Կարևորը` չնահանջել

Ես Գրիգորն եմ: Զբաղվել եմ ըմբշամարտով հինգ տարի: Ինձ սպասվում էր փայլուն ապագա: Ցավոք, ես ծնկի վնասվածք ստացա, բայց այնքան շատ էի սիրում այդ սպորտաձևը, որ որոշ ժամանակ ծնողներիս չէի ասում այդ վնասվածքի մասին: Սկզբում այդ մասին միայն մարզիչս գիտեր: Մեզ սպասվում էր լուրջ մրցույթ: Մարզիչս ցանկանում էր, որ ես այդ մրցմանը մասնակցեի: Ստիպված հայրիկիս ասացի այդ վնասվածքի մասին: Շատ մտորելուց հետո հայրիկս ինձ ասաց.

-Տղաս, ցանկանո՞ւմ ես այդ մրցմանը մասնակցես:

Դե, ես էլ շատ էի սպասել այդ լուրջ մրցմանը և պատասխանեցի.

-Այո, պապ, շատ եմ ուզում մասնակցել: Ախր, շատ եմ սպասել, է՜:

Եվ հայրիկը ասաց.

-Գնա՛, բայց զգույշ կլինես:

Իմ քաշային կարգում էր նաև ընկերս՝ Արթուրը: Ես Արթուրի հետ էի մարզվում: Եվ ստացվեց այնպես, որ ես ու Արթուրը պետք է իրար հետ մրցեինք, և հաղթողը կմտներ եզրափակիչ: Ծունկս շատ էր խանգարում ինձ: Եվ ես ասացի մարզիչիս, որ չեմ կարող այդ գոտեմարտում մրցել: Դե, մարզիչս ինձ համոզում էր, որ մրցեի, բայց եղբայրասիրությունս ավելի ուժեղ գտնվեց, և ասացի, որ թող հաղթանակը նվիրեն Արթուրին: Անցավ մի քանի ժամ, և պետք էր արդեն գոտեմարտեին երրորդ և առաջին տեղերի համար: Ես պայքարելու էի երրորդ տեղի համար: Ցավը մի փոքր թուլացել էր: Ուժերս կենտրոնացրի այդ գոտեմարտում և շատ արագ հաղթանակ տարա, որով էլ գրավեցի երրորդ տեղը: Ծնողներս իմանալուն պես անչափ ուրախացան: Երբ եկա տուն, հաղթանակս տոնեցի ընտանիքիս հետ:

Այդ մրցույթը ինձ համար վերջինը եղավ: Բժիշկները թույլ չտվեցին շարունակել այդ սպորտաձևով զբաղվել: Փորձեցի շարունակել, բայց չկարողացա:

Տխրեցի շատ, բայց որոշ ժամանակ անց ինձ առաջարկեցին զբաղվել բազկամարտով:Այժմ մարզվում եմ, բազկամարտը նույնպես ինձ դուր է գալիս: Պատրաստվում եմ հոկտեմբերի 16-ին կայանալիք մրցումներին: Հուսամ այս անգամ ոչ մի բան չի խանգարի:

Milena Sedrakyan

Բորշչը

Ասում են, թե անկեղծ եմ և չգիտեմ էլ անգամ` դա լա՞վ է, թե՞ վատ, բայց հոդվածս ամենևին սրա հետ կապ չունի: Ուղղակի անկեղծորեն ուզում եմ ձեզ պատմել մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես հայրիկս մայրիկի մոտ ամոթով չմնալու համար բորշչ պատրաստեց:

Հետաքրքրե՞ց գոնե մի քիչ:

Լավ, պատմում եմ:

Դե, մայրիկս էլ, հայրիկս էլ աշխատում են: Շաբաթ օրը հայրիկս տանն էր, իսկ մայրիկս աշխատանքի:

Նա զանգահարեց հայրիկին.

-Հայկ, մի բան պիտի խնդրեմ:

-Փորձիր:

-Սիրտս բորշչ ա ուզում, չե՞ս սարքի:

-Հա լա… Հա, չէ մի չէ…

-Լավ, դե Հայկ…

-Չէ, Նառ ջան, չէ:

Իմ սենյակից լսում եմ իրենց խոսակցությունը ու մտածում. «Չէ, էս պապայից չէր, ինքը մամային հաստատ չի մերժի»:

Ասելուս հետ միաժամանակ նա զանգահարեց մայրիկիս ու ասաց.

-Լավ, երեկոյան սպասիր բորշչի:

Ու հայրիկս բարձրաձայն մտածում էր.

-Ո՞նց բորշչ սարքեմ: Ի՞նչ անեմ… Նառայից հաստատ չեմ հարցնի, որովհետև պիտի չասես, թե մի բան անել չգիտես:

Ու զանգահարեց բորշչի «ամենայն վարպետ», վաստակավոր խոհարար պապիկին:

Չէ, իրականում պապին խոհարար չի, բայց շատ համով բորշչ է եփում:

Զանգեց պապիկիս, ու էլի ես լսում եմ իրենց խոսակցությունը:

-Պապ, բորշչ ո՞նց են սարքում:

-Վայ, տնաշեն, մարդ էլ չիմանա՞ ոնց են բորշչ սարքում: Ինչ գտնում ես, գցում ես մեջը:

-Է՜, պապ, տենց ո՞նց կլինի:

-Ձեռք չտաս, սպասի` գալիս եմ:

Դե պապիին էլ տենց բան էր պետք, չանցավ 20 րոպե, ու մեր տանն էր:

Հայր ու տղա անցան գործի, ու ես կողքից նայելով ուղղակի մտածում եմ. «Ախ՜, էս տղամարդիկ, ինչ է թե` կնոջը չխոստովանեն, որ չեն կարողանում մի բան անել, ինչի ասես, որ պատրաստ են»:

Ու ամեն անգամվա նման ո՞վ պիտի գնա խանութ: Իհարկե, ես:

Մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, երեք անգամ, ու ներքևի խանութը չէ, է… Բանջարեղենի խանութ, ու մոտիկ բանջարեղենի խանութ չէ, է… Սիլվայի բանջարեղենի խանութը:

Մի անգամ բազուկի, մի անգամ կարտոֆիլի, մի անգամ կաղամբի, ու ես բարկանում էի, որովհետև կարող էին միանգամից ուզել, բայց երբ մտնում էի տուն, լսում էի.

-Վայ, Միլիկ ջան, էս էլ չունենք: Մի հատ էլ գնա-արի…

Լավ, մի խոսքով, բորշչի պատրաստման ընթացքում էլ ինչ պատմություն ասես, որ չլսեցի պապիկից: Օրինակ, էս մեկը.

-Գիտես, չէ՞, Հայկ: Տատդ էր մեկ էլ սենց լավ բորշչ սարքում: Բայց միշտ, միշտ մեջը մազ կար:

Բայց անմահական բորշչ էր,-հետո կատակով ավելացնում էր,- կարող ա հենց էդ մազից էլ էր…

Մեկ էլ ճաշի պատրաստման ամենծիծաղելի պահերից էր, երբ պապիկը սկսեց «անունը դնել» մեր տան կաթսաներին:

Իրականում ես մեծ գերդաստան ունեմ. պապիկն ու տատիկը յոթ երեխա ունեն, և մենք 17 թոռնիկներով սպասում ենք 18-երորդին:

Ամեն կիրակի հավաքվում ենք գյուղում, և բնականաբար, նման մեծ ընտանիքին մեծ կաթսաներով պիտի կերակրեն: Ու պապիկը ամեն ինչից, ամեն ինչից շատ-շատ և գնում է, և պատրաստում, ու հիմա մեզ վրա ծիծաղում էր նման փոքր կաթսայով բորշչ պատրաստելու համար: Բայց կաթսան ամենևին փոքր չէր: Պարզապես պապիկը սովոր չէր դրան:

Մի խոսքով, բորշչը պատրաստ էր, պապիկը գնացել էր, մոտենում էր մայրիկի գալու ժամը:

Դեռ շքամուտքից նա զգացել էր ճաշի բույրն ու արագ-արագ բարձրանում էր վերև:

Արդեն ճաշասենյակում հայրիկս ամեն ինչ իր ձեռքով դրել, պատրաստել էր:

Երբ մայրիկը ուտում էր, առանց չափազանցնելու, հայրիկս 5-6 անգամ հարցրեց.

-Հը՞ն, Նառ, համո՞վ ա:

Ու մայրիկի` «շատ » պատասխանը լսելուց հետո, հասկացնում էր մայրիկին, որ գովի իրեն:

Բայց մաման էդքան էլ միամիտ չի ու գլխի ընկավ, որ սա հայրիկի ձեռագիրը չի: Հայրիկն իրականում յուղ շատ քիչ է օգտագործում, ի տարբերություն պապիկի:

Մայրիկս խորամանկորեն լռում էր, սպասելով հայրիկի խոստովանությանը:

Վերջապես հայրիկս ասաց.

-Ես չեմ սարքել, պապան ա սարքել:

Ու ինձ հիացրեց մամայի պատասխանը, որով էլ եզրափակեմ իրար շատ սիրող իմ ծնողների կյանքի այս մի դրվագը.

-Սկեսրայր ունեմ`աշխարհը չունի:

meri panosyan

Գրքերս

-Գրքե՞ր:
-Հա՛, գրքեր:
Մարդը ստեղծված է անդադար զարգանալու և կատարելագործվելու համար: Նրա կատարելագործման ընթացքում գրքերը մշտապես եղել են, կան և լինելու են ամենամեծ գործոններից մեկը:
Ինչպես ասում է Անդրե Մորուան. «Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին: Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածը արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը»:

Վերջերս պատիվ ունեցա կարդալու Հովհաննես Պապիկյանի «Է՛ն ուրիշ Ֆռունզիկը» գիրքը: Տպավորություն էր, որ հիմա ամբողջ գիրքն եմ արտագրելու: Ծանոթացա է՜ն Ֆռունզիկի հետ, որին մինչ այդ չէի ճանաչում:
Ինձ համար գիրք ընտրելը ամենադժվար գործերից մեկն է: Ձեռքիս տակ ընկած ամեն բան չեմ կարդում, փորձում եմ ժամանակս ավելի ճիշտ և խելացի օգտագործել:
Ամենասիրելի գիրքս Վոյնիչի «Բոռ»-ն է: Այդ գրքից հետո Արթուր անունը ավելի ու ավելի շատ եմ սիրում: Կյանքումս կարդացած միակ գիրքն է, որի վերջին էջը արցունքն աչքերիս եմ փակել:
Սիրելի գրքերիցս է նաև Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկին»-ը: Այստեղ Դյումա որդին ներկայացնում է քաղքենիական նախապաշարումների պատճառով խորտակվող մի հրաշալի սիրո պատմություն:
Կարդալ սկսել եմ տասներեք տարեկանից, ինչի համար շա՛տ եմ ափսոսում: Մինչ այդ ես կարող էի կարդալ շաատ հետաքրքիր գրքեր, որոնք հիմա ինձ համար հետաքրքիր չեն: Կարդալը ամենակարևոր գործոններից է մարդու կյանքում: Ու կապ չունի` ինչ ես կարդում, լավ թե վատ ստեղծագործություն, դու միանշանակ ավելի ես մեծացնում այն հսկա ճամպրուկը, որը ամբողջ կյանքումդ տանելու ես հետդ, իսկ այն ինչքան մեծ լինի, այնքան ավելի պետքական բաներ կլինեն ներսում:

«Ինձ ամենից շատ հետաքրքում է այսօրվա երիտասարդությունը»…

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

«Վաղը ժամը 4-ին մեզ մոտ է լինելու գրող, հրապարակախոս, նկարիչ Արևշատ Ավագյանը։ Ակնկալում եմ շատերիդ մասնակցութունը։ Պարոն Ավագյանը մեր մարզից է, ժամանակակից գրողներից է, Գրողների միության անդամ։ Տարիքով պապիկ է, ասելիք կունենա անցած ճանապարհի մասին։ Եկեք ճանաչենք մեր մարզի դեմքերին»:

Անսպասելի ստացա էսպիսի մի հաղորդագրություն «Աշտարակ» ֆեյսբուքյան խմբի Մարինեից ու չափից շատ ուրախացա, որ մեր երիտասարդական կազմակերպությունում էսպիսի մի հետաքրքիր հանդիպում է լինելու: Հիմա ոնց չուրախանամ: Մտածում եմ` ինչպես պետք է լինի, ինչ հարցեր եմ տալու, պատկերացնում եմ` ինչ հետաքրքիր է անցնելու, ու չեմ համբերում, թե երբ է լույսը բացվելու: Առավոտը արթնանում եմ, արագ-արագ դուրս գալիս տնից, գնում քոլեջ, թույլտվություն վերցնում, որ վերջին ժամին դուրս գամ: Տալիս են թույլտվությունը, ու իմ ուրախություն կրկնապատկվում է: Շտապում եմ հասնել Աշտարակ: Հասնում եմ, մտնում տուն ու արագ գնում Երիտասարդական, ու տեսնում Պարոն Ավագյանն էնտեղ նստած է: Ուշադիր նայում եմ նրան, բարևում: Սպասում ենք մինչև բոլորը հավաքվեն, որ սկսենք զրուցել: Ես ուշադրությամբ լսում էի և այսօր ձեզ եմ ներկայացնում հատվածներ այդ հանդիպումից:

-Ժամանակին մայր առուն կոչվել է Ուրարտական առու, հենց այդտեղ, որտեղ որ ես ծնել եմ` Կարմրավոր եկեղեցու մոտ էր գտնվում այդ թաղամասը: Այնտեղ կային մշեցիներ, վանեցիներ, խառը գաղթականներ: Իմ նախնիները մոկացիներ են: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որը լցված է եղել քրիստոնեական սիրով: Ամեն առավոտ և ամեն իրիկուն հայրս աղոթում էր, և ես էլ լսելով, տեսնելով հավատացել ու հավատում եմ: Եվ եթե հավատը ամրապնդված է, ապա դու կապվում ես տիեզերքի հետ: Միայն պետք է լինել մաքուր, արդար, կարգին մարդ:

Ես շատ սիրում եմ իմ ապրած կյանքը: Պառկում ու հիշում եմ մանկությունիցս սկսած: Հիշում եմ, որ ձմեռը թոնիր էինք վառում, ոտներս կախում ու նստում հեքիաթներ էին պատմում: Երբ վերջացնում էին, նրանց պատմածներից հորինում ու սարքում էի մի ուրիշ հետաքրքիր բան: Էսպես հավանում էին բոլորը իմ հորինած հեքիաթները, և ես փոքր երեխա լինելով, ամենալավ հեքիաթասացն էի դառել:

Հեքիաթների մեջ ասում էին. «Նա հանեց գրպանից հայելին և տեսավ իր սիրած աղջկա պատկերը», իսկ հիմա դա կարծես իրականություն է դարձել՝ հանում ենք հեռախոսը և կարող ենք խոսել օվկիանոսից այն կողմ գտնվող հարազատների, ընկերների հետ: Եվ դա ընդամենը հեքիաթ էր:

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Առաջին բանաստեղծությունս գրել եմ չորրորդ դասարանում: Պռոշյանի անվան դպրոցում էի սովորում Բերդաթաղի մոտ, գաղթականների փողոցն էր: Մայրիկս պայուսակ էր կարել ինձ համար, ու դրա մեջ գրքերս դրած դպրոց եմ գնացել: Մայրանուշ Խաչատրյանն իմ առաջին ուսուցչուհին է եղել, շատ խիստ էր: Հետագայում նրան բանաստեղծություն եմ նվիրել: 4-5-րդ դասարանում սիրում էի երկու աղջկա՝ մեկը սիրուն էր, մյուսը՝ ավելի լավ էր սովորում, որ օրը ով լավ էր պատասխանում, նրան ավելի էի սիրում: Չէի կողմնորոշվում:

…Մեր բարեկամի տանը մի տղայի տեսա, նստած էր համակարգչի առաջ ու խաղ էր խաղում: Ասացին` արի հաց կեր, նա էլ պատասխանեց` բերեք էստեղ: Ուզում եմ ասել` այնքան են ծուլացել, փոխարենը` թռվռան, խաղան, ճառագայթվում են, և այդպիսի մարդը չի կարող նորմալ մեծանալ:

Դժգոհ եմ այսօրվա հեռուստահաղորդումներից: Ոչ կրթում, ոչ էլ դաստիարակում են: Օրինակ, իմ թոռնիկները ցանկանում են նմանվել «Բանակումի» Համբարձումին, «Քարե դարդի» հերոսներին… Դրանցով կրթված մարդը չի կարող լայն մտահորիզոն ունենալ: Պետք է փնտրեք ու գտնեք ձեր միջի աստվածատուր շնորհը: Եթե մաքուր եք պահում ինքներդ ձեզ, ուրեմն դուք ձեզ հեռու եք պահում խաբվելուց, վատ մտքերից, իսկ այդ շնորհը կարող եք գտնել լավագույն բանաստեղծություններից, գրքերից, հիմա ես էլ ակտիվորեն կարդում եմ համացանցով և շատ ինֆորմացիա կա, կարող եք էդտեղից էլ շատ լավ նյութեր գտնել: Ամենակարևորը` ինքնամաքրման զգացողություն ունեցեք ձեր մեջ: Եթե ինչ-որ բան եք ուզում ասել կամ անել, մտքում որոշեք` ճի՞շտ է, թե ոչ:Երիտասարդ սերնդի առաջ պետք է դռները բացել: Ավելի լավ է ապրել ճիշտ, բաց ճակատով, գնալ ճիշտ ճանապարհով, որովհետև այդ կյանքի ճանապարհը տանում է անմահություն:

Ցանկանում եմ, որ մեր հանդիպումը հիշարժան լինի: Դա նշանակում է, որ բավարարված պետք է լինենք, հենց դա է բերում երջանկության: Երբ որ մենք որևէ բան ենք գնում, այն կշռում ենք, իսկ կան արժեքներ, որոնք գին չունեն, և որևէ մեկը չի կարող ասել իր հպարտությունը քանի դրամ արժե:

Ամեն ինչ հնարավոր կարող է լինել, որովհետև դուք ներունակությամբ եք լցված, դա պոտենցիալ ուժն է: Դուք պետք է փնտրեք ու հասնեք հաջողության:

Hripsime Vardanyan

Այս տարվա ամենակարևոր որոշումը

-Էրեխեք, էս ամառն էլ անցավ, որոշեցի՞ք ինչ եք դառնալու,-հարցրեց ընկերուհիներիցս մեկը:

-Ես ռոմանո եմ տալու, սեպտեմբերից պարապում եմ:

-Ես երևի դեղագործ:

-Բա դու՞, Ռիփս:

-Վա՜յ, լավ էլի, ինձ մի հարցրեք, ես խելագարվում եմ արդեն: Չեմ կողմնորոշվում:

Նախավերջին տարին է: Մարդիկ կան ուրախ են, մարդիկ կան արդեն ձանձրացել են 11 տարի դպրոցում անցկացնելով, իսկ մարդիկ կան՝ ինձ նման, ում մտածմունքը միայն մասնագիտության ընտրությունն է, և չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը:

Վերջին ժամանակներս մտածմունքս միայն այդ ուղղությամբ է: Ծանոթների հանդիպելիս էլ բոլորի երկրորդ հարցը սա է.

-Բա դու որտե՞ղ ես ընդունվելու:

Ամեն անգամ հիշեցնելով, ասես աղ են լցնում վերքիս վրա:

Ախր, ինձ էլ հասկացեք. մտածմունքը շատ է. Մտածել, թե որ առարկայից եմ համեմատաբար ավելի լավ, կրկնուսույցի դիմել՝ մեկ, երկու կամ երեք առարկա պարապելու համար՝ ընդունելության քննության համար, հաջող հանձնել քննությունները՝ չնայած դժվարություններին, ընդունվել, լավ սովորել, ավարտել այն հույսով, որ աշխատանք կգտնեմ: Գուցե իրականում այդ ամենը ավելի հեշտ է, սակայն այդ հարցը շարունակում է ինձ տանջել:

Հույս ունեմ` կկայացնեմ ճիշտ որոշում:

Բայց համոզված եմ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրենք, պետք է ձգտենք դառնալ լավ մարդիկ և մեր երկրի արժանի քաղաքացիներ:

Silvi

Մեր խաղերը

Ուրեմն, «Ռենջերները» նոր էր սկսվել, դեռ չէին հասցրել անհամացնեին, մենք ողջ դասարանով նայում էինք, ու քանի որ մենք էլ քննական դասարան էինք, գնում էինք կոնսուլտացիաների, հենց վերջացնում էինք, մենք մեր տեղը ունեինք` գնում էինք: Փոսի մեջ ապրում էին ռենջերները, իսկ մի քիչ հեռու բլուրի վրա «չարերի» տունն էր: Առաջին օրը որոշեցինք, թե ով որ ռենջերը պետք է լինի: Ես ու մեր դասարանի Նաիրան վիճեցինք, թե ով պետք է լինի կապույտ ռենջերը: Դե, քանի որ ես շատ համառ եմ, ես էլ եղա: Երբ դուրս եկանք կռվի, սկզբում իսկապես իրար ծեծում էինք, հետո խոսեցինք ու որոշեցինք ձևականորեն խփել:

Ու մենք այսօր էլ, որ անցնում ենք այդ տեղով, միշտ հիշում ենք մեր ռենջերական խաղերի շրջանը: Տեսնում ենք մեր` քարերով միմյանցից առանձնացված ննջասենյակները, հյուրասենյակը, խոհանոցը: Այնպես ենք հիշում դրվագներ, ծիծաղում, որ չենք էլ նկատում, թե ոնց ենք տուն հասնում:

Ես ինչ որ չափով կարող եմ ասել, որ ունեցել եմ մանկություն առանց ինտերնետի: Այսօրվա երեխաները համակարգչային խաղերից բացի այլ զբաղմունք չունեն: Իսկ մենք խաղում էինք «կարմիր կոճակ», «էշ միլիցա», «հալամուլա», «հավալա», «կլաս» ու նման հավես խաղեր:

Հիմա կմտածես, թե մեծ եմ, բայց չէ, ընդամենը 16 տարեկան եմ: Խորհուրդ եմ տալիս հիմա նյութս կարդաս, վերջացնես ու գնաս դուրս, ընկերներիդ հավաքես ու պահմտոցի խաղաս:

Եթե որոշես իմ խորհրդին հետևել, հոդվածի տակ մեկնաբանություն թող, տեսնեմ` գրածս գոնե մի արդյունք տվե՞ց:

sona abunts

Կյանքով արբած

Տը՜զ, ֆը՜շ, խը՜շ, թը՜շ, բը՜զ, զը՜, կու-կու, ծուղրուղու՜, հա՛ֆ-հա՛ֆ, մե՜…
Ձայնային ֆոնը քիչ թե շատ ապահովեցի, պատկերացրեք, էլի, դժվար չէ դաշտ պատկերացնել, ճիշտ է, մի քիչ աբսուրդ է, բայց հավերով, շներով ու աքլորներով, որովհետև այդպես եմ ուզում:
Մոլորակի կենտրոնում եմ գտնվում, ամենագեղեցիկ բնության գրկում: Կանգնած տեղիցս դիմացս  փռված հորիզոնը նման է գունավոր, ծիածանանման գորգի: Ու մոտավոր պատկերացնում եմ այդ տեսարանը վերևից՝  ծաղիկներից հյուսված ծիածան՝ փռված դաշտի վրա, որի վրա վեր եմ խոյանում ես: Երկնքում ծիկրակող արեգակը իր տաքությամբ հաճելիորեն ու աստիճանաբար թմրեցնում է ինձ: Էլ չասեմ շուրջս  շշնջող բնության ձայնի մասին: Թմրությունից ոտքերս այլևս չեն պահպանում, և ձգողականության ուժը ինձ գեղեցիկ տապալում է գետնին: Մեջքիս վրա փռվում եմ գորգիս վրա և խրվում ծաղիկների հյուսվածքի մեջ: Հողը այնքան փափուկ է, անգամ անկողինս այդքան փափուկ ու հաճելի չէ, երևի մի գիշեր առաջ անձրև է խմել ու դեռ չի հասցրել չորանալ: Հողի բույրը, օդում սահելով, գալիս մտնում է քիթս ու հասնում ուղեղիս: Ձեռքերս բացված մեկնված են գորգին: Զգում եմ՝ ինչպես են մրջյուններն ու զատիկները վեր ու վար անում. ա՛յ քեզ հաճույք: Օդում ճոճվող քամին շոյում է դաշտերի չքնաղ ծաղիկներն ու խոտերը, որոնք էլ իրենց հերթին շոյում ու խուտուտ են տալիս ինձ: Դաշտի զեռունները հերթով գալիս են բարձրանում մարմնիս վրա, հետո հանգիստ սահելով իջնում ու հեռանում: Չէ՛, չեմ վախենում զեռուններից: Արևը արդեն կուրացրել է աչքերս: Դա զգում եմ ,երբ փորձում եմ շուրջս նայել. ամեն ինչ մութ է: Բայց ես հո՞ գիտեմ, թե ինչ է շուրջս կատարվում: Շուրջս կյանքն է եռում, բնական, անսկիզբ, անվերջ հրաշք կյանքը:
Սովորաբար ասում են, թե դաշտի ծաղիկներից լավ հոտ չի գալիս: Ասողները չարաչար սխալվում են: Դաշտի ծաղիկներից կյանք է բուրում, ազատություն ու բնություն:  Դաշտային ծաղիկը քաղելու ու տուն տանելու համար չէ: Դաշտային ծաղկից պետք է թագեր հյուսես ու քեզ պսակես բնության թագով՝ անմահության: Քեզ թույլ տաս զգալ որպես նրա բարի ծնունդ, որպես դաշտի մի ծաղիկ, որ փոքրիկ բաղադրիչն է այդ չքնաղ գլուխգործոց արվեստի՝ բնության: Զգաս քեզ գեղեցիկ, անուշաբույր և օգտակար, ինչպիսին դաշտի ծաղիկներն են: Օգտակար, ինչպիսին նրանք են՝ մեղուների ստնտուները. չէ՞ որ այդքան նեկտար են ընծայում փոքրիկ, արհեստավարժ մասնագետներին: Զգաս քեզ ինքնավստահ, ինչպիսին կարմիր վարդն է, պայծառ, ինչպիսին բարի արեգակն է, պարզ, ինչպիսին թափանցիկ ամպն է, խաղաղ, ինչպիսին ծավի երկինքն է, կյանքով լի, ինչպիսին ինքը՝ Աստված է:
Համեղ է բնությունը: Եկեք ձեր ախորժակները մի փոքր գրգռեմ: Պատկերացրեք  նստած եք երկար, լայն սեղանի առաջ ու ձեր առջև դրված է գառի խորոված, տապակած ճուտ, հարիսա, Քյավառի քյուվթա, «Իշլի քյուվթա», խեցգետնի պոչի քաբաբ, թփով տոլմա, աջափսանբալ, տժվժիկ, ավելուկի աղցան, պանիր, զեյթուն, գոմեշի մածուն, ավելուկի գնդիկներ, ղավուրմա, փախլավա:
Չէ՛, սա իրականում հիմար, դաժան կատակ էր, ու ոչ մի կապ չունի մեզ հետ:
Պատկերացրե՛ք. տաք-տաք, թարմ, լավ թխված արևի կտոր, հալած պաղպաղակի նման արևի ջերմությունից հալած կապտասառը երկնքի մի կծելու փայ, փափուկ, պաղ, քառակուսի կտրված հողի մաս իր բաղադրիչ համեմունքներով՝ մրջյուն, միջատ ու էլի, ասած տատիկիս, զըռթ-զըբիլ, ընդերքից բխող մի բուռ հեքիաթային ջուր, որը խմելով հնարավոր է Սասնա ծռերի Ծովինարի օրը ընկնես, և որպես նախուտեստ՝ քաղցրահամ, անուշահոտ խորտիկներ՝ վարդեր, մանուշակներ, նորածիլ խոտեր, դաշտային բազմատեսակ ծաղիկներ:
Ախորժելի է, այնպես չէ՞: Գոնե ինձ համար հաստատ այո՛, համեղ է: Եթե այսպիսի սեղան գցված լինի, ապա հաստատ մի կողմ կդնեմ ձևական քաղաքավարությունն ու  չափավոր չտեսությունը և կհարձակվեմ սեղանի վրա: Կուտեմ ոտքերով ու ձեռքերով, ամբողջ երեսս կլղոզեմ, ոտքից գլուխ կկեղտոտվեմ այն աստիճանի, որ եթե մայրս ինձ այդպես տեսնի, առանց հարցնելու կմտցնի լվացքի մեքենայի մեջ ու ամբողջ լվացքի փոշին, ժավելն ու անուշահոտ հեղուկները կլցնի վրաս:
Ա՛յ, այսքան շատ եմ քեզ սիրում, Բնությու՛ն: Քո գրկում կյանքով արբենում եմ: Քո գրկում ցանկանում եմ բարձր գոռալ ու վայելել քո սփռվածությունը:
Ով մի անգամ բնության գրկում բա՜րձր, շա՜տ բարձր գոռացել է, ու զգացել բնության անսահմանությունը, հզորությունն ու տարածվածությունը, ուրեմն նա կյանքով արբած եղել է:

Կյանքով արբած եմ մի այլ տեսակ…

erik aleksanyan

Աղվեսի պոչը

Կիրակի օր էր: Պետք է գնայինք սար` խոզերը բերելու: Թարսի պես էլ Դավիթը «Մանանայի» խմբի հետ էր` Կոթի կինո նկարելու: Եվ օգնություն էր պետք: Զանգեցի ընկերոջս` Արմանին:

-Ալո՛, Արման, բարև:

-Բարև:

-Ի՞նչ կա:

-Բան չկա, դու ասա:

-Կարո՞ղ ա գաս սարը:

-Ի՞նչ ա էլել, որ:

-Գընմ ենք խոզերը բերենք:

-Կացի ` էսա մերոնց հարցնեմ:

-Հը՞ն, թողեցի՞ն:

-Հա:

-Դե արի ՛ խաչմերուկը:

-Լա՛վ:

Գնացինք խաչմերուկ, Արմանին վերցրինք և գնացինք սար: Մեկուկես ժամից արդեն սարում էինք: Հենց մեքենայից իջանք, տեսանք մի աղվես, որը սատկած և ընկած էր գետնին:

-Էս ե՞րբ ես խփել, բիձո:

-Քշերը:

-Կարա՞մ` պոչը կտրեմ տանեմ:

-Հա, խի՞ չէս կարա:

Արմանի օգնությամբ պոչ կտրեցինք և դրեցինք մեքենայի մեջ: Փայտը բարձեցինք և խոզերը դրեցինք մեքենայի մեջ: Մի ժամ հանգստացանք և վերադարձանք: Խոզերը պետք է իջեցնեինք Դավիթենց դռանը: Խոզերը իջեցրինք, և Դավիթին ցույց տվեցի պոչը: Նա ուզեց, բայց նրան չտվի:

Թող հետս գար խոզերի հետևից:

hovhannes ghulijanyan

Ո՞րն է ճիշտ

Դրսում նստած էի ու առանձնացել էի մտքերիս հետ: Մեկ էլ մի կին իր երեխայի հետ զրուցելով քայլում էր, ես էլ լսեցի նրանց զրույցը, որը հետևյալն էր.

-Մա՛մ, մոծակը ոտքս կծեց, քորա գալիս:
-Վա՜յ, բալե՛ս, ոտիկը բաձացրու` քոլեմ:

Առաջին հայացքից նորմալ խոսակցություն է, և իսկապես, ամեն ինչ նորմալ էր, բայց ես սկսեցի մտածել, թե ինչու երեխան նորմալ, առանց արգելքի, ճիշտ հայերենով խոսեց, իսկ մայրը պատասխանեց թոթովելով (ոտիկ, բաձացրու, քոլեմ):

Հիմա կասեք` բա երեխա է, ճիշտը մի քիչ հետը երեխավարի խոսելն է: Հա, բայց իմ կարծիքով դա այն դեպքում ճիշտ կլիներ, երբ երեխան այդպես խոսեր, մայրն էլ նույն կերպ պատասխաներ: Իսկ երբ երեխան շատ ճիշտ, գովելի կերպով խոսեց, պետք չէր նրա խոսելաձևի վրա բացասաբար ազդել:
Մի տեսանկյունից էլ կարելի է նայել այս հարցին, որը հետևյալն է՝ երեխայի խոսելաձևը փոխել, որպեսզի երեխայի խոսելաձևի նմանվի, որով երեխան իր տարիքին կհամապատասխանի: Այստեղ էլ կասեմ, որ երեխային երեխա պահելու համար շատ այլ միջոցներ կան: Օրինակ՝ նրանց չտրամադրել հեռախոսներ, համակարգիչներ, կամ նրանց հագ ու կապը չդարձնել մեծահասակի հագուկապ: Սրանց վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ ոչ թե խոսելաձևը փոխել:
Վերջում ցանկանում եմ մի փոքր լուրջ ավարտել՝ կոչ անելով որոշ ծնողների ավելի հետևողական լինել իրենց երեխաների հանդեպ:

Հ.Գ. Ովքեր համամիտ չեն, մեկնաբանություն գրե՛ք:

astghik qeshishyan

Արժեզրկված «կյանքեր»

-Լավ, կյանքս, դե ես գնացի, պակա:

-Հաջող:

«Կյա՞նքս: Ինքը մի ամիս էլ չկա՝ ինձ իբր ճանաչում ա, ու արդեն՝ կյանքս: Կյա՞նքս, Կառըլ, կյա՞նքս… Հանգի՛ստ, աղջի՛կ, շնչի՛… Հա… Հա բայց ինչի՞ կյանքս…Դանդաղ արտաշնչի, լավ բաների մասին մտածի… 53 համարի ավտոբուս, առանց լխճվելու կանգնելու տեղ, ոչ մեկ չի խնդրում. «Սա մի հատ կփոխանցե՞ք», Մեսսի, պոմիդորով ձվածեղ, պատմի դասախոս, Փինք Ֆլոյդ, Մեսսի, 53 համարի ավտոբուս, Մեսսի… »

Իմ հա՛յ ժողովուրդ, ի՛մ մեծամայր, ես սիրում եմ… Լավ, կարևոր չի: Ինչո՞ւ ես աջ-ձախ սպառում բառերը, սիրուն բառերը: Կյա՜նք: Մի զգա՝ ինչքան կյանքոտ ա էս բառը, ինչ սիրուն ա հնչում, երբ անկեղծ ես, երբ ուղղակի չես շռայլում:

-Սի՜րտս…

-Ջան, իմ թոք…

-Lyardsss …

Շուտով երևի նաև՝ ենթաստամոքսային գեղձս, տասներկումատնյա աղիս… Էսպես մինչև ո՞ւր: Կամ էլ՝ վու՜յ, իմ աղջի՜կ: Իյա՜, իրո՞ք: Հլը լավ մտածի. միգուցե՝ վախ, իմ ջրի մարդ, էլեկտրի՜կս…

Ու այս ամենը փողոցում, դասարանում, լսարանում, ֆեյսբուքում, խանութում, տրանսպորտի մեջ, ամենուր:

Եկեք սիրենք իրար (թեկուզ չսիրենք), բայց ամենաթանկ բառերը պահենք ամենաթանկ մարդկանց համար: Միշտ մոտը թաց անձեռոցիկ ունեցող, բայց մենակ մոտիկներին բաժանող դասընկերուհու պես ափսոսանք մի քիչ, մի քիչ չշռայլենք, մի քիչ չխաբենք իրար, մեզ, բոլորիս, մի քիչ չարժեզրկենք մեր զգացմունքները:

Կյա՜նք, Մեսսի, պոպոքի մուրաբա ու ահա՝ 53 համարի ավտոբուսը, որ եկավ, որտեղ վերջում նույնիսկ նստելու տեղ կա, ոչ մեկը չի խնդրի, որ գումարը փոխանցեմ, իսկ ականջակալներս հրամայում են՝ փակեմ տետրը, մոռանամ, ջնջվեմ, որովհետև աշխարհում կա մի անկեղծագույն Զեմֆիրա, ով Самолет է երգում ու երբեք ամեն պատահածի «կյանքս» չի ասում…