Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

arxiv

Ոտնաձայներ

-Հաստա՞տ եք որոշել,- հարցրեց տատիկս:

-Այո, հաստատ:

-Դե, լավ:

Մենք տատիկիցս խնդրել էինք, որ նա այս գիշեր իր փոքրիկ ննջասենյակը տա ինձ ու եղբորս: Նա և կրտսեր եղբայրս՝ Հովնանը, պետք է մյուս սենյակում քնեին:

Եվ ահա մենք պառկեցինք. Մուշը մի քիչ փիլիսոփայեց և իր սովորության համաձայն շատ արագ քնեց: Տատիկս և Հովնանը նույնպես քնեցին, և տանը վառված լույս չմնաց: Իսկ ես, չգիտես ինչու, չէի կարողանում քնել: Բավականին ցուրտ էր, բայց ես քրտնել էի: Սակայն չնայած դրան, ավելի ու ավելի խորն էի մտնում վերմակի տակ: Հանկարծ հիշեցի, որ ուղիղ դիմացս հայելի կար դրված և բավականին մեծ: Հիշեցի ընկերներիս պատմությունները այն մասին, որ գիշերը նրանց մեջ սատանաներ են հայտնվում: Ես աչքերս փակեցի ու գլուխս թաղեցի բարձի մեջ:

Հանկարծ, կարծես հատուկ ինձ խելագարեցնելու համար, միջանցքից ոտնաձայներ լսվեցին: Իսկ մեր սենյակի դուռը գտնվում էր միջանցքում: Եվ քայլերը այնքան էլ սովորական չէին, այլ, ինչպես լինում են Վան Դամի ֆիլմերում, երբ ֆիլմի հերոս «տղեն» հանդիսավոր քայլերով գնում է թշնամուն սպանելու: Իհարկե, դա կարող էր լինել, այսպես կոչված լսողական խաբկանք, բայց այդ պահին ես ոչ միայն խաբկանքի մասին չէի մտածում, այլև նույնիսկ, թե ինչպես կարելի է բացել բերանը: Բայց ես զգացի, որ «Վան Դամը» իր հանդիսավոր քայլերով գալիս է դեպի դուռը, ես դա միանգամից հիշեցի և այնպես թափահարեցի Մուշին, որ վերջինս գլուխը խփեց պատին:

-Հենց դրա համար էլ դա կոչվում է դեդուկտիվ մտածելակերպ,- փնթփնթաց նա և նորից քնեց:

Ես սկսեցի դողալ և ցնցվել, չհանձնվեցի և սկսեցի աղաչել Մուշին, որ արթնանա: Բայց անօգուտ: Ես լռեցի: Սակայն անընդհատ ուզում էի տատիկին կանչել, բայց դիմանում էի: Քայլերը մտան խոհանոց: Ես դիմացա, դիմացա, սակայն երբ խոհանոցում ինչ-որ բան դրխկաց, իմ համբերության բաժակը լցվեց:

-Տա-ա-ատի-ի-ի՜կ,- բղավեցի ես այնպիսի ձայնով, որ պատերը դղրդացին: Մյուս սենյակից ձայն չլսվեց: Ես նորից կանչեցի, երբ ինչ-որ մեկն ուժեղ դմփոցով խփեց դռանը: Ես կրկին բղավեցի, բայց այս անգամ՝ ոչ տատիկ:

-Մա-ամա-ա՜,- լսվեց իմ բարձր բղավոցը, և այս անգամ պատերի դղրդյունին ձայնակցեց լուսամուտների զրնգոցը:

Սակայն ներս մտնողն ընդամենը տատիկն էր:

Հետո այլևս չեմ պատմի, քանի որ շատ եմ ամաչում, իսկ խոհանոցի դրխկոցը սառնարանի հռնդյունն էր: Ոտնաձայները մնացին գաղտնիք, և գուցե մի հարյուր տարի հետո տատիկի տան մասին կասեն. «Լեգենդների համաձայն՝ այստեղ ապրել է ամենասարսափազդու ուրվականը…»:

Մուլտիպլիկացիան չունի սահմաններ

«Մուլտիպլիկացիան չունի սահմաններ»,-
մուլտիպլիկատոր Ստեփան Անդրանիկյան

Մեկ տարի առաջ մեզանից հեռացավ մուլտիպլիկատոր Ստեփան Անդրանիկյանը: Շատ տարիներ առաջ նա «Մանանա» կենտրոնի հյուրն էր:  Ստեփան Անդրանիկյանը մեր կողմից վաղուց սիրված մուլտֆիլմերի («Վին պինգվինը», «Կախարդական լավաշը», «Լիլիթ» և այլն) նկարիչ-ռեժիսորն է և գեղարվեստական ֆիլմերի («Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը» և այլն) բեմադրող նկարիչը: Այսօր ձեզ ենք ներկայացնում Ստեփան Անդրանիկյանի հետ «Մանանա» կենտրոնի հանդիպում-հարցազրույցը, արված 2003 թվականին:

stepanandranikyan-Ինչպե՞ս է ծագել և զարգացել մուլտիպլիկացիան Հայաստանում: 

-Առաջին մուլտը նկարահանվել է 1937 թվականին կինոռեժիսոր Լևոն Ատամանովի կողմից: Նա ազգությամբ հայ էր, բայց բնակվում էր Մոսկվայում: Համո Բեկնազարյանը` «Հայֆիլմի» այն ժամանակվա տնօրենը, հրավիրում է նրան Մոսկվայից և առաջարկում մեր կինոստուդիայում մուլտֆիլմ նկարել: Եվ ահա, նրա նկարած մուլտֆիլմն էլ` «Շունն ու կատուն», եղավ առաջինը մեր իրականության մեջ: Մուլտֆիլմը, իհարկե, սև ու սպիտակ էր, ինչպես և այն ժամանակվա բոլոր ֆիլմերը:

Առաջին հայկական գունավոր մուլտֆիլմը նկարվեց 1940-41 թվականների ընթացքում: Վերնագիրն էր` «Կախարդական գորգը»: Հայկական առաջին գունավոր մուլտֆիլմի ռեժիսորը նույնպես Լևոն Ատամանովն էր: Հայրենական պատերազմի ժամանակ վերջինս գնաց ճակատ, և գործն ընդհատվեց: 1956թ. մուլտֆիլմեր սկսեց նկարել Վալենտին Պոդպոմոգովը, որը տաղանդավոր նկարիչ էր («Ջութակը ջունգլիներում», «Լուրդալուր» և այլն): Ես ինքս մուլտֆիլմեր սկսել եմ նկարել 1940-ականներին: Ողջ գործունեությանս ընթացքում նկարել եմ մոտ տասը ֆիլմ` մեծ մասը երեխաների համար: Նկարահանածս վերջին գործը «Անհնչելին» է` Վրթ. Փափազյանի համանուն ստեղծագործության սյուժեի հիման վրա:

-Ձեր առաջին մուլտֆիլմը ո՞րն էր:

-Առաջին մուլտֆիլմը կոչվում էր «Արևի հարսնացուն», որը կառուցված էր մի լեգենդի, հորինվածքի վրա: Համամիութենական կինոփառատոնում այն արժանացավ երկրորդ մրցանակի: Նաև` ինձ տվեցին Ստալինի անվան մրցանակ:

-Ե՞րբ Դուք հասկացաք, որ ուզում եք հենց մուլտֆիլմի նկարիչ դառնալ, ինչպե՞ս հասկացաք, որ հենց մուլտֆիլմ եք ուզում նկարել և ոչ մեծ կինո: 

-Ես ոչինչ էլ չհասկացա իրականում, ուղղակի միանգամից սկսեցի գործել: Երկար տարիներ ես աշխատել էի մեծ կինոյում` որպես նկարիչ-բեմադրող: Մոտ 30-32 ֆիլմերի համագործակցել եմ: Երբ Վալենտին Պոդպոմոգովը թողեց մուլտֆիլմի բնագավառը, մենք նկարահանող խումբ չունենինք, մասնագետներին Մոսկվայից էինք հրավիրում մեծ մասամբ: Գալիս էին շատ լավ մուլտիպլիկատոր-վարպետներ, նկարում էին ֆիլմը և թողնում- գնում: Իսկ մենք մասնագիտական կադրեր չունեինք այս ասպարեզում: «Հայֆիլմի» տնօրենն առաջարկեց ինձ մուլտֆիլմ նկարել: Պետք է ասեմ, որ ինստիտուտից դեռ ինչ-որ չափով կապված էի նկարչության բնագավառի հետ: Ես ավարտել եմ Մոսկվայի կինոինստիտուտը: Մենք անցել էինք «Մուլտիպլիկացիոն կինո» առարկան, և ես գիտեի, թե ինչպես է դա արվում, մանավանդ որ, ինքս նկարիչ էի: Կնոջս հայրը` Ալեքսանդր Իվանովը, մուլտիպլիկացիոն կինոյի հայտնի ռեժիսոր էր: 1930-ական թվականներին է սկսել նկարել («Կվարտետ», «Ներկված աղվեսը», «Կուկուրուզնիցա». վերջինը հատուկ Նիկիտա Խրուշչովի պատվերով է արել): Իվանովն անընդհատ ձգում էր ինձ դեպի իր կողմը, ուզում էր, որ ավարտելուց հետո մնամ Մոսկվայում և աշխատեմ իր հետ մուլտիպլիկացիայի բնագավառում: Եվ ահա, երբ «Հայֆիլմից» ստացա մուլտֆիլմ նկարելու առաջարկ, համաձայնեցի: Այդպես էլ նկարեցի «Արևի հարսնացուն»: Բայց մի մուլտֆիլմով կանգ չառա: Հետո նկարեցի «Վին պինգվինը», «Կախարդական լավաշը», «Լիլիթը» (Ավ. Իսահակյանի պոեմի հիման վրա) և այլն: Հիմա շատ հազվադեպ են ցուցադրվում այս ֆիլմերը, այսօրվա հեռուստատեսությունը ողողված է արտասահմանյան մուլտֆիլմերով, որոնք շատ հաճախ մեր երեխաներին այնքան էլ հասկանալի չեն: Մեր ֆիլմերը շատ լավն էին, դրանք երեխաների մեջ սերմանում էին բարության գաղափարը, չարի և բարու պայքարը, որտեղ բարին անպայման հաղթում է:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Կախարդական լավաշի» մտահղացումը: 

-Կա մի շատ հետաքրքիր գրող` Աշոտ Սահրադյան, որը նաև իմ ընկերն է: Նա ապրում է Մոսկվայում: Մի անգամ, երբ Հայաստան էր եկել, նստած զրուցում էինք, ասաց` ես ունեմ մի պատմվածք լավաշի մասին, և պատմեց ինչ-որ բաներ: Այնպես ստացվեց, որ միասին էլ սցենարը գրեցինք: Սյուժեն պարզ է: Նաղաշը մեծանում է առանց հայրիկի. հայրը զոհվել է պատերազմում: Մայրը լավաշ էր թխում սրա-նրա տանը, և ամեն անգամ թխելիս նրան էլ մի լավաշ էին տալիս, և այդպես էլ ապրում էին: Երբ Նաղաշը նորածին էր, մայրը նրան լավաշի մեջ է փաթաթում` բարուրի փոխարեն: Սա խորհրդանշական է. Նաղաշը հացի մեջ է, հացով է մեծացել: Նաղաշը ճամփորդում է աշխարհով մեկ, փնտրում է իր բախտը և չի կարողանում գտնել: Բայց բախտավոր լինելու համար պետք է ապրես քո երկրում, քո երկրի համար ստեղծագործես, հաց թխես, և այդ հացը լինի քեզ ու քո շրջապատին օգտակար: Այն ժամանակ պանդխտությունը հայերի ցավն էր, շատերը գնում էին Հայաստանից: Այդ առումով մուլտֆիլմը շատ արդիական է նաև այսօր: Հիմա էլ կան շատ նաղաշներ, որ գնացել են դեռ երեխա հասակում, չեն վերադարձել, և նրանցից շատերը մոռացել են իրենց արմատները: Ֆիլմի իմաստը նրանում է, որ ավելի լավ է ապրես քո հայրենի հողի վրա` թո՛ղ մի քիչ դժվար ապրես, բայց քաղցր է հայրենի հողը: Չգիտեմ` ինչքանով հանդիսատեսն ընկալեց մուլտֆիլմի բուն իմաստը, բայց մեր հիմնական նպատակը մեկն էր` բացատրել, որ բախտը կարող է հենց հայրենիքում լինել:

-Ի՞նչ է կատարվում այսօրվա հայկական մուլտիպլիկացիայում: 

-Հայկական մուլտիպլիկացիայում այսօր չունենք արարիչ ստուդիա: Քաոսային վիճակում է արդի մուլտիպլիկացիան: «Հայֆիլմի» տնօրենն ինձ առաջարկել է վերականգնել ստուդիան, բայց պայմաններ չկան: Միայն ցանկությունը քիչ է: «Դու սկսիր,- ասում է,- մենք կանենք»: Բայց ինչպե՞ս սկսել: Չէ՞ որ դրա համար էլ միջոցներ են հարկավոր: Կար ժամանակ, որ «Հայֆիլմը» նկարում էր տարեկան 10-15 մուլտիպլիկացիոն ֆիլմ: Իսկ հիմա բազա չկա, ամեն մեկն իր համար է աշխատում, մուլտֆիլմերը պատվերով են նկարվում` հիմնականում գովազդների, երբեմն էլ, երաժշտական տեսահոլովակների տեսքով, բայց դրանք արվեստ չներկայացնող գործեր են: Ի դեպ, նշեմ, որ հիմա գործող այդ մասնավոր կինոստուդիաների աշխատակիցներից շատերը իմ նախկին աշակերտներն են` Ռոբերտ Սահակյանց, Ստեփան Գալստյան: Այժմ Արման Մանարյանը նկարում է «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը, շատ լուրջ ֆիլմ է: Բայց նա մուլտֆիլմի նկարիչ չէ, մուլտիպլիկատոր չէ, Վարդան Գալստյանն է նրան օգնում այդ հարցերում: Այդ մասշտաբի ֆիլմ նկարելու համար հարկավոր է 8-9 հոգի, բայց, փաստորեն, նկարների վրա ընդամենը մեկն է աշխատում, դրա համար էլ գործը դանդաղ է առաջ գնում:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մուլտիպլիկացիոն ֆիլմի ռեժիսորը: 

-Անիմացիոն ռեժիսորը պիտի անպայման նկարիչ լինի: Դա առաջին նախապայմանն է: Լավ ռեժիսորն ինքը պիտի նկարի, կադրավորումներն անի: Կա նաև մասնագիտություն` մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ, իհարկե: Այս տարի Թատրոնի և կինոյի ինստիտուտում հավաքվել է մի 10 հոգանոց կուրս: Նրանք սովորում են հենց այս մասնագիտությունը: Ես նրանց դասավանդում եմ, սովորեցնում, շատ լավ գիտակցում եմ, որ միայն ամենաընդունակները հետագայում կդառնան մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորներ: Մուլտիպլիկացիոն կինոն այն բնագավառն է, որը չունի սահմաններ` կատարելու իմաստով: Ամեն ինչ կարելի է նկարել մուլտիպլիկացիոն կինոյում, ամեն առարկա կարելի է կենդանացնել, շարժել: Դա կախված է այն բանից, թե ով է անում տվյալ ֆիլմը, ինչքանով է նա ընդունակ, ինչքանով է նրա երևակայությունը զարգացած, ինչքանով վառ երևակայություն ունի, ըստ այդմ էլ նա կարող է նկարել մուլտֆիլմ` սկսած ամենահասարակ բաներից մինչև բարդ սյուժեներ:

-Ձեր ուսանողների մեջ Դուք տեսնո՞ւմ եք պոտենցիալ, կարո՞ղ են նրանք հետագայում լավ մուլտիպլիկատորներ դառնալ: 

-Ես նրանց հետ ընդամենը երկու ամիս է, ինչ աշխատում եմ: Դեռ բավարար չափով չեմ ճանաչում, որ կարողանամ ամբողջական պատկերացում կազմել նրանց ապագայի մասին: Կան երկու-երեք հոգի, որոնց մեջ նշմարվում է մուլտիպլիկացիոն կինոյի նկարչի ջիղը, բայց մյուս յոթի առումով դեռ ոչինչ պարզ չէ: Աշակերտ պատրաստելը շատ դժվար ու պատասխանատու գործ է:

-Ինչպե՞ս եք վերաբերվում արտասահմանյան մուլտերին: Կա՞ն նրանց մեջ լավ ֆիլմեր, ձեր կարծիքով: 

-Իհարկե, շատ կան: Արտասահմանյան երկրներում մուլտը մեծ զարգացում է ապրում: Մանավանդ, Ճապոնիայում: Այնտեղ հիմա անցել են մուլտֆիլմեր նկարելու համակարգչային եղանակի, հին եղանակները շատերն արդեն չեն ընդունում: Ճապոնիան տարեկան 800 մուլտֆիլմ է նկարում նորագույն մեթոդներով: Դիսնեյի մուլտերի մեջ կան շատ լավերը ` «Բեմբին», «Միկի Մաուսի արկածները»: Նրա ֆիլմերն իսկապես հիացմունքի են արժանի` ուրախ, երեխաների համար չափազանց հետաքրքիր:

-Ինչպե՞ս է նկարվում մուլտֆիլմը, ինչի՞ց են սկսում: 

-Երբ կա գաղափարը, պատրաստի սցենարը, սկսում են նկարել: Ռեժիսորը ողջ ֆիլմի համար ըստ սցենարի անում է կադրանկարներ` մոտ 300-350 կադր 10 րոպեանոց մուլտֆիլմի համար: Եվ այդ կադրերի հիման վրա նկարիչ-բեմադրողը ամեն նկարը մի քիչ մեծացնում է, և կադրն սկսում է շարժել: Փուլերով նկարելիս շարժում ենք ստանում: Մեկ վայրկյանում գնում է 24 կադր, այսինքն` 24 նկար պետք է նկարել, որպեսզի մեկ վայրկյան շարժում լինի: Ուրեմն` քանի կադր պետք է նկարել 10 րոպեանոց ֆիլմի համար… Սկզբում նկարվում է ֆոնը և հետո վրայից դրվում է պերսոնաժը և շարժվում: Նկարիչը ստեղծում է պերսոնաժը, մուլտիպլիկատորն էլ շարժում է նրա պերսոնաժը: Կենդանիների պերսոնաժները մուլտերում մարդկանց են հիշեցնում: Մինչև իսկ թփերին, քամուն կարելի է մարդկային կերպարանք տալ և շարժել: Առավել դժվար է ստանալ պերսոնաժների շարժումը, որովհետև պերսոնաժը, առանց փոխելու իր արտաքին տեսքը, պետք է շարժվի, քայլի, սահուն պետք է լինեն նրա շարժումները:

-Ձեր կարծիքով, որո՞նք են անիմացիայի լավագույն դպրոցները: 

-Հիմա ստուդիաները շատ-շատ են, և դժվար է առանձնացնել մի որևէ ստուդիա: Դժվարանում եմ ասել, թե որին կարող եմ նախապատվություն տալ… Շատ լավն են ֆրանսիական մուլտերը:

-Ո՞վ է Ձեր սիրած մուլտիպլիկատորը: 

-Որպես բարձրակարգ մասնագետ` գնահատում եմ Վլադիմիր Կուշինիրովին: Նա աշխատել է ինձ հետ «Արևի հարսնացուն» մուլտֆիլմում, ձիերի կռիվն է արել, այն պատկերը, երբ կրակները Արևից պոկվում են, դառնում ձիեր և իջնում ներքև: Շատ տաղանդավոր նկարիչ է, պատկերն էլ հոյակապ է արված: Կան շատ մուլտիպլիկատորներ, որոնց հետ չեմ աշխատել, մոտիկից չեմ ճանաչում, բայց շատ եմ հավանում նրանց գործերը: Օրինակ` Ռոման Կաչանովը, որը շատ բարդ ֆիլմեր է նկարել: Նա թե՛ որպես մուլտիպլիկատոր, թե՛ որպես ռեժիսոր շատ լավն էր: Շատ լավ ռեժիսոր է եղել Խիտրուկը («Վիննի Թուխ»):

-Կա՞ արդեն նկարահանված այնպիսի մուլտֆիլմ, որը Դուք չեք նկարել, բայց շատ կուզենայիք ինքներդ այն նկարած լինել, ասեիք` ափսոս, որ ես չեմ արել: 

-Դժվար հարց է: Չէ, այդպիսի բան դժվար թե լիներ:

-Ի՞նչ կիսատ, չիրագործված պլաններ ունեք: 

-Առաջին հերթին` նշեցի` դասավանդում եմ Թատրոնի և կինոյի ինստիտուտում: Դա շատ դժվար և պատասխանատու գործ է: Բացի այդ, ես նկարիչ եմ. ամեն օր աշխատում եմ արվեստանոցում, նկարում: Վերջերս Նկարիչների տանը կազմակերպվել էր իմ անհատական ցուցահանդեսը` միայն դիմանկարներն էին ցուցադրվում: Հետագայի համար պլանավորում եմ էլի ցուցահանդես բացել:

Ճարտարապետությունը փիլիսոփայություն է

Ութ տարի առաջ էր այս հանդիպումը: Նրանք, ովքեր գալիս էին «Մանանա», հենց մուտքի մոտ իր փոքրիկ պարտեզում տեսնում էին պարոն Վարուժանին, որը բարեհամբույր ժպտալով, պարսկահայի իր առոգանությամբ ողջունում էր նրանց.

-Բարև ձեզի, բարև ձեզիԻնչպե՞ս եք, լա՞վ եք

Արդեն բարի ու լավ ընկերներ էինք դարձել, և մի օր էլ որոշեցինք հենց պարոն Վարուժանի հետ հանդիպում անցկացնել և հարցազրույց վարել: Հիմա պարոն Վարուժանը չկա, իր փոքրիկ պարտեզն էլ ամայացել ու այլևս չի ծաղկում: Ցավոք, չկա նաև այս հանդիպումը գրի առնող «Մանանայի» մեր լուսավոր սաներից մեկը՝ Սեդա Խուբլարյանը: Կյանքն անարդար է: Տարիներն անցնում են, ու այսօր հիշեցինք այս հանդիպումը:

Ճարտարապետ Վարուժան Ծառուկյան

Վարուժան Ծառուկյանը ծնվել է Թեհրանում, կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին տասը տարին ապրում է Հայաստանում: Ինչպես ինքն է ասում, արմատները կանչեցին: Նա ունի միաժամանակ երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար և նկարիչ: «Ճարտարապետները ստեղծագործող անհատներ են»,- ասում է պարոն Ծառուկյանը: Եվ իսկապես այդպես է: Նա ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր նախագծին: Եվ ընդհանրապես, ամեն ինչում էլ ստեղծագործում է, նույնիսկ իր և հարազատների համար ուտելիք պատրաստելիս, ինչը, ի դեպ, նա շատ է սիրում: Սիրում է նաև իր տան բակում ծաղիկներ աճեցնել:

-Ինչո՞ւ տեղափոխվեցիք ԱՄՆ:

-Ես ծնվել եմ Թեհրանում: Այնտեղ ֆրանսիական դպրոց եմ հաճախել: 18 տարեկանում որոշեցի մեկնել ԱՄՆ` ուսում ստանալու: ԱՄՆ-ում պետք է աշխատեի, որովհետև հայրս հնարավորություն չուներ ուսման համար վճարելու: Առաջին տարիներին աշխատեցի մատուցող և քանի որ գիտեի ֆրանսերեն, աշխատանքի անցա բարձր մակարդակի ռեստորանում: Դժվար է եղել, իհարկե, բայց հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ կյանքիս ամենալավ ժամանակն էր: Կեսօրից մինչև ուշ գիշեր աշխատել եմ, հետո եկել եմ տուն, դաս եմ արել և առավոտյան նորից գնացել համալսարան: Երբ ավարտեցի համալսարանը, սկսեցի աշխատել ուրիշի համար, քանի որ դեռ կառավարական քննություն չէի հանձնել: Երկու տարի էլ դա տևեց, որից հետո ինքս իմ ձեռնարկությունը բացեցի, որը գտնվում էր Լոս Անջելեսում: Փաստորեն, 27 տարեկանից սկսեցի ինքնուրույն մասնագիտությամբս աշխատել: Հետո երկու տարի անց ամուսնացա: Չորս երեխա ունեմ: Աշխատանքում բախտս բերեց, որ մի ճանաչված դերասան իր տան համար նախագիծ պատվիրեց ինձ: Երբ նրա պատվերը կատարեցի, թերթերում գրեցին այդ մասին, որովհետև նա այդ տարի «Օսկարի» արժանացավ: Դրանից հետո աշխատանքս լավացավ:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան

-Տասը տարի առաջ հայրենիքս կանչեց, արմատներս կանչեցին: Ես, հավատացե՛ք, իմ կյանքում ամեն ինչ արել եմ՝ թե՛ ուսման առումով, թե՛ աշխատանքի առումով: Ես նյութապաշտ չեմ: Ինձ այլևս պետք չէր այն ամենը, որ մնալով ԱՄՆ-ում` կարող էի ստանալ: Ինձ համար կյանքն այստեղ ավելի հաճելի է, քան ԱՄՆ-ում: Այն ջերմությունը, որ կա այստեղ, չկա այնտեղ: Բոլոր ընկերներս, երբ ամռանը գալիս են Հայաստան, չեն ուզում հետ գնալ: 1992-97 թվականներին Ռուսաստանում գործարարությամբ զբաղվեցի: Երբ ԱՄՆ-ից գնում էի Ռուսաստան, հետո անպայման գալիս էի Հայաստան: Վատ ժամանակ էր, իհարկե, 1992 թվականն էր: Չկար էլեկտրականություն, ոչինչ չկար, բայց այդ ժամանակ ես սիրահարվեցի Հայաստանին: Ես ճանաչեցի և սիրեցի իմ հայրենիքը: 1997 թվականին ես որոշեցի դուրս գալ ԱՄՆ-ից: Իմ երկիրը դա չէր, հո կարմրամո՞րթ չեմ: Այդ ժամանակ արդեն երեխաներս մեծ էին: Եկա այստեղ: Հիմա երեխաներս երկու-երեք տարին մեկ ամռանը գալիս են ինձ այցելության: Աղջիկս ամեն տարի է գալիս: Այստեղ, իհարկե, աշխատում եմ, տներ եմ նորոգում: Բավականին շատ աշխատանքներ ունեմ: Ղարաբաղում` Շուշի քաղաքում, չորս-հինգ տարի առաջ հյուրանոց նախագծեցի:

-Այդ շենքը համապատասխանո՞ւմ է քաղաքի ոճին: Դուք դա հաշվի առե՞լ եք:

-Շենքը սկզբից կառուցվում էր որպես ՁԻԱՀ-ի բուժման կենտրոն` «Արմենիկումի» պատվերով: Սակայն շուտով պարզվեց, որ «Արմենիկումը» ամենևին էլ չի բուժում ՁԻԱՀ-ը, և նրանց շենքն այլևս հարկավոր չէր: Եվ ես այն կառուցեցի որպես հյուրանոց: Ինձ թվում է, շենքը քաղաքին ամենևին էլ խորթ չէ, լավ է ստացվել:

-Ձեր նախագծերում հայկական տարրեր մտցնո՞ւմ եք:

-Շատ չէ, բայց երբեմն անում եմ: Օրինակ` Շուշիի հյուրանոցը նախագծելիս օգտագործել եմ Ղարաբաղի խորհրդանիշ հանդիսացող տատիկ-պապիկին:

-Շենքը կառուցելիս միայն նախագիծը բավակա՞ն է, թե՞ Ձեր ներկայությունը պարտադիր է:

-Շենքի կառուցմանը վերաբերվող ամբողջ տեղեկությունը նախագծում արտացոլվում է` սեյսմակայունությունը, ճարտարապետական լուծումները, սանտեխնիկական հատվածը, էլեկտրականությունը, լույսը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ պետք է, կա: Եվ երբ շինարարները գալիս են, գծագրերը կարդալով` շենքը ծնվում է: Ես բացի ճարտարապետ լինելուց նաև շինարար եմ: Ունեմ նաև շինարարության դիպլոմ: Ես միշտ շատ եմ սիրել շինարարությունը: Այնպես որ, որպես կանոն, իմ գծագրած շինություններն ինքս էլ կառուցում եմ:

-Հայաստանը սեյսմիկ գոտի է. ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այստեղ բարձրահարկեր կառուցելը:

-Եթե ճարտարապետը ցանկանում է բարձրահարկ շենք նախագծել, անկախ տեղից, ուրեմն պետք է սեյսմոլոգի օգնությանը դիմի: Այստեղ սխալներ շատ են անում: Այ, դա է վտանգավոր: Եթե ճիշտ նախագծես, բարձրահարկն էլ շատ դիմացկուն կարող է լինել:

-Ձեր նախագծերից ամենաշատը ո՞րն եք հավանում:

-Բնակարաններ են եղել, որոնք մեծագույն հաճույքով եմ նախագծել, որովհետև բնակարանի գծագիրը պատրաստելիս մտերմանում ես տիրոջ, նրա ընտանիքի հետ, ծանոթանում ես նրանց նախասիրություններին և յուրաքանչյուր բնակարանին շատ անհատական մոտեցում ես ցուցաբերում, աշխատում ես տանտերերին հոգեհարազատ բան անել: Դա շատ հետաքրքիր աշխատանք է:

-Ո՞ր ճարտարապետական կառույցն է, որ այնքան է Ձեզ դուր եկել, որ կուզեիք Դուք կառուցած լինել:

-Իմ աստվածը ճարտարապետության ոլորտում, այն մասնագետը, որի գործերը շատ եմ սիրում, Ֆրենկ Լլոյդ Ռայթն է: Նրա հայտնի աշխատանքներից մեկն է Ճապոնիայում «Իմպերիալ» հյուրանոցը: Դա մի շատ գեղեցիկ և յուրահատուկ կառույց է, որն ինձ շատ է դուր գալիս: Ռայթը համարում էր, որ ճարտարապետությունը փիլիսոփայություն է: Եվ իսկապես, այդպես է: Նրա մոտ գնում էին անվճար աշխատելու, որովհետև դա մեծ պատիվ էր և գիտելիք: Այդ մեծագույն ճարտարապետին հիմա էլ շատերն են նմանակում:

-Եթե Ձեր և հաճախորդի ճաշակը չհամընկնի, կաշխատե՞ք նրա համար:

-Այո՛, քանի որ վճարողը նա է, բայց ես կառաջարկեմ իմ հատակագիծը: Հետո կհարմարեցնեմ իր նախասիրություններին: Ես մի հաճախորդ եմ ունեցել, որի կինը ցանկացավ, որ տան արտաքին տեսքը ֆրանսիական ոճով լինի: Ես արեցի այնպես, ինչպես տանտիրուհին ցանկացավ: Եվ տարիներ անց այդ տանը նկարահանեցին մի հոլիվուդյան ֆիլմ, որի հետևանքով բավականին հայտնի դարձավ այդ տունը: Այն հաճախորդի պատվեր էր:

-Որտե՞ղ եք սովորել հայերենը:

-Պարսկաստանում միշտ հայերեն եմ խոսել տանը: Երբ ես գնում էի դպրոց, այնտեղ մեր ֆրանսերենի ուսուցչուհին, որը հայ էր, առաջարկեց դասերից հետո մնալ և հայերեն պարապել: Շաբաթը երկու անգամ դասերից հետո մնում էինք և սովորում հայերեն կարդալ-գրել: Դժբախտաբար, չնայած նրան, որ ԱՄՆ-ում երեխաներս 12 տարի հայկական դպրոց են գնացել, բայց, միևնույն է, ցանկանում են անգլերեն խոսել:

-Դժվար չէ՞ Հայաստանում մենակ ապրելը` առանց ընտանիքի:

-Ես իհարկե շատ եմ կարոտում երեխաներիս: Շաբաթական ամենաքիչը երկու անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Այսօր խոսել եմ տղայիս հետ: Երբ ամռանը գալիս են, կարոտս առնում եմ: Բայց հիմա ավելի շատ եմ կարոտում: Արդեն երեք տարի ԱՄՆ չեմ գնացել:

-Ձեր կարծիքով, կգա՞ մի ժամանակ, որ Ձեր երեխաներին էլ ձգի Հայաստանը:

-Շատ եմ ուզում, որ դա լինի: ԱՄՆ-ում ապրելը հիմա շատ դժվար է, և եթե աշխատանք գտնես, պետք է այն ձեռքիցդ բաց չթողնես: Իսկ աշխատանք գտնելը ֆինանսական ճգնաժամի պատճառով ուղղակի անհնարին է դարձել: Աղջիկս չափից շատ է ցանկանում այստեղ ապրել և եթե աշխատանք գտնի, անմիջապես կգա: Նա 1995 թվականին եկավ և անվճար աշխատեց մի ծրագրի համար, որի անունն էր «Հող և մշակույթ»: Սպիտակի մոտակայքում` Գոգարան գյուղում, մի եկեղեցու շինարարություն էին իրականացնում: Այնտեղ շատ դժվար աշխատանք էր տանում աղջիկս, քարեր էր կրում: Եվ այդ եկեղեցին կառուցվեց: Այդ տարի եկա, որ տեսնեի աղջկաս, որին բամբակի մեջ եմ մեծացրել ԱՄՆ-ում: Ընկել էր հողի վրա, լաց էր լինում, չէր ուզում Հայաստանից գնալ: Որդիս էլ մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա էլ է ցանկություն հայտնել Հայաստանում աշխատելու:

-Դո՞ւք եք Ձեր որդուն խորհուրդ տվել դառնալ ճարտարապետ:

-Ո՛չ, ես ասել եմ` մի՛ դարձիր ճարտարապետ: Ինձ շատ դժվար է եղել սովորելը: Ես օրերով տուն չեմ գնացել: Դպրոցում եմ քնել: Չէի ուզում, որ որդիս էլ այդքան դժվարություններ կրի: Ճարտարապետությունը նրա ընտրությունն էր:

-Ասացիք, որ ունեք երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար, նկարիչ: Արդյո՞ք ստացել եք նկարչական կրթություն:

-Ես 14 տարեկանում սկսեցի մատիտով նկարել: Մեր ճարտարապետության համալսարանի շենքին կից դասավանդում էին դիզայներություն և նկարչություն: Ես ընդունվեցի և սովորեցի: Այն ժամանակվա լավագույն նկարներիցս մեկը ցուցադրվեց թանգարանում: Ես զգացի, որ կար պահանջարկ, և սկսեցի վաճառել նկարներս: Հիմա նկարչությամբ հիմնականում ձմռանն եմ զբաղվում: Ձմեռ չեմ սիրում, տանից դուրս չեմ գալիս և, տանը նստած, զբաղվում եմ նկարչությամբ:

-Մարտիրոս Սարյանն ասել է. «Մարդու ստեղծագործությունը նրա հոգու արտացոլանքն է»: Երբ նայենք Ձեր նկարներին, կարո՞ղ ենք Ձեզ ճանաչել:

-Ես ուրախ մարդ եմ և գույն եմ սիրում… Այո՛, դա իսկապես այդպես է:

Հարցազրույցը գրի առավ Սեդա Խուբլարյանը, 13 տարեկան

arxiv

Փորձեք հասկանալ

Նախաբանի փոխարեն

Փորձեք հասկանալ, որ բոլորը տարբեր են, որ սևի կողքին կա սպիտակը, որ առանց չարիք չկա բարիք, որ ձայնը լռության մեջ է լսվում, որ շնչելուց հետո արտաշնչել է հարկավոր, որ զուգահեռ ուղիղները երբեք չեն հատվում, որ ամեն ինչն ունի իր հակադիրը, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, որ մենք անզոր ենք այս աշխարհում մի բան փոխելու, այլ կարող ենք փոխել միայն ինքներս մեզ՝ ամեն մեկն իրեն: Փորձենք հասկանալ ինքներս մեզ: Փորձենք գտնել ու հասկանալ մեր միջի չարն ու բարին, վատն ու լավը, դրախտն ու դժոխքը, ամպրոպն ու խաղաղը, սերն ու ատելությունը: Փորձենք հասկանալ ու ճանաչել մեր հավասարությունը, փորձենք հասկանալ, որ բոլորիս ստեղծել է մեկը…

Նանե Աբելյան, 15 տ.

***

Մի ուրիշ աշխարհ

Համարյա վեց տարի է, ինչ ես տարված եմ համակարգչային խաղերով: Դրանցից առանձնանում է «Prince of Persia» խաղը: Ինչքան էլ խաղում եմ, չեմ ձանձրանում: Երբեմն լինում է, որ նույն դրվագը խաղալիս նոր հնարքներ եմ բացահայտում, հայտնաբերում եմ խաղի թերությունները, ինձ սկսում եմ խաղի մեջ զգալ: Երբեք ոչ մեկի հետ չեմ կիսվել, չեմ պատմել, թե ինձ համար ինչ գրավիչ են նկարազարդումները, խաղի ոճը, ինչ իրական են թվում կերպարները: Այդ կերպարները հասցրել են ինձ հարազատ դառնալ: Գիտեմ, որ ինձ ոչ ոք չի հասկանա, քանի որ իմ չափ այդ խաղը սիրող դեռ չեմ հանդիպել:

Շանթ Հակոբյան, 14 տ.

***

Փոքրիկ տղան

Սեպտեմբեր ամիսն էր: Դեռ նոր-նոր հունի մեջ էինք ընկնում: Զանգը հնչելուց երկու րոպե հետո ուշացած ներս մտավ ֆիզիկայի ուսուցիչը և խնդրեց, որպեսզի գնամ և բերեմ մատյանը: Ես դուրս եկա դասարանից և, աշխատելով ինչքան հնարավոր է դանդաղ հասնել ուսուցչանոց, սկսեցի քայլել: Երբ վերադարձա, տեսա միջանցքում կանգնած մի փոքրիկ տղայի, ով լաց էր լինում: Ես արագացրի քայլերս և, հասնելով նրան, հարցրի.

-Ի՞նչ ա պատահել, ինչի՞ ես լաց լինում:

Բայց նա չպատասխանեց, նույնիսկ դեմքիս չնայեց, կարծես թե չէր էլ նկատել ինձ: Բայց ես շատ էի ցանկանում իմանալ, թե ինչ է պատահել, և հարցս նորից կրկնեցի: Սակայն այս անգամ էլ պատասխան չստացա: Ես լրիվ մոռացել էի, որ պետք է մատյանը դասարան հասցնեմ, և շարունակում էի հարցեր տալ:

-Խնդրում եմ, ասա՛, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես լացում, ասա՛, քեզ շոկոլադ կտամ, խոստանում եմ…

Հանկարծ նկատեցի հեռվից մոտեցող մեր դասարանի Աննային: Նա շնչակտուր եկավ և ասաց.

-Արի՛ արագ դասարան, ինչի՞ ես կանգնել… Դասատուն արդեն բարկացել ա ու ասաց, որ գամ կանչեմ քեզ:

Այդ պահին ես նոր հիշեցի մատյանի մասին և վազեցի դասարան: Ներս մտնելով՝ սկսեցի արդարանալ՝ ասելով, որ չէի գտնում մատյանը, քանի որ շփոթվել և ուրիշ դասարան էին տարել այն: Նստեցի: Սակայն մտքիցս դուրս չէր գալիս փոքրիկ տղան: Ես անհամբեր սպասում էի, թե երբ էր զանգը հնչելու:

Զանգից հետո արագ դուրս եկա դասարանից և քայլերս ուղղեցի այնտեղ, որտեղ կանգնած էր եղել տղան: Նա այնտեղ չէր… Բացեցի մոտակա դասարանի դուռը և նկատեցի նրան՝ տխուր նստած: Մոտեցա և, տեսնելով, որ այլևս չի լացում, հարցրի.

-Ինչի՞ էիր լացում, ի՞նչ էր եղել:

-Երեկ ես դասի չէի եկել, և տնայինը չկատարելու համար դասատուն ինձ հանեց դասարանից,- լացակումած ասաց նա:

Երբ դուրս եկա դասարանից, հարցերը տանջում էին ինձ. «Ինչպե՞ս կարող էր էս խեղճ տղային դասից հանել տնայինի պատճառով: Չէ՞ որ ընդամենը երկու շաբաթ է, ինչ նա դպրոց է գալիս… Հետո էլ կասեն, որ դպրոցը չենք սիրում…»:

Սիրան Մանուկյան, 13 տ.

***

«Ես»-երի կռիվը

«Մինչև Երևանից հասնեմ Նոր Հաճըն, ես կմեռնե՜մ: Մի ժամ տրանսպորտով գնալ, ահավոր հոգնեցուցիչ ա: Ատում եմ, ատում եմ, ատում եմ տրանսպորտները»,- ինքս իմ «ես»-ի հետ խոսելով՝ սպասում էի իմ տրանսպորտին: «Ահա և նա,- տեսնելով հեռվում երթուղայինը՝ ասացի «ես»-իս՝ ուշադիր զննելով տրանսպորտի ներսը և մտքումս անընդհատ կրկնելով,- երանի էս անգամ մեջը քիչ մարդ լինի, երանի էս անգամ մեջը քիչ մարդ լինի…»: Սակայն երթուղայինը գերբեռնված էր: «Մենակ էս տեսարանից արդեն հոգնում ես, բայց ի՞նչ արած, պիտի գնամ»,- խորը շունչ քաշելով՝ մտածեցի: «Վա՜յ, հիմա մեջքս կջարդվի, ի՞նչ ա, էս պապիկը չի կարողանո՞ւմ նորմալ կանգնել, պիտի անպայման հրի՞: Վե՛րջ, հեսա կկռվեմ»,- կատաղած մտածում էի ես: Սակայն այդ պահին աջ ուսիս հայտնվեց իմ բարի «ես»-ը և սկսեց զրուցել հետս: «Չէ՛, Հայաստա՛ն, մի՛ կռվիր, մենակ դու չես, որ այդ վիճակում ես գտնվում, նայի՛ր շուրջդ, պիտի հարմարվես»,- հանգստացրեց ինձ նա: Ես համարյա որոշել էի արդեն լռել, երբ հանկարծ ձախ ուսիս հայտնվեց չար «ես»-ս և, լռեցնելով բարի «ես»-ին, վրդովված ասաց. «Սո՛ւս, բարի՛ Հայաստան, ի՞նչ է, չե՞ս տեսնում ինչ անհարմար վիճակ է, հեսա էս աղջիկը կջարդվի, և ո՞ւմ մեղավորությունն է սա: Իհարկե, վարորդինը: Նա իրավունք չուներ 13-ից ավելի մարդ նստեցնել երթուղայինում: Մի՛ լսիր, Հայաստա՛ն, ասա՛ քո խոսքը, հերիք եղավ, ցո՛ւյց տուր վարորդին իր տեղը»: Բերանս բացել էի, որ բողոքեմ, նորից իմ բարի «ես»-ն ընդհատեց. «Ոչ մի դեպքում չանե՛ս այդպիսի բան, այստեղ քո մեղավորությունն էլ կա: Երբ տեսար, որ շատ մարդ կա, չնստեիր, սպասեիր հաջորդին»: «Ճիշտ ես ասում»,- մտածեցի ես: «Ի՞նչն է ճիշտ… Հայաստա՛ն, եթե դու հիմա ասես քո խոսքը, բոլորը քո կողմից կլինեն, մի՛ լռիր, ասա՛»,- ինձ վարորդի դեմ լարելով՝ բղավում էր չար «ես»-ս: «Դու չես կարող, դու շատ բարի աղջիկ ես և չես կարող քեզ այդպիսի բան թույլ տալ»,- հանգստացնելով լարված մթնոլորտը՝ ասաց բարին: «Ավելի լավ է՝ լռես»,- կարմրեց չար «ես»-ս: «Ո՛չ, չի՛ կարող»: «Կարող է…»:

Եվ այդպես ամբողջ ճանապարհին: Սակայն վերջում չարը հաղթեց: Քանի որ ես տաքարյուն մարդ եմ, չկարողացա լռել: Երթուղայինից դուրս գալիս գումարը հանձնեցի վարորդին և նրան մի լավ իր տեղը դրեցի:

Հայաստան Ապրեսյան, 16 տ.

***

Մայրի՛կ, դու փոքր չե՞ս եղել

Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ. հնչեց դռան զանգը: Ես վեր թռա տեղիցս և վազեցի դեպի դուռը:

-Ո՞վ է,- հարցրի ես, և լսվեց մորս ընկերուհու ձայնը:

Մենք այդ ժամանակ փոքր էինք և դեռ դպրոց չէինք գնում, չունեինք հոգս ու ցավ: Մենք չէինք մտածում շուտ արթնանալու, դաս սովորելու մասին:

-Դուրս կիջնե՞ս,- առաջարկեց ընկերուհիս:

Ես, մայրիկից թույլտվություն ստանալուց հետո, վազեցի բակ: Տուն-տունիկ խաղը մեր ամենասիրելի խաղն էր, և ինչպես միշտ, այդ օրը նույնպես մենք տուն-տունիկ էինք խաղում: Սկզբում սցենարը մտածեցինք, ապա շտապեցինք իրագործել մեր պլանները, և հանկարծ լսվեց մայրիկիս ձայնը լուսամուտից.

-Արդեն ուշ է, պիտի տուն գաս:

Մենք փորձում էինք համոզել մայրիկիս, որ թույլ տա մի քիչ էլ մնանք բակում, բայց նա կտրուկ ասաց՝ ո՛չ, և հեռացավ պատուհանից, իսկ մենք տուն գնացինք՝ մտածելով. «Մի՞թե նրանք փոքր չեն եղել»:

Մարիամ Գրիգորյան, 11 տ.

***

Իմ նոր ընկերը

Ես շատ եմ սիրում ընտանի կենդանիներ: Միշտ ասում եմ.

-Մա՛մ, պա՛պ, ես շատ եմ ուզում պահել գոնե մի կենդանի:

Բայց այդ խոսքերն ավելորդ են. նրանք մերժում են՝ ասելով.

-Արա՛մ, լսի՛ր, կենդանիները կարճ են ապրում՝ ամենաշատը 15-16 տարի: Դու երկար տարիներ չես անցկացնի նրանց հետ:

Մի օր էլ տատիկս ինձ տարավ իր ընկերուհու տուն հյուր: Ես այնտեղ մի շուն տեսա: Սկսեցի նրա հետ ընկերություն անել: Հիմա էլ, երբ տատիկիս հարմար է լինում, նա ինձ տանում է իր ընկերուհու տուն: Ես այլևս մայրիկիս ու հայրիկիս հետ չեմ խոսում կենդանի պահելու մասին:

Արամ Մնացականյան, 8 տ.

***

Ուսուցչուհուս դիմանկարը

Հինգերորդ դասարան էինք, երբ ես որոշեցի նկարել ուսուցչուհուս՝ ընկեր Խաչատրյանի դիմանկարը: Ես նրան շատ էի սիրում և հարգում: Առանձնապես լավ չէի նկարում, բայց փորձեցի նկարել: Երբ արդեն նկարս ավարտում էի, մեր դասարանի Լիլիթը հարցրեց.

-Ի՞նչ ես նկարում:

-Խաչատրյանի դիմանկարը,- պատասխանեցի ես:

Մի քանի րոպե անց Լիլիթը մոտեցավ ընկեր Խաչատրյանին, ինչ-որ բան ասաց նրան և վերադարձավ, նստեց իր տեղը: Քիչ հետո ուսուցչուհին ինձ ոտքի կանգնեցրեց և խնդրեց, որ ձեռքիս թուղթն իրեն հանձնեմ: Նայելով նկարին՝ նա զայրացավ և ասաց, որ ես փորձում եմ իրեն ծաղրել, և ինձ վարքից «երկուս» նշանակեց:

Նորայր Բարոյան, 13 տ.

***

Պատիժ

Մի անգամ, երբ դպրոցում «երկուս» էի ստացել տնային աշխատանքս չկատարելու պատճառով, մայրիկս բարկացավ վրաս:

-Վե՛րջ, Թագա՛ ջան, էլ ոչ մի բակ, ոչ մի ընկերուհի, ոչ մի հեռուստացույց: Դու պատժված ես,- հնչեց նրա դատավճիռը:

Առանց լսելու իմ բացատրությունները, նա հեռացավ: Ես շատ տխրեցի: Փակվեցի իմ սենյակում, պառկեցի մահճակալիս և լաց եղա: «Ախր, ո՞նց չի հասկանում, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չէի հասցրել դասս սովորել»,- մտածում էի ես: Հետո մայրիկս մտավ իմ սենյակ, իսկ ես ձևացրի, թե քնած եմ: Նա մոտեցավ, շոյեց գլուխս, համբուրեց և բարի գիշեր մաղթեց ինձ:

Թագուշ Բաղդասարյան, 16 տ.

***

Իմ կյանքն է, չէ՞…

Շրջապատում հաճախ չեն ընդունում իմ հագնվելու ոճը, անգամ առանց հասկանալու: Հատկապես շատ են լինում մայրիկիս հետ վեճերը՝ աչքերս քսելու թեմայով: Իսկ ամենից շատ վրաս ազդում է, երբ ինձ, այսպես ասած, «նկատողություն» են անում մարդիկ, ովքեր իրենք էլ սիրում են այդ ոճը: Երևի փորձեր են՝ իրենց մեծի տեղ դնելու, կամ էլ… Չգիտեմ, ինձ չի հետաքրքրում: Հիմա գոռալու, նյարդայնանալու փոխարեն, ինչպես առաջ էի անում, ուղղակի լռում եմ կամ թողնում հեռանում, ուղղակի հոգնել եմ ասելով.

-Չեք ուզում՝ մի՛ շփվեք հետս, էդ իմ գործն ա, քանի որ իմ կյանքն ա:

Նրանք էլ արդեն այդքան շատ «նկատողություն» չեն անում, երևի հասկացել են:

Մերի Խալիկյան, 15 տ.

***

Մղձավանջ

Ահա և եկան արձակուրդները: Կարելի է դաս չանել: Բայց ես երբեք էլ դաս չէի անում… Ամբողջ օրը համակարգիչ խաղալ, կուշտ փորով հաց ուտել, քնել, քնել, քնել…

Հասա տուն, և ի՞նչ… «Հրաժարվում ենք աշխատելուց» ցուցանակներով ինձ դիմավորեցին համակարգիչս և ցանկիս մնացած բոլոր առարկաները:

-Մենք հրաժարվում ենք աշխատել,- առաջ գալով՝ ասաց համակարգիչս,- մենք պահանջում ենք հանգստի ժամերի ավելացում, ավելի բարեխիղճ վերաբերմունք, և վերջապես, հավաքի՛ր սենյակդ:

-Դե, փորձեք հասկանալ, որ եթե հավաքեմ սենյակս, այնտեղ ինքս ինձ չեմ գտնի…

Լավ է՝ այդ մղձավանջը շուտ ավարտվեց, և աչքերս բացվեցին:

-Լավ ա, երազ էր,- ասացի ինքս ինձ:

-Լուսինե՛, ոտքի՛, սենյակդ հավաքի՛ր, դասերդ սովորի՛ր ու նստի՛ր պատմություն պարապելու: Մինչև չպարապես, հաց չես ուտելու,- լսեցի մայրիկիս ձայնը:

Լուսինե Համբարձումյան, 15 տ.

***

Ճաշակին ընկեր չկա

Մի օր, երբ ես իմ ընկերների հետ դուրս էի եկել դպրոցից, և քայլում էինք, նրանցից մեկը՝ Կարենը, հարցրեց.

-Ռաֆո՛, ի՞նչ նոր երգ ունես:

-Նոր քաշած երգեր ունեմ, տա՞մ,- պատասխանեցի ես:

-Հա՛, տո՛ւր,- ասաց Կարենը:

Ես սկսեցի իրեն հեռախոսով փոխանցել Deep Purple խմբի «Child in time» երգը: Երբ երգն արդեն համարյա ամբողջությամբ փոխանցվել էր, ես իմ հեռախոսով միացրի այն:

-Էդ ի՞նչ Նոյի թվի երգ ա,- ասաց Կարենը:

-Սա Deep Purple խմբի ամենալավ երգերից ա,- հակաճառեցի ես:

-«Oтмена» տուր,- ասաց Կարենը:

-Ինչի՞, լավ երգ ա,- փորձեցի համոզել ես:

-Ես չեմ սիրում Նոյի թվի երգեր: Ես սիրում եմ նոր երգեր ու ռեփ:

Մենք սկսեցինք վիճել և իրար վատ խոսքեր ասելով՝ գնացինք ամեն մեկս մեր տուն:

Ռաֆայել Բաբլոյան, 10 տ.

***

Հանուն լուսանկարչության

Մի սեպտեմբերյան առավոտ տնեցիները որոշեցին ինձ տանել ֆիզիկայի պարապմունքի: Ես գնացի, իհարկե, չուզելով: Ես չէր սովորում ֆիզիկա, և տնեցիները որոշեցին պայման դնել իմ առջև.

-Կա՛մ ֆիզիկա կսովորես, կա՛մ էլ քեզ ֆոտոյի պարապմունքներից կհանենք:

Ես ֆիզիկա չեմ սիրում, որովհետև ինձ համար անհետաքրքիր և անհասկանալի է, իսկ լուսանկարչությունը շատ եմ սիրում, և բոլոր տնային հանձնարարությունները հաճույքով եմ կատարում: Բայց ես ֆիզիկա սկսեցի սովորել, որպեսզի ապացուցեմ, թե ինչքան եմ սիրում լուսանկարչության դասընթացները:

Գարիկ Ավագյան, 15 տ.

«Խաբարբզիկ», 2010թ.

arxiv

Դպրոցական սարսափներ

Անսպասելի գրավորը

Մի օր անսպասելի իմացանք, որ ռուսաց լեզվից պետք է գրավոր գրենք։ Մենք չէինք նախապատրաստվել։ Միակ բանը, որ մեզ կփրկեր, արտագրելն էր։ Բայց այս անգամ ոչ թե իրարից էինք արտագրում, այլ գրքից։ Բոլորը չէ, որ գիրք ունեին։ Եվ երրորդ շարքից մեկը գիրք ուզեց ինձանից։ Ես, իհարկե, տվեցի, որովհետև այն նրանց ավելի էր պետք, քան ինձ։ Բայց ես չգիտեի, որ գիրքս կգնա ճամփորդության ամբողջ երրորդ շարքով։ Լավ է, որ այդ շարքը նեղ է, և արանքով ուսուցիչները չեն քայլում սովորաբար։ Գիտեի, որ գրքիս կազմը կպատռվի, բայց ուշադրություն չդարձրի դրան։ Ուսուցչուհին դասի ընթացքում պարբերաբար վեր էր կենում և քայլում էր շարքերի միջով։ Դե, ինչպես միշտ, բացի երրորդ շարքից։ Բայց․․․ Նա արդեն մոտեցել էր երրորդ շարքին և ուզում էր անցնել այդ նեղ հատվածով։ Քիչ էր մնում սիրտս կանգներ։ Բայց տագնապս իզուր էր, քանի որ դասարանցիներս ամեն ինչի են պատրաստ գնահատականի համար։ Մեկը գրիչը «հանկարծակի» գցեց գետնին և կռացավ, որ վերցնի, մյուսն էլ կռացավ, որ «կապի» կոշիկի կապերը, որոնք իրականում չկային։

Լուսինե Ալեքսանյան, 13 տ

***

Իմ տանջանքները

Ինչ տեղափոխվել ենք ավագ դպրոց, հանգիստ չեն թողնում մեզ, տանջում են։ Ուսուցիչների խոսակցության հիմնական թեման է․ «Մոռացե՛ք այն, թե ինչ էիք անում և ինչպես էիք սովորում ձեր դպրոցներում, այս տարվանից պետք է ոչինչ բաց չթողնեք, որովհետև ամեն կիսամյակի վերջում քննություն եք հանձնելու ամբողջ անցածի վերաբերյալ»։

Այս ամենը տանջանք է։ Ես արդեն հանձնել եմ առաջին կիսամյակի ստուգարքները, բայց դեռ առջևում են երկրորդ կիսամյակինը։ Ոչինչ չեմ հասցնում անել, ամբողջովին թաղվում եմ գրքերի մեջ և ոչ թե վերհիշում անցածը, այլ սովորում, քանի որ առանց դրա չեմ կարող հանձնել ստուգարքը։ Ցավոք, մինչև ստուգարքները բավարար չափով չենք սովորում, որ կարողանանք պատասխանել այդ անտանելի հարցաշարերին։ Իսկ ամենազայրացուցիչն այն է, որ իմ ավագ դպրոցում ոչ թե միայն մեր հոսքերին վերաբերող առարկաներից ենք ստուգարք հանձնում, այլ բոլոր առարկաներից։

Նանե Աբելյան, 15 տ

***

Փաստի առաջ

Կիսամյակի վերջում ես ծանր հիվանդացել էի և երկու-երեք շաբաթ բացակայեցի դպրոցից։ Բացակայել էի նաև կենսաբանության կիսամյակային գրավորից։ Վերջին տարիների ընթացքում ես ընտելացել եմ այն փաստին, որ միշտ կարելի է արտագրել գրքից կամ դասընկերներից ու չսովորել դասերը։ Այդպես էի ես վերաբերվում նաև կենսաբանությանը։ Եվ այդ առարկայից ընդհանրապես ոչ մի բան չգիտեի։ Եվ ահա, ես կանգնել եմ տխուր փաստի առջև, որ պետք է մեն-մենակ ուսուցչի առջև նստած՝ գրեի գրավորը, որն ինձ համար բարդությամբ չէր զիջում չինական կամ ճապոնական հիերոգլիֆներին։

Այդ օրը շատ էր ուրախացել մայրս։ Նա արդեն վաղուց էր պնդում, որ պետք է սովորել, և որ արտագրելով ես հեռու չեմ գնա։ Այս անգամ նա համոզված էր, որ «երկուս» եմ ստանալու, և դա ընդմիշտ ինձ դաս կլինի։

Գրավորիս նախօրեն ես անցկացրի տագնապի մեջ։ Փորձեցի կարդալ դասագիրքը և սովորել մեկ օրում այն ամենը, ինչ պետք է սովորեի կես տարում։ Ես առաջին անգամ էի բացում դասագիրքը, և բոլոր թեմաները սովորելու միտքը, իհարկե, ձախողվեց։ Իսկ գիշերը չէի կարողանում քնել։ Երազումս տեսնում էի ուսուցչուհուս ինձ «երկուս» դնելուց, քառորդիս «երկուս» փակվելը և այլն․․․

Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ տուն վերադառնալով մայրիկիս հայտնեցի, որ ստացել եմ 8 բալ․․․ Երևի թե պարտադիր չէ նշել, որ ինձ ուսուցչուհիս էր օգնել։

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ

***

Երեքշաբաթյա ակցիա

-Գա՛յ, իմացա՞ր վարժարանի՝ քո դեմ հնարած նոր օրենքի մասին։

-Իմ դե՞մ։

-Հա՛։ Գա՛յ ջան, արդեն ստիպված ես լինելու առավոտը 8․30 արթնանալու փոխարեն ուղիղ ութին արթնանալ և 9․15 վարժարան մտնելու փոխարեն ամենաուշը 8․50 վարժարանում լինել, քանի որ ուղիղ իննին՝ զանգից հետո, վարժարանի դռները փակվելու են, ու եթե ուշանաս, ստիպված կլինես 45 րոպե դրսում սառել ու մի ժամ էլ բացական կունենաս։

Այս յուրահատուկ նորությունը լսելուց հետո ամբողջ մարմնովս մի սարսուռ անցավ։ Պատկերացրի, որ առավոտյան ժամը ութին պետք է արթնանամ, հագնվեմ ու դասի գնամ․․․

Չնայած, որ առավոտյան չափից շատ է քունս տանում, քնում եմ մինչև 8․30, հագնվելուց հետո էլ օրոր-շորոր լինելով քայլում եմ դեպի վարժարան։ Ու բացի այդ էլ, եթե առաջին ժամի դասը սովորած չեմ լինում, դա էլ առիթ է հանդիսանում երկրորդ դասից դպրոց գնալու։

Երեք շաբաթ գործեց օրենքը։ Այդ երեք շաբաթվա ընթացքում, երբ տնօրենն առաջին ժամին դասարան էր մտնում, տեսնում էր, որ դասին ամենաշատը տասը աշակերտ է ներկա։ Հիմա արդեն այդ օրենքը չի գործում, բայց սովորությունը դեռ մնում է։ Երբ դասղեկը հարցնում է, թե ինչու առաջին ժամին չենք եղել, բոլորս միաբերան պատասխանում ենք․

-Վարժարանի դռները փակ էին։

Գայանե Մարտիրոսյան, 15 տ

***

Էլի՞ հրդեհ է

Մեր դպրոցում ամեն ամիս տագնապի ազդանշան է լինում։ Դա նրա համար են անում, որ հրդեհի դեպքում երեխաները կարողանան կողմնորոշվել, թե ինչ անեն։ Երբ տագնապի ազդանշանը հնչում է, և մենք դուրս ենք վազում դպրոցից, անպայման ինչ-որ մեկը գոչում է․

-Ուռա՜, ազատությո՜ւն։

Լինում են այնպիսիք, որ շատ են վախենում, թե դպրոցը կարող է իսկապես այրվել։ Մյուսներն էլ կանգնում, այսուայնկողմ են նայում, իրար հետ զրուցում։ Ինչ-որ մեկի վրա էլ ուսուցչուհին բարկանում է, որ տագնապի ընթացքում պայուսակով է դուրս վազել դպրոցից։ Մի խոսքով, տագնապը զվարճալի երևույթ է մեր դպրոցում։

Մերի Վարդանյան, 11 տ

2011 թվական

arxiv

Դպրոցական սարսափներ

Սովորել, սովորել, սովորել․․․

Մեր պատմության ուսուցչուհին շնչակտուր մտավ ներս․

-Երեխանե՛ր, տնօրենի կողմից հանձնարարված թեստ ենք գրում։ Նախօրոք զգուշացնում եմ․ տնօրենը ներկա է լինելու, ձեզ խելոք կպահեք։

Երեխաները շատ հուզված սկսեցին արագ-արագ թերթել գրքի էջերը՝ կարևոր տարեթվերն ու անունները գտնելու և թղթի վրա արտագրելու նպատակով։ Եվ ահա, եկավ որոշիչ պահը։ Մենք, վախից քարացած, կանգնած էինք, երբ դասարանի դուռը ճռռոցով բացվեց, և ներս մտավ տնօրենը։

-Նստե՛ք և սկսե՛ք աշխատել։ Հա՛, մի բան էլ, արտագրել չի լինելու,- ահարկու ձայնով շեշտեց նա։

Չնայած կլանված էինք թեստով, բայց դեռ զգում էինք, թե ինչպես է տնօրենի սառեցնող հայացքն անցնում մեր վրայով։

-Սրանից հետո ամեն չորեքշաբթի մի առարկայից գրավոր եք գրելու, և ով հաջող չգրեց, ավատական քննությանը չի մասնակցի,- զգուշացրեց տնօրենը։

Մի քանի տասնյակ դաժան րոպեներից հետո հնչեց սպասված զանգը։

Դասամիջոցին երեխաներով սկսեցինք քննարկել ընկեր Ղազարյանի որոշումը։

-Երեխե՛ք, որ Ղազարյանը մի բան ասում ա, ուրեմն կանի,- ասաց Լիլիթը։

-Էնպես որ, սկսենք դասերով ավելի լուրջ զբաղվել,- ավելացրեց Վլադիմիրը։

Նորայր Բարոյան, 13տ

***

Անքնություն

Շատ են խոսում դպրոցում հնարավոր փոփոխությունների մասին։

-Երեխանե՛ր, արդեն հաստատվել է, որ եկող տարի ստիպված կլինենք դասերի գալ նաև շաբաթ օրերին,- վերջերս հայտարարեց մեր դասղեկը։

-Ի՞նչ,- մեր բերանները բաց էին մնացել զարմանքից։

-Եթե այդ վիճակով դեռ երկար մնաք, ձեր բերանը ճանճ կմտնի,- նշեց դասղեկը։

-Ընկե՛ր Մալխասյան,- ըմբոստացավ Աննան,- բայց ի՞նչ իմաստ կա դրա մեջ։

-Ես կրթության նախարա՞րն եմ, որ ինձանից եք հարցնում։ Կարո՞ղ է՝ կոտորվում եք դաս անելով,- մեր թույլ տեղին կպավ դասղեկը։

-Չգիտեմ՝ կոտորվում ենք, թե չէ, բայց մեզ հաստատ կոտորում են էս դպրոցում,- պատասխանեց Աննան։

-Այդպես լինելու է բոլոր դպրոցներում, դուք բացառություն չեք։

Մեր դասղեկի խոսքը չազդեց իմ մտավոր զարգացման վրա, սակայն այդ գիշեր չկարողացա աչք փակել։ Այդ օրվանից հետո այդպիսի գիշերները հաճախակի են լինում։ Ես սարսափում եմ, բայց ոչ թե մթությունից, այլ դպրոցական անդադար փոփոխվող օրենքներից։

Շանթ Հակոբյան, 14 տ

***

Ժամանակ կա

-Երեխե՛ք, պատմության դասատուն չի եկել։

-Ինչ լավ ա, ես էլ վատ էի սովորել դասս,- ասացի ես։

Սկսեցինք խաղեր խաղալ, իրար պատմություններ պատմել։ Դասի ավարտին տասը րոպե էր մնացել, երբ դասարանի դուռը բացվեց, և ներս մտավ մեր պատմության ուսուցչուհին։ Բոլորը միաձայն հարցրին․

-Իսկ ինչո՞ւ եք ուշացել։

-Քննություն էր տասնմեկերորդների մոտ,- հանգիստ պատասխանեց նա։

-Ո՞նց, տասնմեկերորդներն էլ են քննություն հանձնո՞ւմ,- սարսափած հարցրինք մենք։

-Հա՛, ամեն երկու ամիսը մեկ քննություն են հանձնելու, դուք էլ եք հանձնելու, սկսեք լավ սովորել, որ կարողանաք հանձնել։

Բոլորը վախեցած էին, բայց մյուս կողմից էլ՝ ուրախ, որովհետև դեռ երեք տարի ունենք մինչև 11-րդ դասարանցի դառնալը և ժամանակ ունենք՝ մեր բացթողումները շտկելու, ավելի լավ սովորելու։

Մարինա Հարությունյան, 12 տ

***

Ում համար՝ սարսափ, ում համար՝ ծիծաղ

-Երեխանե՛ր, այսօր հիվանդանոցից մեր դպրոց բժիշկներ են գալու,- ասաց դասղեկս։

Այդ ժամանակ դպրոցներում տարածված էր կարմրուկ հիվանդությունը։ Գալու էին՝ պատվաստումներ անելու։ Ամբողջ դասարանը սարսափի մեջ էր։ Երբ դասարանցիներս իմացան, որ մեզ սրսկելու են, սկսեցին զանգահարել իրենց մայրիկներին, որ գան իրենց տուն տանեն։ Ես հեռախոս չունեի և չէի կարող մայրիկիս զանգահարել։ Ես լացում էի։ Ոչ ոք ինձ չէր հանգստացնում։ Իսկ բարձր դասարանցիները նայում էին մեզ և ծիծաղում։ Փոքրիկների համար դա սարսափ էր, իսկ մեծերի համար՝ սարսափելի ծիծաղելի։

Նելլի Հարությունյան, 10 տ

***

Պատիժ-փրկություն

-Երեքշաբթի օրը գնում ենք թատրոն, բոլոր յոթերորդ դասարանցիները պարտադիր է, որ ներկան լինեն,- դասարան մտնելով ասաց դասղեկս՝ ընկեր Աղասարյանը։

-Վա՜յ, բա ինչի՞ հենց երեքշաբթի․․․ Ես չեմ կարող․․․ Ինձ հարմար չի․․․ Ի՜նչ լավ ա․․․,- դասարանի բոլոր կողմերից բղավում էին երեխաները։

-Ընկե՛ր Աղասարյան, բայց ինչո՞ւ է պարտադիր,- ոտքի կանգնելով հարցրի ես։

-Ով որ չգա,- շարունակեց նա,- այդ ժամերին, որ մենք կլինենք թատրոնում, գնալու է ֆիզիկա պարապելու։

-Իսկապե՞ս,- ուրախությունից բացականչեցի ես,- ու դա պատի՞ժ է համարվում։ Շատ լավ է, ուրեմն հաստատ չեմ գալիս։

-Կարծում եմ, որ հիմա բոլորիդ հարմար դարձավ,- տեսնելով աշակերտների սարսափած դեմքերը՝ ասաց ընկեր Աղասարյանը, իսկ իմ ասածին ուշադրություն էլ չդարձրեց։

«Սրանից ավելի լավ պատիժ չէի՞ք կարող հնարել,- մտքումս ասացի ես,- եթե առաջին րոպեներին կասկածում էի՝ գնալ, թե չէ, հիմա վստահ եմ՝ չեմ գնում։ Ֆիզիկայից լավ առարկա երևի միայն հանրահաշիվն է»։

Երևում է՝ մեր դպրոցի բոլոր յոթերորդ դասարանցիների մեջ ֆիզիկան միայն երեք հոգու համար է լավ առարկա, որովհետև մյուսների համար իսկապես մի լավ պատիժ էր։ Ֆիզիկա պարապելու գնալու ենք միայն ես, Գայանեն ու Գրիգորը։

Մարիամ Նալբանդյան, 12 տ

***

Ահազանգ

-Նշե՛ք տնային առաջադրանքները,- զանգը հնչելուն պես ասաց մեր հանրահաշվի ուսուցիչը,- վարժություններ 446, 447, 448, 450, 452, 453, 454, 467։ Ով չկատարեց՝ «մեկ» է ստանալու։

Հայոց լեզվի դասի վերջում․

-Երեխանե՛ր, տանը կվերցնեք դերբայներից համակատարն ու հարակատարը՝ բոլոր վարժություններով, շտեմարանից էլ՝ այդ թեմաների բոլոր առաջադրանքները, և կգրեք շարադրություն՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» վերնագրով։

Տոննաներով դասեր, լավ, հասկանում եմ, հոսքային խորացված առարկաներն են, բա մնացա՞ծը․․․ Կենսաբանությունը տալիս է միանգամից երեք թեմա, այն էլ՝ ի՞նչ կենսաբանություն՝ օրգանական։ Դա դեռ ոչինչ։ Ֆիզիկան, աշխարհագրությունը, պատմությունը այնքան են «բարձում», որ մենք չենք դիմանում։ Ես անձամբ դաս սովորել չեմ սիրում, բայց դե, անում եմ ստիպված։ Չափազանց շատ սովորելու պատճառով ուղեղս կամաց-կամաց հանձնվում է։ Այսպես որ շարունակվի, ծույլիկ եմ դառնալու։

Մերի Սիմոնյան, 16 տ

2011թ.

Քարակերտ հրաշքներից մինչև փրկօղակ Օպերայի համար

Մարգո Ղուկասյան (1927 - 2013), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով: Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր…1915 թ.», որը հեղինակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում:Նրա անունը գուցե երիտասարդ սերնդին ծանոթ չլինի, մինչդեռ անուրանալի է նրա դերը հայ լրագրողական, հրապարակախոսական մտքի զարգացման գործում: Մարգո Ղուկասյանը պարզ ու անմիջական էր, սիրով էր շփվում հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների հետ, գրում էր հատուկ նրանց համար, փոխանցում իր մասնագիտական հմտությունները: Տարիներ շարունակ «Մանանա» կենտրոնի բարեկամներից մեկն էր, հաճախակի այցելում էր պատանի թղթակիցներին, վարպետության դասեր անում: Այսօր ձեզ ենք ներկայացնում 2006 թվականի հանդիպումը՝ նրա նոր հրատարակված՝  «Քարակերտ հրաշքներ» ակնարկների ժողովածուի կապակցությամբ:

-Ինչքա՞ն ժամանակում եք հավաքել Ձեր վերջին` «Քարակերտ հրաշքներ» գրքի նյութերը և ինչպե՞ս եք հավաքել:

-Մոտ 40 տարի հավաքել եմ այդ նյութերը: Իսկ պատճառն իմ մասնագիտությունն է: Ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` որպես լրագրող աշխատել եմ մանկական «Պիոներ կանչ» թերթում: Իսկ մանկական թերթում աշխատել, նշանակում է` անընդհատ գնալ երկրի շրջանները, ծանոթանալ դպրոցի վիճակին, գյուղին, երեխաներին, բնությանը: Եվ ուր գնում էի, միշտ ուսումնասիրում էի տեղի բնությունը և ճարտարապետական հուշարձանները: Մի գաղտնիք էլ բացեմ. իմ ամուսինը ճարտարապետ է, և մեր տանը ճարտարապետության մասին միշտ շատ է խոսվել: Մենք ունեինք հայկական, ինչպես նաև աշխարհի ճարտարապետության և նշանավոր հուշարձանների մասին շատ գրքեր և ալբոմներ, որոնք անընդհատ իմ աչքի առաջ են եղել, և երբ տեսնում էի մեր հուշարձանները բնության մեջ` չէի կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով: Սկզբում պարզապես գրառումներ էի անում, իսկ հուշարձանների մասին գրել սկսել եմ մոտավորապես սրանից 30-35 տարի առաջ:

-Ձեր գրքում նկարագրել եք շատ գեղեցիկ ու հին եկեղեցիներ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նորակառույց եկեղեցիներին: Արդյո՞ք նույնն են զգացումները թե հինավուրց, և թե նորակառույց եկեղեցիների դեպքում:

-Ճիշտն ասած, ոչ, նույնը չեն: Երբ առաջին անգամ մտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, ինձ թվաց, թե մարզահամերգային համալիր եմ մտել: Մեր եկեղեցիները փոքր են, շատ մտերիմ են, երբ մտնում ես, միանգամից ամփոփվում ես պատերին, նայում ես գմբեթին, և այն շատ մեծ է թվում, չնայած որ դրսից փոքր է երևում: Մատուռներ կան, ուր նույնիսկ երկու հոգուց ավել մարդ չի կարող տեղավորվել, բայց երբ մտնում ես ներս, հոգևորի հետ ես շփվում: Երբ առաջին անգամ թոռնիկիս` Շողիկին, տարա Ծաղկաձորի Սուրբ Հարություն եկեղեցին և ասացի. «Շողիկ ջան, սա Սուրբ Հարությունն է»: Ասաց. «Տա՛տ, Սուրբ Հարությունի՞կը»: Այ, այդքան փոքր է: Ներսում 3-4 հոգի հազիվ տեղավորվի: Ես կուզենայի, որ շատ անգամներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մտնելով` ժամանակի ընթացքում իմ վերաբերմունքը փոխեի, բայց առայժմ, ճիշտն ասած, հարազատությունը դեռ այնքան չեմ զգացել: Նորքի 5-րդ զանգվածում էլ մի նորակառույց եկեղեցի կա` Սուրբ Սարգիսը: Ասեմ, որ դա ինձ ավելի շատ դուր եկավ: Նախ շատ մեծ չէր, հետո` քարերի գույնը մուգ էր: Մեր եկեղեցիների համարյա մեծ մասը մուգ գույնի քարերով են` սև, մուգ շագանակագույն, կարմիր, նույնիսկ Սպիտակավոր եկեղեցի ունենք, որը սպիտակ քարերով չէ կառուցված: Դա հայկական եկեղեցուն բնորոշ չէ:

-Անչափ մեծ են Ձեր ստացած տպավորություններն այս կամ այն հուշարձանը նկարագրելիս: Դուք երկրորդ անգամ գնացել- թարմացրե՞լ եք Ձեր հիշողությունները, թե՞ ուղղակի գրառումներն են օգնել: 

-Գրառումներն, իհարկե շատ են օգնում: Օրինակ` Մակարավանքում հարյուրավոր թռչուններ կան քանդակված, բայց այդ հարյուրավոր թռչուններից ոչ մեկի գլուխը չկա, բոլորինը քարով ջարդել են: Դա մի սարսափելի տեսարան է: Մի անգամ որ տեսնես ու գրի առնես, այլևս երբեք չես մոռանա: Բայց կան հուշարձաններ, ուր բազմիցս եմ եղել, որպեսզի շատ ավելի ճշգրիտ դարձնեմ ուսումնասիրություններս: Օրինակ` Ծաղկաձորի Կեչառիսի հուշահամալիրը. 11 տարի ընտանիքով` հայրը, որդին և թոռը, աշխատել են այդ հուշարձանի վրա, և այդ 11 տարիների ընթացքում մի քանի անգամ հատուկ Ծաղկաձոր եմ գնացել, որպեսզի հետևեմ աշխատանքների ընթացքին: Վարպետների հետ զրուցել եմ, իրենց խոսքերը գրի եմ առել: Այսպիսով, 11 տարի շարունակ ես հետամուտ եմ եղել այդ աշխատանքներին, վարպետների կյանքին, տեսել եմ` ինչպես են քարը մշակում, ինչպես են կառուցում և այլն: Միանգամից հնարավոր չէ ամեն բան տեսնել: Ցանկացած հուշահամալիր 10-րդ անգամ էլ գնաս, միշտ մի նոր բան կտեսնես:

-Հիմա մեր քաղաքի արտաքին տեսքը փոխվում է, Դուք այդ երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, ո՞րն է ճիշտը` նորացնել` պահպանելով հի՞նը, թե՞ ուղղակի նոր հատակագծեր գծել և նոր շինություններ կառուցել: Խոսքը վերաբերում է առաջին հերթին քաղաքի կենտրոնում կատարվող փոփոխություններին` մասնավորապես, Հյուսիսային պողոտային: 

-Այժմ մեր մշակույթն աղավաղվում է: Երբ ինչ-որ մեկը շենքի առաջին հարկը վերցնում է և, ասենք, խանութ է բացում, անմիջապես այն ուրիշ գույնի քարով, ներկով երեսպատում է, որպեսզի ուշադրություն գրավի: Սա պարզապես սարսափելի է: Չէ՞ որ երբ շենքին նայում ես, պետք է ամբողջությամբ տեսնես: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային… Օպերայի շրջակայքում չի կարելի ոչինչ կառուցել, Օպերան հայկական ճարտարապետության այնպիսի մի մարգարիտ է, որ չէր կարելի նրա հետ այդպես վարվել: Մի կողմից` այդ գաճաճ սրճարանները, որոնք չորս կողմից վրա են տվել, մյուս կողմից էլ` Հյուսիսային պողոտան, որի կառուցման ոչ մի մասշտաբներ չեն պահպանվում: Չի կարելի Օպերայի հենց հարևանությամբ կառուցել նրանից երկու անգամ բարձր շենք, դրանով իսկ ստորացնելով կոթողը: Օպերայի մուտքի մոտից երբ նայում ես շուրջդ, այնպիսի տպավորություն է, կարծես Օպերան խեղդվում է:

-Քանդվածներից ամենաշատը ո՞ր շենքի համար եք ափսոսում:

-Ես ափսոսում եմ քանդված բոլոր շենքերը և բոլորի համար էլ պայքարում եմ:

-Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել:

-Այ, վերջերս ցույց արեցին երիտասարդները, երբ Աբովյանի վրա մի շենք պիտի քանդեին: Ահա այդպիսի ակցիաներ, ցույցեր են կազմակերպվում: Դուք ինքներդ էլ կարող եք մեծերի դեմ պայքարել: Չէ՞ որ ձեր շրջապատում էլ եք տեսնում: Կարելի է հոդվածներով հանդես գալ, հնարավորության դեպքում, ելույթներ ունենալ ռադիոյով, հեռուստատեսությամբ, մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որպեսզի նրանք էլ ձեզ հետ պայքարեն:

-Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Երիտասարդական պալատը քանդելու գաղափարի վերաբերյալ:

-Գիտե՞ք, դա ուրիշ հարց է: Տարիներ առաջ այն օդանավից լուսանկարվել է, և պարզվել է, որ բլրի տակ ճաք կա: Ասում են, որ այդ շենքի վերանորոգումն ավելի շատ ծախս կպահանջի, քան այն քանդելն ու նորից կառուցելը: Բայց ասեմ, որ մեր ճարտարապետությանը շատ խորթ շենք է դա:

-Դուք ունե՞ք աշակերտներ, հետևորդներ կամ տեսնո՞ւմ եք այսօրվա լրագրության մեջ այնպիսի դեմքեր, որոնք շարունակում են Ձեր գործը: 

-Ի դեպ, ես մի քանի տարի դասավանդել եմ համալսարաններում և իմ փորձը հաղորդել ուսանողներին: Բացի դրանից, որոշ հոդվածներ էլ եմ գրել ժուռնալիստիկայի մասին, թե ինչպես պետք է ուսումնասիրել նյութը, ինչպես մոտենալ, որ չկեղծվի, այլ հնարավորինս ճշգրիտ ու գեղեցիկ լինի: Ճիշտն ասած, շատ լրագրողներ կան, որ խոստովանում են, որ ես ստեղծել եմ մի ուրույն լրագրողական դպրոց, և նրանք համարում են, որ ես իրենց ուսուցիչն եմ: Ես 10 գրքի հեղինակ եմ և մոտ 430 հրապարակում եմ արել: Սկսած 1967-ից` հրապարակել եմ իմ հոդվածները, բացի դրանից, նաև արտասահմանի հայկական մամուլում եմ տպագրվել: Վերջին 10-20 տարում էլ հոդվածներս թարգմանել են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն: Եվ քանի որ ես այդքան գրել եմ, և մարդիկ էլ, մասնավորապես, երիտասարդ լրագրողներն էլ կարդացել են, կարելի է ասել, որ ես նրանց որոշակի բան կարողացել եմ տալ:

-Իսկ կա՞ն այնպիսի գրողներ, որոնց Դուք եք Ձեր ուսուցիչը համարում: 

-Մենք ունեինք հայազգի ռուս լրագրող` Մարիետա Շահինյան: Մոտ 40 տարի առաջ, երբ Եվպատորիայում հանգստանում էի, գնացի այնտեղի գրադարանից գրքեր վերցնելու, Մարիետա Շահինյան վերցրեցի` «Նամակներ Եվրոպայից»: Այդ նամակներում նա պատմում է այն երկրների մասին, որտեղ եղել է, յուրաքանչյուր երկրի մասին մեծ էսսեներ ու ակնարկներ է գրել, օրինակ` Իտալիայի երաժշտական կյանքի մասին, կամ` մի չեխ կոմպոզիտորի մասին և այլն: Երբ ես գիրքը կարդացի, ապշեցի, թե որքան հետաքրքիր ու խորը հրապարակախոսական գործեր էին դրանք: Ես հասկացա, որ եթե հրապարակախոսը կյանքը լավ ուսումնասիրի և կարողանա իր այդ ուսումնասիրածը լավ ձևով էլ շարադրել, ապա նրա ստեղծագործությունը գեղարվեստական գործի արժեք կունենա: Ընդհանրապես, եթե հրապարակախոսության մեջ մտնում է գեղարվեստականության տարրը, ապա դրա արժեքը մեծանում է: Ես միշտ ուշադրություն եմ դարձրել, թե Մ.Շահինյանը պրոբլեմին ինչպես է մոտենում, ինչպես է ուսումնասիրում այն և ինչպես է լուսաբանում: Պետք է խոստովանեմ, որ նրա բոլոր հոդվածներն էլ շատ մեծ տպավորություն են գործել:

-Այ, ձեր հոդվածներում տեսնում ենք, որ Դուք մեծ մասամբ Ձեր ամուսնու հետ եք ճամփորդել. Դուք` Ձեր նոթատետրով, ինքը` իր լուսանկարչական խցիկով: Չե՞ն պահպանվել, արդյոք, այդ լուսանկարները: 

-Քանի որ իմ ամուսինը ճարտարապետ է, և ինքը ճարտարապետի հայացքով էր նայում, ավելի ճիշտ էր նկարում: Երբ գիրքը հրատարակվում էր, ես շատ էի ուզում, որ մեծ թվով լուսանկարներ տեղ գտնեին այնտեղ, բայց գրքի համար այնքան քիչ գումար էր հատկացված, որ չհաջողվեց: Բայց այդ լուսանկարները կան:

-Ի դեպ, դուք գրում եք ինքնատիպ ոճով և շատ պարզ ու հանգամանալից եք շարադրում Ձեր միտքը: 

-Ես 17 տարի մանկական թերթում եմ աշխատել: Այդ տարիներին ձգտել եմ երեխաների համար ամեն ինչ գրել պարզ, ճշգրիտ, հասկանալի և գրավիչ: Ես դրա վրա հատուկ աշխատել եմ: Եվ հիմա էլ, երբ գրում եմ, իմ ոճի մեջ այդ պարզությունը պահպանվել է: Չէ՞ որ ցանկացած բարդ թեմայի մասին էլ կարելի է հասկանալի, բոլորի համար մատչելի լեզվով գրել: Ես այդպես եմ կարծում:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից հայ լրագրության մասին:

-Մենք ունեցել ենք և հիմա էլ ունենք շատ լավ լրագրողներ: Բայց ասեմ, որ այժմյան մամուլն այնքան էլ լավ վիճակում չէ: Երբեմն գրում են անհիմն, ոչ շատ մտածված, ցանկանում են ցնցող բաների մասին գրել և տպում են երբեմն շատ տգեղ բաներ: Ես սա չեմ ողջունում: Բայց, համենայնդեպս, ներկայիս լրագրության մեջ ակտիվություն կա:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լրագրողը: 

-Երբ ես գնում եմ դասախոսելու, ասում եմ, որ լրագրողին նմանեցնում եմ ուսուցչի և բժշկի հետ: Ուսուցիչը մտնում է դասարան, 30 հոգի է նստած, պետք է այնպես անի, որ այդ 30 հոգուն կառավարի, սովորեցնի, իսկ լրագրողը, երբ վերցնում է գրիչը, պետք է իմանա, որ նրան հազարավոր մարդիկ են կարդալու, և պատասխանատու է բոլորի առաջ: Բժիշկն էլ քննում է հիվանդին, նշանակում է անհրաժեշտ բուժումը: Գրողն էլ ինչ-որ մի պրոբլեմի մասին է խոսում, որը ազդում է ընթերցողի հոգու վրա: Ուրեմն, առաջին հատկանիշն այն է, որ լրագրողի պատասխանատվությունը շատ բարձր պետք է լինի: Լրագրողը պետք է լինի սպորտսմենի նման: Պետք է միշտ պատրաստ լինի գնալ այն թեժ կետերը, որտեղ ինչ-որ բան է կատարվել, ուր անհրաժեշտ է: Պետք է միշտ պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, լրագրողը պետք է ազնիվ լինի, չխեղաթյուրի փաստերը:

Հանդիպումը կայացել է «Մանանա» կենտրոնում, 2006թ:

arxiv

Մանյակը

Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու է մայրիկը բարկանում: Ես ու Մուշը ընդամենը գնացինք մինչև փողոցի ծայրը, որպեսզի Դավիթին ճանապարհենք: Ուղղակի հինգ րոպեով: Իսկ երկու ժամ հետո, երբ մենք վերադառնում էինք, մայրիկը տակնուվրա էր անում դպրոցը:

Նա մեզ էր ման գալիս, իսկ Մուշի ընկեր Հովիկը հոգեառ հրեշտակի նման գնում էր նրա հետևից: Նա առանց դադարի բուլկիներ էր խժռում և խոսում:

-Կորե՞լ են, Ռուզան մորաքույր: Դե, ոչինչ, մանյակն է տարել, էլի՜: Դրա մասին լսե՞լ եք:

Մայրիկս մի պահ քարանում է, նայում Հովիկի խոշոր, արագ-արագ շարժվող թշերին, փորձում է հասկանալ նրա ասածը: Իսկ Հովիկը շարունակում է:

-Էդ մանյակի վզի վրա մի մեծ ծակ կա: Էհ, Մուշի բախտը չբերեց, լավ տղա էր…

-Հովիկ, սուս մնա, էլի, ի՞նչ մանյակ:

-Ո՞նց թե՝ ինչ: Որ գողացավ՝ վերջ: Էլ չեք տեսնի: Էլ ման մի եկեք:

Մայրիկս փորձում է փախչել, բայց չի ստացվում:

Հովիկը կարծես թե լռեց, բայց մի պահ, ուղղակի պատառն էր կուլ տալիս:

-Դե լավ, Հովիկ: Մնա այստեղ, ես գնամ Մուշի հայրիկին զանգեմ: Որ Մուշենք գան, թող սպասեն:

-Չէ, էլ չեն գա: Մանյակից ո՞վ է փրկվել, որ իրենք փրկվեն: Մեր հայերենի ուսուցիչն էլ չկա, երևի մանյակի գործն է:

Մայրիկիս ոտքերը թուլացան:

-Զգույշ կլինեք,- նրա հետևից բղավեց Հովիկը,- մանյակը գուցե փրկագին ուզի: Բայց երևի բանը դրան չի հասնի: Մանյակներին փող պետք չէ:

Չգիտեմ, մայրիկը վերջին «խելամիտ» խորհուրդները լսեց, թե ոչ: Քիչ անց դպրոց էր սլանում հայրիկը, մեղմ ասած, գլուխը կորցրած:

Երբ ես ու Մուշը վերադառնում էինք, Հովիկը դեռ նստած էր դպրոցի բակում և մեծ ոգևորությամբ ուտում էր:

-Ա՜, եկաք: Դե, էլ արդեն վերջ, ուշացաք: Մամայիդ տարան հիվանդանոց, էլ չեք տեսնի: Հայրիկդ ոստիկանների հետ ձեզ ման է գալիս քաղաքում: Բայց այնքան հուզված էր, որ երևի… Խեղճ երեխեք, ձեզ երևի մանկատուն տանեն: Տատիկդ հո երեք երեխա չի՞ պահի: Հիմա ամեն բան այնքան թանկ է, որ: Մանկատունն իր դպրոցն ունի, երևի հենց էնտեղ էլ սովորեք: Մուշ, քո էն խաղը ինձ կտաս, չէ՞: Մանկատանը մեկ է, ձեռքիցդ կվերցնեն: Գոհ եղեք, որ ձեր ընտանիքից գոնե դուք կենդանի եք մնացել, թե չէ…

Լավ է, մայրիկը ժամանակին եկավ, թե չէ հիմա այս տողերը գրող չէր լինի: Ինչ մեծ երջանկություն, մենք գնում ենք տուն, մեր տուն…

Իսկ Հովիկը դեռ գալիս էր մեր հետևից, ախորժակով կուլ տալով հերթական բուլկին.

-Այս անգամ ձեր բախտը բերեց, բայց մյուս անգամ, որ փողոցային խուլիգանները բռնեն, էլ չեք պրծնի…

Գոռ Բաղդասարյան, 10տ.
1998 թ.

arxiv

Տոնական սեղանի հեքիաթներ

Պարող ճաշը

Մի անգամ իմ հայրիկը սպաս էր պատրաստում, չկարծեք, թե սպասը աղջիկ է: Նա տղա է: Հայրիկս բրինձն էր լցնում, ու բրնձի հատիկներն ասացին.

-Ա՜խ, ինչ լավ ա էսպես…

Նրանք շատ ծույլ էին, բլղուրն էլ էր այդպես, հավկիթն էլ, մածունն էլ, համեմն ու սոխուկն էլ: Բայց ջուրը շատ աշխույժ էր: Ծույլիկներին օգնության հասավ գդալ մայրիկը: Նա խառնեց սպասը, և ծույլիկները պարեցին: Ջուրը շատ հաճույքով էր պարում: Երբ սպասն արդեն պատրաստ էր, ծույլիկները հոգնեցին և քնեցին, իսկ ջուրը՝ ոչ:

Մանե Պետրոսյան, 8 տ.

 

Ծերուկ սոխը

Լինում է, չի լինում մի կծու լեզվով, չար ծերուկ սոխ է լինում: Մայրիկը, երբ սկսեց սոխը կտրատել, ծերուկն ասաց.

-Այս ի՞նչ արեցիք: Իմ թագավորական սիրուն շորը փչացրեցիք, անտաշ կին:

Մայրիկը չդիմացավ և լաց եղավ: Բայց սոխը չէր լռում, հա խոսում էր ու խոսում: Նրա բերանից վատ հոտ էր գալիս: Մայրիկը կարծեց, թե նա փչացել է ու գցեց աղբամանի մեջ: Աղցանն առանց սոխի էլ համով էր:

Տիգրան Դիվանյան, 7 տ.

 

Իմաստուն հավն ու հնդկահավը

Շիրակի գյուղերից մեկում հնդկահավն ապրում էր հավերի հետ՝ հավաբնում: Նա շատ գոռոզ էր և ասում էր.

-Այս զզվելիներն ովքե՞ր են, դո՞ւ ինչ ես արձանի նման ամբողջ օրը նստում բնի մեջ:

-Ես թուխս եմ նստել և հետո ձագեր եմ ունենալու,- նրան պատասխանեց հավը:

-Դու շատ զզվելի ես, չեմ ուզում կողքիդ նստել,- ասաց հնդկահավը:

-Ոչինչ, շուտով Նոր տարին կգա, կտեսնենք՝ ով որտեղ կլինի,- ասաց մայր հավը:

Երբ առաջին ձյունը եկավ, գյուղացի կինը մտավ հավաբուն, կեր տվեց փոքրիկ ճուտիկներին, հետո նայեց հնդկահավին:

-Մեր հնդկահավը շատ է մեծացել, ժամանակն է վաճառելու,- ասաց նա և հնդկահավին տարավ շուկա:

Մայրիկս հնդկահավը գնեց և տուն բերեց: Նա հնդկահավին դրեց գազօջախի մեջ, իսկ հնդկահավն ասաց.

-Վա՜յ, փրկեք, օգնեցեք, խեղդվեցի, շատ շոգ է: Մայրս հետո ջուր ավելացրեց, իսկ հնդկահավը բղավեց.

-Վա՜յ, ես թրջվեցի, խեղդվեցի, չորացրեք ինձ:

Երբ գազօջախից նրան հանեցին, մի քիչ հովանալուց հետո դրեցին սառնարանի մեջ, իսկ նա ճչաց.

-Ո՜ւյ, ես սառում եմ:

Իսկ հաջորդ օրը նրան դրեցին սեղանին և սկսեցին կտրատել: Նա այլևս չդիմացավ ու սկսեց լաց լինել: Հետո հիշեց հավաբունը ու իմաստուն հավին:

Վանիկ Առաքելյան, 10 տ.

 

Սոխն ու լավաշը

Լավաշն ապրում էր խորովածի տակ: Նրա լավագույն ընկերն էր սոխը: Նրանք արդեն սեղանի վրա էին, երբ լսեցին, որ երեխան մայրիկին ասաց.

-Մամ, տոնածառի լույսերը վառի:

Լավաշն ու սոխը երկար մտածեցին, թե դա ինչ է: Հարցրին կանաչուն: Կանաչին ասաց, որ դա սեղանի վրա գտնվող հյութի շիշը կարող է իմանալ. նա բարձրահասակ է:

-Ես գիտեի, բայց մոռացել եմ, ավելի լավ է հարցնեք տոնածառից ընկած խաղալիքին:

-Որ վերևից ընկա, հիշողությունս կորավ,- ասաց խաղալիքը:

-Սպասե՛ք,- ասաց սոխը,- տոնածառ բառը բաղկացած է տոն և ծառ բառերից, իսկ հիմա Նոր տարի է:

Քիչ հետո ընտանիքի բոլոր անդամները նստեցին սեղանի շուրջ, զանգերը հնչեցին, և բաժակները զնգացին:

Ափսեի հատակին շատ մութ էր, բայց ուրախ խոսակցությունները շատ լավ էին լսվում…

Էլիզա Ռուշանյան, 8 տ.

 

Տոնական սեղանի կոտլետները

-Աղացին՝ հերիք չէ, հիմա էլ գնդիկներ են պատրաստում,- փնթփնթաց միսը:

-Էս մարդիկ խիղճ չունեն,, հիմա էլ այդ սև պղպեղը, որ չեմ սիրում, հիմա կսկսեմ փռշտալ: Կանաչու համերն ինձ պետք չեն,- ասաց միսը,- իմ հոտն էլ, համն էլ շատ լավն է: Ինձ ուրիշ մթերքներ պետք չեն,- նա փնթփնթում էր ու փնթփնթում, բայց ոչ ոք նրան չէր լսում:

-Ո՛չ,- բարձր ճչում էր միսը և չէր հասցնում աչքերը փակել, երբ տատիկս նրանց գցում էր ալյուրի մեջ: Միսը նորից փնթփնթում էր,- ա՜խ, ա՜խ, ա՜խ, հիմա աչքերս կմռմռան, փրկեք: Էս մարդիկ ինձ գժվեցրին, աչքե՜րս…

Տատիկս մսե գնդիկները տափակեցրեց և տաք թավայի մեջ դրեց:

Շուտով ոսկեթուշ կոտլետները պատրաստ էին:

-Վա՜յ… Էս ինչ գեղեցիկ եմ… Հաստատ Սուրբ ծննդյան տոնին եմ մասնակցելու… Ուռռաաա՜:

Մարիետա Մարգարյան, 10 տ.

2011թ.

arxiv

Ես և հեռուստացույցը

Կրկնվող պատմություն

Երբ ես դպրոցից տուն եմ գալիս, հաճախ տանը բացի տատիկիցս մարդ չի լինում, բոլորն աշխատանքի են: Ես օգտվում եմ առիթից, պայուսակս գցում եմ բազմոցին, հաց եմ ուտում, նստում հեռուստացույցի առաջ, որպեսզի նայեմ սիրածս սերիալը: Այդ ընթացքում տատիկս մի քանի անգամ գալիս է ու հարցնում.

-Մերի՛ ջան, դասերդ արե՞լ ես:

Ես գլուխս թափահարում եմ՝ հասկացնելով, որ չեմ արել: Նա, բարկությունը զսպելով, գնում է լվացք անելու:

Մոտ երկու ժամ անց ես էլի հեռւստացույցի առջև ֆիլմ եմ դիտում: Բայց տատիկիս համբերությունն անսպառ չէ, նա արագ քայլերով գալիս է սենյակ և ասում.

-Դե, հերիք ա, գլուխս տարար, գնա՛ դաս արա: Ամբողջ օրը սերիալ, սերիալ…

Նրա ճառն ընդհատում է բջջայինիս զանգը: Զանգում է մեր դասարանի Էլենը, ում բոլորը Կոնչիտա են ասում՝ ինձնից ավելի սերիալամոլ լինելու պատճառով:

-Կոնչիտա՞,- զանգին պատասխանում եմ ես:

-Դե, գնա՛ էստեղից,- բացականչում է տատիկս:

Ես շուտ թռնում եմ մյուս սենյակ, քանի ծեծ չեմ կերել, իսկ տատիկս դեռ մրթմրթում է.

-Էս ձեր սերունդը… Բոլորիդ ուշքումիտքը սերիալն ա, տեսնես՝ էս հեռուստատեսությունը չլիներ, դուք ի՞նչ էիք անելու…

Բայց ինքը՝ տատիկս, առանց հեռուստացույցի ապրել չի կարող. դիտում է առավոտվա «Բարի լույս»-ից մինչև մյուս ամսվա պրոֆիլակտիկան:

Մերի Սիմոնյան, 15 տարեկան

***

Իմ վախերը

«1-02» հաղորդումը ես և՛ սիրում եմ, և՛ վախենում եմ, որովհետև տեսածս ամեն պահի կարող է իմ աչքի առջև կատարվել: Ամեն անգամ նայելուց առաջ մտածում եմ. «Արժի՞, նայե՞մ, թե՞ չէ: Եթե չնայեմ, չեմ վախենա, բայց, ախր, շատ հետաքրքիր է»: Եվ, վերջիվերջո, նայում եմ:

Մի անգամ երեկոյան ես տանը մենակ էի: Ես վախենում եմ երեկոյան տանը մենակ մնալուց: Վախենում եմ ոչ թե նրանից, որ հրեշները կամ գողերը կգան մեր տուն, այլ այն փաստը, որ կարող է հանկարծ լույսերն անջատվեն, ինձ սարսափեցնում է:

Շուտով պետք է սկսվեր «1-02-ը»: Ե՛վ վախենում էի լույսերի անջատվելուց, և՛ վախենում էի «1-02»-ը դիտելուց, մանավանդ, որ պետք է մենակ նայեի: Առաջ գոնե տան անդամներից մեկը հետս նայում էր, և այդքան շատ չէի մտահոգվում տեսածիցս: Հաղթահարեցի վախս ու նստեցի հեռուստացույցի առջև: Սակայն հաղորդման կեսին ինձ զանգահարեց դասընկերս, ում հետ վիճել էի դպրոցում: Վիճաբանությունը շարունակվեց հեռախոսով: Մեր վեճից տրամադրությունս շատ ընկավ, բայց ես գտա լավ կողմ մեր վեճի մեջ. ես չնայեցի «1-02-ը», չվախեցա և չմտածեցի լույսերի անջատվելու մասին:

Մանե Արշակյան, 14 տարեկան

***

Չի կարելի, բայց…

Ես սիրում եմ նայել ֆանտաստիկա: Իսկ ծնողներս նախընտրում են սովետական ֆիլմեր: Ինձ էլ շատ են դուր գալիս սովետական ֆիլմերը, օրինակ՝ «Բաղնիքդ անուշը», «3+2»-ը և այլն: Եթե ֆանտաստիկ ֆիլմը շատ վախենալու է, ինձ վտանգավոր է այն նայել, որովհետև միանգամից «գժվում եմ»: Օրինակ, երբ «Ավատարի» մեջ պայքար էր գնում, ավատարներն էլ վայրենի ձայներ էին հանում, ինձ վարակեցին: Ես տեղիցս վեր թռա, սկսեցի ցատկոտել տեղում և տարօրինակ ձայներ արձակել: Ինձ պետք է տեսնեիք: Երբ իմ սիրած սերիալը՝ «H2O»-ն է սկսվում, տանը պետք է կատարյալ լռություն լինի: Այդպես էլ լինում է: Բայց տասը րոպեից գալիս է մայրիկս և ասում.

-Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ինչպիսի հիմարություն, ո՞նց ես դու սա նայում:

Ես էլ պատասխանում եմ, որ իմ դուրը գալիս է: Իսկ նա ասում է.

-Առաջ դու լավ ճաշակ ունեիր:

Եվ հեռանում է: Ու այդպես ամեն օր:

Ինձ նաև դուր են գալիս ռոմանտիկ ֆիլմեր, բայց դրանք էլ ինձ չի կարելի նայել, որովհետև եթե տխուր տեսարաններ են լինում, երեք րոպեից ես արդեն շրջապատված եմ իմ ծնողներով, որոնք ինձ հանգստացնում են, արցունքներս մաքրում:

Մարիա Զաքարյան, 11 տարեկան

***

Սերիալների օգուտը

Պատկերացրե՛ք, դուք հոգնած-ջարդված մտնում եք տուն, միացնում հեռուստացույցը, իսկ այնտեղ միայն հեռուստասերիալներ են: Ես երբեք դրանց իմաստը չեմ հասկացել: Մինչև այս ամառ: Այս ամռանը՝ օգոստոս ամսին, ես գնացել էի տատիկիս և պապիկիս մոտ՝ ուրիշ քաղաք: Հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի սիրել սերիալները: Չէ՛, ուրիշ բան չմտածեք: Ես սկսեցի սիրել սերիալները, քանի որ տատիկս ու պապիկս ամեն օր սերիալ էին նայում, և ես ինչ ուզում անում էի: Նրանք տեսնում էին, որ սերիալի գլխավոր հերոսուհին գիրացել է, բայց չէին տեսնում, որ ես տուն եմ գալիս կեսգիշերին: Բայց Երևան վերադառնալով՝ ես նորից սկսեցի ատել սերիալները, քանի որ իմ ծնողները սերիալ չեն նայում:

Մերի Շարոյան, 13 տարեկան

***

Պատիժ

«И так, в нашем конкурсе… победил… участник… под номером…»:

-Ջան, լավ ա հասցրի, թե չէ՝ «32 ատամի» ամենահետաքրքիր մասը բաց էի թողնելու,- ուրախ բացականչեցի ես, երբ փոխեցի հեռուստաալիքը՝ չթողնելով, որ քույրս իր ամենասիրած ռուսական մրցույթը նայեր:

-Հա՛յկ, ինչի՞ փոխեցիր ալիքը: Շնորհք գոյություն ունի, չէ՞:

-Հա՛ս, լավ էլի, էդ ռուսական մրցույթներն ո՞ւմ են պետք:

-Ոչ մեկին էլ պետք չեն, բայց որոշ մարդկանց համար հետաքրքիր են: Հա՛յկ, էսօր կռվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հավես ունեմ: Էնպես որ, վահանակը հանձնի՛ ու անցի՛ դասերիդ:

-Հա՛ս ջան, ես իմ դասերը շուտվանից եմ վերջացրել, համ էլ մի՛ խանգարի, թող մի քիչ ծիծաղեմ, կյանքս երկարի:

-Ծիծաղի, ծիծաղի, թե ի՞նչ ես տեսել էդ տափակության մեջ ծիծաղելու, չեմ հասկանում,- հեգնանքով ասաց քույրս:

Իհարկե, երևաց, որ նա չի սիրում հայկական հումորային ծրագրերը և առհասարակ հայկական հեռուստաալիքները:

Ես լավ էի զգում ինձ որոշ ժամանակ, քանի որ քույրս ձայն չէր հանում, այլ լուռ նստել և ոչ թե հեռուստացույց էր նայում, այլ պարզապես հեռուստացույցին էր նայում:

-Լավ, Հա՛յկ, հերիք ա նայես, գնա՛, մի քիչ էլ ես նայեմ:

15-20 րոպե ձայն չեմ հանում, մտածում եմ. «Լավ, թող նայի»: Դե, հիմա տո՛ւր ինձ վահանակը:

-Չէ՛, ինձ հանգիստ թող, հենց կտեսնեմ հեռուստացույցով ոչ մի հետաքրքիր բան չկա, կտամ քեզ վահանակը:

-Հա՛յկ, ասացի՝ տո՛ւր:

-Չեմ տալիս:

-Տո՛ւր:

-Չեմ տալիս:

Քույրս զայրացած վեր կացավ, մոտեցավ հեռուստացույցին, որ անջատի, բայց մինչև նրա անջատելը հեռուստացույցն ինքն իրեն անջատվեց: Եվ ոչ միայն հեռուստացույցը. անջատվեց նաև սենյակի լույսը: Մի քանի վայրկյան լռություն տիրեց, որից հետո լսեցի մայրիկիս ձայնը խոհանոցից.

-Հա՛յկ, լույսերը տարան, մի հատ մոմ բեր, վառենք:

-Ո՞նց թե տարան, բա «32 ատա՞մը» …,- լացակումած ձայնով ասացի ես:

-Էս էլ քեզ պատիժ, դե, գնա՛,- ուրախ-ուրախ ասաց քույրս և, բացելով իր նոթբուքը, մտավ ինտերնետ:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Մեր դասարանի «հեռուստացույցը»

-Երեխե՛ք,- գոռալով դասարան մտավ Անիտան,- երեկ ո՞վ է «Բանակում»-ը նայել:

-Հա, իսկականից, աջակցեց նրան Սերյոժան, ես էլ երեկ չեմ նայել, ի՞նչ եղավ:

Հնչեց չարաբաստիկ զանգը, և, իր սովորության համաձայն, ուղիղ 8:31 ներս մտավ մեր ֆուտբոլասեր աշխարհագրության ուսուցչուհին:

-Ընկե՛ր Յավրյան, երեկ «Մանչեսթեր»- «Չելսի» խաղը նայեցի՞ք:

-Նորից սկսվեց… Հիմա՝ ֆուտբոլ, հետո՝ սերիալ, հետո՝ բոքս: Ու մինչև երեկվա բոլոր ալիքների հաղորդումները չքննարկեն, դաս չենք անի,- մրթմրթաց կողքիս նստող դասընկերս՝ Վահիկը:

-Հա՛, լավ,- դինջ ձայնով ասացի ես,- դասը սովորե՞լ ես:

Պատասխանը բացասական էր:

-Ուրեմն հանգիստ նստի՛… Կամ էլ դու ե՞րբ ես դասին ձեն հանում որ…

Հետո դասարանում Դինջ Վհուկ անունով հայտնի Վահիկը և Կատղաքնած Լուսոն, այսինքն՝ ես, ավելի հարմար տեղավորվեցինք և փակեցինք մեր ականջները, որ չլսենք դասարանի «հեռուստացույցը»:

Լուսինե Համբարձումյան, 14 տարեկան

***

Հեռուստացույցի պատճառով

Երբ տուն եմ գալիս, դաս անելու փոխարեն հեռուստացույց եմ դիտում: Իհարկե, հեռուստացույցի պատճառով դասերս չեմ կարողանում անել, բայց ինձ էլ է կարելի հասկանալ: Հեռուստացույց նայելուց հետո էլ ոչ մի կերպ չեմ կարողանում դաս անել: Մի անգամ գիշերը 11-ին մոտ սկսեցի դիտել մի սարսափ ֆիլմ և վստահ էի, որ ֆիլմից հետո դասերս կանեմ: Ֆիլմի ավարտից հետո գունաթափ եղած, վախեցած, դողդողալով գնացի և մեխանիկորեն պառկեցի անկողնուս մեջ և միագամից սարսափած քնեցի: Մի՞թե այսքանից հետո կարող էի դասերս անել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան

***

Ամեն օր նույնը

-Ժողովուրդ, նայեք, էս ի՞նչ փոշի ա,- ասաց Վարդգեսը դասամիջոցին՝ մատ ցույց տալով,- լավ եմ, չէ՞, հորինել:

-Չես հորինել, «Երևան» կոչեցյալն ես նայում ու կրկնօրինակում ես,- մեջ մտա ես:

-Ի՞նչ ա եղել որ, կարո՞ղ ա լավը չի:

-Չէ՛, ես բան չունեմ ասելու: «Համաշխարհային հայտնագործություն» ա էդ «հումորը»: Դրա համար էլ ժողովրդի մակարդակը շատ «բարձր» ա:

Վարդգեսը, չհասկանալով իմ բարոյախրատական ճառերը, չպատասխանեց և դասարանից դուրս եկավ:

«Քարոզներս միայն ինձ համար եմ կարդում»,- մտածեցի ես՝ հույսս կորցրած, որ ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը:

Երբ դպրոցից տուն եկա, հեռուստացույցը միացրած էր. գովազդ էր:

«Շուտով ելույթ կունենան հայ էստրադայի աստղերը»,- խոսում էր հաղորդավարը, իսկ նրա ասածներին հաջորդում էին «ցերեկային աստղերի» (մուղամի) գեղեցիկ կլկլոցները:

Սակայն այս «մութ ու խավարի» հետ մեկտեղ, ես մեծ հաճույք եմ ստանում, երբ դիտում եմ «Հայ սուպերսթարը», որտեղ վերջապես կարող եմ ասել, որ մասնակիցները առանց չակերտների երգում են: Շատ եմ սիրում «Բարի գիշեր, հայեր» հաղորդաշարը, «Ուրվագիծը», «Օտար ամայի ճամփեքի վրա»-ն և այլն:

Ուղղակի մի քիչ դժգոհ եմ, որ իմ հեռուստատեսության հանդեպ մոտեցումը կիսում են ինձ հետ միայն իմ ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ երբեմն չեմ դիմանում և ավելորդ խոսում եմ:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

***

Հակամարտություն

Ես նստած հեռուստացույց էի դիտում և մտքումս ասացի. «Ըհը, էս մի սերիալն էլ նայեմ ու գնամ դաս անեմ, շատ հետաքրքիր սերիալ է…»:

«Ո՛չ, դու հենց հիմա պիտի գնաս դաս անելու: Դու շատ լավ գիտես, թե ինչ է լինում, երբ մի րոպե ավել ես նստում հեռուստացույցի դիմաց»,- ասաց իմ ամենավատ թշնամին և միաժամանակ լավագույն ընկերը՝ երկրորդ «ես»-ը:

«Լավ, այս անգամ խոսք եմ տալիս, հենց մի սերիալը պրծնի, միանգամից կգնամ,- պատասխանեցի ես:

«Էհ, դե վերջացրու, ես քո «միանգամից»-ը գիտեմ: Արագ դաս անելո՛ւ»:

Ես այդպես էլ չգնացի: Իսկ երբ նայեցի ժամացույցին, տեսա, որ 15 րոպեի փոխարեն արդեն երկու ժամ հեռուստացույցի դիմաց եմ: Տասը րոպեից էլ գալու էին ծնողներս և քույրս, աղմկեին, այսինքն՝ դաս անել հնարավոր չէր լինի…

Եվ այդպես ամեն օր… Հեռուստացույցը ոնց որ թմրանյութ լինի ինձ համար: Որ կպնում եմ, այլևս պոկ չեմ գալիս: Միգուցե ավելի լավ է ընդհանրապես հեռուստացույց չդիտել…

Իննա Ազնաուրյան, 14 տարեկան

***

Անհույս օրերիս հուսալի իմ ընկեր

-Վե՛ն ջան, մենք հիմա գալիս ենք դպրոցից քեզ վերցնենք, ու ես հիվանդանոց պիտի գնամ, քույրիկդ էլ կուշանա: Մի խոսքով, տանը մենակ ես մնում: Խելոք կմնաս, սեղանին ուտելու բան եմ դրել, միանգամից կուտես, որ չսառչի, ու հետո անպայման դաս կանես,- շարունակում էր այսպես խոսել հորաքույրս, բայց այլևս չէի լսում նրան, որովհետև այնքան էի ուրախացել, որ տանը մենակ էի մնալու, որ քիչ էր մնում գնայի ու ֆիզիկայի ուսուցչիս սիրո խոստովանություն անեի:

Ուրախ-ուրախ գնացի տուն. չէ՞ որ որոշել էի հիանալի ժամանակ անցկացնել: Տուն մտա և, հիշելով հորաքրոջս ասածը, որոշեցի մի քիչ լսել նրան: Հաց կերա: Երբ պատրաստվում էի զանգել ընկերուհուս՝ Մարիամին, որ նա հավաքի մեր ընկներներին, ու գան մեր տուն, հնչեց հեռախոսի զանգը:

-Ալո, Վեն ջան, ես հիվանդ եմ, կարո՞ղ ես գալ մեր տուն, երեխեքը մեր տանն են,- խզված ձայնով ասաց Մարիամը: Այդ պահին հիշեցի, որ հորաքույրս արգելել էր տանից դուրս գալ: Ստիպված էի մնալ տանը: Ինչ-որ ուրախ զբաղմունք էի ուզում գտնել: Հասկացա, որ ինձ շտապ ինտերնետ է հարկավոր: Արագ-արագ միացրի համակարգիչը, բայց ավելի տխրեցի, երբ հասկացա, որ կրկին տեխնիկական խափանումների պատճառով ինտերնետ չկա: Կատարյալ հիասթափություն էի ապրում: Տանն ինչ կար, արդեն կերել էի: Հանկարծ հիշեցի, որ մի բան կա, որ դեռ չեմ արել: Հեռուստացույցը: Այդ օրվանից սկսեցի ավելի շատ հեռուստացույց դիտել ու սիրել, քանի որ հասկացել եմ, որ միակ բանը, որ անկախ իմ տրամադրությունից ու ցանկությունից միշտ պատրաստ է ինձ ընկերակցել, հեռուստացույցն է:

Վեներա Գրիշյան, 13 տարեկան

2008թ.