araqs aharonyan kotayk

Մերն ուրիշ էր…

Կգտնվի՞ էլի ինչ-որ մեկը, ով կունենա այնքան նամակներ, բացիկներ, շնորհավորական և հենց այնպես գրված տողեր, որքան ես ունեմ։ Դրանց ճշգրիտ քանակը դժվարանում եմ ասել, քանի որ երբեք չեմ հաշվել, միայն կարող եմ ասել՝ մի օրը հազիվ թե բավականացնի դրանք թեկուզ և արագ աչքի անցկացնելու համար։ Լավ, իսկ ի՞նչ նամակներ ու բացիկներ են դրանք, ո՞ւմից և ինչո՞ւ այդքան շատ…

Մանկությունից են դրանք… Աննկարագրելի են զգացումները դրանք ձեռքս առնելիս։ Այնպիսի «ծանրություն» ունեն դրանք, կշիռ ունեն, թանկ են… Այդքան հիշողություններ՝ մի համեստ տուփի մեջ ամփոփված։ Այդքան պատմություններ… Օրեր…

Ուշ-ուշ է ձեռքս ընկնում այդ տուփը, սակայն ընկնելուց էլ միայն բացում եմ, առնում ձեռքերիս մեջ, նայում, ապա արագ լցնում տուփն ու փակում՝ նորից իր տեղը դնելով։

Ինչո՞ւ չեմ համարձակվում բացել դրանք ու կարդալ։ Մի՞թե այդքան անարժեք թղթեր են, որ ժամանակս անգամ ափսոսում եմ վատնել դրանց վրա։ Ո՛չ…Վախենում եմ ծեծել անցյալի դուռը, խուսափում եմ մանկության ճիչը լսելուց, գիտեմ, որ բառերը կոկորդիս շարվելով չեն ցանկանալու կուլ գնալ, խեղդելու են…

Իսկ ի՞նչ է դրանցում։ Պատմություն, մի ամբողջ մանկություն, ուրախ ու անհոգ օրեր, պարզ մանկական մաղթանքներ, անկեղծ խոստումներ…

Հասցեատերը ես եմ, բայց ո՞ւր են գրողները։ Անկեղծ ասած, միայն մեկն է նրանցից, որ կողքիս է, միայն նրան է, որ մինչև օրս տեսնում եմ, բայց գրողների թիվը վստահաբար մեկ տասնյակից ավելի կլինի… Հետաքրքիր է, չէ՞։

Ինչևէ, մի օր գուցե նորից ձեռքս առնեմ դրանք, այս անգամ սակայն, կարդալու պայմանով։

Դրանց հիմքում ընկերությունն է, պարզ, մանկական ընկերությունը… Եվ մի առիթ ասելու՝ մեր մանկությունը, մեր դպրոցական տարիները ուրիշ էին։ Դժվար թե մերօրյա դպրոցականները սոցիալական կայքերը թողած՝ իրար նամակ ու բացիկ գրեն։

Ցավալի է:

jora petrosyan

Դպրոցը՝ որպես լավ ապագայի հիմնաքար

Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին։ Երեխաներ, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, բացեցին Այբբենարանը…

11 տարի առաջ՝ սեպտեմբերի մեկին, ես նույնպես մտա դպրոց, ծանոթացա այն երեխաների հետ, որոնց հետ պետք է անցկացնեի իմ կյանքի հիշարժան ժամանակահատվածներից մեկը՝ դպրոցական 12 տարին։ Չեմ ասում` ծանոթացա իմ առաջին ուսուցչուհու հետ, որովհետև նա իմ հարևանուհին է, ու ծնված օրվանիցս գիտեմ նրան։ Դե «ծնված օրվանիցս» ասվածը փոքր-ինչ չափազանցված էր։

Ստացա իմ առաջին գրատետրը, որտեղ ուսուցչուհուս ձեռագրով գրված էր.

«Անհամբերությամբ ու շատ ջերմությամբ

սպասում էի սեպտեմբերի առավոտին,

Ու այդ օրը ողջունեցի իմ առաջին ուսուցչին,

Ու նա ասաց. «Լսեցե՛ք»,

Մեր այս Ժորան նկարիչ է, իմացե՛ք»։

Այո՛,այո՛, ի՞նչ մեղքս թաքցնեմ, փոքր ժամանակ, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, բարձր, խրոխտ ու հպարտ ձայնով ասում էի.

-Նկարի՛չ։

Փոխվեցին ժամանակները, փոխվեցի ես, փոխվեց մտածելակերպս և, բնականաբար, մասնագիտություն ընտրելուս պատկերացումները։

Դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորելը դարձավ իմ լավ ապագայի հիմնաքարերից մեկը։ Իմ առաջին ուսուցչուհու, իմ այսօրվա դասղեկի և բնականաբար ծնողներիս պահանջկոտությունն առիթ դարձավ իմ լավ ապագայի համար։

Տարիները անցան ակնթարթի նման։ Անցան տարիները, բայց հիշարժան պահերը մնացին։ Մնացին ու գրվեցին իմ կյանքի պատմության գրքի մեջ։

Ուսումնական տարվա հետ սկսվեցին նաև պարապմունքներս։ Մի տղա, ով սովոր էր ազատ կյանքին, օրվա մեծ մասը անցկացնում էր համացանցում, այժմ պետք է մոռանա ամեն ինչ։ Նպատակներ դնի լավ ապագայի համար ու հասնի դրան։ Այդ տղան հենց ես եմ։

Թվում էր, թե համացանցից կտրվելը դժվար կլիներ։ Բայց… Բայց դա միայն թվում էր։ Երբ ունես կամքի ուժ, նպատակասլացություն, հանուն քո նպատակի ամեն ինչի պատրաստ ես։

Արդեն պարապում եմ կենսաբանություն, քիմիա առարկաները։ Ընտրել եմ բժշկի պատասխանատու մասնագիտությունը, որովհետև ես ինքս այդպիսին եմ։ Ունեմ բժիշկ-վիրաբույժին ամենաանհրաժեշտ գործիքը՝ «նուրբ ձեռքերը», որոնցով կկարողանամ նյարդը նյարդին կպցնել, անոթը՝ անոթին։

Հա՜, մի բան էլ. ես արդեն վարժ տիրապետում եմ բժշկական ձեռագրին, և իմ գրած տեքստերը բացի ինձնից, ոչ ոք չի կարող կարդալ:

Երիցուկը

Ես ձեզ խոստացել էի, չէ՞, որ կճշտեմ, թե ինչու հենց «Երիցուկ»։ Հա՜ , հա։ Ուրեմն ձեզ ենք ներկայացնում  մեր հարցազրույցը Թամարա Մանուկյանի հետ, ով ֆեյսբուքահայությանը ծանոթ է որպես «Երիցուկի օրագիրը» էջի ադմին կամ ուղղակի Երիցուկ։  

-Մի փոքր կխոսե՞ս քո մանկությունից, ինչպե՞ս ես այն հիշում, ինչ-որ հետաքրքի՞ր դեպքեր եղե՞լ են։

-Հիշում եմ, որ ընկերներ չեմ ունեցել։ Ես մենակ եմ եղել մանկությունից, մինչև հիմա էլ, իմ բնավորությունն է։ Սիրել եմ գրքերի նկարներ նայել։ Մինչև հիմա ես գնդակով խաղալ չգիտեմ։ Մի խոսքով, ես այդքան էլ հասարակական մարդ չեմ, կարելի է ասել, նույնիսկ՝ սոցիոպաթ եմ։ Դա իմ բնույթն է, ես սիրում եմ ինձնից ավելի մեծերի հետ շփվել։-Ուրա՞խ ես, որ ընկերներ չես ունեցել։

-Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ, որ ավելի լավ էր՝ ունենայի, որովհետև շատ մեծ բաց է մնացել այսօր, ես այսօր էլ, կարելի է ասել, ընկերներ չունեմ։ Հա, շատ ծանոթներ ունեմ, ում հետ կարելի է զրուցել, բայց «ունիվերսալ» ընկերներ, որ կարելի է ամեն ինչից խոսել, կիսվել՝ չէ, չունեմ։ Այդ բացը մնացել է, ու մինչև այսօր էլ չեմ կարողանում լրացնել։

-Որտե՞ղ է զգացվում այդ «բացը»։

-Հիմնականում գաղափարակիցներ չկան։ Ու ես ինքս սովորել եմ  արդեն. իմ բոլոր խնդիրները լուծողը ես եմ։ Կրողն էլ եմ ես, լուծողն էլ… Ու ստեղծողն էլ եմ ես։

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչ երազանքներ ես ունեցել։

-Փոքր ժամանակ երազում էի  փոքր տուն ունենայի, որ ես մենակ ապրեի, մինչև հիմա էլ ուզում եմ։ Ես մարդ եմ տուփի մեջ, ես բաց տարածություն չեմ սիրում, ինձ միշտ չորս պատ է պետք։ Փոքր ժամանակվանից զգացել եմ դա։ Մինչև հիմա էլ ես մարդկանց հետ շփվելու լիմիտ ունեմ, լիմիտը երբ որ սպառվում է, ես էլ չեմ կարողանում մարդկանց շրջապատում մնալ, ինձ մենակություն է պետք։ Մարդիկ կան, ում հետ կարող եմ մի ժամ շփվել, մարդիկ էլ կան, հիմնականում, ում ես ընտրել եմ, որ կյանքում ինձ հետ պետք է քայլեն, իրենց հետ շփման լիմիտը չի սպառվում։

-Որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես։

-Սկզբում ավարտեցի միջնակարգ դպրոցը, հետո վարժարանի ռուսական հոսքը, ապա խոհարարական դպրոցում սովորեցի։ Դրանից հետո «Ցանցերի կառավարում և անվտանգություն» սովորեցի, «Թվային ազդանշաններ», «Национальный открытый университет»-ում էլ եմ սովորել։

-Աշխատո՞ւմ ես կամ երբևէ աշխատած կա՞ս։ Աշխատանքային ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշես։

-Այս պահին չեմ աշխատում, բայց աշխատել եմ։ Ֆրեշների ու  բելգիական վաֆլիների կետում էի աշխատում հենց առաջին մասնագիտությամբս։

-Որտեղի՞ց կամ ինչպե՞ս է առաջացել խոհարարական ձիրքդ։

-Որ ասեմ` փոքր ժամանակ խառնվող եմ եղել մամայի կամ տատիկի գործերին՝ չէ, ուղղակի ես զգում եմ, որ եթե կարողանում եմ ինչ-որ բան պատրաստել, դա ինձ հաճույք է պատճառում, ու ես պատրաստ եմ տանն այդ բոլոր գործերն ինձ վրա վերցնել։

-Գիտենք, որ ֆեյսբուքում ունես «Երիցուկի օրագիրը» էջը։ Ուզում ենք իմանալ, թե ինչ նպատակով է ստեղծվել էջը, որտեղից է առաջացել «Երիցուկ» կեղծանունը։

-Մի ընկեր ունեի, չափից դուրս անկեղծ այն մարդկանցից մեկը, ով մարդուն կարող էր ասել, որ, օրինակ, այս բանը լավը չի քո մեջ, դու պետք է փոխես, ինքն ինձ ասում էր. «Դու երիցուկի ես նման. շատ պարզ «մեխանիզմ» ա քո մոտ, շատ մանկական բան կա քո մեջ»։ «Երիցուկը» տպվել էր ուղեղիս մեջ, ու երբ որ սկսեցի օրագիր գրել մի երկու-երեք տարի առաջ, մտածեցի, որ կարելի է օրագիրն ինչ-որ կերպ հանրայնացնել, որ մարդիկ տեսնեն, բայց իրականում չիմանան, թե ով է դա գրում. կարիք չկար անձնական կյանքս ի ցույց դնելու։ Բայց ընթացքում պահանջարկը շատացավ, ես զարմացա, թե ոնց կարող էր երկու հազար հոգի դա կարդար, ո՞ւմ մտքով էր անցնում դա կարդալ, ո՞ւմ ինչին էր պետք, թե Երիցուկն ինչ է գրում առհասարակ, ինչ է ինքը այսօր կերել կամ ինչ է մտածում այս կամ այն երևույթի մասին։ Ընթացքում ինձ նամակներ էին գալիս. «Ո՞վ ես դու իրականում, կուզենք քեզ ճանաչել, տեսնել քեզ», արդեն փոստով ինձ նվերներ էին գալիս։ Զգացի, որ մարդիկ ուզում են իմանալ, թե ով է իրենց դիմաց, ով է գրում։

-Իսկ, ըստ քեզ, ի՞նչն էր այդ հետաքրքրության պատճառը:

-Ես երևույթներն ավելի պարզ եմ մեկնաբանում, քան մարդիկ սիրում են դա անել։ Այսինքն՝ սերը վեհ չեմ ներկայացնում, սերը դա բնական բան է, ինչը կա ու կարող է պատահել բոլորիս հետ։ Ու այդպես ամեն ինչը կարելի է շատ պարզ մեկնաբանել։ Հենց երիցուկի մետաֆորան էլ պատահական չի, երիցուկն ամենապարզ ծաղիկն է։

-«Երիցուկի օրագիրը» էջում նկատեցինք, որ շատ գրառումներ կային օծանելիքների վերաբերյալ։ Չե՞ս կարծում, որ դա կարող է որպես գովազդ ընդունվել, կամ, միգուցե, զբաղվո՞ւմ ես օծանելիքի վաճառքով։

-Գովա՞զդ, չէ, ոչ մի գովազդ, ոչ մի վաճառք։ Ես ուղղակի օծանելիքի մանիա ունեմ։ Իմ շրջապատում շատ անգամ չեն գտնվել այնպիսի մարդիկ, որոնց հետ ես կխոսեի այդ թեմայով, ես որոշել եմ լսարանի հետ խոսել, ում որ կհետաքրքրի։

Ես այնպիսի բրենդների մասին եմ խոսել, որոնք, հավատացեք, իմ գովազդի կարիքը չունեն։ Ես խոսել եմ համաշխարհային բրենդների մասին, որ, կարծում եմ, ամեն երկրորդը տեղյակ է դրանց մասին։ Գովազդի առաջարկներ եղել են էջի հետ կապված, բայց չեմ համաձայնվել. ես գովազդ չեմ անում, էջը չի ստեղծվել կոմերցիոն նպատակով, էջն ստեղծվել է զուտ կիսվելու, գաղափարակից լսարան հավաքելու համար։-Իսկ եթե ֆինանսական կարիք լինի, այդ դեպքում գովազդ կտեղադրե՞ս։

-Եթե գովազդն իր կոնտեքստով համապատասխանի էջին, հնարավոր է։ Չգիտեմ, միգուցե ֆինանսապես չեմ պատկերացնում, թե ինչ գումարների մասին է խոսք գնում, բայց հաստատ փոքր գումարներով չի արվի, չարժի։

Միգուցե մեծ գումարների դեպքում գովազդեմ, բայց այդ ոլորտում Հայաստանում մեծ գումարներ չեն լինում։

-Այն փաստը, որ շատ մարդիկ քեզ լսում են ու շատերն էլ ընդունում կամ քո խորհուրդներով առաջ են շարժվում, քեզ առիթ տալի՞ս է մտածելու, որ դու ինչ-որ մեկից թեկուզ մի փոքր առավել ես։

-Չէ, դա ինձ առիթ է տալիս մտածելու, որ ես իմը գտել եմ։ Ես ուրախանում եմ, ես ընկերներ եմ գտնում, որ չեմ ունեցել։ Ես գտել եմ տարբերակ իրական գաղափարակիցներ գտնելու համար։ Ես գտնում եմ, որ այն մարդիկ, որոնք ինձ հետևում են, իմ ընկերներն են, ես էլ իրենցից եմ շատ անգամ խորհուրդներ լսում։

-Ներկա պահին կա՞ ինչ-որ մեկը, որին կարող ես քեզ մրցակից համարել։

-Չէ, այն ուղղությունը, որ ես եմ վերցրել, Հայաստանում չկա։ Այսինքն՝ մարդիկ կան, ովքեր գրում են պատմվածքներ, ստեղծագործում են, մարդիկ կան, ում մոտ դա իրոք լավ է ստացվում, բայց օրագրային ուղղությանը, օրագրային ժանրին ես երբեք չեմ հանդիպել Հայաստանում։ Որ լիներ՝ ավելի լավ կլիներ, մեկս մյուսին նայելով՝ կփորձեինք ավելի զարգացնել մեր ուղղությունը։ Ես, կոնկրետ, տեղում դոփում եմ։ Եթե իմ կողքին ավելի լավը լիներ, ես կփորձեի այնպես անել, որ մենք լավ մրցակիցներ լինեինք։

-Բացի օրագրից ուրիշ գրվածքներ էլ ունե՞ս։

-Հա, ժամանակին մի մեծ վիպակ էի գրել, որ ինձ էլ տային՝ չէի կարդա, այդքան մեծ, պատմվածքներ էլ ունեմ։ Բլոգ էլ եմ ունեցել, հիմա էլ կա, ուղղակի արդեն մեկ-երկու տարի կլինի, որ չեմ թարմացնում։ Ուղղակի զգացի, որ ես ավելի շատ եմ սիրում օրագրային գրառումներ անել ու իմ մասին գրել։ Ես իմ մասին էի ուզում գրել՝ առանց կեղծանունների, արդեն բոլորը գիտեին, թե ում մասին է խոսքը օրագրում։

Հիմնականում բոլոր պատմվածքներս կյանքում մենակ մարդկանց մասին են, մի հատ էլ մենակ կատվի մասին ունեմ։ Ունեի մի քանի բանաստեղծություններ, բայց զգացի, որ ես ինձ արձակի մեջ եմ սիրում։

-Հիմնականում բոլորին հետաքրքրում է այն փաստը, որ այդքան շուտ ես ամուսնացել (18 տարեկանում)։ Ինչպե՞ս կայացրեցիր այդ որոշումը և արդյո՞ք դրա հետ մեկտեղ քո կյանքում դժվարություններ չառաջացան։

-Այն մարդու հետ, ում հետ ես ամուսնացած եմ, մենք նախ և առաջ լավ ընկերներ ենք։ Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ուղղակի անհնար է գնալ ու միասին ապրել, դրա համար մենք ամուսնացանք, որից հետո, կարելի է ասել, ոչինչ չփոխվեց։ Այսինքն՝ այն ֆորմալ պատկերացումը, որ մարդ ամուսնացած է, արդեն տան կին է, ու իրեն ավելի ծանր է պահում, քան իրականում կա, ինձ մոտ այդ խնդիրը չկա։ Իմ առօրյան, կարելի է ասել, դրանից չի փոխվել, ես նույնիսկ հիմա ավելի ազատ եմ, քան մինչ ամուսնանալս, որովհետև ես ընտրել եմ այն մարդուն, ով առհասարակ ինձ չի սահմանափակել իմ գործողությունների մեջ։ Ինչն էլ  որ սահմանափակվել է, սահմանափակել եմ ես՝ ինքս, առանց ինչ-որ միջամտության։ Ինձ մոտ միայն մի բան է փոխվել. պատասխանատվության զգացումն է ավելի մեծացել։ Ես գտնում եմ, որ հիմա ես միայն ինձ համար չեմ պատասխանատու, իսկ դա շատ հաճելի զգացողություն է։

-Եթե կարելի է իմանալ, ինչպե՞ս ես ամուսնուդ հետ ծանոթացել։

Ընդհանուր ընկեր ունեինք, ով մեզ երկուսիս էլ հրավիրել էր թեյ խմելու։ Դրանից հետո մենք ամեն օր իրար տեսանք, ամեն օր։ Ես չէի պատկերացնում մի մարդում, ում ես ամեն օր կտեսնեի ու չէի հոգնի իրենից, բայց սա այդ դեպքը չէր։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ես ուզում եմ իր հետ ապրել։

-Ըստ քեզ՝ քո հասակակից մյուս աղջիկներից ինչ-որ բանով տարբերվո՞ւմ ես։

-Իմ կարծիքով, մենք բոլորս ենք տարբերվում իրարից, որովհետև ոչ մեկս մյուսից առավել կամ պակաս չենք, ուղղակի խնդիրը մեր բնույթների մեջ է։ Մեր նյութը նույնն է, մեր բոլորիս նախնական բջիջը նույնն է, դրանից հետո՝ թե մենք ինչ ենք ավելացնում բջջի վրա, այ, դա՛ ենք մենք։

-Այդ դեպքում ո՞րն է քո հիմնական տարբերությունը, որ դու ավելացրել ես նախնական բջջիդ վրա։

-Ես իրոք հավատում եմ, որ բարությունն է փրկելու ամեն ինչ։ Գեղեցկությունը չէ, բարությունը, որովհետև հենց բարությունն է գեղեցիկ, իսկ շատ դեպքերում գեղեցիկը բարի չէ։

-Կարելի՞ է համարել, որ դա քո նշանաբանն է, թե՞ կա մեկ ուրիշը։

-Իմ կյանքի նշանաբանը երևի կարելի է համարել այն, որ ես երբեք ոչ մի նշանաբան մի տարուց ավել իմը չեմ համարում, որովհետև իրավիճակի հետ ինձ մոտ ամեն ինչ փոխվում է։ Ես ընդունում եմ, որ մարդն ամեն ինչի ընդունակ է. թե՛ լավ, թե՝ վատ։

-Դու քեզ համարո՞ւմ ես երջանիկ մարդ։ Եթե այո, ապա ի՞նչն էր քեզ պակասում, որն ունենալուց հետո քեզ սկսեցիր երջանիկ համարել։

Հա։ Երևի ինձ հենարանն էր պակասում, որ ես զգայի, որ մարդ կա, ում վրա ես կարող եմ հենվել ցանկացած իրավիճակում։ Ես գտել եմ այդպիսի մարդու։ Այն ամենն, ինչ հիմա ինձ պակասում է ավելի երջանիկ լինելու համար, ես կարող եմ ինքս ստեղծել։

-Որո՞նք են եղել քո կյանքի ամենաերջանիկ ու ամենատխուր օրերը։

-Ամենատխուր օրը. երբ ես ինչ-որ մրցույթի էի մասնակցում, հաղթողը պետք է Հնդկաստան գնար։ Ես արդեն, կոպիտ ասած, հավաքվել էի, մտովի ամեն ինչ պատկերացնում էի։ Ու ես չգնացի… Իմ փոխարեն ուրիշ մարդ գնաց։ Ու դա ոչ թե ամենատխուր, այլ երևի ամենա հիասթափությամբ լի օրն էր։ Ես այդ օրը հասկացա, որ իրականում պետք չի նախօրոք որևէ բան պլանավորել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա չի օգնում։

Ամենաերջանիկ օրը. երբ որ ամուսնացանք, գնացինք Վրաստան։ Առանց  որևէ նախնական պայմանավորվածության։ Այսօր որոշեցինք, գնացքի տոմսերը գնեցինք, գնացինք Վրաստան։ Առանց տուն գտնելու, առանց որևէ բանի։ Դա ամենաերջանիկ պահն էր. նախնական ոչ մի պայմանավորվածություն չկա, դու կարողանում ես այդ երջանկությունը ձեռք բերել։ Ու այդ պահին դու ոչ ուզում ես նկարվել, ոչ ինչ-որ մեկին դրա մասին պատմել, որովհետև դու երջանիկ ես ու չես ուզում կիսել երջանկությունդ։

-Ինչո՞ւ էիր համոզված, որ քիչ առաջ նշածդ մրցույթում հենց դու պետք է հաղթեիր։ Դո՞ւ էիր ամենալավ մասնակիցը, թե՞ կարծում էիր, որ մնացածն արժանի չէին հաղթանակի։

-Մոտ երեք-չորս հարյուր հոգի էին մասնակցում, ինչ-որ առաջադրանքներ էինք ստանում, դրանք կատարում, ներկայացնում։ Այդպես՝ յոթ առաջադրանք։ Ես գտնում էի, որ կամ ես պետք է հաղթեմ, կամ մի ուրիշ աղջիկ, որովհետև ես իր աշխատանքները շատ էի գնահատում, գտնում էի, որ մրցակցությունն իմ ու իր մեջ է։ Ու ինքը հաղթեց։ Ինձ համար ամենաահավորն այն էր, որ ես զգացի, որ ինքն այդ պահին ինձնից լավն էր։ Բայց մի պահ ուրախացա, որ ինքը հաղթեց, որովհետև եթե ինչ-որ անարժան մարդ հաղթեր, ես իրոք կհիասթափվեի։ Լավ էր՝ ինձնից ուժեղը հաղթեց։ Լավ էր, որ ես զգացի իմ սխալները։

-Կա՞ մի քայլ կամ ասված խոսք, որի համար զղջում ես ու հնարավորության դեպքում կուղղեիր այն։

-Իմ կարծիքով, ցանկացած միջանձնային հարաբերությունների մեջ սահման կա, որ մարդիկ չպետք է անցնեն, որովհետև եթե այդ սահմանն անցնում ես, հետո դժվար է նորից վստահելը։ Այդպես եղել է հենց իմ ու իմ սիրած մարդու մեջ։ Մենք սահմանն անցել ենք, այսինքն՝ իրար բաներ ենք ասել, որ չպետք է ասեինք (վատ բառերի մասին չի խոսքը), հիմա մենք վերականգնել ենք սահմանը, ու ես գիտեմ, որ այդպես չի կարելի։

-Այս պահին ի՞նչն ես համարում քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

-Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես սիրելով ու սիրվելով հանդերձ իմ ազատ որոշումներ կայացնելու ունակությունը չեմ կորցրել։

-Ապագայի համար ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունես։

-Ուզում եմ սեփական սրճարան ունենալ։ Ամեն ինչն արդեն որոշել եմ. սեղանների սփռոցների գույնից սկսած, ջահերով, ճաշացանկով վերջացրած ամեն ինչ որոշել եմ։

-Ինչ-որ բան կցանկանա՞ս փոխանցել ընթերցողներին ու քո լսարանին։

-Կուզեմ ասել առհասարակ բոլոր մարդկանց, որ իրականում ամեն հանճարեղ բան շատ պարզ է, ու ոչ մի բարդության մեջ հանճարեղ ոչինչ չկա։ Պարզությունն է հանճար ծնում։

anush mkrtchyan

Ինչպես փոխվեց մեր կյանքը

Բոլոր երեխաներն էլ պետք է ունենան  անհոգ և լուսավոր մանկություն, անկախ նրանից. քաղաքում են ապրում, թե՝ գյուղում:

Եթե տարիներ առաջ ինձ այս մասին ասեին, ես անշուշտ կբացեի բողոքի մի մեծ գիրք ու ցույց կտայի, որ այդ խոսքերը Հայաստանի երեխաների համար չեն ասված: Անշուշտ կբերեի մի շարք օրինակներ, որոնք կապացուցեին, որ  գուղում ապրող երեխաները շատ ու շատ պակաս հնարավորութուններ ունեն  բազմակողմանի զարգանալու համար:

Բայց սա տարիներ առաջ, քանի դեռ մեր գյուղ չէր եկել «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը՝ COAF-ը: Այս կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Արմավիրի, Արագածոտնի, հիմա նաև Լոռու մարզերում բնակվող գյուղերի երեխաների համար: Դպրոցներում գործում են տարբեր արտադպրոցական խմբակներ, որոնց երեխաները հաճախում են անվճար: Այս ամենի մասին դուք կարող եք իմանալ համացանցից, բայց ես ուզում եմ կիսվել իմ տպավորություններով:

Դեռ տարիներ առաջ ես կարծում էի, որ սովորելու բան կարելի է գտնել միայն դպրոցում ու դասագրքերում, բայց հիմա ես վստահ կարող եմ ասել, որ այն, ինչ ես սովորել եմ` հաճախելով COAF-ի խմբակներին, ոչ մի դասագիրք ինձ տալ չէր կարող: Գնում էինք թատերականի, ու գյուղում ապրող երեխան բեմ էր դուրս գալիս իբրև դերասան և դերասանուհի:

Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ  COAF-ի մեքենան գյուղ էր մտնում, գլխի էինք ընկնում, որ մի նոր ծրագիր է լինելու: Ամառային ճամբարներ, տարբեր էքսկուրսիաներ, և ի վերջո, մենք այսօր սովորում ենք վերանորոգված և բարեկեցիկ դպրոցում հենց COAF-ի շնորհիվ:

COAF-ը փոխեց ինձ: Ես և ինձ նման հարյուրավոր երեխաներ սովորեցինք ազատ մտածել, սովորեցինք, որ մենք այս փոքրիկ գյուղերի փոքրիկ բնակիչներս կարող ենք փոխել մեր շրջապատը դեպի լավը: Մենք կարող ենք ամեն ինչ, եթե հավատում ենք ինքներս մեզ:

 COAF –ը մի մեծ լույս բերեց մեզ: Այդ լույսը թափանցեց ու հասավ մեր բոլորի հոգու խորքերը ու լուսավորեց մեզ ներսից: Ես սկսեցի սիրել իմ գյուղը հենց  COAF-ի շնորհիվ: Այսօր մենք` գյուղի երեխաներս, ունենք հնարավորություններ, որոնք չունեն անգամ քաղաքի երեխաները:

Մենք չենք վախենում ազատ լինելուց, մենք պատրաստ ենք պայքարել ու հասնել մեր երազանքներին, մենք պատրաստ ենք մեր մտածածն արտահայտել և ազատ ստեղծագործել:

Ես կարող եմ վստահորեն ասել, որ այն  մեծ կամ փոքր հաջողությունների ու ձեռքբերումների համար, որ ունեցել եմ այս տարիների ընթացում,  պարտական եմ COAF-ին:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» շարունակում է իր բարի գործը, ու այժմ ինձ նման երեխաների թիվը գնալով շատանում է, և ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ այս կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների շնորհիվ  Հայաստանի գյուղերում ապրող երեխաները կունենան վառ ու լուսավոր ապագա…

Lilia Poghosyan

Մանկավարժությունն իբրև կյանքի ուղի

Հարցազրույց տատիկիս` Հեղինե Դավթյանի հետ

-Բարև տատիկ, ուզում եմ քեզ հետ հարցազրույց անցկացնել: Դեմ չե՞ս: Կպատմե՞ս քո մասին:

- Ես երկար տարիներ աշխատել եմ դպրոցում  որպես մանկավարժ, մեթոդմիավորման նախագահ, ապա փոխտնօրեն: Սիրելով և կարևորելով մայրենի լեզվի դերը մարդու կյանքում, ընտրել եմ լեզվաբանի  մասնագիտությունը:

-Ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել, ունե՞ս արդյոք քույր, եղբայր:

-Մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Հայրս եղել է դպրոցի տնօրեն, մեթոդիստ, մայրս՝ դասվար: Երեխաներս նույնպես ընտրել են մանկավարժի այդ պատվավոր մասնագիտությունը և դարձել մանկավարժներ: Մեծ է եղել իմ ընտանիքը, որտեղ մեծացել են ութ երեխա, ես երկրորդն եմ:

-Որտե՞ղ ես սովորել:

-Սովորել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագիտական բաժնում, ունեցել եմ բարձր առաջադիմություն:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք ես հիշում քո դպրոցական կյանքից:

-Դպրոցական կյանքը միշտ լեցուն է եղել: Մենք ունեինք ջոկատներ, բաժանվում էին խմբերի, և մեզանից յուրաքանչյուր խումբ աշխատում էր թույլ առաջադիմությամբ աշակերտների հետ և նրանց հետ, ում ծնողները չէին կարողանում օգնել դասապատրաստման ժամանակ: Արդյունքները ամփոփվում էր ամեն ամիս, որը ոգևորում և խրախուսում էր մեզ, և կարծես մրցակցություն էր ստեղծում:

-Ո՞ր առարկան ես սիրել, որը՝ ոչ:

-Չսիրած առարկա չունեմ, բայց ամենից շատ սիրել եմ հումանիտար առարկաները, որոնց մեջ առանձնացել է հայոց լեզուն և գրականությունը:

-Ինչպե՞ս ընտրեցիր ապագա մասնագիտությունդ:

-Մասնագիտությանս հարցում ինձ շատ են կողմնորոշել իմ ծնողները: Նրանք դարձել են այն կերպարները, որոնցով ես պիտի կառուցեի իմ աշխատանքային հաջողությունները:

-Քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունես:

-24  տարի աշխատել եմ որպես ուսուցչուհի, 22 տարի՝ փոխտնօրեն: Միասին`  46 տարի:

-Խիստ ուսուցչուհի՞ ե՞ս եղել, ի՞նչն ես առավել գնահատում երեխաների մեջ:

-Խիստ ուսուցչուհի չեմ եղել, բայց գտել եմ այն բանալին, որով կարողացել եմ վայելել աշակերտների վստահությունն ու հարգանքը, որը նպաստել է նաև իմ աշխատանքի հաջող ընթացքին և չեմ ափսոսում, որ իմ չորս զավակները, նույնպես լինելով մանկավարժներ, քայլում են իմ ճանապարհով: Այսինքն, ես էլ իրենց համար դարձա ուղի:

-Ի՞նչն է քեզ դուր գալիս աշխատանքում:

-Աշխատանքս իմ մանկության տարիների երազանքն է եղել, որը ես քայլ առ քայլ իրականություն եմ դարձրել: Եվ ամուր թելերով կապված եմ իմ աշխատանքին, ու հենց իմ աշխատանքի ոճը, դպրոց մտնելուս ամեն մի պահը ինձ համար եղել է և՛ ճակատագրական, և՛ պատասխանատու: Այն, որ ես առանց աշակերտների իմ առօրյան չեմ պատկերացրել:

-Ի՞նչ փոփոխություններ են եղել դպրոցումքո աշխատանքային առաջին օրվանից մինչև այսօր:

-Ամեն տարի ուս. ծրագրերում փոփոխություններ տեղի են ունեցել, որոնք իրենց հետքն են թողել աշակերտների առաջադիմության վրա՝ լավ կամ վատ: Իսկ ես համոզվել եմ նրանում, որ վաղ տարիքում երեխայի մտահորիզոնը ավելի լավ է զարգանում և ստացած յուրաքանչյուր տեղեկություն ավելի հեշտ է ըմբռնում, որի պատճառով ուսուցումը էլ ավելի է առաջընթաց ապրում: Այսօրվա աշակերտի միքտը ավելի ճկուն է:

-Ի՞նչ կցանկանայիր փոփոխել այսօրվա դպրոցների և ուսուցիչների մեջ:

-Կուզենայի, որ ուսուցիչները ավելի մոտ կանգնած լինեն իրենց սաներին, ընդառաջ գնային նրանց հակումներին և իրենց մասնագիտությունների մեջ լինեին ավելի հմուտ: Դպրոցում պետք է ստեղծվի առողջ մթնոլորտ: Աշակերտ-ծնող կապը պետք է շատ ամուր լինի, փոխվստահություն լինի միմյանց նկատմամբ, և ուսուցիչը երբեք չպետք է դադարի նորանոր մոտեցումներ ցուցաբերել իր աշխատանքային գործունեության մեջ:

Ես եղել եմ խորհրդատու սկսնակ ուսուցիչների համար և իմ աշխատանքային փորձով օգտակար եմ եղել նրանց: Դասղեկների հետ միասին գտել եմ այն ստեղծագործող աշակերտներին, որոնց հմուտ ձեռքի աշխատանքները ցուցադրվել են առանձին ցուցասրահներում: Յուրաքանչյուր  դասարանի համար պահանջել եմ հուշալբոմներ, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ամբողջ տարվա ընթացքում իր խոհերն ու պատկերացումներն է ամփոփել իր ձեռագրով և դա դարձել է դասարանի պատմության գիրքը: Կազմակերպել եմ միջոցառումներ, ցերեկույթներ, ասմունքի խմբակներ, որոնցում աշակերտները ներկայացրել են իրենց իսկ գրվածքները: Գրքի տոնին շատ ակտիվ ենք եղել, երեխաների միջոցով ստեղծել ենք հարուստ  գրադարան, դպրոցի պատմության մեջ ենք նաև ընդգրկել մեր պապերի օգտագործած կուժ, կուլա, աղոթք, հին հմտությունների պրպտումները դպրոցում, որոնց նույնպես մասնակցել են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, ընդգրկվել են նաև ուսուցիչները և այն վերնագրել ենք «Հայ մշակի ձեռքի աշխատանքները»:

-Քո սիրած զբաղմունքը:

-Ազատ ժամերին սիրում եմ ընթերցել, զբաղվել թոռնիկներիս հետ:

-Ի՞նչն ես ափսոսում կյանքում:

-Ոչնչի համար չեմ ափսոսում, որովհետև ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, որոնց կարողանում եմ նույնպես լինել օգտակար և ճիշտ ուղի ցույց տալ:

-Սիրած հեղինակներ, ստեղծագործություններ:

-Ամենից շատ սիրել եմ Պարույր Սևակ, ընթերցել եմ մեր հայ գրողներին: Թումանյան եմ սիրել, դասական գրողներից Բալզակ եմ շատ սիրել: Ժանրը ՝ դրամա եմ սիրում: Գրքերից Անահիտ Սեկոյանի «Նրա ճանապարհը», Սենկեվիչ` «Յո Երթաս», Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Դեմիրճյանի «Վարդանանքը», Կոմս Մոնտե Քրիստոն է ինձ համար շատ մեծ, ուժեղ կերպար եղել: Սիրում եմ քննադատական և լիրիկական ստեղծագործություններ:

Ահա այսպիսին է իմ տատիկը:

Gayane Avagyan

Ես էլ սկսեցի

Նստած մտածում եմ, մտածում ու չեմ հավատում, որ իմ վերջին դպրոցական սեպտեմբերն է: Չեմ հավատում, թե չեմ ուզում հավատալ. չգիտեմ: Է~ , ոնց անցավ ժամանակը, էդպես էլ չհասկացա: Բայց մի բան հաստատ է. դպրոցական օրերն անփոխարինելի են: 

Հիշում եմ առաջին սեպտեմբերի մեկս: Իմ երկու պոչիկները, մի ձեռքով մայրիկիս ձեռքն էի բռնել, մյուսով` ծաղիկները, առաջին ուսուցչիս համար գնված: Պայուսակս եմ հիշում մեծ ու ծանր, որը հազիվ էի  գցում ուսերիս, դասընկերներիս ժպիտներն եմ հիշում…  Հիշում եմ ու չեմ հավատում, որ ես արդեն տասներկուերորդ դասարան եմ փոխվել: Ախր, ե՞րբ անցավ ժամանակը:

Ամեն տարի օգոստոսին սպասում էի դասերի սկսելուն, որ սկսեմ լավ սովորել: Դեռ մի բան էլ խոստանում էի բարձր գնահատականներ ստանալ: Ճիշտ է, մենակ խոստանում էի: Թե ասա` Գայանե ջան, դու մաթեմից բարձր ստացո՞ղ ես, որ խոստումներ ես տալիս: Մնացածը բարձր ստանալ ստացվում էր, բայց հանրահաշիվն ու երկրաչափությունը չէր ստացվում: Հետո ի՞նչ, բնագիտամաթեմատիկական հոսքում եմ սովորում. հոգով հումանիտար եմ:

Երկար պատմություն է: Չբացվեց հումանիտար հոսք, ես էլ ուրիշ դպրոց չգնալու համար այդ հոսքում մնացի: Բայց միչև հիմա զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել ամեն օր մաթեմատիկա ու ֆիզիկա սովորել: Ապրի Գայանեն: Դե լավ, հերիք է բողոքեմ, մեկ է` սովորածս ինձ պետք է գալու (Հա, բա չէ՞):

Այսօր առաջին անգամ հանդիպեցի հայոց լեզու պարապող ուսուցչուհուն` կրկնուսույցիս, ով ինձ համար պետք է բացահայտեր շտեմարանների անծայրածիր աշխարհը: Առաջին հայացքից բարի, բայց միևնույն ժամանակ, խիստ թվաց ինձ: Դե ի՞նչ ասեմ, առաջին տպավորությունս լավ էր: Սպասենք մնացած տպավորություններիս:

Ահա, սկսվում են իմ դաժան օրերը: Շտեմարան, շտեմարան, շտեմարան ու էլի` սովորել, սովորել, սովորել: Հենց առաջին օրով ուսուցիչս հանձնարարություններ տվեց, ես էլ խելոք-խելոք լսում էի ու սպասում, որ հասնեմ տուն ու անեմ: Առաջին օրերին միշտ էլ սիրով ես դաս անում,  բայց այ, հետո…

Ըհը, դպրոցից էլ զանգեցին` գրքերը ստանալու ժամանակն է: Ո՞վ է հասցնելու պարապող առարկաների հետ այլ առարկա էլ սովորել, չեմ հասկանում: Այնքան էլ հաստ գրքեր են, ափսոս, շատերը չեմ էլ բացելու: (Անկեղծանում եմ, կներեք, ուսուցիչներ, փաստը մնում է փաստ: Դուք եք ասում, որ ստել չի կարելի):                                                                                                                         Խոսում եմ, էլի, բայց թե այսքանը ոնց եմ հասցնելու, չգիտեմ…

Sona Tumanyan

Մի քիչ իմ մասին

Ես Սոնան եմ ` Մալիշկայից: Ես ծնողներիս առաջնեկն եմ, բայց չեմ ստացել տատիկիս անունը, պապիկս ինձ անվանել է Սոնա, ինչպես մեր պատմության ուսուցիչն է ասում ` Երազիկ: Ես ինձ համարում եմ բարի, անկեղծ և ինչ-որ տեղ լուրջ անձնավորություն, բայց անկեղծ ասած, չեմ սիրում լուրջ մարդկանց: Ունեմ շատ նախասիրություններ: Շատ եմ սիրում նկարել, բայց ոչ դիմանկարներ, ավելի նախընտրում եմ առարկաներ պատկերել, բայց ոչ արտանկարել: 

Երաժշտություն: Երաժշտությամբ ապրում եմ: Լսում եմ տարբեր ոճի երաժշտություն, բայց ոչ ռոքը, դա տանել չեմ կարողանում: Այնքան եմ տարվում երաժշտությամբ, որ անգամ դասերս երգելով եմ սովորում: Բաց չեմ թողնում «Բլեք Սթար»-ի իմ սիրած խմբի կատարումները: Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ, բայց երբ, այսպես ասած, նստում են ականջիս կամ անընդհատ անունս տալով կանչում են, արդեն հունից դուրս գալով բարկանում եմ: Չեմ սիրում քաոսային և լարված իրավիճակներ, փորձում եմ դրանցից հեռու մնալ:

Կռվարար չեմ, վեճեր չեմ սիրում, բայց երբ դրանք տեղին են, սիրում եմ ուղղակի կողքից նայել և վերջում բարձրաձայնել կարծիքս: Խորհուրդներ չեմ սիրում տալ, երբ չունեն դրանց կարիքը: Սիրում եմ, երբ վեճերից հետո, ունենալով խորհրդի կարիք, մոտենում են: Դե ես էլ միշտ պատրաստ եմ օգնել բոլորին:

Տարեվերջին, երբ երեխաներով հավաքվեցինք և կարծիքներ հայտնեցինք մեկս մյուսի մասին, հերթը հասավ ինձ, և Արթուրը միանգամից առանց մտածելու ասաց.

-Ախր, շատ բարի ես, է, Սոնա ջան:

Դե, ես մի քիչ կարմրեցի: Հե-հե… Կատակում եմ: Անկեղծ եմ, բայց  բոլորի հետ չէ, որ անկեղծանում եմ: Ես գաղտնիքներս պահում եմ իմ մեջ, քանի որ իմ հավատարիմ ընկերը դա իմ հոգին է:

Շատ կապված եմ ընտանիքիս հետ: Կյանքս առանց նրանց չեմ պատկերացնում: Առօրյաս չեմ կարող պատկերացնել առանց ֆիլմերի: Նախորդ նյութերում արդեն նշել եմ, որ ֆիլմերի մոլի երկրպագու եմ: Գրքեր կարդալ չեմ սիրում: Ավելի նախընտրում եմ ոչ պատմողական առարկաներ` ֆիզիկա, հանրահաշիվ, երկրաչափություն: Սիրում եմ համեղ կերակուրներ, դառը սուրճ, քաղցրակեր չեմ:

Դը, էլ ի՞նչ ասեմ, պան չմնաց ասելու:

lyuba sharoyan

Նկարչի աչքերով

Ես միշտ նկարել եմ ու մինչև հիմա նկարում եմ, հատկապես, երբ տխուր եմ:  Նկարելիս կտրվում եմ աշխարհից:  Ծառ, ծաղիկ, կապ չունի, կարևորը` անում եմ մի բան, որն ինձ դուր է գալիս։ Ինձ համար նկարելը պարզապես հոբի չէ, դա իմ աշխարհն է, որտեղ ես ազատ եմ: Ապրել նկարելով: Տարօրինակ է, քանի որ ամենաաննշան ու անիմաստ թվացող մանրուք գեղեցիկ է դառնում նկարչի աչքերով: Շատ հաճախ մտածում են ձեռքից գնացել եմ: Մեղմ ասած, էնքան եմ նկարել, որ ցնդել եմ:

Հա՛, գուցե ճիշտ է, բայց ես չեմ ամաչում տարբերվելուց ու ցնդած նկարիչ դառնալու ճանապարհ բռնելուց:

Դեռ մանկուց բոլորին պարզ էր իմ ընտրած ուղին, քանի որ 4-5 տարեկանից նկարել եմ, տիկնիկներիս համար շորեր կարել, տնակներ պատրաստել, և ամենակարևորը, միշտ կտրել մազերս։ Մայրս ասում է, մի անգամ պապս այնպես բարկացավ, որ մազերս կտրեց։

Երբ արդեն 6 կամ 7 տարեկան էի, բակում ինձ ծաղրում էին գիրության ու պեպենոտ լինելու պատճառով։ Ես ժամերով փակվում էի սենյակում ու փորձում բալետի պարուհիներ նկարել: Ամեն անգամ, երբ պարուհին գեր էր ստացվում, պատռում էի թուղթն ու սկսում նորից նկարել, իսկ վերջում հուսահատված լացում։ Միգուցե նրանց ծաղրանքի շնորհիվ եմ հիմա գեղեցիկ պարուհիներ նկարում, չէ որ պատահականություններ չկան աշխարհում։

seda mkhitaryan

Կյանքի համը

Ամեն մանուկ այս աշխարհում ուզում է որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը, չգիտես ինչու, ուզում են նորից փոքրանալ…

Վստահ եմ, բոլորդ լսել եք հայերեն մանկական երգի այս տողերը և շատերդ էլ համաձայնվել եք իմաստի հետ։ Ես էլ համաձայն եմ։ Մեզանում, ինչպես գրեթե ամեն բան, սա էլ հակառակ է։ Այս հակառակությունն էլ առաջ է գալիս հայի բնավորության իմ ամենաչսիրելի գծերից մեկի՝ ամեն ինչից դժգոհելու ու բողոքելու պատճառով։ Այո, ճիշտ է, երեխաները միշտ ուզում են շուտ մեծանալ կամ, ավելի ճիշտ, իրենց տարիքից մեծ երևալ և, հանուն դրա, ոչինչ չեն խնայում։

Մեկը` ես,  տանել չեմ կարողանում այն երեխաներին, ովքեր փորձում են իրենց տարիքից մեծ երևալ: Նրանք ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին վաղ թե ուշ դառնալու են։ Սկսում են բարձրակրունկ հագնել` չմտածելով, որ հետո ամբողջ կյանքում, գուցե  իրենց ցանկությանը հակառակ, դա են հագնելու։ Սկսում են շպարվել, առանց մտածելու, որ հետո դա անելու են արդեն անհրաժեշտաբար, որ ծածկեն իրենց կնճիռները: Բայց հիմա կնճիռներ չունեն, և ինչո՞ւ են, չեմ հասկանում, ներկում իրենց շուրթերը, իրենց այդքան վարդագույն ու կենդանի շուրթերը: Սպասեք, դրանք շուտով կգունազրկվեն: Պարզապես կգունազրկվեն տարիների ձեռքով և, այն ժամանակ, խնդրեմ, ներկեցեք` ինչքան ուզում եք:

Եվ հիմա էլ կարող եք ներկել: Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Պարզապես հիշեք` այլևս երբեք չեք լինելու մանուկ: Ահա այդ ժամանակ արդեն կսկսեք երազել մանկանալու մասին, չգիտակցելով, որ արդեն տանուլ եք տվել ձեր կյանքի համը՝ ձեր մանկությունը։

Ani avetisyan

Ես էլ…

07.09.99

Ինձ հանդիպած յուրաքանչյուր մարդ, ով լսել կամ տեսել է թվերի այս դասավորությունը, առաջին հերթին ասում է՝ ինչ հավես կլիներ, եթե 7-ի փոխարեն էլ 9-ը լիներ: Ասում են՝ «գոլդ» կլիներ: Բայց դե, 7-ն էլ վատ չի:

Հա, ճիշտ հասկացաք, գրվածը ծննդյանս տարեթիվն էր, յուրահատուկ օր ինձ համար, մյուսներն էլ են այդպես ասում: Բայց դե քանի որ պատմության մեջ այդ օրը տեղի ունեցած որևէ շրջադարձային իրադարձություն այդպես էլ չգտա, այն հարցին, թե ինչ է եղել այդ օրը՝ ասում եմ.

-Ծնվեցի:

Դե, սա իհարկե կատակով:

Լավ, հիմա երևի ասեմ նյութս գրելու պատճառը: Կյանքիս 17-րդ աշնան շնորհավորանքներից մեկը, որ 17-ի թղթակից Անուշի կողմից էր, ավարտվում էր այսպես. «Չե՞ս կարդացել երեխեքից մեկի նյութը, գրված էր, չէ՞ ՝ Էլ ինչ 17-ցի, որ իր 17-ամյակի մասին նյութ չգրի: Սպասում ենք» , կամ նման մի բան: Ինչպես ասում են՝ ճարս ի՞նչ:

Դե, արդեն ասացի, որ ծնվել եմ աշնանը, տարվա ամենագեղեցիկ ամսին, սիրում եմ աշունը, բայց ծննդյանս օրվան երբեք առանձնահատուկ չեմ վերաբերվել: Այս տարի էլ նույն կերպ էր. սովորական օր, ուղղակի այդ օրվա, այսպես ասած, «դեմքը» դու ես լինում:

Օրս սկսվեց դպրոցում, ու ինչպես ինձ էր թվում՝ երեխեքը նոր ուսումնական տարվան դեռ չհարմարված՝ մոռացել էին ծննդյանս օրվա մասին, բայց հետո.
-Է՜, էս մյուսներն ինչի՞ են ուշանում, շուտ գային՝ երգեինք, շնորհավորեինք:

Հաա, չէին մոռացել, ուղղակի հերթական խենթությունն էր, որ էլի կարմրեի:

Մեր դասարանում մի ավանդույթ էլ կա՝ ամեն մեկի ծննդյան օրվա մասին պարտադիր կերպով ցանկացած ուսուցչի պիտի ասեն: Դե, հասկացաք, որ շնորհավորեն, ու դասից ժամանակ անցնի: Լավ են մտածել, չէ՞:

Օրվա մյուս մասում երևի այնքան էլ հետաքրքիր դեպքեր չեղան, դե ինչպես մյուս բոլոր ծնունդներն էլի. զանգեր, նամակներ, ու էդպես շարունակ:

Շատ չերկարացնեմ. փաստորեն ես էլ դարձա 17 տարեկան, ինչպես արդեն հարազատ դարձած ցանցի թղթակիցներից շատերը:

Ես էլ մեծացա…