seda harutynyan-2

Մեր «բանակը»

Արթնացա։ Ձեռքս միանգամից մեկնեցի հեռախոսիս, որ ժամ նայեմ։ Ութն անց հիսուն էր։ Վա՜յ, հեսա կուշանամ, տաքսին առանց ինձ կգնա։ Արագ-արագ վեր կացա, որ հագնվեմ, մեկ էլ հիշեցի, որ վերջացրել ենք։ Նորից պառկեցի, բայց քունս էլ չէր տանում։

Կողքիս դրված էր այն թերթիկը, որի վրա ստորագրել էին ընկերներս Կոտայքի պատանի թղթակիցները դասընթացի վերջին օրը։ Վերցրեցի։ Եթե անկեղծ, սիրտս լցվեց մի քիչ։ Նայեցի Արտյոմի ստորագրածին, և մտքիս միանգամից եկավ ամեն փռշտոցից հետո ասված «էդքան էլ ճիշտ» արտահայտությունը։ Հետո նայեցի Գայանեի ստորագրությանը։ Կողքին մի մեծ սմայլիկ էր նկարել։ Ժպտացի հիշելով, թե ինչ հոգատար ու բարի է Գայանես։ Աչքս առավ Ռուզանների ու Մերիի ստորագրություններին։ Դե,  իրենցից խոսք ընդհանրապես չկա։ Ադամանդ են։ Նայեցի Արմանի գրածին ու նկարածին։ Իրեն անպատճառ կարոտելու եմ, որովհետև բարության կծիկ էր Արշակ-Շահբազյանը։
Մի պահ հիշեցի, որ վերջին պահին նկարվել էի տիկին Ռուզանի հետ։ Բացեցի նկարը։ Միանգամից դեմքիս ժպիտ  հայտնվեց։ Ու գիտե՞ք ինչ հասկացա։ Հասկացա, որ «Մանանան» մի հսկայական բանակ է ստեղծում։ Բայց էդ բանակը սովորական բանակ չի, է՜։  Բանակը բարի, պոզիտիվ ու յուրահատուկ +- 17 տարեկանների բանակ է: ` Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը: Ու ես հիմա այդ ջերմ ու պայծառ բանակի մեկ զինվորն եմ:

Eva Khechoyan

Չիրը

Սկսվեց… Նորից սկսվեց «չրի սեզոնը»: Բոլոր կանայք զբաղված են մրգեր մշակելով, եռացնելով, չորացնելով… Նույն իրավիճակն էլ մեր տանն է: Աչքերիս առաջ հազարավոր կեռասներ… Մայրս լվանում է դրանք, ու սկսվում է ամենապատասխանատու ու ծանր պահը… Կտերը…Վերցնում ես կեռասը, հանում կուտը, հետո հաջորդը… Ձանձրալի ու անհետաքրքիր գործ է, չհաշված այն պահերը, երբ կեռասի մեջ հանկարծ մի միայնակ ու մոլորված որդ ես նկատում, որը մի քանի վայրկյանով հետաքրքրություն է մտցնում գործիդ մեջ: 

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Երբ հանում ես վերջին կուտը, ճաշակում ես իրական ազատությունն ու թեթևացած շունչ քաշում: Հպարտ հայացքով նայում ես բազմաչարչար աշխատանքիդ արդյունքին: Բայց այս ամենին հետևում է մի աննկարագրելի հաճույք… Չիրն արդեն արևի տակ է, ու այնպես է փայլում, որ թվում է, թե սկուտեղների վրա թանկարժեք քարեր են շարված: Շլացուցիչ տեսարան…

Sona mkhitaryan

Բախտավորներից

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: Ուրեմն, ես 4 հոգի եմ: Կյանքում ես շատ տխուր օրեր եմ ունեցել,  որոնց հաջորդել են երջանիկ պահերս: Իսկ գիտե՞ք, որն է համարվում երջանիկ պահ: Այն, որ տխուր րոպեներին զգում ես, որ մենակ չես, որ կան այնպիսիները, որոնք պատրաստ են քեզ լսել, օգնել, հասկանալ ու օգնել նույնիսկ այն դեպքում, երբ ես սխալ եմ: Իմ անփոխարինելիների մասին մի փոքր պատմեմ:

Գոհարը ու ես նույն դասարանից ենք արդեն 11 տարի: Մենք մտերմացել ենք հենց առաջին դասարանում: 2006թ., հիշում եմ, երբ առաջին անգամ գնացինք դպրոց, զննող հայացքներով նայում էինք իրար: Իսկ արդեն հաջորդ օրը, երբ միասին` առանց մեր մամաների, դպրոցից տուն եկանք, ինչքան էինք ուրախացել, ու այդ օրվանից սկսվեց մեր մտերմությունը: Մենք այս 11 տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ ենք կռվել ու մի քանի օր անց մեզ հաշտեցրել է Գոհարի տատիկը` իմ դասվար ընկեր Խաչատրյանը: Ասեմ, որ նա եղել է և իմ, և քույրերիս դասվարը: Բոլոր երեխաները ուզում էին իրենց դասղեկը ընկեր Խաչատրյանը լինի, բայց ոչ բոլորն են մեզ նման բախտավոր:

Մեր ընկերությունն ունի իր օրենքները:

1. Վստահել իրար միշտ-միշտ-միշտ:

2. Ոչ մի գաղտնիք իրարից չպահել:

Եվ ամենակարևորը`

3. Առանց իրար շոկոլադ չուտել:

Ինձ ոչ մեկը Գոհարի նման չի ճանաչում, և հակառակը: Միշտ իրար հետ, միշտ իրար կողքի:

Լյուբան իմ անբաժանելին է: Ուր գնում եմ ինձ հետ է: Այ, օրինակ, «Մանանայի» դասընթացները, կամ «Մանանայի» հրավերները Երևան… Մեր էքսկուրսիաները, դպրոցը, պարապմունքները: Իրար վաղուց ենք ծանոթ: Դեռ 4-5 տարի առաջ գնում էինք պարի, բայց մտերիմ չէինք: Կարելի է ասել նորից ծանոթացանք ու հասցրեցինք մտերմանալ նկարչության պարապմունքների ժամանակ: Եթե ես տրամադրություն չեմ ունենում, Լյուբայի հետ օնլայն շփվում եմ, ու իր տված հարցին, թե` ոնց ես, ինչ կա, եթե պատասխանեմ`  նորմալ,  2 րոպե հետո ինձ հաղորդագրություն է գալիս… Գրված է լինում~ Անբաժանտա: Ախր, Լյուբ, ես ուղղակի չէի ուզում իմ վատ տրամադրությունը քեզ փոխանցվեր:

Ես Լյուբան ու Գոհարը շատ մտերիմ ենք ու դեռ երկար ճանապարհ ունենք միասին գնալու: Իմ բախտը հավատարիմների հարցում իրոք շատ է բերել:

Այս տարիների ընթացքում ես հասկացել եմ մի պարզ բան. լավ ընկեր ունենալու մենք ինքներս պիտի այդպիսին լինենք:

milena khachikyan

Բարեւ, ԵՊՀ

«Ջան, հաստատ անվճար եմ, բայց կարո՞ղ ա` չէ: Ի՞նչ եմ էշ-էշ ուրախացել, պարզ ա, որ անվճար չեմ: Թե՞ անվճար չեմ: Հա, ամեն դեպքում անվճար կլինեմ: Կամ երևի` չէ: Հաստատ առաջին վճարովին եմ: Գնամ՝ մեռնեմ: Չէ, այ դոդ, ի՞նչ մեռնել, անվճար եմ: Թե՞ չէ: Թե՞ հա»:

Չէ, սրանք իմ մտքերը չեն, սրանք Քեշիշյան Աստղիկի տասներկուօրյա տանջանքներն են, որ ծանոթ են երևի շատերին:

-Ա՜ստղ, շնորհավո՜ր:

Մինչ Աստղը փորձում է ուշքի գալ իր՝ համալսարանն անվճար ընդունվելու բաղձալի նորությունից եւ թողնել մեռնել-չմեռնելու անհիմն կասկածները, ես մտքով հետ-հետ եմ գնում ու հասնում ամենասկզբին:

Կար ժամանակ, երբ հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ, ես պատասխանում էի խորագույն լռությամբ:

«Ի՞նչ եմ ուզում դառնալ,- մտածում էի, – իսկ պարտադի՞ր է դառնալը, չե՞մ կարող մնալ այն, ինչ կամ, մնալ, ասենք, նույն Միլենան»:

Սրանք մտքեր են, որ գալիս են վաղ, ընդգծում քո պարզությունն ու անհետանում: Բայց մի օր հասկանում ես, որ անիսկական չէին, որ կարելի էր փորձել, ինչո՞ւ չէ:

Հիմնական դպրոցում ինձ հանդիպեց հայոց լեզվի լավագույն ուսուցչուհին, ում շնորհիվ կամ պատճառով ես երկար ժամանակ ուզում էի մեծանալուն պես շարունակել իր գործը: Նա թերեւս ամենալուսավոր կետն էր այդ դպրոցի, ում այսօր պինդ-պինդ պահում եմ հուշերումս: Ավագ դպրոցում արժանացա նույն ճակատագրին, եւ հայոց լեզվի ուսուցչուհիս նպաստեց գիտելիքներիս եւ ցանկությանս ամրապնդմանը: Բայց պատմությունը սրանով չավարտվեց, այսինքն՝ ավարտվեց այնքանով, որ քննություն հանձնեցի նաեւ բանասիրության ֆակուլտետի համար (դե հա, ես սիրում եմ ինձ տանջել) եւ անվճար ընդունվելով՝ տեղս զիջեցի անհայտ մեկին: Բայց սա՝ մի կողմ:

Այս տարիների մեջ ես հասցրի տարվել «Մանանա»-յով, կապվել 17.am-ին, սիրել խմբագրությունը, սիրել «Շավիղ»-ը, հայտնվել Լրագրողների տանը, անվերջ գրել, մի խոսքով՝ ապրել գրելով: Երազանքները՝ ինչ-որ մեկը դառնալու, բազմացան եւ վերջիվերջո հանգեցին լրագրողի մասնագիտությանը:

Աշնանը հայտնվեցի Լրագրողների տանը: Առաջին օրը հուսադրող էր, մեր ընկեր Աստղիկը՝ անսահման բարի: Սկսեցինք հանդիպել ամեն շաբաթ, մի քանի կարճ ամիսներում ընկերացանք իրար հետ: Իսկ այսօր համակուրսեցիներ դառնալու ճանապարհի վերջնակետին ենք, ու արդեն սիրում ենք իրար:

Մի քանի օր առաջ էր: Ազատված քննական մտածմունքներից՝ ինձ համար ապրում էի ու վայելում հանգիստս, մեկ էլ սկսեցին շնորհավորել: Ըստ ԵՊՀ-ի պաշտոնական կայքի` ընդունվել էի լրագրության ֆակուլտետ։ Դա հերիք չէր, մի բան էլ…

-Միլ, Միլ…Դու էլ ես անվճար,- Նանեն էր:

«Սա երազ է, վատագույն դեպքում՝ չար կատակ»:

-Իսկ լավագույն դեպքում՝ իրականություն, – կասեր վերջինս:

Գուցեեւ ասել է, որովհետեւ ես չեմ հիշում, առհասարակ ոչինչ չեմ հիշում, թե ինչ եղավ ինձ հետ այդ հաղորդագրությունից հետո: Ախր, բոլորը գիտեին, ես` դեռ չէ։ Ու չհավատացի էլ, չկարողացա… Տասնհինգ րոպե հետո համալսարանի բակում էի`արդեն լացած, քիչ մը հանգստացած ու երջանիկ։ Մեքենայից իջել էի ու վազելով հասել ցուցակներին: Թերևս ամենաէմոցիոնալ վազքն էր կյանքիս, դժվար թե մոռանամ երբեւէ. մե խինդ, մե ուրախություն, մե լաց…

Օրվա վերջն էր, ես՝ դեռ ցուցակների մոտ: Ինձ համար կանգնած էի, երբ երկու տղամարդ եկան։ Սկսեցին ուսումնասիրել ցուցակները, փնտրել իրենց ուզած անունը։ Տեղը մի փոքր լավը չէր, համ էլ` բավականին մութ էր արդեն: Տղամարդկանցից մեկը ջղայնացավ.
-Էս ի՞նչ պայմաններ են, չէի՞ն կարող կայքում դնել։
Մտածեցի` օգնեմ, դե մարդ է, չի նկատել կամ էլ չգիտի:
-Կայքում դրվել ա, ի դեպ, շատ ավելի վաղ։
Լռեց: Էն չջղայնացողն էլ մնաց-մնաց, մեկ էլ ժպտալով ասաց.
-Մեզ կայքը պետք չի, մենք հին մարդիկ ենք, մեր աչքով ենք ուզում տեսնել։
Համաձայն վերոնշյալ տրամաբանության` ես`  ևս հին մարդս, այլևս ուսանող եմ:

ԵՊՀ Ժուռֆա՞կ, բռնվի՜ր՝ գալիս ենք:

seryoja arakelyan

Անսպասելի հաղթանակ

Մայիս ամիսն էր: Հիվանդացել էի և երկու օր դպրոց չէի գնալու: Մայրիկիս խնդրեցի, որ զանգի դասղեկին և տեղյակ պահի իմ բացակայության համար: Դասղեկի հետ զրուցելու ժամանակ դասղեկս նշեց, որ դպրոցին հանձնարարություն կա տրված` մասնակցել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում կամ ապագան մեր պատկերացումներով» մրցույթին: Դասղեկս կատակելով ասաց. «Մինչև չնկարի, չի կարող բացակայել»: Ճիշտ է, դժվարությամբ, բայց նկարեցի: Նկարեցի հեռախոս, որի միջից մարդու գլուխ էր  դուրս եկել, նկարն անվանեցի «Skype-ը 2030 թվականին»: Նկարն ավարտելուց հետո տատիկիս խնդրեցի, որ առավոտյան մեր հարևանի տղայի՝ Դավիթի հետ ուղարկի դպրոց: Անցավ գրեթե մեկ ամիս, մրցույթի մասին մոռացել էի արդեն, երբ զանգ եկավ: Դպրոցի տնօրենն էր` ընկեր Աղաջանյանը: Բարևեց և շնորհավորեց ինձ: Ճիշտն ասած, զարմացած հարցրեցի. ինչի՞ համար, ընկեր Աղաջանյան: Նա ասաց, որ նկարս տեղ է զբաղեցրել և պետք է վաղը գնալ Երևան` մրցանակը ստանալու: Շատ ուրախացա, կարելի է ասել ողջ գիշեր չքնեցի` անհամբեր սպասելով, թե երբ է լուսանալու: Դպրոցում երկու ժամ դաս անելուց հետո անմիջապես գնացինք Երևան: Գնացինք, ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը անձամբ իր ձեռքով էր հանձնում առաջին տեղի մրցանակները: Մի քանի գյուղի մրցանակ հանձնելուց հետո հնչեց նաև մեր գյուղի անունը՝ Բաղանիս, շնորհավորում եմ առաջին տեղ: Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց: Ինձ թվաց երազի մեջ եմ, բայց ինձ չկորցրեցի, մոտեցա և վերցրեցի մրցանակս: Նվերը համակարգիչ էր, իսկ տնօրենին` ծաղկեփունջ և շնորհակալագիր: Մրցանակը դպրոցին էր պատկանում, և ես շատ հպարտ եմ, որ Տավուշի մարզում առաջին տեղը զբաղեցնելով, կարողացա դպրոցի համար ինչ-որ մի լավ գործ անել:

karine nahapetyan

Կորցրած տարիներս

Էկրանի մյուս կողմում նստած մարդ, եթե կյանքում գոնե մեկ անգամ առնչվել ես ինձ հետ, ապա ծանոթության հաջորդ րոպեներին ապշած հարցրել ես.

-Ո՞նց թե, 18 տարեկան ես ու էս տարի նոր իններորդ դասարա՞նն ես ավարտում:

Ես էլ` իրավիճակը շտկելու, մտավոր հետամնացի տպավորություն և մի քանի անգամ նույն դասարանում մնացածի տպավորություն չթողնելու համար, պատասխանում եմ.

-Էրեխեք, չմտածեք` դեբիլ եմ, պարզապես, էս արտագաղթի հետևանք ա:

Ասել թե` կորուստ են այդ երեք տարիները, սխալ կլինի: Ավելի շուտ ձեռքբերում են: Իսկ թե ինչի` կիմանաս հենց հիմա:
Տասնմեկ տարեկանում գնացի հայկական դպրոց, նստեցրին 3-րդ դասարան: Մտա դասարան և, մինչև նոր դասարանս կշտապեր ինձ «ընկեր»-ով դիմել և համարեր ինձ իրենց նոր ուսուցիչը, դասվարս իրենցից առաջ ընկավ և ասաց.
-Երեխաներ, ինքը այսօրվանից ձեզ հետ է սովորելու:
Եվ դասվարիս հաջորդ բառերը եղան հետևյալը.
-Եղեք ազնիվ, շիտակ, արդար…
Այս բառերը նա ասում էր ամեն օր` դասի սկզբում: Եվ եթե ինձ խնդրեն կան նույնիսկ պահանջեն հիշել տարրական դասարաններում անցկացվող դասերից գոնե մի դրվագ, ապա ես միայն այդ երեք բառը կհիշեմ, և ոչ թե նրա համար, որ ամեն օր էի լսում, այլ նրա համար, որ դա էր ամենակարևոր դասը բոլոր դասերից:
Չէ, մի բան էլ եմ հիշում:
Ամեն տառ սովորելուց հետո այն գտնում էի փողոցում որևէ մի տեղ գրած և ուրախանում այնպես, ինչպես մարդ իր լավ ծանոթին տեսնելիս կուրախանար: Բարևում էի ու անցնում: Եվ եթե 11 տարեկան հասակում անցնելով խանութի մոտով քեզանից մի վայրկյան կպահանջվեր կարդալու համար «խանութ» բառը, ապա ինձանից պահանջվեց երկու ամիս:
Հաճախ կատակում էին ինձ հետ.
-Դրսի գրածները կարդալով` սկսեցիր սիրել ընթերցանությունը:

Հա, հա, դու սպասում ես երեխաների արձագանքին:
Դե, պատմեմ:
-Վա~յ, – լսվեց մեկի ձայնը,- իրա ականջին չորսը հատ ծակ կա:
-Վը~, չգիտի, որ դպրոց ա էկել, էս կոշիկները ինչի՞ ա հագել,- լսվեց մյուս կողմից:
-Ինքը իմ մամայի բոյին ա ու մեր հետ ա սովորելու….
Մտածեցի` լռեմ ու արեցի լրիվ հակառակը… Բայց դե, տարիների ընթացքում ընկերացանք:

Ես, կարելի է ասել, շահեցի, ոչ թե կորցրի: Կողոպտվեցին երեք տարիներս, բայց այդ դատարկ տեղերը լցվեցին շատ արագ: Չեմ կարող ասել, թե հեշտ էր, և այլն: Չէ: Ուղղակի հաղթահարելի էր:

Ուղղակի արտագաղթի հետևանք է այս ամենը, որի մասին շատերը  լռում են: Ինձ նման շատերը կամ այստեղից գնալիս, կամ այնտեղից վերադառնալիս ստիպված են եղել տարիներ կորցնել: Համոզված եմ, դու էլ ինձ նման շատերին ես ճանաչում:

Դե լավ, աչքերդ ցավացին, գնա և հանգստացիր:

gevorg sargsyan

Մի փոքր հույս

Շատերի կյանքում լինում են դեպքեր, որոնց ժամանակ ասում ես` վերջ, այլևս ինչ-որ բան փոխել անհնարին է:

Իմ կյանքի դրվագններից մեկում  էլ եղել  է նման մի դեպք:  Ես ունեի ոտքերի հետ կապված խնդիր և  մտածում էի ոչինչ անել  հնարավոր  չէ: Ես պետք է ապրեմ այդ խնդրով ամբողջ կյանքս:
Որոշ ժամանակ  անց ես հանդիպեցի մի մարդու, որը նման խնդրով էր ապրում, բայց նա, մոռանալով այդ խնդրի մասին, ապրում էր այնպես, կարծես նման խնդիր իր կյանքում  չկա, չի էլ  եղել:

Համարձակությունս հավաքեցի և նրա հետ զրուցեցի: Նա ասաց.

-Կյանքը  կարճ է, իսկ մեր ժամանակը շատ երկար, որպեսզի ապրենք այնպես, որ մահվան  մահճում ունենանք  այնպիսի հաճելի հուշեր, որոնք մեզ հետ կլինեն հավերժ: Դրա համար պետք է ամեն ինչ անես, որ  լիարժեք ապրես, առաջ նայես և հույս ունենաս, որ ամեն ինչ կարող ես և լավ է լինելու։

Նրա հետ զրուցելուց  հետո, փորձեցի իմ կյանքում որոշ  փոփոխություններ մտցնել: Սկսեցի մարզվել, ջանք գործադրել, որպեսզի ոտքս  որոշ չափով  վերականգնվի: Պատկերացրեք, ստացվեց: Շատերի, անգամ ինձ համար անհավանական երազանք ունեի.  շատ էի ուզում պարի գնալ: Ծնողներս դեմ էին: Իմ կարծիքով մտածում էին, որ իմ այս ոտքով ինչ կարող եմ անել, որ  հիմա էլ
պարել կարողանամ, մտածում էին, որ գուցե ավելի վատթարանա ոտքիս վիճակը: Բայց ես նրանց ապացուցեցի, որ կարող եմ: Ես նրանց շատ համոզեցի, և նրանք ինձ պարի տարան։ Ութ տարի անընդմեջ ես պարի էի գնում: Տարիները  հաջորդում  էին իրար, կարծես մոռացել էի, որ ոտքս հիվանդ է, նույնիսկ իմ ծնողներն էին  մոռացել այդ մասին:

Ես արդեն 16 տարեկան եմ և ունեմ մասնագիտություն: Ես այսօր ունեմ իմ պարի խումբը: Թվում է, անհավանական է, բայց ես հասել եմ դրան իմ ջանքերի  շնորհիվ, հաճախ անտեսելով ցավը, չեմ հուսահատվել դժվարություններից: Ես շարունակելու եմ իմ սիրած  գործով  զբաղվել: Սովորացնելու եմ ուրիշներին էլ պարել:
Իսկ հիմա կասեմ, թե ինչու որոշեցի այս մասին գրել: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ ամեն փոքր դժվարությունից հուսահատվում: Իմ  խորհուրդը ձեզ. երբեք   հույսը  մի կորցրեք: Հույս  կա ամենուր,  նույնիսկ այնտեղ, որտեղ այլևս  թվում է` հույս  չկա: Մի աննշան  մանրուք, մի խոսք, մի մեծ երազանք  կարող  է կյանքի  կոչել մարդուն, ինչպես  իմ  դեպքում եղավ։

karen andreasyan

Կոթեցու կյանքը

Բարև ձեզ: Ես Կարենն եմ: Ապրում եմ սահմանապահ Կոթի գյուղում: Այստեղ բոլոր մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով: Ոմանք՝ այգում են աշխատում, ոմանք՝ իրենց անասունների համար խոտ են հավաքում: Անցյալ տարվա ամռանը, երբ գյուղացիները իրենց անասունների համար խոտ էին հավաքում՝ հակառակորդը սկսեց խոշոր զինատեսակներից կրակ բացել անմեղ բնակչության վրա: Բարեբախտաբար ոչ ոք չտուժեց, բայց կրակից խոտի դեզերը այրվեցին: Այրվեցին բնակիչների ցորենի, գարու արտերը, բայց՝ մեր ծառայող զինվորները և խաղաղ բնակիչները անտեսելով հակառակորդի սադրիչ գործողությունները, մարեցին կրակը: Թշնամու կրակի տակ բնակչությունը իր գործերով է զբաղվում, քանի որ այդ կրակոցները սովորական են դարձել:

Այսպիսին է սահմանապահ կոթեցու աշխատանքը և կյանքը:

Lyuba Sharoyan

Կարուսել

Կյանքը նման է կարուսելի. պտտվու՜մ է, պտտվում ու կանգնում միայն իր  ցանկությամբ: Պտույտի ընթացքում հանդիպում ես տարբեր աշխարհների մարդկանց, ամեն մեկից մի նոր բան սովորելով՝ նորից ու նորից պտտվում: Շատ հաճախ հոգնում ու պտույտից հետ ես ընկնում, բայց հետո սթափվում ՝պտույտում առաջինը մնալ  սովորում:

Կարևոր չէ պտույտի ընթացքն ու տևողությունը: Կարևորն այն է, թե ով է կողքիդ նստած կարուսելում: Իմ կարուսելը գունավոր է, քանի որ կողքիս նստողն իմ աշխարհից է:
Կարուսելը հաճախակի շեղվում է իր պտույտից՝ վերածվելով անվերջանալի թվացող ճանապարհի, ու միայն այդ  ճանապարհն է օգնում ճանաչել կողքիդ նստողին, և անգամ կարուսելիդ պտույտն ապահովող սեղմակի կրկնօրինակը տալ նրան:
Բոլորի նման ունեմ մոտ ընկերներ, բայց նրանցից մեկի՝ Սոնայի հետ է բախտ վիճակվել կարուսելում նստել կողք-կողքի: Ես ու Սոնան շատ տարբեր լինելով,  միշտ  նույն պահին, ու նույն  վայրում ենք հայտնվել: Ուր գնայի` Սոնան էր: Գնում էի ճամբար՝ Սոնան այնտեղ էր, դպրոց՝ էլի  նա, պարի՝ ինչպես  միշտ, նկարչության՝ իհարկե, նորից Սոնան: Այ,  հիմա չեմ զարմանում այդ պատահականություններից:
Ամեն ինչ փոխվեց, երբ մեր հարևանը, ով գյուղում հայտնի է իր կանխատեսելու կարողությամբ, մի օր ինձ ասաց.
-Լյուբա ջան,  բախտավոր աղջիկ ես: Շատ հաջողությունների կհասնես, բայց Ս տառով անվան տիրոջ հետ:
Դե, բան էր, ասաց: Սակայն երկար ժամանակ ինձ տանջում էր այդ Ս տառը: Նրա  ասածները պատմեցի Սոնային, չնայած նրան այդքան էլ չէի սիրում: Պատմածս լսելով Սոնան ասաց.
-Լյուբուշ, կարո՞ղ ա էդ ես եմ:
-Կարողա,- ծիծաղելով պատասխանեցի:
Իմ կարուսելը հիմա  նորովի է պտտվում,և այնտեղ նստում  ենք երկուսով: Ես  ու Սոնան  հիմա լավ ընկերներ ենք և միասին  որոշում ենք  կարուսելի ընթացքն ու պտույտի տևողությունը: Շատ ուրախ եմ, քանի որ մեր ընկերությունը պարզ ու կարուսելի նման գունավոր է: Կարևոր չէ կարուսելը, կարևոր է կողքիդ նստողը…
Տարբեր աշխարհներից նույն կարուսել նստած մարդիկ դարձել են նույն աշխարհի բնակիչ,
ու միասին են  գործի գցում այն:
Քանի դեռ մեր ձեռքերը ամուր բռնել են մեկ-մեկու, և  մեր սրտերը բաբախում են  նույն աշխարհում, մեր կարուսելը չի կանգնի:

Բարձրացիր, բարձրացրու

«Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը» 

Հարցազրույց Էջմիածնի «Սսի Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստուհի և թիմի ավագ Աննա Գրիգորյանի հետ:

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

-Աննա, ի՞նչը քեզ ոգևորեց, որպեսզի ծնողներիդ ասես. «Մամ, պապ, ուզում եմ գնալ ֆուտբոլի»:

-Դեռ շատ վաղ տարիքից դրսում էի խաղում, տղաների հետ: Հետո դպրոցում բացվեց ֆան ֆուտբոլ, իհարկե, առաջիններից էի, ով հաճախեց մարզումներին: Դա դեռ ֆուտբոլ չէր, պարզապես աղջիկների պարապմունքներ, ֆուտբոլային վարժություններ…

Ցավոք այն երկար չտևեց, ընդամենը մի քանի ամիս: Այդ պարապմունքները ստիպեցին էլ ավելի սիրել ֆուտբոլը: Միշտ ցանկանում էի խաղալ ֆուտբոլ, այնպես, ինչպես տեսնում ենք TV-ով` աշխարհի մասշտաբով խաղեր, հայտնի թիմեր, ֆուտբոլիստներ, բայց չգիտեի, որ Հայաստանում կա աղջիկների թիմ: Իսկ երբ իմացա, ոչինչ չէր կարող ինձ կանգնեցնել, որպեսզի դառնամ այդ ֆուտբոլիստուհիներից մեկը:

-Ո՞ր տարիքում հասկացար, որ ֆուտբոլի մեջ ես տեսնում քո ապագան և ցանկանում ես մարզվել:

- 5-րդ դասարան էի, երբ դպրոցում սկսվեց խմբակը:

-Ինչպե՞ս ընդունեցին ծնողներդ այդ ցանկությունդ, արդյո՞ք դժվար չէր նրանց համար այն փաստը, որ իրենց դուստրը իր ապագան ցանկանում է կերտել ֆուտբոլային դաշտում:

-Իհարկե, տարաձայնություններ եղան: Ոչ մի կերպ չէին ընդունում ու, կարելի է ասել, մինչ օրս էլ լիովին չեն համակերպվել: Սակայն երբ ինչ-որ բան ցանկանում ես ամբողջ սրտով, դու անպայման կհասնես դրան՝ կգտնես բազում ելքեր համոզելու, թույլտվություն ստանալու, ինչպես իմ դեպքում:
Բայց ժամանակի ընթացքում նրանք էլ են արդեն համակերպվում` հասկանալով ֆուտբոլի դերն իմ կյանքում:

-Ե՞րբ առաջին անգամ այցելեցիր մարզումների, ինչպիսի՞ն էին զգացողություններդ:

-2012 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ աղջիկների ֆուտբոլի միջդպրոցական  առաջնություն: Այդ խաղերից ընտրվեցին լավագույն խաղացողները և կազմվեց թիմը: 2012 ի հոկտեմբերին արդեն սկսվեցին մարզումները: Ի դեպ, այդ խաղերին մեր դպրոցի թիմը ճանաչվեց չեմպիոն:
Ես իհարկե, ոգևորված էի և ամբողջովին ինձ նվիրել էի մարզմանը: Ես վայելում էի ամեն մի ակնթարթը, իսկ այդ ժամանակ անգամ մոռացել էի մայրիկի խոսքերը, որոնք ասաց տանից դուրս գալուց առաջ. «Եթե գնում ես, շորերդ էլ վերցրու, հետ չգաս…»: Հասկանում էի, որ դրանք այդքան լուրջ չէին, սակայն տուն վերադառնալիս մեջս վախ կար:

-Ո՞րն է եղել առաջին լուրջ մրցապայքարը: Ի՞նչ էիր զգում խաղից առաջ, արդյո՞ք ցանկանում էիր ծնողներիդ ապացուցել, որ քո ապագան ֆուտբոլային դաշտում է:

-Առաջին անգամ մասնակցեցինք Հայաստանի կանանց ֆուտբոլի ձմեռային առաջնությանը հենց 2012-ի դեկտեմբերին:

Խաղից առաջ բոլորս էլ լարված էինք: Այդ ժամանակ ընդամենը կար գործող 4 թիմ, որոնք մեզանից զգալիորեն ավելի ուժեղ էին: Ամեն դեպքում, բացի լարվածությունը, անչափ ուրախ էինք և ոգևորված, իսկ ես ցանկանում էի շատ գոլեր խփել, որ գամ տուն և հայտարարեմ այդ մասին ու առաջին գոլերս էլ նվիրեմ հենց ընտանիքիս անդամներին:

-Իսկ նվերը ստացվե՞ց:

-Այդ օրը մրցույթում պարտվեցինք, սակայն ինձ հաջողվեց 2 անգամ գրավել հակառակորդի դարպասը: Եկա տուն. «Մամ, պապ, էսօրվա գոլերը ձեզ եմ նվիրում, հաջորդ խաղինը ապերին եմ նվիրելու: Դե կտեսնեք` թիմի ավագ էլ եմ դառնալու, մամ…»: Իսկ այսօր արդեն թիմի ավագն եմ:

-Աղջիկների քանի՞ թիմ կա այսօր Հայաստանում:

-Այժմ Հայաստանում աղջիկների թիմերի թիվը կազմում է 13:

-Ի՞նչ հաջողություններ ես ունեցել ֆուտբոլային ասպարեզում:

-Առաջին մրցանակս եղել է միջդպրոցական խաղերի հաղթանակը, որտեղ նաև ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստուհի և ստացել հատուկ փոքր գավաթ… Այդ մրցաշարից հետո եկա տուն, սակայն ինձ պատել էր յուրահատուկ հպարտությունը: Մտա տուն ու առաջինը վազեցի հայրիկի մոտ. «Պապ, տեսա՞ր, որ ասում էի` գնամ: Աղջիկդ լավագույն ֆուտբոլիստուհի ա ճանաչվել… Պիտի հպարտանաս…»:

Հետո արդեն 2015-ին թիմով ճանաչվեցինք չեմպիոն` Հայաստանի կանանց առաջնության  Բ ենթախմբում և մեր թիմի մասին թերթում տպագրվեց հոդված, որը մեզ շատ ոգևորեց:

-Ունե՞ս ֆուտբոլային կուռք, ով ստիպեց սիրել ֆուտբոլը, և այսօր փորձո՞ւմ ես խաղալ նրա ոճով:

-Ֆուտբոլի արքան ինձ համար կա և կմնա Լեո Մեսսին: Կցանկանայի խաղալ նրա նման, բայց դա անհնար է: Նա ուղղակի հրաշքներ է գործում:

-Աշխարհահռչակ ո՞ր ֆուտբոլային ակումբում կցանկանայիր խաղալ:

-Միանշանակ, Բարսելոնա:

-Երբևէ եղե՞լ է, որ փորձեն հարաբերություններ սկսել քեզ հետ, սակայն իմանալով ֆուտբոլային նախասիրությունդ, հիասթափվեն:

-Նման մարդիկ հիմնականում նախօրոք, մինչև որևէ քայլ ձեռնարկելն են իմանում այդ մասին: Իսկ եթե ավելի գլոբալ կերպով նայենք, ապա իմ պարագայում սա շատերի համար շարժառիթ է եղել որևէ բան սկսելու:

-Հանուն անձնական կյանքի կթողների՞ր ֆուտբոլը:

-Ոչ: Այժմ ֆուտբոլն իմ կյանքն է, ու ես հասկանում եմ, որ ողջ կյանքում չեմ կարող խաղալ: Այդ իսկ պատճառով չեմ հրաժարվի իմ ողջ կյանքի երազանքից, որին դեռ մանուկ հասակից ցանկացել եմ հասնել:

-Կցանկանայի՞ր երեխաներդ ևս շարունակեին այն ուղին, որը դու անցել ես և անցնելու ես դեռ:

-Իհարկե, ու ինքս էլ կուզենայի հնարավորություն ունենալ դեռ փոքր տարիքից խաղալ, բայց իհարկե երբեք չեմ ստիպի գնալ նույն ուղղությամբ, եթե նրանց մոտ չլինի նման  ցանկություն: Իսկ ցանկության դեպքում կլինեն լավագույններից:

-Բացի ֆուտբոլից կա՞ որևէ ոլորտ, որով հետաքրքրվում ես:

-Որքան էլ սիրում եմ ու ապրում ֆուտբոլով, իհարկե, իմ կյանքը չեմ կապում հենց ֆուտբոլի հետ հասկանալի և ակնհայտ պատճառներով: Այժմ սովորում եմ և ձգտում մասնագիտանալ ոչ պակաս հետաքրքիր ոլորտում՝ տուրիզմում, որը իր ուրույն դերն ունի իմ կյանքում:

-Իսկ որևէ համալսարանում սովորո՞ւմ ես այդ մասնագիտությամբ:

-Այո, սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում, իսկապես ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում, այդ իսկ պատճառով այլ տարբերակ չէր կարող լինել:

-Պատրաստվո՞ւմ ես համատեղել ֆուտբոլային դաշտը և տուրիզմը:

-Անկեղծ ասած, մտածել եմ այդ մասին: Տուրիզմը այն ասպարեզն է, որը պահանջում է նորություններ, զարգացում ցանկացած ուղղությամբ, ուստի այն լիովին թույլ է տալիս կատարել այդ համադրումը: Օրինակ, սպորտային տուրիզմի ուղղությամբ, և բարեբախտաբար, ֆուտբոլի տարածումը աշխարհում նույնպես թույլատրում է դա. աշխարհի խաղեր, կլասիկոներ, վերջերս տեղի ունեցած Euro 2016, և այդպես շարունակ: Տեսնենք, ժամանակը ցույց կտա:

-Ունե՞ս ավելացնելու որևէ  բան:

-Վերջում կցանկանայի ավելացել, որ պետք է փորձել կոտրել կարծրատիպը, որ կա հայ ազգի մոտ, թե` ֆուտբոլը աղջկա համար չէ, կամ աղջիկը պետք է տանը ճաշ եփի: Ոչ: Սա առաջին հերթին, առողջություն է, և հետո քո մեջ սերմանում է նպատակասլացություն և պայքարելու ուժ, ստիպում վեր կենալ ամեն անգամ ընկնելիս, ինչը բացի խաղային իննսուն րոպեներից, պետք է քո մեջ լինի ողջ կյանքում: Այն քեզ սովորեցնում է բարձրանալ և բարձրացնել թե թիմակիցներիդ, և թե քո շուրջը գտնվող անձանց:

Այսօր մենք ունենք 13 թիմ, ինչը խոսում է մասամբ այդ կարծիքի հաղթահարման մասին, ինչը շատ ուրախալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի նշել, որ եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:

Այնպես որ, պայքարեք և հասեք ձեր բոլոր նպատակներին: