emma tovmasyan

Կուզեի՞ր թռչել իմանալ…

Չհասցրի գրկեմ փոքրիկ Էլենին, երբ բարևից հետո եղավ նրա այս հարցը: Մի պահ զարմացա, հետո ուրախացա նրա հետաքրքիր մտքերից, ու քանի որ ես էլ շատ կուզեի, պատասխանեցի.

-Հա, բա ոնց չէի ուզենա,- ու ամուր գրկեցի Էլենին:
Ե՞ս եմ դեռ շատ փոքր, թե՞ նա է բավականին մեծացել, կամ գուցե երկուսիս աշխարհներն էլ բախվում են միևնույն տեղում` նրա 6-ամյա աշխարհն ու իմ 21-ամյան:
Հետաքրքիր է, չէ՞, թռչել անսահմանության վրայով ու չհասնել հորիզոնին, այն հորիզոնին, որը թվում է` վերջանում է պատուհանիցս երևացող սարի ու երկնքի հատումից: Այն հորիզոնի, որը այդպես էլ կմնա առեղծված:
Երբ ես հարցրի նրան, պատասխանեց.
-Կուզեի թիթեռ լինել:
(Էլենը կլիներ անչափ գեղեցիկ, կանաչ աչքերով, թմբլիկ թիթեռ):
Գուցե ճիշտ է այն խոսքը, որը կարդացել եմ. «Մարդու ամենամեծ երջանկությունը թռչելն է»: Եթե երջանկություն է, պատկերացնո՞ւմ եք` ի~նչ երջանիկ են թռչունները: Անսահման երջանիկ են: Նրանք կրկնակի երջանիկ են. գիտեն և թռչել, և քայլել:
Ես ու Էլենն էլ չենք կարող թռչել, բայց հո՞ մեր հոգին ու միտքն էլ կարող են հասնել անծայրածիր հեռուները ու թռչե~լ… թռչե~լ…

milena araqelyan

Չհասկացված լինելու մասին

Սիրում եք, չէ՞, որ հասկացվում եք շրջապատի կողմից: Ինչ խոսք, հաճելի պահ է: Բայց այ, մեկ-մեկ լինում են պահեր, որ վախենում ես չհասկացված լինելուց: Վախենում ես, որ մտքերդ արտահայտես` որոշները բացասական արձագանք կտան, մի քանիսը կհակառակվեն, իսկ մեկ այլ, լրիվ ուրիշները, կբարձրացնեն քեզ քո գաղափարներին, կօգնեն աճել, հասնել էն սիրուն կետին, որտեղ դու քո ափսեում ես: Ամեն դեպքում պետք է բարձրաձայնել էն հարցերի մասին, որոնք ներսից պատասխան են պահանջում: Պետք է չվախենալ էդ «չհասկացվել» կոչվելուց: Բոլորս էլ ընկնում ենք, նոր ենք վերև ելնում, հասկացվում այնպես, ոնց ուզում ենք:

Ինձ ինքնավստահություն ներշնչեք, որ ես էլ կարողանամ հասնել իմ հասկացվելու կետին:

Հաճախ ասեք դիմացինին, որ իր մի գաղափարը կարող է լիքը մարդկանց ներսը շարժել: Իրենք էլ կսկսեն հասկանալ քո տեսակը ու կբարձրացնեն էդ ընկնող, բայց աճող տեսակին:

Ani avetisyan

Իդեա՞լ, թե՞ ոգեշնչման աղբյուր. Վարդանը

Մարդկային միտքը սիրում է  համեմատել, նմանություններ ու տարբերություններ փնտրել-գտնել մարդկանց, երևույթների և, ընդհանրապես՝ ամեն ինչի միջև: Ու հենց այդ համեմատել-համեմատվելու  «մոլուցքն» է, որ մարդուն ստիպում է  գտնել կատարելություն ու ձգտել դրան, ստեղծել կուռքեր, կամ շրջապատում փնտրել նրանց:

Ու չասեք, թե այդպես չէ: Բոլորն էլ, կյանքի ինչ-որ փուլում կորցնում են ինքնագնահատականն ու այն փնտրում ուրիշների մեջ: Ասես նմանվելով մեկ ուրիշին՝ նրա ինքնավստահությունն էլ են ունենալու: Երևի  կհամաձայնվեք, որ շատերի մոտ այդ իդեալները դառնում են աստղերը: Չէ՛, երկնքի չէ՝  Հոլիվուդի:

Իսկ գիտե՞ք՝ ինչու եմ այսքան վստահ գրում, որովհետև ես էլ, մի ժամանակ, մինչև մի պահի հասնելը, տարված էի այդ ամենով: Ֆիլմեր ու երգեր, երգիչներ ու դերասաններ, այս ամենն էին իմ ու իմ հասակակիցների օրվա մեծ մասը կազմում: Այնպես, որ թվում էր, թե առանց դրա, կամ դրանից այն կողմ ուրիշ ոչինչ չկա ու չի էլ կարող լինել:

Ու մի օր ես էլ, բոլորի պես գտա մեկին, ով ինձ այնքան գրավեց,  ում ես ցանկացա նմանվել,  բայց ո՛չ արտաքնապես: Նրան ես սկսեցի փնտրել-գտնել ամենուր, բայց… Բայց մի՛ վայրկյան: Չկարծեք, թե ես էլ ֆանատիզմով եմ տառապել կամ տառապում: Չէ՛, ես իմ հերոսին չգտա ոչ ֆիլմերում ու  ոչ էլ երգերի մեջ: Նա գրքի հերոս էլ չէր:

Ես նրան գտա այն ժամանակ, երբ իմացա, որ Հայաստանի կողքին, բայց նրա սրտում Արցախ անունով աշխարհ կա: Երբ իմացա, որ այդ աշխարհի ամեն մի թիզը արյամբ է ներկված: Ու զգացի, որ առանց այնտեղ լինելու սիրում եմ այդ աշխարհը, զգում իմ ամեն բջիջով: Մտքում գծում այն ճանապարհը, որով  շուտով պիտի անցնեի:

Երևի հասկացաք. իմ հերոսին ես գտա պատմության ոչ վաղ անցյալի մի էջում: Չգիտեմ, չեմ հիշում, թե ինչպես իմացա նրա մասին, ով պատմեց, ու ինչպես ստացվեց, որ նրա մի  նկարը տեսնելով, կյանքս ասես փոխվեց, չգիտեմ, թե ինչպես, բայց փոխվեց: Զգում էի:

Ես որոշեցի ճանաչել նրան, ճանաչել որպես հերոս, նախ՝ հայրենիքի, ապա՝ ինձ համար: Ցանկացա գտնել Դուշման Վարդանի այն կախարդական ուժը, որ անգամ նկարից էր փոխանցվում: Ու ես սկսեցի կարդալ, կարդալ նրա գրածները, սկսած դպրոցական շարադրություններից, կարդացի ընկերների հուշերը, որոնցից  շատերը Վարդանի մարդ տեսակի մասին էին:

Երևի չփորձեմ բացատրել, թե նրան ամեն օր էլ ավելի բացահայտելուց հետո  ինչ փոխվեց իմ մեջ, բայց, որ ամենակարևորն է՝ փոխվեց իրական  հայրենասեր կոչվածի՝ մինչ այս ունեցած իմ սահմանումը: Հայրենասեր լինել չի նշանակում կանգնել ու գոռալ, ֆեյբուքում ստատուս գրել կամ  անընդհատ գովել ու երգել այդ հայրենքի մասին: Հայրենասեր լուռ պետք է լինել՝ Վարդանի նման: Սա է իմ բանաձևը: Իսկ մնացածի մասին՝ ավելի լավ է լռեմ, որովհետև կան բաներ, որոնք բառերն ուղղակի անզոր են արտահայտել,  քիչ են:

Ու եթե որևէ մեկը, մի օր ասի, թե սա էլ է ֆանատիզմ, վատ չեմ զգա, չեմ փորձի հակառակը համոզել: Գուցե մի քիչ էլ հպարտանամ, որ նման իդեալ ունեմ, որ ոչ ոք երբեք իրավունք չի ունենա քննադատել կամ առավել ևս՝ ծաղրել այդ զգացմունքը:

Իսկ վերջում, եթե գա մի ժամանակ, երբ ես էլ փորձեմ համեմատություններ անել, Ջոնի Դեպի կամ մեկ ուրիշի արտաքինը չեմ ուզում տեսնել իմ առջև, Վարդանի աչքերն ու հոգին եմ փնտրելու…

astghik qeshishyan

Երևի միակն եմ

-Պայուսակդ տեղը դիր…Սպիտակ վերնաշապիկդ հանի…Թող, ես կկախեմ… Արի՝ մազերդ նորից հավաքեմ…Հյուսե՞մ, չէ՛, ժամանակ չկա… Էսօր տառ անցա՞ք…Չէ՞… Էլի նկա՞ր էիք պատմում…Ձանձրանո՞ւմ ես…Դե պիտի դիմանաս… Բոթասներով չե՞ս շոգի… Հաց չկերար…Ոչի՞նչ, էնտեղ կուտե՞ս… Լավ, դե վազի, ուշանում ես…

Սա ձեզ ինչ-որ բնական զրույց թվաց, չէ՞: Ի՞նչ կա որ: Մաման երեխուն ինչ-որ տեղ ա ճանապարհում: Մանկապարտե՛զ: Մաման ինձ մանկապարտեզ էր ուղարկում: Հարցնում եք՝ ո՞ւ: Դուք էլ եք գնացել մանկապարտեզ, ու սա հեչ էլ արտասովոր պատմություն չի՞: Սխալվեցիք:

Դե գրեթե բոլորս էլ անցնում ենք կյանքի «մանկապարտեզ-դպրոց-բուհ» ճանապարհը: Ոմանք առաջին կամ երրորդ կանգառները բաց են թողնում, բայց հիմնականում պատկերն այսպիսինն է: Ես էլ բացառություն չեմ: Եղել եմ ջրիկ ու վայրենի երեխա, հետո՝ լուրջ ու կարգապահ դպրոցական, համալսարանն էլ դեռ սպասում է ինձ: Բայց չէ՛, լավ էլ բացառություն եմ: Ուրեմն սկսենք:

2004-ի ամռանը (այդ ժամանակ 5,5 տարեկան էի) մեր տուն մտան մի քանի կանայք՝ ինչ-որ գրքեր ձեռքներին: Չէ՜, ի՞նչ Եվհովայի վկա: Մաշտոցի վկաներն էին՝ դպրոցից, գիրքն էլ «Այբբենարանն» էր: Իրենց՝ մամայի հետ ունեցած երկար զրույցից այն հասկացա, որ ուզում են ինձ դպրոց տանել: Այդ տարվա «նորակոչիկները» մեր գյուղի համար աննախադեպ շատ էին՝  30-ից ավելի, ու անհրաժեշտ էր ևս մեկը, որ դասարանը կիսվեր: Դպրոցում իմացել էին, որ ես արդեն գրում, կարդում եմ, ու որոշել էին՝ հարմար թեկնածու եմ: Սեպտեմբերին արդեն դպրոցում էի: Դասի էի գնում 7 տարեկանների հետ, թեև ինքս դեռ 6 էլ չկայի: Կասեք՝ հեչ էլ բացառիկ չէ: Համաձայն եմ: Շատերն են ժամանակից շուտ դպրոց գնացել, բայց մինչև վերջ կարդացեք:

Քանի որ ինձ համար շատ դժվար էր էդպես միանգամից կտրվել խաղերից ու ընկերներից, մայրիկս պայմանավորվեց մանկապարտեզի ղեկավարության հետ (նրանք ինձ շա՜տ էին սիրում), որ դպրոցից հետո նորից մանկապարտեզ պիտի գնամ: Փաստորեն, մոտ 12-ին ավարտվում էին դասերը, հրաժեշտ էի տալիս ուսուցչուհուս, դասընկերներիս, վազում տուն, փոխում հագուստներս ու շտապում դաստիարակչուհիներիս ու ընկերներիս մոտ: Ժամը 5-ին տուն էի գալիս: Այո՛, ոչ թե ծնողներս էին գալիս ու ինձ տուն տանում, ինչպես մյուսների դեպքում էր, այլ ինքս էի գնում: Ինձ ամեն ինչ թույլատրված էր. չէ՞ որ դպրոցական էի: Գալիս էի տուն, արագ «նկարում» հանձնարարված մասնիկները՝ փնթփնթալով, թե դա թող տառերը չիմացողները գրեն, իմ շատ էլ պետքն է… Ու վազում էի բակ՝ խաղալու:

Այս տարօրինակ պայքարս՝ մանկապարտեզ VS դպրոց, խաղ VS դաս,  ավարտվեց օրեր անց  մարզպետարանի շենքում կոստյումավոր, շիկահեր տիկնոջ  «Գրել, կարդալ կարողանալը ոչ մի նշանակություն չունի, նա դեռ շատ փոքր է դպրոցի համար, թողեք՝ երեխան մանկություն ապրի» նախադասությամբ: Եվ այսպես, հին ու բարի խաղալիքները ջախջախիչ հաղթանակ տարան գիրք ու գրիչի նկատմամբ: Ես սկսեցի նախկինի պես առավոտյան 9-ին մանկապարտեզ գնալ: Ռևանշը ուղիղ մեկ տարի անց կայացավ, և դպրոցը 11 տարի ժամկետով հաղթանակ տարավ:

Դե հիմա ասեք, տեսնեմ՝ ձեզնից քանի՞սն են դպրոցից րոպեներ հետո ու մանկապարտեզից րոպեներ առաջ մայրիկի հետ զրույց ունեցել, քանի՞սն եմ միաժամանակ և՛ դպրոց գնացել, և՛ մանկապարտեզ:

Սլոբոդկա

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Ծննդավայր, բնօրրան կամ հարազատ թաղամաս: Ինձ համար ավելի վեհ արժեք ունի այն վայրը, որտեղ անցկացրել եմ ամբողջ մանկությունս, որի հետ կապված են անցյալի գրեթե բոլոր լավ հիշողություններս, ու որից բացի ուրիշ տեղ չեմ պատկերացնում ապագաս:

Հնարավոր է` ընկալվի որպես կողմնապահություն, բայց ինձ համար Սլոբոդկեն ամբողջ Գյումրու համն ու հոտն է:

Հա, ես, օր կսեմ Գյումրի, առաջինը աչքիս դեմը գուկա Սլոբոդկես: Ստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգոն»  ֆիլմը, իսկ մե քանիմ տարի առաջ ստեղ նկարահանվավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմից տեսարաններ: Ստեղի յուրահատուկ փողոցներով է անցե Գյումրու խորհրդանիշը` ֆայտոնը:

Երկրաշարժից հետո շատ քանդված շենքեր մնացին մայլիս մեջ, բայց որ մտնիս գը էդ շենքերի մեջը, ինչխոր նույնիսկ էդ քանդված պատերը շքեղություն թվա: Ինչխոր սպասես, օր հենց հմի բդի լսվի նալերի կտկտունը, ու ֆայտոնը գա, կողքովդ անցնի… Ու մենակ ըսքանը չէ, որի համար շատ կսիրեմ մայլես: Ժամանակը փոխվել է, մարդիկ «զարգացել են», հմիկվա տղեքի մեծամասնությունը կհագնվին աղջկա պես, նույնիսկ դիմահարդարում կենեն, իսկ աղջիկներն էլ կամ չեն հագնվի, կամ էլ թեթևի մեջ:

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Բայց Սլոբոդկես, Սլոբոդկիս մեջ ըդբես բան չկա: Ստեղ էլի են` խելքով, իսկ աղչիկներն էլ համեստությամբ, հեզությամբ, չնայած չեմ մոռանա, օր ամեն ինչ հարաբերական է, ու անպայման չէ Սլոբոդկից եղնիս, օր խելք ունենաս:

Էս հին Գյումրվա մթնոլորտն է: Տղեքը աչքի գնկնին իրանց տղամարդկությամբ, ուժով: Իսկական հայը մեկ է, հայ կմնա: Արդեն 15 տարեկան եմ ու ամեն օր գելնիմ մայլովս շրջելու, ու տեյ հմի չեմ հոգնե: Հա, գուզեմ էլի տեսնիմ, էլի զգամ:

Սլոբոդկեն ինչխոր տունս եղնի: Հենց մտնիմ գը մայլա, ինչխոր մտնիմ տուն: Աշխարհում կան էլի ուրիշ սիրուն մայլեք, ուրիշ շքեղ փողոցներ, բայց Սլոբոդկես մեկ է ուրիշ է, ու ինչ շքեղ տեղեր էլ երթամ, ինչ սիրուն մայլեք էլ տեսնիմ, մեկ է, էլի բդի գամ էդ իմ հարազատ Սլոբոդկես:

Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին, 
Ծառերի տակին: 

 Հովհաննես Թումանյան

Խոտը պիրեցին

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Առավոտից բոլորը խառնված են իրար: Արթնանում եմ եղբորս ձայնից.

-Պա~պ, լավ էլի, ես էլ գամ հետդ` խոտը պիրելու:

Մայրիկը հացն է պատրաստում, որ հայրս տանի դաշտ: Խոհանոցում տարածվել է թարմ կանաչու անուշ հոտը: Տատիկը հարց ու փորձ է անում հայրիկին, թե ով է խոտը հավաքելու, ով` կապելու և ով` բերելու:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

-Մամա, դե Օհանը հվաքիլըվա, Հովսեփը` կապիլու, Արայիկն ալ պիրիլվա:

-Հա, բալաս, դե քինացեք:

-Զարեհ, գլխարկդ դիր, շոգա,-լսվում է մայրիկի ձայնը խոհանոցից:

Դե մինչև խոտը հավաքելը, կապելը ու բերելը, դեռ հնձելն էլ կա: Բայց իհարկե, խոտը ավելի շուտ են հնձում: Սա էլ մի առանձին կարգով է կատարվում: Հայրիկը պետք է գտնի տրակտորիստին, հետը խոսի, պայմանավորվի, որ խոտը հնձեն, որից հետո էլ կատարվում են մնացած գործողությունները: Առավոտից, ինչ գնացել են` տատիկը անհանգիստ է.

-Սոնա, մի զանգի Ներսիկին, տես` հինչ ըրեցին:

-Տատ, զանգել եմ, ասում ա` արդեն կապել ենք խոտը ու գալիս ենք: 117 տուկ (խոտի խուրձ) են կապել:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Տատիկի դեմքին մի փոքրիկ ժպիտ է հայտնվում, որն իհարկե, իմ աչքից չի վրիպում… Վերջապես խոտը բերեցին.

–Խոտը բերեցինք, խոտը բերեցինք,- ձայն է տալիս եղբայրս:

Հիմա էլ դրսում խոտը թափում են, և լսվում է հայրիկիս ձայնը.

–Սինոդ, տուկերը դասավորի:

Իսկ մի այլ տեղից էլ իմ ականջին են հասնում հետևյալ խոսքերը.

–Ներսիկանց խոտը պիրեցին…

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

davit aleqsanyan

Վերջնական որոշում

Մինչև 17.am-ին միանալս մասնագիտություն ընտրելը ինձ համար շատ դժվար էր: Անընդհատ իմ ընտրած մանագիտությունը փոխում էի: Սկզբում ուզում էի դառնալ իրավաբան, բայց դա ոչ թե իմ ցանկությունն էր, այլ մայրիկինս: 

Հետո ես հաճախեցի Թեկվոնդոի, և կարծիքս փոխվեց: Ուզում էի դառնալ մարզիչ: Սակայն տարիներ անց, երբ 7-րդ դասարանում էի, ավելի ու ավելի շատ խորացա մեր անցյալի պատմության մեջ՝ «Հայոց պատմության»: Քեռիս մեղվապահ է, երբ նա եկավ մեր գյուղ և բերեց մեղուները, ես գնում էի նրա մոտ և սովորում մեղվապահություն: Այդ ժամանակ կլինեի 12-13 տարեկան: Սակայն իմ հետ եղավ անսպասելին: 14 տարեկանս նոր էր լրացել, երբ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կազմակերպիչները  եկան մեր դպրոց: Երբ Սիսակին տեսա, ասեցի.

-Վախ, մամա ջեն, էս ինչ թրաշ ունի…

Լավ, թեմայից շեղվեցինք: Նրանք սկսեցին պատմել 17.am-ի և «Մանանա» կենտրոնի մասին: Ինձ շատ հետաքրքրեց, և ես որոշեցի դառնալ պատանի թղթակից: 4 օր դասընթաց անցնելուց հետո ես խորանում էի լրագրության մեջ, այլևս չմտածելով ոչ մի մասնագիտության մասին: Սակայն սա էլ չեղավ վերջին և կարևոր մասնագիտությունը: Ես մի քանի օր առաջ եմ վերադարձել 17-ի մեդիա ճամբարից, որը կազմակերպել էր «Մանանա»  կենտրոնը: Ճամբարի ընթացքում սկսեցի խորանալ կինոյի ոլորտում: Սկսեցի կինո նկարել, կինոյի գաղափար մտածել և տեսա, որ դա ինձ դուր է գալիս: Ես որոշեցի դառնալ կինոռեժիսոր: Եվ սա իմ լավագույն հնարավորությունն է` շարժվելու դեպի պայծառ ապագա:

Hripsime Vardanyan

Հայրիկս

Բոլոր բանաստեղծները գրում են մայրիկների մասին, բոլոր ուսուցիչները հանձնարարում են գրել մայրիկների մասին, ֆիլմերը նկարահանում են մայրիկների մասին: Ոչ ոք չի հիշում հայրկներին, նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատում են մեզ ոչ մի բանից պակաս չպահելու համար:

Ես շատ եմ սիրում հայրիկիս, չեմ թաքցնի, ավելի կապված եմ հայրիկիս, քան մայրիկիս հետ: Դեռ փոքր տարիքից հայրիկիս օգնել եմ բոլոր գործերում. լիներ, այսպես ասած, աղջկա թե տղայի գործ: Հայրիկիս հետ գնում էի ձկնորսության: Չնայած ոչինչ չէի որսում, սակայն ես երջանիկ էի համարում ինձ, քանի որ ևս մեկ օր անցկացրեցի հայրիկիս հետ:

Ժամանակներն անցնում են: Մենք մեծանում ենք, սակայն ծնողների համար մենք նույն երեխաներն ենք մնում: Մենք նույնպես, ինչքան էլ որ մեծանանք, հասունանանք, մեր ծնողներին սիրելու ենք փոքրիկ երեխայի նման:

Գնահատում եմ հայրիկիս թափած ջանքերը` մեզ մարդ դարձնելու գործում: Գնահատում եմ նրա խորհուրդները, զայրացած պահին ասած ամեն մի բառը: Գնահատում եմ այն, որ հայրիկս ոչ մի բանում մեզ չի մերժում:

Երբ մեծանամ, երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, ինչպես հայրիկս մեզ:

laura sekoyan

Պետք է մի քիչ համբերել

Այսօր ես հարցազրույց եմ վարելու մայրիկիս` Գոհար Ղազարյանի հետ: Ի դեպ, ասեմ, որ երկար ընդմիջումից հետո նա արդեն երկու տարի է, ինչ աշխատում է:

-Մա՛մ, դժվար չէ՞ր ութ տարի դադարից հետո նորից աշխատել:

-Իհարկե դժվար է, բայց արդեն ընտելացել եմ:

-Շաբաթվա ընթացքում ընդամենը երկու օր ես տուն գալիս,  աշխատում ես Երևանում, ու այդ երկու օրն ես տեսնում հարազատներիդ: Այդ ամենին է՞լ ես ընտելացել

-Աղջի՛կս, պարզ է, որ դժվար է, և դրան ընտելանալ հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է հարազատներին, ապա կասեմ, որ դա իմ աշխատանքից դժվար է: Մայրը, ինչքան էլ հեռու լինի իր զավակներից, միևնույն է,     հոգով, սրտով ու մտքով այնտեղ է, որտեղ իր ձագերն են: Գիտեմ, որքան ինձ համար է դժվար, այնքան էլ ձեր` քո  ու եղբորդ:

-Լավ, մա՛մ, հերիք է տխուր բաներից խոսենք, արդեն հարց տալս էլ չի գալիս: Ինչևէ, շարունակենք: Պատմիր մի քիչ քո աշխատավայրի մասին:

-Իմ աշխատավայրը գտնվում է Մալաթիա թաղամասում, մի գողտրիկ վայրում: Գործընկերներս հիմնականում աղջիկներ են, միայն մի երեք-չորս տղա կա: Աշխատակիցները բարեհամբույր են միմյանց նկատմամբ:

-Շատ լավ է, մա՛մ, որ  գոհ ես քո աշխատանքից: Իսկ այժմ պատմիր, թե ինչպիսի՞ն է քո աշխատանքի բնույթը և ի՞նչ եք անում այնտեղ:

-Աշխատանքը բարդ չէ: Ասեմ, որ  մենք պատրաստում ենք բրենդային խանութների տոպրակներ, կոնյակի կամ գինու տուփեր և այլն: Որպեսզի աշխատողը իր աշխատանքը լավ կատարի, պետք է պարզապես ընդունակ լինի, որ նախագծողի տված գծագիրը կարողանա վերածել տուփի կամ տոպրակի:

-Իսկ ի՞նչ կարծիքի ես տնօրինության մասին:

-Նախ ասեմ, որ բավականին պահանջկոտ մարդիկ են: Ընդանուր առմամբ, ընկերական են վերաբերվում աշխատողներին և ապահովում են ամենաանհրաժեշտ իրերով` գոգնոցով, ձեռնոցներով և այլ պարագաներով:

-Ուրախ եմ, որ այդպիսի մարդկանց հետ ես աշխատում: Իսկ այժմ մի հարց պիտի տամ քեզ և կխնդրեմ, որ անկեղծ պատասխանեսԿցանկանայի՞ր չաշխատել և մնալ տանը`մեր կողքին:

-Միանշանակ կցանկանայի, բայց մենք այնպիսի երկրում ենք ապրում, որն իր բնակիչներին չի ապահովում, և իմ նման շատ ու շատ մարդիկ տուն-ընտանիք թողած աշխատում են չնչին կոպեկների համար:Առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս կգամ այդ աշխատանքից ու կմնամ ձեր կողքին:Միայն թե` պետք է մի քիչ համբերել:

elen gevorgyan

Ա՜յ քեզ լուսին

Մթնշաղ էր, երբ ես ու տատիկս տուն էինք  վերադառնում: Լուսինն  արդեն երևում էր, ու ասես երեքով էինք քայլում փողոցում`ես, տատիկս ու լուսինը:

Մենք զրույցի էինք բռնվել. խոսում էինք այս ու այն կողմից: Ես  պատմում էի «Մանանայից»:

-Տա՛տ, նորից եմ ուզում գնալ, հանդիպել իմ հին ու լավ ընկերներին, ուսուցիչներիս: Է՜հ, տա՛տ, ի՜նչ լավ օրեր էին:

-Հա, բալե՛ս, մի՛ մտածիր, հնարավոր է` նորից հանդիպեք: Լսի՛ր, Էլե՛ն, որքա՞ն ժամանակով գնացիր, չեմ  հիշում…

Ու մինչ տատս փորձում էր ինչ-որ բան հիշել, ես լուռ ու  կլանված նայում էի լուսնին ու խոսում նրա հետ: Մտածում եք գժվե՞լ եմ, բայց դա այդպես չէ. դուք միայն պետք է նայեիք լուսնին ուշադիր ու կհասկանայիք ասածիս իմաստը: Լուսինը կարծես լսեր, թե տատիկիս ինչ եմ պատմում, ու կարծես նա էլ էր ինձ ասում, որ մի օր անպայման կհանդիպեմ ընկերներիս:

-Է՞լեն…

-Հա, տա՛տ:

-Քեզ ի՞նչ եղավ, աղջի՛կ ջան, ի՞նչի չես խոսում:

-Տա՛տ ջան, սպասիր… Լուսնի հետ եմ խոսում:

-Ի՞նչ, բալա՛ ջան, հո չե՞ս գժվել:

-Չէ՛, տա՛տ ջան, հլը լուսնին նայի… Ինչ սիրու՜ն ա, նայի, տա՛տ, լուսինը խոսում ա:

-Այ, քեզ լուսին, բան չեմ հասկանում էս էրեխուց:

Դե, պատկերացրեք՝ ինչ հրաշալի զրուցակիցներ ունեի` լուսինը և տատիկս: Իհարկե, սկզբում տատս կարծում էր, թե գժվել եմ, բայց ես նրան էլ ապացուցեցի, որ լուսինը խոսել գիտի:

Հ.Գ. Երբ դուրս եք գալիս տնից, նայե՛ք ձեր շուրջը: Բնությունն այնքան գեղեցիկ է, ու նրա ամեն մի հրաշք ուշադրության է արժանի: Նայեք ու կհասկանաք, որ կարող եք խոսել լուսնի հետ այնպես, ինչպես ես էի խոսում: