Կիրակնօրյա ընթերցանություն խորագրի արխիվներ

Nare Varujani

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո (մաս 2)

Երբ անծանոթ լինենք, լինենք օտար,
Ու հանդիպենք մի օր պատահական,
Դու պատմիր, թե աշխարհում ինչ գտար,
Ինձնից հետո ինչ էր քո ապագան։

Տարիներ հետո կանգնենք դեմ դիմաց,
Ու հարցիս ի պատասխան դու լռես,
Ափսոսանքով նայես դեմքին իմ թաց.
Ոչի՜նչ է գտածդ, դու էլ գիտես…

Այդժամ գուցե կեղծ ժպիտով ժպտամ,
Աչքերիդ նայեմ հաղթողի դեմքով,
Մի վերջին անգամ լռեմ ու գնամ
Տարիների քո «գտածի» հետքով.․.

***

Ինձ ու քեզ բաժանում է մի Այսօր,
Դու իմ երեկվա անցյալ
ու վաղվա ճակատագիր.
«Այսօր» երբեք դու չկաս։

Դեռ երեկ մենք երջանիկ էինք.
Արև էր ու բերկրանք,
Մի կարճ վայրկյան մենք հավերժ էինք.
Ցնորք էր ու խաբկանք…
Կուրություն էր ավելի,
Քան թե կույր հավատ,
Թռիչք էր թերի,
Անթև ու կիսատ։

Երեկն էր մեր «հիմա»-ն,
Ու չկար մեր «հետո»-ն
Հետոն բերեց մի հարց միայն.
երջանի՞կ էինք , թե՞ հիմար…

Վաղը
Մի անծանոթ կայարանում,
Դու կսպասես մեր գնացքին,
Որ դեպի երեկ է տանում։

Բայց գնացքն այդ, սիրելի՛ս,
Երբեք չի՜ գալիս։
Այդ մե՛նք ենք մենակ այս աշխարհում,
Որ կանգնել ենք կյանքի մեջտեղում,
Եվ արանքում երեկվա ու վաղվա
Մեզ հավերժ բաժանում է մի Այսօր։

Իսկ ես
Ինչ-որ անտարբեր քաղաքում,
Կփնտրեմ մեր հին գնացքը,
Որ դեպի վաղն էր ընթանում։

Բայց գնացքն այդ, սիրելի՛ս,
Երբեք չի՜ կանգնում,
Այդ մե՛նք ենք մենակ այս աշխարհում,
Որ իրար գտնում ենք վաղը,
Կորցնում երեկ,
Ու ոչ մի Այսօր չենք ապրում մենք։

 

Իմ բոլոր այսօրներում դու չկաս,
Ու թվում է, թե
Երեկվա ու վաղվա արանքում
Մի դատարկ Այսօր հավերժ բաժանելու է մեզ…

***

Երբ մի օր մենակ,
Աշխարհից թաքուն
Արտասվես անքուն,
Հիշի՛ր, որ ես կամ։

Երբ մի օր անձայն,
Ամենքից հոգնած
Դառնանաս հանկարծ,
Հիշի՛ր, որ ես կամ։

Երբ մի օր արբած,
Կարոտով կրկին
Երազես մեկին,
Հիշի՛ր, որ ես կամ։

 

Երբ մի օր ցավով
Մեր անցած ուղին
Ավանդես հողին,
Հիշի՛ր, որ ես կամ։

***

Մի անփույթ վայրկյանի
Վեճի բոցում տաքացած`
Առագաստը մեր նավի
Մենք պոկեցինք բարկացած։

 

Մի կապույտ օվկիանի
Լաջվարդ ծոցում թողնված`
Դեռ լողում է մեր նավի
Վերջին բեկորն օրհնված։

***

Աշնան քամու խաղին
Մի տերև մատնվեց,
Հագավ շորը դեղին,
Իրեն քամուն տվեց։

Քամին սուլեց դավով,
Հնչեց պարի նոտան,
Ու թև թևի տալով`
Վալսի սիրտը մտան։

Քամին գինու կումով
Արբեցրեց տերևին,
Տերևը սոսկումով
Թիկնեց մայթի թևին։

Իսկ ի՞նչ եղավ հետո.

Հետո մայթով այդ նույն
Դու անցար անտարբեր,
Հարբած տերևն իսկույն
Փշրեցիր անհամբեր։

Այսպես մեռավ մի օր
Խաբված տերևը հեգ,
Եվ ո՞վ էր մեղավոր,
Դու՞ , թե՞ քամին այն նենգ ։

anna baghdasaryan lori

Ես քեզ եմ գրում

Ողջույն, բարեկամ: Չգիտեմ էլ՝ ինչ կարող եմ համարել գրածս՝ շարադրությո՞ւն, նամա՞կ, թե՞ դեռահասներին բնորոշ կյանքի օրագրի հերթական մի էջ: Իրականում այս հարցն ամենևին էլ կարևոր չէր: Հերո՞ս: Իսկ ես կարո՞ղ եմ քեզ հերոս համարել, մեռած հերոսներ լինո՞ւմ են: Չնայած… հա, երևի թե լինում են թվացյալ մեռյալ, բայց հավերժ ապրող հերոսներ: Դու իմ հենց էդպիսի հերոսն ես, հավերժ ինձ հետ, իմ հոգում, ֆիզիկապես քայքայված, բայց հոգով զարթուն, առույգ, թռվռան մի էակ: Դեռ մանկուց մեզ պատմած հեքիաթներից մենք սովորել ենք, որ հերոսները տարբեր են լինում` բարի ու չար, անմեղ և մեղավոր, գեղեցիկ և տգեղ, հարուստ և աղքատ: Ոչ, սխալ ենք սովորել: Հերոսների տարբերությունն այդ հորինված ու ձևական ածականների մեջ չէ: Հերոսները լինում են մեռած և կենդանի, ու կարող եմ վստահեցնել, որ սեփական հերոսն ունենալու համար ամենևին էլ պարտադիր չէ երբևէ նրան տեսած լինել: Իմ հերոսը դու ես, Աննա Ֆրանկ:

Քո կերպարը ուղիղ կապ ունի իմ կերպարի հետ, այնքան ուղիղ, որ երբեմն կարծում եմ, որ գրքում նկարագրված լեզվանի, հաստատակամ ու ուժեղ աղջիկը հենց ես եմ: Հերոսներն ամենևին էլ աստվածային չեն…

Թաքստոցը հեռու էր, հերոս: Գիտեմ, թե քեզ համար այդ ողորմելի տարիներին որքան բարդ է եղել տարիներով ստիպված շշուկով խոսել, դուրս չգալ այդ գրողի տարած տնից ու մնալ մի տան մեջ էնպիսի եսասեր մարդկանց հետ, որոնք անգամ միտք էլ չունեին հասկանալ քեզ: Քո նրբությունը երբեմն ինձ վախեցնում է: Այն քնքշանքը, որով առանց կաթիլ առ անգամ գիտակցելու մոտենում ես քեզնից դար հետո ապրող մի աղջկա: Ես ամենևին էլ չեմ կարծում, որ մարդկանց տարիքը մահից հետո հաշվելու անհրաժեշտություն կա, դրա համար էլ ես գիտեմ, որ չնայած նրան, որ դու հավերժ ապրում ես, դու միշտ կմնաս նույն 12 տարեկան մեծահոգի աղջնակը, ով ամեն կերպ օգնում էր ծույլ համադասարանցիներին արտագրել բոլոր աշխատանքները: Հերոս ես, այնքան հերոս, որ սահմանել ես իմ կյանքն առաջնորդող սահմանումներից մեկը․ «Մարդիկ կարող են ստիպել քեզ լռել, բայց նրանք չեն կարող քեզ կանգնեցնել կարծիք ունենալուց»: Գիտե՞ս՝ երբեմն, երբ ոչինչ անելու տրամադրություն չեմ ունենում, ուղղակի հիշում եմ քեզ, քեզ, որ իմ մոտիվացիայի հիմնական աղբյուրն ես, քեզ, որ ընդամենը իմ տարքիում օտար լեզուներով գրքեր էիր թարգմանում, քեզ, որ այնքան համարձակ էիր, որ ինքդ քո առջև ասում էիր, որ չես սիրում մորդ, քեզ, որ այնքան զգայուն էիր, որ ցանկացած անարդարության համար պատրաստ էիր կյանքի հետ խաղալ, բայց վերջում ծածուկ լալ: Դու իմ հերոսն ես: Դու, որ այնքան հերոս ես, որ այսօր իմ հոգում ես ապրում: Դու նա ես, ում հետ կարող եմ միշտ կիսել բոլոր դառնություններն ու բոլոր քաղցր կոնֆետները: Ես վստահ եմ, որ այցելելու եմ քո տունը, և վստահ եմ, որ այդ օրը շատ հեռու չէ, Աննա Ֆրանկ:

Քո օրագիրը Փիթի անունն ուներ, չէ՞: Իմ օրագիրը քո անունն ունի, Աննա…

Lilit Andriasyan

Requiem in D minor

Սիբիրում վարձակալած բնակարանը, որի համար ամեն ամիս ճարպակալած ու խռպոտ Նադենկային աշխատածիս կեսն եմ տալիս ու մի քոռ կոպեկ չի մնում սննդի համար, կատարյալ ճիճվաբուն է: Մեկ սենյականոց իմ խցից հիասքանչ տեսարան է բացվում դեպի սիբիրյան կեղտոտ փողոցները: Բնակարանը, որում շուրջ տասն ամիս է՝ հանգրվանել է նվաստս, նման է ապաշխարողի խցի: Ամենափոքր սենյակում իմ ճռճռացող երկաթե մահճակալն է, որի վրա հանգչում է տնից մի կերպ աշխարհի ծերը քարշ տված մաքուր բրդե ներքնակը, երկու բարձ ու մի հսկայական լաթի կտոր: Անկյունում խնամքով ծպտված է տասը տարվա ճամփորդություններից հոգնած, աշխարհից խռոված երկանիվ ճամպրուկն ու երկու ձեռք շոր, որով մաշում եմ սիբիրյան ցրտերը: Միայնակ ապրող տղամարդու համար բավականին մաքրակենցաղ եմ: Չնայած, դժվար է անկանոնություն մտցել մի վայրում, որտեղ քեզնից, մի սեղան, երկու աթոռներից բացի ոչինչ չկա: Սրանց գումարած սովետից մնացած, դռնակը կախ ընկած դարակը, երեք մեծ ու փոքր բաժակ, երեք ափսե ու մի քանի մանր-մունր բաներ կազմում են իմ դղյակի զարդարանքը: Այս տունը նվազ տանելի է դարձնում միայն հին հեռուստացույցը, որով ամեն օր տարբեր լեզուներով աշխարհի ամեն ծայրից կանչում, որոնում են մեկին:

Թաղամասը, որում հանգրվանել եմ ես, հիշեցնում է ժամանակակից սոդոմգոմորային խառնուրդ: Հարևաններս մեծ մասամբ ռուսներ են, մի երկու այլազգի ու ոչ մի հայ: Եթե երեկոյան ժամերին որոշես դուրս գալ ու մի երկու պտույտ անել փողոցներով, մեծ հաշվով կհանդիպես մանկահասակ տղաների ու աղջիկների սիրային պատմություններին, թեթևաբարո կանանց ու նրանց հարբած հաճախորդների սակարկումներին, թմրադեղերի սիրահարների վիճաբանություններին, կարճ ասած՝ այն ամենին, ինչը մեր օրերում ակտուալ է: Սակայն ճիշտ չի լինի ասել, որ ես շրջապատված եմ կատարյալ անբարոյական մթնոլորտով: Օրինակ՝ Նատաշկան՝ ծերուկ Իվանի նրբիրան ու հաճոյախոս աղջնակը, ցրում է օդի մեջ կախված տհաճ մթնոլորտը: Հագին ունի մինչև ծնկները հասնող մորթե վերարկու, արևաշող խոպոպները մեջքին թափված, գլխարկի տակից հազիվ նշմարվում են կապույտին խփող աչքերը: Ամեն առավոտ հանդիպում ենք աստիճանների վրա, ես, որպես կանոն, տեղեկանում եմ ծերուկի առողջությամբ, Նատաշկան հարցնում է, թե արդյոք չի՞ անցել երթուղայինը և կարիք չունե՞մ որևէ բանի, հետո տոպրակը նետում է աղբամանը, մայթին փռված կատուն շարժում է պոչն, ու առավոտը սկսվում է բարի: Որպեսզի խուսափենք անցանկալի դատողություններից, առաջ ընկնելով ասեմ, որ ես Նատաշկայի հորեղբոր տարիքին եմ: Երբ անառակ որդու իմ ճամպրուկով եկա այս քաղաքը, ծերուկ Իվանը առաջինն էր, որ ինձ օգնության ձեռք մեկնեց ու ծանոթացրեց Նադենկայի հետ։ Կարճ ասած՝ այս ճիճվաբնում հայտնվելուս համար ես պարտական եմ ծերուկին, ուստի շաբաթը մեկ-երկու անգամ անցնում են նրա մոտ, մի-մի բաժակ խմում ենք, պատմում եմ հայկական թոնրի լավաշից ու ամեն տեսակ դիպվածներից մեր ազգի մեջ ու նորից մեկնում իմ խուցը:

Տեղին կլինի ասել, որ այս հավաքովի թաղամասի պատկերն ամբողջացնող վերջին դետալը ես եմ, իմ՝ կովկասցու բեղ-մորուսը, ձութի պես սև դեմքն ու խոշոր աչքերը: Տարիքիս համեմատ փոքր-ինչ հասակավոր եմ, մազերիս մեջ ալիքներ կան ու ձեռքերս դողում են: Իսկ այ եթե փորձեք հարցնել Նադենկային՝ իմ ճարպոտ ու հարբեցող տանտիրոջը, ես իսկական դոնժուան եմ, մաչո: Դե, այստեղի կանայք միշտ էլ այլ աչքով են նայում կովկասցիներին: Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ նվաստս տեղի թերթերից մեկի համար շաբաթը մեկ կարճ մի հոդված է գրում կամ մի նողկալի լիրիկական սիրային պատմություն, ու մինչև հաջորդ շաբաթ ապրում մի երկու կոպեկով, որի կեսն էլ պահում է դղյակի տիրուհու համար: Եթե ինձ հարցնեք, մեր թերթ կոչվածը իսկական զիբիլ է: Քաղաքային նորություններ են, աստղային զազրելի պատմություններ, մի երկու ակնարկ սպանությունների ու հանցագործությունների մասին, որտեղ մանրակրկիտ ներկայացվում են հանցագործության մեխանիզմները կարծես ընթերցողին գլխի գցելու համար, մի քանի տափակ հումոր, ու իմ՝ ոչ պակաս տափակ հոդվածները ամենատարբեր թեմաներով: Իսկ թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ, երկար պատմություն է: Որպես սկիզբ ասեմ, որ գրիչ բանեցնելու համար այնքան էլ անպիտան չեմ, իսկ այ ձեռքս բահ վերցնել չեմ կարող: Իսկ այնտեղ, որտեղ ես ապրում էի երիտասարդ տարիներիս, գրիչը տեղ չուներ, կամ շարժվում էր միայն մի քանի պնակալեզների ձեռքին: Կարճ ասած՝ պոեզիայի դաշտերում երաշտ էր: Մոլախոտը ծածկել էր ամեն արդար բան, փողը կասեցնում էր գրի ընթացքը, ամբիոնները լի էին գրագողերով, փառքի դափնիները զարդարում էին սխալ պարանոցներ: Բոլորը տեսնում են ու բոլորը լուռ են: Մի քանի «մեծանուն» հարկերի տակ վխտում էին նորօրյա պոեզիայի «աստվածները». որքան տարօրինակ արտաքնապես, այնքան աստվածանման, որքան կրքոտ ու շինովի, այնքան հետաքրքիր: Այստեղ ներկայացվածության խնդիր էր: Նրանք, ովքեր սովոր էին ամեն պատեհ ու անապատեհ առիթով քսմսվել ու շողոքորթել վերադասի քարտուղարին անգամ, լցնում էին բեմերը, իսկ մեզպեսները մնում էին պատուհաններից անդին: Մենք հեռու էինք «գրողական» միջավայրից: Այստեղ ծիլը, որը չէր աճում սահմանված հունով, արմատահան էին անում, եթե մինչև իսկ մանանա էր պտղավորելու: Մեզպեսները չգիտեին սիրտ մաշող, կուրծք պատռող, կրքից պայթող ձայնով ինչ-որ բան կարդալ։ Բառերը, որոնք դուրս էին գալիս մեր շուրթերից, ձևական արտահայտչամիջոցներ չէին, մտացածին ու շինովի հույզերից զուրկ, այնպիսին էին, ինչպիսին կան ու թե կրքոտ էլ հնչում էին, լոկ գիշերները, այն էլ՝ մեկի համար։ Մեր տաղանդը մեկին երջանկացնելու մեջ էր, ու թե ինչ-որ բան էլ գրում էինք, էլի այդ մեկի համար էր։ Արվեստը, որում ապրում էինք մենք, մշակույթը, որը քարոզում էիր դու, գիրը, որը գովում էին նրանք, մեզ հետ բնավ կապ չուներ: Մենք չենք կարդացել աշխարհը ցնցած, ամենակարդացված գրքերը, փոխարենը ծամում, կուլ ենք տալիս Աստվածաշունչը ու ձեռքներս հանգիստ է։ Մեզ չեն ճնշում ոչ Նիցշեն, ոչ Ցիցերոնը, ոչ Մարկեսը, ոչ այն մեկը, որ պիտի գա. մեզ ճնշողը մենք են։ Գրում ենք խմելու նման՝ երկու դեպքում՝ երբ սիրահարված ենք և երբ սիրահարված չենք։ Կարճ ասենք՝ մենք գտնվում ենք ոչ այնտեղ ու ոչ այն պահին:

Բայց դրանք բաներ են, որոնք հասու են միայն քեզ ու քեզպեսներին, իսկ երեխաները պահանջում են ուտել: Նրանց համար միևնույնն է, թե ով ումից ինչ է փախցնում, ում պոչը ում տակ է: Նրանց համար աշխարհի գերագույն անարդարությունն այն է, որ հարևան կրպակում պաղպաղակ կա, բայց առնող չկա: Ուստի հոգևոր քաղցը մղվում է երրորդ, չորրորդ պլան ու առաջնահերթ է դառնում հացի խնդիրը: Քանի դեռ երեխաներ չկան, դու կարող ես մի երկու բաժակ այստեղ-այնտեղ գցելով սովդ մեղմել, մի տեղ քնել, մի տեղ արթնանալ, բայց նրանք, այդ փոքրիկ մարդուկները, պահանջում են, որ իրենց ստամոքսները լի լինեն աշխարհի ամենատարբեր բաներով: Նրանց համար միևնույնն են աշխարհի բոլոր պատերազմները, ներանձնային դրամաները: Աշխարհը մի մեծ կտոր հաց ու պանիր է ու խաղաղ քուն: Իսկ նրանց հայրիկը մի երկու զրտի-պրտի ոտանավորով հաց բերել չի կարող: Ու ժամանակի հետ վաղեմի կատարյալ սիրեցյալը վերածվում է անբան հոր ու գրիչը՝ ինքնաձաղկումից, թե ինքնանսեմացումից, դադարում է շարժվել:

Նման ժամանակներն են, որ գրողից սարքում են գրող ու ցավ, բառերի կույտ, սուտ սենտիմենտալ ու այլ ելք չի մնում, քան վերցնել մանգաղն ու մուրճը: Բայց նման մի հոգնած պահի է, որ ինչ-որ տեղից գալիս է փրկարար զանգը: Իսկ զանգը շատ չուշացավ: Վաղուց հաշտված այն մտքին, որ գիրն ու ես իրար կանգնած ենք մեջքով ու մեր ճանպարհները այլևս չեն խաչվելու, Մոսկվա մեկնելու միտքը փրկարար օղակ դարձավ: Իսկ ինչի՞ց կամ ումի՞ց էր փրկում այն: Մի տուն մոր ու հորի՞ց, երկու զավակի՞ց, սիրած կնոջի՞ց, քաղաքի՞ց, ծանոթ-անծանոթների՞ց, թե՞ ինքս ինձնից: Գնացքը կշարժվի ու հետևում կմնան բոլորը, իսկ ես դեռ երկար կգնամ ինձ հետ ինչ-որ տայգաներով, ինչ-որ փողոցներով, ինչ-որ մարդկանց հետ ու որքան հեռանամ, այնքան կծանրանամ:

Բայց գնում եմ ու միակ բանը, ինչից վախենում եմ այս անծայրածիր տիեզերք կոչվածում, դա ես եմ, քանզի իմ մեջ է, որ ապրում ու մեռնում է Աստված: Միակը, ումից սարսափում եմ, դա ես եմ, քանզի ինձնից լավ ոչ ոք չգիտի իմ նողկալի թուլություններն ու հիվանդագին կրքերը: Միակը, ում սիրում եմ պաշտելու աստիճան, ու ում վրա պատրաստ եմ թշնամաբար թքել, դա ես եմ, քանզի իմ մեջ են պարփակված աշխարհի բոլոր երևելի ու աներևույթ կեղտերն ու սրբությունները: Միակը, ում հետ պարզճակատ նստում եմ հացի ու ումից փախցնում եմ հայացքս մեկ-մեկ, դա ես եմ, քանզի ինձնից լավ ոչ ոք չգիտի իմ գործած մեղքերի թիվ ու կշիռը ու միակն եմ, ում առաջ աշխարհից խռոված գալիս եմ ծնկի: Հավատացյալ եմ ու հավատուրաց, հազարից մեկ էլ սատանայի հետ քնում, աստծո հետ աչքերս բաց եմ անում: Ժայռից գլորես՝ ժայռաբեկոր եմ, ոչ կոտրվում եմ, ոչ խեղդվում: Հաբեշի պես սև եմ, ամպի պես սպիտակ, իմ տունը այնտեղ է, ես՝ անհայտում: Ու այսպես շարունակ, տարեցտարի, աշխարհից կտրված ու մեջին աշխարհի, իմ երգերն եմ երգում, իմ հողերն եմ հերկում, աշխարհից ոչ դուրս եմ, ոչ էլ ներսում:

Մոսկվան ինձ դիմավորեց գրկաբաց՝ հարազատի նման, քծնող՝ լրբի պես ու խոստացավ պահել այնքան, որքան կկամենար իմ հոգին: Իր բարիքները գլխիս թափեց միանգամից ու սկսեց մեկիկ-մեկիկ հետ առնել, իսկ երբ առնելու բան չմնաց, ցրտեց, ցրտահարեց ինձ էլ հետը: Բայց վերադառնալը հավասար էր պարտվելուն, հավասար էր ընդունելուն, որ էշի մեկն ես ու քո տեղը փարախն էր: Ուստի պետք էր սպասել: Այն ժամանակը, որը անցնում էր ինչ-որ տեղից ինչ-որ զանգի սպասելով, անցկացնում էի Մոսկվայի փողոցներում թափառելով, հեռագրասյանը հենված, ինչ-որ պատի տակ մտքերի մեջ ընկած ու հետո՝ Սիբիրի ճամփին: Այդ օրերի միակ լուսավոր կետը, որը դաջվել է իմ հիշողության մեջ, Կիրովականից ստացած «Նոյեմբերյանն» ու խզբզած փոքրիկ նամակներն են, որոնք ես կարդացի հազար անգամ, կուլ տալու պես, ու ամաչեցի: Ու նստեցինք հացի՝ ես ու ես.

-Շատը գնա՜ց, քիչը մնաց, թասդ բեր, մի-մի բաժակ «Նոյեմբերյան», հետո դու քո ճամփով, ես՝ իմ: Երկու օր էլ, երկու տարի կամ երկու դար, իսկ լավագույն դեպքում՝ երկու շաբաթ հետո: Տեսնես ի՞նչ է անում. բոլորին քնեցրել, փեշը քշտել, տաշտը դրել ու լվացք է անում: Մատաղ գառս կանչե՜ց, կուրծքը բաց է. սիրուն է էս գիշեր հերն օրհնածը: Օրորոցը ճռռաց, գառնուկը վեր թռավ, հոր կարոտն է քաշում կամ սոված է: Տեսնես ի՞նչ է անում. խաշամը գոգն առած կարմիր լոբին ջոկում-ջոկջոկում է ու կաթի մեջ ընկած թանն է թթվում: Նստի՜ր, նամակ գրիր, մեջը սիրուն բառեր, ոսկեջրած բառեր, արհեստական: Պատմիր ոնց է քաշում, ոնց է մաշում հոգիդ, ձեռքերիցդ կգա՞: Կնգան գրելն ի՞նչ է, որ գլուխ չես բերում, դու էստեղ՝ Սիբիրում, նա՝ արևոտ լանջին Արարատի, հիմա փեշը բացել ու պտույտ է գալիս, հիմա արևն էլի աչքը մեջքին գցել ու ծնկներն է շոյում, մեղկ ուսերն են դողում, դու էստեղ՝ Սիբիրում՝ մոռացվածի նման, կորսվածի նման, որբի նման անտուն ու անտանիք:

Մթի մեջ բաժակը բերնեբերան լցվեց, տաբատդ թրջեց, կաթի պես կուլ գնաց: Հացի կծվահամը չառար: Ժամացույցը տարել, թաղել ես հետևի սենյակում, որ երեսով չտա, որ այսօրն էլ անցավ՝ անպտուղ անցավ, անարդյունք: Լուր չկա, լուր բերող չկա, տվող չկա, սպասող էլ: Ժամը քանի՞սն եկավ. ժամհարին կախեցին. լուսաբաց է՝ լույսերը տվել է հերն օրհնածը: Աստիճաններին հանդիպիր Նատաշկային, երեսդ շուռ տված անցիր. ան-ցիր, ցիր-ու-ցան, ցան-կա-պատ: Պատը քանդիր: Այս գրողի տարած աշխարհում այսքան պատերը ինչո՞ւ եք սարքում. դրսում պատեր, տանը պատեր, ներսում պատեր: Տունը՝ աշխարհից, ներսը՝ դրսից, զավակը հորից ինչո՞ւ եք բաժանում: Դրա համար էլ իմ մոտիկը, հարազատը չի՜ տեսնում: Իմ պատի հետևում գիշերը կծվածահոտ բերեց, իմացա՞ր: Պատերը քանդեք, որ ժամացույցները կախելու տեղ չունենան, ժամհարին էլ՝ խաչեք, որ ձեն չտան, որ երեսով չտան, որ այսօրն էլ անցավ, անպտուղ անցավ, անարդյունք: Լուր՝ չկա, լուր բերող՝ չկա, լուր տվող՝ չկա, սպասող՝ կա՜: Գիշեր է, լույսերը Աստվածը հանգցրեց: Խելոքը գժվում է, խելառին՝ քուն չկա։

Իմ տունն ու իր միակ բնակիչը խոնավությունից ճաք են տալիս։ Անձրևոտ օրերին պատուհանագոգից ջուրը թափվում է ներս ու իսկական մակընթացություն է սկսվում։ Հետո վրա է հասնում ծերուկ Իվանը ու սկսում խոսել աշխարհի թանկ ու էժանից, Մախաչկալայի շեկ մազերով սիրուններից, որ զինվորների համար հաց ու խնձորներ էին բերում, ու սիրտս գնում է մեր կողմերը։ Արարատի լանջին հիմա սինձը գլուխը դուրս է հանել, ջահել կանայք ու աղջիկները գնում են հանդի միջով՝ փեշերը քշտած, ծիծաղը շուրթերին։ Մատաղ գառները հիմա հասակ են առել, անցած տարվա շալվարները կոճերից բարձրացել, թևերը կարճացել են։ Գառ մայրիկը ձայնը գցել ու ցեխերի մեջից քարշ է տալիս.

-Հրես հերդ կգա։

Իսկ հայրիկը չկա։ Ո՜վ գիտի, որ շենքի մի խցում թղթերի մեջ կորած երկու բառ է գրում, երեքը փոխում, հետո պատռում ու հայհոյում Աստված ու կյանք։ Շաբաթվա վերջին կստանա իր հազար ռուբլին, հինգ հարյուրը՝ Նադենկային, հարյուրի հաց կառնի ու մի շիշ օղի, մնացածն էլ ծրարը կդնի, երկու սիրուն բառ էլ վրան ու հեռագրատան ճամփեն կբռնի։ Փոստում աշխատող աղջիկը հարազատի պես ժպտում է, մի անգամ էլ հարևանցի ասաց, որ մեր թերթի հավատարիմ ընթերցողն է ու մի համարում շատ է հավանել այսինչ բառը, այնինչ միտքը և այլն։ Այսօրվա ծրարը անկանոն հաստ ստացվեց։ Հուզմունքով բերանը փակեցի, ստուգեցի ու հանձնեցի փոստին։ Եվս մի շաբաթ ու պատասխան նամակը չի ուշանա։ Երկու օրից կհասնի Մոսկվա, հետո կգնա մղոններով անդին, դաշտերի միջով ու տափաստաններով։ Երևանում կստուգեն, կուղարկեն Կիրովական, ու այնտեղ էլ մեկը՝ սրտի դողով կառնի, տուն կփախչի։

Հիմա երևի վերնահարկում նստել ու ծրարն է բանում։ Փողը մորս կտա, հին ադաթ է, տան մեծն է հոգում փողի հարցը, իսկ ինքը նամակը կառնի, ծոցը կդնի, որ գիշերը կարդա։ Ու այստեղ՝ Սիբիրում, ծերուկ Իվանի հետ մի շիշ «Նոյեմբերյան» բացած մեկը Նատաշկայի եփած ճաշը կուտի ու մտքերով կգնա, էն սիրունի ծոցը կմտնի, որ իրար հետ կարդան։

«Ողջույններ հայրիկից։ Սիբիրյան ցրտերը սկսել են կոտրել։ Արմենակիս հասակը մոռացել եմ, չկարողացա հագուստ գնել, փողի մի մասով գնիր, սպորտային կոշիկներ էլ, մի սիրուն բան էլ Անահիտիս գնիր, մի քանի մազակալ ու զիրտի-պիրտի բաներ։ Մայրիկին համբուրիր, դեղերը գնիր, աչք չփակես։ Երկու նոր հոդված եմ գրել, վաղը կտպեն, եթե բարեհաջող գնա, շաբաթվա վերջին հազար ռուբլի կուղարկեմ։ Նադենկայի փողը տվեցի։ Հոգի կին է, էլ չեմ ասում ծերուկ Իվանի մասին, Նատաշկան էլ ձեզ բարևներ է ուղարկում։ Արմենակին ասա, թող պապին չչարչարի։ Խուցս ամռան հետ այնքան էլ վատը չէ, իսկական պալատ է, նույնիսկ մեծություն է անում։ Ամառային Սիբիրն էլ իր հետաքրքրությունն ունի, չեմ հավատում, որ կարող եմ քայլել առանց վերարկու ու չդողալ։ Նույնիսկ պատուհան եմ բացել։ Տաք հացի հոտ է գալիս։ Թոնիրն արդեն վառո՞ւմ եք։ Իսկ փայտ կա՞։ Երեկ գիշերը քնիցս արթնացա։ Երազիս կարմիր շորով էիր ու հանդից տուն էիր գալիս, ձեռքիդ մեջ մի փունջ կակաչներ, իսկ ես ինչ-որ բան էի գրել ու սպասում էի գալուդ։ Այդտեղի գրական կյանքից ի՞նչ կա։ Էլի բեմերը լի՞քն են։ Ինձնից այդպես էլ գրող դուրս չեկավ, չէ՞։ Նույնիսկ քեզ մի խելքը գլխին նամակ չեմ կարողանում գրել, իսկ դու գրում ես ու գրում, պատմում ես ու պատում, պահում ես կապը իմ ու աշխարհի հետ։

Կիրովանում հիմա գիշեր է, բայց դու մի քնիր, ես կորցնում եմ լույսի վաթսուն վայրկյան, վաթսուն զարկ, վաթսուն շունչ։ Մի քնիր, ես կորցնում եմ քեզ հետ զրուցելու վաթսուն հնարավորություն, մոտդ գալու վաթսուն փորձ, վաթսուն ձախողում։ Ես գողանում եմ աշխարհից վաթսուն վայրկյան, վաթսուն տող, վաթսուն երգ, ես կորցնում եմ շունչը լսելու կարողությունս։ Մի քնիր, իմ ձեռքերը կորցնում եմ շոյելու տեղը։ Հանգցրու լույսը, իմ կոպերը ծանրացել են արհեստական ճառագայթից, թող մթան մեջ հաշվեմ գույները սենյակի, թող անեմ վաթսուն քայլ։ Մթի մեջ կրճատվում են մղոնները, օվկիանոսները գալիս են քթիդ մոտ։ Մթի մեջ Մոսկվան ափիս տակ է, դու էլ՝ մեջը։ Մթի մեջ ձևերը ուրիշ են, փափուկ ու տաք են, գագաթները հարթ են, կլորը ձև չունի, շուրթերդ մեղր են քամում։ Դու՝ էնտեղ՝ օվկիանոսի ծայրին, բայց հիմա՝ քթիս տակ, մի քնիր, որ շնչեմ հոտի վաթսուն բացիլ։ Մի քնիր, ես կորցնում եմ խելագարվելու վաթսուն վայրկյան, բժշկվելու վաթսուն հնարավորություն: Թող գրկի, օրորի քեզ մութը. կամաց, անշշուկ, աչքերս փակիր։ Կիրովականն է, գիշեր է, քնել են բճերը։ Մի քնիր, կրկնիր, որ Մոսկվան, ուր որ է, քթիս տակ է, դու էլ՝ մեջը…»։

Երեկոյան աշխատանքից գալուց կրպակից հաց, պանիր ու օղի առա։ Որոշել եմ ծերուկ Իվանի հետ մի լավ խմել։ Զանգը տվեցի, դուռը Նատաշկան բացեց՝ իրեն հատուկ ժպիտով ու քնշությամբ։

Ծերուկ Իվանի տեղը հյուրասենյակի պատուհանի տակ է։ Որքան տուն մտնես, բազկաթոռի մեջ կծկված ինչ-որ բան է կարդում։ Պարզվեց՝ հեռագիր ունեմ։ Հեռագրերը երբեք լավ բան չեն ավետում։ Դրանցում երբեք սիրո, կարոտի կամ սպասումի տողեր չկան։ Առանց բացել էլ գիտեմ. մեռել է հայրս։ Տաս ամսվա մեջ մաշվեց, գնաց։ Սրտին չնստեց որդու հեռանալը, հասկացավ, բայց երբեք բերանը չբանաց։ Եթե ձեռքս մուրճ ու մանգաղը դրած լիներ, հիմա կողքին կմնայի, բայց ինձնից գրքի մարդ սարքեց, որ բնավեր թողնեմ։ Դրա համար Արմենակիս տան տղա էր սարքում, որ մոր կողքին մնա, մորից չհեռնա, հայրենիք ու ծնող սիրող մարդ լինի։ Նրա կռիվը իր հողի հետ էր, իր մանգաղի հետ էր։ Աշխարհի ցավը իր ցավն էր, իրենը՝ իր մեջ էր խեղդում։ Ես ամենքի զավակն եղա, իրենը՝ չէ։ Քառասունս բոլորեց մղոնների վրա, օտար ճամփաներին, օտարի ձեռքին նայելով։ Հիմա էլ, հազար աշխարհ այն կողմ, Նատաշկայի հոր հետ բաժակ եմ զարկում, իմի հետ մի կուշտ չխմեցի։ Ես գրի մարդ էի, իմը սենյակում փակվելն ու գրել-ջնջելն էր։

Հեռագրատուն գնացի, ու «ստացան» ճամփա ընկավ Կիրովական։ Իսկ ես փողոցից փողոց անցա, թաղից թաղ մտա ու միտք արեցի, թե ապրելն, ինչ խոսք, հրաշալի է, բայց երբեմն մեռնել է պետք։ Ուշացած մահը ուշացած սիրո պես բան է՝ վրադ թանկ է նստում։ Ես փորձեցի տարանջատել կյանքի ու մահվան սահմանը ու դրանց արանքում մնաց մեկ մետր՝ սիրո, ատելության, չարի ու բարու համար։ Ես հասկացա նաև, որ ատելությամբ արված մեկ քայլը ավելի արագ է կրճատում սիրով արված քայլերի թիվը, ու երբ դրան գումարվում է չարի մեկ-երկու քայլ, բարու համար տեղ չի մնում։ Ու մեկ մետր հողակտորի վրա բուսնում են փշեր ու տատասկներ, ու երբ քո հոգին փորձում է կյանքի ու մահվան սահմանները միացնել իրար, արյունոտվում են ձեռքերը։ Ինչ-որ մի պահից սկսած՝ ես հասկացա, որ իմաստ չունի հոգում պահել նախանձի ու ցավի սերմերն ու սկսեցի սեր ցանել փողոցի կատուների համար։ Այդ օրվանից իմ որովայնում սկսեցին ծաղկել վարդագույն գլխիկներով ծաղիկները, ու աշխարհն ավելի լավը դարձավ։ Ես սկսեցի ավելի հաճախ ժպտալ, ավելի քիչ լալ, ավելի հաճախ լռել, շատ լսել, ավելի շատ աղոթել, ավելի քիչ շաղակրատել, քայլել դանդաղ, բայց հստակ։ Ես սովորեցի ավելի շատ տեսնել, ավելի քիչ նկատելու տալ, ավելի շատ հավատալ, ավելի քիչ հերքել։ Ես սկսեցի գոհանալ երկու ցորենահատիկով, ու իմ ներսում բուսնեցին հազարները։ Ես դադարեցի թակել այն դռները, որոնց հետևում ինձ չեն սպասում, դադարեցի սեր մուրալ այն սրտերից, որոնց արյունն ուրիշ երակներով է հոսում։ Ես սովորեցի վեր կենալ ճոխ սեղաններից ճիշտ ժամանակին, քանի դեռ ինձ չեն մատուցել նորեկների քիմքին։ Ես սովորեցի շատ սպասել, քիչ շտապել, քիչ երազել, շատ գործել, ես սովորեցի շատ սիրել։ Ես սաստեցի իմ հոգու դևերին ու նրանք դարձան հլու-հնազանդ պաշտպանները իմ։ Ես սկսեցի ներել ու նկատեցի, որ իմ թքի հետ էլ մաղձ չի թափվում ու դադարել եմ գիշերը շուռումուռ գալ անհանգիստ քնից։ Ես ազատ թողեցի բոլորին ու վերադարձողների համար պալատներ կառուցեցի իմ հոգում։ Հիմա ես գիտեմ, որ մեկ մետր ճանապարհը այնքան էլ կարճ չէ սիրելու համար։ Երբ դուք սկսում եք ատել, ձեր վայրկյանները վերածվում են դժոխային ժամերի ու ճանապարհը ծածկվում է խճերով, իսկ ձեր ատելության առարկային ոչինչ, ոչինչ չի պատահում արտասովոր։

Վերջին հաշվով աշխարհը հրաշալի է։ Ես ոչ մի տեղ չեմ տեսել այսքան եդեմական պղծություն, աստվածային ժանտ ու կատարելություն։ Այստեղ մարդիկ կատարյալ ստում են, կատարյալ շողոքորթում ու սիրում իրար՝ կատարյալ։ Հիմա ես գիտեմ, որ մահը այնքան էլ սարսափելի երևույթ չէ, այլ ժամանակավոր տեղափոխություն դարից դար։ Հիմա ես գիտեմ, որ նրանք իրավունք ունեին մեռնելու, նրանք պարտավոր էին մեռնել, որ աշխարհը շարունակեր հրաշք թվալ ապրողների աչքին։

Աշխարհն, իրոք, հրաշալի է, բայց երբեմն մեռնել է պետք՝ ժամանակին։ Ժամանակից շուտ եկած մահը վաղահաս հղիության պես բան է՝ պտուղից հաճույք չես ստանում։ Իսկ հոր մահը երբեք ժամանակին չի գալիս։ Ես հղի եմ վշտով։ Իսկ այսպես ապրելն ո՞ւմ էր պետք։ Աշխարհից նեղացա, տեղս փոխեցի, պարզվեց տեղս չէր հոտած, այլ ես։ Որքան էլ հեռացա, մղոնները կտրեցի, չբաժանվեցի ինձնից։ Իմ ծանրությունը զգացի Մոսկվայում, հետո Սիբիրի մռայլ փողոցներից մեկում հասկացա, որ բախտը չեն որոնում, ունենում են, կամ չէ։ Իսկ իմ բախտը մի սիրուն կին ու երկու զավակ էր, որ գողացել էի Աստծուց։ Երբ հասկացա, որդուս շալվարն արդեն կոճերին էր հասել ու ձայնը խռպոտել էր։ Նրա հայրը ինտիլիգենտ էր, Սիբիրյան թերթերում էր բանում, ամեն շաբաթ փոստով փող էր ուղարկում ու պատվերներ տալիս, թե զուրկ չպահեք երեխեքին։ Իսկ երեխեքը զուրկ մեծացան, աչքները՝ դուրսը, հայացքները՝ կարոտ, ժպիտները՝ սոված։ Մի տարի սպասեցին, երկու տարի սպասեցին, հետո սովորեցին ու սովորությունը անտարբերության հիմքը դրեց։ Երեխեքը սկսեցին քիչ գրել, երկու էջը դարձավ մի, հետո քսան տող, հետո երկուսը, հետո՝ մայրիկի միջոցով բարևներ։ Իսկ այդ մեկը չդադարեց գրել։ Ամեն կիրակի փոստից տուն վազեց, նամակներդ կարդաց ու միտք արեց նոր գրվող վեպերիդ մասին։ Շաբաթվա մեջ նոր գրած էջերը ծրարեցիր, ուղարկեցիր, կարդաց, հետ ուղարկեց հսակայական նամակի հետ. «այսինչ տողը փոխիր, այնինչ տեղը բաց թող» ու ծնվեցին վրա-վրա ձեր վեպերը։

Արդեն վաղուց քառասունը բոլորել, դարակես ես հասել, ոչ աշխարհի այս կողմում ես, ոչ այն։ Մեր տխմար թերթը մեծ քանակությամբ վաճառվում է, շաբաթական չորս հոդված են ուզում։ Այսպես մի ամիս էլ ու մի փոքրիկ վիպակ գրքով աշխարհ կգա։ Կառնեմ ու տուն կգնամ։ Քեզ համար կբերեմ՝ որպես չարչարանքիդ ապաշխարանք։

«Կիրովականում սիբիրյան ցուրտ է, մարտյան խելահեղ գիշեր։ Մեր մեջ Մոսկվան է, մի քանի հարյուր մղոն, ու ես քո կինն եմ հեռվից հեռու։ Որոնիր, գտիր ինձ ինչ-որ տեղ, ինչ-որ այգի մտիր։ Լաց չլինես։ Հեռագրասյուն չկա այս կեղտոտ քաղաքում։ Դու բարակ շորով ես։

Շուտ տուն արի։»

Հետևում Սիբիրն է, շուտով՝ Մոսկվան։ Էլի լրբի պես կդիմավորի, կխոստանա պահել այնքան, որքան հոգիդ կուզի։ Իր շռայլություները կթափի գլխիդ ու կառնի հատիկ-հատիկ։ Ու երբ ոտքերդ կմտնեն Երևան, կհասկանաս, որ կյանքը կարճ եղավ, չարչարեցիր, չարչարվեցիր դու էլ հետը։ Կհասկանաս, որ բախտը հենց ինքն է, որ կա՝ Կիրովականը, մի սիրուն կին ու երկու առողջ զավակ։ Կհասկանաս, որ կյանքը կարճ եղավ աշխարհից նեղանալու համար։ Քո կռիվը քեզ հետ եղավ ու աշխարհի մազն էլ չծռվեց։ Ինչ տարան՝ քեզնից տարան, ինչ խլեցին՝ քեզնից խլեցին, ինչ շահեցիր՝ դու շահեցիր։ Փոխվեցին դեմքերը, փոխվեցին դերերը, նորերը եկան, հները գնացին, նորովի խաղացին հին դերերը։ Աշխարհը իր տեղում չմնաց, դու էլի նույնը մնացիր, որքան էլ հեռու գնացիր, նույն տեղին դեմ առար։

Եթե ես կյանքի ևս մի քսան տարի ունենայի,  ամեն օր աչքերս բացելիս կշշնջայի քեզ, որ սիրում եմ։ Ես ավելի շատ հորս հետ շախմատ կխաղայի ու կպարտվեի՝ տուրք տալով ծերունական խաղին։ Ես որդուս հետ կգնայի հանդերը ու դստերս հետ դուրս կգայի զբոսանքի։ Մորս թոնիրը կտանեի ու կնստեի հետը մինչև ուշ գիշեր։ Ես չէի ցանկանա հաղթել այնտեղ, որտեղ պատերազմ չկա, ես խաղաղություն կորոնեի ոչ թե հազարի սարի ետևում, այլ քո գրկի մեջ։ Ես իմ լավագույն երգերը կնվիրեի քեզ, իմ վերքերը փակ կպահեի քեզնից ու կհամբուրեի ցավածդ տեղը։ Եթե ես կյանքի ևս մի քսան տարի ունենայի, կգրկեի քեզ այնպես, ասես վերջին օրն է, որ իմ գրկում ես։

Գիշերը կրճատվում են մղոնները, աշխարհները խառնվում են իրար: Դու նորից ծնվում ես իմ գրկի մեջ, որ աշխարհի վրա դրախտ լինի ու խաղաղության կոչ անում:

Կիրովականից մի քանի մղոն հեռու իմ քույր Նատաշկան պատրաստում է ծերուկ Իվանի անկողինը, Նադենկան իմ խցում նոր ապաշխարող է խցկում: Բոլորը լուռ են: Արմենակը քնի մեջ խոսում է, Անահիտը բախտի երազներ է հյուսում: Եթե նա սիրահարվի գրողի, նրա կյանքը դժվար կլինի, քոնի պես, իսկ եթե Աստված կամենա ու նրան սիրահարվի գրողը, նա կապրի անվերջ, ինչպես դու պիտի ապրես այնքան, որքան կապրեն իմ կիսատ-պռատ ձեռագրերը:

Ոսկրերս կոտրտվում են հոգնությունից, ու դու խոսում ես ու խոսում, պատմում ես ու պատմում, կապում ես ինձ նորից աշխարհի հետ: Մի քնիր, հետս էլ կրկնիր, որ աշխարհն, ահա, ափիս տակ է, դու էլ՝ մեջը:

 

Nare Varujani

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո

Դու իմ հականիշը եղար ամեն անգամ.
Չհամընկան մեր ժամանակները երբեք.
Իմ օրերը քեզնով վառվեցին ու հանգան,
Քո նորերը եկան ու հեռացան մեկ-մեկ։

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո,
Չհատվեցին մեր հնչերանգները թերի,
Օժանդակ բայի պես մեկ առաջ, մեկ էլ ետ,
Դու` անցյալ կատարյալ, ես` ներկա, բայց թերի…

Դու իմ հականիշը եղար, եղար ուրիշ,
Չունեցանք միևնույն իմաստը մենք երբեք,
Բայց ի՞նչ, որ կյանքում լինենք թեկուզ հականիշ.
Մի՞թե սառած մատներին կրակ չէ հենց պետք։

***

Արի անկեղծ լինենք.
Գիշերն ու ցերեկը չեն հանդիպում երբեք,
Ինչպես չեն հատվում երկու զուգահեռները,
Ու չի հասնում ծովը երբեք երկնքին։
Ինչպե՞ս եղավ, որ մենք գիշեր ու ցերեկ չենք,
Բայց չենք հանդիպում,
Զուգահեռ ուղիղներ չենք,
Բայց չենք հատվում,
Ծով ու երկինք չենք,
Բայց չեն խառնվում մեր հոգու կապույտները…
Եթե դու կրակ ես,
Ես կուզեի ծուխ լինել,
Եթե դու գիշեր ես,
Ես կուզեի մութ լինել,
Եթե դու ձմեռ ես,
Ես կուզեի ձյուն լինել,
Եթե դու սուտ ես այս կյանքում,
Ես կուզեի անգամ այդ սուտը լինել,
Միայն լինեինք անբաժան ու կապված,
Լինեինք միասին ու ուժեղ,
Լինեինք ոչ թե զուգահեռներ,
Այլ միշտ միևնույն կետից դուրս ելնող,
Միշտ միևնույն գծով քայլող
Ու միշտ նույն կետում հատվող
Ինչ-որ մի պատկեր,
Որ գուցե անգամ գոյություն չունի։
Իսկ թե գոյություն չունի,
Թող խախտվեն բոլոր թեորեմները
Ու այսուհետ թող հատվեն բոլոր,
Բոլո՜ր զուգահեռները,
Իրար սրտից կապույտ խմեն ծովերն ու երկինքները բոլոր,
Ու հանդիպեն ցերեկն ու գիշերը,
Թեկուզ վերջալույսին…
Այնժամ ես կուզեմ անգամ
Աղոտ վերջալույսը լինել քո կյանքի այգաբացի…

***

Արի՛ ուժեղ լինենք.
Ես քո աչքերի մեջ այնքա՜ն կարոտ ունեմ բանտած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Դու իմ աչքերի մեջ այնքա՜ն արցունք ունես ցանած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Միմյանց բաշխած մեր ցավի գնով
Մենք կապված ենք հազար ցավով,
Հազար տարով մենք կապված ենք ցաված սիրով,
Ու մեր աչքերն այսօր
Այնքան հպարտ ու այնքան վեհերոտ
Բարձրանում են դեպի հորիզոն
Ու կանգ առնում մի կետում,
Որ ո՛չ նայում ենք իրար, ո՛չ  չենք նայում…
Արի՛ չվախենանք.
Ես չեմ սիրում կիսատ կետեր,
Կիսատ հայացքներ ու կիսատ տկարություն,
Ես չեմ սիրում կիսատ ցավեր ու կիսատ սերեր,
Կիսատ վախեր ու կիսատ հպարտություն…
Եվ թող քո աչքերը բնավ չամաչեն.
Դու այնքան մաքու՜ր ես եղել,
Խոնարհվող կոպերիդ մեջ  թող չկորչեն.
Դու այնքան ազնի՜վ ես եղել։
Իմ աչքերի մեջ քո աչքերը թող
Գտնեն ոչ թե նախատինք,
Այլ… մի տխուր հեգնանք,
Թե այս ինչպե՞ս եղավ, որ
Իրար այսքան խոցելուց,
Իրար այսքան կորցնելուց,
Իրար այսքան փրկելուց հետո
Մենք վախենում ենք…
Արի՛ ուժեղ լինենք.
Երբ աչքերիս մեջ նայելուց վախենաս,
Հիշի՛ր` այս աչքերն ինչ-որ մի օր ներել են քեզ…

***

Դու իմ`քարտեզի չգծված սահմանագիծ,
Ոչ մի տեղ չտանող դու իմ  շեղ արահետ,
Ինձ դուրս հանեցիր իմ կյանքի ճանապարհից,
Քո  սահմանն իմ առջև փակեցիր  առհավետ։

Հիմա ի՞նչ քարտեզ քայլերս պիտի գծեն,
Որ չհատվեմ քո թռիչքին ոչ մի կետում,
Փախուստներս ի՞նչ աշխարհ ինձ պիտի գցեն,
Որ չհետապնդի ինձ մի նոր հանդիպում։

Ես ուզում եմ` իմ նոր աշխարհում չլինես,
Եվ ուզում եմ հաղթել փախչողի այս դերում,
Բայց եթե դու կաս, ուրիշ էլ որտե՞ղ լինես.
Պարտությունս ինձ նորից քո սահման է բերում։

***

Ձեռքերիս թափված տաք սուրճի նման
Դու և՛ ափսոս ես, և՛ վրիժառու,
Իսկ ինձ մնում է լվացվել միայն`
Քեզ և՛ օրհնելով, և՛ անիծելով…
Հետո մի կարմիր մրմուռ կմնա,
Որպես կնիքը այն համեղ սուրճի,
Որի միայն բույրը հասավ դեմքիս,
Իսկ համը մնաց ձեռքերիս վրա…
Դու այդպես ես, նման թափված սուրճի,
Թերևս սրճամոլը հասկանա.
Ինչքան էլ ցավոտ է վառած ձեռքը,
Թաքուն ափսոսում ես սուրճն ավելի…

***

Աչքերիս միջով մի օր դու անցար.
կոպերս դողով քեզ կուլ տվեցին,
Բոլոր գույներս հերթով  գողացար,
Աչքերս գինով ու կույր մնացին։

Թող այսպես խավար ու հարբած մնամ,
Միայն կոպերս չզարթնեն քնից,
Որ հեռանալդ հանկարծ  չիմանամ,
Որ չազատվես էլ աչքերիս գրկից։

Երևանյան պատմություն

«-Համմե՞,- կանգնած գոռում էիր դու ձեր տան դռան բռնակը ձեռքումդ, դուռը՝ կիսափակ։

-Ոչ մի բան, ռադդ քաշի,- ներսից ուրիշ ծիծաղող ձայն բացականչեց, ու դու դուռը փակեցիր ու սկսեցիր իջնել աստիճաններով։

Ես արդեն մի քանի քայլ արել էի, տեսնես՝ դու ինձ մեջքից հիմա նայո՞ւմ ես։ Մտածում ես՝ տեսնես էս ով են նոր հարևանները։ Էն ձայնն էլ քույրդ էր երևի, ջահել աղջկա ձայն էր։ Դեմք ես բայց հա, պատկեր, դուռը կիսաբաց՝ բոլորի համար գոռում ա, թե բա՝ համմե»։

«Էս տունը էլի առնող եղա՞վ։ Վայ քո։ Ինչ էլ խուճուճն ես, վազի, վազի, դեմքդ հետո կտեսնեմ։ Էս էլի դո՞ւ ես, նույն կանգառն ենք գալիս, նույն շենքից։ Ուղիղ դիմացի հարևան։ Տեսնես՝ ո՞նց եղավ, որ էդ տունն առաք։ Ոչխարիկ ես էդ մազերովդ»։

***

-Իմացա՞ք, մեր դիմացի տունն առել են։

-Հա, մամ, ես էլ էսօր տղա եմ տեսել մի հատ խուճուճ դուրս եկող։ Գառան նման էր, արագ էր քայլում։

-Տեսնես՝ ոնց են «հարիֆացրել», էդ տունը ծախել, չնայած՝ էդ կինը մեղք չուներ։

-Բլո՞նդը։

-Հա, էն որ մինչև իրանց էին։ Այ իրանց նախորդներն էին մեղավոր։ Հանցագործություն, էլի։ Տունը բռնեցին կիսեցին, էդ ահավոր բնակարանը սարքեցին, որ ծախեն։ Ո՞վ էր թույլ տվել։ Դա հո էսպես նախատեսված չի։

-Տեսնես զուգարան կարողացե՞լ են քաշեն։

-Դե բա հո առանց զուգարան չի լինի։ Ուղղակի՝ Աստված գիտի, թե ինչ պրոբլեմներով։ Իրենք էդ անելու իրավունք չունեին, արեցին, ու հիմա ամեն առնող մտածում ա մենակ ոնց անի, ում գտնի՝ ծախի։ Կարա՞ս մեղադրես․ չես կարա։ Էդ կինն էլ վատ կին չէր։ Ասում էին՝ մարդը խաղամոլ էր։

-Այ կնիկ, քեզ էդ բամբասանքները որտեղի՞ց, ամբողջ օրը գործի ես։

-Շենքի խանութից։ Բոլոր նորությունները միայն շենքի խանութից։ Հիմա էլ մի կին ա՝ երկու տղաների հետ։ Ձեր տարիքի են ոնց որ, ջահել երեխեք են։ Ծառայած էլ են կարծեմ։

-Հա, մեկն էլ գառի էր նման, երեկ տեսել եմ․․․

***

«Քիչ ա նույն կանգառն ես գալիս, մի հատ էլ հետս նույն տրանսպորտն ես նստում։ Տեսնես ախպերդ է՞լ ա քո նման գառ։ Կոշիկներդ շատ վատն են, է»։

«Համմե-ն ա։ Դու ուր ես գնում էս «մարշրուտնով»։ Կարո՞ղ ա Սլավյանսկի ես սովորում։ Չէ հա։ Ափսոս էս անտերը սաղ ազատ էր։ Տեղ չլիներ նստելու, ես էլ քեզ տեղս զիջեի, աչքդ մտնեի։ Հարևան ենք վերջիվերջո։ Չնայած՝ մաման ուզում ա տունը ծախի։ Չե՞ս կարա կինոների նման մի հատ աղաման վերցնես, գաս, թե բա՝ ես ձեր հարևանն եմ։ Կամ աղ տուր, կամ ուզի, մեկ ա՝ ես մեր աղի տեղը չգիտեմ»։

«Խեղճեր։ Տեսնես արդեն հասկացե՞լ եք, որ ձեզ խաբել ու էս անաստված տունը «նաղդել» են վրներդ։ Դեռ ձեզ ինչե՜ր են սպասվում էդտեղ։ Այսինքն՝ ես ընդհանրապես խաբար չեմ, ինչեր են սպասվում։ Սաղ էդ շենքի տակի խանութն ա»։

***

-Էս խեղճերի տունը նույնիսկ համար չունի, տեսե՞լ եք։

-Համար որտեղից ունենա, եթե գոյություն չունեցող բնակարան ա։ Էստեղ նախատեսված ա երկու բնակարան, բռնել սարքել են երեքը։

-Էսօր իրանց համար ջրի տեսուչ էր եկել, ես էի բացել դուռը։ Ասեց` բա էս բնակարանի համարը որն ա, չգտեի՝ ինչ ասեմ։ Թարս նայեց, ասեց, որ եթե տեսնեմ, ասեմ՝ զանգեն տեսուչին։ Մամ, որ էդ կնկան տեսնես՝ կասես։

-Որտե՞ղ պիտի տեսնեմ։

-Որտեղ տեսնես, ես ի՞նչ իմանամ։ Բա հո ես էն գառանը չե՞մ ասելու։

***

«Ո՞ւր ես է գնում ամեն օր էս ժամին։ Տեսնես՝ դասի, թե գործի։ Ինչ ախմախ ռուսական երգ ես լսում, ոնց որ ժողովրդական լինի։ Համմե՞։ Պատկեր ես էդ «համմե»-ով։ Կարամ ասեմ՝ ինչ հետաքրքիր երգ եք լսում, ես էլ եմ սիրում ռուսական ժողովրդական երգեր։ Կասես՝ ինչ իմացաք, ինչ եմ լսում։ Կասեմ՝ հեռախոսիս մեջ ծրագիր ունեմ, որ ցույց ա տալիս, թե մոտակայքի հեռախոսներով հիմա ինչ երգ ա միացրած, մեկ-մեկ սիրում եմ նայել։ Հիմա նայեցի, հետաքրքրեց, որ դուք նույն բաներն եք լսում, ինչ ես։ Կասես՝ ի՞նչ ծրագիր ա։ Կասեմ՝ ես եմ գրել ճիշտն ասած, ու գցել եմ հեռախոսս։ Կմտածես՝ ծրագրավորող եմ, աղջկերքը ծրագրավորողներին սիրում են։ Էլ չես էլ իմանա, որ էդ անտեր ականջակալներիցդ երգը նենց ա գոռում, որ սաղ «մարշրուտնին» գիտի, թե դու ինչ ես լսում, ուր մնաց՝ ես, որ դեմդ եմ նստած։ Արժեր մի երկու բան հնարել քեզ համար, նույնիսկ, որ ծրագրավորող եմ։ Ինձնից ի՞նչ ծրագրավորող։ Շատ գեշն ես, է։ Չաղո»։

«Դու ո՞ւր ես գնում ամեն օր տեսնես իմ երթուղայինով։ Էստեղ մոտիկ ինչ կարաս աշխատես։ Օպտիկայո՞ւմ։ Չէ հա։ Երևի Սլավյանսկի ես սովորում։ Բայց դեմքիցդ հեչ չէի ասի, որ ռուսերեն ընդհանրապես գիտես։ Եսիմ, շատ սև ես։ Ու գառ»։

***

«Էս աղամանը վայթե վերցնեմ հետս, որ երբ քեզ տեսնեմ էլի «մարշրուտնում», ասեմ՝ ես ձեր հարևանն եմ, աղ կտա՞ք։ Դու ձեր աղի տեղը հաստատ կիմանաս։ Խոսքի` հանես պայուսակիցդ, տաս։ Տրանսպորտի մեջ։ Ես կխնդամ, դու էլ կխնդաս։ Իրար հետ կխնդանք, հարևանություն կանենք։ Կարամ անունս ասեմ՝ ծանոթանանք։ Բայց չեմ ասի։ Մեկ ա՝ դու էլ ես մտքումդ ինձ ինչ-որ մականուն դրել, ոնց որ ես քեզ՝ Համմե։ Չաղո էլ ես, բայց քո մասին մտածելիս քեզ մեկ ա Համմե եմ ասում։ Պատկեր ես քո «համմե»-ով»։

«Առաջին անգամ, որ ինձ տեսար, մեր դռան մոտ գոռում էի քրոջս վրա։ Տեսնես՝ ինչ ես մտածել։ Տեսե՞լ ես ինձ ընդհանրապես։ Երևի, էլի։ Դժվար թե տեսած չլինես։ Երևի մի յոթ տարի իրար հետ կգնանք-կգանք, բայց չենք ճանաչի իրար։ Չեմ զարմանա, որ վաղը դուռը ծեծես, ասես՝ կանգառ եմ գնում, գալի՞ս ես»։

***

«Հեսա գալու եմ դուռը ծեծեմ, ասեմ՝ կանգառ գալի՞ս ես։ Մեկ ա՝ իրար հետ ենք գնում, նույն բանն էլ նստում ենք։ Տեսնես՝ քո ախմախ ռուսական երգերը կանջատե՞ս հետս խոսալու համար։ Լավ է, ինչ խոսալ։ Գեշ ես։ Բայց էսօր հաստատ խոսելու եմ հետդ»։

«Տեսնես, որ մի ութ տարվա հարևան լինենք, կխոսա՞նք իրար հետ։ Չնայած՝ ի՞նչ ութ տարի, էդ տանը ոչ ոք էդքան չի դիմանում։ Դուք էլ մի բան կմտածեք, էնքան թե չմնաք։ Գնացեք, փրկվեք։ Տեսնես՝ ախպերդ է՞լ ա քո պես գառ»։

***

-Տեսա՞ք շենքի մոտի բեռնատարը։

-Ի՞նչ ա որ։

-Էս դիմացիններն են տեղափոխվում։ Երևի իրանք էլ հաջոդ զոհին են գտել։

-Կարող ա վարձով են տալիս։

-Վարձով էլ ոչ ոք չի մնա։ Երևի ցածր գին են դրել, ինչ-որ մեկը խաբվել ա, որոշել ա առնի։ Չես կարա մեղադրես, էդ տանից բոլորն էլ փորձելու են փախչել։ Տեսնենք՝ հաջորդը ով կլինի։ Լավ կին էր, հուսով եմ՝ լավ տուն են գտել։

-Մամ, կյանքում հետը խոսացած չկաս։

-Հա, ի՞նչ անենք, վրայից երևում էր՝ ինքն էլ էր լավը, տղաներն էլ․․․

old-newspapers

Անջելո Պետրոզինո

Իտալացի գրող, լրագրող, թարգմանիչ Անջելո Պետրոզինոն 1969 թվականից տարրական դասարանների ուսուցիչ էր աշխատում: Ուսուցչական կարիերան սկսելուց քսան տարի անց միայն նա որոշեց գրել իր առաջին գիրքը երեխաների համար: «Կարատեի տենդը» գրքի հերոսները հենց նրա աշակերտներն են: 1991-ին լույս է տեսնում «Մեկ տարի Ջեսսիկայի հետ» շարքի առաջին գիրքը: Գրողը խոստովանում է, որ այս ստեղծագործությունն իր կարիերայում ամենակարևորն է: Վեց գրքից բաղկացած շարքը պատմում է Ջեսսիկա անունով աղջկա կյանքի վեց տարիների մասին: Բայց Պետրոզինոյի ամենահայտնի գործը Վալենտինայի մասին պատմող գրքաշարն է: Այն գրված է հումորի զգացումով, ինչը գրողը համարում է իր ստեղծագործությունների գլխավոր հատկանիշներից մեկը: Ձեզ ներկայացնում ենք Անջելո Պետրոզինոյի չտպագրված պատմություններից երկուսը, որոնք տեղ են գտել նրա գունագեղ կայքում:

 

Պապիկներն ու պատմությունները

- Ա´նջելո, ժամանակն է:

Բացում եմ աչքերս, հորանջում, տեսնում պապիկիս ոլորված բեղերը և կամաց-կամաց հասկանում, թե որտեղ եմ: Ես կծկված եմ երկու ծերունիների մեծ մահճակալին, որոնք ինձ հաճախ են հյուրընկալում, որովհետև իմ տանը կա´մ չափազանց շոգ է, կա´մ չափազանց ցուրտ:

Պատուհանի կիսաբաց փեղկերից թույլ լույս է թափանցում: Գիշերն ավարտվում է:

- Ժամը քանի՞սն է,- հարցնում եմ:

- Չորսը, բայց եթե չես ուզում…

- Ուզում եմ, ուզում եմ…

Անկողնուց ներքև եմ ցատկում, հագնում եմ կարճ տաբատս ու ֆուֆայկաս, տատիկս սառը ջուր է լցնում արծնապատ տաշտի մեջ, ջրով շփում եմ աչքերս և ականջներս:

- Ահա, ես պատրաստ եմ,- ասում եմ:

- Վերցրու´, մի քիչ գարու ըմպելիք խմիր,- ասում է տատիկս:

Պապիկս արդեն պատրաստել է ուսապարկը: Ներսում հաց է, պանիր, ձիթապտուղ և լոլիկ:

- Ես կտանեմ,- ասում եմ:

Գցում եմ ուսիս և դուրս գալիս փողոց:

Հունիսյան առավոտ է, ես ինը տարեկան եմ, և ծիծեռնակներն արդեն գործի են անցել այգեբացի մեղմ լույսի տակ:

- Ու՞ր ենք գնում- հարցնում եմ:

- Ագարակատեր Կարմինեի հողամասը:

Ճանաչում եմ այն: Ուրիշ անգամներ էլ եմ այնտեղ եղել: Արագացնում եմ քայլերս՝ մտածելով քարե ցածր պատերով շրջապատված դաշտի մասին:

Օդը մաքուր է, իսկ երկինքը՝ պարզ: Ավելի ուշ շոգը կընկնի, և արևը մողեսներին կգամի քարերին:

Պապիկս շոյում է բեղերը և ասում.

- Ինձ երեք ժամը բավական է մի քանի բույս տնկելու համար: Հետո տուն կտանենք թարմ կաթ և մի թաշկինակ թուզ:

Կես ժամից արդեն հողամասի մոտ ենք: Պապիկս ներս է մտնում, հասնում է մարգին, որը վստահվել է իրեն, հանում է պիջակը, ծալում վերնաշապիկի թևքերը, վերցնում է ուրագը, մատով փորձում է շեղբը և ասում.

- Նստի´ր այն ծառի տակ:

Տեղավորվում եմ նշենու տակ, որը պապիկս ցույց էր տվել, և սպասում:

- Քեզ պատմե՞լ եմ այն ժամանակվա մասին, երբ ինձ հանձնարարել էին վառել ծովի ափի լապտերները,- սկսում է պապիկս:

- Ոչ,- ստում եմ ես:

- Ուրեմն լսիր:

Լապտերների պատմությանը կհետևի սատանայի պատմությունը, որը թաքնվում է զառիթափերի դիմացի քարանձավներում, հետո՝ ուրվականների պատմությունը, որոնք վնասում էին դաշտերը պատերազմի ժամանակ, տատիկի պատմությունը, որ մենակ էր ծննդաբերել, մեռածների պատմությունը, որ մասնակցում էին կեսգիշերային պատարագին:

Իսկ հետո ո՞վ գիտե՝ քանի ուրիշ պատմություններ կհետևեն, մինչ պապիկս փխրեցնում է հողը, հարթեցնում մարգերը, պոկում մոլախոտերը, հոտ քաշում եղեսպակից և շոյում լոլիկի թփերը:

Արևն արդեն հորիզոնից բարձր է, օդը լի է թռչունների ճիչերով և թռիչքներով, ես նստած եմ ծառի տակ, փակել եմ աչքերս և լսում եմ:

Դեռ անգիր հիշում եմ պապիկիս պատմությունները, ինքս ինձ համար կրկնում եմ դրանք Իտալիայի ու Եվրոպայի ճանապարհներով անցնելիս, պատմում եմ դրանք նրանց, ովքեր նրան չեն ճանաչել և ինձ հարցնում են, թե ինչու եմ գրող դարձել:

 

Թերթի էջ և մի սովորական հերոս

Լինոյի մայրիկը շաբաթվա ընթացքում ամենաքիչը երեք անգամ թարմ ձուկ էր գնում: Եվ Պորպորա փողոցի ձկնավաճառի համար նա լավ հաճախորդ էր:

- Հաջորդ անգամ էլ ինձ մոտ կվերադառնաս, խնդրում եմ,- ասում էր նրան այդ մարդն ամեն անգամ:

- Չկասկածես,- հավատացնում էր նրան Լինոյի մայրիկը:

Լինոն ձուկ այնքան էլ չէր սիրում՝ բացի անչոուսներից և սարդինաներից: Բայց երբ մայրիկը վերադառնում էր շուկայից, Լինոն անմիջապես վերցնում էր թերթի էջը, որի մեջ ձուկը փաթաթված էր լինում:

- Կարելի՞ է իմանալ՝ ինչիդ է պետք: Զզվելի հոտ է գալիս, պետք է դեն նետել,- ասում էր մայրիկը:

- Միայն մի հայացք կգցեմ,- ասում էր Լինոն:

Թերթի էջը կախարդական էր: Լինոն անմիջապես ամսաթիվն էր փնտրում, և ինչքան հին լիներ թերթը, այնքան ավելի երջանիկ էր նա:

Երբեմն ձուկը փաթաթված էր լինում թերթի էջերի մեջ, որը հինգ տարի առաջ էր տպագրվել:

Լինոն ութ տարեկան էր, և երբ այդ թերթը լույս էր տեսել, նա դեռ մանկական շիլաներ էր ուտում:

Այդ ժամանակ նա փակվում էր իր սենյակում, պառկում էր մահճակալին և կարդում էր էջերը, որոնցից լորձունքի ու ձկան հոտ էր գալիս. «Երկրաշարժ Թուրքիայում: Հարյուրավոր զոհեր»:

Լինոն փակում էր աչքերը, նորից բացում և հայտնվում էր մի շենքի առջև, որը քանդվել էր թղթե տնակի նման: Օդում այրվածքի հոտ էր տարածված, մարդիկ շրջում էին ավերակների մեջ շշմած հայացքով, ուղղաթիռները պտտվում էին վերևում, սկրեպեր մեքենաները մոլորված կանգնում էին վտանգավոր պատերի առջև:

- Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել,- հարցնում էր Լինոն «Կարմիր խաչից» մի մարդու, մի այլայլված ոստիկանի կամ մի արտասվող կնոջ:

Բայց ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում:

Լինոն խցկվում էր ավերակների մեջ, շոշափելով ուղի էր գտնում և փրկում էր մի կատվի կամ մի երեխայի, որ կրծքին էր սեղմում իր սիրելի խաղալիքը:

- Քեզ ինչպե՞ս հաջողվեց,- հարցնում էին նրան փրկարարները:

- Լավ լսողություն ունեմ և ոչնչից չեմ վախենում:

- Շնորհավորում ենք, դու հերոս ես:

Թերթերն ու հեռուստատեսությունը լուսաբանում էին դեպքը, իսկ Լինոն իրենց տուն էր տանում կատվիկին կամ դառնում էր իր փրկած երեխայի ընկերը:

Եթե թերթը, որով փաթաթված էր ձուկը, խոսում էր բանկի կողոպուտի մասին, Լինոն խորը շունչ էր քաշում, և գրեթե անմիջապես հայտնվում էր բանկում, որը հարձակման էր ենթարկվել:

- Ցած դրեք ատրճանակները և հանձնվեք,- բղավում էր նա երկու դիմակավոր ավազակներին, երբ նրանք դուրս էին գալիս բանկից այն բանից հետո, երբ վնասազերծում էին ոստիկանին, որն իզուր տեղը վիճում էր կապված բերանով: Հնարավոր է՝ նրանցից մեկը փորձեր ծաղրել նրան՝ ասելով.

- Ճանապարհից մի կողմ գնա, փսլնքոտ:

Դե, Լինոն «փսլնքոտ» բառն ուղղակի տանել չէր կարողանում: Այդ ժամանակ նա իսկապես բարկանում էր, սկսում էր ոտքով հարվածել ավազակին, մինչև մարդիկ բացականչում էին.

- Ինչ քաջն է այս տղան:

Այդ ժամանակ ավազակները տագնապի մեջ էին ընկնում, դեն էին նետում ավարը (մի քանի միլիոն՝ պայուսակի մեջ) և մոտոցիկլետով փախչում էին՝ բղավելով.

- Դեռ կվճարես սրա համար, փսլնքոտ:

Բայց չէին կարողանում երկար ճանապարհ անցնել, որովհետև ոստիկանության մեքենան նրանց կանգնեցնում էր, ձեռնաշղթաներ էր հագցնում և տանում բանտ:

Մարդիկ օգնության էին հասնում Լինոյին, որը կռվի ժամանակ սայթաքել էր, և ոտնաթաթը դուրս էր ընկել, ու շարունակ կրկնում էին.

- Լավ է, որ դու այստեղ էիր:

Լինոն բացում էր աչքերը, մտածում էր երկու կողոպտիչների մասին, որոնք երկնքին էին նայում բանտի ճաղերի միջով, մի քիչ տխրում էր, բայց ասում.

- Պետք է անեի դա:

Անմիջապես դրանից հետո մայրիկը բղավում էր,

- Լինո´, դեն նետիր այդ թուղթը, թե չէ սենյակիցդ բորբոսի հոտ կգա:

Լինոն մի վերջին հայացք էր գցում իր դիմացի թղթերին:

Եթե բախտը բերեր, դեռ կարող էր մի քանի միլիարդ շահել լոտոյով կամ Օլիմպիական խաղերում լողի մրցումներում առաջին տեղը գրավել, կամ փրկել իր դասարանը հրդեհից, որն ակամայից հրդեհել էր թաքուն ծխող պահակը:

Ամեն դեպքում, գրեթե միշտ շուկայից բերած թերթը իսկական նորությունների հանք էր, որոնք հեռվից էին գալիս և նրան տանում էին հեռու, որի մասին, ինչպես միշտ երազել էր:

Բայց մայրիկին նա ոչինչ չէր ասի: Համոզված էր, որ ուսերը կթոթվեր և կասեր.

- Դու էլի նույնն ես: Միշտ ամպերում ես սավառնում:

Իսկ այդ բառերը Լինոն ուղղակի տանել չէր կարողանում:

 

Թարգմանությունը` Լուսինե Հակոբյանի

Gohar Grigoryan

Բիթլային դեցիբելներ

Տանիքներից
Փոլը կանչում է իր Միշելին,
իսկ
ես մրսում եմ քեզնից…

Մի քանի շերտ տխրություն է
թաղվել վաղվա մեջքին,
երակներովս երեկներն են թավալվում,
աշխարհը քեզ չի նայում թմրամոլի ժպիտով,
իսկ դու աշխարհին խաբում ես Լենոնի ակնոցով…
Երազել ինչ-որ
գունալիք մոլորակ
անլռության գծերով
***
Երկինքներում աստղերը ռոք-ըն-ռոլլ են պարում
առանց մեզ
(Imagine there)։
Ես չունեմ ինձ քո մեջ։
Սուզվող խելագարների մեջ երեքով ենք՝
ես
Փոլի ձայնն
ու
Միշելի ուրվականը
***

(Imagine there)
Փոլը շարունակում է սիրել իր Միշելին, ես բզեզե դեցիբելներ եմ նետում անցորդների վրա, որ երևի արդեն երազացել են կամ էլ ծխախոտացվել ալկոհոլում։
***

(Imagine there)
Պատերի մեջ եմ,
առաստաղի վրա կամ
հատակի տակ։
Ինձ մոտ դրանք նույնն են,
իսկ պատեֆոններիցս ներս
Փոլը ատում է իր Միշելին
I hate you i hate you i hate you, Michelle my belle
***

Հիմա անուններ չկան,
ուղղակի սիրվում են աղջիկները,
And I Love Her,
լքվում ու լքում,
լքել են տալիս ու հետո լալիս։
Գիտես՝
մտածում եմ,
եթե Ջոնը սիրել է Յոկոյին,
դու պարտավոր էիր ինձ սիրել։
Ծիծաղի նոպա։
Գիտեմ՝
ես ուրիշի Յոկոն եմ,
դու՝ ուրիշի Ջոնը։
Ես 13 անգամ լքել եմ քեզ սրտիս լուսամուտից, Ջոն,
որտեղ գետնամկներ չկան,
միայն թմրած ինքնախաբեություն,
ու 465 անգամ խցկվել քո կողպված ծոցագրպանի մեջ։
***

Երեկ…
Yesterday… All my troubles…
դու փնտրվող հեռու էիր քամված մոտիկ ճահճից,
իսկ ես ուղղակի դու,
ու բոլոր խնդիրները կարել էի երեկվա
հեռվիդ
ու
չէի կարող վերադառնալ ինձ մոտ,
որովհետև այնքան լավ էր դու լինելը։
***

Ես գտա ինձ, Ջոն, քո երգերում
(Ես միշտ էլ երգ եմ եղել)
Երգվել եմ, քան թե երգել
Ես գտա ինձ, Ջոն, քո թղթերում
(Ես միշտ էլ բառ եմ եղել)
Գրվել եմ, քան թե գրել։
***

Ջոն, ես՝
A Day in The Life
Դու՝ A Life in The day
***

Փողոցները քրտնել են մարդկանցից,

բառերը վերջանում են խանութներում,

կոշիկները վազում են չարդարացված,
ահա, լռությունը ուր որ է կմեռնի ակորդեոններից հեռու,
իսկ ես դատարկվում եմ քո մեջ,
դատարկվում՝ ջազի պես,
քաոսանում անվերջ
ու լցվում կոտրված լռության մարմնի մեջ։
Ես գիտեմ՝
որ իմ բոլոր նախորդ կյանքերում
լռություն եմ եղել
ու իմ սին մեղքերի համար
ես դարձել եմ ես,
կորցրել եմ ինձ
իմ հորինած տասնյոթ և ավել մեղքերում,
թաքնվել իմ ու բոլորի հաջորդ կյանքերում,
ինչպես ճապոնացի հիքիքոմորի
հույսով միայն,
որ դու քո կյանքերից մեկում
կգտնես ինձ մտքերիդ տակ ծխելիս կամ փշրվելիս։
Մայթերը հիվանդանում են մարդկանցով,
գլխարկները գլխապտույտ ունենում,
առօրյան շարունակվում է սրտի ջանքերի հաշվին,
իսկ
մարդիկ չափում են ցավը դոլորիմետրերով.
ես չափում եմ ամեն ինչ
քո չլինել-ներով,
ու գիտեմ, որ չեմ դիմանա 45 քո չլինելու ցավին,
ինչպես չեն դիմանում ժամանակին կամ լռությանը։
Մենք գիտենք, որ
ես չեմ բուժվելու քեզնից,
ինչպես չեն բուժվում կյանքից կամ իրենք իրենցից։
Մենք գիտենք,
որ բոլոր կատուների կյանքերը մեզ չեն հերիքի մի կյանքաչափ իրար գտնելու
կամ աչքերիդ գույնը վերջապես հասկանալու համար…
Մարդիկ մեռնում են մարդկանցից,
բառերը մոլորվում բերաններում,
իսկ լռությունը անիմաստ բան է հիմա…
Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես եղել եմ ես
և իմ սին մեղքերի համար
ես դարձել եմ դու…

davit gorgoyan

Գլխով փափուկ ասֆալտին

«Ու հայացքներն դատարկ, ոչինչ չասող

Ու գլուխներն այդ՝հայացքներից դատարկ…»

Լավ էլի

-Ի՞նչ ես կարծում, մարդուն տեսնելիս, ի՞նչն եմ առաջինը նկատում:

-Դոշե՞րը:

-Առաջ մի ընկի, ասում եմ` առաջինը:

-Էշ… Չգիտեմ: Ի՞նչը:

-Ասում եմ, նկատե՞լ` էս մարդկանց մեծ մասի աչքերը չեն փայլում:

-Կա տենց բան, գիտե՞ս: Տենաս` ինչի՞ց ա:

Ես՝ հողեղենս, խոնարհաբար և ծնկաչոք, որպես աստվածների բարի համակրանքին արժանանալու նպատակով մատուցվող զոհ՝ բամբ ձայնով ու թաց աչքերով ներողություն եմ հայցում ռաբիզի աստվածներից համարձակությանս համար, բայց և այնպես չէի կարող, մեղմ ասած, չապշել այն փաստից, որ միևնույն ավտոբուսում կարող եմ հանդիպել հինգ տարբեր մարդկանց, որոնք ո՛չ խմած, ո՛չ ուռած երակներով, ո՛չ էլ դրսում գարուն ունենալով հանդերձ՝ ականջակալներով ի զորու են առանց լուրջ մարմնական վնասվածքներ ստանալու, ասենք՝ ներքին արյունահոսության, մեկ ժամ շարունակ լսել Մանվել Փաշայանի, Փաշիկ Սողոյանի ու Խատուբայի շեդևրները: Էստեղից ուրեմն չի կարող չհետևել ծաղկավոր վերնաշապիկի, «Նիվա» մակնիշի մեքենայի, սև ակնոցների ու մինչև գոտկատեղը մի ուղղությամբ սանրած մազերի նկատմամբ պաշտամունքը: Փնտրելով ապաստան բռնաբարված հոգիների համար՝ հարկ համարեցի մխիթարում որոնել գոնե աղջիկների երգացանկում, ու փոխարենը գտա մարդկանց, ովքեր համացանցից փորձում էին ներբեռնել Ջասթին Բիբերի նկարները՝ էկրանն աչքին ավելի հաճելի դարձնելու համար: Միակ հույսն ու հավատս Մերին էր. Ջոն Լենոն, միանշանակ:

Հավատացեք, սա ֆանտազիա, կամ էլ գոռոզ երևակայությանս արդյունք չի, այլ մերկ իրականություն, որի բացահայտումն այնքան ապշեցուցիչ էր, որքան անիրական:

«…լոկ աղջիկներ մոմե,

և տղաներն այս բութ,

պիտի ծնեն երթեր ՝մեղկ հորթերին հլու»…

Սա չի կարող լինել պատճառն այլ բանի, քան թերդաստիարակությունն ու թերուսումն է, ոչ միայն տանը, այլ նաև կրթական հաստատություններում, և հետևանքն այլ բանի, քան ցածր IQ մակարդակը: Եվ պատահական չէ, որ ըստ TIMSS-ի տվյալների, Հայաստանը աշակերտների գրագիտության, տրամաբանության ու գիտելիքները գործնականում օգտագործելու մակարդակով զիջում է հարևան բոլոր երկրներին:

Լինելով ամենահինն ու մշակութապես զարգացած երկիրը, մենք տվյալային շատ միջավայրերում գլուխ ենք խոնարհում մնացածի առջև՝ ասես միայնակ ճոճանակ բաց անապատում: Ու մեր՝ տեղում արմատ գցելու պատճառը, կրթական հետամնացությունից բացի, ներքին մշակույթից զուրկ երիտասարդություն ունենալն է: Էն երիտասարդությունը, որ բացբերան հայհոյում է դիմացի այգում համբուրվող զույգին, ու ճակատ առ ճակատ կռվում հետս՝ հակառակ կարծիք լսելու պատճառով: Փաստորեն,  մենք դեռ գտնվում ենք մարդկային հասարակ հարաբերությունների ընկալման այն փուլում, երբ գրկախառնությունը, հասարակայնորեն համբուրվելը, ազատ սերն ու սեքսը ինդիկատորներ են այլասեռության (ակնկալում եմ ստանալ նշված բառի բացատրությունը), լկտիության, եվրոպամետության, ու քայլերի, որոնք ուղղված են «փչացնելու» երիտասարդությանը:

«Մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում»

…մի խումբ ավանակներ:

Փորձի փոխանակման ծրագրերից մեկի ժամանակ ինձ մոտեցավ ընկերներիցս մեկն ու ասաց.

-Մի հարց, խնդրում եմ: Բարում, երբ դուրս եկա հեռախոսով խոսելու, դու անընդհատ ինձ էիր նայում: Կարո՞ղ եմ իմանալ` ինչո՞ւ:

Դե արի ու իտալացուն բացատրիր, որ դու իմ հյուրն ես, իսկ Աբովյանի դեգեներատ բնակչի համար առանց առանձնակի դժվարության կրծքերիդ ութսուն տոկոսը տեսնելը գարնան գալուստ է ավետում: Ու չնայած հագուստիդ պարզությունը աչքերիցդ հետո եմ նկատել, այդ առիթից ոչ թե օգտվում եմ, այլ պատասխանատվություն եմ զգում քեզ համար:

Մեր հասարակարգում թեթև հագուստը հարմարության համար օգտագործող ցանկացած մեկը շարքային պոռնիկ է, թեթև հագնվածին աչք չածողը՝ ուլ, նրա ազատությունը քննադատելը ՝առաջադիմություն, իսկ դրանք հարգելը՝ անպատվություն: Իսկ ի՞նչ, եթե ռուսական աղբի փոխարեն Pink Floyd եմ լսում, վերնաշապիկն առանց օձիքի եմ սիրում, նախընտրում եմ գետնին նստել՝ նստարանի փոխարեն, սևից բացի ուրիշ գույներ էլ գիտեմ, ինստագրամում խոշոր հետույքավորներն ուղղակի չեն գրավում, լրբերին չեմ սրբացնում ու մի շարք այլ չափանիշներ, որոնց համար, չեմ կասկածում, պիտակներ հաստատ կճարվեն:

Չարժե՞ ընդունել, որ իմ ու քո հարաբերությունը միշտ մոդուլի մեջ է դրված, իսկ արդյունքը մեկից բացի այլ արժեք երբեք չի ընդունում:

«Նայի՛ր,

Տե՛ս՝ ինչպես են վայրի մանուշակները ծաղկում

արգելված փշալարերի արանքից»:

marat sirunyan

Ի՞նչ կենես, տղա՜…

-Ի՞նչ կենես, տղա՜, ի՞նչ կենես… Ի՜նչ կենե, Աստվա՜ձ…,- ձեռքերը մեկ գլխին ու մեկ ծնկներին էր զարկում ծերունին։

- Թո’ղ, ա’յ մարդ, թո՜ղ, ինչ կենե՝ էնե,- լացակումած փորձում էր հանգստացնել պառավը։

Ալեհեր մարդ ու կին էին, որ տան շեմքին կուչուրած, ողբագին «ա՜խ» էին քաշում՝ տեսնելով իրենց որդուն, որ խենթացած իրեն պատեպատ էր զարկում ու կոտրում-փշրում ձեռքի տակ ընկած ամեն ինչ։ Հերթական պահարանը շուռ տալուն պես, մի բան դուրս թռավ միջից ու ընկավ ոտքերի տակ։ Հայացքը կախեց, թե չէ, կատաղությունից կարմրատակած աչքերից պեծեր թռան, ու արյունն իր շրջանառության ամբողջ ուժով զարկեց գլխին։ Կռացավ, վերցրեց ձեռքը և ուզում էր պատռել, երբ լսվեց պառավի աղեկտուր ճիչը.

- Վո՜ւյ մե, չենե՜ս, բալա՜, ղուրբանդ էղնիմ, մեղք է, բալա՜. մեղք է…

Մայրական աղերսի հետ ձմռան ցրտից պոկված մի սառը շունչ, սահեց բաց դռնից ու զարկվավ երիտասարդի բեղ մորուսով ծածկված դեմքին, մարեց աչքերի կատաղության բորբն ու նորից դուրս սահեց՝ սգավոր քաղաքի գիրկը։

89 թվականի սկիզբն էր։ Նա ոչ թե քայլում, այլ մի կերպ ոտքերն էր քարշ տալիս քաղաքի որբացած փողոցներով, անտարբեր աշխարհի անցուդարձին ու ձեռքում պահած մի հնակազմ, փոքրիկ գիրք։

- Բարի օր, ա’յ մարդ, ի՞նչ գուզես,- արդեն բավական ժամանակ խանութ մտած և ձայն չհանող հաճախորդին դիմեց վաճառողը։

- Կառնի՞ս,- երիտասարդն էր, որ ձեռքի գիրքը դնելով վաճառասեղանին, հարցնում էր վաճառողին,- գծախեմ, կառնի՞ս։

Վաճառողը շփոթված մե’կ գրքին էր նայում, մե’կ հաճախորդին.

- Ծո’, խելռա՞ր։

- Կառնի՞ս, թե՞ էրտամ։

Մի պահ գիրքը նորից զննելուց հետո վաճառողը ձայն տվեց պահեստային մասում ինչ-որ բանով զբաղված ընկերոջը.

- Օնո՜… Ծո, Օնո՜…

- Ի՞նճ է։

- Րոբեմ արի։

Խանութի մյուս ծայրին երևացող դռնից ելավ Օնոն ու վրան-գլուխը թափ տալով մոտեցավ վաճառասեղանին.

- Ի՞նճ է, ծո’, րոբեմ առանց ընձի չկրծա՞ք, չեք թողնում՝ մարտ գորձ էնե։

- Հոս նայե,- մատնացույց անելով սեղանին դրված գիրքը, խոսեց վաճառող ընկերը,- գծախե…

Օնոյի հայացքը մի պահ գամվեց գրքի, ապա վաճառասեղանի մյուս կողմում կանգնած երիտասարդի վրա, հետո սթափվեց ու ի վիճակի եղավ  շուրթերը շարժելու.

- Ծո՜, խո չե՞ս խելռե. «Նարեկ» է, ծո’, հարուր-երգու հարուր տարվա «Նարեկ»։ Էսոր առնել-ծախել մեղք չէ՞, ա’յ մարդ։

- Ա’յ մարտ, ես եմ ու գծախեմ էս գիրքը, կառնի՞ս, թե՞ էրտամ։

- Հո՞ւր էրտաս, ա’յ մարտ, կեծի րոբեմ,- մի պահ խճճվեց Օնոն. համ չէր ուզում բաց թողնել այդքան հնության «Նարեկ» ձեռք բերելու առիթը, և համ էլ վախենում էր այդպիսի սուրբ նշխարի առուծախի մեջ մտնելուց (ախր, տարին էլ` փորձանք տարի)։ Բայց ահա գտավ ելքը.

- Ծո, Կարո’,- դարձավ ընկերոջը Օնոն,- շուդմ հասի ժամ ու եդ դառի։ Տերդերին հարծու՝ խո էս գիրքը առնել-ծախել մեղք չէ՞։

Կարոն շտապ դուրս եկավ խանութից ու վազեց եկեղեցու կողմը։ Իսկ երիտասարդը, որ վաճառասեղանի մյուս կողմում կուչ էր եկել մաշված պիջակի մեջ, փորձեց վերցնել գիրքն ու դուրս գալ՝ հիասթափված խոսքեր նետելով.

- Չէ՜, դուկ բան առնող չեկ…

- Տո կեծի’, ա’յ մարտ, խո տեր վռազը չե՞ս։ Արի, նստինք մե-մե բաժագ բան խմենք, մե երգու բերան խորատա էնենք, հարի Կարոն էլ գուկա, գիրկդ կառնիմ, ընճի՞ գնեղենաս,- ու առանց մերժման սպասելու, ուղեկցեց նրան խանութի անկյունում դրված փոքրիկ սեղան-աթոռի մոտ։

Մեկ-երկու բաժակ օղի էին պարպել արդեն, երբ Կարոն շնչակտուր ներս ընկավ։

- Հը՞ն, տերդերին տեսա՞ր, ի՞նչ ըսավ,- վրա տվեց Օնոն։

-Տո… Տնաշե՜ն,- շունչը հազիվ տեղը բերելով խոսում էր Կարոն,- հբը… Հբը դու մա՞րտ ես, չես ըսե՝ պաղաձ կեղնի խեղջը. դուսը մառոզ է, բաժագմ բան տամ՝ ինկն էլ խմե, նոր հարծ տամ,- մոտեցավ ու ընկերոջ ձեռքից խլեց բաժակը։

- Ծո օղո’ւլ, զահլեդ չունիմ, զավզագուտյուն մի’ էրա, ըսա տեսնիմ՝ ի՞նճ ըսավ տերդերը։

- Պա՜հ,- նեղացավ Կարոն, ապա դժգոհ շարունակեց,- ի՜նճ ըսավ, հա՝ ի՜նճ ըսավ։ Ըսավ՝ «Նարեկ» առնելը մեղք չէ, հըմը ծախելը՝ մեղք է ու մեղք…

Օնոն խոր հոգոց հանեց ու հայացքն ուղղեց գրքի տիրոջ կողմը, ով Կարոյի ասածներին անտարբեր, հերթական օղու բաժակն էր դատարկում։

-Է՜հ, ախպե՜ր, ես էս գիրք կառնիմ, մենագ թե կսեմ՝ կարո՞ղ է չծախես. դու էլ մարտ ես, տերդերի ըսաձ մեղքի տագ չհնգնիս։ Ախր, իսիգ Աստծու բան է, ծախել կեղնի՞։

- Տո ես տերդերի էլ, Աստծու էլ…,- երիտասարդը գազազած բռունցքը զարկեց սեղանին ու կանգնեց տեղում,- ես էդ Աստծու հեդ գորձ չունիմ. էնի՞գ չէր, որ ժաշք բերավ մեր գլխուն։ Էդ Աստվաձ հո՞ւր էր, որ կնիգ-երեխես քարերի տագ մեռան… Ես էդ Աստծու…,- հուզմունքից խեղդվող կոկորդի ամբողջ ուժով գոռում էր նա։

- Սո’ւս կեծի, ա’յ մարտ, սո’ւս կեծի։ Աստծուն բան մի ըսա. թաժա փորձանք գուկա, ա’յ մարտ, մեղք մի’ էրա,- կատաղած երիտասարդին փորձում էր հանգստացնել Օնոն, միաժամանակ երեսին խաչ հանելով, որ Աստված իրեն էլ մեղսակից չկարծի,- ժաշք էր` ելավ,- շարունակում է Օնոն,- խո մենագ քու տունդ չէ՞ր, քանիսի՞ տունը քանդվավ, քանի՞ մենձ ու պզդիկ մեռավ,   Աստվաձ ի՞նճ էներ, ա’յ մարտ։

- Հուր է, թե տունս քանդվիր, քանդվիր ու էս հանդեր գլուխս քարերու տագ մնար, բայծ չէ՜… Կնգաս էրեխու հեդ օրովմ ղրգի հորանծ տուն, ու էդ տունը բլավ, քհասկնա՞ս, իմ տնես քարմ էլ վար չհնգավ, բայծ էդ տունը քանդվավ, քհասկնա՞ս…,- արցունքները լցվեցին աչքերն ու սեղմեցին կոկորդը, լռեց ու փլվեց աթոռի վրա։

Խանութում լռություն էր տիրում։

Խանութում լռություն էր տիրում։ Օնոն Կարոյին հասկացրեց, որ մնա երիտասարդի մոտ, ինքն անցավ վաճառասեղանի ետևը։ Նախ խնամքով վերցրեց ու տեղավորեց թանկագին գիրքը, ապա դրամարկղից հանելով թղթադրամներ, հաշվեց ու դնելով գրպանը վերադարձավ։

- Ա’ռ, ախպե՜ր ջան,- դրամն արդեն քիչ թե շատ հանգստացած հաճախորդի ափի մեջ էր սեղմել Օնոն,- քովիս էղաձն էս է, էսորից ավել, ով գիդե, տվող էլ չի էղնի։ Բայծ չվռազնաս: Հարի հիրար հեդ մե լավմ չխմենք, ես քեզի բած թողնողը չեմ,- ապա դառնալով ընկերոջը,- Կարո’, սեղանմ քիծ. հեսօր բդի խմենք։

Ու խմեցին մինչև կեսգիշեր։ Մարդիկ եղան, որ միացան նրանց։ Ամեն նոր եկողին խանութպանները պատմեցին իրենց մտերմության մասին.

- Ըշտը այդման՝ «Նարեկը» ծախեց, ես էլ փեշմ փող տվի ու առա,- ամեն անգամ պարծենում էր Օնոն, բերել ու ցույց տալով «փեշմ փողով» իր ձեռք բերած գանձը։

Շատ ուշ էր, երբ բաժանվեցին։ Խանութի առջև իրար հրաժեշտ տվեցին, ու ամենքը տարբեր կողմ գնացին։ Թեև Օնոյի ու Կարոյի հետ էր ամբողջ օրը, բայց բաժանվելուն պես մոռացավ նրանց ու կրկին իր մտքերի ու հույզերի գերին դարձավ։ Քայլում էր առանց իմանալու՝ ուր։ Քայլում էր ամայի փողոցն ի վար՝ անտարբեր մթի, ցրտի, ձայների ու շարժերի, աշխարհի հանդեպ։ Ու չհասկացավ էլ, թե որտեղի՞ց սուր ծակոցը հայտնվեց սրտի մոտ, ինչպես մթնեցին աչքերը։ Հետո աչքերի առաջ մի այգեստան տեսավ, ջերմ ու պայծառ մի այգեստան, կինն ու աղջիկն էին այդ պարտեզի մեջ ու ժպտում էին անհոգ։ Հետո սևազգեստ մի մարդ տեսավ  ու ճանաչեց. Նարեկացին էր,  որ տխուր իրեն նայեց ու հեռացավ։ Հետո նորից մթնեց ամեն մի բան, ու խոր մի նինջ իջավ ծանրացած կոպերին։

Արթնանում էր արդեն ձմռան պաղած օրը, իսկ նա՝ մեջքը հենած մի կիսավեր պատի, արյունոտ մատներով սառը հողին փարված, դեռ քնած էր խո՜րը, խո՜րը քնով։ Ու էլ երբեք-երբեք նա չէր արթնանալու, որովհետև մեկը խավար գիշերվա մեջ պիտի փնտրեր գրպաններում նրա «մի փեշ փարան»։

lida armenakyan

Տուն-մարդ

Ես քեզ սպասող նավակ դառնամ

Ու թափառեմ ծովերում

Դառնամ հերոս, որ հանուն քեզ

Պատրաստ ա միշտ զոհվելու…

                                                3.33

… Բայց դու էդպես էլ ամբողջովին չպատկերացնես քո կարևորությունն իմ կյանքում:

Սիրտդ ճենապակե բաժակ է, իսկ ես անզգույշ երեխա, ամեն անգամ, երբ փորձում եմ ավելի զգույշ վերաբերվել, ավելի կոպիտ է ստացվում կարծես: Փաստորեն ամեն անգամ վնասում եմ: Նուրբ կտոր է, իսկ ես` անփույթ դերձակ: Ասեղներով ծակում եմ ու անցքերը բաց թողնում: Բայց դու թույլ տուր ինձ՝ հաշվեմ ողերդ, ստեղծվեմ կողիցդ ու լինեմ մոտիկ: Ինձ սիրուն խոսքեր ասա, բայց զգույշ, որ սիրտս չկանգնի: Ուրախությունից միայն:

Ես ուզում եմ քեզ համբուրել մինչև երկինքը մթնի, մինչև ծովը դադարի անհանգիստ լինել, մինչև Սիրիուսը փայլի, մինչև աշնան վերջին տերևը գլորվի ներքև, մինչև ձյուն թափվի, մինչև կոպերդ փակվեն ու բացվեն ինձ տեսնելու համար կրկին:

Ես Ներուդայի պես քեզ խնդրում եմ, որ չգնաս, չգնաս այդքան հեռու թեկուզ մի օրով, որովհետև չգիտեմ ինչպես ասել՝ օրը ձգվելու է երկար: Երկար ու սիրտ կանգնեցնելու չափ ահավոր, որովհետև օրն առանց քեզ կլինի: Ուզում եմ ուրախ լինենք այնքան, որքան ես եմ քո լուսանկարած նկարներում: Միասին բարձրանանք Պիզայի թեք աշտարակը, մինչև գլխապտույտ ունենանք, գինի խմենք Ֆրանսիայի ռեստորաններից մեկում ու աշխարհի արևոտ կտուրներից մեկի վրա պիցցա ուտենք: Լսենք մեր սիրած երգերից ու լիքը գրքեր կարդանք ու քննարկենք: Նայենք հին ու նոր սերիալներ ու նեղվենք սիրելի հերոսների մահվան պատճառով: Վազենք փողոցներով ու թրջվենք վարար անձրևից։

Ես սիրում եմ քունը, սիրում եմ կարդալը, բայց «քո» լինելու միտքը սիրում եմ ամենաշատը։ Դու այն ես, ինչից կազմված են իմ երազները։ Ես ուզում եմ սողալ քո հոգու ներսն ու լսել քո սրտի մեղմ զարկերը ու նայել արյանը, որը հոսում է երակներովդ։ Լինել քո համար մեկ երկրպագուն կյանքի լավագույն որոշումներից ու դեպքերի պատահականության արդյունքներից է։ Լինել քեզ համար, երբ անհրաժեշտ է, գրկել քեզ ուժեղ ու լսել միշտ։ Ունենալ արկածներ, որոնցից շատերը երբեք չես մոռանա դու։

Երբ ես քեզ հետ եմ, ես ուրիշ եմ, բայց լավ տարբերակով։ Ես ժպտում ու ծիծաղում եմ ավելի շատ։ Ես ստիպված չեմ ձևացնել, որ ամեն ինչ լավ է, երբ այդպես չէ։ Քեզ հետ ես կարող եմ հանել կեղծ ժպիտն ու կրել իրականը։ Ես ինձ չեմ զգում միայնակ, երբ քեզ հետ եմ։ Փոխարենը ես զգում եմ պաշտպանված ու սիրված (բարեբախտաբար)։ Ես չեմ զգում ինձ անպաշտպան կամ տխուր, որովհետև ցույց ես տալիս, որ դու իսկապես մտածում ու հոգ ես տանում իմ մասին, ու դա չես ձևացնում։ Օրվա վերջում դու այն մարդն ես, ում մոտ ես ուզում եմ վերադառնալ միշտ, ում ուզում եմ պատմել՝ ինչպես անցավ օրս, ում հետ ուզում եմ կիսել ուրախությունս, տխրությունս, հաջողություններս ու ձախողումներս։