milena baghdasaryan

La Bohème

aznavour-Է՜հ, պա՛պ, այս անգամ էլ չտեսա։

-Դեռ այնքա՜ն առիթներ կունենաս տեսնելու։ Ասել եմ, չէ՞, Ազնավուրին առնվազն 100 տարվա կյանք է տրված։

2017-ի մայիսին էր՝ Ազնավուրի՝ հայաստանյան վերջին այցից հետո, երբ սենյակումս հնչում էր «La Bohème»-ն ու սրտումս հնչեցնում մանկության ու պատանեկության ամենամեծ երազանքներիցս մեկը՝ գոնե մեկ անգամ տեսնել շանսոնյեին ու զրուցել նրա հետ։ «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում էր, որ լեգենդար պապիկն առաջին անգամ խոսեց ինձ հետ՝ գլխումս հազար ու մի հարցեր առաջացնելով ու դրանք թողնելով անպատասխան։ Տպավորություն էր, որ պատասխանները թողնում է մեր հաջորդ հանդիպման համար, որին սպասում էի այնպիսի՜ խանդավառությամբ ու հուզմունքով, որ սպասելաժամանակում հասցրի ֆրանսերեն սովորել, որպեսզի լիովին պատրաստ լինեմ մեր հանդիպմանն ու անկաշկանդ և անկեղծ զրույց ունենամ Ազնավուրի հետ։

Այո՛, Ազնավուրի պատճառով էր, ավելի ճիշտ՝ շնորհիվ, որ գրադարակս ողողել էի ֆրանսիական գրականությամբ, հեռախոսիս երգացանկը՝ ֆրանսերեն երգերով, երազանքներիս նեղ շրջանակն էլ՝ Էյֆելյան աշտարակը տեսնելով ու Ազնավուրին հանդիպելով։ Ու, թեև Էյֆելյան աշտարակը մոտիկից տեսնել հաջողվեց, Ազնավուրն այդպես էլ մնաց անհասանելի ու չբացահայտված։ Բայց սիրելի պապիկն օգնեց ինձ բացահայտել իմ ներուժն ու ինձ, դե՜, նրան, ով շանսոնյեի գիրքն ընթերցելիս առիթը բաց չէր թողնում նմանություններ գտնելու ու զուգահեռներ անցկացնելու։

-Պա՜պ, Ազնավուրն էլ է ցածրահասակ եղել, նրա մայրիկի ազգանունն էլ է Բաղդասարյան եղել, դե՜, իմ ազգանունից։ Գրքում ասում է, որ ինքն էլ երբեք չի կարողացել հաշտվել պարտության հետ, պա՜պ։

Պարտության հետ հաշտվել չկարողանալով՝ «երեսին փակված դռների, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտների» դառնությունից հաղթած է դուրս եկել իմ սրտին մտերիմ պապիկն ու պատճառը դարձել բոլոր այն ոչ հեգնական ու անկեղծ ժպիտների, որ սիրահարվել ու սիրել են հենց իր երգերի ներքո։ «Կասկածի ու հուսահատության, բախտ չունենալու զգացողության» թակարդից դուրս է եկել պայքարով ու հպարտությամբ՝ իր հանդիսատեսին, ունկնդրին ու ընթերցողին էլ սովորեցնելով պայքարել ու հաղթել։ Ու ես էլ, իմ ամեն չընդունված ու չհրապարակված նյութից, ամեն չհասկացված բանաստեղծությունից հետո զսպում եմ արցունքներս, կուչ եմ գալիս ու, հիշելով Ազնավուրին, նրա դեմ փակված փոքր դռներն ու բացված մեծ բեմերը, շարունակում եմ ստեղծագործել կուչ եկած։

Երեկ էր՝ Ազնավուրի՝ աշխարհից ֆիզիկապես հեռանալու լուրը լսելուց հետո, որ սենյակումս կրկին հնչեց «La Bohème»-ը։ Ու կարծես երեկ էր, որ ես կրկին հանդիպեցի Ազնավուրին՝ իր բոհեմում՝ երիտասարդության, երջանկության, սիրո ու խենթության խաչմերուկում։ Երեկ էր, որ հանդիպեցի 20-ամյա Ազնավուրին իր սիրելի Մոնմարտրում, զրուցեցի նրա հետ ու հասկացա, որ ճիշտ էր հայրիկս, երբ ասում էր, որ երիտասարդ պապիկին հանդիպելու առիթներ դեռ շատ կունենամ։ Ամեն անգամ կխոսի ինձ հետ՝ իր երաժշտության ձայնով ու երգերի լեզվով, որոնք պատառիկներ ու դրվագներ են իր կյանքից։ Կստիպի ինձ լռել ու հարցեր չտալ, քանզի պատասխանները փնտրել ու գտնել կարող եմ իր տողերի ու երաժշտության մեջ։ Իսկ վերջում՝ իր պատմությունը պատմելուց հետո, մեղեդու թեթևությամբ կմտնի սրտիս մեջ, դողի ցնցումով կհասնի ձայնալարերիս ու կխախտի լռությունս՝ ստիպելով ինձ ձայնակցել իրեն ու երգել «La Bohème»-ը՝ 20-ամյա երիտասարդի պատմությունը երիտասարդության, խենթության ու սիրո մասին։

La bohème, la bohème
On était jeunes
On était fous․․․