Լուսնային հիշողություններ

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Գեղեցիկ է, չէ՞, լուսինը: Մանավանդ այն ժամանակ, երբ շրջապատված է ամպերով: Մանավանդ այն ժամանակ, երբ նայում է աշխարհին և լուսավորում իր պայծառ լույսով: Մանկուց սիրում էի լուսինը: Նա այնքան պայծառ էր ու լուսավոր: Նայում էի ու մտածում, թե ոնց է մեր գյուղից այն երևում, չէ որ մեր գյուղը հեռու է, շա~տ հեռու աշխարհից:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Գյուղս ինձ համար մի ուրիշ աշխարհ է, առանձին աշխարհ: Շատ էի ուրախանում, երբ մտածում էի, որ լուսինը մեզ էլ է նկատում ու լուսավորում: Սիրում էի լուսինը, ու այն ինձ համար ուղղակի երկրի արբանյակ չէր, ուր չկա ոչինչ ապրելու և գոյատևելու համար: Նա ուղղակի իմ գիշերային ընկերն էր, ում հետ երազում էի, պատմում ամեն ինչ ու վստահում: Մանկական այդ երազանքները վառ են մնացել հիշողությանս մեջ: Օրինակ, երազում էի, որ մայրիկը չբարկանա վրաս, որ տատիկի ոտքերը չցավեն, որ հայրիկը աշխատանքից միշտ ուրախ վերադառնա և որ նորից պապիկիս տեսնեմ: Տեսնեմ նրան, գրկեմ ու ասեմ, որ շատ եմ սիրում ու միշտ հիշում եմ նրա դողդոջուն ձայնը, որ ասում էր. «Բալաս, վեր մեռնեմ, գերեզմանիս ծաղիկ կտինես»… Ու լուսնին նայելով մտքում ասում էի` «Դնում եմ, պա’պ»: Մեկ-մեկ էլ մտածում էի, որ պապիկը գնացել է լուսին ու նորից հետ է գալու: Միգուցե լսում էր ինձ:

Նայում էի լուսնին ու մտածում, որ նա շատ մարդկանց ճակատագրերի է ծանոթ, շատերի ուրախ ու տխուր պահերն է տեսել ու զգացել: Անվերջ նայում էի լուսնին, նայում էի ու երազում այնքան, մինչև լսում էի մայրիկի անհանգիստ ձայնը. «Բալես կմրսես, տուն արի’»: Երեխա էի…

Լուսինը նույնն է մնացել , այդքան էլ չի փոխվել, երևի մի քիչ մեծացել է, ինչպես որ ես եմ մեծացել տարիների ընթացքում: Էլի կիսվում եմ հետը, պատմում ամեն ինչ, ու նա ինձ միշտ հասկանում է: Երևի դեռ երեխա եմ:

Սիրում եմ լուսինը…

Նախընտրական Վանաձորը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Հոկտեմբերի երկուսին Վանաձորի բնակչությունը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, իսկ ապագա ՏԻ մարմիններն էլ ջանք չեն խնայում ժողովրդին իրենց կողմը գրավելու համար ու քաղաքը վերածում են տոնախմբության թեժ կետի: Վանաձորի ամեն անկյունը դառնում է բեմ ու պարահրապարակ։ Արդյունքում շահում է երիտասարդությունը, ով վաղուց կարոտել է համերգներին, ու հավասար եռանդով ու աշխուժությամբ մասնակցում է բոլոր միջոցառումներին՝ առանց հաշվի առնելու կազմակերպչի կուսակցական պատկանելությունն ու ընտրություններին նրան նախապատվություն տալ-չտալը։ Ուղղակի այս օրերին անհամեմատ շատանում են տնից դուրս գալու, ընկերներով հավաքվելու, ուրախանալու առիթները, որից էլ երիտասարդներն անթերի օգտվում են։

Հայտնիներին Վանաձորում հյուրընկալելը դարձավ սովորություն, աչքներս էլ արդեն սովորեց, էնքան, որ շատ քչերը վերջին օրերին նկարվեցին մեր հյուրերի հետ, որովհետև համացանցում այդ տիպի նկարներն արդեն «շաբլոն» են դարձել, բոլորի հեռախոսների մեջ էլ հաստատ մի որևէ հյուրից մի նորաթուխ կարճամետրաժ ֆիլմ կլինի։

Մի քանի օրվա մեջ մեր քաղաքում հյուրընկալեցինք վիտամինցի տղաներին, լիքը դիջեյների, The Beautified Project խմբին ու «Ռոք ֆեստ»-ի մասնակից այլ ռոք խմբերի, իսկ օրվա խոսակցության թեման էր Ռուբեն Հախվերդյանի այցն ու համերգը Հայքի հրապարակում։

Սեպտեմբերի 25-ին Հայքի հրապարակի բեմ բարձրացավ հայտնի և սիրված երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանն ու լցրեց ցուրտ օրը իր ջերմ երգ-նվագով։ Սկզբից մի երգ երգեց, հետո մրսեց, գնաց գլխարկ դնելու ու հետ եկավ արդեն տաք-տաք՝ մեզ էլ իրենով տաքացնելու։ Երգեց իր առաջին երգը, որ գրել է տասնվեց տարեկանում.

Եթե իմանայի՜ր, որքան եմ լաց եղել ես քո գնալուց հետո….

Մինչև հիմա այդ երգը լսելիս ես իմ զգացմունքներն էի վառում հոգումս, բայց եթե դուք էլ տեսնեիք, թե արդեն հասուն այդ մարդը ինչպես էր հուզվել պատանու նման, ու թե ինչպես հավաքվածներին նկատելի կերպով սրբեց արցունքները, այդուհետ դուք էլ, ձեր սերն ու արցունքները մոռացած, ամեն անգամ աչքի առաջ կունենայիք նրան՝ հուզումը զսպելու համար աչքերը փակ երգելիս ու ավարտելուց հետո թաշկինակով աչքերը սրբելիս։

Թեև ասաց, որ սիրո մասին շատ քիչ է գրում, բայց զգացի, որ իր համար երևի ամենակարևորը հենց այդ քչերն են, երբ մի երեկոյի ընթացքում երկու անգամ կատարեց «Մեր սիրո աշունը», որն, իր խոսքով, երգում է արդեն 50 տարի։ Ու հենց այդ քչերը երգելիս էր աչքերը փակում. երևի ինքն էլ վաղուց գլխի է ընկել, որ ամենալավ պահերը հոգով ենք զգում, փակ աչքերով։

Եթե որևէ հրաշքով դեռ չեք լսել այդ երգը, շտապեք, հենց հիմա լսեք ու հետևեք, թե ինչպես է երաժշտությունը գնում ու կպչում ձեր սրտերի նուրբ լարերին։ Բախտ ունեցեք ու ձեր կյանքում մի անգամ լսեք հենց Հախվերդյանի նվագը կիթառով, նրա երգը՝ խռպոտ ձայնի, յուրահատուկ երկար, ռոմանտիկ ու, ասես, ներսից եկող «ը՜մմմ» -ի ու երգեցիկ ձայնի հաջորդումներով։

Հախվերդյանի նվագից մեր երկինքն էլ էր ոնց որ թե հուզվել, ամպերը նրբացել, փունջ-փունջ կախվել՝ ունկնդրում էին։ Կարծում եմ՝ ոչ այնքան նվագը, որքան երգչի, իմ, սիրահարների ու մեր նման շատ մարդկանց սրտերի միջինը (երևի հենց սերը) հասել էր երկինք ու ամպերին «դիվադադար» արել։

Ես շատ կուզեմ, որ Վանաձորը միշտ տոնական տրամադրությամբ լինի, մենք միշտ ուրախանալու առիթներ ունենանք, լավ հյուրերի կարոտ էլ չմնանք։

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

laura sekoyan

Ամփոփ առաջին շաբաթների մասին

Նորից եկավ սեպտեմբերը, նորից դպրոց ու քաոս է ողջ դպրոցում: Ինչպես յուրաքանչյուր սեպտեմբերի մեկը, այս տարի ևս ողջունեցին առաջին դասարանցիներին: Տվեցին գովասանագրերը, Սոլակի գյուղապետը տվեց դրամական խրախուսանք լավ սովորողներին:

Բայց այս սեպտեմբերը յուրահատուկ էր, քանի որ այս տարի մեր դպրոցի հիսուն ամյակն էր նաև նշվում: Միջոցառումից հետո բոլորը գնացին իրենց դասարանները: Եվ ինչ էր տիրում դասարաններում… Բոլորը շնորհավորում էին միմյանց գիտելիքի օրվա կապակցությամբ, իսկ երկրորդ բառը, որ հնչում էր յուրաքանչյուրի շուրթերից, դե ավելի ճիշտ աղջիկների,  դա այն էր, թե ով որքանով և որտեղից  է գնել իր հագուստը: Հարցնելուց հետո ոմանք զարմանում էին, ոմանք ոչ մի արձագանք չէին տալիս, բայց վերջում բոլորն էլ շնորհավորում էին, հավանության արժանացնում հագուստները և շարունակում զրույցը: Սա սովորաբար առաջին շաբաթն է համարյա բոլոր դպրոցներում, չէ՞:
Երկրորդ շաբաթը շատ խառն էր: Բոլոր ուսուցիչները տետրեր էին ուզում, իսկ տղաները, բնականաբար, առանց գծելու էին բերել ու նրանցից ոմանք` Նարեկն ու Հրայրը, նայում էին ինձ ու ասում.

-Լաուր, մի հատ տետրս որ տամ, կգծե՞ս:

Դե ես էլ, ինչ արած, ասում էի, որ կգծեմ ու գծում էի։ Երբեմն էլ իրենք չէին ասում, բայց ես տեսնում էի, որ գծած չէին տետրերը, ու առաջարկում էի գծել: Չեմ հասկանում` ինչու տետրերը լուսանցքները գծած չեն արտադրում, մի՞թե դժվար է:
Այս ամենից բացի, երբ ուսուցիչները գալիս էին ու դաս էին բացատրում, դասամիջոցին նրանց գնալուց հետո բոլորը ասում էին.

-Ախր, էս առաջին օրով, ի՞նչ դաս, ի՞նչ տնային։ Ոնց որ իրենք երեխա չեն եղել ու չեն ուզեցել, որ տնային չտան։
Ու էլի նման լիքը դժգոհության խոսքեր,նայած, ասացի, որ արդեն երկրորդ շաբաթն էր դասերի…

Դա դեռ ոչինչ: Աղմուկ-աղաղակ, իսկական դժգոհությունն սկսեց, երբ ասացին, որ այս տարի մենք քննությունը բանավոր ենք հանձնելու… Բոլորիս դեմքին այնպիսի արտահայտություն էր, կարծես աշխարհի վերջի մասին հայտարարեցին, մենք էլ չէինք հասցնելու փախչել։ Ուսուցիչների տված միակ սփոփանքն այն է, որ մենք առաջինն ենք, ու մեզ մի քիչ կզիջեն։ Բայց դա մեր գիտելիքները ամրապնդելու միջոց է։ Մեր դասղեկն ասում է, որ մենք միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները։

Սա էլ ուսումնական տարվա առաջին իրադարձություններն էին: Տեսնենք` ինչ կլինի հետո։

elen gevorgyan

Հոգսաշատ տարի

Արդեն երեք  շաբաթից ավել է, ինչ սկսվել են մեր դասերը: Արդեն 11-երորդ դասարանցի  ենք  և այս տարի մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն կա, քանի որ բոլորս ընտրել ենք այն մասնագիտությունները, որոնցով պիտի շարունակենք մեր ուսումը:

Արդեն զգում ենք ավարտական շունչը: Չգիտեմ` ուրիշ դասարաններում ինչպես է, բայց մեր կենսուրախ  դասարանում իրար հրաժեշտ չենք ցանկանում տալ: Ամբողջ  օրն վիճում ենք միմյանց հետ, կատակում, բանավիճում տարբեր հարցերի շուրջ,  բայց միշտ գալիս ենք համաձայնության, դրա համար էլ իրար շատ ենք սիրում և միշտ համախմբված ենք:

Սիրում եմ իմ դասարանի բոլոր աշակերտների բնավորության այն գիծը, որը կա բոլորիս մեջ. միմյանց  օգնել ցանկացած հարցում: Երևի դա է պատճառը, որ բոլորս լավ ենք սովորում:

Հա, մոռացա ասել. 17.am, ինձանից չնեղանաս, որ ուշ- ուշ եմ նյութեր գրում: Դասերս և պարապմունքներս ինձ չեն թողնում: Բայց հենց ազատ ժամանակ եմ ունենում, առաջին բանը, որ անում եմ, ձեզ գրելն է:

Seroj araqelyan

Տատիկիս օգնականն եմ

Արդեն հինգ ամիս կլինի տատիկիս մոտ եմ մնում: Պապիկս ու քեռիս արտագնա աշխատանքով գնացել են Ռուսաստան, ինձ էլ տատիկիս օգնական նշանակել: Օգնում եմ առօրյա գործերին՝ փայտ կոտրում, պարկերով կարտոֆիլները տեղափոխում նկուղ ու նմանատիպ գործեր: Ամռանը օրը մի քանի անգամ էի գնում տատիկի տուն, որպեսզի օգնեմ տարբեր գործերին, բայց քանի-որ  արդեն գործերը վերջացել են, միայն երեկոյան եմ գնում, որպեսզի միայնակ չլինի: Կարելի է ասել ամեն օր ինձանից նեղանում է, որովհետև երեկոյան մտնում եմ տուն, բարևում, երկու բառ փոխանակում և խորանում համացանցի մեջ: Նստում եմ համակարգչի առաջ ու առանց էկրանից կտրվելու ասում.

-Բարև, տատ ջան, ի՞նչ կա-չկա:

-Բան չկա, բալա ջան, դու տես ասիլ. գեղամիջիցը դու ես գալիս: Ի՞նչ խաբար-սորան կա:

-Եսիմ, է, այ տատ, ի՞նչ պետք ա լինի: Նույն գյուղը, նույն մարդիկ, փոփոխություն չկա, սաղ նույնն ա:

-Որ էդ կամպյուտրից կտրվես, լավ էլ պատմելու բան կա: Գլուխդ միջիցն հանի, նորմալ զրից արա:

Վերջում էլ ծիծաղելով ասում է.

-Մթամ եկել էս կողքիս մնաս, որ ձանձրանամ ո՞չ, ինտերնետդ արա, ես գնացի:

Շատ անգամ, երբ բարի գիշեր է ասում, չեմ էլ լսում, այնքան կլանված եմ լինում: Առավոտ շուտ 7:30 արթնանում եմ, որ գնամ մեր տուն, պայուսակս վերցնեմ ու գնամ դպրոց: Այնպիսի տպավորություն է, ասես մեր տանը հյուրի կարգավիճակում լինեմ: Տատիկիս հարցնում եմ.

-Տատ, բա էդ ո՞նց եղավ, որ գնացին Ռուսաստան: Ես ինչքան հիշում եմ, իրանք մտադրություն չունեին գնալու:

-Էն ա, որ գործ չկա, ճարներուն կտրած գնըմ են, հասնըմ եսիմ որդի: Գնացել են աշխարհի ծերը հասել:

-Հա դե, լավ, այ տատ, սրտիդ մոտիկ մի ընդունի: Հո մենակ իրա՞նք չեն Ռուսաստան, էսա` մի երկու ամսից կգան էլի:

Իրանք կգան, ես էլ կտեղափոխվեմ մեր տուն: Իսկ ինձ մնում է սպասել, որ իրենց գալու ժամանակ ռուբլին բարձր լինի: Իսկ գիտե՞ք, թե ինչի եմ ուզում, որ ռուբլու կուրսը բարձր լինի: Անցյալ տարի, երբ եկան, որպես աշխատավարձ մի քիչ ռուսական գումար տվեցին: Երբ փոխանակեցին  հայկական դրամով, շատ չնչին գումար եղավ: Հիմա սպասում եմ, որ գոնե էս անգամ բարձր լինի:

nina shahmuradyan

Ա՜խ, այդ կախվածությունը

Եթե դուք քույր կամ եղբայր ունեք, ուրեմն, ձեր տանն էլ կարելի է այսպիսի խոսակցություններ լսել.

-Արդեն մի ժամ ա խաղում ես, մի քիչ էլ ինձ տուր:

-Վայ, մի հինգ րոպե էլ, էլի:

-Էս արդեն հինգերորդ հինգ րոպեդ ա, վսյո, գնա դաս արա:

-Վայ, դու գնա, քո դասերը ավելի շատ են:

-Ես մեծ եմ: Իմ դասերը 5 րոպեում կանեմ: Մամ, ասա…

-Երկուսդ էլ գնացեք դաս անելու: Վերջ, հերիք ա արդեն…

Համակարգիչը դարձել է մեր առօրյայի անբաժան մասնիկը: Մեզնից շատերը մեր թանկագին ժամանակը անիմաստ վատնում են Facebook-ներում, Instagram-ներում ու էդպիսի սոցիալական կայքերում, չհասկանալով` ինչ ենք կորցնում: Մենք կորցնում ենք մեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը ու, վերջիվերջո, կյանքը: Ախր, ինչո՞ւ չենք հասկանում, որ այդ փոքրիկ քառակուսին մեզնից խլում է մեր կյանքը, ու միայն նրանով զբաղվելով մենք մեզնից հետո ոչինչ չենք թողնում:

Ես էլ (ցավոք սրտի) կախվածություն ունեմ համակարգչից, ու ամենացավալին այն է, որ գիտակցում եմ` ինչ մեծ սխալ եմ գործում ու, գիտակցելով հանդերձ, չեմ կարողանում «դրա դեմն առնել»:

Ուզում եմ մի բան ավելացնել, որպեսզի շատերը չմտածեն, թե ես ասում եմ, որ համակարգիչը միայն վնաս կարող է պատճառել: Ամենևի՛ն: Դանակով մենք հաց ենք կտրում, բայց ոմանք դրանով կարող են սպանել: Համակարգչից էլ մենք շա՜տ բան կարող ենք վերցնել, իմանալ շա՜տ ու շատ բաների մասին, որոնց մասին դժվար իմանանք տանը նստելով: Համակարգիչը նաև կրճատում է տարածությունը: Մենք կարող ենք տանը նստած հայտնվել հեռավոր Աֆրիկայում ու տեսնել հեռավոր քաղաքներ:

Ուղղակի մենք չգիտենք ինչպես օգտագործել այն, ու մեր չիմացությամբ կարող ենք կործանել մեզ:

Եթե դուք գիտեք, թե ինչպես հաղթահարել այդ չարաբաստիկ կախվածությունը, ու համակարգիչն ավելի օգտակար դարձնել, կիսվեք մեզ հետ ու օգնեք վերադառնալ իրական աշխարհ:

Diana Grigoryan

Երևի չենք ասի

Նորից առավոտ է: Մեզ ստիպելով արթնանում ենք, մի քանի կիլոգրամանոց պայուսակների ծանրությունը դնում ենք մեր ուսերին ու շտապում կանգառ՝ դպրոց գնալու: 12 տարի անընդհատ ծանրացող ու թեթևացող պայուսակներով, ուշացումներով, արձակուրդներով և… և չասված խոսքերով: 12 տարվա մեջ փոփոխությունները եղել են միայն մարդկանց դեմքերը: Այդ էլ, որ մեզ թողնեին, չէինք փոխի: 12 հանած մեկ տարի գնում-գալիս ենք, նստում-կանգնում, ծիծաղում, բողոքում ու խոսում: Միայն խոսում ենք, իսկ կարևոր բառերը մնում են չասված: Չենք խոստովանում, որ կարոտելու ենք անգամ գրատախտակի մոտ դրված կավիճը, որը միգուցե հաջորդ 45 րոպեում իր կյանքն ավարտի մեզ ինչ-որ բան հասկացնել փորձող ուսուցչի ձեռքում:

Մենք չենք ասում կարևորը, թաքցնում ենք ներսի գրպաններում և սպասում հարմար առիթի՝ այն հանելու համար: Ու չասված խոսքերը մնալու են չասված, որովհետև վերջում բոլոր գրպաններից միայն արցունքներ ենք գտնելու, իսկ հետո գնալու ենք մեր ճանապարհներով:

Գուցե տարիներ անց մեկ-երկուսին տեսնենք, բարևենք ու պատմենք վերջին 30 տարվա կյանքից, մյուսներին չճանաչենք ու անցնեք կամ էլ՝ ընդհանրապես չտեսնենք ու մտածենք՝ ինչպես եղավ, որ գրպանները դատարկվեցին:

Նորից առավոտ է, ու մեզ ստիպելով արթնացել ենք, որ դպրոց գնանք:

Հաղթում ենք միասին

17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի

Լուսանկարը՝USAID Armenia-ի

-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:

Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:

Հիմա սկսեմ սկզբից:

Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:

Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր  է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:

Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց  հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:

Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:

Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:

Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ  նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:

Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

***

Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։

«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝  հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։

Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։

Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:

Արաքս Ահարոնյան  18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք

Վարսավիրանոցն ընդդեմ Barber shop-ի

Վարդենիսի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում այս մետաղե տնակ-վարսավիրանոցը, որին նայելուց ասես տեղափոխվես 70-ական թվականներ։ Այն պատրաստված է մետաղե բազմաթիվ թիթեղների կտորներից։ Առաջին հայացքից զգացվում է, որ վերանորոգման փորձ է արված։ Այժմ այն ներկված է սպիտակ գույնով, բայց ներկի բարակ շերտի տակից երևում է նրա նախկին գույնը՝ կանաչը։ Արևի լույսը ներս է թափանցում մի փոքրիկ պատուհանից, որից դուրս է գալիս փայտե վառարանի ծխնելույզը։ Իսկ դռան և պատուհանի մեջտեղում կախված է մի ցուցանակ, որտեղ գրված է «Վարսավիրանոց»։ Քամուց ցուցանակն այնպես է շարժվում, ասես թե, ինքն էլ հոգնած լինելով այդտեղ կախված մնալուց, ուզում է պոկվել ու փախչել։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Օրեցօր ի հայտ եկող նոր barber shop-երը, կարծես չեն պակասեցնում այնտեղ աշխատող պապիկի գործերը։ Մի որոշ ժամանակ՝ 5-7 տարեկանում, նա է եղել իմ վարսավիրը, բայց հետո գտնելով ինձ ավելի հարմար տարբերակ, դասվել եմ դավաճան հաճախորդների շարքը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ ամենատարբեր պատճառներով, առիթներով մտնելով այդ վարսավիրանոց, հիշում եմ իմ մանկության մի փոքր հատված, հիշում եմ, թե ինչպես էր սև, կաշվե աթոռին դնում փայտե, ամուր տախտակ, ինձ նստեցնում դրա վրա, վառարանի վրա տաքացրած ջրով թրջում մազերս և կտրում։ Իմ քաղաքում ՝ Վարդենիսում, ես ունեմ մի պատմություն, որում եղած բոլոր հիշողությունները կապված են որևէ կառույցի, տարածքի կամ մարդու հետ։

gayane movsisyan kotayq

Ավտոբուսը

-Վայ, Գայ, 3-րդը… Արագ գնա, որ չուշանաս:

Ես հաջողություն եմ ասում ընկերուհուս ու ինձ ահավոր հաջողակ եմ զգում, ինչպես այն մարդը, ով հասցրել է Հրազդանում կանգառ գալուն պես 3-րդ համարի ավտոբուս բռնացնել: Իսկ դա մեր օրերում, մեղմ ասած, այնքան էլ հաճախ չի պատահում: Ծանոթներիցս մեկը հաջող համեմատություն էր արել մի անգամ` ավտոբուսի ժամանումը հրաշքի հետ համեմատելով: Դե հրաշք չէ, ի՞նչ է` 36, 40, 45 րոպե ընդմիջումներով հազիվ գալիս է այդքան երազած փոխադրամիջոցը, ու եթե հանկարծ հասար մեկ րոպե ուշ, ուրեմն վայն եկավ, քեզ էլ հետը տարավ…

Ահա հարմարավետ տեղավորվեցի վերջին նստարանին, որն ավելի շուտ կարուսել է հիշեցնում, քան թե նստարան: Այն է, ուզում եմ պատուհանից նայելով անջատվել ու մտքերում աշխարհին հուզող հարցերը արագորեն լուծել, հանկարծ ուշադրությունս գրավում է մի փայլատակող ոսկե ատամով տղամարդ ու ևս երկուսը, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին նրա ընկերները լինելուն: Այդպես եմ ասում, քանի որ հաճախ մարդու ընկերները նման են լինում իրեն` նույն աշխարհները, նույն ճաշակները, նույն հոգսերը…

-Անունը Ալկատել ա, ախպեր, տեսքով հեռախոս ա, բայց դե որակը լավը չի: Մի անգամ քցեմ, էլ չի աշխատի հաստատ: Բայց գարանտիայի մեջ ա, կարամ փոխեմ,-պատմում էր ոսկե ատամավորը,  -Հետը մի բան էլ են տվել, բայց գլուխ չեմ հանում ինչ ա, չիպի տեղ էլ ունի, թե՞ ֆլեշկի: Չեմ էլ հիշում անունը, էնքան դժվար անուն ուներ, ախր: Զայրադնիկի նման ա, բայց զայրադնիկ չի…

Զրուցակիցները զարմանքով ու երևի հիացմունքով նայում են նրան, մտածում են երևի, թե ոնց է հիշում էսքան բարդ բառեր: Հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառանում է: Նա գլխի ընկավ անհայտ ծագման առարկայի անունը ու ծանրակշիռ ասաց.

-USB-ա դրա անունը, կարում ես միացնես կոմպից.. Ես էլ ունեի, բայց երեխեքս արագ հախից եկան: Էդ երեխեքն էլ գիտեն խաղալիք ա, տենում են թե չէ, հարձակվում են…

Ես զարմանքով ու բարի ժպիտով եմ լսում նրանց խոսակցությունը: Մտածում եմ, ախր, 21-րդ դարն է, տեխնիկայի առաջընթացի դարը, էսպիսի խոսակցությունները երևի մի տասը տարի առաջվա հիթերն են: Ես մտածում եմ, որ այս մարդկանցից մեծ եմ 10 տարով, չնայած իրական տարիքով երևի մի այդքան կամ ավելի շատ փոքր եմ:

Հետո շուռ եկա, նայեցի ճանապարհը եզերող եղևնիներին: Չգիտեմ էլ ինչու, հանկարծակի ինձ գալիս ու համակում է Ամանորի կախարդական շունչը: Այն կախարդանքը, որին վաղուց թողել էի անցյալի մշուշում: Մոռացել էի, թե ինչպես են ուրախանում Նոր Տարվան, թե ինչպես է հեքիաթային թվում տոնածառը, թե ինչքան են բարիանում մարդիկ, թե ոնց էի թրթռացող սրտով սպասում Ձմեռ Պապիկին ու ամանորյա իմ նվերներին: Երևի ամանորյա հրաշքն ինձ համար անցյալում մնաց այն օրվանից, երբ դադարեցի հավատալ Ձմեռ Պապիկի գոյությանը: Այդ ե՞րբ էր արդյոք… Չեմ հիշում: Մանդարինի հոտը որտեղից որտեղ գալիս ու քիթս է ընկնում: Նայում եմ ավտոբուսի մեջ, բայց ոչ ոք մանդարին չի կճպում, բոլորի դեմքերը հոգսաշատ են, զբաղված ու լուրջ արտահայտությամբ: Ու իմ ծիծաղն էլ է գալիս, որ նրանց մեջ փնտրում էի մանդարինի տիրոջը: Չէ, երևի դեռ չդնեմ տոնածառը… Միայն նոր հեռախոսի տերն է, որ ուրախ է ու իր ուրախությունը ես ամեն անգամ տեսնում եմ նրա փայլող ոսկե ատամի տեսքով:

-Սևանի կանալով լավ հաղորդումներ են ցուցադրում,-ասաց նա,  -նամանավանդ «Կիսաբաց լուսամուտները»: Դրան ոչ մի հաղորդում չի հասնի…

Տեսնես` ինչե՞ր էի բաց թողել նրանց խոսակցությունից, արդյոք ինչի՞ց են եկել հասել Սևանի կանալին, «Կիսաբաց լուսամուտներին»: Երևի երբեք էլ չեմ իմանա: Մի բան հաստատ գիտեմ` էս մարդը անհայտ պատճառներով ինձ հիշեցնում է մանկությունս: Երևի նրա համար, որ ես էլ մանուկ հասակում այսպես անմեղ էի, ոգևորվում ու ուրախանում էի անկեղծորեն, այլ ոչ թե մի ձևական ժպիտ շուրթերիս շնորհավորում բարեկամներիս Նոր Տարին: Երևի այն ժամանակ իմ կյանքի իմաստն էլ նոր հեռախոս ունենալն ու բոլորին նախանձեցնելն էր…

Իմ կանգառն է:Հայացքով հաջողություն եմ ասում ոսկե ատամով անծանոթին ու մի անկեղծ ժպիտ շուրթերիս իջնում եմ ավտոբուսից: Շնորհակալ եմ նրանից, որ անկեղծության լավ դաս տվեց, որ հիշեցրեց մանկությունս, որ մի քանի րոպեով ինձ վերադարձրեց Ամանորի մոռացված կախարդանքը:

Ես հասկանում եմ, որ սիրում եմ մեր փոքրիկ քաղաքի 3-րդ համարի ավտոբուսները, որ գալիս են այդքան սպասեցնելուց հետո, որ իրենց հետ բերում են բազմազան մարդկանց ու պատմություններ, և նրանցից անպակաս են արկածները: Սիրում եմ, անգամ հաշվի չառնելով, որ ստիպում են սպասել իրենց այնպես, ինչպես հրաշքին են սպասում:

Մեր փոքրիկ քաղաքի կանաչ ու դեղին հրաշքները…