելու լրագրության, լուսանկարչության, ես էլ կարող եմ մասնակցել, ու եթե համաձայն եմ, կզանգեն, կասեն` երբ, որտեղ: Ուրախացա շատ։ Հաջորդ օրը զանգեցին ու ասացին, որ առաջնորդության դպրոցին, որին դիմել էի, ընտրվել եմ որպես մասնակից ու երեք օրից պիտի գնամ ճամբար:

Գնացի ճամբար, հետ եկա, հետո իմացա, որ դասընթացները ավարտվել են, ու ես չեմ հասցրել մասնակցել: Մասնակից ընկերներս  ոգևորված պատմում էին, թե  ինչեր են արել, ես էլ մի քիչ բարի նախանձով լսում էի:

Անցավ 2 տարի: 2014 թվական ձմեռն էր, ցուրտ ձնառատ, դպրոցը լավ չէր ջեռուցվում,  իմացա, որ 17-ի ընկերներս դասերից հետո մնալու  էին,  որովհետև հաջորդ օրը ֆիլմ էին նկարելու: Մտածեցի` լավ առիթ է միանալու իրենց ու ծանոթանալու տիկին Ռուզանի ու պարոն Արայի հետ: Մոտեցա, իրենք էլ համաձայնեցին միանամ իրենց վաղը: Ուրախ գնացի տուն, վերցրի տատիկիս օրագիրը, լիքը ոգեշնչող բաներ կային մեջը,  մտածում էի հետաքրքիր նյութեր կդառնան: Ուրախ քնեցի, հետո արթնացա բարձր ջերմությամբ, դպրոց չգնացի  ու երկրորդ անգամ բաց թողեցի հնարավորությունը:

Տարիներն անցնում էին: Ես տեսնում էի ընկերներիս կյանքը  ոնց է զարդարում «Մանանան», ինչ հնարավորություններ է տալիս, իսկ ես գրում էի  ինչ-որ պատմվածքներ ու կարդում  քրոջս համար:

Անցավ մի  ամբողջ 7 տարի: Քրոջիցս բացի պատմություններս արդեն մեկ-մեկ գրքերում սկսեցին տպվել, ու մի օր տեսա նոր դասընթացների հայտը: Սկզբում ուրախացա, հետո ինձ սաստեցի, թե արդեն շատ մեծ ես, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:  Իմը անցել էր 17-ի համար:  Հետո հիշեցի, որ մի օր մեկն ինձ ասում էր, թե․ «եթե փոքր տարիքում հեծանիվ չես քշել, մեծ տարիքում ուզում ես պորշե քշիր, դրանից բան չի փոխվում: Մեկ է, դու հեծանիվ չես քշել»:

Ուշ լինի` նուշ լինի, մասնակցեցի դասընթացին, ծանոթացա բոլորի հետ, «հեծանիվս քշեցի», չիրականացած ցանկություններս կատարեցի,  հիմա էլ ձեզ գրում եմ Սլովակիայից, որտեղ իբրև տասնյոթցի եմ մասնակցում, ու որոշել եմ միշտ հեծանիվ վարել:

Շնորհավորում եմ 17-ի գաղափարը բոլոր իրենց մեջ կրողներին, ուրախ եմ, որ այն դեռ շատ դեռահասների է ցույց տալու աշխարհի մեծ ու սիրուն լինելը:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Բարսեղյան

Ամեն անգամ, երբ 17․am-ի մասին ինչ-որ մեկին փորձում եմ պատմել, հաճախ ինձ թվում է, թե ես ինքս իմ մասին եմ խոսում։ Գիտե՞ք, դա նման է սեփական կյանքի ամենագողտրիկ գաղտնիքներով կիսվելուն։ Քեզ մոտ էլ է եղել, չէ՞, որ երթուղայինում նստած մտքերով ընկնես ու բացես հեռախոսի Note-երը` դրանք արագ գրի առնելու համար, որպեսզի հանկարծ չմոռանաս։ Հետո այդ note-երը «Երբեք չուղարկվող» նամակներ դարձան, որոնք միայն 17-ի հետ կարող էի կիսել։ Այս տարիների ընթացքում 17.am-ը իր գրկում պահեց ոչ միայն իմ, այլ նաև իմ հերոսների փխրուն և հարազատ հուշերը։ Սիրային պատմություններ, երկրաշարժից մնացած վախեր ու նոր գաղափարներով լցված մտքեր, որոնցով մենք՝ ես ու 17.am-ը, ոգեշնչվում ենք։ 

Եթե ինձ հարցնեք, թե ինչ նշանակություն ունենք մենք իրար համար, թե ինչ ենք միմյանց տալիս, ես ամեն անգամ նոր պատասխան կտամ։ Որովհետև 17-ը ամեն օր իմ առջև նոր դռներ է բացում։ Ես այստեղ վախեր եմ հաղթահարում և երազանքներ իրագործում։

Գիտե՞ք, առանձին Մարիամը բավականին խելոք, միամիտ աղջիկ  է Վանաձոր քաղաքից։ Իսկ 17․am-հետ Մարիամը դառնում է ուժեղ, համարձակ, ով չի վախենում բացել իր երազանքների կազմակերպության դռները և հարցազրույց վերցնել: Աղջիկ, ով բաց է նոր գաղափարների առաջ և համարձակորեն փորձում է կյանքից վերցնել ցանկացած նոր հնարավորություն։ Եվ դրա մասին փաստում է այսօր Սլովակիայում լինելս։ Ու կարևոր ձեռքբերումներից մեկն էլ իմ ընկերներն են։ Այդ թվում` Աննան, Զարէն, Սուրենը, Դավիթը, ովքեր հենց հիմա դիմացս նստած պատրաստվում են կիսել Աննայի մայրիկի թխած գաթան։ Դրա համար ես պետք է շտապեմ։ Դե, հասկանում եք՝ մենք էլ ենք այսօր ծնունդ նշում։

Շնորհավոր մեր տարեդարձը։

anna  andreasyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Աննա Անդրեասյան

Ես ու 17․am-ը ծանոթացել ենք 3 տարի առաջ՝ մայիս ամսին։ Այդ ծանոթությունը ոգևորիչ էր ու խոստումնալից էր թվում։ Մի տեսակ ակնհայտ էր, որ այդ պահից սկսվելու էր իմ կյանքի մի նոր շրջափուլ։ Այդպես էլ եղավ։ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցն ինձ միայն մեդիագրագիտության հմտություններ չի, որ տվել է։ DSC_127517-ին միանալուց հետո հասկացա, որ իրականում իմ կարողությունների համեմատ շատ քիչ բան եմ անում, հասկացա, որ կարող եմ և պետք է ավելին անեմ։ Հենց այդ նույն տարվա ամռանը գնացի Աղվերանի մեդիաճամբար, որտեղ էլ ավելի ոգևորվեցի նոր հնարավորություններ գտնելու գաղափարով։ Այնտեղ մասնակից աղջիկներից մեկը ֆլեքսի շրջանավարտ էր, ումից էլ իմացա ծրագրի մասին։ Դիմեցի ու դարձա ֆինալիստ։DSC_8583 Ամերիկայից էլ շարունակում էի գրել նոր նյութեր։ Վերադառնալուց հետո էլ սա արդեն երրորդ փոխանակման ծրագիրն է, որին մասնակցում եմ «Մանանայի» անունից։ 17-ը հոդվածներ գրելուց, ֆոտոներ անելուց ու ֆիլմեր նկարելուց ավելին է։ Այն մարդկանց առաջ է մղում դեպի ավելի լավը, մեզ սովորեցնում է ամեն ինչում գեղեցիկը նկատելու արվեստը։

Շնորհավորում եմ մեր բոլորի ծնունդը։

sargismelknyan12

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սարգիս Մելքոնյան

Չգիտեմ, թե քանի-քանիսին եմ պատմել Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի, «Մանանա» կենտրոնի ու 17.am-ի մասին, ու թե քանի մարդ է կարդացել մեր նյութերը ու միացել մեզ, բայց մի բան հաստատ է. այս ամենը անչափ հաճելի մի զգացողություն է։

Այս ապրիլին լրանում է իմ թղթակից դառնալու երեք տարին։ Անընդմեջ սովորելու երեք տարի, հարյուրավոր ընկերներ ամբողջ Հայաստանից (մեր մեջ ասած, ամենաթույն դեմքերը), ինքնահաղթահարման և քաղաքացիական գիտակցության սկիզբ։ 17-ով սկսվեց նաև իմ հասարակական գործունեությունը, գիտակցեցի իմ դերն ու կարևորությունը համայնքումս։

Ինձ նման հազարավոր պատանիներ կան Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Մեզ բոլորիս միավորում է մեդիան` 17.am-ը, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ ուրիշներին և ինքներս մեզ։ Պատմել այդ մասին աշխարհին, պատմել ու ներկայացնել, թե ինչքան գեղեցիկ է իմ գյուղը` Ագարակը գարնանը, թե ինչքա՜ն ջրափոսեր կան Գավառի ճանապարհներին, թե ինչքան ենք կարոտում Վանաձորը հեռանալիս, թե որտեղից է սկսում Հրազդանը, թե ինչքան հին են Գյումրու փողոցները, թե ինչքան գործ կա գյուղերում գարնանն անելու…

17-ը մի հարթակ է, որտեղ մենք թողել ենք մեր մի մասնիկը, ու որի շնորհիվ մենք կերտել ենք մեզ։ Շնորհավորում եմ մեզ` բոլորիս, 17.am կայքի ծննդյան 5-ամյակի կապակցությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս` ինքներս մեզ գտնելու կապակցությամբ։

sona zakaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սոնա Զաքարյան

Այսօր 17.am կայքի հինգ ամյակն է։ Սա կարդալուց հետո մտածեցի. «Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ թղթակցում եմ 17.am-ին»։

Չորս տարի։ Արդեն չորս տարի է, ինչ 17-ի մեծ ընտանիքի անդամ եմ։ Ակամա հիշողություններս ինձ տարան տասնհինգամյա Սոնայի մոտ։ Հիշեցի իմ ոգևորվածությունը, երբ իմացա 17-ի մասին, առաջին փոքրիկ  նյութս գյուղիս մասին։ Առաջին մեդիա ճամբարը, նոր մարդկանց ճանաչելն ու լրագրողական հմտություններ սովորելը։ Ի՜նչ արագ անցան այս չորս տարիները։ Արագ անցան, բայց շատ բան տվեցին։ 17-ը ինձ համար դարձավ հարթակ՝ գրելու առօրյա տարբեր թեմաների մասին, որոնք առաջին հայացքից կարող են շատ անհետաքրքիր թվալ, բայց ես մի շատ կարևոր բան հասկացա, որ չկան անհետաքրքիր նյութի, լուսանկարի կամ ֆիլմի գաղափարներ, որովհետև եթե մի բանը մեծ ոգևորությամբ ու հաճույքով ես անում, այն երբեք անհետաքրքիր չի ստացվի։

17-ը ինձ օգնեց ազատ արտահայտել իմ մտքերն ու գաղափարները, կյանքին նայել այլ աչքերով, օգնեց, որ բացահայտեմ ինքս ինձ ու իմ շուրջը գտնվող մարդկանց ու աշխարհը։ 17-ի շնորհիվ ես դարձա ավելի ինքնավստահ ու ավելի համարձակ…

Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում ունենք նման հարթակ, որը դեռահասներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս գրել այն ամենի մասին, ինչն իրենց հուզում է։ Հուսամ, որ ապագայում ավելի շատ թղթակիցներ կունենանք Հայաստանի տարբեր անկյուններից, ու 17-ի ընտանիքը գնալով ավելի կմեծանա։

Հ. Գ. Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել 17-ի ողջ անձնակազմին, ձեզ անսահման եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։ Սիրում եմ բոլորիդ։

mane. minasyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մանե Մինասյան

17-ն ու «Մանանան» ինձ համար եղել են սկիզբ:

Սկիզբ` գրելու, արտահայտվելու ու ինքնահաստատվելու:

Առաջին անգամ հենց 17-ի շնորհիվ նյութերս հասանելի դարձան հանրությանը, առաջին անգամ հենց 17-ի համար արեցի հարցազրույց:

Եթե ես այսօր կարողանում եմ առանց դժվարության գրել, նկարել ու ընդհանրապես ամենաանհետաքրքիրը հետաքրքիր ձևով պատմել, ապա դա միայն իմ 17-ի շնորհիվ:

Նրա խորհուրդների ու մեկ-մեկ հանդիմանությունների շնորհիվ է, որ սխալները երկրորդ անգամ չեն կրկնվում գրածներումս:

5 տարի՞, չէ, 50 էլ անցնի, մեկ է, 17-ը եղել ու մնալու է սկիզբ, հարազատ ու կարևոր:

inesa zohrabyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Ինեսա Զոհրաբյան

2017 թվականն էր, երբ  միացա 17.am ին: Իսկ այսօր լրանում է 17-ի հինգամյակը:

Իրականում չեմ հիշում, թե ինչպես ցանկություն առաջացավ միանալու, բայց զգացողությունները ` առաջին հոդվածս տեսնելու, դեռ վառ են: Սա այն հարթակն  է, որտեղ քո, քո շրջապատի պատմությունները, կարծիքները, հուզող խնդիրները տեղ են գտնում, ու դու կարողանում ես կիսվել դրանցով: Ինձ համար ամենագեղեցիկ պահերից մեկը այսպիսի բովանդակությամբ նամակներ ստանալն  է. «Իսկ ինչպե՞ս մենք էլ միանանք»:

Ես գիտեմ միայն մի բան. 17 տարեկանում ես գրում եմ 17.am ի մասին  և ուզում եմ ասել, որ ազդեցությունը շատ մեծ է, իհարկե, դրական ազդեցությունը, մեծ է ընթերցողների վրա, մեծ է ինձ վրա, և մեծ է, երբ կարդում ես քո հասակակիցների (կամ չհասակակիցների) հուզող ու ոգեշնչող պատմությունները:

Շնորհավորում եմ տասնյոթցիներին` թղթակիցներին, մեր հոդվածները խմբագրողներին, մեզ միշտ ուղղորդող տիկին Ռուզանին և բոլորին, ովքեր կապ ունեն 17.am ի հետ: Իսկ ով դեռ չի միացել, կոչ եմ անում միանալ ու վայելել այս հարթակը, ոչ միայն հոդվածեր գրելու, այլ նաև նոր ընկերներ, հնարավորություններ գտնելու ու հմտություններ ձեռք բերելու հարթակը:

Roza Harutyunyan vayots dzor

17-ի ու Աստղիկի մասին

Նա Աստղիկն է: Հա, 17-ցի Աստղիկը, որը մտածում է, որ 17-ցիներն ամենուր են: Բայց իր մտքով չէր անցել, որ Թառաթումբում էլ կա նման բաներից տեղյակ մի աղջիկ: Դե, չնայած` ես Աստղիկին ճանաչում էի, ինձ էնպես պահեցի, իբր չեմ ճանաչում, ու ծանոթացանք: Մեզ ծանոթացրեց 17-ցի Նոնան: Ահա, 17-ցիներն ամենուր են: Աստղիկն անկեղծ աղջիկ է: Ծանոթության երկրորդ օրը խոստովանել է, թե ինչ է մտածել իմ մասին:

-Ուզում եմ անկեղծանալ:

-Անկեղծացի,- ժպտացի ու մոտավոր գիտեի, թե ինչ է ասելու:

-Նոնան ասաց` Թառաթումբից ես, ու չէի մտածի, որ էնտեղից ինչ-որ մեկը տեղյակ կլինի 17-ի մասին, բայց որ իմացա` 17-ից ես, հետո տեսա` հայատառ ես գրում, կարծիքս փոխեցի:

Դե հա, ես պատրաստ էի խոստովանության, բայց չէի սպասում նման արձագանքի: Հիմա Աստղիկը գիտի, որ ես հայատառ եմ գրում: Ես օլիմպիադաների էի գնում, ու մենք ամեն օր հանդիպում էինք: Ու Աստղիկի` իմ մասին ավելի շատ իմանալուց, իրենց դասարանում ամեն օր տեսնվելուց հետո սկսեցինք ավելի ազատ ու հաճախ շփվել:

Աստղիկը կարդաց իմ նյութերն ու ասաց, որ դրանք շատ լավն են, իր սիրած բառով՝ թույն են: Բայց, դե ես գիտեմ՝ ոգևորելու համար ասաց, դրանք էնքան էլ թույն չեն, ինչքան ինքն էր ներկայացնում: Աստղը խոստացել է, որ իր «ուսուցչապետից» ստացած դասերն ինձ է փոխանցելու, բայց մենակ էս նյութի հրապարակվելուց հետո: Նա անկեղծ ասաց, որ ամաչել է 17-ին նյութեր ուղարկել, բայց հիմա տեսեք, որ իսկական 17-ցի է: Ես հիմա էլ եմ ամաչում, դրա համար սկսեց ինձ իբր ոգևորել: Խոստացել եմ սկսել հաճախ գրել, մեկ էլ մի նորմալ նկար ունենալ:

Մի քիչ էլ անկեղծանամ: Իրական Աստղիկը նման չի նկարի միջի Աստղիկին: Աստղ, անկեղծ եմ ասում` դու մաթեմատիկա ընդհանրապես չգիտես, այլ կերպ ասած` «իսկական» հումանիտար ես:

dayana amirkhanyan

Ես՝ 17-ամյա 17.am-ցի

Ամեն տարի յուրովի գալիս ու գնում է: Կամա թե ակամա մենք ենթարկվում ենք տարվա ընթացքում կատարվող դեպքերին ու իրադարձություններին:

Թվում է, թե դա այդպես էլ պետք է լիներ:

Այնուամենայնիվ, մենք երբևէ ինքներս մեզ հարց տվե՞լ ենք. «Եթե մի փոքր մտածեմ այլ կերպ», «Իսկ մի՞թե ես չեմ անելու այն ամենը, ինչի մասին երազում եմ», «I have a dream- Մարտին Լյութեր Քինգի խոսքերը մի՞թե ես նույնպես չեմ կարող ասել ու կոչ անել աշխարհին»:

Հավանաբար, այո՛:

Ես կարող եմ անել այն, ինչ միայն մտքումս է:

Ես երիտասարդ եմ, սակայն չեմ զգում երիտասարդ լինելու քաղցրությունն առայժմ: Միգուցե մի քանի սերունդ առաջ ավելի գեղեցի՞կ էր երիտասարդ լինելը:

Ես երիտասարդ եմ…. 17-ամյա 17.am-ցի:

Սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ: Սակայն ուզում եմ անել ավելին:

Հասարակության անդամ երիտասարդներն ավելի շատ ասելիք ու անելիք ունեն:

Դե ինչ, չհամախմբվե՞նք:

17.am-ն էլ հնարավորությունների մի մեծ աշխարհ է, հնարավորություն ազատ կարծիք արտահայտելու ու ներգրավված լինելու հասարակության մեջ…. Պետք է ամեն բան օգտագործել, որը շատերս չենք անում…

Եկեք մի փոքր այլ կերպ մտածենք…. Եթե մեզնից ոչ ոք չմտածի այնպես, որ իր դերը շատ փոքր է հասարակության մեջ, և մեկ անձը չի կարող անել կամ փոխել ոչինչ, ապա այդ ժամանակ մենք կունենանք ամուր և ուժեղ հասարակություն, որի գլուխ կանգնած կլինի ոչ թե կառավարությունը, այլ երիտասարդությունը:

Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր  ժամանակաշրջանն է:

Հայաստանում մենք ուզում ենք անել ամեն բան, որպեսզի մեր օրն անցնի ոչ միայն դասերով ու հավելյալ պարապմունքներով, այլ որևէ հետաքրքիր իրադարձությամբ: Կարելի է օրինակ բերել՝ քաղաքի, գյուղի, ինչ-որ բնակավայրի, որտեղ մենք ապրում ենք, որևէ խնդրի լուծումը: Նախքան խնդրի լուծմանը սպասելը, փոխարենը, մենք՝ երիտասարդներս, պետք է փորձենք ինքներս լուծման ճանապարհներ գտնել:

Ես՝ Վանաձոր քաղաքի երիտասարդս, տեսնում եմ, որ իմ քաղաքում շատերը փորձում են անել ամեն ինչ, իսկ մյուս մասը՝ չի անում ոչինչ, և բացի դա փորձում է «ձուլվել» կարծրատիպերով ու խանգարել մյուսներին:

Այստեղ՝ իմ քաղաքում, երիտասարդներն ունեն շատ մեծ դեր:

Շատերը դժգոհում են. «Ես չեմ կարող, ես ի զորու չեմ, դա իմ իրավունքը չէ, դա իմ պարտականությունը չէ….»: Այս շարքը կարելի է դեռ էլի ու էլի շարունակել: Սակայն պետք չէ ասել չեմ կարող՝ առանց փորձելու, և ասել պարտականությունս չէ՝ առանց իրավունքն իմանալու:

Ուղղակի հարկ է չվախենալ ու չխուսափել:

Մենք՝ երիտասարդներս ենք վաղվա ուժը: Մենք ենք լինելու այն անձիք, ովքեր իրենց ուսերին կրելու են ողջ երկիրը:

Մենք երիտասարդ ենք, իսկ երիտասարդ լինել, իմ կարծիքով, նշանակում է ունենալ կյանքի նպատակակետ ու «կանաչ կետ», որով շարժվելիս մենք կգործենք րոպեի համար, սակայն վստահ լինելով, որ դա մնայուն է լինելու անգամ  մեկ ժամ հետո…

Դե ինչ, եկեք այս պահից սկսած մտածենք գաղափարներ, և դրանք իրագործելու ճանապարհ գտնենք:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.  Հուսանք, որ սա հերթական կոչ-հորդորը չէ: Կսպասենք քո վերափոխմանն ու կոչ-հորդորներից գործի անցնելու մասին նյութերին:

Anushik Mkrtchyan

Մեկ տարի թղթակից

Մարտի տասը ինձ համար սովորական օր էր մինչև 2017 թվականը, երբ առաջին անգամ իմացա «Մանանա» կենտրոնի մասին՝ Վորլդ Վիժնի Արագածոտնի ղեկավար ընկեր Սուրենի շնորհիվ։ Սոց․ ցանցում տեսա նրա գրառումը, որում ասվում էր, որ ով ցանկանում է հմտանալ լրագրության, լուսանկարչության մեջ ու ռեժիսորական գործում, ապա կարող է դիմել։ Ինձ այդ գաղափարը այնքան գրավեց, որ այդ ժամանակ այդ երեք մասնագիտություններն էլ ընտրել էի, բայց կանգ էի առել ռեժիսորականի վրա (չնայած՝ հիմա հաստատ որոշել եմ, որ լրագրող եմ դառնալու)։ Ու մեր գյուղից մի քանի երեխաներ ընկեր Սուրենի միջնորդությամբ մարտի 11-ին և 12-ին գնացին Ապարան ու ծանոթացան «Մանանայի» անձնակազմի հետ։ Այդ մի քանի երեխաներից ես, Նաիրան ու Աննան սկսեցինք պարբերաբար նյութեր ուղարկել, ինչի արդյունքում ես ու Նաիրան դեռ երկու ամիս էլ չկար, որ թղթակցում էինք, բայց ընդգրկվեցինք լավագույնների շարքում։

Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա սովորել ավելի ճիշտ մտքերս արտահայտել։ Եթե կարդաք իմ առաջին ու վերջին նյութերը, դուք մեծ, շատ մեծ տարբերություն կզգաք։ Այս մեկ տարվա ընթացքում կարողացա լինել ավելի համարձակ։ Եթե ուրիշների համար դպրոցն է երկրորդ տունը, ինձ համար «Մանանան» է։ Եվ սրանք ամենևին էլ զուտ խոսքեր չեն։ Այս ամենը սրտանց եմ ասում։ Կարևոր է նաև, որ այս մեկ տարվա ընթացքում իմ ընկերների թիվն աճել է 30 հոգով, եթե ոչ ավելի։ Ընկերությունս ձգվեց Եղվարդից Եղեգնաձոր, Արարատից Մալիշկա, Երևանից Աշտարակ ու էլի դեպի շատ քաղաքներ ու գյուղեր։ Շնորհիվ «Մանանայի» ես տեղեկացա այնպիսի գյուղերի, քաղաքների մասին, որոնցից չնչին բան գիտեի։ Դպրոցում սկսեցին ինձ ավելի մեծ ուշադրություն հատկացնել։ Ինչ-որ միջոցառում կազմակերպելիս ինձ էին դիմում, որ լուսաբանեմ, ու հրապարակեն դպրոցական կայքում։ Ու ես հպարտությամբ էի դրան նայում, երբ նյութի տակ գրված էր լինում «Մկրտչյան Անուշ, 10-րդ դասարան»։ Դա նույնպես «Մանանայի» շնորհիվ է։ «Մանանայի» շնորհիվ էր, երբ գնացի մեր գյուղի խանութներից մեկն, ու ասացին, որ «էն մի նյութը հուզիչ էր»։ Շնորհիվ «Մանանայի» էր, որ տատիկին ասում էին․ «Նուշիկ ջան, թոռդ էդ ինչ լավ բան էր գրել»։ Շնորհիվ «Մանանայի» է, որ ծնողներս՝ ինձնից կիլոմետրերով հեռու, որոշ տեղ հպարտանում են ինձնով։ Ու վերջապես, շնորհիվ «Մանանայի» է, որ հազարավոր պատանիներ կարողանում են առաջ բերել իրենց հուզող հարցերը, պատմել իրենց գյուղի կյանքի, իրենց կյանքի մասին։ Միավորելով այդքան պատանիների՝ ավելի է ամրապնդվում գյուղերի կապը։ Կարողանում ենք մեր մտքերն արտահայտել ու դրանից մեզ լավ զգալ։

Գիտեմ, որ ես դեռ տարիներ շարունակ «կնշեմ» մարտի 10-ը, ու էլի շնորհիվ «Մանանայի»։