Քանի դեռ աղավնիները ճախրում են

«Դո՜յ, դո՜յ, դոյ… Թռեք, աղավնիներ, ճախրեք բաց երկնքում, բայց չմոռանաք հետ գալ»:

Պապս ամեն առավոտ այսպես երկինք է ուղարկում իր աղավնիներին, ինքն էլ մտովի ամեն առավոտ դեպի երկինք ճախրում, դեպի ազատություն, ուր չկան ոչ մի կապանքներ, որտեղից աշխարհը դառնում է մի փոքրիկ փոշու հատիկ…

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Պապ, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր աղավնիներ պահել:
-Մեծ տղաս, նախքան Ռուսաստան գնալը, պահում էր այս թռչուններին: Գնալուց առաջ ուզում էր տալ ընկերներին, բայց թույլ չտվեցի: Որոշեցի պահել այնքան, մինչև վերադառնա: Հետո եկավ ու որոշեց էլ չպահել աղավնիներին, որովհետև հոգնել էր: Այդ ժամանակ էլ որոշեցի պահել ու խնամել այս թռչուններին: Սրանց թռիչքից ու թևերի գեղեցիկ բացվածքից գերող բան չկա աշխարհում: Մեր գյուղում շատ էին աղավնիները, դրանք ամեն տան բակում կային, ու դրանցով էր զարդարված գյուղը:

-Իսկ ո՞րն էր ձեր գյուղը, ո՞րտեղից ես արմատներով:
-Արմատներով սասունցի եմ, բայց ծնվել ու մեծացել եմ Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Սովորել եմ գյուղի դպրոցում: Երիտասարդ ժամանակ մեր ընկերներով սիրողական ծանրամարտով էինք զբաղվում: Ինքներս մեզ համար սահմաններ էինք դնում ու փորձում հասնել դրանց: Իսկ ուսումս շարունակել եմ Երևանում:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Աշնակից հասար Արմավիրի մարզ, գյուղ Շենիկ:
-Երբ ավարտեցի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեր գյուղում աշխատանք չկար, ու քանի որ Շենիկում նոր էր դպրոցը բացվել, ինձ նշանակեցին այստեղի դպրոցի ուսմասվար: Տատիկդ էլ էր բանասեր, ու եկանք այս գյուղ դպրոցում աշխատելու:

-Իսկ ինչպե՞ս հարմարվեցիք, որտե՞ղ էիք ապրում:
-Որ նոր էինք եկել, մայրդ ընդամենը մեկ տարեկան էր: Սկզբում մնում էինք դպրոցում, հետո արդեն շենք տվեցին, տեղափոխվեցինք, հետո ծնվեցին երկու քեռիներդ, ու էդպես…

-Ինչքա՞ն ժամանակ որպես ուսմասվար աշխատեցիր:
-Դե, ստույգ չեմ կարող հիշել, բայց մոտ 10 տարուց ավել աշխատեցի որպես ուսմասվար, նաև դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն: Իսկ 1989-ին ընտրվեցի տնօրեն:

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Գիտեմ, որ քո երեխաների ժամանակ էլ ես տնօրեն եղել ու հիմա թոռներիդ ժամանակ էլ: Դժվարություններ չկա՞ն արդյոք:
-Դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է կարողանաս դպրոցում լինել «ընկեր Հայրապետյան», իսկ տանը ընտանիքի հայր: Որքան հնարավոր է, երեխաներիս հետ եղել եմ որպես տնօրեն և տարբերություններ չեմ դրել, շատ անգամ նրանց հետ ավելի խիստ եմ եղել, քան մյուսների:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես դպրոցի հետ կապված:
-Մի անգամ Սոնայենց դասարանի երեխաները (Սոնան մայրս է) ինչ-որ չարություն էին արել: Բարկացա, ուղարկեցի բոլորին տուն, որ ծնող բերեն: Մեկ էլ տեսնեմ Սոնան եկավ, (դե ջղայնացած եմ) ասացի` ինչի՞ ես առանց ծնող էկել: Նայեց, նայեց ու լացելով ասաց.
-Ու՞մ բերեի: Մաման դպրոցն ա, դու էլ ինձ ասում ես` գնա ծնող բեր: Ո՞ւմ բերեի…

Ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց չեմ մոռանում:

-Պապ գիտեմ, որ վերջին տարին է, որ աշխատում ես դպրոցում, թոշակի ես գնալու: Ի՞նչ ես զգում:

Այս հարցից հետո պապս լռեց: Ինքս ինձ մեղադրում էի այս հարցի համար: Չէր խոսում, բայց աչքերի մեջ տարիների հետքը տեսա: Զգում էի, որ այդ «վերջին» բառով պապիս թույլ կողմին դիպա:

Ողջ տարիների կյանքը, թե՛ լավ, թե՛ վատ օրերը, եկան ու անցան աչքի առաջով: Ասես նորից հետ դարձավ այն օրերը, երբ նոր էր եկել այս դպրոց: Դուրս գնաց, առանց ինձ նայելու…

Բայց մի բան հստակ է. աղավնիները դեռ կան, ու քանի դեռ դրանք ճախրում են, պապս հավերժ երիտասարդ կմնա, որովհետև աղավնի պահելու համար տարիք գոյություն չունի, նրանց թռիչքին վերջ չկա, ու ոչնչի վերջ չկա…

անի հարությունյան /մայիսյան/

Վերջինը

Մայիսյան արևոտ օր է, տոնական տրամադրություն, շուրջս աղմուկ է, եռուզեռ: Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին ուսումնական տարվա ավարտը` ևս մեկ սերունդ ճանապարհելով դեպի նոր կյանք: Նայում եմ շրջանավարտներին, ու տարօրինակ զգացում է համակում սիրտս: Մեկ տարի անց արդեն ես կանգնած կլինեմ այդ բեմում, նոր կյանքի սահմանագծին: Ինչքա՜ն բան կա անելու այս մեկ տարվա ընթացքում, դպրոցական վերջին տարվա:

Արդեն արձակուրդ է, իմ դպրոցական վերջին ամառային արձակուրդը: Առանց քննությունների, անհոգ պատանեկության վերջին ամառը:

Ինչքան շատ են «վերջինները», իմ դպրոցական վերջին տարվա «վերջինները»… Վերջին սեպտեմբերի մեկ, վերջին «Ոսկե աշուն», վերջին «Նոր տարվա հանդես», վերջին զանգ… Հաճախ անգիտակցաբար եմ այդքան սպասում, տենչում, պատկերացնում «Վերջին զանգս»: Բայց երբ սկսում եմ մտածել իմ մանկության, ընկերների, անհոգ կյանքի մասին, ուզում եմ անվերջ երկարի իմ դպրոցական վերջին տարին:

Ասում են` մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել, երբ ծերանում են: Չեմ կարծում: Միշտ էլ մանկության օրերը հիշելիս ուզում ես վերադառնալ ու մնալ այդ աշխարհում: Սակայն այդպես չի լինում:

Ինչ արած, ամեն լավ բան մի օր ավարտվում է, բայց այդ ավարտը մի նորի սկիզբն է ազդարարում: Բոլորիս էլ կանչում ու ձգում է նոր կյանքը: Քայլում ենք ժամանակի հետ, քայլում են մեզ հետ տարիները: Մնում է միայն վերցնել ու մեզ հետ տանել կյանքի լավագույն պահերն ու հիշողությունները:

անի կարապետյան

Այդ չարաբաստիկ «թոշակային տարիքը»

Ա՜խ, այդ չարաբաստիկ «թոշակային տարիք» հասկացությունը։

Վերջին ժամանակներս մեր ընտանիքում ավելի հաճախ են այդ մտահոգությամբ ապրում։ Իսկ պատմությանս հերոսը տատիկս է։ Նա շուրջ 47 տարի աշխատում է մեր քաղաքային հիվանդանոցում՝ որպես բուժքույր։ Նա շատ բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող է, անչափ շատ է սիրում իր գործը և մեծ նվիրումով է աշխատում։ Ամեն աշխատանքային երեկո, երբ նա այցելում է մեզ, ես լսում եմ տատիկիս ու մորս զրույցները՝ օրվա անցուդարձի, հիվանդների առողջական վիճակի ու էլի շատ ու շատ մասնագիտական հարցերի մասին։ Նա արդեն թոշակային տարիքի է, և հնարավոր է, որ շատ շուտով այլևս չաշխատի։ Այս փաստի առնչությամբ մեծ տրտմություն կա տատիկիս ներաշխարհում։ Աշխատանքը նրա կյանքն է, նրա առօրյան, կենցաղի մի մասը։
Կուզենայի փարատել տատիկիս մտահոգությունները, բայց ինչպե՞ս, երբ խոսքերն ավելորդ են։

Կարծում եմ, որ որոշ մասնագիտությունների համար այդ թոշակային տարիքի սահմանագիծը պետք է անհրաժեշտաբար բարձրացնել, կամ թողնել, որ նրանք աշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի են։ Չէ որ այդ մասնագիտությունների մեջ կարևոր են մասնագիտական հմտությունը, աշխատանքային փորձառությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ են բժիշկները աշխատում տարիքային սահմանափակումով։

Հեռուստատեսությամբ լսեցի, որ որոշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, նույնպես քննարկվում է թոշակային տարիքի սահմանագծի բարձրացման հարցը։
Ես ու եղբայրս որոշել ենք դառնալ բժիշկ։ Մեր որոշումը անչափ տատիկիս սրտով է, միայն տխրում է, որ երբ մենք բուժական պրակտիկան անցնենք մեր հիվանդանոցում, նա հավանաբար այլևս այնտեղ աշխատելիս չի լինի։

Ես կցանկանայի, որ մեր երկրում թոշակի անցնող յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահովված զգար ու վաստակած հանգստի անցներ, առանց մտահոգվելու, թե ինչպես է աննշան թոշակով իր կեցությունն ապահովելու։

Տեսնես ե՞րբ է գալու այդ օրը․․․

Sose zaqaryan

Ձորեր տանող ավտոբուսը

Ժամը 5-ն է: Ուր որ է` կլսվի մեր ավտոբուսի ազդանշանը: Ու այսպես ամեն օր, օրը երկու անգամ: Եթե նստես ձորեր բերող այս ծիրանագույն ավտոբուսը, կարող ես լիովին պատկերացում կազմել ձորերի մասին:

Տարիների հոգսը չի փոխել մեր ավտոբուսը: Մեկը գնում է իր այգի, մյուսը` Երևան,  հաջորդը` վարկ փակելու կամ թաղում: Դրանք  են  այն կրկնվող պատճառները, որ մարդիկ օգտվում են ավտոբուսից: Եթե լուռ նստես և լսես, կհասկանաս, թե ով ում բարեկամն է, ով երբ է ամուսնացել, ինչ գործեր է արել Ռուսաստանում և այլն:

Ու այդ ավտոբուսը Սիսիանից-Շենաթաղ ճանապարհին անցնում է Որոտնավանքի, Դավիթ Բեկի բերդի, Որոտանի կիրճի, Ըրզվանի կամուրջի, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիների կողքով: Տատիկները իրենց  թոռնիկների համար հարսնացուներ են ընտրում: Հին ծանոթները, իրար երկար տարիներ չտեսնելուց հետո, հենց ավտոբուսում են իրար հանդիպում:

Ես շատ մարդ չէի ճանաչում մեր և հարևան գյուղերից, մինչև չսկսեցի ավելի հաճախ ավտոբուս նստել: Արդեն գիտեի՝  ով որտեղ է իջնելու, ով ինչ չափի գումար է տալու և ինչքան մանր ստանալու: Ով է ում տոմսը ստանալու:

Առաջին նորությունները հենց ավտոբուսում են քննարկում: Խորհրդային տարիներին ասում էին.
-Նորությունները կամ կոլխոզից պիտի գիդաս կամ ալ փոստից:

Բայց հիմա ժամանակները փոխվել են, փոխվել են նաև մարդիկ. ոչ փոստ կա, ոչ կոլխոզ: Նրանց փոխարինելու են եկել բջջային հեռախոսներն ու համակարգիչները: Մարդիկ ավելի զգուշավոր են իրենց արտահայտությունների մեջ, և նորությունները միայն ավտոբուսն է բերում ու տանում:

Գոհաբանության քարերը

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Սիրելի զբաղմունք… Շատերին այս հարցը երկար մտածելու տեղիք է տալիս: Իսկ ես ձեզ վստահ կասեմ` քարեր: Գիտեմ, գիտեմ, որ զարմացած եք: Հիմա կբացատրեմ:

Քայլում ես փողոցով և տեսնում ես մեծամասամբ շտապող, տխուր կամ էլ մտամոլոր մարդկանց: Որոնք չեն նկատում շուրջը կատարվող գեղեցիկ երևույթները (անկախ եղանակից): Հիմա կասեք,  բայց դա ի՞նչ կապ ուներ քարերի հետ: Սիրում եմ քայլել` ոտքերիս տակ նայելով: Իսկ ոտքերի տակ նայելով այս գեղեցիկ ու քարքարոտ երկրում չես կարող չնկատել քեզ «ժպտացող» և կարծես խոսող քարերը:

Պատմությունն սկսեց Նորավանքից` երբ ես մի քանի տարի առաջ Նորավանքի ճանապարհին գտա իմ շնորհակալության քարը: Քարը շատ գեղեցիկ էր: Ես վերցրեցի այն: Այն ժամանակ դեռ փոքր էի և կարծում էի, թե քարը ինչ-որ բան է ուզում ինձ ասել: Շարունակ զրուցում էի հետը, իսկ նա լուռ լսում էր:

Ես նրան բերեցի տուն, մի լավ «լողացրեցի» և պահեցի մոտս: Տանում էի նրան դպրոց և զմայլվում նրանով: Դրանից հետո ես սկսեցի նկատել նաև փողոցի տարբեր քարեր և բերել տուն: Նրանք դարձան իմ օրվա մի մասը: Երբ ես տխուր եմ լինում, քարերիս նայելով լիցքաթափվում եմ, քանի որ նրանք իրենց մեջ մեծ էներգիա են պարունակում:

Փոքր տարիքում մտածում էի, թե պետք է զգույշ խոսել, չբարկանալ, չգոռալ փողոցում,  քանի որ  քարերը իրենց վրա են վերցնում այդ ամբողջ բացասական էներգիան: Այժմ զարմանում եմ ինձ վրա. ինչպե՞ս կարող էի այսպիսի մտքեր ունենալ…

Ընկերներս  էլ իմանալով իմ, իրենց կարծիքով, տարօրինակ զբաղմունքի մասին,  ինձ  նվիրում էին  հետաքրքիր և տարբերվող քարեր: Անգամ ուսուցչուհիս է ինձ նվիրել: Ես դա երբեք չեմ մոռանա:

Տարիքիս հետ  ավելանում էին իմ քարերը: Դրանք կողք-կողքի  դրած, կարծես մի պետություն լինեն, կամ  էլ մարդիկ, որոնց մի մասը ներսից են գեղեցիկ, ոմանք էլ` դրսից, բայց ներսից փուչ են:

Մի գեղեցիկ օր նստեցի և սկսեցի մտածել. Ինչո՞ւ պետք է այս քարերը ուղղակի մնան տուփի մեջ: Եթե այդպես էր, թող փողոցում մնային: Եվ ես հիշեցի մի շատ հետաքրքիր ֆիլմ, և իմ ամենասիրելի քարը դարձրեցի «շնորհակալության քար»: Ես նրան միշտ պահում եմ մոտս և, ամեն առավոտ այդ քարը տեսնելով, շնորհակալություն եմ հայտնում խաղաղ գիշերվա,  հիասքանչ օրվա,  հարազատներիս  առողջության  և ամեն ամեն ինչի համար:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Հնարավորություններ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են: Ուղղակի դրանք մարդիկ չեն տեսնում, շնորհակալ չեն լինում և, դրա փոխարեն, տրտնջում են: Այդ ամենը քաջ գիտակցելով, ես մտածեցի, որ այն քարերը, որոնք ես կբերեմ տուն, կնվիրեմ արժանի մարդկանց որպես շնորհակալության քարեր: Ամեն առավոտ շնորհակալություն  հայտնելով, մարդիկ դրական զգացումներ կսփռեն իրենց շուրջը և օրը կսկսեն ուրախ:

Իմ կարծիքով, պետք է հավատալ երազանքներին ու շնորհակալություն հայտնել, որ դրանք արդեն իրագործվել են և պիտի իրագործվեն: Տեսեք, թե այդ փոքրիկ քարը ինչպես կարող է փոխել ձեր կյանքը, եթե դուք դրան հավատում եք: Չէ որ այն, ինչ շատ ես ուզում և հավատում ես, անպայման իրականանում է:

Ահա իմ քարերի հավաքածուի պատմության առաջին մասը:

emanina

Ազնվազարմ մուրացկանը

Իսկ ես ամեն ինչ լցրեցի մեջս և պատասխանեցի` «լավ», քանի որ ես արդեն փորձառու դիվանագետ եմ և կարող եմ ուրիշ երկրում լիակատար պաշտպանել իմ շահերը: Ես գիտեի, որ ցավոտ կլինի, բայց չէի ուզում ցավեցնել:

Ամեն ինչից մի կողմ քաշվեցի ու գրեցի, գրեցի շատ տարբեր բաների մասին, շատ երկար ու անհասկանալի տողերով գրեցի, ահավոր դժվար և անգամ իմ կողմից զարմանալի, ամեն բառից հետո վիրավորանք գրելով քննադատեցի ամեն ինչ՝ կյանքում ամեն մի շարժում, ամեն մի ներշնչած և արտաշնչած օդ: Քննադատեցի ամեն մարդու ամեն բջիջը և բջջի գործառույթը: Շատ երկար գրեցի և արդեն ավարտում էի, երբ զգացի, որ սխալ է, պետք չի քննադատել: Քննադատելով ոչ մի արդյունքի չեմ հասնի, ոչ ոք չի ցանկանա քննադատածս կարդալ: Ջնջեցի բոլոր գրածս նախադասությունները, ձևի պարագաները, վերաբերականները, ձայնարկությունները, որոնք անիմաստ էին: Չթողեցի ոչ մի շաղկապ և ոչ մի ստորակետ: Սկսեցի նորից՝ առանց քննադատելու, ամեն անարժանիք արժևորելու, ու գրեցի:

Նա անկարող է, ինչպես մուրացկանը, երբ նայում է անցորդի աչքերի մեջ` աղերսելով գումար, իսկ ոչ մի անցորդի գրպանում գումար չկա, որ փոխանցի նրա սառը և կոշտ ձեռքերի մեջ: Բանն այն է, որ նրան գումար պետք չի, անգամ, եթե նրան առաջարկեին միլիոններ: Ուրիշ բան է պետք նրան, որը վաղուց սպառվել է, ծախսվել, ու նույնպես թողել բոլորին սնանկ վիճակում:

Կյանքի առաջ բոլորս էլ մուրացկան ենք, մի տարբերությամբ, որ որոշները գումար են մուրում, որոշները` զգացմունքներ: Իսկ կյանքը ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում ու չի տալիս ոչինչ ու շարունակում է առաջ քայլել, իսկ մուրացկանները շարունակում են փողոցում նստել ու սպասել մի բանի, որը կփոխի ամեն ինչ: Իսկ ուրիշ մարդիկ իրենց տներում թեյ են խմում, ամեն ինչ փոխում ու նստում են սպասելու շարունակությանը:

Իսկ Քամին շարունակում է ահռելի ուժգնությամբ փչել: Սակայն Քամին էլ անզոր է մուրացկաններին քշել: Նրանք, մեկ է, շարունակում են…

Իսկ դրանք միայն քամիներ են: Հասկանալ է պետք և շարունակել ապրել:

Իսկ սուրճը արդեն եփել է: Ամեն ինչ շատ վաղուց արդեն պլանավորված էր և կարգավորված: Սպասելու ժամանակ արդեն էլ չկար: Կյանքը արդեն ամեն ինչ դասավորել էր և սպասում էր նրա միջամտություններին: Պետք էր վեր կենալ և գնալ: Հեռանալ և չվերադառնալ: Գիտեին, որ կգա ժամանակ, մեկը կասի, որ էլ այդքան ոչ ոք չի սպասի: Հերիք է, վեր կացեք: Այլևս չի թույլատրվում: Դուք մեր անկոչ և անընդունելի հյուրն եք: Բայց նրան պետք էր, որ շարունակեր նստել և երազեր կանգնելու մասին:

«Պարոն, արդեն ժամանակն է փողոցից տուն բարձրանալու: Ձեր սուրճը պատրաստ է»,- ձայն տվեցին նրան և բռնելով նրա հայացքը, ավելացրեցին. «Կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ տուն»:

Հ.Գ. Կարճ պատմություն ազնվազարմ մուրացկանի մասին:

Երևանից Չորաթան կամ ընկեր Խամոյանը

Մարգարիտային ճանաչում եմ մոտ երկու տարի ու ծանոթությունից շատ կարճ ժամանակ անց հասկացա, որ ամենագեղեցիկ ու հետաքրքիր ծանոթություններից մեկն է: Մի օր էլ ասաց, որ դիմել է Teach for Armenia ծրագրին և հավանաբար Լոռու գյուղերից մեկում ուսուցչուհի կաշխատի:

Ուրախացա. շուտ-շուտ հանդիպելու հեռանկարը մեծ էր: Բայց Մարգարիտան տեղափոխվեց Տավուշի մարզի Չորաթան գյուղը, որտեղ էլ այժմ ապրում և աշխատում է: Ընկերներիս շատ եմ պատմում Մարգարիտայի մասին, հպարտ-հպարտ նշում եմ, որ Չորաթանում է աշխատում , ու երբ «տեղը չեն բերում» գյուղը, ավելացնում եմ. «Դե , էն որ միշտ կրակոցներ են լինում»:

2016-ին Մարգարիտային մեկ անգամ եմ տեսել, մեր քաղաք ՝ Վանաձոր էր բերել իր աշակերտներին՝ մասնակցելու անգլերեն պոեզիայի մրցույթին:

Ամենաառաջին հարցազրույցս հենց նրա հետ է:

-Նախ և առաջ ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ ՝ դիմելու TFA-ին:

-Հզոր հայրենիքի հիմքը կիրթ ու նվիրված երիտասարդությունն է: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի առաքելությունն է` ընձեռել հնարավորություն բոլոր երեխաներին ստանալու որակյալ կրթություն, և իր մասնակիցներին ուղարկում է հեռավոր ու ամենածանր վիճակում գտնվող դպրոցներ, որոնց անհրաժեշտ են տվյալ առարկայի որակյալ մասնագետներ: Ես շատ էի ուզում աշխատել հեռավոր գյուղում ու երեխաների հետ: Երեխաների հետ աշխատելը մի այլ կարգի հաճույք է պատճառում ինձ, ուստի սա շատ լավ հնարավորություն էր բացահայտել ինքդ քեզ ու նոր համայնքը:

-Վճռական քայլ է, գիտենք՝ սկիզբը դժվար է. սեփական փորձով միշտ համոզվում ենք: Սկզբնական շրջանում առաջացա՞ն խնդիրներ` թե՛ դպրոցի, թե՛ Երևանից Չորաթան կտրուկ անցումի հետ կապված:

-Փոքրիկ գյուղ, որտեղ բնակչությունը պարծենում է իր գյուղով, ու ամեն ինչ փորձում են անել իրենց գյուղի բարօրության համար: Զարմանում ես` տեսնելով, թե փոքրիկ գյուղում ինչպես են դպրոցում հոգատար ու մեծ սիրով աշխատում մանկավարժները և տնօրենը: Խնդիրներ չառաջացան. ուղղակի պետք էր շատ արագ ընտելանալ ու ընդգրկվել համայնքին:

-Չորաթանում լինելը արդեն ծրագրերիս մեջ է մտնում:
Օտար
լեզուների հանդեպ սերը դպրոցական տարիներին երես է թեքում հաճախ: Ինչպե՞ս ընդունեցին աշակերտները. նոր ուսուցչուհի, այն էլ ՝ անգլերենի:

-Տարվա սկզբում, երբ հարցնում էի, թե իրենց սիրելի առարական որն է, մեծամասնության սիրելի առարկան ֆիզկուլտուրան էր: Շատ աշխատանք կար անելու, բայց տեսնում ես  արդյունքը, որ աշակերտներդ շատ են սիրում անգլերենը. գրադարանից անգլերեն հեքիաթի գրքեր են վերցնում ու կարդում, ծննդյան օրերին փորձում են կենացները անգլերեն ասել: Երբ նոր ես լինում, քեզ սիրով են ընդունում, քանի որ նոր ես, բայց կարևոր է , որ դա շարունակական լինի, ու քեզ և առարկադ միշտ սիրեն:

-Երազանքների ուսուցչուհի, ի՞նչ ես սովորել չորաթանցիներից:

-Աշակերտներից շատ բան կարող ես սովորել: Իրենց փոքրիկ աշխարհում իրենք փորձում են ամեն ինչ հավասար ու ազնիվ ձևով անել: Շատ արագ զգում են քո մտադրության մասին ու փորձում են քեզ օգնել:

Եվ պահ է լինում, հասկանում ես, որ դու իրենց նման ես քեզ պահում: Հաճելի է կտրվել կյանքից մի քանի ժամ ու փոքրերի հետ վերապրել այդ ամենը:

-Այսքանից հետո, իհարկե, բարդ հարց եմ տալիս. ինչպե՞ս ես պատկերացնում հրաժեշտը:

-Դժվար է պատկերացնել ու չեմ էլ փորձում, բայց աշակերտներս հաճախ են ինձ հիշեցնում՝ հարցնլեով` հաստատ չե՞ք մնա այստեղ կամ մինչև 12 -րդ դասարան չե՞ք դասավանդի մեզ: Նույնիսկ ձմեռային արձակուրդի ժամանակ արդեն շատ էի կարոտել աշակերտներիս ու անհամբեր սպասում էի , թե երբ եմ տեսնելու: Հենց մտա դասարան, տեսա` ինչ ուրախությամբ էին աշակերտները սպասում ինձ:

Հրաժեշտները ծիծաղով են լինում մեկ-մեկ, երբ վստահ ես, որ կվերադառնաս քո՝ կյանքի ինչ-որ պահին ինչ-որ տեղ թողած մասնիկի մոտ:

Մարգարիտայի հետ անվերջ կզրուցեի, էլի հարցեր կտայի, բայց հեռահար հարցազրույցից դժվար քիչ բան կա: Ինչևէ, հարցազրույցի մտքից հետո մոտս մի միտք էլ առաջացավ ՝ նրա աշակերտներից մեկին՝ 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանին (ում հետ ծանոթացել էի Անգլերեն պոեզիայի մրցույթի ժամանակ), խնդրել մի փոքր պատմի Մարգարիտայից: Ստորև ներկայացնում եմ Հայկի տպավորությունները.

«Իր մեջ ամենից շատ բոլորը գնահատում են աշխատանքի հանդեպ անսահման նվիրվածությունն ու մեծ սերը:

Ինձ համար կարևոր հատկանիշներից մեկը հայրենիքի հանդեպ տածած սերն ու անընդհատ որևէ օգուտ տալու փորձն է… էն որ եկել ա Երևանից սահմանամերձ փոքրիկ գյուղ, որտեղ տների մեծ մասը կիսախարխուլ են, մարդիկ` քիչ, ու փորձում ա իր փոքրիկ ներդրումն ունենալ մեր երկրի լուսավոր սերնդի վրա:

Գրավող հանգամանքներից մեկն էլ այն ա, որ ինքը շատ խելացի ա ու զարգացած: Կարծես դպրոցական լինի. անընդհատ նոր բան ա ուզում սովորի, փորձի, առաջ գնա:

Ու դրանով շատ ա օգնում:

Համ էլ լայքում ա շուտ -շուտ ԴԴ» :

 

Հարցազրույցը վարեց Անահիտ Ղազախեցյանը

 

hayrapi baghdasaryan

Վերջին զանգից հետո կամ անհոգ պատանեկության թերթված էջը

Չեմ ուզում մեծանալ: Չնայած չեմ էլ պատրաստվում: Բոլոր զգացմունքներս խառնվել են իրար: Երբ առավոտյան պատրաստվում էի գնալ ավարտական միջոցառմանս, ամեն րոպե հուզմունքս ավելի էր շատանում: Դպրոց մտնելուն պես տեսա դասղեկիս՝ գեղեցիկ կոստյումը հագին ու մի տեսակ շփոթված: Տասներկուսներով իրար էինք շնորհավորում, գրկում, խառնվել էինք իրար: Սկզբում թվում էր, թե ուղղակի հերթական միջոցառումներից մեկն ենք անցկացնում, իսկ այսօր, երբ ամեն բան վերջացել է, գիտակցությունս չի ուզում ընդունել, որ ես այլևս աշակերտ չեմ, որ դպրոցս էլ իմ երկրորդ տունը չէ:

Առաջին դասարանում շարքով բուֆետ ենք գնում… Երևի շատերը երգելով կարդացին այս նախադասությունը: Հիշում եմ, հենց շարքով էլ գնում էինք: Բեմ բարձրանալուց առաջ 12 տարիներս հերթով հիշում էի: Առաջին դասարանի 50-դրամանոց բուլկին, որ հազար մասի կբաժանեինք, միայն թե բոլորին հասնի: Հիշում էի դասարանցիներիս հատ-հատ: Ամեն մեկիս չարություններն ու բարությունները, առաջին ուսուցիչներիս: Հիշում էի մանկական մեր կռիվները, իրար մազ քաշելն ու խաբելու օրերը, անմեղ սիրային նամակներ գրելը: Կարոտում եմ: Երբ իններորդ դասարանն էինք ավարտում, երկու օր շարունակ լաց էի լինում, չէի ուզում նոր դպրոց, իսկ այսօր սիրտս լցվում է ավագ դպրոցիս հրաժեշտ տալուց:

Չարություններիցս մեկը պատմեմ, որ երևի վերջինն էր: Որոշել էինք մի զավզակություն անել, ու ես եղա այն «ռիսկովը», ով ողջ գրատախտակին մոմ քսեց, որպեսզի ուսուցչուհին նոր հավասարումներ չբացատրի: Միջոցառման ժամանակ խոստովանեցի, որ ավազակը ես էի: Վստահ եմ` ներել է:

Դասարանում 19 աղջիկ ենք, 3 տղա, դասղեկս էլ՝ տղամարդ: Հաստատ դժվար էր 19 աղջիկների դասարան կառավարելը, բայց մեր դասղեկը պատվով կատարեց իր «առաքելությունը»: Պատկերացրեք, տասնինը աղջիկ ամեն օր նույն դասարանում, հազար ու մի տարաձայնություններ, վեճեր, բայց նաև հազար ու մի անկեղծ ժպիտներ: Երեկ էլ այդ ժպիտների տակ կարոտ ու ափսոսանք կար:

Տասներկու տարիները 12 օրվա պես անցան: Արագ, որ չհասցրինք էլ ողջ ջերմությունը զգալ: Էլ չենք վիճի վերջին զանգի փորձերից ուշանալու պատճառով, էլ չենք զանգի իրար ու ինն անց կեսին փորձի չենք կանչի: Էլ գրավորներին  «շպո-ներ» չենք փոխանցի իրար կամ էլ «2» ստանալու թանկ գնով դաս պատմողին չենք հուշի` «Բագրատունյա՜ց…»: Էլ աշակերտ չենք լինի:

Ես դեռ շատ եմ գնալու դպրոց, բայց արդեն ոչ թե աշակերտ, այլ իր երկրորդ (գուցե առաջին) տունը կարոտած ուսանող:

Խոստացել ենք ու ստորագրել, որ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 5 տարի հետո նորից հավաքվելու ենք ողջ դասարանով ու 2016-ին գնած կոնյակը հենց այդ օրն ենք բացելու: Խոստացել ենք իրար չմոռանալ…երբեք չմոռանալ:  Խոստացել են ինձ չմոռանալ, իմ շատախոսությունները, կատակները, գժությունները: Խոստացել եմ ոչ ոքին չմոռանալ:

tatev aghazaryan

Ջեյն Էյր և քույր Քերրի

Տարբեր գրքեր և տարբեր հեղինակներ՝ Շառլոթ Բրոնտե և Թեոդոր Դրայզեր: Սակայն ես շատ նմանություններ եմ գտել նրանց միջև: Օրինակ, հենց այն, որ երկուսն էլ չափահաս տարիքում մեկնում են օտար քաղաք աշխատելու նպատակով, երկուսն էլ շա՜տ փորձությունների մեջ են ընկնում սիրո և այլ գործոնների պատճառով: Ցավոք, Քերրիի կյանքը վատ ավարտ է ունենում: Մեջբերեմ գրքերից մի քանի հատվածներ:

«Օ՜, Քերրի, Քերրի, պատուհանի մոտ ճոճաթոռին նստած դու պետք է երազես մի երջանկություն, որը երբեք չես վայելելու…»

Քերրիին սիրում էին երկու տղամարդ, որոնցից մեկը ամուսնացած էր: Քերրին սիրում էր Հերթսվուդին (ամուսնացած տղամարդուն), ով ստի միջոցով կարողացավ Քերրիին տանել օտար քաղաք: Իմ կարծիքով, Հերթսվուդը թույլ տղամարդ էր, քանի որ չկարողացավ դիմանալ կյանքի փորձություններին և ինքնասպան եղավ: Իսկ մյուս տղամարդը անհետ կորավ Քերրիի կյանքից: Իսկ Քերրին իր աշխատասիրության և համառության շնորհիվ դարձավ հայտնի դերասանուհի:

Եվ ահա լավագույններից մեկը, որով փորձում եմ ես առաջնորդվել.

«Աշխարհում շատ բան կա, որին մենք կուզեինք հասնել: Սակայն չի կարելի միանգամից ամեն ինչի ձգտել: Եվ ի՞նչ միտք ունի հուսահատվել ամեն մի չիրականացած ցանկության պատճառով»:

Անդրադառնամ Ջեյնին, ով որբ է եղել և նրան «խնամել» է քեռակինը, ով ամեն կերպ նվաստացնում, շահագործում էր Ջեյնին: Իսկ հետագա տարիներին նա զղջաց իր արածների համար, բայց արդեն մահվան շեմին էր: Ջեյնը չափահաս տարիքում ընդունվում է աշխատանքի                              և հենց այդտեղ սիրահարվում Ռոչեսթրին (տանտիրոջը), ով ամուսնացած էր խելագար կնոջ հետ:

«Ինչքան ավելի եմ զգում, որ մենակ եմ, առանց բարեկամի, առանց պաշտպանի, այնքան ավելի եմ համոզվում, որ ինքս պետք է ինձ հարգեմ»:

«Մենք ծնվել ենք, որպեսզի պայքարենք ու տանջվենք, ինչպես դուք, այնպես էլ ես»:

«Հարգիր ինքդ քեզ ու սրտիդ ամբողջ սերը, ուժդ ու հոգիդ մի տուր նրան, ում դրանք հարկավոր չեն, և ում կողմից կարժանանաս միայն արհամարհանքի»:

Երևի թե դուք զարմացաք, թե ինչո՞ւ Ջեյն Էյրի մասին պատմելը կիսատ թողեցի: Ուզում եմ, որպեսզի դուք կարդաք, հավատացեք, որ դա ես ասում եմ իմ փորձից:

«Ջան գյուլում»

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Կա՞ այնպիսի մարդ, ով չի սիրում մեր ազգային-կրոնական տոները: Ամեն բան այնքան ուրախ, թեթև ու իմաստալից է անցնում: Բոլորովին վերջերս` մայիսի 5-ին, ոմանք գիտեն, իսկ ոմանք ոչ, նշվում էր Համբարձման տոնը: Այդ օրը քրիստոնյաները նշում են Քրիստոսի Համբարձումը: Եկեղեցում կատարավում է Ս.Պատարագ, իսկ Պատարագից հետո ժողովուրդը շարունակում է տոնը: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Այդ օրը աղջիկները` գույնզգույն զգեստներ հագած, գարնանային ծաղկած դաշտերում կամ այգիներում կազմակերպում են զբոսանք կամ վիճակախաղ:

Անցյալում Համբարձման տոնը՝ «Ջան գյուլումը», մեծ տոնակատարություն է եղել և միայն աղջիկներին համար տոն համարվել: Այժմ «Ջան գյուլումը» այդքան աշխուժությամբ և մեծ շուքով չի նշվում: Սակայն մենք փորձեցինք իրագործել այս տոնը, և այն նշել մեծ շուքով: Մուղնի գյուղում մի քանի երեխաներով կազմակերպեցինք ամեն ինչ, և այդ ամենը իրագործեցինք: Նախօրոք աղջիկներով դաշտից ծաղիկներ հավաքեցինք, գեղեցիկ ժապավեններով կապեցինք և դասավորեցինք զամբյուղի մեջ: Հյուսեցինք պսակներ հարսի և փեսայի համար: Կարծես թե ամեն ինչ պատրաստել էինք, բայց երբ մոտեցա սեղանին, որ ծաղիկները նկարեմ, տեսա, որ զամբյուղը դատարկ էր:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

-Երեխե՛ք, հլը ստեղ եկեք, տենամ` ո՞վ ա վերցրել ծաղիկները: Ես էդքան ման գա՛մ, լիքը ծաղիկ հավաքեմ, որ դուք վերցնե՞ք:

-Ի՞նչ ա եղել, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, հարևանները սաղ դուրս ելան:

-Ստեղ ծաղիկ կար դրած, ո՞ր մեկդ ա վերցրե՞լ:

-Ե՛ս եմ վերցրել, հարցեր ունե՞ս:

-Դե, տես` ինչ հարցեր ունեմ:

Ու ես ամբողջ բակով վազեցի եղբորս հետևից, որովհետև նա էր վերցրել և թափել ծաղիկները, որպեսզի ես նորից այդքան քաղեմ ու կապեմ:

Առավոտյան ժամը վեցն էր: Մենք արդեն համարյա բոլորս հավաքվել էինք բակում: Ամեն ինչ պատրաստ էր՝ դհոլը, շվին, հարսն ու փեսան, զամբյուղով ծաղիկները և մնացած մյուս զամբյուղները, որտեղ պետք է ձու կամ քաղցրավենիք լցնեին: Իսկ գումարը փեսայի գրպանում պիտի դնեին:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

-Շորերդ ինձ դուր չի գալիս, արագ գնա՛, փոխի՛, – ասացի ես:

-Դուրդ չի գալիս, մի՛ նայի, – ասաց իմ չարաճճի եղբայրը:

-Ճիշտ չի՛ տենց հագնվելը, որ ասում եմ` գնա փոխի, ուրեմն մի բան գիտեմ:

-Լա՛վ, ոնց ասես, քուր ջան:

Պետք էր ավելի գյուղավարի և աշխատավորի նման հագնվել, սակայն նա հագնված էր շատ սպորտային և ամենօրյա:

-Լավ, քանի որ ամեն ինչ պատրաստ ա, եկեք շարժվենք ու ճանապարհ ընկնենք:

-Դե, Աստված մեզ հետ:

Արդեն ճանապարհ էինք ընկել: Առաջին տունը մտանք, և սկսեցինք երգել. «Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն»: Այնքան հետաքրքիր էր ամեն ինչ, առաջին անգամ էի մասնակցում այս տոնին, և շատ ուրախ էի, որ իմ մասնակցությամբ ոգևորեցի և ուրախացրի ոմանց: Ամբողջ Մուղնին ոտքի տակ էինք տվել, շատ հոգնած էինք, բայց և այնպես, շատ ոգևորված:

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Օրվա ընթացքում բավականին գումար հավաքվեց: Էլ չեմ խոսում քաղցրավենիքի մասին: Դրա պակասը չենք զգացել: Բոլորս միահամուռ որոշեցինք, որ գումարը պետք է որևէ բարեգործական նպատակի ծառայի: Սակայն դեռ վերջնական որոշում չունենք, թե կոնկրետ որտեղ և ինչպես այն օգտագործենք: Բայց գիտեմ, ինչ էլ որ անենք, կլինի և՛ դաստիարակչական, և՛ նպատակային:

Կարծում եմ, լավ կլինի, եթե ամեն մեկդ փորձեք վերականգնել ձեր գյուղական տոներից մեկը, գրեք, լուսանկարեք և ուղարկեք 17-ին, որպեսզի բոլորս տեսնենք և ծանոթանանք: