How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 4

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այստեղ` Բրանդենբուրգյան դարպասների մոտ, արդեն զգում եմ ինձ ինչպես Օպերայի բակում, կամ ասենք, Երիտասարդական մետրոյի մոտ (դե, որ կողմ էլ շարժվենք քաղաքում, վերջիվերջո  հայտնվում ենք նույն տեղում): Ես, ընդհանուր առմամբ, դեմ չեմ. օրվա տարբեր ժամերին նույն կառույցը լրիվ տարբեր տեսք է ունենում լուսանկարներում։ Ինչևէ։

Բեռլինյան օրերից չորրորդը պաշտոնապես բացվեց հենց այս դարպասների մոտ, ուղղությունը` գերմանական ZDF հանրային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություն։ Սակայն մինչ այդ մասնակիցները հնարավորություն ունեին շրջել Բեռլինի կենտրոնական փողոցներում, ծանոթանալ մի քանի տեսարժան վայրերի, մինչդեռ մենք հասցրել էինք լինել այդ վայրերում արդեն և’ երեկոյան, և կեսօրին, ուստի մեզ համար ընտրեցինք ոչ այնքան կենտրոնական թաղամաս, մտքով, որ Երևան էլ Երևան չէր լինի առանց  Մասիվի։ Իսկ իրականում այդպես է որ կա։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Եղանք նաև Բեռլինյան պատի մոտ։ Էստեղ էլ տպավորությունները մի քիչ հակասական էին։ Սիրանն ասում էր` ահավոր է պատկերացնել, որ ընդամենը մի պատ կարող է քեզ արգելել տեսնել հարազատներիդ, ովքեր մնացել են հակառակ կողմում։  Իսկ այսօր պատից մնացած հատվածների վրա հնարավոր բոլոր ու ամենավառ գույներով գրաֆիտիներ են, գրառումներ ու էլի ինչ կանցնի մտքովդ։
Գնանք հեռուստաընկերություն։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Առաջին պահին մտածում էի` ամեն ինչ սովորական է, այնպիսի մի հեռուստաընկերություն է, ինչպիսին ես պատկերացնում եմ, ինչպիսին պետք է լինի եվրոպական զարգացած երկրի հեռուստաընկերությունը։
ZDF հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին, 1967-ից իրականացնում է գունավոր հեռարձակումներ (հենց այդ թվականին է Գերմանիայում տարածվել գունավոր հեռուստատեսությունը)։ Շրջայցը հեռուստատեսություն մասնակիցներիս հնարավորություն տվեց մեկ հեռուստաընկերության օրինակով պատկերացնել գերմանական հեռուստատեսությունների աշխատանքը։ Ի դեպ, եվրոպական շատ երկրներում հանրային հեռուստա և ռադիոընկերությունների հեռարձակումները դիտելու համար բնակիչները պարտավոր են վճարել, քաղաքական ու տնտեսական կախվածությունից խուսափելու համար ZDF-ը  բաժանորդների վճարներին գումարում է նաև գովազդներից ստացած հասույթը։ Սակայն գովազդային հոլովակների հեռարձակումը  ևս ունի  որոշակի սահմաններ։ Օրեկան առավելագույնը 12  րոպե գովազդ, շաբաթվա մեջ հատուկ օրեր, երբ գովազդներ չեն հեռարձակվում  ընդհանրապես։ Իդեալական է։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Այցից հետո ողջ խումբը կրկին  ազատ էր  շրջելու քաղաքում։
Իսկ մենք վերև-ներքև էինք անում առևտրի կենտրոններից մեկի շարժասանդուղքներով, բնակիչների համար տարօրինակ աշխուժությամբ ծիծաղում փողոցում ու ապրում երեկոն։ Հետո էլի ու էլի։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Իսկ երեկոներն էստեղ գոնե ինձ համար յուրահատուկ են, ուղղակի մի քիչ ցուրտ։

Կեսգիշերին արդեն հոսթելում էինք։ Հա, մի բան էլ. բարձրահարկ, լուսավոր ու սիրուն շենքերով քաղաքում  հիմա` նոյեմբեր ամսին, մութն ընկնում է մինչև երեկոյան հինգը։