Մեր գյուղերի բառն ու բանը խորագրի արխիվներ

roza melkumyan

Ծիսական աղոթքներ

Այգեհովիտ գյուղում պահպանված մի ավանդույթ կա, ըստ որի,եթե այդ տարի երաշտ էր լինում, անձրև չէր գալիս, ապա մի մեծահասակ պատրաստում էր տիկնիկ, որը «Նյուրի» էին անվանում: Այն կապում էին փայտից և տալիս էին փոքր երեխաներին, ովքեր պարտավոր էին տիկնիկը վերցրած շրջել գյուղով մեկ, մտնել բոլոր տները, ջուր լցնել տիկնիկի վրա և խնդրել տանտիրուհուն`իրենց ձու, յուղ, ընկույզ կամ մեկ այլ ուրիշ բան տալ: Եվ անընդհատ շրջում էին ու տիկնիկի վրա ջուր էին լցնում և մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ծիսական աղոթք կամ հմայք էին արտասանում.

Նյուր, նյուրին էկել ա,

Հաբլա-բուրին էկել ա,

Նյուրիին եղ տվեք, նյուրիին ծյու տվեք`

Վէր անձրև կյա:

Կամ`

Նյուր, նյուրին էկել ա,

Հարդա նյուրն էկել ա,

Նյուրիին ջուր տվեք`

Վէր հովանա:

Կամ`

Նյուր, նյուրին էկել ա,

Հաբլա-հուրին էկել ա,

Եղ տվեք պորտին քսենք,

Ծյու տվեք ծեռին տնենք.

Վէր անձրև կյա:

Կամ էլ, ասում են, որ գորտ էին սպանում, հողով ծածկում, որպեսզի անձրև գա:

Գորտնուկից ազատվելու աղոթք.

Լուսնյակ նորի,

Կյորտնուկ կորի:

Գրի առնող` Ռոզա Մելքումյան

Astghik Ghazaryan

Փրկենք մոռացությունից

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա իմաստությունը: Այն մեր տներում է, մեր տատիկ-պապիկների շուրթերին կամ էլ մտքի մի անկյունում մոռացված ընկած:

Երբ փոքր էինք, ֆուտբոլ էինք խաղում հարևանի դարպասի վրա, Աքազ տատն էլ դուրս էր գալիս ու անիծում.

-Բեմուրազ լեք տյուք…

Տատիկս ամեն օր մեր «չարն է տանում», իսկ երբ քրոջս երեխաներն են գալիս ու ավերում տունը, ասում է.

-Իմ բալա, րեխեն ազիզ ա, թարբիաթը րեխիցը ազիզ ա:

Հետո նստեցնում է ծնկանը ու «Չոբանի երգը» երգում:

Անեծքները, օրհնանքները, ասացվածքները, երգերը և այլն, բանահյուսական ստեղծագործություններ են, որոնց կատարողները կոչվում են ասացողներ, իսկ նրանք, ովքեր գրի են առնում և հավաքագրում, անվանում են բանահավաք:

Մեր օրերում բանահավաքչությամբ հաճախ զբաղվում են թոռները` գրի առնելով իրենց տատիկ-պապիկներից լսածը: Սա էլ շատ մեծ աշխատանք է: Նախ, մեր մեծերն իրենց ուշադրության կենտրոնում են զգում, ու թեև հաճախ դժվար են համոզվում երգել կամ մի բան պատմել, բայց, հավատացեք, դա նրանց դուր է գալիս: Մի անգամ նույնիսկ տատիկս նեղացավ ինձնից, որ գնացել էի Մաստեր պապից գրի առել:

-Խի ես գիդըմ չի՞ էդ երգը, չարդ տանեմ, վեր Մաստերից ես գրըմ… Նա սխալ ա երգել, հըմի ճիշտը լսի….

Ինչպես բացատրեի տատիկին, որ բանահյուսական ստեղծագործությունները, բանավոր կերպով ավանդված լինելով, ունենում են տարբերակներ:

Իսկ բանահավաքի ամենակարևոր դերն այն է, որ գրի առնելով, նա կորստից, մոռացությունից փրկում է դրանք: Ուրեմն` ինչի՞ ես սպասում, վերցրու թուղթ ու գրիչը կամ էլ ձայնագրիչ, նստիր տատիկիդ կամ պապիդ մոտ ու փրկիր գոնե մեկ երգ, ասացվածք, հանելուկ կամ էլ թեկուզ օրհնանք ու անեծք…

Հ.Գ. Այսօրվանից մենք ձեզ ենք ներկայացնելու մեր՝ Տավուշի բանահյուսությունից պատառիկներ:

Չոբանի ճամփեն քարոտ ա,
Չոբանը յարիցը կարոտ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի յարը սանդրած ա,
Չոբանի կյառը ծանդրած ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն ղիճ ա,
Չոբանի կյառը պիճ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն փուշ ա,
Չոբանի յարը ղուշ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՝, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն ղիճ ա,
Չոբանի յարը պիճ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն քարոտ ա,
Չոբանը յարիցը կարոտ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)

Գրի առնող` Աստղիկ Ղազարյան

Սարվորների տոնը

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Այս տարի, ինչպես նախորդ մնացած տարիները, գնացինք սար: Մի տեսակ հաճելի էր առանց ինտերնետ, սոցիալական կայքերի, բայց ինչ մեղքս թաքցնեմ, առաջին բանը, որ արեցի սարից անմիջապես վերադառնալուց հետո, եղել է ֆեյսբուքյան իմ էջը բացելը:

Սարվորի համար Վարդավառն սկսվում է մի քանի օր առաջ: Սարվորը՝ ով պետք է հյուրեր ընդունի, մի քանի օր առաջ թխում է Վարդավառի ամենասպասված թխվածքը՝ նազուկը:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Կողբ գյուղի սարում Վարդավառը նշում են մի քիչ ուրիշ կերպ: Այնտեղ Վարդավառի առավոտը փակում են ճանապարհը և գնացող եկող մեքենաներին ասում են, որ եթե չտան ինչ-որ բան, ապա կջրեն մեքենան: Չնայած նրան, որ բոլորն էլ մեզ քաղցրավենիք էին տալիս, մենք նրանց ջրում ու նոր ուղարկում էինք: Հետո մոտ քսանհինգ-երեսուն հոգով գնում էինք սարերի արանքով հոսող գետի մեջ ջրվելու: Երեկոյան հավաքվում էինք բոլորով, մեծ կրակ անում, ուտում այն, ինչ վերցրել էինք այդ օրը մեքենաներից: Ամբողջ գիշեր նստում էինք կրակի կողքին և զրուցում, հետաքրքիր պատմություններ պատմում, խաղեր խաղում և վերջում, երբ կրակը կհանգչեր, արդեն գնում էինք քնելու, բայց կրակը հանգչում էր առավոտյան ժամը վեցից մինչև յոթը ընկած սահմանում: Դե, արդեն պարզ է, որ մենք չէինք քնում:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Սարում կյանքը այլ է: Շուրջդ միայն մաքուր օդ է, առանց ինտերնետ, նոր պատմություններ, խմբային խաղեր և այս ամենից մնացած հիշողություններ:
Արդեն հաջորդ օրը առավոտյան մեքենաները հերթով ճանապարհ էին ընկնում: Մինչև մեքենայի սարի մյուս կողմն անցնելը, դեռ հեռվում երևում է սարվորը:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Երևի կասեք՝ արդեն երկու օր է անցել Վարդավառից, բայց ես երեկ եմ սարից իջել:

Astghik Ghazaryan

Այս տարի «պատերազմ» չի լինի

-Էս մինը գառ ա:

Երեկ, երբ ես ու ընկերուհիս շրջում էինք թաղերով, գրեթե ամեն տնից Վարդավառի մասին հիշեցնող մայուն էինք լսում և փորձում գուշակել` գառ է, թե ռչխար, մեծ է, թե փոքր:

Վարդավառից մեկ օր առաջ գյուղը զարթնում է մի քնից, որի պատճառը շոգն է, և սկսում անել այն, ինչ արել էր անցյալ տարի, դրան նախորդած տարին և ամեն տարի, բայց այս կրկնությունը չի նմանվում անգիր արած ու հարյուր մեկ անգամ ասված մանկական ոտանավորի:

Գյուղում միշտ էլ կլսես մեծ մեքենաների դռդռոց, բայց Վարդավառին այդ դռդռոցը դառնում է համանվագ, և գյուղի կեսը ընտանիքով բարձրանում է սար, մի մասն էլ մնում է գյուղում, ինչպես մեր ընտանիքը:

Վարդավառն ինձ համար սկսվում է ոչխարի մայունով: Ամեն տարի հայրս մեկ օր առաջ բերում է Վարդավառի ոչխարին, որը մի ամբողջ օր խաթարում է խեղճ հավերի հանգիստը` չիմանալով, որ իրականում բոլորից խեղճը ինքն է, և որ վաղը իրենից մնալու է միայն նրա` ականջներիս մեջ մեկ-մեկ հնչող ձայնը` իբրև հիշողություն կամ պատրանք:

Եթե անցած տարիները լինեին, քույրերիս ու եղբայրներիս հետ հաստատ անհանգիստ ջուր կհավաքեի` վախենալով, որ Վարդավառին ջուր չի լինի գյուղում, որ կարծես դարձել է գյուղի սովորույթը: Կյանքում առաջին անգամ ինձ չհուզեց ջրի խնդիրը, որովետև յոթ երեխաներից տանը այս տարի մնացել ենք երեքս, բայց այդ երեքից թերևս միայն ինձ կարող եմ երեխա կոչել, որովետև տան փոքրը ինչքան էլ մեծանա, երեխա է մնում, չնայած արդեն չափահաս եմ:

Եթե նախորդ տարիները լինեին, մայրս ժամեր շարունակ կչարչարվեր խոհանոցում. էլ ինչ Վարդավառ առանց նազուկի: Բայց այս տարի այդպես չի լինի, որովետև երկու եղբայրներս բանակում են, և եթե նրանք չեն կարող նազուկ ուտել, մենք էլ չենք ուտի և կսպասենք հաջորդ Վարդավառին, երբ բոլորս տանը կլինենք:

Երեկոյան ես հայտնվեցի խոհանոցում, բայց ոչ թե գործ անելու, այլ նայելու, թե ինչպես է մայրս կրկենի թխում: Շուտով դուրս եկա խոհանոցից և քիչ անց վերադարձա` ձեռքիս մեջ մետաղադրամ բռնած: Տալով մայրիկին` աննկատ շրջվեցի, որպեսզի չտեսնեմ, թե որ կրկենու որ հատվածում այն թաքցրեց: Ասում են` ում բաժին է ընկնում, այդ տարի բախտը նրան է ժպտում: Ես շրջվեցի, որ արդար լինի ամեն ինչ` իմանալով հանդերձ, որ մայրս, հիշելով տեղը, ոսկե բաժինը տալիս է նրան, ում հաջողությունն այդ տարի ավելի է պետք:

Չսպասելով բոլոր կրկենիների թխվելուն` գնացի քնելու, որովհետև շուտ պետք է արթնանայի: Պիտի գնայինք ուխտատեղի դարձած ծառի մոտ ոչխարին մատաղ անելու: Չէի էլ հիշում` վերջին անգամ երբ ենք այնտեղ եղել: Գիշերն անհանգիստ էի. գուցե չլսեմ զարթուցիչի ձայնը, քնած մնամ: Ու այդպես ինձ զրկեցի քնից ու ամբողջ գիշեր մտքումս պատկերացրի, թե ինչպես կանցնի օրս: Կարևորն այն էր, որ դարձյալ պիտի տեսնեի այն խաչը (ուխտատեղին այդպես ենք կոչում), որի հետ կապված քաղցր հուշեր ունեմ:

Կտեսնեմ այն քարը, որի վրա, որի վրա նստած նկար ունեմ, այն ծառը, որի տակ մոմ էին վառում: Միշտ կարծել եմ, թե հիշում եմ այդ ամենը, բայց երեկ մերոնք ասացին, որ վերջին անգամ այնտեղ ենք եղել, երբ ես ութ ամսական էի: Տեսականորեն հնարավոր չէ հիշել ռչինչ, բայց ես հիշում եմ, կամ էլ երևի նկարներն ու մերոնց հիշողությունները դարձել են իմ հիշողությունները:

Ժամը վեցից ոտքի վրա էի ու կենդանի զարթուցիչ դարձած` շրջում էի սեյակներով, որ ինչքան հնարավոր է, շուտ գնանք: Որտեղից իմանայի, որ ինչ պետք է տեսնեի այնտեղ, ինձ ցավ կպատճառի: ժամանակը գրեթե ամեն ինչ փոխել էր, սրբել-տարել իմ մտացածին հուշերը: Չկար կաղնին, դրա տեղը մի խաչքար էր կանգնած, իսկ քարը, որի վրա նստած նկարվել էի ութ ամսականում, թաղվել էր խոտերի մեջ:

Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր վերադարձանք տուն և անցանք հաջորդ արարողութայնը` կերուխումին: Հացից հետո եկավ ջրվելու ժամանակը, բայց առաջվա պես դուրս չթռա` մասնակցելու միջթաղային պատերազմին, որտեղ միակ զենքը դույլն է, իսկ փամփուշտը` ջուրը: Առաջին ճակատամարտը տեղի էր ունենում մեր թաղում, ուր իրար դեմ էինք ելնում ընտանիքներով, ապա բոլորով հարձակվում էինք հարևան թաղի վրա: Թաղի պատվի համար կարևոր էր, որ թշնամին չխլի զենքդ: Մենք միշտ հաղթում էինք, պարտված թաղը միանում էր մեզ, և բոլորով հարձակվում էինք հաջորդ թաղի վրա, այսպես, մինչև բոլորին հաղթեինք:

Այսօր մարտական ընկերներս ինձ մենակ են թողել. մի մասը սարում է, մյուսները իսկական զինվորներ են դարձել: Ահա թե ինչու դուրս չթռա ջրվելու. այս տարի պատերազմ չի լինի, ու Աստված տա, իրական կյանքում էլ երբեք պատերազմ չլինի…

Nane Eghiazaryan

Թող մի քիչ էլ ջրեն

Բոլորը խոսում են Վարդավառի մասին:Մարդկանց մեծ մասի ամենասիրելի տոնն է, որի ժամանակ պիտի վերջապես դուրս գան փողոց ու ծանոթ-անծանոթի վրա ջուր լցնեն: Դեռ տոնի նախորդ օրը ես պարզեցի, որ պետք է Վարդավառին Եղեգնաձորից գնամ Ջերմուկ: Դե հա, պատկերացնում էի, որ մինչև ավտոբուսին հասնելը պետք է ամբողջովին ջրի մեջ կորած լինեմ, ու հավատացեք, ես դեմ չէի, որովհետև 40 աստիճան շոգի դեպքում ոչ ոք էլ դեմ չէր լինի:

Հասել է պահը. տնից դուրս եմ գալիս և ուղևորվում եմ դեպի ավտոբուսը: Ամբողջ ճանապարհին ես հանդիպեցի դույլերով զինված մարդկանց, (ի դեպ, մոռացա նշել, որ ես քայլել եմ 20 րոպե, այսինքն, ճանապարհը այնքան էլ կարճ չէր): Ես նստել եմ ավտոբուս, ու ինձ վրա ջրի մի կաթիլ էլ չկար: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչի համար էին դույլով ջրերը: Ու հավատացեք, եթե չամաչեի, միգուցե անցորդներին ուղղակի խնդրեի, որ ջրեին, ախր, շատ շոգ էր, է:

Հետո հասա տուն: Մեր բակում արդեն ջրոցին ավարտվել էր, այսինքն, երեխաները գնացել էին ուրիշ բակ խաղալու: Հասա տուն ու ապշած դեմքով նստել եմ բազմոցին: Այդ պահին մայրս հարցրեց, թե ինչ է պատահել, ես էլ սկսեցի պատմել, որ այսօր դեռ չեմ ջրվել, իսկ դեռ պատմությունս չավարտած, մայրս հանկարծ չգիտեմ որտեղից, հանեց դույլով ջուրը ու լցրեց գլխիս: Ջուրը շատ սառն էր, բայց իսկապես հաճելի էր…

Շատ հաճախ է պատահում, երբ Վարդավառին պատահական անցորդներին վախենում ես ջրել, մտածում ես, թե կսկսեն բողոքել, ու չես էլ ջրում, իսկ ես մտածում եմ՝ թող մի քիչ էլ բողոքեն, ի՞նչ կա որ…

ruslan aleqsanyan

Բաղանիսի Վարդավառը

Վարդավառը մեր մոտ նշում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Գյուղում սովորաբար այդ օրը մարդ չես գտնի: Գյուղացիների մեծ մասը հիմնականում գնում է սար: Սովորաբար շաբաթ երեկոյան մարդիկ խարույկ են անում և հավաքվում են նրա շուրջը, մանուկ թե ծեր, և սկսում են ուտել ու խմել, և իհարկե զրուցել ու կատակել միմյանց հետ: Գյուղացիների մյուս մասը գնում է աղբյուր: Աղբյուրում էլ է ուրախ անցնում ժամանակը, բայց ոչ այնքան, որքան որ սարում: Շատ քիչ մարդիկ են մնում իրենց տներում:

Այս տարի մենք Վարդավառը նշեցինք տանը սովորականի պես: Եղբայրս ճամբար էր գնացել, այդ պատճառով ել չգնացինք որևէ տեղ: Բայց կարող եմ ասել, որ տանն անցկացրած Վարդավառը չես համեմատի մնացած վարդավառների հետ:

Կաքավասարի Վարդավառը

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք մի ժամանակակից քաղաքի փողոցով, և հանկարծ ձեզ են մոտենում խմբով երեխաներ և դույլերով ջուր լցնում ձեր վրա։ Իհարկե, դուք այդ ժամանակ կշփոթվեք կամ կվախենաք, և կամ էլ ոստիկանություն կկանչեք։ Այսպիսի դեպք կարող է լինել այն ժամանակ, երբ դուք Ֆրանսիայում, Անգլիայում և կամ էլ Ճապոնիայում եք գտնվում։ Բայց եթե դուք Հայաստանում եք, ուրեմն գիտեք, որ այդ օրը նշում են Վարդավառի տոնը, կամ ինչպես շատերին է հայտնի`ջրոցին։ Եվ դուք այդ ժամանակ մի փոքր տագնապով կստուգեք ձեր գրպանները, հեռախոսը, իսկ հետո ջերմ կժպտաք և, քամելով ձեր շորերը, կհեռանաք։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Վարդավառի տոնը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ է նշվում։

Մեր` Շիրակի մարզի Կաքավասար գյուղում միջնադարում Վարդավառը տոնել են մեծ շուքով և տոնակատարություններով։ Շիրակի դաշտավայրերից և տարբեր շրջաններից մեր գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռ էին այցելում ուխտավորներ և մեծ խանդավառությամբ նշում Վարդավառի տոնը։ Իսկ հիմա գյուղից մի քանի ընտանիքներ են, որ Վարդավառը նշում են հենց գյուղում։ Մնացած ընտանիքները իրենց բարեկամների, իսկ երիտասարդները իրենց ընկերների հետ Վարդավառը նշում են մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող Թռչկանի` մեր բարբառով՝ Չռանի ջրվեժում։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Ամեն ամառ այնտեղ են այցելում զբոսաշրջիկներ տարբեր վայրերից։ Իսկ արդեն Վարդավառի տոնին, ինչպես ասում են մեր մեծերը, ասեղ գցելու տեղ չի լինում։ Բայց և այնպես բոլորն էլ` անկախ տարիքից, առօրյա գործերից կտրվելով, այցելում են Թռչկան և բնության գրկում վայելում երկար սպասված հանգիստը։
Եթե ցանկանում եք վայելել անմոռանալի հանգիստ, ուրեմն համեցեք Թռչկան։

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Վարդավառ

Lusine atanesyan

Անգեղակոթի բարբառը

Միշտ ցանկացել եմ խոսել բարբառիս մասին, և հիմա 17.am-ի շնորհիվ ես ունեմ այդ հնարավորությունը: Ծանոթացեք մեր՝ Անգեղակոթի բարբառին:

Ալդուղ- թան

Ամալ չկալ- գործը գլուխ չգալ

Անգուզ- ընկույզ

Գաբա- գորգ

Դաստմալ- բռնիչ

Դելշուխ- գոգնոց

Թալա- թակարդ

Թափա- բլուր

Ժողնել- հավաքել

Ինել- ընկնել

Կալին- հաստ

Կակուղ- փափուկ

Կայիշ- գոտի

Կոնաղ- հյուր

Հալա- դեռ

Յայլուղ- թաշկինակ

Պանել- աշխատել

Օխտ- յոթ

Այժմ այս բառերը ոչ բոլորն են օգտագործում, հիմնականում՝ տատիկներն ու պապիկները, երիտասարդները խոսքի մեջ բարբառային բառերը փոխարինում են գրական կամ ժարգոնային բառերով: Ես դրա համար շատ եմ տխրում: Իմ կարծիքով՝ ինչքան էլ վատ հնչեն բառերը, գյուղում պետք է խոսել այնպես, ինչպես խոսել են մեր նախնիները, գյուղից դուրս՝ ինչպես ուզում ես:

Ճիշտն ասած՝ ես էլ այդպես չեմ անում, քանի որ ես միայնակ չեմ կարող խոսել մեր բարբառով:

Mariam barseghyan

Սիրային գործեր

Նրա անունը Սերժ է, մականունը` Գազանիչ: Գազանիչ են ասում, որովհետև մի քիչ կոպիտ արտաքին ունի, դե, վայրի գազանի է նման: Փոքր ժամանակվանից հիշում եմ նրան՝ բարձրահասակ, լայն թիկունքով ու բեղերով տղամարդ էր: Նա տրակտոր էր վարում, և իր կնոջը հանդիպել է հենց վարելու ժամանակ:

Մի անգամ տրակտորով գնացել է իր հավանած աղջկա տուն ու ձևացրել է, թե տրակտորը փչացել է: Թակել է տան դուռը, բայց այն բացել է աղջկա քույրը, որը շատ նման է եղել նրան: Դե, Գազանիչն էլ մեկ կամ երկու անգամ էր տեսել այդ աղջկան, շփոթում է քրոջ հետ ու քրոջից ինչ-որ գործիք է ուզում, իբր մեքենան սարքելու համար է պետք: Քույրն էլ պատասխանում է.

-Էդ ինձնից չպիտի ուզես, է՜, այլ ա՛յ էն աղջկանից,- մատով ցույց է տվել իր քրոջը:

Սերժը շփոթվել է, խառնվել ու գնացել իր հավանած աղջկանից գործիքը խնդրելու: Գործիքն ուզել է և նրա հետ էլ ամուսնացել: