Moving ideas forward, Մոնտենեգրո. օր 5-րդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Եկավ հինգերորդ օրը՝ հիշեցնելով, որ այսօր հերթը իմն է։ Բոլորը նյութ արդեն հասցրել են գրել, մնացել եմ ես։ Եվ հիմա, սրճարանից հետո, երբ մնացածը քնած են, կսկսեմ օրագիրը գրել․․․

Օրը սկսեց ակտիվ նախավարժանքով, որը այս անգամ անցկացնում էր Էլիան (Իտալիա)։ Նրան հետո միացավ Դավիդը (Բոսնիա), ով չափից շատ ակտիվ էր (ի դեպ, նա սենյակակիցս է)։ Այս օրը տարբերվում էր մնացածներից նրանով, որ հենց մասնակիցներով էինք կազմակերպում ընդմիջումները։ Երեկ իրականացված «կազմակերպությունների նորաձևության ցուցահանդեսին» փոխարինելու եկավ կազմակերպությունների պաշտոնական ներկայացումը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ներկայացված ՀԿ-ները Շվեդիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից Մոնտենեգրոյից, Բելառուսից, Սերբիայից էին։ Յուրաքանչյուր ՀԿ համառոտ  ներկայացնում էր իր գործունեությունը, տեսլականը և առաքելությունը, ինչպես նաև սեփական SWOT անալիզի արդյունքները։ Կարևոր էր նաև «մասնակցություն» և «ներդրում» հասկացությունների տարբերակմանը նվիրված կարճ քննարկումը։ Հաջորդ հետաքրքիր  թեմաներից էին`  դրամաշնորհները, ծրագրեր գտնելու համար ներկայացված գործիքները, կայքէջերը։ Օրը շատ ակտիվ էր․ անընդհատ հարց-պատասխան, փորձի ներկայացում և փոխանակություն։ Նաև Լիլիթը հասցրեց հոգեբանական թեստ իրականացնել, որը կօգներ կամավորներին մոտիվացնել։ Ամենաարդյունավետ թեման ինձ համար այն էր, թե ինչու են ՀԿ-ները գրեթե միշտ ունենում երիտասարդների ներգրավման խնդիրներ, և որն է պատճառը։ Բնականաբար փորձեցինք լուծումներ և տեսակետներ առաջարկել։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ընթրիքից հետո, երբ սովորաբար ազատ ենք լինում, այսօր նշանակված էր քննարկում, սակայն արդեն նախօրոք բաժանված խմբերով։ Ես ընտրել էի «թղթակիցների», Հովնանը՝ «ինչպես մոտիվացնել կամավորներին», Անուշը և Լիլիթը՝ «ինչպես ներկայացնել նյութը կամավորներին», իսկ Աննան՝ «դրամահավաքների» թիմերը։ Մեկ ժամ քննարկումից հետո գիտելիքներով հարստացած անցանք հագստի:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երեկոն շարունակեցինք արդեն մտերմիկ շրջապատում․ ծովի ափին՝ մեղմ քամու առկայությամբ և կիսալուսնի շողերի ներքո(շատ գեղարվեստական ստացվեց, բայց դե ուրիշ ձև հնարավոր չէր նկարագրել )․․․