Milena Sedrakyan

Դիլիջանյան մեդիա ճամբարի նախօրեն

Երեկ երեկոյան տանը նստած ձմերուկ էի ուտում, մեկ էլ մայրիկիս հեռախոսը պատահական վերցրի` մամայի աչքից հեռու խաղ խաղալու համար, ու տեսա 17-ից նամակ կա: Բացեցի ու տեսա, որ հենց այդ պահին չպատասխանեի, զրկվում էի ճամբարի հնարավորությունից: Մի խոսքով արագ ուրիշ հեռախոսահամար գրեցի ու նստած սպասում եմ, մի կողմից էլ` տնեցիներին համոզում եմ, որ թողնեն` գնամ ճամբար:

-Մամ… Խնդրում եմ` գնամ…

-Միլիկ ջան, որ գնացիր, քրոջդ ո՞վ ա պահելու:

-Մամ, լավ էլի…

-Բալիկ ջան, բա տան գործե՞րը: Գիտես, ես աշխատում եմ ու չեմ հասցնում:

-Մամա, խնդրում եմ…

-Ուֆ… Զահլես տարար: Գնա պապայիցդ հարցրու:

Հայրիկս հյուրասենյակից բղավեց.

-Թող գնա, Նառ, ես Արմինեին կկանչեմ` կգա կօգնի:

Լավ, չեմ թաքցնի այն փաստը, որ երբ մայրիկից անընդհատ մերժում էի ստանում, աչքերս լցրել էի ու նստել սենյակումս, բայց սա լսելուց հետո բերանս չի փակվում:

Հաջորդ օրը տանը նստած անհանգիստ սպասում եմ ու մտածում. «Ինչի՞ չեն գրում: Հաստատ փոշմանել են: Հենա` նամակիս էլ չեն պատասխանում: Վերջ, հույսս կտրեցի»:

Մեկ էլ մամայի ֆեյսբուքին նամակ եկավ, չգիտեմ թե ինչպես, բայց զգում էի, որ «Մանանայից» կլինի:

Ձայնը լսելուն պես հյուրասենյակից ինձ շպրտեցի համակարգչի մոտ, բացեցի, մեկ էլ տեսնեմ` ինձ ինչ որ խմբում են ներգրավել, ներսումս հանգստություն իջավ: Բայց էստեղ ճիշտ հակառակն էր: Սկսած թղթակիցներից, ուսուցիչներից ու կամավորներից բոլորը գրում են, նկարներ են տեղադրում: Հերթով տեղադրած նյութերը կարդացի, նկարները նայեցի, ասեմ` շատ ծանոթներ կան, իրենց նյութերը կարդացել եմ կայքում: Ու սկսեցի գրել իմը:

Հիմա գրում-ջնջում եմ, չգիտեմ` ոնց գրեմ: Սկսեցի, իմ հիմար սովորության համաձայն, ժարգոնով գրել ու արագ-արագ: Ամբողջը ջնջեցի, սկսեցի գրականով գեղեցիկ գրել. չնայելով անգամ տառասխալներին:

Մի խոսքով, բոլոր ծանոթներիս գրում եմ`բարև, հիշո՞ւմ ես ինձ:

Ես հիմա հպարտությամբ ասում եմ`գնում եմ ճամբար…

Ու առանց վարանելու կարող եք ինձ երանելի անվանել, քանի որ սիրտս զգում է, որ իմ կյանքի ամենահաճելի շաբաթը առջևումս է:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. նախապատմություն

Առավոտյան գնալու էինք ճամբար: Գիշերվա ժամը երեքն էր արդեն: Մտածում էի ճանապարհի, երեխաներին իրականում տեսնելու, Դիլիջան հասնելու և աշխատանքը սկսելու մասին, ու քունս սկսում էր ավելի արագ փախչել: Ժամը արդեն չորսն էր: Մի քիչ քնեցի: Առավոտ շուտ արթնացա: 

-Վա՜յ, դեռ ծնողի համաձայնագիրը չեմ տպել:

Արագ վեր կացա, զանգեցի դպրոցի տնօրենին: Ասաց, որ դպրոցում է: Գնացի, տպեցի, եկա տուն: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Տան մեջ անընդհատ գնում-գալիս էի, նորից պայուսակներս ստուգում ու, բնավորությանս համաձայն, անհամբերությունից լարված սպասում էի Քրիստինեին: Զանգեցի:

-Քի՛ս, հոպարդ չեկա՞վ:

Քրիստինեի հորեղբայրը մեզ պիտի բերեր Երևան:

-Չէ, հլա, Ա՛ն:

-Կարող ա՞ չգա:

-Աղջի, գի՞ժ ես, համբերի՛:

-Ուֆ, համբերե՞լ ա լինում:

Վերջապես դուրս եկանք: Հասանք:

Հավաքվել էինք «Մանանայում»: Գրեթե բոլորին ճանաչում էի: Մի քանիսին էլ պինդ գրկեցի:   Նրանք, ովքեր չէին եղել «Մանանայում», ծանոթացան կենտրոնին, և վերջին պատրաստությունները տեսնելով՝ շարժվեցինք:

Ուրախ տրամադրությունը հենց սկզբից պատրաստ էր: Երեխեքը իրենց բարբառներով էին խոսում: Դե, իսկ Վահեի ասածներից (Մալիշկա գյուղի բարբառը) ոչինչ չէինք հասկանում:

Եկավ ավանդական պահը. երգում էինք.

-Բազմել ես լեռներին, ունես հազար շեն…

Այսպես` ասել-խոսելով, համով բաներ ուտելով՝ չհասկացանք՝ ինչպես անցավ Երևան-Դիլիջան ճանապարհը: Հասանք Դիլիջան: Բոլորս մի քիչ սոված էինք: Ճաշեցինք ու սկսեցինք մեր աշխատանքային աշխույժ առօրյան:

Մեծ անհամբերությամբ սպասում ենք նոր տպավորություններին, որով կկիսվեմ ձեզ հետ:

Դիլիջանի մեդիա ճամբար. մեկնարկը տրված է

Ինը, տասը, տասնմեկ, մի օր էլ ու… Օգոստոսի տասներկուսն է` «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարի առաջին օրը: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից ընտրված մոտ երեսունհինգ պատանի թղթակիցները գրկաբաց հյուրընկալվել են չքնաղ Տավուշի չքնաղ Դիլիջանի «Իմպուլս» հյուրանոցում:-Այլ մոլորակ գնալիս հետս Փոքրիկ Իշխանին կտանեմ, – Լիդուշն է:

-Ես ամենաշատը կենդանիներ եմ սիրում, – սա էլ Սոֆին:

Իսկ Անահիտը կամուրջների սիրահար է եւ իրեն չի պատկերացնում առանց  Ne me quitte pas երգի:

Սա ընդամենը ծանոթության սկիզբն է, որովհետեւ առջեւում կա մի ողջ շաբաթ, որի ընթացքում` մինչ ամսի տասնութը, մեզ սպասվում են հետաքրքիր վարպետության դասընթացներ մեդիա ոլորտից, ֆոտոարշավներ, նկարահանումներ, սեմինարներ, մի խոսքով` այն բոլորը, որն անհրաժեշտ է մեդիայի ոլորտում աշխատելու, ինչու չէ, առհասարակ ստեղծագործող, վերլուծող մարդուն:

Մենկարկը տրված է, սպասեք մեր նյութերին:

Սա էլ ես եմ

Անկեղծ ասեմ, սիրում եմ խոսել իմ մասին, իմ թերությունների ու առավելությունների մասին (իսկ կա՞ այնպիսի մեկը, որ չունի թերություններ):
Նախ՝ ես Ես եմ, այնպիսին եմ, ինչպիսին կամ, տարբերվում եմ բոլորից, միևնույն ժամանակ նման եմ բոլորին: Մի աղջիկ եմ, ով ապրելով հասարակությունում՝ կարողանում է համակարանք և նույնիսկ հակակրանք առաջացնել իր հանդեպ: Ինձ վատ չեմ զգում դրանից: Ավելի լավ է լինել ուշադրության կենտրոնում, քան անտեսվել: Ես գիտեմ՝ իմ մտերմները սիրում են ինձ հենց այսպիսին:

Լավատես եմ, երբեք չեմ կոտրվում, հույսս չեմ կորցնում: Իմ մեջ ամենից շատ դուր է գալիս իմ համառությունը: Եթե ինչ-որ բան դնում եմ մտքիս, անպայման հասնում եմ, թեկուզ լինի ուշ:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Սիրում եմ պայքարել, հաղթահարել խոչընդոտներ: Հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ՝ ավելի եմ կոփվում: Չափազանց շփվող եմ, ունեմ տարբեր հետաքրքրություններ: Կարդում եմ ամենատարբեր ժանրի գրքեր, բայց հատկապես նախընտրում եմ դետեկտիվ ժանրը: Պետք է նշեմ, որ ունեմ իմ սիրելի գրողը դետեկտիվ ժանրից՝ Ագաթա Քրիստի՝ դետեկտիվի թագուհին: Ամեն անգամ զարմանում եմ նրա հերսների մտքի թռիչքվ, նամանավանդ դուր է գալիս, թե ինչպես են բացահայտում անբացատրելին, փորձում եմ սովորել նրանց նման մտածել: Բայց չմոռոանամ ասել նաև, որ լինելով ապագա սոցիալական աշխատող, ուսումնասիրում եմ մասնագիտական գրականությունը: Կարևորում եմ ուսումը և ամեն ինչ անում եմ ուսման մեջ փայլելու և ընդօրինակելի դառնալու համար: Մտածում եմ, որ այս մասնագիտությունը իսկապես իմն է: Ես կարող եմ շփվել հասարակության լայն զանգվածների հետ, իմ ուժերի ներածին չափով կարող եմ օգնել մարդկանց լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Դեմ չեմ, երբ մատնացույց են անում իմ թերությունները, քանի որ հնարավոր է` ես ինքս  իմ այդ թերությունը չնկատեմ և ուրիշների միջոցով կարող եմ շտկել դրանք: Չնայած համարձակ եմ, բայց լինում են դեպքեր, որ ինքս էլ չգիտեմ ինչու, դառնում եմ ամաչկոտ: Շատ շուտ եմ մտերմանում մարդկանց հետ: Ճիշտ է, դա ունի իր լավ կողմը, բայց լինում է նաև հակառակը: Խոստովանեմ, որ կռվարար եմ, բայց նեղացկոտ չեմ, չնայած մարդիկ երբեմն օգտվում են դրանից:

Սիրում եմ մարդկանց ճանաչել ինքնուրույն, տանել չեմ կարողանում կողմնակի միջամտությունը: Կարողանում եմ  ներել, մտածում եմ, որ առանց սխալ գործելու չէինք կարող գնահատել ճիշտը: Ինքս էլ գործել եմ սխալներ, և իմ մտերիմների օգնությամբ, իմ համառ ցանկությամբ դրանց վրա կառուցել եմ ճիշտը:

Ընդունում եմ՝ խենթությունների սիրահար եմ: Սիրում եմ, սիրված եմ, բայց իմ սերը տարբերվում է բոլորից իր խենթությամբ ու տարօրինակությամբ:

Ես երբեք չեմ փորձում նմանվել և տարբերվել հասարակությունից: Ես մի անհատականություն եմ, ով սիրում է կյանքը՝ իր վառ ու մռայլ գույներով, և փորձում է ավելի հետաքրքիր դարձնել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:

Մարդն ապրում է՝ մտածելով իրեն հուզող հարցերի շուրջ, գուցե, և ոչ:

Ինձ հուզում է այն, որ մարդկանց մեծամասնությունը քնում և արթնանում է՝ առանց հասկանալու, որ յուրաքանչյուր օրվա լույսը՝ դա հաշք է: Մարդիկ, խնդրում եմ ձեզ, կարողացեք շնորհակալ լինել, և ոչ այդքան եսասեր, միայն հարստության և բարձության ձգտող: Ես չեմ ասում, թե հարուստ լինելը վատ է: Բայց չէ, ներկա ժամանակում, եթե հարուստ ես, վերջ, դու ամենակարողն ես:

Ինձ հուզում է հենց մարդ տեսակը: Գիտեք ինչո՞ւ: Ես նրանց հետ ապրում եմ  նույն հասարակության մեջ, և տհաճ է ամեն օր ականատես լինել նենգամիտ և չարամիտ մարդկանց ստորություններին:

Ինձ հուզում է նաև իմ ապագան: Շատ հաճախ փորձելով գեղեցիկ ձևով կառուցել իմ ապագան՝ բախվում եմ ոմանց այնպիսի քայլերին, որոնք կոտրում են լավ ապագայի իմ հույերը: Կարողացեք ձեր կյանքով ապել, մարդիկ, և թույլ տվեք ինձ ու մյուսներին՝ փորձել ինչ-որ չափով ճիշտ ապրել:

Sunshine-ն ու մենք

Առավոտյան արթնանում եմ, միացնում համակարգիչս ու մտնում ֆեյսբուք.

-Միլ, բարի լույս: Ո՞նց ես:

-Ջան, բարև: Լավ եմ, դո՞ւ:

-Լավ եմ: Տես` ինչ երգ եմ սովորել:

Ուղարկում եմ բառերն ու մինչ այդ արված ձայնագրությունը, որտեղ երգում եմ դաշնամուրի նվագակցությամբ:

-Աաաա, դզեեց…

-Էս առաջին տունն ա, էս` երկրորդ: Կրկներգ չունի: Կգրե՞ս:

-Անպայման:

Հետո լիքը ուրիշ թեմաներից ենք խոսում, թե նախորդ օրն ինչ եղավ, հաջորդ օրը ինչքան լավ պիտի անցնի, թե ոնց էսինչը դուրս եկավ դպրոցից, որ արտերկիր գնա, ու թե ոնց ստացվեց, որ մաթեմի ուսուցիչը հրաժարվեց մեզ դաս տալուց:
Մեկ էլ երեկոյան, էլի համակարգչի դիմաց եմ, տեսնում եմ, որ նամակ ունեմ` Միլուշն ա.

«Տես լավ ա՞: Կարանք փոփոխենք մի երկու ակորդ»:

«Էս ինչ լավն ա: Բայց էստեղ դիր «բացիր» բառը, էս տողն էլ թող երկու անգամ կրկնվի»:

Երգը սարքում ենք ու դրանից հետո, ինչքան իրար տեսնում ենք, փորձում ենք, ուղղումներ ենք անում: Ու մի անգամ էլ ընկերուհուս տանն էինք, երբ Միլուշը սկսեց երաժշտությունը նվագել իր կիթառով, մենք էլ իրար նայեցինք ու սկսեցինք երգել: Ընկերուհուս արձագանքից հո չէինք ոգևորվել ու ուրախացել.

-Որ տուն գնաք, էս երգի լինքը կուղարկեք:

-Հա, բանը… Ը… Դե, էս մենք ենք գրել:

Էստեղ իր զարմանքն ու հպարտաուրախությունն էլ խառնվում են իրար: Հետո անցնում են օրեր:
Եղվարդում էստրադային խումբ ունենք ու ապրիլի վերջին համերգ պիտի ունենայինք մեր դպրոցի դահլիճում: Մեր երգը երգում ենք մեր ղեկավարի համար ու ինքն էլ ուրախացած ասում է, որ հենց էդ երգով էլ սկսենք համերգը: Հիմա պատկերացնու՞մ եք մեր ուրախությունը: Աննկարագրելի բան է, լուրջ եմ ասում:

Մինչ էս ամենը, էս երգի ստեղծվելը ու էս համերգը, որոշում ենք խումբ ունենալ: Անունն ենք մտածում ենք միասին.

-Իսկ եթե Sun, կամ թե Shine, արևոտ մի բան էլի:

Ասում եմ.

- Չէ, չէ: Sunshine:

Վերջ, անունն էլ ենք որոշում, ֆեյսբուքում մի «լայք փեյջ» ենք բացում ու էնտեղ տեղադրում նախկինում արած, արդեն վաղուց հայտնի երգերի քավրները (cover), որոնք մինչ էդ յութուբերների աչքի առաջ էին լինում: Մեր ընկերներն էլ էջը տարածում են, հետն էլ մեր արած քավրներն են տարածում, ու էդպես ստացվում է, որ մենք Music Band ենք:

Հաա, ասեմ, որ երգի անունը շատ պատահաբար ենք որոշել: Բեմ էինք բարձրացել, համերգի փորձերն էինք անում, ու պետք է ներկայացնեին երգի անունը: Մեկ էլ նայեցի Միլուշի դեմքին, ու միանգամից ասաց` «Շողանք միասին», դե, ես էլ համաձայնվեցի: Ավելի համահունչ անուն չէր կարող լինել:

Ու երգի հետ կապված մի պատմություն էլ պատմեմ: Ինձ համար Երևանի փողոցներով քայլում եմ, մեկ էլ մի աղջիկ երգում է.

-Ճախրենք հասնենք արևին, լույս տարածենք միասին….

Չեմ հասկանում, թե հետս ինչ է կատարվում: Ո՞նց, ախր էս մեր երգն է, մեր եր-գը, մերը: Էս աղջիկը որտեղի՞ց գիտի, է: Այ մարդ, երգում է: Ու էս ամենն իմ մտքով վայրկյանների ընթացքում է անցնում: Չեմ դիմանում, արագ շրջվում եմ, երգի հենց հաջորդ տողն եմ երգում, ու ինքը ինձ ժպտում է, ես էլ իրեն ձեռքով եմ անում ու տուն գալիս:  Գալիս եմ ու արագ զանգում եմ Միլուշին.

-Միլլլ… Մենակ իմանաս` ինչ եղավ:

-Ի՞նչ:

Սկսում եմ պատմել: Հա, ու ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ ենք զգում մենք էդ պահերին, ինչ է մեզ հետ կատարվում, ոնց ենք ուրախանում: Դրանք էմոցիաներ են, որոնք ուղղակի տեսնել է պետք, տեսնել:

Էլ ձեր գլուխը չտանեմ, եթե էս ամենից հետո, մի քիչ հետաքրքրություն առաջացավ ձեզ մոտ, համ խմբի անունը գիտեք,  համ` երգի, կարող եք ֆեյսբուքում ու յութուբում էլ գտնել, լսել ու ձեր կարծիքն ասել:

vahe stepanyan

Գովք գրպանի

Այ դու: Հա, հա հենց դու: Երբևէ մտածած կա՞ս` ինչի համար ա գրպանը: Նոր ես էի մտածում:

Մտածում եմ…

Օրինակ, դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչքա՞ն կարող ես ապրել առանց գրպանների: Հա, լավ: Կյանքը գրպանից կախված չէ, ինչ խոսք: Բայց, բայց… Բայց ախր, մի կողմից` լրիվ ուրիշ կլիներ կյանքդ: Թե՞ դու ձեռքերդ գրպաններդ չես դնում: Անհնար ա: Գոնե ասեք` երբ ձեռքերդ առանց անհրաժեշտության դնում եք գրպաններդ, ի՞նչ եք զգում: Կամ` ի՞նչ եք մտածում: Ինչո՞ւ դրեցի: Երբ ձեռքդ դնում ես գրպանդ… Մի տեսակ` եսիմ … Ինքնավստահ ես, չէ՞ զգում քեզ:

Դու գրպանումդ պահում ես երթուղայինի համար առանձին դրած 100 դրամդ: Մյուսը պահում է տան բանալին: Մյուսը` ուղղակի հեռախոսն է դրել այնտեղ: Իսկ ոմանց մոտ ուղղակի աղբ է: Դե, բայց էդ աղբն էլ հո հասարակ չի՞: Մի հատ արևածաղկի սերմ մնացել է ամառվանից՝ երբ գիշերը ընկերներիդ հետ էիր զրուցում: Մի հատ երկար մազ էլ մնացել է քրոջդ մազակալից, էն որ «ներվերն էիր էլի ուտում», դրել էիր գրպանդ, իսկ քույրդ կատաղած փնտրում էր: Բա էն «շուրուպը» որտեղի՞ց: Էն թղթի կտորը: Էն կոնֆետի թուղթը…

Էհ, էհ: Հազար-հազար հիշողություններ: Բա… Գրպանից կարա մի հատ գիրք դուրս գա: Ուղղակի մի հատ լավ փորփրի …

Ի՞նչ ա ինձ համար գրպանը: Մնացել ա փոքրիկ քարերով լցնել, որ «ռագատկից» կրակես…  Լիքը, լիքը…

ani baxumyan

Եթե «ջանը» կա

Ես Անին եմ: Ապրում եմ Էջմիածնում: 16 տարեկան, բայց արդեն ուսանողուհի եմ: Այս տարի ավարտել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցը և ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման բաժին: Հաճախում եմ ֆուտբոլի. սիրում եմ սպորտով զբաղվել, չնայած այնքան էլ մեծ ժամանակ չեմ հատկացնում:

Բնավորությանս մասին դժվարանում եմ խոսել, բայց ընկերներս ինձ ճանաչում են որպես բարի ու պարզ անձնավորություն (մեկ-մեկ ասում են՝ բարությունս ինձ շատ է խանգարում): Ամեն ինչում հասարակն եմ սիրում. օրիգինալներն արդեն անասելի շատացել են: Չափազանց լավատես եմ: Սիրում եմ կյանքը, մարդկանց, սիրում եմ ժպտալ ու ժպիտ նվիրել: Ինձ համար չկան խնդիրներ, որ չլուծվեն մի բաժակ թեյով ու նվեր ստացած անկեղծ ժպիտով:

Մարդիկ չափազանց ուշ են հասկանում իրենց ունեցածի արժեքը. ահա թե ինչն է ինձ հուզում: Աշխարհում օրական քանի՜-քանի երեխաներ լույս աշխարհ չեն գալիս տարբեր պատճառներով, իսկ մեզ տրված է լույսը տեսնելու այդ հնարավորությունը: Մենք հուսահատվում ենք չնչին խնդիրներից`չհասցնելով գնահատել այն, ինչ ունենք: Աչքեր ունենք, ձեռքեր, ոտքեր, ունենք բանականություն. մենք մարդ ենք ծնվել… Ամեն ծնվողի չի տրված նման մեծ պարգև: Գիշերը նայեք երկնքին ու կզգաք, որ անծայր տիեզերքում, ժամանակի հավերժության մեջ մենք ունենք ընդամենը սպառվող ու կարճ ժամանակ` վայելելու այն, ինչ տեսնում ենք: Իսկ ի՞նչ են անում մեզնից շատերը: Սպանում են այն ժամանակը, որ տրված է իրենց, այն ժամանակը, որ կարող էր մեկ ուրիշի կյանք լցնել, մեկի համար լույսը տեսնելու հնարավորություն դառնալ:

Այս մտքերիս մեղավորը մի պապիկ էր. մի անգամ իր բերանից լսեցի. «Ինչի՞ չոռ ասենք, եթե Ջան-ը կա»:

Ինձ հուզողը հենց սա է, իրոք, մարդկանց կյանքից հենց այս Ջան-ն է պակասում:

Քարից հաց քամող հայը

Իմ պատմության հերոսը Վայոց ձոր մարզի Արենի գյուղի բնակիչ Հայկ Ոսկանյանն է: Բայց նրա մասին մի քիչ հետո: Նախ մի փոքր նրա բնակավայրի մասին: Այս գյուղի անվանումն արդեն իսկ շատ բան է ասում նրանց, ովքեր նախընտրում են Արենի խաղողի տեսակից պատրաստված գինին, ովքեր հետաքրքրված են նախամարդու ձեռքով պատրաստված ամենահին կաշվե կոշիկի գտնվելու վայրով: Իսկ ընդհանուր առմամբ այս գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ և օժտված են հայ մարդու համար բնութագրական դարձած վաճառականի արհեստով: Այդ տեսանկյունից ինձ պազապես հիացրել է Հայկ պապիկը: Նա մերօրյա բիզնեսմեն – մենատնտես է, ով զբաղվում է խաղողագործությամբ: Եթե մեկ օր ձեզ հաջողվի հյուրընկալել նրան, դուք կհրաժարվեք այն մտքից, որ մեր օրերում օրնիբուն չարչարվող գյուղացին ապրուստ չի կարողանում ստեղծել:

Գյուղից դուրս, սարի փեշին մի գողտրիկ անկյունում նա իր ընտանիքի անդամների հետ միասին կառուցեց իր օջախը, հիմնեց խաղողի այգին ու սեփական փոքրիկ գինետունը:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Հիմա կմտածեք մասնագիտությամբ գյուղատնտեսի մասին եմ խոսում, մինչ դեռ իմ պատմության հերոսը երկար տարիներ վարորդի փորձ ունեցող, սակայն հայրենի հողը սիրող մարդ էր, ով մեծ երազանք էր փայփայում իր սրտում: Հիմա այդ երազանքը իրականություն է դարձել. իր ձեռքերով մշակած սեփական այգու խաղողից ավանդական՝ մեր պապենական եղանակով խաղողից գինի է ստանում և հենց իր տարածքում կառուցված հյուրատանն էլ հյուրասիրում իր այցելուներին:

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Լուսանկարը` Անի Կարապետյանի

Նա մասնակցում է տարբեր ագրոծրագրերի, ունի շատ հետաքրքիր գաղափարներ, և որ ամենակարևորնն է, ունի մեծ հավատ իր գործի նկատմամբ:
Հ. Գ. Կարծում եմ, որ այս մարդը լավագույն օրինակ կարող է դառնալ շատ ու շատ մարդկանց համար:

norayr shoghikyan

Հեռանալուց առաջ բարձրացեք Եռաբլուր

Երբեք Եռաբլուր ոչ տոնական օրերին չէի այցելել: Երբ այստեղ միայնակ ես լինում, միայն այդ պահին ես հասկանում այդ տարածքի իրական էներգետիկայի ողջ հզորությունը: Եռաբլուրի խոսուն լռության մեջ անցկացնելով մի քանի րոպե, սկսում ես վերաիմաստավորել կյանքդ ու հասկանում, որ պետք է ապրել այնպես, որ այստեղ ամփոփված յուրաքանչյուր հերոսի ընդհատված կյանքը շարունակվի նաև քեզանով…

Այս հսկա բարձունքում տարածությունն ու ժամանակը միանում են քամուն, որն իր հետ բերում է այստեղ հանգչող հայորդիների հերոսական շունչը, անցնում ծառերի ու երակներիս միջով և սրընթաց իջնում քաղաքի վրա: Եռաբլուրի բարձունքում իր մարտական ընկերների կողքին հանգչում է Կարո Քահքեջյանը, ում ընկերներն անվանում էին «Սպիտակ արջ»:  Կարոն ծնվել էր հայրենիքից բազում կիլոմետրեր հեռու, ապրել այլ երկրում, սակայն տեղեկանալով Արցախին սպառնացող վտանգի մասին, թողել էր ուսումն ու սիրած աղջկան և շտապել կամավորագրվելու հայրենի հողը պաշտպանելուն: Կարոյի ու մյուս քաջ հայորդիների արյունով պահպանվեց ու ներկվեց մեր հայրենիքը, որի ժառանգներն ու հաջորդ պահապանները մենք ենք:

Մի քանի րոպե անցկացնելով հերոսների շիրիմների կողքին, վերադառնում եմ տուն, իսկ ճանապարհն անցնում է օդանավակայան տանող մայրուղու կողքով: Հսկա մայրուղով մեծ արագությամբ օդանավակայան են շտապում բազմաթիվ մեքենաներ, որոնք լցված են ճամպրուկներով, իսկ ապակիների միջից երևում են մանկահասակ երեխաների տխուր դեմքերը, որոնց ծնողները նրանց տանում են իրենց սեփական հայրենիքից, այն հայրենիքից, որի ժառանգորդն ու ապագա պաշտպաններն են: Դեպի օդանավակայան գնացող այդ ընտանիքներից յուրաքանչյուրի հետ վառվում ու մոխրանում է նաև մեր պատմության հսկա գրքի դեռ չգրված էջերից մեկը:

Այսօր մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն արտագաղթն է: Վերջին 15 տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանն անվերադարձ լքել է 217 911 մարդ` իրական թվերը շատ ավելի մեծ են: Գնացողների մեջ զգալի մաս են կազմում նաև երեխաները, ովքեր դեռ պետք է ապրեին և սերունդներ տային այս հողում: Յուրաքանչյուր մեկնող պայքարելու փոխարեն գերադասում է ավելի հեշտ ճանապարհը` լավագույն կյանքի ակնկալիքով առանց վարանելու լքելով Կարոյի, Քյարամի, Մոնթեի, Ազատի և այլ հերոս տղաների արյունով ներկված հողը, որի պաշտպանությունը նաև իրենց էր ավանդված:

seda harutynyan-2

Երջանկացրեք ինձ

Երջանիկ եմ։ Կյանքում չէի մտածի, որ մի պստիկ բանից էսքան կուրախանամ։ Որ ընդամենը մի խոսակցություն` իմ մեջ, էսքան սեր կարթնացնի։ Հա, սեր։ Սեր «Մանանայի» հանդեպ։ Հիմա կասեք` էլի սկսեց «Մանանան» գովել, բայց որ իմանաք` ինչ ա՜ եղել․․․

Առավոտյան` ժամը տասնմեկին արթնացա։ Հագնվեցի ու տանից դուրս եկա` ուղևորվելով դեպի մեր Հրազդանի «Ռայկոմի»  Միկրո տանող`միշտ  մարդաշատ կանգառը։ Ինչպես միշտ` «վճարիր հարյուր դրամ` գրկիր ում ուզում ես» արտահայտությունը միտքս եկավ  ու սկսեցի ծիծաղել։ Ծիծաղում էի  ոչ թե էդ արտահայտության, այլ այն բանի վրա, որ եթե վարորդը կանգներ հաջորդ կանգառում ու մեզ հրամայեր հայավարի  խտանալ, ես արդեն, կամաց -կամաց կճզմվեի։ Ինչ, որ է։ Վատ, թե լավ, հասա հիվանդանոց։ Հիմա կասեք` ի՞նչ ա եղել։ Ոչ մի լուրջ բան։ Պետք է թղթեր վերցնեի, որ կարողանայի գործերս նոր ուսումնական հաստատություն տալ։ Բարձրացա, ու ինչպես միշտ` վերջին աստիճանին ոտքս դնելիս, գլուխս մի քիչ երկարացրի, որ տեսնեմ ինձնից առաջ կանգնած` կռվարար կանանց թիվը։ Սովորականի պես`  յոթ-ութ հոգի, բայց էդ, ինձ համար մի ամբողջ անվերջություն թվաց…«Մի հատ, հերթ կանգնեք», «Վերջինը մենք ենք»,  «Էրեխեն սոված ա» , «Ես ճնշում ունեմ, թող ես մտնեմ, բալա ջան»… Արտահայտություններ, որ ամեն անգամ լսելիս` ուզում եմ առանց  դիմացինիս տարիքին նայելու ասել․ «Դե, սթրվե′ք էլի, ձեզ էլ կհասնեն»։

Ու գալիս ա իմ ժամը, բայց վախենում եմ նույնիսկ  բռնակին կպնել` կարծելով, որ ոնց ուրիշների` էդպես էլ  իմ հետևից , «անշնորհք» վիրավորանք կնետեն:
Երբ վերջապես ավարտեցի, վերցրի թղթերս  ու գնացի հարազատ կանգառ, եկավ  շատ սիրելի երրորդ համարի «պազիկը»։ Բարձրացա` ու տեսնելով նստած ջահել տղաների,  ուրախացա` մտածելով․«Ջա~ն, հիմա մեկը կզիջի` կնստեմ»։ Բայց, ո′չ, սիրելիներս։ Մեր Հրազդանի տղաները (ոչ բոլորը)  ասես մանկապարտեզ չեն գնացել ու հարգել չգիտեն։
Մի երկու կանգառ անց մի աղջիկ բարձրացավ։ Նայեց աչքերիս ու միանգամից ասաց․ «Ես քեզ ճանաչեցի»։ Իհարկե մի քիչ շփոթված հարցուփորձ արեցի, ու պարզվեց, որ էդ աղջիկը կարդացել ա իմ 17-ում հրապարակված հոդվածները ու դուրը շատ ա եկել։ Ու, ինչ հաճույք, որ ինձ արդեն ճանաչում են։ Ճիշտ ա, մի քիչ անհարմար պայմաններում, բայց, դե։ Պարզվեց, որ էդ աղջկա անունը Սրբուհի ա։ Ու եթե ինքն իմանար, թե իր` «Ես քեզ ճանաչեցի» արտահայտությունն ինձ ինչ երջանկություն պարգևեց, հաստատ, հաճախ կասեր, որովհետև շատ բարի ու լավատես աղջիկ էր։
Ժողովու՛րդ, եթե դուք Հրազդանից եք ու հենց հիմա կարդում եք այս տողերը, բայց  ինձ չեք ճանաչում, հո′գ չէ։ Երջանկացրեք ինձ։ Դրսում տեսնելիս մոտեցեք ու ասեք, որ կարդալով հոդվածներս` ճանաչեցիք ինձ։ Կարող եք ստորագրություն էլ ուզել: Իսկ եթե անկեղծ, դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Ու էդ ամբողջ օրը մերոնց մոտ գլուխ եմ գովացել` ասելով, թե  հայտնի աղջիկ ունեք, հպարտացե′ք։